Կարդալիքներ PAN-ից
Today

Տիեզերքն առանց ռոմանտիկայի. Ինչպես գիտաֆանտաստիկ կինոն դադարեց ապագա խոստանալ

Մի ժամանակ տիեզերքը կինոյում խոստում էր։ Նույնիսկ ոչ գործողության վայր, այլ հենց խոստում։ Տիեզերքը նշանակում էր դուրս պրծնել աշխարհագրության, քաղաքականության, կենսաբանության, անցյալի սխալների սահմաններից։ Մարդն ուղևորվում էր դեպի աստղերը ոչ թե որովհետև նրան այնտեղ ինչ-որ բան էր պետք, այլ որովհետև կարող էր։ Տիեզերքը տրամաբանական շարունակությունն էր առաջընթացի ու այն հավատի, որ հորիզոնների ընդարձակումը ավտոմատ մեզ ավելի լավն է դարձնում։

21-րդ դարում այս տրամաբանությունը ճաք տվեց։ Ժամանակակից գիտական ֆանտաստիկան ավելի ու ավելի հաճախ է ցույց տալիս տիեզերքը որպես միջավայր, որտեղ մարդը դառնում է ոչ թե ավելի մեծ, այլ դառնում է ավելի խոցելի։ Ոչ թե հերոս, այլ ընդամենը սկաֆանդրում փակված մարմին։ Ոչ թե մեծ գաղափարների կրող, այլ կենսաբանական սահմանափակումների հավաքածու։

Այսպես ձևավորվեց նոր գիտաֆանտաստիկ ռեալիզմը՝ կինո, որում տիեզերքը զուրկ է ռոմանտիկայից, իսկ ապագան երաշխավորված չէ. PAN-ը կպատմի այդ մասին։

Հրաշքից մինչև շահագործման պայմաններ

Դասական ֆանտաստիկան գրեթե միշտ կառուցված էր հրաշքի զգացողության վրա։ Նույնիսկ եթե ֆիլմը սառն էր ու փիլիսոփայական, ինչպես Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական օդիսականը» (2001: A Space Odyssey, 1968), այն, միևնույն է, ենթադրում էր, որ գոյություն ունի ինչ-որ բան մարդկային ըմբռնման սահմաններից այն կողմ, ու այդ «ինչ-որ բանը» կրում է իմաստ, զարգացում, վերափոխում։

Ժամանակակից կինոն այսպիսի ավանս այլևս չի վճարում։ Տիեզերքը ոչ թե հանելուկ է, այլ պայմանների ամբողջություն. ճնշում, ճառագայթում, հեռավորություն, ժամանակ։ Ոչ թե փիլիսոփայական անդունդ, այլ խիստ պարամետրերով միջավայր։

Սա, իհարկե, չի բացառում մետաֆորները, բայց զրկում է դրանք առաջնահերթ լինելուց։ Սկզբում ֆիզիկան է։ Հետո՝ մնացած ամեն ինչ։

Տիեզերքը որպես համակարգ, որում մարդն ավելորդ է

Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիայում» (Gravity, 2013) պարզ երևում է, թե ինչպես է փոխվել մոտեցումը։ Այստեղ չկան երկրորդական գծեր, ապագա աշխարհի էքսպոզիցիա, մարդկության մասին պատմելու փորձ նույնպես չկա։ Մեկ մարդ ու միջավայր, որը բացարձակ հաշվարկված չի նրա ներկայության համար։

Տիեզերքը չար չի ու անտարբեր չի էմոցիոնալ իմաստով, այն պարզապես հաշվի չի առնում մարդուն։ Այն հակամարտության մեջ չի մտնում, վախին չի պատասխանում, դրամատիզմը չի ուժեղացնում։ Այն ուղղակի կա այնպիսին, ինչպիսին կա։

Սա սկզբունքային տեղաշարժ է։ Նախկինում տիեզերքը կամ խոչընդոտ էր, կամ փորձություն, կամ էլ ֆոն մեծ արարքների համար։ Այժմ սա համակարգ է, որում մարդը ընդամենը վիճակագրական շեղում է։

Ռացիոնալ լավատեսություն առանց ուտոպիայի

Ռիդլի Սքոթի «Մարսեցին» (The Martian, 2015) հաճախ է առանձնացվում որպես «չափազանց լավատեսական» ֆիլմ վերոնշյալ միտումի համար։ Բայց հենց այս ֆիլմը հիանալի կերպով ցույց է տալիս նոր ռեալիզմը։

Սա լավատեսական կինո է, բայց լավատեսությունը զուրկ է ռոմանտիկայից։ Հերոսը նոր հորիզոններ չի բացում ու ողջ մարդկության համար քայլ չի անում դեպի անհայտը։ Նա նորոգում է, հաշվում է, աճեցնում, գոյատևում։ Նրա հաղթանակը ոչ թե տրիումֆ է, այլ միայն մահվանից խուսափելու հերթական հնարավորություն։

Կարևոր է նաև, որ ֆիլմը ընդգծում է գիտության կոլեկտիվությունը, բայց ոչ ներկայության կոլեկտիվությունը։ Մարդկությունը օգնում է, բայց չի մասնակցում։ Այն հեռու է։ Կապը ուշանում է։ Սխալները թանկ են նստում։ Տիեզերքն այստեղ ոչ թե ֆոն է արկածների համար, այլ ռեսուրսների հաշվապահություն։

