Կարդալիքներ PAN-ից
July 9

Կեղծ ոստիկանները, միլիոնավոր դոլարներն ու գողացված 13 կտավը. Գարդների թանգարանի չբացահայտված կողոպուտը

1990 թվականի մարտի 18-ի գիշերը Բոստոնը տոնում էր Սուրբ Պատրիկի օրը։ Քաղաքի բնակիչներն ուրախանում էին բարերում ու փողոցներում, երբ Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում երկու երիտասարդ պահակ ձանձրանում էին իրենց հերթափոխի ժամանակ։ Նրանք երկուսն էլ մոտ 20 տարեկան էին, և այս աշխատանքը նրանց համար զուտ ժամանակավոր վաստակ էր։ Անվտանգության ոլորտում որևէ պատրաստություն չունեին՝ պարզապես հերթով շրջում էին թանգարանի դատարկ սրահներում։

Գիշերվա ժամը մեկն անց կեսին թանգարանի կողային մուտքին մոտեցան երկու տղամարդ՝ ոստիկանական համազգեստով։ Նրանք ասացին, որ եկել են անկարգությունների մասին ահազանգի հետքերով, և խնդրեցին իրենց ներս թողնել՝ «մի քանի հարց տալու համար»։ Պահակներից մեկը, խախտելով անվտանգության կանոնները, բացեց դուռը։

Երբ «ոստիկանները» ներս մտան, պահակներին խնդրեցին անմիջապես հեռանալ անվտանգության վահանակից։ Հետո հանկարծ հայտարարեցին, որ նրանք ձերբակալված են։ Պահակներից մեկը հետո հիշում էր՝

«Մենք բերաններս բաց արած կանգնած էինք, իսկ այդ ոստիկան կոչվածները մեր ձեռքերին ձեռնաշղթա էին հագցնում։ Եվ միայն դրանից հետո տղամարդկանցից մեկն ասաց՝ «Սա կողոպուտ է»։»

Հանցագործները պահակներին փաթաթեցին կպչուն ժապավենով, բաց թողեցին միայն բերանն ու քիթը, և փակեցին նկուղում։ Այնուհետև սկսվեց արվեստի պատմության մեջ ամենախոշոր կողոպուտը։

Որպեսզի պատկերացնենք այս կողոպուտի ամբողջ ողբերգությունը, պետք է նախ ծանոթանանք հենց թանգարանի և դրա հիմնադրի՝ Իզաբելլա Ստյուարտ Գարդների պատմությանը։

Իզաբելլա Ստյուարտը ծնվել է 1840 թվականին Նյու Յորքում, հարուստ ընտանիքում։ 1860-ին նա ամուսնացել է բոստոնցի գործարար Ջոն Լոուել Գարդների հետ և տեղափոխվել Բոստոն։ Զույգը սիրում էր ճանապարհորդել, հատկապես Եվրոպա, որտեղ Իզաբելլան հիանում էր Վենետիկի պալատներով և Իտալիայի արվեստով։

1892 թվականին, երբ հոր մահից հետո Իզաբելլան հսկայական գումար ժառանգեց, նա լրջորեն սկսեց զբաղվել արվեստի գործերի հավաքածու ունենալու իր երազանքով։ Նրա առաջին խոշոր ձեռքբերումը Փարիզի աճուրդում Յան Վերմեերի «Համերգը» կտավն էր։ Սրան հաջորդեցին այլ մեծանուն նկարիչների կտացներ ևս։ Արվեստաբան Բերնարդ Բերենսոնի օգնությամբ նա դարձավ առաջին ամերիկացին, որը Սանդրո Բոտիչելլիի վրձնին պատկանող աշխատանք ձեռք բերեց։ Ընդհանուր առմամբ Բերենսոնի խորհրդով Գարդները ձեռք բերեց շուրջ 70 արվեստի գործ։

1898-ին, ամուսնու մահից հետո, Իզաբելլան որոշեց իրականացնել իրենց երկուսի երազանքը՝ համատեղ հավաքածուի համար ստեղծել թանգարան։ Նա Բոստոնի Fenway ճահճոտ շրջանում հողատարածք գնեց, սկսեց աշխատել լավագույն ճարտարապետներից մեկի հետ և պատվիրեց կառուցել 15-րդ դարի վենետիկյան պալատների նմանությամբ մի շենք։

Գարդները խորապես ներգրավված էր նախագծման գործընթացում։ Շենքի կառուցումից հետո նա մի ամբողջ տարի նվիրեց հավաքածուի տեղադրմանը։ Թանգարանը բացվեց 1903 թվականի հունվարի 1-ին՝ Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարումների ուղեկցությամբ։

Իր կտակում Իզաբելլան խիստ պայմաններ դրեց. Թանգարանի ցուցադրությունը չպետք է փոխվեր, աշխատանքները չէին կարող վաճառվել, նվիրաբերվել կամ տեղափոխվել, նոր գործեր ևս չէին կարող ավելացվել հավաքածուին։ Այս պայմանը դարձավ ճակատագրական հատկապես 1990-ի գողությունից հետո։

Վերադառնանք 1990-ի մարտի 18-ի գիշերվան։ Թանգարանի սրահներում տեսախցիկներ չկային՝ միայն շարժը ֆիքսող սարքեր, որոնք արձանագրել էին գողերի երթուղին։ Համաձայն այս սարքերի՝ ոստիկան ձևացած հանցագործները նախ բարձրացել են երկրորդ հարկ՝ «Նիդեռլանդական սրահ», որտեղ շրջանակներից անշտապ հանել են Ռեմբրանտի, Ֆլինկի, Վերմեերի և այլ նկարիչների թանկարժեք կտավները։

Գողերից մեկը մի քանի րոպե ծախսել է հին չինական ծիսական բրոնզե գավաթը հանելու վրա, մինչ մյուսը հարևան սենյակից վերցրել է Դեգայի էսքիզները և կտավները։ Նրանք նույնիսկ փորձել են վերցնել Նապոլեոնի կայսերական գվարդիայի դրոշը, բայց այն ամուր ամրացված էր պատին, ուստի բավարարվել են դրոշակաձողի ծայրի 25 սանտիմետրանոց բրոնզե արծվով։

Ամենատարօրինակը Մանեի «Տորտոնիի մոտ» կտավի անհետացումն էր։ Շարժը ֆիքսող սարքերի տվյալներով՝ գողերը չէին մտել այն սրահը, որտեղ կախված էր այս կտավը։ Վերջին անգամ այնտեղ եղել էր պահակներից մեկը՝ Ռիկ Էբոտը, իր հերթական շրջայցի ժամանակ։

Գողերը թանգարանում անցկացրել են 81 րոպե, մոտ մեկուկես ժամ։ Գործել են առանց խուճախի, անշտապ, անգամ ժամանակ են ունեցել մեկ անգամ ևս ստուգել նկուղում կապկպված պահակներին և անվտանգության բաժնի պետի սենյակից վերցնել մուտքի տեսախցիկների ձայնագրությունները։ Գիշերը ժամը 2:45 հանցագործները հեռացել են՝ արվեստի գործերով լի մեքենայով։

Այդ ճակատագրական գիշերը հանցագործները գողացել են 13 արվեստի գործ, որոնց ընդհանուր արժեքն այսօր գնահատվում է 500 միլիոն դոլար։ Ամենաթանկարժեքը Յան Վերմեերի «Համերգն» էր (1658-1660)՝ գնահատվել է ավելի քան 250 միլիոն դոլար։ Հոլանդացի վարպետի կտավների քանակը չափազանց սահմանափակ է, և դրանցից յուրաքանչյուրն իրապես անգին է։ Գողացված կտավների թվում են նաև Ռեմբրանտի երեք աշխատանք, այդ թվում՝ նրա միակ ծովանկարը։ Էդգար Դեգայի կտավներից «ոստիկան» հանցագործները իրենց հետ տարան հինգ գործ։ Էդուարդ Մանեից՝  «Տորտոնիի մոտ» կտավը։

Իրավիճակը շոկային, ցավալի ու անգամ ողբերգական էր։ Բայց սա դեռ ամենը չէր։ Իզաբելլա Գարդների կտակի պայմանները թանգարանի ղեկավարությանն անհարմար վիճակում դրեցին։ Ցուցադրությունը չէր կարող փոխվել, հետևաբար նրանք չէին կարող պարզապես հանել գողացված նկարների շրջանակները։ Այսպես ծնվեց բացառիկ ու խորհրդանշական մի որոշում՝ դատարկ շրջանակները թողնել իրենց տեղերում։

Այսօր այդ դատարկ շրջանակները դարձել են թանգարանի եզակի առանձնահատկություններից մեկը։ Մարդիկ այցելում են, որպեսզի տեսնեն «կորած արվեստի գործերի ցուցահանդեսը»։

Վերադառնալով հանցագործության օր ու վայր։ Առավոտյան ժամը 8:15-ին ոստիկանությունը ժամանում է թանգարան։ Ահա այսպես սկսվում է քննություն, որը դառնալու էր ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար և ամենաբարդ արվեստի կողոպուտի հետաքննություններից մեկը։ Իսկ, որ ամենակարևորն է՝ դեռևս չբացահայտված։

Հենց սկզբից քննիչները բախվում են ֆիզիկական ապացույցների գրեթե լիակատար բացակայության հետ։ Նրանք ստուգում էին մատնահետքերը, կոշիկի հետքերը, մազերը, ԴՆԹ թեստեր էին անցկացնում, բայց չէին կարողանում որոշել, թե հետքերից որն էին թողել հենց հանցագործները, և որը՝ թանգարանի աշխատակիցները կամ այցելուները։

Առաջին կասկածներն ընկան Ռիկ Էբոտի վրա՝ այն պահակի, որը բացել էր դուռը «ոստիկաններին»։ Քննությունը բացահայտեց մի քանի տարօրինակ հանգամանքներ։ Նախ, նա խախտել էր ոչ միայն անվտանգության կանոնները՝ բացելով դուռը անծանոթներին, այլև հերթական շրջայցի ժամանակ անհասկանալի պատճառով բացել, ապա փակել էր թանգարանի մուտքի դռներից մեկը։ Նաև ավելի վաղ նա անջատել էր անսպասելիորեն միացած հրդեհային ազդանշանը՝ ասելով, որ առավոտյան վարպետ կկանչի։  Բայց ամենակասկածելին այն էր, որ շարժումը ֆիքսող սարքերի տվյալներով՝ այն սրահը, որտեղից գողացվել էր Մանեի նկարը, հանցագործները չէին մտել։ Վերջինը, ով եղել էր այդ սրահում, Էբոտն էր։ Բայց Էբոտը հաջողությամբ անցնում է ստի դետեկտորի ստուգումը։ 35 տարվա ընթացքում նրա դեմ երբեք պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։

Գրեթե բոլոր տարբերակներում, որոնք առաջադրվել են երկար տարիների քննության ընթացքում, կա մեկ ընդհանուր կետ՝ հանցագործության գերազանց կազմակերպումը կապվում է բոստոնյան հանցավոր աշխարհի ներկայացուցիչների մասնակցության հետ։

Հարցերը շատ էին, պատասխաններ գրեթե չկային։ Ի՞նչ վստահությամբ գողերը թանգարանում մնացին ուղիղ 81 րոպե, երբ նման կողոպուտները սովորաբար 5-10 րոպե են տևում։ Ինչո՞ւ չգողացան թանգարանի ամենաարժեքավոր կտավները։ Ու ամենակարևորը՝ որտե՞ղ են կտավները։

Այս տարիների ընթացքում թե հետաքննությունների դաշնային բյուրոն, թե Գարդների թանգարանն աննախադեպ պարգևավճարներ են խոստացել տեղեկություն փոխանցողներին։ Իհարկե, սա նպաստել է նրան, որ բազմաթիվ կեղծ ահազանգեր, նամակներ ու այսպես կոչված «ապացույցներ» ի հայտ գան, բայց արդյունքում 35 տարվա ընթացքում որևէ կտավ չի հայտնաբերվել։  Ի դեպ, գործ քննությանը պաշտոնապես ու հատկապես ոչ պաշտոնապես միացել են ոչ միայն պետական մարմիններն, այլև բազմաթիվ մասնավոր հետաքննիչներ՝ իրական կամ ինքնակոչ։ Հետաքննությունների ընթացքում հայտնվեցին բազմաթիվ անհեթեթ պնդումներ։ Բայց բոլոր դեպքերում բացակայում էր ամենակարևորը՝ հստակություն։ Ասում էին՝ «հնարավոր է», «կան հավաստի աղբյուրներ», «իմ ընկերը տեսել է», բայց ստուգ հասցե, ստույգ անուն, ստույգ կտավ այդպես էլ չէր գտնվում։

2013-ին թվում էր, թե գլուխկոտրուկը լուծված է: Հայտարարվեց, որ գողերը մտնում են Նոր Անգլիայի և ԱՄՆ միջինատլանտյան նահանգներում գործող հանցախմբի կազմի մեջ: Բյուրոյի տվյալներով՝  կողոպուտից անմիջապես հետո կտավները դուրս էին բերվել Փենսիլվանիա և Կոնեկտիկուտ նահանգներ ու տարիներ անց վաճառվել։ Հետո ի հայտ եկան այս վարկածը կասկածի տակ դնող այլ հանգամանքներ ու պնդումներ ևս։ Արդյունքում մինչև օրս արվեստի գործերի ամենաառեղծվածային կողոպուտը բացահայտված չէ։

Արդեն երեքուկես տասնամյակ է, ինչ Գարդների թանգարանի սրահներում դատարկ շրջանակները մնում են իրենց տեղերում։ Ոչ ոք չի փոխել դրանց դիրքը, ոչ ոք չի հանել դրանք։ Սա ո՛չ քմահաճ լուծում է, ո՛չ էլ դրամատիկ ժեստ։ Գարդների կտակի պահանջն է և միաժամանակ՝ հիշեցում ու ապագայի հույս տվող սիմվոլ։


✍️ Նանե Մանուկյան / PAN