Մոսկվայի մորքուրը, էստոնացի ծրագրավորողներն ու մրցակից Zoom-ը. Հին ու բարի Skype-ը փակվել է 22 տարի անց
«Skype-ը միացրու՝ մարդավարի խոսենք» կամ «էսօր Մոսկվայի մորքուրիս հետ Skype-ով խոսեցինք, միջազգային զանգի վրա մի կոպեկ չծախսեցի»։
Որքան բնականոն ու առօրյա էին այս արտահայտություններն ինտերնետի ու համակարգչի՝ մեր կյանք մտնելու առաջին տարիներին, և որքան օտար են հնչում այսօր։ Մի ամբողջ ժամանակաշրջանի ավարտն ազդարարվեց։ Microsoft-ը փակել է Skype-ը, որը 22 տարի ծառայել էր մարդկությանը և 600 միլիոնից ավելի մարդկանց կապել միմյանց հետ։
Փաստն անհերքելի է՝ 2025 թվականի մայիսից մենք այլևս չենք կարող օգտվել երբևէ ստեղծված ամենահաջողված մեսենջերներից ու ինտերնետ-հեռախոսակապի հավելվածներից մեկից։ Գուցե ավելի երիտասարդները՝ ովքեր մեծացել են արդեն զարգացած սմարթֆոնային դարում, նույնիսկ չեն հասցրել օգտվել այս մեսենջերից, բայց նրանց ծնողներից որոշների առաջին սիրո խոստովանության ականատեսը եղել է հենց նա՝ Skype-ը։
ԹՎԱՅԻՆ ՁԱՅՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Մինչև Skype-ի հայտնվելը միջազգային զանգերը սարսափելի թանկ էին, իսկ համակարգչից համակարգիչ տեսազանգերը՝ դեռևս գիտաֆանտաստիկա։ Իսկ ամեն ինչ սկսվեց 2000 թվականին, երբ շվեդ Նիկլաս Զեննստրոմը և դանիացի Յանուս Ֆրիսը որոշեցին ստեղծել նոր ինտերնետային նախագիծ։
Հետաքրքիրն այն է, որ այս պատմությունը կարող էր այդպես էլ չգրվել, եթե Tele2 եվրոպական խոշոր հեռահաղորդակցման ընկերությունը 1999-ին ցանկություն չհայտներ ստեղծել EveryDay.com ժամանցային կայքը։ Նախագծի համար պատասխանատու էին հենց Զեննստրոմն ու Ֆրիսը։ Երբ տղաները փնտրում էին «մատչելի» գնով աշխատող ծրագրավորողների, նրանց ուշադրությունը կանգ առավ Էստոնիայի վրա։ Էստոնական թերթում հայտարարություն տեղադրեցին՝ առաջարկելով օրական 330 դոլար, ինչը տեղացիների համար աստղաբաշխական գումար էր։
Այդ ժամանակին Էստոնիայում մի շարք փոքր ընկերությունների հիմնադիրներ փորձում էին իրենց Bluemoon խաղային ընկերությունը փրկել։ Այս ծրագրավորողները մեծացել էին խորհրդային Էստոնիայում, հետաքրքրվում էին տեխնոլոգիաներով և դեռևս դպրոցական տարիներին կոտրում էին մոդեմներ։ 1989 թվականին նրանք ստեղծեցին համակարգչային խաղերի ընկերություն՝ անունը դնելով Bluemoon։ Այդ թիմի Kosmonaut-ը դարձավ առաջին էստոնական խաղը, որը վաճառվեց արտասահմանում։ Սակայն 1990-ականների վերջում խաղերի բիզնեսը պահանջարկ չուներ, և Bluemoon-ը սնանկացավ։
Ստացվեց այնպես, որ հենց նրանք ֆիքսեցին Tele2-ի հայտարարությունը։ Խնդիրն այն էր, որ PHP լեզուն, որով պետք է գրված լիներ կայքը, նրանց համար նոր էր ու անծանոթ։ Բայց աղքատության դեմ պայքարելու համար զոհողությունների պատրաստ էին։ Հանգստյան օրերի ընթացքում տղաները սովորեցին ծրագրավորման լեզուն և հաջողությամբ հանձնեցին առաջադրանքը։ Չորրորդ անդամը՝ Տոյվոն, միացավ ավելի ուշ։
