Կտրվել չի լինի, կամ լավագույն սիթքոմների լավագույն էպիզոդները
Բոլորն էլ գիտեն` լավ սիթքոմից լավ բան չկա։ Իրավիճակային կատակերգությունը (situational comedy - sitcom) կինոյի ամենահին ժանրերից է, որը իսկական ծաղկում ապրեց հեռուստատեսության հայտնվելու հետ մեկտեղ, երբ հնարավոր դարձավ հանդիսատեսին որոշակի պարբերականությամբ ներկայացնել սիրված հերոսների հետ կապված ծիծաղելի իրավիճակները։ Այսօր սիթքոմները ոչ միայն ծիծաղեցնում են, այլև բարձրաձայնում են բազմաթիվ կարևոր խնդիրներ ու անում են սուր հարցադրումներ։ Դրանց լավագույն էպիզոդները հավերժ մնում են երկրպագուների հիշողության մեջ` ստիպելով պարբերաբար վերանայել։
PAN-ը պատմում է (սուբյեկտիվորեն, ու, հուսանք՝ մի փոքր օբյեկտիվորեն) լավագույն սիթքոմների (սուբյեկտիվորեն, ու էլի մի փոքր օբյեկտիվորեն) լավագույն էպիզոդների մասին։
Սկսենք ակնհայտից։ Սիթքոմից, որը սիրում են բոլորը կամ գրեթե բոլորը։ Այնքան, որ աշխարհի վերջին ընդառաջ միակ ցանկությունը կարող է լինել այն նայելը։ «Ընկերներում» (Friends) հիանալի էպիզոդներն այնքան շատ են, ու յուրաքանչյուր երկրպագու ունի իր սիրելի էպիզոդը, որ բավականին դժվար է ընտրել լավագույնը։ Որոշ մարդիկ կպնդեն, որ լավագույնը ֆինալն է, մյուսների կարծիքով` The One Where Everybody Finds Out-ը (s05e14), սակայն մեր կարծիքով լավագույնը The One with the Embryos-ն է (s04e12):
Էպիզոդի նկարահանումը պայմանավորված էր դերասանուհի Լիզա Կուդրոույի (Ֆիբի) հղիությամբ ու այդ փաստը սերիալում խաղարկելու անհրաժեշտությամբ, ու խնդիրը սցենարիստները փայլուն են լուծում (շատ սիթքոմների դեպքում դերասանն ուղղակի ժամանակավոր կհեռանար, այստեղ, սակայն, կարողացել են փաստը վերածել մի ամբողջ սյուժետային արկայի)։
Ֆիբիի հետ կապված դրամատիկ իրադարձությունների հետ միասին էպիկական վիկտորինա է սկսվում մյուս ընկերների միջև` պարզելու համար, թե ով մյուսի մասին ավելի շատ գիտի։ Հենց վիկտորինայի ու այն ուղեկցող սրամիտ երկխոսությունների շնորհիվ The One with the Embryos-ը ոչ միայն նոր շունչ հաղորդեց կերպարների հարաբերություններին, այլև ամբողջ սերիալին։
Հանճարեղ «Օֆիսը» (The Office) հաճախ անվանում են բոլոր ժամանակների լավագույն սիթքոմ, ու դա բոլորովին չափազանցություն չի։ Փոքր ընկերության գրասենյակային տարածքի կոլորիտային «բնակիչների» առօրյայում տեղ չկա ձանձրույթի ու պարապության համար. աշխատելուց բացի, նրանք, հատկապես` տնօրեն Մայքլ Սքոթը (Սթիվ Կարել) ամեն ինչ կանեն իրենք իրենց զվարճացնելու ու հերթական անհարմար իրավիճակը ստեղծելու համար։
Dinner Party-ն (s04e13) այս առումով յուրահատուկ է ու լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Մայքլը փորձում է պատասխանատու լինել ու իրեն դրսևորել որպես հասուն մարդ, ով կարող է իր տուն ընթրիքի հրավիրել աշխատակիցներին, սակայն, ինչպես ամեն անգամ, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից մարդկանց հետ փոխազդելու Մայքլի անկարողության պատճառով։
