#մշակութաPAN
April 4, 2023

Ինչու է դքսուհին անճոռնի, երեխայի մայրն էլ՝ մորուքով․ Ոսկրերի հիվանդությունից մինչև գրոտեսկ և ինքնության համարձակ արտահայտում

Արվեստը հասկանալուց զատ այն ճանաչել կարող ենք նաև զգացողական մակարդակում․ հավանաբար, հենց այդ դեպքերում կտավին նայելիս կասենք՝ «Wow, ինչո՞ւ»։

Եվ իրոք՝ ինչո՞ւ․ PAN-ն այսօր նայել է առաջին հայացքից տարօրինակ թվացող ու այդպիսին երևացող երկու կտավի ու փորձել հասկանալ՝ ինչու է մորուքավորը կրծքով երեխա կերակրում ու մի դքսուհի այդքան «անճոռնի» երևում։

Արվեստի պատմության մեջ, իհարկե, մեր անզեն աչքի համար շատ բան կարող է ոչ սովորական ու աչքը ծակող թվալ, բայց դա ակնհայտորեն չի նշանակում, որ այն կտավներում գոյության տեղ և իրավունք չունի․ գեղեցկության Վերածննդի իդեալների կողքին նկարիչները համարձակություն, քաջություն ու պարզապես ցանկություն են ունեցել մի փոքր շեղվելու «կարգից»՝ տեղ տալով նաև կանացի իդեալականացված մարմիններից դուրս գտնվող բնություններին, հենց դրանով ընդգծելով նաև գեղեցիկի մեծությունը, մարդկայինի անսահմանությունն ու սովորական, բայցև անսովոր լինելու ձևը։

ՄԻ «ԱՆՃՈՌՆԻ ԴՔՍՈՒՀԻ», ՆՐԱՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՈՍԿՐԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

Գեղեցկությունն ինքնին հարաբերական հատկանիշ է, բայց ֆլամանդացի նկարիչ Քվինտեն Մասեյսը ջանք ու եռանդ չի խնայել, որ կտավում պահպանված դքսուհիներից մեկին «Անճոռնի դքսուհի» անունը տրվի։

Քվինտեն Մասեյս, «Անճոռնի դքսուհին», 1513 թ., Լոնդոնի Ազգային պատկերասրահ
Ու մինչ դքսուհուն անցնելը՝ հեղինակի մասին կարճ․ Քվինտեն Մասեյսը նիդերլանդական կերպարվեստի դպրոցի հիմնադիրներից է, ծննդյան հստակ թիվը հայտնի չէ, նկարիչը, հավանաբար, ծնվել է 1466-ի, մահացել Անտվերպենում՝ 1530-ին։ Տվյալներ կան, որ նկարիչը լավ ծանոթ է եղել Վերածննդի շրջանի իտալացի վարպետ Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) արվեստին ու տեխնիկային։

Նկարչի ժառանգությունը մեծամասամբ դիմանկարներ են ու ժանրային կտավներ՝ ներառյալ կրոնական թեմաները․ վերջիններն ազդված են ինչպես Հյուսիսային, այնպես էլ իտալական Վերածննդից։

Փոքր-ինչ բաց ու մեծամասամբ ծերացած կրծքով, բայց դեռ երիտասարդ ու գեղեցիկ երևալ ցանկացող այս կնոջ կերպարը դարերով ընկալվել ու մեկնաբանվել է որպես սատիրիկ, հեգնական ու գրոտեսկային։ Տիկնոջ ձեռքի կոկոն վարդն ու արդուզարդը հակադրվելով տարիքին ու կնճիռներին՝ տալիս են նրան ոչ թե ազնվական դիցուհու մարմնեղ և «ապրած» կերպարի տեսք, այլ՝ վերը հնչեցրած հարցը՝ «Wow, բայց ինչո՞ւ»։

«Անճոռնի դքսուհին», ասում են, հնարավոր է՝ ոգեշնչված է ժամանակի մեծ մտածողներից մեկի՝ Էրազմ Ռոտերդամցու Praise of Folly (1511) գործից (ի դեպ, նկարիչը նաև Ռոտերդամցու դիմանկարն է հեղինակել 1517-ին)։

