Կինոյի բարի հսկան. Սթիվեն Սփիլբերգի բոլոր ֆիլմերը` վատագույնից լավագույն
Բարի հայացքով, ակնոցներով ու մորուքով այդ ջենթլմենը բոլոր ժամանակների լավագույն հինգ... չէ, բոլոր ժամանակների լավագույն երեք ռեժիսորներից մեկն է։ Երեք տասնամյակ շարունակ` 70-ականներին, 80-ականների ու 90-ականներին նրա կինոն փոխում էր կինեմատոգրաֆի դեմքը, սահմանում խաղի կանոնները։ 2000-ականներին, 2010-ականներին ու 2020-ականներին նա շարունակել է զարմացնել ու հիացնել։
2026-ին սպասում ենք վարպետի նոր ֆիլմին։ Իսկ մինչ այդ PAN-ը վերանայել է Սթիվեն Սփիլբերգի բոլոր 34 ֆիլմերն ու դասավորել` վատագույնից մինչև լավագույն։
34. 1941 (1979)
Զարմանալի է, բայց Երկրորդ աշխարհամարտի թեմայով Սթիվեն Սփիլբերգի առաջին ֆիլմը կատակերգություն է։ Ու ոչ թե սովորական կատակերգություն, այլ իսկական խեղկատակություն, կրկես, մինչև վերջին աստիճանը խելահեղ ու խելագար։ Տպավորություն է, որ մի քանի մեծ կինոյից հետո Սփիլբերգն ուզում էր զվարճանալ։ Հավաքեց ընկերներին` Ռոբերտ Զեմեկիսին, Ջոն Միլիուսին, Բոբ Գեյլին, մի լավ խմեցին ու նկարեցին այս ծայրահեղ հիմար, բայց ծիծաղելի ու հրապուրիչ ֆիլմը, որը սկսվում է` բառացի կրկնելով «Ծնոտների» սկզբի դրվագն ու սրընթաց սլանում այլանդակ գնացքի նման` քարը քարի վրա չթողնելով ամերիկյան պարանոյայից ու սալդաֆոնիզմից։
Միաժամանակ, բնականաբար, ռեժիսուրայի առումով սա շատ վարպետորեն նկարված ու տեխնիկապես բարդ ֆիլմ է. մասսայական տեսարանները ու հատուկ էֆեկտները շատ ուժեղ դպրոց դարձան Սփիլբերգի համար` հետագայում Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերը նկարելու առումով։
33. «Ընդմիշտ» (Always, 1989)
Գուցե եթե այս ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգը չլիներ, հնարավոր կլիներ ասել` սա բավականին հրապուրիչ մելոդրամա է, բայց Սփիլբերգի համար այն չափազանց թույլ է։
Անգամ Օդրի Հեփբերնը չի փրկում։ Անգամ ավիացիայի նկատմամբ Սփիլբերգի սերը, հրաշալի ռեժիսուրան ու տեխնիկական անթերիությունը։ Բացի այդ, մեկ տարի հետո Ջերի Ցուկերը շատ մոտ սյուժեով զգալիորեն ավելի լավ ֆիլմ է նկարել։
32. «Մեծ ու բարի հսկան» (The BFG, 2016)
Տեխնոլոգիական առումով որևիցե խնդիր չկա. սա շատ համոզիչ տեխնոլոգիական ցուցադրություն է։ Բայց մյուս առումներով ամեն ինչ այնքան էլ պայծառ չի։ Անթերի ռեժիսուրայի տակ թաքնված է Ռոալդ Դալի հրաշալի ստեղծագործության բավականին անօգնական էկրանավորում։
Դալի խայթող երգիծանքը ու մռայլությունը փոխարինվել են կիսատության զգացում առաջացնող խիստ մանկական հեքիաթով, որի ասելիքը հակասում է ինքն իրեն։ Եթե Դալի մոտ թագուհուն դիմելը կոնցեպտուալ առումով արդարացված էր, ֆիլմում խնդիրների դեմ ինքնուրույն պայքարելու մասին կարմիր թելը կեսից կտրվում է ու վերածվում անիմաստ կրկեսի։ Բայց պետք է արժանին մատուցել Սփիլբերգին. իմաստային առումով թույլ կինոն զգալիորեն փոխհատուցում է դա գեղարվեստական ու տեխնիկական կատարմամբ։
31. «Ինդիանա Ջոնսն ու բյուրեղապակյա գանգի թագավորությունը», (Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull, 2008)
Լրիվ հասկանալով, որ այն ավելորդ է, որ ցանկացած տիպի համեմատություն օրիգինալ եռագրության հետ ոչ հօգուտ չորրորդ ֆիլմի է, որ Ֆորդը ծերացել է, որ որդու թեման ու ռուս Բլանշեթը քրինջային են, որ... Բայց առկա է ընտիր ռեժիսուրա, հիանալի էֆեկտներ, հնարամիտ ու հագեցած էքշն, ու, ի վերջո, հանդիսատեսը կարոտել էր Ինդիին։
30. «Առաջին խաղացող, պատրա՜ստ» (Ready Player One, 2018)
Երբ կարդում ես Էռնեստ Քլայնի գիրքը, հասկանում ես, որ Oasis-ն այն է, ինչի մասին միշտ երազել ես. մետավերս, որի մասին շատ են խոսում տեխնոլոգիական հսկաները ու որը մինչև հիմա իրականություն չի դարձել։
Սփիլբերգի էկրանավորումը շքեղ վիզուալի ու անդադար գիքային հղումների ներքո թաքցնում է, ցավոք, բավականին դառնահամ միջուկ, ու պատճառը, հավանաբար, այն է, որ մի կողմից ռեժիսորը ոչ թե 80-ականների, այլ ավելի վաղ շրջանի գիք է, մյուս կողմից` գեյմինգից բացարձակ անտեղյակ մարդ։ Այլ կերպ շատ բարդ է բացատրել կերպարների ու տեղի ունեցողի ընդհանուր հիմարությունը։ Սփիլբերգի մոտ, ցավոք, բավականին խելամիտ գրքից ստացվել է շիլաշփոթ, հղումներ հղումների համար ու քիչ համոզիչ պատմություն։
29. «Ամիստադ», (Amistad, 1997)
Այս ֆիլմի խնդիրը նույնն է, ինչ «Ընդմիշտ»-ի դեպքում. այն նկարել է Սթիվեն Սփիլբերգը։ Եթե ուրիշ ռեժիսոր լիներ ղեկին, կարելի կլիներ ասել` բավականին ամուր դատական դրամա է` հիմնված իրական իրադարձությունների վրա։
Բայց Սփիլբերգի համար չափազանց թույլ է։ Այո, լավ դերասանները լավ են խաղում, ռեժիսուրան, ինչպես միշտ, հրաշալի է, բայց ֆիլմը զուրկ է սփիլբերգյան համուհոտից։ Դրան գումարած անտանելի պաթոսը. Սփիլբերգին պաթոսը խորթ չի, բայց ուրիշ ֆիլմերում այն շատ ավելի նուրբ է։ Բացի այդ, կան անգամներ ավելի լավ դատական դրամաներ։
28. «Կորուսյալ աշխարհը. Յուրայի դարաշրջանի այգի» (The Lost World: Jurassic Park, 1997)
Չորս տարի անց Սփիլբերգը ներկայացրեց դինոզավրերի մասին իր լեգենդար ֆիլմի սիքվելը` առաջնորդվելով սիքվելների համար սովորական` նույնից, բայց ավելի շատ բաղադրատոմսով։
Բնականաբար, նույն կերպ զարմացնել ու հիացնել չստացվեց` չնայած աներևակայելի վիզուալ էֆեկտներին, հիանալի ռեժիսուրային ու խարիզմատիկ կերպարներին։ Անգամ տիրանոզավրի հայտնվելը քաղաքում շատ բան չփոխեց, դինոզավրերի բումը արդեն թուլացել էր։ Այդուհանդերձ, այս ֆիլմը մի քանի գլուխ ավելի լավն է հետագայում նկարված ֆիլմերից։
27. «Լրտեսական կամուրջ» (Bridge of Spies, 2015)
Կան շատ ավելի տպավորիչ լրտեսական ֆիլմեր, բայց Սփիլբերգի այս ֆիլմը այնքան լրտեսության մասին չի, որքան անկախ հանգամանքներից սեփական սկզբունքներին հավատարիմ լինելու ու մնալու։ Անկախ նրանից, քեզ կքարկոծեն, թե անգամ կյանքիդ վտանգ կսպառնա, սկզբունքներիդ դավաճանելը ավելի վատ կլինի։