Ընթրիքի մասին է, այս անգամ` խիստ սյուռեալիստիկ, «Խմբակ» (Community) սիթքոմի Remedial Chaos Theory (s03e04) էպիզոդը։ Սովորական երեկույթ, որի ընթացքում «Գրինդեյլ» հասարակական քոլեջի ուսանողների խմբակը որոշում է մի փոքր կտրվել կրթական հոգսերից։
Սակայն ամեն ինչ չի կարող սովորական լինել այս խմբի համար. պատվիրված պիցցան առաքվում է առաջին հարկ, ինչ-որ մեկը պետք է իջնի ու ընդունի առաքումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է զառեր նետել։ Ու այստեղ, նրանցից ամենախելացին ու ամենայուրահատուկը` Աբեդ Նադիրը սկսում է պատկերացնել ալտերնատիվ պատմությունները, որոնք տեղի են ունենալու զառի` տարբեր կողերի վրա ընկնելու դեպքում։
Remedial Chaos Theory-ն ոչ միայն ծայրահեղ ծիծաղելի ու սրամիտ էպիզոդ է, այլև քվանտային մեխանիկայի բազմաթիվ աշխարհների ինտերպրետացիայի ու քաոսի տեսության լավագույն էկրանային իլյուստրացիաներից մեկը։ Թիթեռնիկը թափ է տալիս թևերն ու Երկիր մոլորակի մյուս կողմում փոթորիկ է լինում։ Իսկ խմբակի անդամները նետում են զառն ու քաոս է սկսվում մի բնակարանի սահմաններում։
Փակ տարածությունում են ծավալվում նաև «Այգիներ ու հանգստի գոտիներ» (Parks and Recreation) քաղաքական-երգիծական սերիալի լավագույն` Leslie and Ron (s07e04) էպիզոդի իրադարձությունները։ Ինդիանա նահանգի Փաունի փոքր քաղաքի քաղաքապետարանի միջին դասի բյուրոկրատ Լեսլի Նոուփը (Էնի Փոլեր) ամբողջ սերիալի ընթացքում փորձում է օգտակար լինել քաղաքին, բայց մնացած բյուրոկրատական ապարատն անընդհատ դինադրում է բարեփոխումներին։
Լեսլիի թիմի ամենայուրահատուկ անդամը` Ռոն Սուոնսոնը (Նիկ Օֆերման) նրա հակապատկերն է մարդկանց բարեկեցության մասին անհանգստանալու առումով։ Լեսլին ու Ռոնը լրացնում են միմյանց, բայց ի՞նչ, եթե նրանք վիճեն։ Այդ դեպքում մնացած թիմը նրանց ամբողջ գիշեր կփակի օֆիսում, որպեսզի ելք գտնելու համար համագործակցելու ընթացքում այս երկուսը հաշտեցման գան։ Leslie and Ron-ը սերիալի ամենակոլորիտային կերպարների հարաբերությունները պարզելու մասին է։ Ու սա ամենակոլորիտային էպիզոդն է, կոլորիտայնության աստիճանն այստեղ հատում է բոլոր թույլատրելի սահմանները։
Սիթքոմների լավագույն էպիզոդները երբեմն արդեն սովորական դարձած կերպարներին բացահայտում են անսովոր կողմերից։ «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ եղանակ է» (It's Always Sunny in Philadelphia) սերիալի Charlie Work (s10e04) էպիզոդում պարզվում է, որ «Փեդիի մոտ» փաբի անհաջողակ սեփականատերերից ամենաանհաջողակը` Չառլի Քելլին (Չառլի Դեյ) էքստրեմալ իրավիճակներում վերածվում է բարդ խնդիրների լուծման հանճարի, ում կնախանձեին լավագույն սթրես մենեջերները։
Առողջապահության ոլորտի հսկիչը պետք է ստուգի փաբը, ու այդ ստուգման ընթացքը վերածվում է իսկական թրիլլերի` նկարված առանց մոնտաժային հատվածքների երկար դրվագների տեսքով, ինչն էլ ավելի է սրում լարվածությունը։
Լարված է նաև «Սիլիկոնային հովիտ» (Silicon Valley) սիթքոմի գրեթե յուրաքանչյուր էպիզոդ, որովհետև այստեղ հեղափոխական ալգորիթմ հորինած փոքրիկ ստարտափի թիմը ամեն անգամ ստիպված է խուսանավել բիզնեսի շնաձկների երախներից։
Բայց Two Days of the Condor (s02e10) էպիզոդն առանձնահատուկ լարված է, որովհետև հերոսները ստիպված են ակնհայտորեն հանրությանը ներկայացնել իրենց հրաշալի ալգորիթմի աշխատանքը կոնկրետ օրինակով, սակայն ամեն վայրկյան առաջացող տեխնիկական խնդիրները ստիպում են անդադար ոչ ստանդարտ որոշումներ կայացնել։
Երիտասարդ գիտնականների մասին «Մեծ պայթյունի տեսությունը» (The Big Bang Theory) սիթքոմի լավագույն էպիզոդը, բնականաբար, պետք է կապված լիներ ցանկացած երիտասարդ գիտնականի գլխավոր երազանքի` Նոբելյան մրցանակ ստանալու հետ։ Մանավանդ, եթե խոսքը Շելդոն Լի Կուպերի (Ջիմ Փարսոնս) նման անսովոր կերպարի մասին է։
Ամբողջ սերիալը, դրա յուրաքանչյուր էպիզոդ տանում էր գրան ֆինալին` The Stockholm Syndrome (s12e24) էպիզոդին, երբ բոլոր ջանքերը արդարանում են ու բոլոր հակասությունները` հարթվում։ Հիանալի սիթքոմի հիանալի եզրափակում։
Էքստրավագանտ միլիոնատերերի ընտանիքի մասին «Զարգացման հապաղում» (Arrested Development) սերիալի դեպքում երրորդ սեզոնի ավարտը` Development Arrested (s03e13) կարող էր հրաշալի ավարտ լինել ամբողջ սերիալի համար, սակայն շարունակելու մոլուցքի պատճառով չորրորդ ու հինգերորդ սեզոնը սկսեցին գլորվել միջակություն անդունդը։
Development Arrested-ում, թվում է, ամեն ինչ կարելի է ուղղել. ընտանիքի հայրը ազատվել է մեղադրանքներից, բիզնեսը հնարավոր է փրկել ընտանիքի մոր խարդախություններից, իսկ ընտանիքի միակ ադեկվատ ներկայացուցիչը` Մայքլ Բլութը (Ջեյսոն Բեյթման) վերջապես կարող է ղեկավարել հոր բիզնեսը։ Բայց, ինչպես միշտ, առագաստանավի վրա ընտանեկան բիզնեսը փրկելու առթիվ կազմակերպված փարթիում ամեն ինչ չի գնա այնպես, ինչպես պլանավորվում էր։ Arrested Development-ը կորպորատիվ ագահության մասին հիանալի երգիծական իլյուստրացիա է, ու Development Arrested էպիզոդը դրա գագաթնակետն է։
Հոլիվուդյան հետնաբեմի մասին պատմող ամենատպավորիչ ստեղծագործություններից մեկը` «Բոջեք Հորսմեն» (BoJack Horseman) անիմացիոն սիթքոմը` սուր երգիծանքի ու խորը ողբերգականության աներևակայելի համադրություն, ավարտին է մոտենում The View from Halfway Down (s06e15) էպիզոդով։
Այստեղ նախկին աստղ Բոջեքը (անտրոպոմորֆ ձի) սյուռեալիստիկ թրիփի իրավիճակում հանդիպելու է բոլոր նրանց, ովքեր մահացել են շոույի ընթացքում։ Էպիզոդի լրջությունն ու մռայլությունը, առանց կոմպրոմիսների ողբերգական պատումը Բոջեքի ամբողջ պատմության կուլմինացիան է. իր կյանքի ընթացքում նախկին աստղը թույլ է տվել բազմաթիվ սխալներ, իր անմիջական մեղավորությամբ կործանվել են կյանքեր, ու այս էպիզոդը հատուցման ու ներողության պատմություն է, որը գլխավոր հերոսին կբացահայտի բոլորովին նոր կողմից։
Ողբերգական նոտաներ կան մեկ այլ պոպուլյար անիմացիոն սիթքոմի` «Ֆուտուրամա»-ի (Futurama) Jurassic Bark (s05e02) էպիզոդում, որում զգացվում է ողջ այն կարոտը, որ տածում է պատահաբար հեռավոր ապագայում հայտնված Ֆրայն իր ժամանակի նկատմամբ։
Հնագետները պեղումների ընթացքում հայտնաբերել են Ֆրայի ժամանակների պիցերիայի ավերակները, ու այստեղ Ֆրայը գտնում է իր շան մասունքները։ Հետագա պատմությունը զղջալու ու նվիրվածության իլյուստրացիա է` Հաչիկոյի լավագույն ավանդույթներով ու արտահայտում այն փաստի, որ մենք անկարող ենք պատկերացնել նրանց զգացմունքներն, ում հետ մեզ անսպասելի բաժանել է ճակատագիրը։
Ամենախելահեղ անիմացիոն` «Ռիքն ու Մորտին» (Rick and Morty) սիթքոմի լավագույն էպիզոդը` The Ricklantis Mixup-ը (s03e07), բնականաբար, խելահեղությունը պետք է հասցնի գագաթնակետին։ Օրինակ, երբ Ցիտադելում, որտեղ բնակվում են Ռիքի ու Մորտիի բազմաթիվ տարբերակները, սկսվում է նախընտրական պայքարը, որին առաջին անգամ մասնակցելու է միշտ երկրորդական դերերում գտնվող Մորտիների ներկայացուցիչը։
Այս հնարամիտ ու ծիծաղելի էպիզոդում ամենայն սրությամբ բարձրաձայնվում են բազմաթիվ արդիական հարցեր` սկսած ռասայական ու այլ հիմքով խտրականությունից մինչև ընտրական համակարգերի` իշխող ուժի շահերը սպասարկելը։ Բնականաբար, ինչպես մնացած էպիզոդների ճնշող մեծամասնության դեպքում, այստեղ ևս ավարտը ուղեկցվելու է անսպասելի թվիստով, որը կազդի սերիալի աշխարհի ամբողջ հետագա միֆոլոգիայի վրա։
«Ռիքն ու Մորտին» սերիալի գլխավոր մրցակից «Սաուս պարկը» (South Park) խելահեղությամբ չի զիջում, բայց այստեղ հասարակական սատիրան շատ ավելի արտահայտված է ու հետևում է համաշխարհային տենդենցներին։ Scott Tenorman Must Die (s05e04) էպիզոդը խաղարկում է Էրիկ Կարտմանի կոնֆլիկտը Սքոթ Թեներման անունով պատանու հետ` ծաղրելով տարատեսակ «բիզնես առաջարկների» ու «հարստանալու մեթոդների» նկատմամբ մարդկանց հավատը ու դրա հետևանքները։
Ծերուկ «Սիմփսոններում» (The Simpsons) հիանալի էպիզոդներն այնքան շատ են, որ դրանց մասին կարելի է առանձին թոփեր կազմել։ Ընտրությունն այս դեպքում շատ բարդ է։ Այդուհանդերձ, Homer's Enemy-ն (s08e23) ամբողջ անիմացիոն սերիալի աշխարհի մետաանալիզ է։
Այդ աբսուրդային ու տարօրինակ աշխարհը գործում է իր սեփական օրենքներով, ու փորձը այնտեղ տեղավորել ռեալիստիկ ու ռացիոնալ կերպարի ավարտվում է իսկական ողբերգությամբ։ Սերիալի աշխարհը կարծես ասում է` բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ կդնեն այստեղ գործող կանոնների արդարացի լինելը, խիստ պատժվելու են, ինչն էլ տեղի է ունենում։
«Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» (How I Met Your Mother) սիթքոմի ամբողջ ընթացքը, ըստ էության, պատմություն է այն մասին, թե ինչպես երիտասարդ ճարտարապետ Թեդ Մոսբին (Ջոշ Ռադնոր) հանդիպեց իր կյանքի գլխավոր սիրուն։ Ավելի մեծ տարիքում Մոսբին այդ պատմությունը պատմում է իր զավակներին։
Ու այդ երկարատև ճամփորդության ընթացքում հնարավոր թեկնածուներից էր Ռոբին Շերբատսկին (Քոբի Շմոլդերս), ով հետո կդառնա Թեդի լավ ընկերը (իրականում, ամեն ինչ շատ բարդ է)։ Սերիալի լավագույն էպիզոդում` Slap Bet-ում (s02e09) ընկերները բացահայտում են, որ Ռոբինը վաղ տարիքում երգչուհու կարիերա կառուցելիս է եղել իր հայրենի Կանադայում։ Նյույորքյան սնոբիզմն, իհարկե, թույլ չի տալիս նրանց զերծ մնալ «գյուղի աղջիկ» Ռոբինին ծաղրելուց։
Նյու Յորքում բնակվող վամպիրների խմբի առօրյան պսևդովավերագրական ոճում նկարագրող «Ինչ ենք անում մենք ստվերում» (What We Do In The Shadows) սիթքոմի լավագույն էպիզոդը լրիվ անսպասելի կողմից կբացահայտի արնախումների թիմի միակ ներկայացուցչին` Գիլյերմոյին (Հարվի Գիլյեն)։
Երբ մեր անհաջողակ վամպիրները բարոնի սպանության համար կանգնեն Վամպիրական խորհրդի դատարանի առջև, Գիլյերմոն հանկարծ կբացահայտի իր մեջ Վան Հելսինգի արյունը։ The Trial (s01e07) էպիզոդը բեմադրել է օրիգինալ ֆիլմի ռեժիսոր Տայկա Վայտիտին, այստեղ հայտնի դերասաններն ու հղումները այլ վամպիրական ֆիլմերին գերազանցում են բոլոր թույլատրելի նորմերը, ինչի շնորհիվ դատի էպիզոդը ամենահիշվողներից է։
Հատուցման, ներման ու անձնական ողբերգության թեման հիանալի խաղարկվում է երիտասարդ բժիշկների մասին «Կլինիկա» (Scrubs) սիթքոմի բազմաթիվ էպիզոդներում, որի հեղինակները կարողանում են համատեղել ամենախորը մարդկային ողբերգություններն ամենածիծաղելի իրավիճակների հետ։
My Screwup (s03e14) էպիզոդը կորուստը վերածում է աշխարհի ընկալումը փոխելու միջոցի, երբ վերջում բարձրացված սյուժետային վարագույրը կմերկացնի իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին այն թվում է։ Այս սրամիտ ու խճճված էպիզոդը լավագույնս է ցույց տալիս սերիալի հեղինակների` լացի ու ծիծաղի վարպետներ լինելը։
Հույսի թեման էլ առավել վառ է արտահայտված «Լավ տեղ» (The Good Place) սիթքոմի լավագույն Whenever You're Ready (s04e13/14) կրկնակի էպիզոդում, որը փակում է անդրշիրիմյան կյանքի մասին այս հիանալի պատմությունը։
Ըստ որոշ քննադատների` սերիալի եզրափակումը մետաֆորա էր ոչ միայն իրեն` սերիալին, այլև հեռուստատեսությանը. լավ պատմությունը պետք է կարողանա ժամանակին ավարտվել` միաժամանակ անհետանալով ու մնալով մեզ հետ։
Քաղաքական երգիծանքի վարպետ Արմանդո Իանուչիի «Փոխնախագահ» (Veep) սերիալը Սպիտակ տան կուլիսներում կատարվողն ու ԱՄՆ քաղաքական կյանքը սուր հարցադրումների միջոցով ծաղրող ամենավառ ստեղծագործություններից մեկն է։
Ու այս ունիկալ սիթքոմի լավագույն էպիզոդը, բնականաբար, պետք է կապված լինի նախագահի ընտրությունների հետ. Kissing Your Sister-ը (s05e09) կարողանում է միաժամանակ հոմերոսյան քրքիջ առաջացնել, ու նորովի ուսումնասիրել արդեն լավ բացված, ծանոթ ու սիրված կերպարներին նոր պայմաններում։
Սիթքոմների որոշ էպիզոդներ կարողանում են դրամատուրգիական հրաշքներ գործել կամերային մինիմալիստական միջավայրում։ Օրինակ, ոստիկանական բաժանմունքի առօրյայի մասին «Բրուքլին Ինը-Ինը» (Brooklyn Nine-Nine) սերիալի The Box (s05e14) էպիզոդում խիստ խորամանկ կասկածյալին խաչաձև հարցաքննության ենթարկելու պրոցեսը, առաջին հայացքից պարզ, բայց խորքում բավականին ուշագրավ դրամատուրգիական հիմք ունի։
Ու այստեղ ոչ միայն երեք դերսսանների` Էնդի Սամբերգի, Անդրե Բրուգերի ու Սթերլինգ Բրաունի հիանալի խաղն է մուկն ու կատուի, այլև ընդհանուր սերիալի համեմատ բավականին լուրջ տոնայնությունը, որում, սակայն, երբեմն թափանցում են աննկարագրելի սրամտության հումորային ռեպլիկներ։
Առավել ցայտուն օրինակ է «Ատլանտա»-ի (Atlanta) Teddy Perkins (s02e06) էպիզոդը։ «Ատլանտան» ընդհանուր առմամբ հակառասիստական ու սոցիալական սուր երգիծանք է, սակայն այս էպիզոդը հայտարարությունը հասցնում է աբսոլյուտի։
Սա ուժեղագույն սասփենսով ու մռայլ միջավայրով, հիանալի գրված ու բեմադրված փոքր գլուխգործոց է, որն անգամ սերիալից անջատ կարելի է դիտարկել որպես համոզիչ բողոք ցանկացած տիպի խտրականության դեմ։ Իհարկե, էպիզոդի մռայլությունը չի ճնշում ու չի ոչնչացնում նաև հրաշալի հումորը։
Հումորային իրավիճակների կառուցման ու խաղարկման հիանալի օրինակ է «Սեյնֆելդ» (Seinfeld) հռչակավոր սիթքոմը, որը պարբերաբար հայտնվում է թոփերում։
Իսկ լավագույն էպիզոդը The Contest-ն է (s04e11), որովհետև հեղինակ Լարրի Դեյվիդը կարողացել է սեքսի թեման այնպես տեղավորել PG ռեյթինգով էպիզոդում, որ այն լիովին հասկանալի կլինի մեծահասակների համար, իսկ փրայմ թայմում էպիզոդը միամիտ բռնացրած երեխաները ոչինչ չեն հասկանա։ Դեյվիդի կիրառած լեզվական հնարքները ժամանակի հետ ամուր հաստատվել են հասարակական գիտակցության մեջ։
«Սեյնֆելդն» այնքան պոպուլյար էր, որ Լարրի Դեյվիդը որոշեց սիթքոմ նկարել ինքն իր մասին` պատմելով նախկինում պոպուլյար սիթքոմի բարդ բնավորություն ունեցող հեղինակի կյանքի մասին` լի ամենատարբեր զավեշտալի իրադարձություններով, որոնց գլխավոր մեղավորը նույն այդ բարդ բնավորությունն է։
«Զսպիր քո էնտուզիազմը» (Curb Your Enthusiasm) սիթքոմի լավագույն էպիզոդն էլ կրում է Seinfeld-ի անունը (s07e10), որովհետև այստեղ հիանալի փորձ է արվում ձուլելու երկու տիեզերքները, երբ Լարրին որոշում է վերամիավորել «Սեյնֆելդի» օրիգինալ կազմը` սերիալին երկրորդ շունչ հաղորդելու համար։ Իհարկե, կանխատեսելի հետևանքներով։