#cinéPAN
July 15

Մետամորֆոզների վարպետը. Քևին Սփեյսիի մասնակցությամբ չորս գլխավոր ֆիլմը

Լուսանկարը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պաշտոնական կայքից

Այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում էր կրկնակի օսկարակիր դերասան Քևին Սփեյսին, ով մեր կինոսիրողին ավելի շատ հայտնի է որպես «Խաղաթղթե տնակ» (House of Cards) սերիալում քաղաքական գործիչ Ֆրենկ Անդերվուդի դերակատար։ Սակայն Սփեյսին, ով ապրում է իր կարիերայի, մեղմ ասած, ոչ լավագույն ժամանակները, ունի շատ ավելի ծանրակշիռ ու կարևոր դերեր, առանց որոնց ծանոթանալու անհնար է պատկերացում կազմել տաղանդավոր դերասանի մասին։

PAN-ը պատմում է Սփեյսիի մասնակցությամբ չորս կարևորագույն ֆիլմի մասին։

Ջոն Դոն
Եթե ուզում ես, որ մարդիկ քեզ լսեն, ուսին թեթև տպտպացնելն էլ բավարար չի։ Ստիպված ես ծանր մուրճով հարվածել, ու միայն այդ ժամանակ ես նկատում, որ գրավել ես նրանց ուշադրությունը։

Ջոն Դոն խոսում է իր մոտիվացիայի մասին

Քևին Սփեյսին առաջին անգամ ցնցեց կինոսիրողին շատ տարօրինակ պայմաններում։ 90-ականների սկզբին կարիերան սկսած խիստ տաղանդավոր ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը կինո մուտք գործելուն պես բախվեց այնպիսի պատնեշի, ինչպիսին կարող է խորտակել շատ ավելի փորձառու ռեժիսորների բոլոր երազանքները` լրացուցիչ պարգևելով նյարդային խնդիրներ, տագնապայնություն ու պոստտրավմատիկ սթրեսային խանգարում։ Ֆինչերի դեբյուտը մեծ էկրանին` հռչակավոր «Օտարի» (Alien) երրորդ մասի ստեղծումը վերածվեց իսկական մղձավանջի։ Արտադրական դժոխքում անվերջ եփվող նախագիծը անդադար սցենարային փոփոխությունների, պրոդյուսերների ու դերասանների կապրիզների, ֆինանսական ու ստեղծագործական խնդիրների պատճառով դարձավ Ֆինչերի աքիլեսյան գարշապարը` ստիպելով ռեժիսորին հրաժարվել վերջնական մոնտաժից ու լքել նախագիծը։ Ուրիշները վերապրածից հետո հավերժ հրաժեշտ կտային կինոյին` զբաղվելով կոմիքսներ գրելով, բայց ոչ Ֆինչերը։

Ջոն Դոյի հայտնվելը ֆիլմի երրորդ ակտում ամենատպավորիչ դրվագներից է

1995-ին ռեժիսորը կրկին փորձեց ներխուժել կինեմատոգրաֆ` այս անգամ անելով դա սեփական պայմաններով։ Ու ներխուժումն այդ այնքան աղմկոտ էր, որ ձայնը չի լռում մինչ օրս։ «Յոթ» (Se7en, 1995) նեոնուարային գլուխգործոցը սահմանեց այն ձեռագիրը, որով հետագայում աշխատելու է ռեժիսորը. օպերատոր Դարիուշ Խոնջիի արհեստականորեն մգեցված ու գունազրկված կադրերը ստեղծում են անհույս ու անանուն մեգապոլիսի պատկերը, դժոխքի, որում մեղավորները պատժվում են մահացու մեղքերի համար։ Հովարդ Շորի նյարդային երաժշտությունը` բաղկացած նաև Nine Inch Nails խմբի ստեղծագործությունների վերաիմաստավորված հնչյուններից, միախառնվում է Ֆինչերի կառուցած Սոդոմի ու Գոմորի անդադար աղմուկի հետ։ Էնդրյու Կեվին Ուոքերի սրամիտ ու խորամանկ դրամատուրգիան և երկխոսությունները հանդիսատեսին սրընթաց տանում են դեպի ցնցող ֆինալ։ Իսկ Մորգան Ֆրիմանի ու Բրեդ Փիթի հիանալի մարմնավորած ոստիկանական խուզարկուները փորձում են որսալ մոլագար մարդասպանին, ով յոթ օրվա ընթացքում քաղաքը վերածել է իսկական արյունալի թատրոնի։