Եթե Skype-ի նախապատմությունը կինո լիներ, դա տեղի կունենար 2002-ի ամռանը, Էստոնիայի մայրաքաղաքում, երբ խումբը հավաքվեց Valli բարում և որոշեց P2P տեխնոլոգիան կիրառել հեռախոսային զանգերում։ Բարը հետագայում դարձավ լեգենդար, իսկ նոր աշխատակիցները մուտքի ծիսակարգ ունեին՝ Millimallikas կոկտեյլի տեսքով։
Գալով մեսենջերի ստեղծման օրվան՝ 2003 թվականին. Անքննելի է, որ սա իսկապես հեղափոխություն էր։ Երբ առաջին անգամ թեստավորում էին Skype-ը, հիմնական խնդիրը ձայնի վատ որակն էր։ Արդյունքում խնդիրը լուծվեց։ Ծրագիրը սովորեց հարմարվել ցանցային տարբեր պայմաններին՝ ինքնաբերաբար «հարմարվելով»դրանց պարամետրերին։
Ի դեպ, ահա թե ինչպես է առաջացել Skype անունը. Այն ծագել է «sky peer-to-peer» բառակապակցությունից։ Իրականում հավելվածը պետք է կոչվեր Skyper, բայց այս դոմենն արդեն զբաղված էր, այդ պատճառով անունը կրճատվեց։ Կապույտ լոգոն ի սկզբանե այլ էր. սկզբում այն մանուշակագույն էր, իսկ հետագայում կապույտ դարձավ մի շարք թեստերից հետո ու փոխկապակցվեց «երկինք» բառի հետ։
2003 թվականի օգոստոսի 29-ին Skype-ը պաշտոնապես գործարկվեց։ Թիմը, որը մինչ այդ պահն արդեն 20 անդամ ուներ, Skype-ի գործարկումը տոնեց Ստոկհոլմում՝ տեխնոլոգիական ոլորտի ճգնաժամի մասին պատմող ֆիլմ դիտելով։ Հենց առաջին օրը Skype-ը ներբեռնեց 10 հազար մարդ, իսկ հոկտեմբերի սկզբին՝ արդեն մոտ մեկ միլիոն։
Ի տարբերություն այդ ժամանակների այլ հայտնի մեսենջերների, օրինակ, ICQ-ի և MSN Messenger-ի, Skype-ը ի սկզբանե շեշտը դնում էր ձայնային կապի վրա։ Եվ այս առումով այն դարձավ առաջին հաջողված նախագիծը, որովհետև ի տարբերություն այլ VoIP հարթակների, այն աշխատում էր P2P օգտագործելով։
Մեկ այլ առավելություն ևս. Տեղադրման և օգտագործման գործընթացը շատ պարզ էր, ավելի` քան մրցակիցներինը: Համակարգչային անվտանգության ծրագրերն անգամ չէին դժգոհում Skype-ից։ Հատուկ կարգավորումների կարիք չկար և ցանկացած մարդ կարող էր այն հեշտությամբ օգտագործել:
Առաջին տարբերակով Skype-ով կարելի էր շփվել հաղորդագրությունների և զանգերի միջոցով։ 2004 թվականին հայտնվեց կոնֆերանս-կապ գործառույթը, իսկ 2005-ին՝ տեսազանգերի հնարավորությունը։ Ամեն ինչ աշխատում էր բացարձակապես անվճար ամբողջ աշխարհում, ընդ որում՝ ազդանշանի որակը ստանդարտ հեռախոսներից վատը չէր, իսկ լավ ինտերնետի դեպքում նույնիսկ ավելի լավ էր։ Առանձին վճարի դիմաց կարելի էր զանգել շարժական և ֆիքսված հեռախոսներին։
Առանց գովազդի ու PR-ի, զուտ «բերնեբերան» փոխանցվող դրական կարծիքներով Skype-ի ղեկավարները տպավորիչ ցուցանիշներ գրանցեցին։ Ընդամենը մեկ տարի անց՝ 2004-ին, օրական միջինում 150 հազար նոր օգտատեր էր ավելանում։ Եթե այս գործակիցը պահպանվեր, ապա մինչև 2024-ը Skype-ից պիտի օգտվեր ամբողջ մարդկությունը՝ ներառյալ ծերերն ու մանուկները։
SKYPE-Ի ԱՌԱՋԻՆ ՎԱՃԱՌՔԸ