Այն Վերածննդի շրջանի զարգացող մշակույթի մասին սատիրիկ շարադրանք էր՝ Folly անունով կնոջ տեսանկյունից։ Folly-ն Ռոտերդամցու մոտ խոսում էր կրոնի, ամուսնության, հասարակական այլ հարաբերությունների մասին և անում դա ծաղրանքով՝ մատնանշելով ծիծաղելի և կեղծ բարքերը։

Մեկ ուրիշ ու լայնորեն տարածված վարկածի համաձայն՝ այս տիկնոջ կերպարը «փոխառնված» է Լեոնարդո դա Վինչիի երգիծական դիմանկարների շարքը համալրած գործերից մեկից։ 2008-ին, սակայն, այս վարկածը համադրողները կասկածի տակ դրեցին՝ ասելով, թե Մասեյսը Դա Վինչիի գործը չի կրկնօրինակել և որ պատկերում իրական կերպար է:

Դա Վինչիի նկարած գրոտեսկային գլուխը։ Այժմ համարվում է, թե այս գլուխը Դա Վինչիի կամ առնվազն նրա հետևորդների կողմից պատճենվել է հենց Մասեյնսի կտավից:

Մասեյսի նկարած կինը հագնված է 15-րդ դարի ոճով՝ կորսետով ու կոտոշանման գլխակապով (Escoffion)՝ ծերացած ճակատը լավ բաց, երկու կողմից երևացող մազափնջով ու գրեթե չերևացող հոնք ու շրթունքով։ Այստեղ ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն կոկոն-վարդին, որն այս հակադրության մեջ ընկալվում ու մեկնաբանվում է որպես կտավին սեքսուալ ենթատեքստ տվող դետալ։

Ընդհանրապես, նկարի հավանական ոգեշնչումները գտնելու մասին խոսակցություններին ու կասկածներին զուգահեռ՝ կա նաև վարկած, թե սա իրականում ապրած մի կնոջ պատկեր է՝ Մարգրեթ Մուլտաշ (Margaret Maultasch) անունով։ Համաձայն վարկածի՝ տիկնոջն իր ժամանակի գեղեցկության ստանդարտներով չպատկերելու պատճառը ոսկրերի հիվանդությունն էր (Paget), որը կարող էր նպաստել արտաքին տեսքի փոփոխություններին։ Սա մնում է «Անճոռնի դքսուհու» ստեղծման հավանական վարկած, որի կողքին, սակայն, միշտ դրվելու է մեկ այլ հիշեցնում․ ասում են՝ Մուլտաշը մահացել էր կտավի ստեղծումից մեկ դար առաջ։

Բրիտանացի բժիշկները գործի բերումով հետաքրքրվել են Լոնդոնի Ազգային պատկերասրահի ամենահայտնի գործերից հենց այս մեկով՝ հաշվի առնելով տիկնոջ հավանական հիվանդության դիագնոզը։ Նրանք կասկածելի են համարում վարկածը, թե նկարիչը կարող էր այսքան ջանք դնել պարզապես գրոտեսկային կտավ ստեղծելու համար ու առաջարկում մտածել՝ սա ավելին է, քան ծաղր։ Կտավի միջոցով բժիշկները դիտարկել են Պաջեթի հիվանդության ախտանիշներն ու չեն բացառում, որ տիկինն իրապես բարձր խավից մի դքսուհի է՝ համապատասխան հիվանդությամբ։

Դետալ՝ «Անճոռնի դքսուհին» դիմանկարից

Այս կտավի գունային սխեման արվեստաբանների վերլուծություններում «ներդաշնակ» են անվանում՝ վկայակոչելով նաև մեր աչքի տեսածը․ հիմնականում օգտագործել են կապույտ, սպիտակ, կանաչ, շագանակագույն, ավելացրել կարմիր ու ոսկեգուն բծեր։

Խոսելով «Անճոռնի դքսուհու» տեխնիկական կողմերից․ այս կտավի ժամանակ Մասեյսը Sgraffito տեխնիկան է կիրառել, ինչը ենթադրում է, որ նկարիչը նախ վրձնել, ապա քերծել է որոշ հատվածներ՝ այդպես ստեղծելով, օրինակ, տիկնոջ աջը։

Sgraffito տեխնիկայի կիրառումը «Անճոռնի դքսուհին» կտավում

Վերածննդի շրջանի արվեստի առաջատար մասնագետ Էմմա Քափրոնը (Emma Capron) 2023-ին այս ոչ սովորական տիկնոջ մասին անսովոր պնդում արեց՝ նա ամենևին էլ կին չէ։

Մասնագետը պնդում է, թե «Անճոռնի դքսուհին» կառնավալի մասնակցող տղամարդու կերպար է, «գենդերային մի խաղ» և շատ սովորական դեպք՝ Հյուսիսային Եվրոպայի համար։ Հետազոտողը հակադրվում է նաև ոսկրային հիվանդության մասին վարկածին՝ կրկին հղում անելով երգիծանքի ենթատեքստին ու հավատալով, որ այն ոգեշնչված է նաև Դա Վինչիից։

Հեղինակի «Անճոռնի դքսուհին» և «Ծերունին» կտավները, որոնք համադրում են՝ հակադրելով։ Ասում են՝ կինն իր վարդով սիրավեպի ակնարկ է անում, տղամարդն իր ժեստով՝ մերժում:

Անճոռնի դքսուհու այս կերպարը եղել է ոգեշնչում «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի նկարազարդված կերպարներից մեկի համար. տարիներ շարունակ մասնագետները պնդում են՝ սա գուցե գեղեցկության ստանդարտներից իր ժամանակին շեղված, բաց գեղեցիկ կտավ է։

Ի դեպ, Լոնդոնի Ազգային պատկերասրահը 2023-ի մարտի 16-ից մինչև հունիսի 16-ն անցկացնում է «Անճոռնի դքսուհին․ Գեղեցիկն ու սատիրան Ռենեսանսում» (The Ugly Duchess: Beauty and Satire in the Renaissance) ցուցադրությունը։ Վերջին 80 տարում Թրաֆալգարյան հրապարակի կենտրոնական շենքում՝ Ազգային հրապարակում ապրած դքսուհու վրա այս ցուցահանդեսը, ասում են, նոր լույս է սփռում՝ այն դնելով նաև հատուկ տիկնոջ համար Լոնդոն գնացած «Ծերունին» կտավի կողքին։

Այս երկու գործը պատմության մեջ միայն մեկ անգամ էին իրար կողքի դրվել՝ 15 տարի առաջ։ Հավանաբար, տիկնոջ կամ ենթադրաբար տղամարդու պատկերող այս կտավը՝ «Անճոռնի դքսուհին» նորովի մեկնաբանելիս կրկին շեշտը դնելու են դրա երգիծական բնույթի վրա։

ՄՈՐՈՒՔՈՎ ԿՆՈՋ ՀԱՄԱՐՁԱԿ ՊԱՏԿԵՐԸ

Տարօրինակ թվացող նկարների շարքում կնոջ անվան տակ տղամարդու կերպարի (կամ հակառակի) թեման շարունակելով, արժե հիշել նաև իսպանացի գեղանկարիչ Խոսե դե Ռիբերային (1591-1652 թթ.)՝ կանգ առնելով նրա «Մագդալենա Վենտուրան ամուսնու և որդու հետ» կտավի վրա։

Խոսե դե Ռիբերա, «Մագդալենա Վենտուրան ամուսնու և որդու հետ» կամ «Մորուքավոր կինը», 1631 թ.

Մադրիդի Պրադո թանգարանում գտնվող այս կտավը, չնայած անվանը, սովորական-ընտանեկան համարելը փոքր-ինչ բարդ է․ ակնհայտորեն կանացի կրծքով, բայց երկար ու խիտ մորուքով կինը հենց նկարի կենտրոնում է՝ գրկին երեխա, որին կերակրում է։

21-րդ դարում, երբ գենդերային ինքնության թեման ավելի հեղհեղուկ է, իսկ սեռի մասին խոսակցությունը՝ ավելի «զգույշ», միևնույն է՝ հետհայացք գցելով Ռիբերայի այս գործին, հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս կինն այսքան նման տղամարդու՝ իր կեցվածքով, մարմնակազմությամբ ու դեմքով։

Այստեղ արժե կրկին հղում անել բժշկությանն ու պատմությանը․ կանացի դեմքին առատ մազածածկույթն ու մորուքը կարող է Հիրսուտիզմի պատճառ լինել։ Այս պարագայում կանանց ու տղամարդկանց մարմնի վրա մազածածկույթի ավելցուկը պայմանավորված է լինում էնդոկրին հավասարակշռության խախտմումով։

