#մշակութաPAN
July 17

AK47-ով Մոնա Լիզան, Գյումրիում ծխող Պիկասոն ու ծաղիկներ՝ ռումբերի փոխարեն. Փողոցի արվեստը՝ մետրոներից մինչև լքված շենքեր

«Փողոցային արվեստ» կամ «փողոցի արվեստ» եզրույթը՝ street art-ը, արդեն շատ վաղուց մտել է հանրային խոսույթի դաշտ, բայց դեռ տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ կան «փողոցի» ու «արվեստի» տարանջատումների և զուգակցումների շուրջ։

Վերջին մի քանի տասնամյակները սթրիթ արտի համար բերկումնային էին ու այսօր երևի չկա երկիր ու քաղաք, որտեղ սթրիթ արտիստները չեն թողնում իրենց հետքը։ Որպեսզի չխճճվենք գրաֆիտի, սթրիթ արտ, մուրալիզմ ու այլ տերմինների և ուղղությունների մեջ, թեման ուսումնասիրենք սթրիթ արտի ընդհանրական պրիզմայի տակ։ Սկսենք փոքրիկ պատմական ակնարկով։

Գրաֆիտին որպես փողոցային արվեստի առաջին դրսևորումներից մեկը՝ ի հայտ եկավ 70-ականների վերջին և 80-ականների սկզբին՝ Ամերիկայում: Այս շարժումը առավել ակտիվ զարգացավ Նյու Յորքում։ Ի դեպ, այն զարգանում էր ենթամշակութային այլ տարրերին ու միտումներին զուգահեռ՝ սքեյթբորդինգ, հիփ-հոփ, բրեյքդանս։ Գրաֆիտիները տարածված էին սոցիալապես անապահով խավի շրջանում, որոնք դեռ շարունակում էին ապրել քաղաքի կենտրոնական շրջաններում։

Սա ինքնարտահայտման յուրօրինակ ձև էր և սկզբնական շրջանում գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ այս գրաֆիտիները կարծես «պատկանում» էին մարդկանց միայն նեղ խմբի, բնակչության ավելի լայն շրջանակի հետ այս կերպ հաղորդակցվելը բացառվում էր։ Ինչ-որ պահից գրաֆիտիներ ստեղծողների տարբեր խմբեր ձևավորվեցին։ Ու պատերին հայտնված գրաֆիտիները «տեղեկացնում» էին, թե տվյալ տարածքն ում էր պատկանում։

Նյու Յորքի ոստիկանության արձագանքը հստակ էր. Զրո հանդուրժողականություն փողոցներում հայտնված անօրինական գրառումներին ու պատկերներին։ Այս անհանդուրժողականությունը հիմնված էր 1982-ին առաջարկված ու լայնորեն կիրառվողց «կոտրված պատուհանների» տեսության վրա։ Ըստ տեսության՝ փոքր հանցագործությունների, ավելի ճիշտ՝ դրանց հետևանքների (կոտրված ապակիներ, գրաֆիտիներ, փողոցներում աղբ) կապն ավելի ծանր հանցագործությունների հետ հստակ նկատելի է և մեծ հավանականություն ունի։

Այսպիսով, գրաֆիտին համարվում էր օրենքի և կարգուկանոնի խախտում և դիտարկվում էր որպես վանդալիզմի ձև: Բայց հենց սկզբնական շրջանից էլ առաջ էր եկել այս թեմային վերաբերող գլխավոր հարցը. Սա արվե՞ստ է, թե՞ վանդալիզմ։

Հիմա առավել մանրամասն՝ սթրիթ արտի մասին։ Չնայած գրաֆիտիի մշակույթի հետ սերտ կապին և դրա տեսողական տարրերի մասնակի կիրառմանը, փողոցային արվեստը մի շարք հիմնարար տարբերություններ ունի։ Գլխավոր տարբերությունն էլ հենց այն է, որ սթրիթ արտի ուղերձը չի սահմանափակվում ենթամշակութային սահմաններով, այն պատկանում է բոլոր նրանց, ովքեր կարող են առնչվել դրա հետ։

Ի տարբերություն գրաֆիտիի, սթրիթ արտը մարդկանց շատ ավելի լայն շրջանակի կողմից է ընկալվում որպես արվեստ, ինչը լեգիտիմացնում է այն որոշակի սոցիալական համատեքստերում:

Ի դեպ, այնպես չէ, որ փողոցի արվեստը հենց գրաֆիտիից է սկիզբ առել։ Պարզապես գրաֆիտին առաջին, առավել տարածված արտահայտչամիջոցներից էր։ Իսկ առհասարակ, փողոցի արվեստը սկսել է ձևավորվել դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին։ Ակտիվորեն զարգանում էր թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում, իսկ շարժման մասնակիցները հիմնականում կապիտալիստական ​​արժեքների դեմ պայքարող մարդիկ էին։

