Զորավար Անդրանիկի ապտակը, «աննամուս» հորեղբայրն ու «խռովկան» Աբելյանը. Կյանքի «նամուսն» ու «քաոսը»՝ Շիրվանզադեի տողերում
Ապրիլի 18-ը Շիրվանզադեի ծննդյան օրն է։ Սա լավ առիթ է խոսելու Շիրվանզադե գրողի և Շիրվանզադե մարդու մասին։ Պատմելու, թե ինչպես էր նրա գրական հանճարը «հաղթում» սեփական «մարդկային տկարություններին»։ Նա հարուստ տան կրթված զավակի արտոնություններ չուներ, դերձակի որդի էր՝ անհանգիստ բնավորությամբ, ուսման սահմանափակ հնարավորություններով ու սոցիալական ծանր բեռով։ Կյանքի դառը կողմը սեփական մաշկի վրա զգացած Շիրվանզադեն ստեղծեց գրական աշխարհ, որտեղ իրական էին հերոսները, զգացմունքներն ու միջավայրը։ Հիմա՝ սկզբից։
Ալեքսանդր Մովսիսյանը, որ հետագայում հայտնի դարձավ Շիրվանզադե գրական անունով, ծնվել է 1858 թվականին Շամախի քաղաքում: Իր գրական կեղծանունը նա վերցրել է հենց իր ծննդավայրից. Շամախի քաղաքը գտնվում էր Շիրվանի գավառում:
Ապագա գրողի հայրը՝ Մինասը, դերձակ էր, զբաղվում էր նաև տորոնի (բուսական ներկի տեսակ է) առևտրով: Նա խիստ, աշխատասեր, ավանդապաշտ, ազնիվ մարդ էր, որը թեև արտաքուստ շատ սառն էր երևում զավակների նկատմամբ, սակայն ներքուստ ջերմորեն սիրում էր նրանց: Շիրվանզադեի մոր անունը Օվսաննա էր: Քաղաքում նրան «սիրուն Սոնա» էին անվանում: Գրողն իր հուշերում նշում է.
«Նա ոչ միայն դեմքով էր սիրուն, այլև հոգով, սրտով, վարք ու բարքով: Շատ բարի ու զգայուն կին էր: Հիշում եմ նրա դառն հառաչանքները, երբ տեսնում էր մարդկանց ցավն ու տանջանքները: Հիշում եմ նրա մեղմ, դուրեկան ժպիտները և թույլ ծիծաղը, երբ ուրախ էր: Նրա կինեմոնագույն խոշոր աչքերը նայում էին սիրով ու գուրգուրանքով ոչ միայն յուր զավակներին, այլև բոլոր, բոլոր երեխաներին: Ես նրան պաշտում էի»:
Ի դեպ, Շիրվանզադեն իր տաղանդը, ամենայն հավանականությամբ, ժառանգել էր մայրական գծով: Երեք քույրերի որդիներն էին` Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և հայ բեմի պարծանք Հովհաննես Աբելյանը:
Ալեքսանդրի մանկությունը բնավ էլ հեշտ չի եղել: Մովսիսյանների ընտանիքում ավանդական բարքերի ու նամուսի շուրջ մի դրամա էր ծագել։ Ընտանեկան խռովության պատճառը Ալեքսանդրի կրտսեր հորեղբայրն էր՝ Հարությունը, որին Շիրվանզադեն անվանում էր նահապետական ընտանիքի «չար ոգին»: Խռովարար հորեղբայրը, ատելով աշխատանքը, սիրում էր վայելել կյանքի հաճույքները` թղթախաղ, հարբեցողություն և կնամոլություն: Մանուկ Ալեքսանդրը գրեթե ամեն օր տեսնում էր հոր և հորեղբոր կռիվները, լսում հայհոյանքներ ծնողների հասցեին: Հետագայում հորեղբայրը դարձավ նրա «Չար ոգի» վիպակի նախատիպը:
«Ա՜հ, բախտավոր չի եղել ոչ իմ մանկությունը և ոչ էլ պատանեկությունը: Այն օրից, երբ սկսել եմ քայլել, ծծել եմ կյանքի դառնությունները: Միջավայր, ուր ծնվել եմ, անթափանցելի խավար էր, ուր կարող էր խեղդամահ լինել նույնիսկ իմնից շատ պակաս զգայուն հոգին»։
Հորեղբայրը խստապահանջ եղբորը սպառնալիքներով ու վիրավորանքներով ստիպում էր իրեն փող տալ:
«Հայրս հասակով կես արշին բարձր էր եղբորից և կրկնակի ուժեղ: Եթե կամենար, մի հարվածով կարող էր նրան գետնին տապալել, բայց չէր անում: Նա խնայում էր թե՛ իր մոր արցունքները, թե՛ ամաչում էր կտուրներից նայող հարևաններից»։
Ինչպես և կարելի էր ենթադրել, Շիրվանզադեի հորեղբայրը վերջիվերջո սպանվեց՝ իր իսկ հրահրած ծեծկռտուքներից մեկի ժամանակ:
Շիրվանզադեն շատ էր սիրում իր տատին: Քաղաքում նրան անվանում էին «ղաչաղների (ավազակների) հոգեհան»: Այս բնորոշումը նա ստացել էր, երբ լեզգի ավազակները գիշերով հարձակվել էին նրա աղջկա տան վրա: Շիրվանզադեի տատը հանցագործներից երեքին պատշգամբից ցած էր նետել, իսկ չորրորդը կարողացել էր նրան դաշույնով վիրավորել ու փախնել։
Ընտանեկան այս դրամաների ֆոնին պետք էր զբաղվել նաև գլխավորով՝ կրթությամբ։ Վեց տարեկանում Ալեքսանդրն ինքնուրույն, առանց ծնողներին հարցնելու, որոշում է հաճախել հարևան Սարգիս վարպետի ուսումնարանը: Սարգիսը բողոքական էր, իսկ Ալեքսանդրի հայրը, լինելով ավանդապաշտ, չէր ընդունում բողոքականներին:
Ամեն դեպքում՝ որոշ ժամանակ այնտեղ սովորելուց հետո տղան տեղափոխվեց կիսագրագետ Տեր Ավանեսի ուսումնարան, որտեղ ուսուցումը, ինչպես ինքն է պատմում, «անմարդկային ծեծով ուղեկցվող ուսուցում» էր: Շիրվանզադեն իր հուշերում գրում է, որ այդ քահանան երկու բան էր սիրում՝ ուտել և ծեծել: Եթե աշակերտի ծնողը չէր ապահովում «վարժապետի» սիրած ուտելիքները, հենց այդ երեխան էլ դաժան ծեծի էր ենթարկվում:
Հետո Ալեքսանդրը տեղափոխվում է Շամախիի հայոց թեմական դպրոց, ապա՝ ռուսական դպրոց: Հայրը հույս ուներ, որ ռուսերեն սովորելով, որդին կմեծացնի ընտանեկան առևտրի շրջանակները: Ամեն բան փոխվում է 1870-ական թվականներին։ Քաղաքում նոր, էժան ու որակով ներկ է հայտնվում, որի պատճառով տորոնի առևտրով զբաղվողները սնանկանում են: Դրանց մեջ էր նաև Շիրվանզադեի հայրը, որն ի վերջո հեռանում է տնից՝ երդվելով վերադառնալ միայն նյութական բարվոք վիճակի հասնելուց հետո:
Ընտանիքի վիճակը բարդանում է նաև այլ պատճառներով: 1872 թվականին Շամախին ավերվում է երկրաշարժից: Հետո մահանում են Ալեքսանդրի չորսամյա եղբայրը՝ Գաբրիելը, տատը և հորեղբայրը: 17-ամյա Ալեքսանդրը ստիպված է լինում մեկնել Բաքու՝ ընտանիքի նյութական կարիքները հոգալու համար: Մալականի վիթխարի ֆուրգոնը նրան երեք օրվա տաժանակիր ճամփորդությունից հետո հասցնում է Բաքու:
«Ես գնում էի մի երկիր, ուր գնում էին շատ-շատերը բախտ որոնելու: Այնտեղ մարդկային մտքի ու ձեռքի աշխատանքը նոր միայն սկսել էր գնահատվել որպես շուկայի ապրանք և հարստահարվել: Ես գնում էի ոչ բախտ որոնելու, ոչ հարստություն ձեռք բերելու և ոչ անուն վաստակելու, այլ մի կտոր հաց շահելու մորս և երկու քույրերիս համար»։
Բաքվում Ալեքսանդրը հյուրընկալվում է իր մորաքրոջը՝ Մարիամ Աբելյանին: Մորաքույրն ուներ հինգ զավակ, և Ալեքսանդրը դառնում է վեցերորդը: Գրողը երախտագիտությամբ է միշտ հիշել մորաքրոջը, որին երկրորդ մայր էր համարում:
«Անսահման բարի և զգայուն մորաքույրս պանդխտության մեջ եղավ ինձ համար երկրորդ մայր: Հիշում եմ այն ջերմ գուրգուրանքը, որով նա, սեղմելով ինձ նիհար կրծքին, իր հինգ զավակներին ավելացրեց վեցերորդը: Տասնյակ տարիներ հետո, երբ մի աշնանային օր այցելեցի նրա գերեզմանը, որ գտնվում էր մորս գերեզմանի քով, ինձ պաշարեց կրկնակի վիշտ: Մարդիկ մի անգամ են զրկվում իրենց մորից, ես զրկվել եմ երկու անգամ»։
Մորաքրոջ տան գրադարանում է Ալեքսանդրը հագեցնում ընթերցասիրության մեծ ծարավը՝ կարդալով համաշխարհային գրականության մեծերին: Բաքվում Շիրվանզադեի կյանքում կարևոր դեր է խաղացել նաև մորեղբայր Հակոբ Բաբախանյանը՝ հասարակ դերձակ, բայց հարգված ու սիրված մարդ: Բայց Բաքուն հյուրընկալ քաղաք չէր։ Շիրվանզադեն մի քանի ամիս մաշում է բարեկամների տան ճամփաները, շարունակում որոնումները որևէ աշխատանք գտնելու հույսով: Ամեն օր ժամերով նստում է մորեղբոր արհեստանոցում և աշխատանքի համար դիմում անցորդներին: Դե իսկ ըմբոստ բնավորության պատճառով էլ մի քանի անգամ կորցնում է հազիվ գտած աշխատանքը։
