Կարդալիքներ PAN-ից
Tomorrow

Զգուշացեք՝ Սոբչակը. Հաքերային հարձակումը, «դավաճանի» պիտակն ու անհայտ ծագման նամակները

Ռուսական մեդիա դաշտում նոր կրքեր են հասունացել, իսկ կենտրոնում այդ նույն մեդիա դաշտի առանցքային կերպարներից մեկն է՝ Քսենյա Սոբչակը։ Ամենայն հավանականությամբ, Սոբչակն արդեն վաղուց սկանդալների ու աղմկահարույց պատմությունների դեմ իմունիտետ է ձեռք բերել, որովհետև սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ լրագրող Սոբչակը հայտնվում է երկրի ամենաքննարկվող թեմաների կիզակետում։ Ու, ի դեպ, նա «ժանրային» սահմանափակում էլ չունի։ Թեմաները կարող են տարածվել քաղաքականից մինչև սոցիալական, շոու բիզնեսից մինչև նորաձևություն, լրագրողական հետաքննությունից մինչև աղմկահարույց հարցազրույց։

Եվ այսպես՝ հասկանանք, թե այս անգամ ինչ պատմության մեջ է հայտնվել Քսենյան։

ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Օրեր առաջ հաքերները հայտարարել են լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի տելեգրամյան հաշիվը կոտրելու մասին։ Դե, հաքերների դեպքում «հայտարարել» բառը մի փոքր պաշտոնական բնորոշում է։ Իրերն իրենց անուններով կոչենք՝ նրանք համացանցում տարածել են Սոբչակի ենթադրյալ նամակագրությունների սքրինշոթերը ռուս և ուկրաինացի պաշտոնյաների, իր աշխատակիցների և մի քանի այլ հետաքրքիր կերպարների հետ։

Կարևոր հանգամանք՝ Սոբչակը չի հերքել հաքերային հարձակման փաստը, բայց հայտարարել է, որ իր նամակագրությունից մեջբերումների անվան տակ կեղծիքներ են հրապարակվել։ Սոբչակը հայտնել է, որ հաքերները կոտրել են իր էլեկտրոնային փոստը և հուլիսի 8-ին որոշ ժամանակով հասանելիություն ստացել իր տելեգրամյան ալիքներին։ Հաջորդիվ հաքերները Սոբչակի երկու ալիքում հրապարակումներ են արել։ Դրանցում ասվում էր, որ «հաքերային խումբը» հասանելիություն է ստացել լրագրողի նամակագրությանը։ Այդ հրապարակումների հետ մեկտեղ ալիքներում տեղադրվել են սքրինշոթեր ու տեսանյութեր, որոնք իբր Սոբչակի և տարբեր մարդկանց միջև նամակագրության պատառիկներ էին։

Սոբչակի մեդիահոլդինգի մաս կազմող Осторожно, новости լրատվական տելեգրամյան ալիքը գրեթե անմիջապես հայտնեց, որ Քսենյայի երկու ալիքների հասանելիությունն անցել է հաքերների ձեռքը։ Սոբչակն էլ նույն օրն ասաց, որ  իբր թե իր նամակագրությունից արված սքրինշոթերը կեղծ են։ Սքրինշոթերի վրա առկա էր Black8Mirror հաքերային խմբի կայքի ջրանիշը, այն աշխատում է նույնանուն տելեգրամյան ալիքին զուգահեռ։ Ի դեպ, այս խմբի առաջին ալիքը Տելեգրամն արգելափակել էր 2025 թվականին՝ անձնական տվյալների հրապարակման և շորթման պատճառով։

Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, հաքերային խմբավորումը շարունակեց իր կայքում տեղադրել հատվածներ, որոնք, ըստ նրանց՝ Սոբչակի անձնական նամակագրությունից էին։ Եվս մի քանի ձայնային հաղորդագրություն հրապարակվեց մեկ այլ տելեգրամյան ալիքում՝ պնդելով, թե դրանք լրագրողի նամակագրությունից են։ Այս ալիքում հիմնականում հրապարակվում են ինսայդերական տեղեկություններ ռուս ուժայինների, պաշտոնյաների և գործարարների մասին։ 2025 թվականի ապրիլին այն հեռացվել էր Տելեգրամից, սակայն հրապարակումները շարունակում են հայտնվել նոր՝ պահուստային ալիքում։

Սքրինշոթերի, տեսանյութերի և ձայնային հաղորդագրությունների վերջին շարքը, որոնք ներկայացվում են որպես Սոբչակի նամակագրություն, այս ալիքները հրապարակել են անցած հանգստյան օրերին։ Որևէ մեդիա պաշտոնապես չի կարող հաստատել այդ նյութերի իսկությունը և այն ներկայացնել որպես փաստ։ Չնայած՝ Ռուսաստանի դեպքում երբեք մի ասա երբեք։ Նյութի ընթացքում կանդրադառնանք նաև պետական հեռուստաալիքների անդրադարձին։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ BLACK MIRROR-Ի ՀԱՔԵՐՆԵՐԸ

Black Mirror-ը պնդում է, որ ձեռք է բերել Սոբչակի 2015-2026 թվականների տվյալների արխիվը՝ ավելի քան 350 գիգաբայթ ծավալով, և պատրաստ է վաճառել այն։ Որպեսզի առևտուրը թեժանա, հաքերները հավելել են.