Միայնությունը որպես հիմնական վիճակ

Եթե առաջ տիեզերքում միայնությունը դրամատիկ հնարք էր, ապա այժմ դարձել է նորմ։ Նոր ռեալիզմը ցույց է տալիս, որ Երկրի սահմաններից դուրս մարդը միշտ միայնակ է, նույնիսկ եթե ձևականորեն կողքին ուրիշ մարդիկ կան։

Դանքըն Ջոնսի «Լուսին» (Moon, 2009) ֆիլմում այս միայնությունը աստիճանաբար ջնջում է ոչ միայն մարդու հոգեկանը, այլև նրա անհատականության եզակիության գաղափարը։ Երբ միջավայրը լիովին ստանդարտացված է, կրկնվող ու մեխանիկական, մարդը դադարում է զգալ իրեն որպես բացառություն։

Տիեզերքն այստեղ չի ազատագրում հասարակությունից, այն զրկում է այդ հասարակության վրա հենվելու հնարավորությունից։ Ու դա շատ ավելի սարսափելի է։

«Ինտերստելար». վերջին փորձը համատեղելու ռոմանտիկան իրականության հետ

Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելարը» (Interstellar, 2014) հատուկ տեղ է զբաղեցնում։ Սա, ըստ էության, վերջին մեծ ֆիլմն է, որը փորձում է պահպանել տիեզերքի ռոմանտիկան՝ բայց արդեն անում է դա նոր ռեալիզմի պայմաններում։

Կարևոր է, որ «Ինտերստելարում» տիեզերքը չի ոգեշնչում։ Այն ստիպում է։ Դեպի աստղեր թռիչքն այստեղ ոչ թե հույսի ժեստ է, այլ հուսահատության ակտ։ Երկիրը մահանում է, այլընտրանք չկա, սա ընտրություն է վատի ու ավելի վատի միջև։

Նույնիսկ ֆիլմի ամենաէմոցիոնալ էլեմենտները՝ սերը, հիշողությունը, կապվածությունը, չեն բեկանում ֆիզիկան։ Ժամանակն այլ կերպ է հոսում։ Որոշումներն անշրջելի են։ Հերոսն իր յուրաքանչյուր քայլի համար վճարում է կյանքի տարիներով, իր ու սիրելիների միջև անհուն անդունդով։

Ռոմանտիկա ֆիլմում գոյություն ունի, բայց այն չի հաղթում իրականությանը։ Այն միայն օգնում է վերապրել այն։ Ըստ էության, «Ինտերստելարը» կոմպրոմիս է հին ու նոր ֆանտաստիկայի միջև։ Փորձ՝ ասելու, որ այո, տիեզերքը սառն է, բայց մարդը դեռ իմաստ է փնտրում դրանում։ Ու այդ որոնումը այլևս հերոսական չի, այն ցավոտ է։

Երբ հույսը դադարում է պարտադիր լինել

Նոր ռեալիզմի ամենաազնիվ և անողոք արտահայտությունը մնում է դանիա-շվեդական «Անիարա» (Aniara, 2018) ֆիլմը։ Այս ֆիլմում տիեզերքը զուրկ է անգամ դրամատիկ կոնֆլիկտից։

Այստեղ չկա պայքար։ Չկա փրկություն։ Չկա կատարսիս։ Մարդիկ չեն հաղթում կամ պարտվում, նրանք ուղղակի պահպանում են գոյությունն իրավիճակում, որում հաղթանակ ընդհանրապես նախատեսված չի։

Ոչ, սա հակամարդկային կինո չի։ Հակառակը, այն ընդգծում է, թե որքան փխրուն է ինքը` իմաստի գաղափարը, եթե չեզոքացվեն սովորական հենարանները՝ ժամանակը, նպատակը, վերադարձը։ Ու Տիեզերքը «Անիարայում» ոչ խորհրդանիշ է, ոչ էլ սպառնալիք։ Սա անտարբերության վերջնական ձևն է։

Ինչու հին ռոմանտիկան այլևս չի համոզում

Տիեզերքի ռոմանտիկան հենվում էր առաջընթացի, որպես բարոյական ուժի նկատմամբ հավատի վրա։ 21-րդ դարում այս հավատը կորած է։ Մենք տեսնում ենք, որ տեխնոլոգիաները ճգնաժամերից չեն փրկում, որ գիտությունն արդարություն չի երաշխավորում, իսկ հնարավորությունների ընդլայնումն աշխարհն ավելի կայուն չի դարձնում։ Ժամանակակից ֆանտաստիկան պարզապես արտացոլում է այս վիճակը։ Այն հիասթափված չի, ուղղակի սթափ նայում է փաստերին։

Նոր գիտաֆանտաստիկ ռեալիզմը չի հրաժարվում երազանքներից, սակայն հրաժարվում է ինքնախաբեությունից։ Տիեզերքը այլևս բեմ չի մարդկության հասցեին դիֆերամբներ ձոնելու համար։ Այն անհրաժեշտ է հասկանալու համար, թե որքան սահմանափակ, խոցելի ու միջավայրից կախված ենք մենք։

Հավանաբար, հենց դա է պատճառը, որ տիեզերքի մասին այսօրվա գիտաֆանտաստիկ կինոն ավելի համոզիչ է հնչում։ Այն չի խոստանում, որ ամեն ինչ լավ կլինի։ Այն միայն ցույց է տալիս ամեն ինչ այնպես, ինչպես կա ու առաջարկում է որոշել, արդյոք սա մեզ համար բավական է։


🎬 Արման Գասպարյան / PAN