Հետաքրքիր զարգացումը չուշացավ, որովհետև շուտով հավելվածն առաջին անգամ վաճառվեց։ Երբ նկատեցին, որ Skype-ի օգտատերերի բազան սկսում է նվազել, ղեկավարների մոտ անհանգստություն առաջացավ։ Հաշվի առնելով, որ Google-ը, Yahoo!-ն, AOL-ը և Microsoft-ը արդեն իրենց մրցակից հարթակներն էին ստեղծում, նրանք որոշեցին ռիսկի չդիմել։ Skype-ը վաճառվեց eBay-ին 2,6 միլիարդ դոլարով։ eBay-ը պատրաստվում էր ծառայությունն օգտագործել իր հարթակում գնորդների և վաճառողների միջև զանգերի համար։
Եվ այսպես՝ անսպասելիորեն Skype-ի թիմը հարստացավ։ Չորս էստոնացի ծրագրավորողներից յուրաքանչյուրը ստացավ 42 միլիոն դոլար, Ֆրիսն ու Զեննստրոմը՝ տասն անգամ ավելին։ Բոլոր հիմնադիրները մնացին ընկերությունում։ Ընկերության որոշ ներդրողներ համաձայն չէին վաճառքի հետ, սակայն Skype-ի ղեկավարները սեփական տրամաբանություն ունեին. Եթե ուղիղ ասենք՝ նրանք վախենում էին մրցակիցներից։
Բայց eBay-ում խնդիրները միայն բազմապատկվեցին։ Համագործակցությունը չստացվեց․ eBay-ի օգտատերերը առանց Skype-ի էլ հանգիստ «յոլա» էին գնում, իսկ թե ինչպես այլ կերպ ինտեգրել ծրագիրը իրենց ծառայությունների մեջ, ընկերությունում չգիտեին։ Չնայած Skype-ի օգտատերերի թվի աճին, հավելվածը շահույթ չէր բերում։
Նույն ժամանակում Skype-ից սկսեց անհետանալ ոչ ֆորմալ մթնոլորտը, որը տիրում էր ընկերության հիմնադրման ժամանակ։ eBay-ն ընդունեց Լոնդոնում մենեջերների մի ամբողջ թիմ, բրիտանական և էստոնական գրասենյակների միջև սկսեց աճել փոխըմբռնման պակասը։
2009 թվականին eBay-ը, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով ֆինանսական խնդիրների բախվելով, հայտարարեց, որ կառանձնացնի Skype-ը որպես առանձին ընկերություն և կհանի այն բորսա։ Բայց սա այդքան հեշտ չէր։ Պարզվեց, որ տեխնոլոգիաների բոլոր հեղինակային իրավունքները մնացել են Զեննստրոմի և Ֆրիսի Joltid ընկերության մոտ։ Սկսվեցին դատական քաշքշուկներ, որոնց արդյունքում կողմերը համաձայնվեցին, որ eBay-ը վաճառի Skype-ի 70%-ը՝ 1,9 միլիարդ դոլարով. 56%-ը՝ Silver Lake ֆոնդի ղեկավարությամբ ներդրումային խմբին, 14%-ը՝ Joltid-ին։
MICROSOFT-Ը ՄՏԱՎ ԽԱՂԻ ՄԵՋ
2011 թվականին Skype-ի բոլոր իրավունքները 8,5 միլիարդ դոլարով գնեց Microsoft-ը՝ գերազանցելով Google-ին և Facebook-ին, որոնք նույնպես բանակցություններ էին վարում գործընկերության կամ Skype-ի ձեռքբերման շուրջ։ Սա դարձավ կորպորացիայի ամենաթանկ գնումը։ Բայց լավ լուրերն այդքանով ավարտվում էին։ Չնայած ծառայությունն արդեն հաղթահարել էր մեկ միլիարդ ներբեռնումների շեմը, այն միևնույն է մնում էր վնասաբեր և ուներ 686 միլիոն դոլարի պարտք։
