#cinéPAN
July 22

Կարմիր, կապույտ, սև ու սպիտակ երանգներով. Երեք գլուխգործոց, որ պարտադիր է դիտել կորեական կինոյին ծանոթանալու համար  

Հարավկորեական (այսուհետ` կորեական) կինոն վերջին տարիներին, հատկապես` Netflix-ի շնորհիվ, աննախադեպ պոպուլյար է դարձել ամբողջ աշխարհում։ Սակայն դրանից առաջ էլ, մասնավորապես` 90-ականների վերջից սկսած, Կորեայի կինեմատոգրաֆիստները պարբերաբար զարմացնում էին էսթետներին յուրահատուկ կինոկտավներով։ Այսօր արդեն ոչ ոքի չես զարմացնի հերթական կորեական գլուխգործոցով, որովհետև թերակղզու հարավային հատվածում ձևավորվել է աներևակայելի ուժեղ կինոդպրոց։ Ֆիլմերը` մեծամասամբ սոցիալական ու հասարակական ուղղվածության, պատմում են կորեացու բարդ կյանքի մասին` պատերազմ, հետպատերազմյան խնդիրներ, անհավասարություն, հասարակության բևեռացում և այլն։

Կորեական կինոն հարուստ է ու բազմազան։ PAN-ն առաջարկում է երեք ֆիլմ, որոնց դիտումն անհրաժեշտ է այս զարմանալի աշխարհ մուտք գործելու համար։

18+ Միջանցքում մուրճով մենամարտի տեսարանը տարատեսակ ինտերպրետացիաներով թափանցել է մեդիայի տարբեր ճյուղեր` կինոյից մինչև անիմացիա, երաժշտական հոլովակներից մինչև գովազդ

Արևմտյան կինոդիտողը ծանոթացավ ու կարողացավ ըստ արժանվույն գնահատել կորեական մեծ կինոն միայն զրոյականների սկզբին։ Պակ Չան Ուկի «Օլդբոյ» (Oldboy, 2003) դետեկտիվային դրաման, որը ռեժիսորի «Վրեժի եռագրության» երկրորդ ֆիլմն է, այն բեկումնային կետն էր, երբ կորեական կինոն դուրս եկավ հայրենիքի ու տարբեր երկրներում ապրող փոքրաթիվ գնահատողների էկրաններից ու հայտարարարեց իր մասին ամբողջ աշխարհին։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Իրադարձությունները սկսվում են 1988-ին։ Իրենից ոչինչ չներկայացնող մանր գործարար Օ Դե Սուն (Չխվե Մին Սիկ) դստեր 3-ամյակի օրը տուն գնալուց առաջ հարբում է ու խուլիգանության համար հայտնվում ոստիկանական բաժանմունքում, որտեղից նրան ազատում է մանկության ընկերը։ Սակայն ճանապարհին Օ Դե Սուին առևանգում են ու 15 տարով փակում փոքր սենյակում։

«Օլդբոյը» հիմնված է համանուն ճապոնական մանգայի վրա, սակայն միայն ընդհանուր սյուժետային գծի առումով։ Մանրուքներում, իսկ սատանան, ինչպես գիտենք, մանրուքներում է, կորեական ֆիլմը անգամներ ավելի դաժան է ու մռայլ, հատկապես երբ խոսքը վերաբերում է վրեժի մոտիվներին ու դրա իրականացման վերջնարդյունքին։ Պակ Չան Ուկի ֆիլմը շատ ավելի անողոք է հանդիսատեսի նկատմամբ, քան մանգան` ընթերցողի. այն, ինչ լավ է մատուցել սառը, կարելի է մատուցել տարբեր ձևերով։ Կարելի է միանգամից սպանել, կամ տանջամահ անել, կամ էլ 15 տարով փակել ու սկուրպուլյոզ կերպով շարժվել դեպի ամենացնցող վրեժը, որ հորինել են մարդիկ, երբ ոչնչացնում ես ոչ թե մարդու ֆիզիկական մարմինը, այլ իր ամբողջ մարդկային էությունը։