Այդպիսի մի օր, երբ նրան ազատել էին աշխատանքից և անգամ մորաքրոջը չէր պատմել այդ մասին, Շամախիից Բաքու են գալիս Շիրվանզադեի մայրն ու քույրը: Շիրվանզադեի գրպանում մի քանի կոպեկ էր, իսկ կառապանին պետք էր 17 ռուբլի վճարել: Ի՞նչ անել: Կառապանը երեք օր ճանապարհ էր կտրել, և համբերությունը սպառվում էր:
«Դու ամոթ չունես», - լսում է Շիրվանզադեն իր հասցեին, ու այդ խոսքերը ծակում են նրա սիրտը: Նա յոթ անգամ անցնում է մեծ մորաքրոջ որդիների խանութի մոտով: Նրանց հետ ջերմ հարաբերություններ չուներ, բայց միակ ելքը նրանց դիմելն էր: Ի վերջո մտնում է ներս ու խնդրում կառապանի գումարը: Նրանցից մեկը, անբարյացակամորեն նայելով, տալիս է: Շիրվանզադեն գումարը փոխանցում է կառապանին ու առանձնանալով՝ ազատություն տալիս արցունքներին: Բայց երբ տուն է գնում ու նայում քնած մոր ու քրոջ դեմքերին, մի քիչ խաղաղվում է, որովհետև «Իմ ստորացումը նրանց համար էր...»։
Այս տարիներին Ալեքսանդրը գրում է հոդվածներ նավթային աշխարհի և բանվորների մասին: 25 տարեկանում «Մշակ» թերթում տպագրվում է նրա գեղարվեստական առաջին երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը: Նույն տարի նա մեկնում է Թիֆլիս՝ գրականությանը նվիրվելու հստակ որոշմամբ: Նա գիտեր, որ եթե երկար մնար Բաքվում, ամենայն հավանականությամբ ինքն էլ կհարստանար, բայց մթնոլորտը կործանարար էր, ու ներքին ձայնը նրան ասում է. «Դա քո տեղը չէ, փախիր...»:
1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսնում Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ նա կերտում է հայ կապիտալիստի կերպարը: 1885 թվականին հրատարակվում է գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը։
Թիֆլիսում սկսվում են ծանոթությունները նշանավոր մարդկանց հետ: Առաջինը Գրիգոր Արծրունին էր՝ «Մշակ» թերթի խմբագիրը: Շիրվանզադեն հանդիպում է նաև մեծատաղանդ Րաֆֆիին՝ հայ առաջադիմական ռոմանտիզմի առաջնորդին: Նոր ոճ ու աշխարհ տեսնելով երիտասարդ գրողի գործերում, Րաֆֆին մի առանձին համակրանքով նրան խրախուսում էր դեպի լայն ծավալի ստեղծագործական աշխատանք:
1886-1891 թվականներին Շիրվանզադեն աշխատում է «Արձագանք»-ում որպես քարտուղար: Այնտեղ նա տպագրում է «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը:
Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակահատվածում, հասարակական-քաղաքական վերելքի տարիներին: 1893 թվականին հրատարակվում է «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը: 1896 թվականին տպագրվում է ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը: «Չար ոգին» վիպակում Շիրվանզադեն շարունակում է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը:
1895-1896 թվականների արևմտահայերի կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողություններով պաշտպանում է նրանց դատը: Նյութական աջակցություն կազմակերպելու համար նա մեկնում է Ռուսաստան: Սակայն ռուսական ոստիկանությունը կալանավորում է նրան և նետում Թիֆլիսի Մետեխի բանտը: Բանտից Շիրվանզադեն գրում է.
«Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ»։
Այդ վեպը դառնում է «Քաոս»-ը (1898)՝ կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունը։ Այս վեպի գաղափարը առաջացել էր դեռ Բաքվում ապրելու տարիներին։
«Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»:
1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվում է Օդեսա: Այդ շրջանում նա շարունակում է լարված աշխատանքը, գրում է «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը։
Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել նաև հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Դեռ պատանի հասակից նա մասնակցել է թատերական խմբակների։ Հետագայում զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, ներկայացրել է տարբեր դերակատարումների վերաբերող ուշագրավ հոդվածներով: Շիրվանզադեն շարունակել է Գաբրիել Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային-բարոյական հարաբերությունները:
Այստեղ հետաքրքիր կլինի մեջբերել մի կարևոր դրվագ։ Շիրվանզադեի մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը, և Շիրվանզադեն հայտնի էին որպես «խռովկաններ»: Նրանք հաճախ նեղանում էին իրարից ու անգամ վիճում։
«Իր արվեստով Աբելյանը եզակի արտիստ է, անկրկնելի, առանձնապես Շիրվանզադեի պիեսներում»:
Երկու խռովկանները չէին կարողանում համաձայնության գալ, թե իրենցից ում դերն է ավելի մեծ՝ Շիրվանզադեի՞նը, որ ստեղծել էր այդ պիեսները, թե՞ Աբելյանինը, որ հռչակում էր այդ պիեսներն իր դերակատարումներով։ Առիթ-անառիթ իրարից նեղանում էին, մի քանի շաբաթ անց հաշտվում:
Գուրգեն Մահարին իր հուշերում պատմում է, թե ինչպես է մի անգամ Եղիշե Չարենցը մտադրվում հաշտեցնել երկու հանճարներին։
«Հրավիրեց «Ինտուրիստ» ընթրիքի: Եկան մեկը մյուսից անտեղյակ: Նստեցին: Փքվեցին: Չեն խոսում: Չարենցը արտասանեց մի փայլուն ճառ: Գնահատեց, դրվատեց առանձին-առանձին և միասին, նկարագրեց, թե ինչ վիթխարի տպավորություն կթողնի, եթե նրանք միասին երևան Աբովյանի վրա, և ինչ չնչին, խեղճ, քստմնելի երևույթ է, երբ նրանցից մեկը իջնում է մյուս մայթով և նրանցից մեկը նայում է հարավ, իսկ մյուսը՝ հյուսիս: Ճառը մեծ տպավորություն թողեց: Երկու պատկառելի արվեստագետները ողջագուրվեցին: Հաշտությունը կայացավ: Սեղանն առաջ էր գնում: Շիրվանզադեն լցրեց Աբելյանի բաժակը, Աբելյանը խորովածի մի փափուկ կտոր դրեց Շիրվանզադեի ափսեի մեջ. Աչքերը վառվեցին չար կրակով:
-Ո՞նց ես, կռվացնե՞մ նորից, -շշնջաց:
Ակսելի աչքերը փայլեցին մանկական չարաճճիությամբ: Ժպտաց:
Արմունկը հենեց սեղանին, ճակատը շփեց.
-Իսկապես, Շիրվա՛ն, Օհաննեսը, որ չլիներ, քո պիեսները ո՞վ պիտի խաղար…
-Իսկ Օհաննեսից ի՜նչ կմնար, եթե հանենք նրանից Բարխուդարն ու Գիժ Դանելը:»
Արդյունքում, հաշտությունը նորից խափանվում է:
Բայց արյունով ու գաղափարներով հարազատ այս մարդկանց կապն իրականում շատ ավելի ամուր էր, քան երևում էր առաջին հայացքից։ Գարեգին Բեսը նկարագրում է Շիրվանզադեի մահից հետո Աբելյանի ապրումները.