Ֆինչերը իր տարերքում ստեղծել է բոլոր ժամանակների լավագույն թրիլլերներից մեկը։ Ու այս փառահեղ կինոկտավը ամբողջական չէր լինի առանց Քևին Սփեյսիի։ Ով նշված չէր ֆիլմի սկզբնական տիտրերում ու գովազդային արշավում, ու ում խիստ տպավորիչ հայտնվելը ֆիլմի երրորդ ակտում կոչված էր ցնցել կինոդիտողին։ Ու ցնցեց։ Այն, ինչ տեղի է ունենում «Յոթի» երրորդ ակտում, խիստ նպատակաուղղված ու սառնասիրտ խաղ է կինոդիտողի նյարդերի հետ։ Ու չնայած Էռնեստ Հենինգուեյի արտահայտած մտքին այն մասին, որ աշխարհն այս հիասքանչ է ու նրա համար արժե պայքարել, կինոդիտողը ֆիլմն ավարտում է էմոցիոնալ խավարի, դատարկության ու դեպրեսիվ մտորումների մեջ. աշխարհն այս այլանդակ է ու անտարբեր, հանուն դրա անգամ չարժե ապրել։

Ջոնը պատմում է իր «առաքելության» հիմնավորվածության մասին

Ի՞նչ է Սփեյսիի կարճատև դերը ֆիլմում դարձնում այն այդքան յուրահատուկ։ Նախ, հայտնվելով էկրանին, նրա մարմնավորած Ջոն Դոն (մոլագարի իրական անունն անհայտ է, նման դեպքերում տղամարդկանց ուղղակի անվանում են Ջոն Դո) ստվերում է առաջին կարգի աստղեր Ֆրիմանին ու Փիթին` ամբողջ ուշադրությունը գրավելով իր կողմը։ Ծայրահեղ խարիզմատիկ, ինքնամփոփ, դեմոնիկ Դոն Սփեյսիի կատարմամբ լավագույնս նկարագրվում է Ֆրիմանի կերպարի հետևյալ մեջբերմամբ.

Եթե մենք որսանք Ջոն Դոին, ու պարզվի, որ նա ինքը` սատանան է, դա լիովին կարդարացնի մեր սպասումները։ Բայց նա սատանան չէ։ Նա ընդամենը մարդ է։
Ի՞նչ է արկղում

Սփեյսիի մարմնավորած փոքր, վտիտ ու անօգնական մարդուկի արտաքինը զարհուրելի կոնտրաստի մեջ է մտնում նրա արտահայտած մտքերի ու, առավել ևս, արած գործերի հետ։ Ինչպիսի մեթոդիկությամբ ու հնարամտությամբ է նա տանջել ու սպանել իր զոհերին, ինչպիսին համբերատարությամբ է սպանության իր յոթնօրյա գլուխգործոցը մոտեցնում ու հասցնում ավարտին, ինչպես է, չնայած խուզարկուների ու կինոդիտողի բոլոր հույսերին, ապացուցում, որ չարիքը միշտ ու ամեն դեպքում հաղթում է, որ մարդիկ չար են, որ Բնությունը չար է, որ բարին դա չար աշխարհում չխելագարվելու համար ստեղծված հորինվածք է։ Սփեյսիի աներևակայելի դերի շնորհիվ Ֆինչերի ֆիլմն ամբողջանում է, վերածվում այն ահռելի մուրճին, որով ռեժիսորը հարվածում է հեփփի էնդերից հղփացած կինոդիտողին` վերադարձնելով նրան իրականություն։

Սատանայի մեծագույն հնարքն աշխարհին համոզելն էր, որ ինքը գոյություն չունի

Ռոջեր «Շատախոս» Քինթը պատմում է Կայզեր Սուզեի մասին
Քինթը ընդամենը մանր խաբեբա է, ոչ մի առանձնահատուկ բան

Նույն տարում մեկ այլ դետեկտիվային նեոնուար բերեց Սփեյսիին առաջին «Օսկար» մրցանակը։ Ռեժիսոր Բրայան Սինգերի «Սովորական կասկածյալները» (The Usual Suspects, 1995) ֆիլմը հանցագործների անհաջողակ խմբի մասին, թերևս 90-ականների կարևորագույն ֆիլմերից մեկն է։ Քրիստոֆեր Մակքուորիի սքանչելի դրամատուրգիան կինոդիտողին ուղեկցում է Ալիսայի ոչ գծային հրաշքների աշխարհը` անցկացնելով ճագարի խորհրդավոր բույնով, հյուրասիրելով տարօրինակ, գրեթե սյուռեալիստիկ ուտեստներ խելագար գլխարկագործի մոտ, անհետանալով Չեշիրյան կատվի նման` թողնելով միայն խորամանկ ու գիշատիչ ժպիտը, կինոդիտողին անդադար ծուղակը գցելով, խաբելով, սխալ ուղիներով տանելով։ Սինգերը վարպետորեն կառուցում է Մակքուորիի հորինած խաղաթղթե տունը, այդ հիանալի գլուխկոտրուկը, այդ աներևակայելի ինտելեկտուալ խաղը, բարձր կալորիական կոգնիտիվ սնունդը, որպեսզի ֆիլմի վերջում պայթեցնի հանդիսատեսի ուղեղը, ցաք ու ցրիվ անի մտքերը, ստիպի կրկին վերանայել` ամեն անգամ ինչպես առաջին անգամ։ Ամեն անգամ ինչ-որ նոր բան գտնելով մտքի այս անսպառ աղբյուրից։

ՍՓՈՅԼԵՐՆԵՐ. Եթե դեռ չեք նայել ֆիլմը, թողեք ընթերցանությունն ու նայեք

Ու դրա հիմքերի մոտ, ինչպես ահռելի մի վիշապ, Քևին Սփեյսին է։ Նրա մարմնավորած Ռոջեր «Շատախոս» Քինթը իսկական քամելեոն է։ Մակքուորիի գրած ընտիրագույն ռեպլիկներն անցնում են Սփեյսիի կերպարով այնպես, կարծես նա ինքը ամբողջությամբ բաղկացած լինի այդ բառերից, կարծես դրանք պարուրեն ամբողջ կինեմատոգրաֆիկ տարածությունը, Կայզեր Սուզեի լեգենդի նման դուրս գան էկրանից ու նյութական դառնան։ Ու քամելեոն Սփեյսի-Քինթը ֆիլմի ընթացքում աստիճանաբար տեղավորվելու է իր հարսնյակում, ինչպես աննշան մի թրթուր, աստիճանաբար մետամորֆոզի ենթարկվելով, տարրալուծելով իր ներքին օրգանները` դրանցից նոր, հրեշավոր, թունավոր թիթեռ ստանալու համար։ Ու կինոդիտողը կհետևի այդ կախարդական արարածի թռիչքին, ու կմնա սովորական աշխարհի տրիվիալության հետ մեն-մենակ` միաժամանակ ծնկի իջնելով մարդկային մտքի հզորության առջև։ Մտքի, որ ունակ է նման պատմություններ պատմել ու նման պատմություններում խաղալ։

Հե՜յ, Ուա՜յթ։ Ավելի լավ է գործընկերոջդ վզափոկ հագցնես, քանի դեռ ինչ-որ մեկին չի սպանել։

Ջեք Վինսենսի հերթական սրամտությունը
Վինսեսն ամբողջ հասակով

90-ականներին Քևին Սփեյսին իդեալական ընտրություն էր նուարային ֆիլմերում յուրօրինակ կերպարներ մարմնավորելու համար: Հաջորդ կտավը, որում դերասանը փայլեց, Կերտիս Հենսոնի «Լոս Անջելեսի գաղտնիքները» (L. A. Confidential, 1997) դետեկտիվն էր՝ նկարված Ջեյմս Էլրոյի համանուն բեսթսելլերի հիման վրա: Հեղինակները միտումնավոր պահպանել էին նախորդ դարի 50-ականների նուրների էսթետիկան՝ կիսաստվերերի, ջազային երաժշտության, աշխատասենյակը պարուրող ծխի ու խորհրդավոր գեղեցկուհների տեսքով՝ դարավերջին ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նուարը բոլորից էլ ողջ է:

ՍՓՈՅԼԵՐՆԵՐ. Կտանք նույն խորհուրդն, ինչ նախորդ ֆիլմի դեպքում։ Նայեք, նոր կարդացեք

Սրճարանում մասսայական սպանությունը ստիպում է երեք լրիվ տարբեր բնավորություններ ունեցող խուզարկուների սկսել իրենց սեփական հետաքննությունը: Ու ինչպես ցանկացած նուարում, արդյունքում պեսիմիստական աշխարհընկալումը բացահայտում է այն ամբողջ կեղտն ու մեղքերը, որոնք թաքնված են «հրեշտակների քաղաքի» շքեղության ու գլամուրի ներքո:

Սփեյսին մարմնավորում է խուզարկուներից մեկին՝ Ջեք Վինսենսին, ցուցամոլ, ոստիկանների մասին սերիալի համար կոնսուլտացիա անցկացնող, Հոլիվուդյան բոհեմի ներկայացուցիչների զանցանքները լրատվամիջոցների համար ցուցադրական ձերբակալությունների վերածող, կարճ ասած՝ մի շատ հետաքրքիր անձնավորության: Սփեյսին փոխում է ամպլուան, բայց մարմնավորում է իր կերպարին նույն վարպետությամբ ու անձնազոհությամբ: Ֆիլմի ընթացքում Վինսենսը կբացահայտվի լրիվ նոր կողմերից, հմուտ դերասանական խաղի շնորհիվ պարզ կդառնա, որ այն, ինչ առաջին հայացքից է, թաքցնում է շատ ավելի խորը ու ծավալուն կերպարի: Սփեյսին մյուս աստղերի՝ Ռասել Քրոույի ու Գայ Փիրսի ֆոնին (ովքեր մարմնավորում են խուզարկուներ Վենդել Ուայթին ու Էդմունդ Էքսլիին) ոչ միայն չի կորչում, այլև կարողանում է ոչ այնքան մեծ էկրանային ժամանակում խլել այս հրաշալի պատմության ամբողջ խարիզման: Միակ էկրանային կերպարը, ով կարող է ոտք գցել Վինսենսի հետ, Քիմ Բեյսինգերի մարմնավորած խորհրդավոր գեղեցկուհի Լինն Մարգարեթ Բրեյքենն է, որի դերի համար դերասանուհին արժանացավ «Օսկար» մրցանակի:

Դժվար է չարացած մնալ, երբ աշխարհում այսքան գեղեցկություն կա։

Լեսթեր Բերնհեմն ազատվում է կապանքներից
Լեսթերը` ճաղերի հետևում

Սփեյսի դերասանի կարիերայի թագն ու պսակը դարձավ Սեմ Մենդեսի ռեժիսորական դեբյուտը մեծ էկրաններին։ «Ամերիկյան գեղեցկությունը» (American Beauty, 1999) երկրորդ «Օսկարը» բերեց Սփեյսիին, ինչպես նաև արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի ևս հինգ մրցանակի, այդ թվում` գլխավոր անվանակարգում։ Եթե «Սովորական կասկածյալները» 90-ականների կարևորագույն ֆիլմերից մեկն է, ապա «Ամերիկյան գեղեցկությունը» նոր դարին ու հազարամյակին ընդառաջ կարևորագույն կինո իրադարձություններից մեկն է։

Առօրյայում սառած Լեսթերը կենդանանում է

Ամերիկյան միջին խավի մասին սև երգիծանքի էլեմենտներով այս չար ու խայթող դրաման արդեն քառորդ դար է` ակտիվ քննարկվում է հետազոտողների ու կինոգետների կողմից, ու մեկնությունների քանակը բավարար է մի ամբողջ գրադարան լցնելու համար։

Ալան Բոլլի հանճարեղ սցենարի գլխավոր հերոսը միջին տարիքի ճգնաժամ ապրող Լեսթեր Բերնհեմն է։ Վերջինս ատում է իր կյանքը, կենսական ուժերը քամող առօրյան, իր նյութապաշտ կնոջը` Քերոլինին (Անեթ Բենինգ), իր աշխատանքն ու դեպի ծերություն տանող անհեռանկար կենսակերպը։ Սակայն դստեր համադասարանցու` գեղեցկուհի Անջելայի (Մենա Սուվարի) հետ ծանոթությունը փոխում է ամեն ինչ։

Մենդեսի ֆիլմն այնքան հարուստ է ու բազմաշերտ, որ կարելի է միանգամից բազմաթիվ թեմաների շուրջ այն մեկնաբանել։ «Ամերիկյան գեղեցկությունը» մի կողմից պատմություն է գոյության իմաստի որոնման ու այն չգտնելու պայմաններում սեփական իմաստ հորինելու մասին։ Այն ամերիկյան մեծ քաղաքների արվարձաններում բնակվող միջին խավի դատարկ գոյության մասին է, ովքեր, ինչպես Լեսթերը, ապրում են պերմանենտ բանտարկության պայմաններում. լոգախցիկի դրվագը, որտեղ Լեսթերն օնանիզմով է զբաղվում, կամ թվերի սյունակներով համակարգչի էկրանին Լեսթերի արտացոլումը, որում սյունակները, կարծես, ճաղեր լինեն, ակնհայտորեն ցույց են տալիս բանտարկվածության վիճակը։ Քևին Սփեյսին Լեսթերին մարմնավորում է իրեն հատուկ անձնազոհությամբ ու քնքշությամբ, հասկանալով իր հերոսին, լիովին զգալով նրան ու օժտելով իրական զգացմունքներով։ Անջելայի նկատմամբ Լեսթերի սեքսուալ ձգտումը աստիճանաբար ազատելու է նրան իր կենսակերպի կապանքներից, ազատելու է բանտարկությունից, թույլ տալու տեսնել իսկական գեղեցկությունը, որպեսզի աստիճանաբար զուտ սեռական ցանկությունից վերածվի հայրական զգացմունքների, երբ Լեսթերը կավարտի իր մետամորֆոզը։

«Ամերիկյան գեղեցկությունը», ինչպես ասել է մասնագետներից Ուեյն Բութը, «ամերիկյան դժբախտությունների ու չարագործությունների հիմքում ընկած գեղեցկության պատկեր է», ֆիլմ այն մասին, որ գեղեցկությունը կարելի է հայտնաբերել այնտեղ, որտեղ այն գտնել չես սպասում։ Ու Սփեյսիի խաղն այս ֆիլմում այդ տարօրինակ գեղեցկության մարդկային մարմնավորումն է։


🎬 Արման Գասպարյան / PAN