Ծիծաղիր, ու ամբողջ աշխարհը կծիծաղի քեզ հետ։ Լա ու լացելու ես միայնության մեջ։


Պակ Չան Ուկի վիրտուոզ ռեժիսուրան, էքսպերիմենտները դինամիկայի ու կադրերի հետ, իրավիճակի կտրուկ ու անսպասելի փոփոխությունները նմանվում են էմոցիոնալ «ամերիկյան բլուրների», երբ հանդիսատեսին նետում են մեկ եռացող, մեկ սառցակալած ջրի մեջ, ստիպում մշուշոտ ենթադրություններ անել ու վանել դրանք, ամաչել դրանցից, որպեսզի ֆիլմի վերջում կինոդիտողի մեջ ծնված անդունդը վերացնելու համար նրա մոտ առաջանա միայն մեկ ցանկություն. ջնջել այն հիշողությունից, մոռանալ... կրկին այս կինոփորձն առաջին անգամ ունենալու համար։


Թե ավազը, ու թե ժայռապարները... ամեն ինչ սուզվում է ջրի տակ։


Ռեժիսորը չի վախենում էքսպերիմենտներից` սկսած անսովոր էքսպոզիցիայից, մինչև լավ մտածված ու ոչ դասական եղանակով նկարված դրվագներ, որոնք հետագայում կդառնան կուլտային։ Միջանցքում մուրճով մենամարտի տեսարանը տարատեսակ ինտերպրետացիաներով թափանցել է մեդիայի տարբեր ճյուղեր` կինոյից մինչև անիմացիա, երաժշտական հոլովակներից մինչև գովազդ։ Պակ Չան Ուկը կարողանում է ոչ գծային, մաքուր արտհաուսը համատեղել տիպիկ արևելյան մարտաֆիլմի հետ` ստանալով ոչ թե հիբրիդ, այլ լրիվ նոր տեսակի կինոարարած։ Ահա թե ինչու է «Օլդբոյը» Քվենտին Տարանտինոյի սիրելի ֆիլմերից մեկը։


Մի՞թե ես ավելի վատը չեմ, քան ցանկացած գազան։ Այդ դեպքում ունե՞մ արդյոք ապրելու իրավունք։


Այս ամենը համալրվում է մարդկային հարաբերությունների մասին խորը հոգեբանական դրամայով, համեմվում Չո Յոն Ուկի սքանչելի երաժշտությամբ, որի ազդեցությունը խորացվում է Վիվալդիի «Տարվա չորս եղանակներով», եփվում մեղքի ու քավության կաթսայում։ Արդյունքում ստանում ենք ոչ միայն կորեական, այլև համաշխարհային կինոյի ամենատպավորիչ ֆիլմերից մեկը։

ՍՓՈՅԼԵՐՆԵՐ. 18+ Պոնգ Ջուն Հոն ֆիլմի վերջում իրավիճակը հասցնում է շիկացման այնպիսի աստիճանի, որ մի կայծն էլ բավարար է պայթյունի համար

«Օլդբոյը» արժանացավ Կաննի կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակին։ 16 տարի անց կորեական կինոն ավելի ուժգին ցնցեց կինոաշխարհը` այս անգամ նվաճելով միաժամանակ թե Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե արմավենու ճյուղը», թե «Օսկար» մրցանակը «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր» ու «Լավագույն ֆիլմ» անվանակարգերում։ Խոսքը, բնականաբար, Պոնգ Ջուն Հոյի «Մակաբույծ» (Parasite, 2019) ֆիլմի մասին է. հարկ է նշել, որ ֆիլմի ռեժիսորը տուն գնաց Ամերիկյան կինոակադեմիայի միանգամից չորս արձանիկով, ինչը աննախադեպ շռայլություն էր ցանկացած օտարալեզու ու անգամ հենց ամերիկյան կինոյի համար։ Շատերը համարում են «Մակաբույծը» բոլոր ժամանակների լավագույն կորեական ֆիլմը, ու նրանց հետ դժվար է չհամաձայնել։