«Դագաղը գերեզման իջեցնելու պահին Աբելյանը չոքեց գետնին, համբույրով վերջին հրաժեշտը տվեց հոգեկից բարեկամին, հետո պիջակի դարձածալքից հանեց թարմ ու կարմիր մեխակը և ամրացրեց հանգուցյալի պիջակին... Եվ Աբելյանը, որի կուրծքը տարին բոլոր զարդարված էր լինում կարմիր մեխակով, մի քանի շաբաթ մարդկանց երևում էր առանց այդ ծաղկի, դեմքին՝ խոր վիշտ...»։
Առհասարակ, Շիրվանզադեն հեշտ բնավորություն չուներ ու սա արտահայտվում էր թե առօրյա շփումներում, թե գրող ընկեր-գործընկերների հետ հարաբերություններում։ Ստեփան Զորյանի վկայությամբ, Շիրվանզադեի բացասական գծերից էր հայ գրողների արժանիքները չճանաչելը: Երբ օտար գրողին գովում էին իր մոտ, նա հանդուրժում էր, բայց հայ հեղինակների դեպքում՝ ոչ: Երիտասարդ գրողներին նույնպես չէր խրախուսում:
Բայց Շիրվանզադեի անվան հետ կապված ամենասկանդալային պատմությունը ոչ թե որևէ գրողի հետ է, այլ Զորավար Անդրանիկի։ Տարբեր աղբյուրներում այս միջադեպը տարբվեր կերպ է հիշատակվում։ Ըստ վարկածներից մեկի 1917 թվականին Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարան են մտնում Զորավար Անդրանիկն ու Վահան Թոթովենցը։ Բոլորը հարգանքով լռում են ու հանկարծ այդ պահին կողքի սեղանից լսվում է արդեն գինովցած Շիրվանզադեի ձայնը.
-Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը…
Սրան հետևում է Անդրանիկի ապտակը, և Շիրվանզադեն հայտնվում է հատակին:
Այդ պահին օգնության է հասնում Հովհաննես Աբելյանը, ներողություն խնդրում, ասում, որ գրողը գինովցած է, և արագ դուրս բերում Շիրվանզադեին սրճարանից։
Ավետիս Թերզիբաշյանը 1937 թվականին Փարիզում լույս տեսած «Անդրանիկ» գրքում մեկ այլ պատմություն է նկարագրում։ Նշում է, որ միջադեպի պատճառը դարձել է Շիրվանզադեի կողմից ասված հետևյալ արտահայտությունը.
«Թուրքերը ինչո՞ւ չսպանեցին բոլոր թրքահայերը, որպեսզի մի անգամ ընդմիշտ այդ աղտոտութենեն ազատվեինք»:
Ասում են, որ անախորժությունը հարթելու համար Շիրվանզադեն դիմել է Հովհաննես Թումանյանի օգնությանը: Իր նամակներից մեկում նա գրել է.
«Հովհաննես, այս տխուր պատմության մեջ ինձ համար ամենացավալին կլինի այն, եթե ինձ ճանաչող մարդիկ գեթ մի վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ թուրքահայ եղբայրներին վիրավորելու... Որ ես իբրև թե կամեցել եմ վիրավորել մի թշվառ ժողովուրդ, որի վշտերովն եմ ապրել 40 տարի և որի համար բանտ եմ նստել, աքսորվել ու անվերջ հալածվել...»:
Իր «Կյանքի բովից» հուշերի գրքում Ալեքսանդր Շիրվանզադեն այդ դեպքի մասին գրում է.
«Ես ուրախ էի ծանոթանալ այն մարդու հետ, որի մասին այնքան լսել էի ու կարդացել: Ապագայում ես անախորժություն ունեցա այդ մարդու հետ ընդհարվելու, իմ սխալ հասկացված դարձվածքի պատճառով: Այդ մասին ես կխոսեմ առանձին, երբ ժամանակը կգա»:
Թերևս Շիրվանզադեի հակասական կերպարն ու մեծ շնորհը դիպուկ ամփոփել է Վարդգես Ահարոնյանը՝ Ավետիս Ահարոնյանի որդին։ Գրողի մահվան առիթով Ահարոնյանը գրել է.
«Շիրվանզադեն գնաց՝ իր հետ տանելով նաև իր մարդկային տկարությունները: Եվ ո՞վ է, որ չունի այդ տկարությունները: Մնաց մի բան: Մնաց հայոց գրականության գեղեցիկ շենքը, որի ամրակուռ սյուներից մեկի վրա գրված է. «ՇԻՐՎԱՆԶԱԴԵ»: