#մշակութաPAN
October 30

Համակարգչի հետ «կռիվը», շախմատի առաջնությունն ու Գիքորի ընտրությունը. Սոս Սարգսյանը՝ էկրանից այն կողմ

Ամաչկոտ, համեստ լոռեցի տղան հայտնվեց թատրոնում և դարձավ մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպար։ Սոս Սարգսյանը երբեմն ինքն էլ էր զարմանում, թե ինչպես ընտրեց դերասանի մասնագիտությունը։ Բայց հակառակ պնդումը ևս ճիշտ է` մասնագիտությունն ընտրեց նրան։ Իսկ զարմանում էր, որովհետև ինքն էլ ընդունում էր, որ բնավորությամբ ամաչկոտ երեխա է եղել։

Կես կատակ, կես լուրջ ասում էր՝ երբ սենյակում չորս մարդ է լինում, ինքն արդեն կաշկանդվում է։ Հետևաբար զարմանալի էր, թե այդքանից հետո ճակատագիրն ինչպես իրեն դերասան դարձրեց։ Այնպես չէ, որ հասուն տարիքում շատ բան էր փոխվել. համեստ էր, զուսպ, խտացված ասելիքով, առանց ցուցադրական որևէ տարրի։

Ամեն դեպքում, կյանքն ու ճակատագիրն իրենց «ընտրությունը» արդեն արել էին։ 10 տարեկան էր, երբ գրեց իր առաջին պիեսն ու բակի երեխաների հետ նկուղում ներկայացում բեմադրեց։ Իսկ այս պատմության ամենակարևոր դրվագն այն է, որ պիեսը գրելուց և բեմադրելուց առաջ տղան երբևէ թատրոնում չէր եղել, ներկայացումներ չէր դիտել։

Ամեն դեպքում, ինչ-որ պահից արդեն հստակ էր, որ Սոս Սարգսյանն իր ճանապարհը շարունակելու է թատրոնի և կինոյի աշխարհում։ Բեմական առաջին քայլերը հարազատ Ստեփանավանում է կատարել։ Ամեն ինչ սկսվեց հենց Ստեփանավանի թատրոնում։ Արդեն 1948 թվականին Սոս Սարգսյանը որոշեց, որ մեծ հաջողության ու արդյունքի հիմքում մասնագիտական որակյալ կրթությունն է, նաև որոշեց իր ուժերը փորձել մայրաքաղաքում։

Բայց անպես չէ, որ Ստեփանավանի շրջանային թատրոնը Սոս Սարգսյանին հեշտությամբ բաց թողեց։ Երբ փորձում էր դուրս գալ աշխատանքից ու ազատման դիմում գրում, թատրոնի ղեկավարը պարզապես չստորագրեց այն։ Ըստ Սոս Սարգսյանի հուշերի, այդ գիշեր երազում իրեն մի տղամարդ է այցելել և ասել՝  «Դեռ դուրս մի արի, ես կգամ, քեզ կտանեմ Երևան»։

Ստացվեց այնպես, որ ընդամենը մի քանի օր անց Ստեփանավանի թատրոն այցելեց Արվեստի վարչության թատերական բաժնի վարիչը։ Հենց նա էլ հետագայում Սոս Սարգսյանին հրավիրեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելու։ Այդպիսով՝ 1948 թվականին դերասանը տեղափոխվեց Երևան և սկսեց աշխատանքը թատրոնում։

Առհասարակ, թատրոնում վարպետի առաջին դերը «Դեյվիդ Կոպերֆիլդն» էր՝ 1947 թվականին։ Հետագայում այս ցանկը շատ բազմազան դարձավ։ Նրա կերտած դերերից են  ԴոնՔիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: Պատանի հանդիսատեսի թատրոնում Սոս Սարգսյանը համեմատաբար քիչ աշխատեց։ Արդեն 1954 թվականից դերասանը Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում էր աշխատում։ Մայր թատրոնում Սոս Սարգսյանը մնաց մինչև 1991 թվականը։

Հենց այս շրջանում դերասան, բեմադրիչ Սոս Սարգսյանի համար չափազանց կարևոր մի իրադարձություն կատարվեց։ Կարելի է ասել՝ երազանքի իրականացում։ 1991 թվականին Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։ Այսօր արդեն թատրոնը կրում է մեծ վարպետի անունը։

Թատրոնը Սարգսյանի առաջին սերն էր, բայց կինոյում կերտած նրա կերպարները ոսկե տառերով գրեցին վարպետի անունը հայկական կինեմատոգրաֆում։ Սոս Սարգսյանը չորս տասնյակից ավելի ֆիլմում է նկարահանվել։ Մեծ դերասանի մուտքը մեծ կինո «Նվագախմբի տղաները» ֆիլմով էր։ Այս ցանկին հետագայում ավելացան հայ կինոյի գլուխգործոցներից մի քանիսը՝ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և այլն։

Վարպետի տաղանդը հայրենիքի սահմաններից դուրս էլ են նկատել։ Ռուս ռեժիսորների, այդ թվում՝ Տարկովսկու, Բորտկոյի ֆիլմերում է նկարահանվել։ Առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը:

Դժվար է ասել, թե հատկապես ո՞ր կերպարով Սոս Սարգսյանը տպավորվեց ու մտավ մարդկանց սիրտը։ Դժվար է, քանի որ Սարգսյանը մեկ դերի դերասան չէր, միշտ ասելիք ուներ, միշտ ազդեցիկ էր, խոսուն հայացքով ու զուսպ կեցվածքով։ Սոս Սարգսյանին ներկայացնելից հետևյալ բնութագիրը հաճախ է հնչում՝

«Նա հոգեբանական ռեալիզմի դպրոցի այն դերասաններից էր, որ հասել է ներքին կերպարանափոխման՝ առանց  թատերական արտաքին ընդգծումների և զգացմունքների ակներև ցայտունացման»։

Սոս Սարգսյանը սրտացավորեն և մեծ ուշադրությամբ էր մոտենում իր բոլոր դերերին ու ֆիլմերին։ Կա տարածված տեղեկություն, որ, օրինակ, «Գիքորի» նկարահանման ժամանակ հենց Սարգսյանն է պնդել, որ Գիքորի հերոսը պետք է Դսեղից լինի։ Ավելին՝ Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանին ինքն է ընտրել։ Հենց սկզբից տպավորվել էր տղայի խորը, պարզ, անկեղծ աչքերով։

Վարպետի համար իրապես ճակատագրական էր «Նահապետ» ֆիլմը։ Հենց պրեմիերայից հետո նրան սկսեցին անվանել Հայ կինոյի նահապետ, իսկ Սոս Սարգսյանի թողած ժառանգությունն այս կոչման հերթական ապացույցն է։

Սարգսյանը տաղանդավոր դերասան էր, ու սա լրիվ բավարար պատճառ է, որպեսզի վայելեր մարդկանց սերը։ Բայց այսքանով վարպետի կոչումը ոչ թե ավարտվում, այլ միայն սկսվում էր։ Նա իրական մտավորականի կերպար էր՝ իր ժողովրդի ցավով ապրող, խնդիրներով անհանգստացող։ Մարդիկ սպասում էին նրա խոսքին ու դիրքորոշմանը, որովհետև տպավորություն էր, որ Սոսի շուրթերով հենց իրենք են խոսում։

Սարգսյանը պայքարող տեսակ էր, և ոչ մի դեպքում չէր կարող պասիվ կեցվածք ունեցող քաղաքացի լինել։ 1989-91 թվականներին Սոս Սարգսյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Սարգսյանը քաղաքական մի քանի գործիչների հետ անգամ հացադուլ է հայտարարել՝ ԽՍՀՄ-ի և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Ղարաբաղյան հիմնախնդրին։

1991 թվականին էլ, շատերի համար գուցե անսպասելի, նա մասնակցեց  նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահական ընտրություններին` որպես նախագահի թեկնածու։ Սարգսյանն առաջադրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից:

Թեև Սոս Սարգսյանի անունը կյանքի որոշակի շրջանում առավելապես քննարկվում էր հասարակական-քաղաքական գործչի տեսանկյունից, բայց, մեծ հաշվով՝ նա ժողովրդի հուշերում մնաց որպես հայ կինոյի նահապետ։ Վարպետը նաև մի քանի երկերի հեղինակ է. «Չորուկ ճյուղեր, Երևան», «Վարագույրից այս կողմ», «Մենք ու մերոնք», «Լակոտը» և այլն:

Այս ցանկում մարդկանց հատկապես ծանոթ կլինի «Լակոտը» վիպակը, որի հիման վրա համազգային թատրոնում ներկայացում է բեմադրվել։ Սա մեծ սիրո մասին իրական պատմություն է, որի հերոսները մատնության և ստալինյան ռեժիմի զոհ են դառնում:

«Գրականության մեջ մեծ սիրո մասին շատ օրինակներ կան, որոնք ողբերգական վախճան են ունենում: Սա և՛ ողբերգական է, և՛ զավեշտալի... և՛ լուծում չկա... Սա նաև անհատի ինքնակայացման դժվարին ուղու, բարոյական կերպարի կայացման պատմություն է»։

Ի դեպ, «Լակոտը» վիպակի մասին մեկ այլ հետաքրքիր պատմություն էլ կա։ Պատմություն, որ ամբողջովին բնութագրում է Սոս Սարգսյանի կերպարը։ Երբ վարպետը գրում էր «Լակոտը», տպագրական մեքենաներով այլևս չէին աշխատում, հետևաբար Սոս Սարգսյանն էլ համակարգչով գրեց վիպակը։ Ստացվեց այնպես, որ մոռացավ պահպանել գրածը, և ամբողջ տեքստն անհետացավ։ Վերականգնել այդպես էլ չստացվեց, Սարգսյանն էլ «նեղացավ» համակարգչից ու իր հիշողությամբ նորից գրեց ամբողջ տեքստը։ Այդպես էլ չներեց համակարգչին, այդ դեպքից հետո գրում էր միայն հուսալի մատիտով կամ գրիչով։

Իր որոշումներում ու ցանկություններում վարպետը հստակ ու կայուն էր։ Հստակորեն դեմ էր տանն իր դիմանկարները կախելու գաղափարին։ Չէր պատկերացնում, թե ինչպես կարող էր «ամեն օր տեսնել ինքն իրեն»։ Կտրականապես դեմ էր նաև տուն-թանգարան ունենալու գաղափարին։ Վստահ էր, որ դերասանի մասին պատմում և հիշեցնում են իր դերերն ու ներկայացումները։

Մյուս կողմից, կային երևույթներ, որ վարպետի կյանքի անբաժան մասն էին։ Զենքի կոլեկցիոներ էր, սիրում էր թե՛ նվիրել, թե՛ ստանալ, հատկապես՝ սրեր։ Բայց մի հստակ համոզմունք էլ ուներ՝ զենքը երբե՛ք չպետք է աշխատի, նույնիսկ՝ որսի համար։

Նրան մեծ ոգևորություն ու բավականություն էր պատճառում շախմատը՝ պատրաստ էր ամբողջ օրը խաղալ։ Միանգամից մի քանի շախմատ ուներ՝ կյանքի բոլոր իրավիճակների համար. մեքենա, ամառանոց, տուն։ Մի առիթով անգամ Լևոն Արոնյանի հետ է շախմատ խաղացել ու խաղը սկսելուց առաջ խնդրել գրոսմայստերին «իրեն խայտառակ չանել»։ Խաղը ոչ ոքի է ավարտվել։ Վարպետը վերջին անգամ շախմատ է խաղացել բառացիորեն մահից րոպեներ առաջ՝ ընկերոջ հետ։

Սոս Սարգսյանը մահացավ 2013 թվականին։ Վարպետին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից դեպի Պանթեոն։ Մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ։ Վարորդն էլ թողել էր մեքենան ու միացել մարդկանց հոսքին։ Սոս Սարգսյանն ասում էր՝

«Մարդը պետք է ծնվի տեղին ու ժամանակին, և գոյությունը նրա պետք է անհրաժեշտ լինի ու պետք է ունենա նշանակություն»։

Իր ապրած կյանքն ու արարած ստեղծագործական ժառանգությունն այս խոսքերի լավագույն ապացույցն ու օրինակն են։


✍️ Նանե Մանուկյան / PAN