Microsoft-ը ցանկանում էր տեսակապի տեխնոլոգիան ներդնել իր ապրանքների մեջ։ Հօգուտ Skype-ի կորպորացիան հրաժարվեց սեփական Windows Live Messenger ծառայությունից, որի օժանդակությունը դադարեցվեց 2013 թվականին։ Ընկերությունն օգտագործեց հարթակի մշակումները իր մեկ այլ ապրանքանիշի՝ Microsoft Lync մեսենջերի համար։ 2013 թվականին կորպորացիան հայտարարեց, որ ինտեգրելու է երկու ծրագրերի ֆունկցիոնալությունը. Lync-ում հնարավոր կլիներ մտնել Skype-ի հաշվի միջոցով (և հակառակը), ներմուծել կոնտակտներ, զանգեր և նամակագրություն անել։ 2015-ին Lync-ը վերանվանվեց Skype for Business, և այն մտավ ընկերության ստանդարտ գրասենյակային փաթեթի մեջ։
ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Սմարթֆոնների դարաշրջանի սկզբին պարզվեց, որ P2P-ի պատճառով Skype-ը վատ է աշխատում շարժական սարքերի վրա։ 2013 թվականին Microsoft-ը հրաժարվեց այդ ճարտարապետությունից՝ հօգուտ ամպային սերվերների։
Միևնույն ժամանակ, Microsoft-ը փորձում էր նոր լսարան գրավել։ 2017-ին կորպորացիան ներկայացրեց հավելվածի նոր դիզայն, որը հիշեցնում էր Snapchat-ը։ Այն այնքան դուր չեկավ օգտատերերին, որ նրանք ստիպված եղան վերադառնալ հին դիզայնին։
Նոր ֆունկցիաների և գովազդի պատճառով, որոնք հավելվածը ծանրաբեռնում էին, և նաև տեխնիկական խնդիրների պատճառով, հավելվածը անընդհատ պետք էր վերափոխել։ Մինչև Microsoft-ը կլուծեր խնդիրները, ժամանակը նրանց դեմ էր աշխատում։ 2010-ականների կեսերին Skype-ը ունեցավ բազմաթիվ մրցակիցներ. Zoom, FaceTime, Google Hangouts, Discord, Telegram, WhatsApp, Signal։ Ավելին, նրանք առաջարկում էին ավելի պարզ և հուսալի աշխատող ծառայություններ։ Տասնամյակի վերջում Skype-ը հետ էր մնում մրցակիցներից տեխնոլոգիապես։ Օրինակ, ծայրից ծայր գաղտնագրումը ներդրվեց միայն 2018 թվականին, երբ դա արդեն ակտիվորեն օգտագործում էին այլ մեսենջերներ։
Համավարակի ժամանակ Skype-ի օգտատերերի թիվը կարճ ժամանակով աճեց, բայց այն չկարողացավ դիմակայել Zoom-ի հետ մրցակցությանը, որը գրավեց ծառայության պոտենցիալ լսարանի մեծ մասը։ Հետագայում հայտնիության անկումը շարունակվեց. 2020 թվականին ծառայությունն ամեն օր օգտագործում էին 40 միլիոն մարդ, 2023-ին՝ 36 միլիոն։
Դե իսկ Microsoft-ը մինչ այդ արդեն ակտիվորեն առաջ էր մղում Teams-ը՝ որպես Zoom-ի հիմնական մրցակից, ինտեգրելով ծառայությունը գրասենյակային ապրանքների մեջ և Skype-ից տանելով կորպորատիվ լսարանը։
Հատկապես համավարակի ժամանակ Teams-ը սկսեց վստահ աճել։ Ներկայումս հարթակն ամսական օգտագործում է մոտ 320 միլիոն մարդ։ Եվ ի վերջո Microsoft-ը ընդունեց անխուսափելին․ Skype-ը իրեն այլևս պետք չէ։ Microsoft-ի աղբյուրներից մեկը անգամ նշել է, որ ամեն տարի ծրագրի պահպանման համար 200 միլիոնի սպասարկում էին հատկացնում բյուջեից։
Լավ լուրն այն է, որ Skype-ի բոլոր օգտատերերը կարող են անվճար անցնել Teams, պահպանելով հաշվի տվյալները, զրույցները և կոնտակտները։ Նրանք, ում նոր ծառայությունը պետք չէ, կարող են պարզապես հանել իրենց տվյալները, ներառյալ նամակագրության պատմությունը և լուսանկարները։ Այնպես որ նրանք, ովքեր դեռ օգտագործում էին Skype-ը առօրյա շփման համար, ստիպված են լինելու փնտրել ավելի հարմար ծառայություն։