- Նրանք հարուստ են, բայց բարի են։ - Նրանք բարի են, որովհետև հարուստ են։


Կիսախար

խուլ նկուղային հարկում գոյությունը քարշ տվող ընտանիքը` հայրը, մայրը, որդին ու դուստրը, խորամանկության ու խելքի շնորհիվ կարողանում են թափանցել Սեուլի հարուստ տներից մեկը` յուրահատուկ սիմբիոտիկ հարաբերությունների մեջ մտնելով այնտեղ ապրող ապահովված ընտանիքի հետ։ Հետագա իրադարձությունները որպես ոչ տրիվիալ կատակերգություն սկսված ֆիլմի ժանրային պատկանելությունը սրընթաց կփոխեն մի քանի անգամ` կտրուկ փոփոխելով նաև հանդիսատեսի էմոցիոնալ արձագանքը։

«Մակաբույծը» դասային զայրույթի մասին վերջին տարիների ամենաշշմեցուցիչ ֆիլմերից մեկն է։ Առաջին հերթին սա սուր հայտարարություն է հասարակության սոցիալական բևեռացման ու ռեսուրսների բաշխման անհավասարության մասին, ու արդեն այստեղ ֆիլմը առնչվում է ոչ միայն Կորեային, այլև ամբողջ մարդկությանը, ու վերաբերում է բոլոր մասշտաբներին` առանձին մարդկանցից, ընտանիքներից, մարդկային խմբերից մինչև պետություններ ու անգամ աշխարհակարգեր։ Դասային զայրույթը` սնուցվող ռեսուրսների անհավասար բաշխման համար անարդարության զգացումով, մարդկային հասարակության այնքան խորը առանձնահատկություն է, որ դրա մասին հաճախ չենք մտածում։ Պոնգ Ջուն Հոն կոնտրաստների, սրամիտ հումորի ու բազմաշերտ դրամատուրգիայի միջոցով նետում է այն հանդիսատեսի դեմքին։

Ռեժիսորն անընդհատ մանիպուլյացիայի է ենթարկում ժանրերը. առաջին ակտը խայթող ու սրամիտ սատիրա է, երկրորդը` մռայլ ու խորը դրամա, որը երրորդ ակտին կվերածվի դաժանագույն թրիլլերի։ Ֆիլմը իր բարձր ճիչով թափանցում է ցանկացած հասարակություն ու ցանկացած մշակույթ, ցավացնում է, տխրեցնում ու հիացնում, որովհետև այն ուղղակի մարդկանց մասին է, ովքեր փորձում են գոյատևել անարդար համակարգում` աստիճանաբար կորցնելով մարդկային դեմքն ու վերածվելով խավարասերների։ Այս սադիստական, չար պատմությունը ուղղակի պատմում է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք, սա հայելի է, որից անհնար է փախչել, որը չի թաքցնում ոչինչ։

Օպերատորական աշխատանքը, երաժշտությունը, մոնտաժը ոսկերչական ճշգրտությամբ բոլոր դետալները միացնում են իրար։ Այստեղ ամեն ինչ ունի իր նպատակը։ Ոչ մի կադր ու երկխոսության ոչ մի տող իզուր չի կորչում։ Կորեական կինեմատոգրաֆը կարող է այն աստիճանի զինաթափել, ծնկի իջեցնել կինոդիտողին, որ հետո երկար ժամանակ է պահանջվելու ոտքի կանգնելու համար։ Ընթացքում «Մակաբույծը» կինոդիտողին զրկելու է որևիցե հիմքից, որից նա կարող է կառչել, ու թողնելու է, որ ընկնի։ Չորս գերմարդկանց ընտանիքի մասին այս խելացի տրագիկոմեդիան այն հատուկ դեպքերից է, երբ ամբողջ էությամբ զգում ես, թե ինչ կարևոր բան է կինեմատոգրաֆը։ Մանավանդ, եթե այն որևիցե կոմպրոմիսների չի գնում ճշմարտության հարցում։

ՍՓՈՅԼԵՐՆԵՐ. Դատարկող ֆինալը

Երրորդ կորեական ֆիլմը, որը պարտադիր է դիտել, նույնպես նկարել է Պոնգ Ջուն Հոն։


Փաստաթղթերը երբեք չեն ստում։


1986-1991 թվականները բարդ ժամանակներ էին Կորեայի համար։ Քաղաքական անկայուն իրավիճակը, հասարակության բևեռացումը, աղքատության բարձր մակարդակը, տեղի իրավապահ մարմինների դաժանությունն ու ոչ կոմպետենտությունը անօգնական էին դարձնում մարդանց։ Հենց այդ հինգ տարիների ընթացքում Հվասոն քաղաքում որսի էր դուրս եկել իսկական մի հրեշ, ով բռնաբարել ու դաժանորեն սպանել էր 8-ից 71 տարեկան 10 աղջիկների ու կանանց։ Մարդասպանին կարողացան որսալ միայն 2019թ-ին, իսկ 2003թ-ին, երբ էկրաններ բարձրացավ Պոնգ Ջուն Հոյի «Հիշողություններ սպանության մասին» (Memories of Murder) ֆիլմը, հանցագործը անհայտ էր, իսկ քրեական գործը քիչ էր մնում կարճվեր։

Ժամանակակից Կորեայի պատմության խոշորագույն ու ամենասկանդալային քրեական գործի մասին այս կինոկտավը ոչ միայն կորեական, այլև ընդհանրապես` զրոյականների սկզբի լավագույն ֆիլմերից մեկն է։ Արդեն իր երկրորդ ֆիլմում Պոնգ Ջուն Հոն ձևավորում է անկրկնելի ռեժիսորական ձեռագիր` կարողանալով ցավեցնելու չափ ծիծաղելի սոցիալական երգիծանքը համադրել աներևակայելի դաժան ու մռայլ քրեական թրիլլերի հետ։ Սարսափելի անողոքությամբ կատարված սպանությունների հետաքննությունը, որը վարում են նման դեպքերի համար ոչ փորձ, ոչ էլ մասնագիտական հմտություններ չունեցող ոստիկաններ, վերածվում է մուկն ու կատուի հոգեբանական խաղի, որն իր պողպատյա ծանրությամբ ճզմելու ու փոխելու է նույն այդ խուզարկուների դյուրաթեք ներաշխարհը։


Շեֆ, միգուցե ես ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ, բայց իմ աչքերը կարողանում են կարդալ մարդկանց։ Ահա թե ինչպես եմ ես գոյատևում որպես խուզարկու, ու ահա թե ինչու են մարդիկ ասում, որ ես շամանի աչքեր ունեմ։


Մի կողմից, «Հիշողություններ սպանության մասին» ֆիլմը սոցիալական հայտարարություն է, որը խորքային զոնդավորման է ենթարկում ոչ միայն Կորեայի, այլև ամբողջ աշխարհի հասարակական ախտերը` մարդկանց անպաշտպանությունը նաև իրավապահ համակարգի կամայականությունների առջև, իրավապահների անկարողությունը ապահովել մարդկանց անվտանգությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու դիլետանտիզմը կենսական կարևոր ոլորտներում, քաղաքականության մեջ սովորական մարդկանց շահերի ոտնահարումը, սոցիալական անարդարությունը և այլն։ Պոնգ Ջուն Հոն անում է դա վիրաբույժի ճշգրիտ շարժումներով, կտրում, բացում, ցույց տալիս, խոսում հնարավոր ախտորոշման ու բուժման մասին։

Մյուս կողմից, մենք գործ ունենք լարված ու էֆեկտիվ թրիլլերի հետ, որը ի վիճակի է ձեռնոց նետել հոլիվուդյան լավագույն օրինակներին։ Ֆիլմի տոնայնությունը, աստիճանաբար աճող դինամիկան ու հզորագույն ֆինալը թույլ չեն տալիս անգամ շունչ քաշել։

Կորեական կինեմատոգրաֆը` բազմազան ու հզոր, ոգեշնչման ու նոր փորձառությունների անսպառ աղբյուր է, որի հետ ծանոթությունը ավելի լավ է սկսել վերոնշյալ երեք գլուխգործոցներից։


🎬 Արման Գասպարյան / PAN