«Որոշ իբր ինսայդերական ալիքներում գրում են, թե ուժայինները մտադիր են որոշում կայացնել արխիվի ամբողջական տարբերակն ուսումնասիրելուց հետո, և ոչ թե հրապարակված սքրինշոթերի հիման վրա։ Հայտարարում ենք՝ Black8Mirror թիմը դեռևս միայն ցուցադրում է արխիվը և այն ոչ մեկին չի փոխանցել, հետևաբար «ամբողջական տարբերակը» Black8Mirror թիմից բացի ոչ ոք չունի»։

Black8Mirror-ը կամ Black Mirror-ը հայտնի է առնվազն 2019 թվականից։ Այն կոտրում է հանրային դեմքերի էջերն ու հաշիվները, նամակագրությունները, հրապարակում գողացված տվյալների պատառիկներն ու առաջարկում գնել ամբողջական փաթեթը։ Գնումից հետո հրապարակումները դադարում են։

Disclaimer` այս բիզնես գաղափարը թող ոչ ոքի չգայթակղի՝ այն խիստ հակաօրինական է ու պատժվում է օրենքով։

Խմբավորումը վաճառքի է հանել ռուս բազմաթիվ պաշտոնյաների և գործարարների տվյալներ, օրինակ՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի, ՊՆ-ում նրա տեղակալ Տիմուր Իվանովի, «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի,  միտրոպոլիտ Տիխոնի (Շևկունով) և այլոց։ Վերջինս ռուս ուղղափառ եկեղեցու ամենաազդեցիկ հոգևորականներից մեկն է, ում լրատվամիջոցներում հաճախ անվանում են «Պուտինի խոստովանահայրը» կամ հոգևոր հայրը։

Փոխարենը նա հաստատել էր իր էլեկտրոնային փոստի կոտրվելու փաստը. ավելին՝ մետրոպոլիտ Տիխոնն ասել էր, որ իրենից 10 միլիոն ռուբլի են պահանջել «հրապարակումները կասեցնելու համար»։ Նա հրաժարվել էր վճարել։ Հաքերներն իրենց հերթին հերքել էին շորթումը՝ պնդելով, թե մետրոպոլիտին իբր մոլորության մեջ են գցել իրեն մոտ կանգնած «հարցեր լուծողներն ու օգնականները»։ Այնուամենայնիվ, «Սվոբոդա» ռադիոկայանին խմբավորման հաքերներն ասել էին, որ իրենց շարժառիթները «կոմերցիոն» են, այլ ոչ թե քաղաքական։

ԻՆՉՊԵ՞Ս ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Ինչպես և ենթադրվում էր՝ մեդիան այս պատմությունը ներկայացրեց յուրաքանչյուրն իրեն ձեռնտու շեշտադրումներով և ուղղությամբ։ «Մեդուզային» ու «Դոժդ»-ին հատկապես հետաքրքրել էին Սոբչակի ու ռուս պաշտոնյաների նամակագրությունները, իսկ, օրինակ Վլադիմիր Սոլովյովին՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ Սոբչակի հնարավոր շփումները։ Թեև Սոլովյովը «հնարավոր» բառն այդպես էլ չի օգտագործել՝ նամակագրությունը ներկայացրել է որպես հստակ արձանագրված ու հաստատված փաստ։

Պետական «Ռոսիա 1»-ի եթերում մոտ երկու րոպե նա մեկնաբանել է սքրինշոթերը ու մեղադրել Սոբչակին և նրա մորը՝ սենատոր Լյուդմիլա Նարուսովային, Ռուսաստանի ղեկավարության դեմ «դավադրության» և «հայրենիքի դավաճանների» օգտին աշխատելու մեջ։ Ի դեպ, Սոլովյովն իր խոսքում Սոբչակի անունն ուղիղ չի տվել, փոխարենը նրան անվանել է «իսրայելցի լրագրող»։ Սոբչակը, բացի ռուսականից, ունի նաև Իսրայելի քաղաքացիություն։

Իրականում այս փուլում որևէ ապացույց չկա, որ Սոբչակն ինչ-որ բան է փոխանցել ուկրաինացի պաշտոնյաներին։ Եթե հավատանք հրապարակված սքրինշոթերին, ապա 2022-ի մարտին Սոբչակը զանգահարել և նամակագրություն է ունեցել Ուկրաինայի նախագահի գրասենյակի այն ժամանակվա ղեկավար Երմակի հետ։ Երմակը Սոբչակին ասել է, որ նրանք շատ ընդհանուր ծանոթներ ունեն։ Լրագրողն էլ նրան ասել է, թե երեխայի հետ հեռացել է Ռուսաստանից և պատմել իր մեդիահոլդինգի խմբագրությունը ևս արտերկիր տեղափոխելու ծրագրերի մասին։

Ի պատասխան Սոլովյովի և մյուսների մեղադրանքների, Սոբչակը BBC-ին ասել է, որ դաշնային հեռուստաալիքները փորձում են իրեն ներկայացնել որպես «պետական դավաճանություն կատարած անձի»։

«Սա հստակ ճնշում է իմ անկախ մեդիա հոլդինգի վրա։ Դաշնային պետական ալիքները փորձում են ինձ ներկայացնել որպես պետական դավաճանություն կատարած անձի։ Սա այն ուժերի նենգ սուտն է, որոնք վաղուց փորձում են Ռուսաստանի ներսում հաշվեհարդար տեսնել ինձ հետ։ Ցավալի է միայն, որ ռուսալեզու ԶԼՄ-ների արևմտյան գործընկերներն այս պատմության մեջ այդպիսի էնտուզիազմով հանդես եկան «օգտակար հիմարների» դերում, թեև կարծես բոլորս էլ միշտ ունեցել ենք մասնագիտական միասնական ստանդարտներ՝ չհրապարակել ոչ մի արտահոսք, որոնց իսկությունը ստուգելու նույնիսկ նվազագույն հնարավորություն չկա»։

Սոբչակի մայրը շատ ավելի կարճ է արտահայտվել.

«Սոլովյովին չեմ մեկնաբանում, նրան լրագրող չեմ համարում»։

Է՞Լ ԻՆՉ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՍՈԲՉԱԿԻ «ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ»

Սոբչակի ենթադրյալ նամակագրության սքրինշոթերում հայտնված անձանց թվում կան թե՛ ռուս պաշտոնյաներ ու ընդդիմադիրներ, թե՛ նրա մեդիահոլդինգի աշխատակիցներ, թե՛ ուկրաինացի պաշտոնյա։ Դատելով այդ հրապարակումներից՝ Սոբչակը որոշ նամակներում ստիպված էր արդարանալ որոշ թեմաների շուրջ իր մեդիահոլդինգի լուսաբանման մեթոդների ու շեշտադրումների համար։

Նրա այդ արդարացումներն ուղղված էին, օրինակ, քարոզչական «Դիալոգ» կազմակերպության ղեկավար Վլադիմիր Տաբակին և Մոսկվայի առևտրի ու ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկին։ Թեմաները շատ տարբեր են՝ նավթավերամշակման գործարանների գնդակոծություններից մինչև վառելիքի ճգնաժամ։ Նույն այս թեմայով, ըստ կասկածելի սքրինշոթերի, Սոբչակը վիճում է իր այն աշխատակիցների հետ, որոնք ստիպել են իրեն արդարանալ ռուս պաշտոնյաների առաջ։

Осторожно, новости-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Տիտովն ավելի վաղ հարցազրույցներից մեկում ասել էր, որ Սոբչակի հետ երկու-երեք ամիսը մեկ որոշակի թեմաների շուրջ վեճեր ունենում են, բայց և այնպես՝ Սոբչակը չի կարող ինքնուրույն մտնել ալիք ու ինչ-որ բան հրապարակել։ Ավելին՝ նա հարգանքով է վերաբերվում խմբագրական քաղաքականությանն ու չի միջամտում։ Ամեն դեպքում՝ հաքերների հրապարակած սքրինշոթերում Սոբչակը Տիտովից պահանջում է դադարեցնել բացասական նյութեր գրել այս կամ այն կազմակերպության մասին։

BBC-ն Սոբչակին խնդրել է մեկնաբանել ենթադրյալ նամակագրությունից հրապարակված մեջբերումները, բայց Քսենյան իրեն հատուկ դասական դիվանագիտական հնարքներ է օգտագործել.

«Կարծում եմ, որ արդեն բավականաչափ մեկնաբանություններ եմ տվել, մնացած ամեն ինչ կհնչի որպես արդարացում։ Իսկ անձնական նամակագրությունը փորփրելով կոնկրետ հարցերին պատասխանելն ու ասելը, թե դրանցից որն է կեղծ, որը՝ ոչ, կեղտի մեջ փորփրել է։ Ես հաստատ չեմ ուզում դրան մեղսակից լինել»։

Եվ իսկապես՝ նման թեմաները փորփրելիս մեծ է հավանականությունը, որ մի շատ ավելի տհաճ իրավիճակ կստացվի։ Բայց գուցե դա՞ է ճշմարտությունը բացահայտելու ուղին։

Թե ինչ զարգացումներ կունենա այս ոչ այնքան հաճելի շրջադարձը՝ դժվար է կանխատեսել։ Շատ հնարավոր է, որ մեծ արագությամբ բարձրացած աղմուկը նույն արագությամբ էլ մարի։ Բայց հակառակ սցենարն էլ է հնարավոր, որովհետև այս ամենի քաղաքական աստառը չափից ավելի ընդգծված է։ Ամեն դեպքում՝ ըստ սոցցանցային ակտիվության՝ այս պահին Քսենյան շարունակում է ապրել ու աշխատել իրեն հատուկ խենթ ռիթմով։


✍️ Նանե Մանուկյան / PAN