Եվրոպական ամենակարևոր փողոցային շարժումներից է Provo-ն, որը սկիզբ է առել Ամստերդամում՝ 1960-ականներին։ Շարժումը սկսվեց և տարածվեց այն ժամանակ, երբ անարխիստները սկսեցին հրատարակել իրենց սեփական թերթը: Provo-ի ամենամեծ բողոքի ակցիաներից մեկը «Սպիտակ հեծանիվն» էր, որին մասնակցում էին մեքենաների դեմ պայքարող ակտիվիստները՝ մարդկանց անվճար հեծանիվներ առաջարկելով:

Մեկ այլ փողոցային շարժում, որը մեծ դեր է խաղացել փողոցային արվեստի պատմության մեջ, ծնվել է Ֆրանսիայում՝ 1950-ականներին։ Դրա էությունը քաղաքային տարածքի վերաիմաստավորումն էր։ Այս շարժման ակտիվիստները ցանկանում էին ստանալ քաղաքային տարածքի նոր տեսլական՝ իր սպառողական գործառույթից դուրս։

Բայց եթե ուզում ենք լրիվ անկեղծ լինել, ապա ճիշտ կլինի ասել, որ փողոցի արվեստը  գոյություն է ունեցել Homo sapiens-ի ծնունդից ի վեր։ Իսկ ըստ ձեզ ի՞նչ էին իրենցից ներկայացնում ժայռապատկերները։ Հետագայում էլ, արդեն քաղաքակիրթ հասարակության մեջ (Հին Հռոմում, Հունաստանում, Եգիպտոսում և այլն), մարդիկ սկսեցին արտահայտել իրենց մտքերը՝ պատերին գրություններ գրելով։ Սիրո խոստովանություններից մինչև քաղաքական հայտարարություններ. Այս ցանկում բազմաթիվ բացահայտված ու դեռ շատ չբացահայտված գրություններ կան։

Homo sapiens-ից ու Հին Հռոմից վերադառնանք 20-րդ դար։ Չնայած փողոցային արվեստի տարբեր դրսևորումներին, սթրիթ արտ տերմինը հայտնվեց ու կիրառվեց միայն 1985 թվականին՝ համանուն գրքի հրատարակմամբ։ Իսկ այն սթրիթ արտը, որին այսօր ծանոթ ենք ու ընկալում ենք որպես փողոցի արվեստ, սկսեց ձևավորվել 90-ականների վերջին։

Ի դեպ, չմոռանանք, որ ի սկզբանե սթրիթ արտ արտիստները «հակաթանգարանային» գաղափարախոսություն ունեին։ Կարելի է ասել, որ հետևում էին եվրոպական գրականության և արվեստի մեջ ֆուտուրիզմի հիմնադիր Ֆիլիպո Մարինետտիի «Ֆուտուրիզմի մանիֆեստին»։ Դեռ 1909 թվականին Մարինետտին գրում էր, որ պետք է «վերացնել բոլոր թանգարանները»։

Սթրիթ արտ արտիստներից շատերը հաճախ շեշտում էին ու հիմա էլ ընդգծում են, որ իրենց արվեստը հասցեագրված է հանրությանը, անվճար է, բոլորի համար է ու տեսնելու համար երկար հերթեր կանգնել պետք չէ։ Շատերի բնորոշմամբ թերևս սա է բարձր արվեստի հետ միակ տարբերությունը։

Այսօր փողոցի արվեստը փոքր-ինչ փոխել է իր սկզբնական գաղափարախոսական ուղղվածությունը։ Եթե նախկինում խոսքն առաջին հերթին ստեղծագործական ապստամբության մասին էր, ապա հիմա սրան ավելացել է քաղաքային միջավայրում արվեստային մթնոլորտ ստեղծելու առաջնահերթությանը։

Բայց երկու դեպքում էլ չեն փոխվել առաջնային պատճառները։ Սթրիթ արտը սոցիալական ուղերձ է փոխանցում, բարձրաձայնում ու լսելի է դարձնում հաճախ անտեսվող կամ էլ տարբեր պատճառներով լռեցվող թեմաներ՝ պատերազմներից մինչև ավտորիտար ռեժիմներ, անհավասար պայմաններ, ոստիկանական բռնություն ու շատ ավելին։

Սթրիթ արտում այս ամենը սարկազմի, գրոտեսկի, երգիծանքի ու այլ նուրբ լարերի միջոցով է արտահայտվում, ու հենց դրա համար էլ այդքան ազդեցիկ է։ Մյուս կողմից՝ պատկերն ուղիղ երկխոսության մեջ է մտնում մարդկանց հետ՝ առանց երրորդ անձի ու ավելորդ միջնորդների։ Վերջին տարիներին փողոցային արվեստը հայտնվել է մետրոյի գնացքների, լքված շենքերի և քաղաքային լանդշաֆտի անհասանելի թվացող տարածքների վրա՝ որպես բողոքի նոտա, քաղաքական ուղերձ, մշակութային հիշեցում։