Պատմության մեջ ու կտավներում Վենտուրան միակ կինը չէ դեմքին ու ձեռքերին առատ մազածածկույթով։ Հայտնի են ու պահպանվել են Հելենա Անտոնիայի դիմանկարը (16-րդ դար), Էնի Ջոնսի, Ջուլիա Պաստրանայի, Ժոզեֆին Կլոֆուլլիայի նկարները՝ 19-20-րդ դարից։ Մորուքավոր այս կանայք հիմնականում մասնակցել են շոուների, կրկեսային ներկայացումների։

Միևնույն ժամանակ, Վենտուրայի թիկունքում կանգնած ամուսինը պակաս առնական է․ Ռիբերան այս տղամարդու միջոցով ընդգծում է տիկնոջ կերպարի «տղամարդկային» բնույթն ու նաև նրա համարձակությունը՝ կանգնել կտավում լինելու համար, դուրս իր ժամանակի գեղեցկության ստանդարտներից։

Իտալական Աբրուցո մարզից եկած կինը, ըստ Ռիբերայի թողած գրվածքի, 3 որդի է լույս աշխարհ բերել. կտավում նա 52 տարեկան է, բայց տիկնոջ մորուքը հանկարծակի աճել է 37-ում։ Ռիբերան տիկնոջը նկարել է հենց Իտալիայում՝ Նեապոլում, երբ աշխատում էր որպես պալատական նկարիչ։ Նա կնոջը «բնության հրաշք» է կոչել։

Այսօր Վենտուրայի իրական կերպարը համարվում է համարձակության, ինքնության ընդգծման ու արտահայտման քաջության, գիտակցված անհնազանդության սիմվոլ՝ 17-րդ դարի աստվածատուր և անփոփոխ գենդերային ինքնության ժամանակներում։

«Վենտուրան փաստ է։ Նա իրական է, ահա՝ կանգնած է։ Իր բացարձակ ինքնատիպության մեջ Ռիբերան տեսնում է ոչ թե ինչ-որ բնության տարօրինակ արարածի, այլ զարմանալի ու հանելուկային կերպարի։ Մագդալենա Վենտուրան կոտրում է իր աշխարհի բոլոր օրենքները, և Ռիբերան հենց դրա համար է անմահացրել նրան»,- գրում է The Guardian-ի հոդվածագիրը։

Ինչպես իսպանական Բարոկոյի մյուս դեմքերի դեպքում, Ռիբերայի ոճին բնորոշ գիծ է նատուրալիզմն ու դետալների նատուրալիստական պատկերումը։ Տիկնոջ ճշգրիտ ու պարզ հանդերձանքը, նրա արժանապատիվ կերպարը շեղվում են «ոչ սովորական» դեմքերի հանդեպ նկարիչների ծաղրական ու գրոտեսկային վերաբերմունքից։ Հումորից բացարձակ զուրկ այս դիտարկումն աչքի է ընկնում հոգեբանական խորությամբ՝ թելադրելով նաև պատկառանք այս կնոջ հանդեպ։

Գույնի ու գծի դրամատիզմով հարուստ այս կտավում նկարիչն օգտագործել է chiaroscuro տեխնիկան. ընդգծելով նաև Մագդալենայի կանացիությունը՝ նա կուրծք է նկարել։ Ակնհայտորեն, 52-ամյա կինն իր երեք որդուն կրծքով չէր կերակրելու․ այսպիսով երեխան ու կուրծքն ընդգծված ակնարկներ են դեպի կանացի բնություն։

Առաջին հայացքից զարմանալի, տարօրինակ ու ոչ սովորական թվացող նկարների շարքում առաջարկում ենք հայացք գցել նաև հետևյալ նկարների վրա.

Հիերոնիմոս Բոսխի, «Երկրային վայելքների այգի»
Ջուզենպե Արչիմբոլդո, «Այգեպան», շրջուն նկարների շարքից
«Գաբրիել դ՛Էսթրենը և իր քույրը», կտավը որոշ աղբյուրներում վերագրվում է ֆրանիսացի նկարիչ Ֆրանսուա Կլուեյին, որոշ տեղերում նշվում՝ հեղինակն անհայտ է

✍ Անահիտ Հակոբյան / PAN