Իրական փաստերի վրա հիմնված ֆիլմ, վարպետորեն բեմադրված ու խաղացված, Սառը պատերազմի մթնոլորտը հիանալի արտահայտող։
26. «Փոստը» (The Post, 2017)
Սթիվեն Սփիլբերգի այս ֆիլմը հիմքում ունի նույն ասելիքն, ինչ «Լրտեսական կամուրջը». կոչմանն ու սկզբունքներին դավաճանելը նույնն է, ինչ ինքդ քեզ դավաճանես։ Անգամ գիլյոտինի տակ գլուխդ դրած` իրավունք չունես։ Հատկապես, եթե կոչումդ լրագրող է, մարդ, ում պարտականությունն է հանրությանը տեղեկացնել ճշմարտության մասին։
Հիմա է, որ լրագրությունը ճնշող մեծամասնությամբ վերածվել է տարբեր կերակրատաշտակներից սնվելու, հիմա է, երբ լրագրողական կոչում արտահայտությունը ծիծաղ է առաջացնում։ Նախկինում գրիչի վարպետները կայսրություններ էին փլուզում։
25. «Տենտենի արկածները» (The Adventures of Tintin, 2011)
Սթիվեն Սփիլբերգը ու Պիտեր Ջեքսոնը սիրում են Էրժեի կոմիքսները Տենտենի մասին։ Ու երկու հզորագույն ռեժիսորների կոլաբորացիան պետք է վերածվեր motion capture տեխնոլոգիայով նկարված մեծ եռագրության, որի մասերը ռեժիսորները հերթով էին նկարելու։ Այս պահին ունենք դեռ միակ ֆիլմը` նկարված Սփիլբերգի կողմից։
Սա հրաշալի տեխնոլոգիական դեմոնստրացիա է, թե նկարահանման տեխնոլոգիաների, թե բուն ֆիլմի առումով։ Բայց դրանից դուրս, չնայած հնարամիտ գեղարվեստական լուծումներին ու տպավորիչ վիզուալին, ֆիլմը առանձնահատուկ ոչնչով չի առանձնանում։
24. «Աշխարհների պատերազմ» (War of the Worlds, 2005)
Հերբերթ Ուելսի վեպի սփիլբերգյան էկրանավորումն արժանի է այն սիրելու։ Ցավոք, սա խիստ թերագնահատված կինո է։ Այլմոլորակայինների հարձակումը` պատկերված հոր ու երկու զավակների աչքերով, չի վերածվում պաթոսախառը ուռա հայրենասիրության, այլ մինչև վերջ հավատարիմ է մնում այն մտքին, որ մարդկությունը ինքն իրենով դժվար թե հաղթեր զավթիչներին, բայց մոլորակն ինքնուրույն նրանց վտարեց։
Մնացածը, թե տեխնիկապես, թե ռեժիսուրայի առումով, հրաշալի է։ Եռոտների արձակած ձայնից մինչև հիմա փշաքաղվում ես։ Դերասանական խաղն էլ բարձունքի վրա է։
23. «Դուել» (Duel, 1971)
Երբ մայրուղու վրա սլացող հսկայական բեռնատար ես տեսնում, միանգամից հիշում ես Սփիլբերգի դեբյուտային լիամետրաժ ֆիլմը։ I Am Legend-ի հեղինակ, հանճարեղ Ռիչարդ Մեթիսոնի պատմվածքը` գրված տեխնոսարսափ ժանրում, ավելի շատ կսազեր Սթիվեն Քինգին, որովհետև վերջինս պաթոլոգիկ վախենում է բեռնատարներից։ Սփիլբերգը հիանալի փոխանցել է պատմվածքի ոգին. սասփենսը, անելանելիության զգացումը, սրընթաց ու ահեղ գիշատչի որսը թույլի նկատմամբ։ Հսկա բեռնատար մեքենաների մեջ ինչ-որ զարհուրելի, դիվային բան կա. ինչ-որ պահի ոչ թե վարորդը, այլ մեքենան է անձնականացվում, վերածվում հսկա երկաթյա վիշապի, ռադիատորի ցանց-երախով, դիմապակի-աչքերով, որոնցից ուղղակի թափվում է զայրույթը, ճզմելու, ոչնչացնելու մոլուցքը։
Այն, որ վարորդին այդպես էլ ցույց չեն տալիս ֆիլմում, ուժեղացնում է այդ անձնականացումը, ինչ-որ պահից մոռանում ես վարորդի մասին ու սկսում նայել հորրոր մարդու ու ինֆերնալ հրեշի պայքարի մասին։
22. «Շուգալենդյան էքսպրեսը» (The Sugarland Express, 1974)
«Դուել»-ի ժամանակ Սփիլբերգը զգացել էր, ինչ հաճույք է ավտոհետապնդումների ու ընդհանրապես ճանապարհի մասին ֆիլմ նկարելը, որովհետև ճանապարհը բազմաթիվ ստեղծագործական հնարքներ հորինելու ու կիրառելու ահռելի հնարավորություն է տալիս։ «Շուգալենդյան էքսպրեսը» տրագիկոմեդիան` հիմնված 1969-ին Տեխասում տեղի ունեցած իրական դեպքի վրա, Սփիլբերգի առաջին մեծ էկրաններ բարձրացած ֆիլմն է ու փայլուն ռեժիսորական տաղանդը ցույց տալու հիանալի հնարավորություն։
Սա շատ տխուր, միաժամանակ շատ ծիծաղելի ռոդ մուվի է` լավ դերասանական խաղով ու սքանչելի ռեժիսուրայով։ 1974-ին այդ քանակի ավտոմեքենաները մոդելավորելու համար համակարգչային գրաֆիկա գոյություն չուներ, ու երիտասարդ ռեժիսորը բառացի ստիպված էր աշխատել հարյուրավոր մեքենաների հետ։
Փոքրիկ ակնարկ. «Դուել»-ից հետո ու մինչև «Շուգալենդյան էքսպրեսը» Սփիլբերգը հեռուստատեսության համար նկարել էր «Ինչ-որ չար բան» (Something Evil, 1972) սարսափ ֆիլմը, որն այնքան վատն էր, որ իմաստ չունի այն հիշատակել։
21. «Մանուշակագույն գույնը» (The Color Purple, 1985)
Սփիլբերգի ֆեմինիստական էպիկը ակտուալ էր նախորդ դարի 80-ականներին, ակտուալ է նաև այսօր։ Երբ Իրանում ծեծում են գլխաշոր չկապելու համար, իսկ Աֆղանստանում երկրաշարժից հետո փրկարարները փլատակների տակից կանանց դուրս չեն բերում, բողոքի ձայն այս կինոն պիտի շարունակի գոռալ։
Սփիլբերգը նկարել է սքանչելի ֆիլմ, որը վերանայելիս բացարձակ չես զգում, որ այն 40 տարեկան է. միայն դերասաններն են ծերացել, բայց կանանց ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտությունը մնացել է նույնը։
20. «Նավապետ Հուկ*» (Hook, 1991)
* Բառացի` «կեռ»
Սփիլբերգը սիրում է աշխատել երեխաների հետ։ Սփիլբերգը կարողանում է աշխատել երեխաների հետ։ Ուրիշ ոչ մի ռեժիսորի մոտ երեխաներն այդքան չեն ինքնարտահայտվում, որպես դերասաններ, որքան Սփիլբերգի մոտ։ Հավանաբար, նրանից է, որ Սփիլբերգն ինքը չի կորցրել մանկական ոգևորությունն ու ոգեշնչումը։
«Նավապետ Հուկը» Փիթեր Փենի մասին Ջեյմս Մեթյու Բարրիի ստեղծագործությունների յուրահատուկ սիքվելն է, ուսումնասիրություն է այն մասին, թե ինչ ենք մենք կորցնում մանկության հետ միասին, ու թե ինչու պետք է որոշ չափով բոլորս էլ երեխա մնանք։ Հրաշալի Դասթին Հոֆմանի, Ռոբին Ուիլյամսի ու Բոբ Հոսքինսի մասնակցությամբ այս մանկական կինոհեքիաթը լավ կլինի նայի յուրաքանչյուր ծնող` հասկանալու համար, ինչպես պահպանել մանկության կրակը մեր երեխաների մեջ։
19. «Տերմինալը» (The Terminal, 2004)
Երբ աշխարհդ փոքրանում է մինչև օդանավակայանի տերմինալի չափ, արդեն քեզանից է կախված` կկարողանա՞ս այն մեծ զգալ, թե՞ կսեղմվես պատերի միջև։
Սփիլբերգի «Տերմինալը» ծուղակում հայտնված, բայց այդ ծուղակը չընդունող մարդու մասին է։ Նկարված, խաղացված ու պատմված մեծագույն վարպետությամբ, առանց ավելորդությունների, մինիմալիստիկ, բայց, ինչպես ասում են` ջիգյարով։
18. «Մարտական նժույգը» (War Horse, 2011)
Սփիլբերգը նկարել է հնաոճ, կարելի է ասել` հոլիվուդյան ոսկեդարի ոճում, սքանչելի դրամա մարդու ու կենդանու անսահման ընկերության մասին, որը, անցնելով Առաջին աշխարհամարտի արհավիրքներով, միայն ամրապնդվում է։
Նժույգի ճամփորդությունը կտոր առ կտոր ցույց է տալիս պատերազմը տարբեր կողմերի ու տարբեր մարդկանց աչքերով, առանց որևիցե կողմ բռնելու. պատերազմը հավասարապես ողբերգություն է բոլորի համար։
17. «Լինքոլն» (Lincoln, 2012)
Սփիլբերգը նկարել է շքեղագույն կենսագրական դրամա Միացյալ Նահանգների պատմության բեկումնային պահի մասին, բայց ֆիլմն իր համամարդկայնությամբ դուրս է ցանկացած լոկացիայից ու խոսում է գլոբալ թեմաներով. ազատություն, խաղաղություն, մարդկայնություն։
Դերասանական կազմն այնքան հագեցած է, որ ամեն քայլափոխին կտեսնես հռչակավոր մեկին։ Կոստյումները, միջավայրը, դեկորացիաները, ամեն ինչ անթերի է։ Բայց գլխավորն, իհարկե, անկրկնելի Դենիել Դեյ Լյուիսի աննկարագրելի դերասանական խաղն է, որի համար նա արժանացավ իր հերթական «Օսկար»-ին։
16. «Բռնի՜ր ինձ, եթե կարող ես» (Catch Me If You Can, 2002)
Հերթական գլուխգործոցը Սփիլբերգից. սրամիտ, սրընթաց, խելացի, հրաշալի հումորով, լավ դերասանական խաղով ու փառահեղ ռեժիսուրայով։
Ֆրենք Էբիգեյլ, կրտսերի կիսակենսագրական գիրքը էկրանին վերածվում է աշխույժ, կլանող ու հագեցած պատման, միաժամանակ ծիծաղելի ու ողբերգական, որից անհնար է կտրվել։
15. «Արհեստական բանականություն» (A.I. Artificial Intelligence, 2001)
Սթենլի Կուբրիկը մի անգամ հարցրել էր. ի՞նչ կլինի, եթե սերը հնարավոր լինի տեղավորել լուցկու տուփի չափ սարքի մեջ։ Կուբրիկին շատ էր հետաքրքրում արհեստական բանականության թեման ու նա ուզում էր էկրանավորել Բրայան Օլդիսի Super-Toys Last All Summer Long պատմվածքը, սակայն չհասցրեց։ Մեծ ռեժիսորի երազանքը որոշեց իրականացնել մեկ այլ մեծ ռեժիսոր` Սթիվեն Սփիլբերգը։
Ինչպես «Փրկել շարքային Ռայանին»-ի դեպքում, այստեղ նույնպես Սփիլբերգը համատեղելու է Կուբրիկի սառը ճշգրիտ ինժեներական մեխանիկությունն իր մարդկայնության հետ։ Ֆիլմն ուսումնասիրում է ոչ միայն արհեստական բանականության, այլև պատասխանատվության, հատկապես` ծնողի պատասխանատվության թեմաները, ուսումնասիրում է դրանք նրբորեն, բայց խորապես։
Սա հրաշալի ֆիլմ է, որը գնալով ավելի ու ավելի ակտուալ է դառնում։
14. «Հատուկ կարծիք» (Minority Report, 2002)
Սփիլբերգի առաջին փորձը կիբերպանկ ժանրում ու առաջին անգամ, երբ գրական սկզբնաղբյուրը Ֆիլիպ Կոնրադ Դիքի ստեղծագործությունն էր։
Ու այսքան տարիների ընթացքում ֆիլմը ոչ վիզուալով, ոչ դինամիկայով, ոչ լարվածությամբ, ոչ փիլիսոփայությամբ բացարձակ չի հնացել ու նայվում է շատ ավելի լավ, քան ժամանակակից բլոկբաստերների ճնշող մեծամասնությունը։
13. «Ֆաբելմանները» (The Fabelmans, 2022)
- Երբ հորիզոնը ներքևում է, դա հետաքրքիր է։ Երբ հորիզոնը վերևում է, դա էլ է հետաքրքիր։ Երբ հորիզոնը մեջտեղում է, այ դա ահավոր ձանձրալի է։ Հասկացա՞ր։
- Դե ուրեմն ռա՜դ եղի իմ աշխատասենյակից։
Սփիլբերգի ինքնակենսագրական ֆիլմում անկրկնելի Դեյվիդ Լինչի կատարմամբ Ջոն Ֆորդը այս արտահայտությամբ ասում է ամեն ինչ. միջակությունը ձանձրալի է, ծայրահեղությունները, անգամ եթե դրանք ռիսկային են, շատ ավելի նախընտրելի են։ Հատկապես, եթե խոսքը գնում է արվեստի, մանավանդ` կինոարվեստի մասին, որի նկատմամբ ջերմ ու նուրբ սիրո կրքոտ խոստովանություն է Հոլիվուդի մեծագույն ռեժիսորներից մեկի նոր ֆիլմը։
Սփիլբերգը, առանց որևիցե բան թաքցնելու, պատմում է իր մանկության ու պատանեկության մասին, փառահեղ Փոլ Դանոյի ու սքանչելի Միշել Ուիլյամսի միջոցով ոչ միայն կառուցում իր ընտանիքում եղած խնդիրները, այլև ձևակերպում գիտության ու արվեստի, պոռթկման ու զսպվածության, վերևի ու ներքևի հորիզոնների միջև բախումը։ Մաէստրոն հասել է իր ստեղծագործական ուղու գագաթնակետին, ասել է այն ամենն, ինչ կարող էր, ու այս ֆիլմով խրատ ու ուղի է ցույց տալիս երիտասարդներին` սեփական փորձի հիման վրա. արվեստը մարդկային մեծագույն դրսևորումն է, այն կարող է մարդուն պատառ-պատառ անել, սակայն այն միշտ արժի իր համար արված զոհաբերություններին։
12. «Վեսթսայդյան պատմություն» (West Side Story, 2021)
Շատերը մյուզիքլի սիրահար չեն, ավելին` նայելը, թե ինչպես են ֆիլմի ընթացքում հանկարծ սկսում երգել ու պարել, կարող է ֆիզիկապես անտանելի լինել։ Բայց անգամ այդ դեպքում Սփիլբերգի ֆիլմն անհրաժեշտ է դիտել։
Օրիգինալ «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլը շեքսպիրյան հռչակավոր ողբերգության լեմանյան/լորենցյան/բերնշթայնյան ինտերպրետացիան էր։ Սթիվեն Սփիլբերգը նկարել է 1961թ-ի ֆիլմի ռեմեյքը (կամ մյուզիքլի նոր էկրանավորումը) ու ճիշտ է արել, որովհետև անցած ավելի քան 60 տարիների ընթացքում նախորդ ֆիլմը շատ է հնացել ու թարմ հայացքն անհրաժեշտություն էր։ Սփիլբերգյան ռեմեյքը ոչնչով չի զիջում, իսկ հաճախ նաև գերազանցում է օրիգինալին։ «Մերոնց» ու «նրանց» դասական ողբերգական պատմություն սիրո մասին` հրաշալի խորեոգրաֆիկ լուծումներով, դերասանական խաղով ու ռեժիսուրայով։ Էմոցիոնալ առումով, հավանաբար, ազդեցությունը նույնն է, ինչ եղել է 1961թ-ին կինոթատրոն այցելողների համար։
11. «Մյունխեն» (Munich, 2005)
Սփիլբերգի ֆիլմը մարգարեական էր հատկապես հիմա տեղի ունեցողի կոնտեքստում։ Բռնությանը բռնությամբ պատասխանելուց հետո վտանգ կա կորցնելու ամեն մարդկայինը, երբ պատասխանը դուրս է գալիս վերահսկողությունից։
Սքանչելի ֆիլմ, որում կատարյալ է բացարձակապես ամեն ինչ. թե դերասանական խաղը, թե ռեժիսուրան, թե գեղարվեստական լուծումները։
Լավագույն տասնյակը
10. «Ինդիանա Ջոնսն ու ճակատագրի տաճարը» (Indiana Jones and the Temple of Doom, 1984)
Ինդիանա Ջոնսի մասին առաջին ֆիլմի աներևակայելի հաջողությունից հետո սիքվելը էլ ավելի մասշտաբային է ու էլ ավելի խելահեղ։ Բացի այդ, սիքվելը ավելի մռայլ է ու դաժան` սիրտը հանելու տեսարանը շատերի մանկական տրավմաներից էր։
Բայց ընթրիքի տեսարանը, ու հատկապես վագոնետկաներով մրցավազքը ադրենալինի այնպիսի դոզա է տալիս, որ 40+ ամյա մորուքավոր ձյաձյաները մինչև հիմա ոգևորությունից գոռում են։
9. «Ինդիանա Ջոնսն ու խաչակրաց վերջին արշավանքը» (Indiana Jones and the Last Crusade, 1989)
Հռչակավոր հնագետ Հենրի Ջոնս, կրտսերի մասին կինոշարքի երրորդ մասում արկածային կինո ասվածը հասցված է կատարելության. յուրաքանչյուր հետապնդում, յուրաքանչյուր կրակոց, յուրաքանչյուր մարտական տեսարան ճշգրիտ հաշվարկված է ու աշխատում է։ Կերպարների խարիզման հասնում է գագաթնակետին, երբ Հարիսոն Ֆորդի հետ սկսում է մրցակցել մեծն Շոն Քոներին։
Սփիլբերգը նկարել է էտալոնային արկածային կինո, որի չափաձողը հետագայում ոչ ոք, այդ թվում` Սփիլբերգն անձամբ, չի կարողանա գերազանցել։
8. «Երրորդ աստիճանի սերտ շփումներ» (Close Encounters of the Third Kind, 1977)
Ժամանակակից հանդիսատեսի համար Սփիլբերգի այս էպիկը կարող է ձանձրալի թվալ, բայց սա լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերից մեկն է ընդհանրապես։ Ու առաջին անգամ, երբ այլմոլորակայինների հետ կոնտակտի մասին գիտական ֆանտաստիկան դուրս եկավ էքսպլուատացիոն ենթաժանրի սահմաններից ու սկսեց խաղալ լուրջ լիգայում։
Նաև, առաջին անգամ, երբ կոնտակտը պատկերված է ոչ թե արյունահեղության, պատերազմի կամ մարդակեր հրեշների, այլ քաղաքակրթությունների շփման տեսքով. հետագայում դա կասկածի կենթարկեն բազմաթիվ անգամներ (Ռոլանդ Էմմերիխի «Անկախության օրը» (Independence Day, 1996) ընդհանրապես ամեն քայլափոխին հղումներ կանի այս ֆիլմին), անգամ ինքը` Սփիլբերգը։ Բայց լավատեսությունը, մանավանդ նման անթերի ռեժիսուրայով գեղեցիկ ֆիլմի տեսքով, անհրաժեշտ էր 70-ականների վերջին, անհրաժեշտ է մնում նաև այսօր։
7. «Արևի կայսրություն» (Empire of the Sun, 1987)
Պատերազմի զարհուրանքը` երեխայի աչքերով. «Արևի կայսրությունը» պատերազմի մասին լավագույն ֆիլմերից մեկն է։ Ընդ որում, պատերազմի, որն ավելի շատ մարդկանց ներսում է, քան մոլեգնում է դրսում։
Պատերազմի` առանց կողմերի, առանց անտեսանելի թշնամու, մեկը` բոլորի համար։ Քրիստիան Բեյլի լավագույն դերը, աներևակայելի ուժգնության կինոկտավ։
6. «Կորուսյալ տապանը որոնելիս» (Raiders of the Lost Ark, 1981)
Սփիլբերգը արկածային կինոն բարձրացրեց լրիվ նոր մակարդակի։
Ծայրահեղ խարիզմատիկ գլխավոր հերոս, տպավորիչ արկածներ, սքանչելի ռեժիսուրա, աներևակայելի հատուկ էֆեկտներ. 44 տարի շարունակ այս ֆիլմը ստիպում է 40+ տարեկան մորուքավոր ձյաձյաների ճչալ 12 տարեկան աղջնակի նման։
Լավագույն հնգյակը
5. «Յուրայի դարաշրջանի այգի» (Jurassic Park, 1993)
Ֆիլմ, որը ցնցեց կինոաշխարհը։ Ֆիլմ, որը ստիպեց միլիոնավոր մարդկանց կրքոտ սիրահարվել հնագույն կենդանիներին։
Սփիլբերգը նկարել է ֆիլմ-լեգենդ, որը մինչև հիմա գրգռում է երևակայությունը, մինչև հիմա ոգևորում է ու չնայած անթիվ սիքվելներին, մնում է անգերազանցելի։
4. «Ծնոտներ» (Jaws, 1975)
Թյուր կարծիք կա, թե ամառային բլոկբաստերները սկսվել են 1977-ին` «Աստղային պատերազմներից» (Star Wars)։ Սակայն իրականում դա տեղի է ունեցել Ջորջ Լուկասի մեծ սագայից երկու տարի առաջ, երբ երիտասարդ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, օգտագործելով գիշատիչ կենդանիների նկատմամբ մեր բնական վախը, ցույց տվեց, որ կինոն, արվեստ լինելու հետ մեկտեղ, կարող է լինել նաև զվարճանք ու աշխատել ահռելի գումարներ։
Մինչ այդ ստուդիաները աշխատում էին բազմաթիվ ֆիլմերից եկող գումարների մուլտիպլիկատիվ էֆեկտից եկամուտ քաղելով, բայց հսկա մարդակեր շնաձկան պատմությունը ցույց տվեց, որ ճիշտ նշանակետին խփող մեկ ֆիլմն էլ բավարար է։ Անցած 50 տարիների ընթացքում ֆիլմը ոչ մի վայրկյանով չի հնացել, չի կորցրել իր սասփենսը ու հմայքը։ Իսկ «Ինդիանապոլիս» նավի մասին Քվինթի մենախոսությունը, որը չկա Պիտեր Բենչլիի վեպում ու որը գրել է հանճարեղ Ջոն Միլիուսը, հավերժ մեխվում է հիշողության մեջ։
Լավագույն եռյակը
3. «Այլմոլորակայինը» (E.T. the Extra-Terrestrial, 1982)
Հավերժական կլասիկա։ Այսպես կարելի է անվանել Սփիլբերգի ֆիլմերի զգալի մասը, բայց փոքրիկ տղայի ու այլմոլորակայինի ընկերության մասին ֆիլմը մի առանձին տեղ ունի համաշխարհային կինոյում, այնքան առանձին, որ ամերիկյան կինեմատոգրաֆի դեմքերից մեկն է դարձել։
Ֆիլմ, որը վարձույթում հաղթեց անհաղթելի թվացող «Աստղային պատերազմներին», ստացավ չորս «Օսկար» մրցանակ, իր մեջ է կրում բարձր կինոյի, ընտանեկան կինոյի ու բլոկբաստերի այնպիսի կատարյալ համադրություն, որ հիմա էլ, ցանկացած պահի, կարող ես միացնել ու ապրել լրիվ նույն էմոցիաները։ Իսկ էմոցիաները, հավատացեք, շատ ուժեղ են։
2. «Փրկել շարքային Ռայանին» (Saving Private Ryan, 1998)
Աշխարհի ամենամեծ անարդարությունը գիտե՞ք որն է։ Երբ 1998թ-ին գլխավոր «Օսկար»-ին արժանացավ ոչ թե այս գլուխգործոցը, այլ «Սիրահարված Շեքսպիրը» (Shakespeare in Love, 1998)։ Ոչ մի կինոսիրող երբեք դա չի ների Ամերիկյան Կինոակադեմիային։
Սա Սփիլբերգի երկրորդ լավագույն ֆիլմն է ու լավագույն պատերազմական ֆիլմերից մեկը։ Ծայրահեղ ոգեշնչված Սթենլի Կուբրիկի հանճարեղ «Ամբողջապես մետաղական թաղանթով» (Full Metal Jacket, 1987), դրա ռեալիզմից, Սփիլբերգը համադրում է կուբրիկյան սառը արձանագրումը սեփական մարդկայնության հետ` ստեղծելով աներևակայելի ուժգնության կինոկտավ, որը հետագայում թե ոճային, թե ռեժիսորական լուծումների առումով հիմք կդառնա բոլոր ժամանակների լավագույն սերիալներից մեկի` «Մարտական եղբայրության» (Band of Brothers, 2001) համար։
1. «Շինդլերի ցուցակը» (Schindler's List (1993)
Սթիվեն Սփիլբերգի լավագույն ֆիլմը։ Ընդհանրապես, երբևիցե նկարված լավագույն ֆիլմերից մեկը։