Ու հենց այդպես, ըմբոստ քայլերով ու հստակ ուղերձներով սթրիթ արտը մտավ արվեստի աշխարհ, որքան էլ ընդդիմացողներ դեռ կան։ Մինչև 2012 թվական աշխարհի ոչ մի թանգարանում գոյություն չունեին սթրիթ արտի պահպանման բաժիններ, մինչև որ Սանկտ Պետերբուրգում բացվեց Սթրիթ արտի թանգարան։ Սա հատկապես կարևոր է, հաշվի առնելով, որ հաճախ ստեղծված աշխատանքը կարող է օրերի կյանք ունենալ ու վերացվել տեղական մարմինների կամ ոստիկանների կողմից։

Ի դեպ, սթրիթ արտի տարածման առումով Հայաստանը ևս հետ չի մնում։ Ու որքան էլ, որ զարմանալի է, այնպես չէ, որ այս առումով բացարձակ առաջատարը մայրաքաղաքն է։ Սթրիթ արտի հիանալի օրինակներ կան Գյումրիում, Ճամբարակում, Ապարանում և այլ վայրերում։ Գյումրիում օրինակ կարող եք հանդիպել Պիկասոյին կամ էլ Չարլի Չապլինին, իսկ Ապարանում՝ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Երևանի տարբեր փողոցներ ու շենքեր ևս սկսել ենք ասոցացնել այս կամ այն սթրիթ արտի հետ ու կարծես՝ դժգոհություններ չկան։

Դե իսկ այս ուղղությունը հեղափոխողներից թույլ տվեք առանձնահատուկ խոսել Բենքսիի մասին։ Ժամանակակից արվեստի ամենահակասական ու ամենաազդեցիկ անուններից մեկը թարմ շունչ ու ճշմարտության խորհրդանիշ է՝ ժամանակակից հասարակության պիտակների և տաբուների դեմ։ 2000-ականներիս սկսած նրա արվեստի գործերը մեծ, հաճախ համաշխարհային արձագանք են ստանում։

Նրա միջազգային ճանաչումը երկրաչափական պրոգեսիայով աճեց 2005 թվականին, երբ Լոնդոնի փողոցներից նկարչի գործերը հասան մինչև Պաղեստին։ Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինյան կողմից, արգելապատի վրա Բենքսին պատկերեց մի քանի տեսարան։ Դրանցից մեկում երեխաներ են, որոնք խաղում են երկրագնդի անմխիթար հատվածում, մինչդեռ պատի վրա անցքի միջոցով երևում է արևադարձային լողափի տեսարանը։

Արդեն տարիներ անց, 2017֊ին, Բենքսիի հերթական նախագիծը Բեթղեհեմում էր։ Walled Off Hotel֊ը կամ «Պարսպապատ Հյուրանոցը» կառուցվել է այն արգելապատի կողքին, որը բաժանում է Իսրայելը պաղեստինյան տարածքներից։ Հյուրանոցը ծաղրալի կերպով հպարտանում է ու նշում, որ ունի «աշխարհի բոլոր հյուրանոցներից ամենավատ տեսարանը»։ Հյուրանոցի սենյակներում Բենքսիի գործերն են, կա նաև պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են պաղեստինցի նկարիչների աշխատանքները:

Իսկ, օրինակ, հայտնի Love is in the Air֊ը Երուսաղեմում ստեղծված որմնանկար է, որը նկարիչն արել է իր բազմաթիվ այցերից մեկի ժամանակ։ Դիմակավորված տղամարդը մոլոտովի կոկտեյլի փոխարեն ծաղիկներ է նետում ինչ֊որ ուղղությամբ։ Սա պատասխան էր Մերձավոր Արևելքում ԼԳԲՏ համայնքի հպարտության շքերթի ժամանակ բռնության դեմ, որի ժամանակ երեք մարդ դանակահարվեց։ 2021֊ին Love is in the Air֊ը Sotheby’s֊ում վաճառվել է 12.9 միլիոն դոլարով։

Երբ 2010֊ին Time ամսագիրը Բենքսիին ներառեց աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում՝ Բարաք Օբամայի, Սթիվ Ջոբսի և Լեդի Գագայի կողքին, արդեն հստակ էր, որ նոր դարաշրջանը թելադրելու է արվեստի նոր կանոններ։ Այսօր սթրիթ արտը դարձել է մի երևույթ, որը կարելի է արտահանել արվեստի համաշխարհային շուկա և չսահմանափակվել տվյալ փոքրիկ թաղամասում ապրող հիացած դեմքերով։ Փողոցի արվեստ ստեղծող արտիստները ջնջում են փողոցի և արվեստի միջև պատնեշներն ու ինչ-որ առումով վերասահմանում, թե ինչ է արվեստը։


✍️ Նանե Մանուկյան / PAN