Կինոյի կայսրությունները. Ինչպես են ստուդիաները կառավարում մոլորակի երևակայությունը
21-րդ դարում կինեմատոգրաֆը դարձել է ոչ թե ուղղակի զվարճանք, այլ միլիարդավոր մարդկանց մտածելակերպի վրա ազդող հզորագույն գործիք։ Ամեն շաբաթ ամբողջ աշխարհով մեկ միլիոնավոր կինոդիտողներ սուզվում են մի խումբ կինոստուդիաների ստեղծած հորինված տիեզերքներ։ Մենք ուտում ենք փոփքորն, ծիծաղում ենք ու վիճում` չկասկածելով, որ այդ ժամանակ մոլորակի խոշորագույն կինոկորպորացիաները գործարկում են մշակութային, տնտեսական ու գաղափարախոսական էքսպանսիայի նրբագույն ու լավ մտածված մեխանիզմներ։
PAN-ը պատմում է գլոբալ երևակայության այդ վարպետների մասին` ներկայացնելով, թե ինչպես է նրանց հաջողվել վերածվել մասսայական իրականության գլխավոր ճարտարապետների։
Իրականության գլոբալ ռեժիսորները
Առաջատարների անկասկած եռյակը երեք կինոստուդիա է. Walt Disney Studios-ը, Warner Bros. Pictures-ը ու Universal Pictures-ը։ Սրանք ուղղակի կինոստուդիաներ չեն։ Սրանք մեդիակայսրություններ են, որոնք ազդում են քաղաքականության, երեխաների դաստիարակության ու անգամ ապագայի մասին պատկերացումների վրա։ Նրանց բրենդերը գիտի յուրաքանչյուրը. Marvel, DC, «Աստղային պատերազմներ» (Star Wars), «Հարրի Փոթեր» (Harry Potter), «Մինիոններ» (Minions), «Յուրայի դարաշրջանի այգի» (Jurassic Park) և այլն։ Յուրաքանչյուր ֆրանշիզ ինչպես առանձին մշակութային պետություն` իր պատմությունով, օրենքներով, կրոնով ու առասպելաբանությամբ։
1923-ին հիմնադրված Walt Disney Studios-ը, սկսելով որպես մուլտֆիլմերի արհեստանոց, վերածվել է գլոբալ մշակութային կոմբինատի։ Գնելով ստուդիաները մեկը մյուսի հետևից` Pixar, Marvel, Lucasfilm, 20th Century Fox, Disney-ը կառուցել է վիզուալ ու էմոցիոնալ փորձառություն արտադրող գործարանների ահռելի ցանց։ Նրանց արտադրանքը` ֆիլմերից ու սերիալներից մինչև թեմատիկ այգիներ, համակարգչային խաղերից մինչև մերչ, վաղուց դադարել են ուղղակի զվարճանք լինել` վերածվելով իսկական ծեսերի ամբողջ սերունդների համար։ Արքայադուստրեր, սուպերհերոսներ, խոսող կենդանիներ` սա խորհրդանիշների ունիվերսալ հավաքածու է, որի միջոցով միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ճանաչում են սահմանված բարոյական ուղեցույցները ու գտնում իրենց համար հնարավոր երազանքների սպեկտրը։
Warner Bros.-ն, իր հերթին, կառուցում է ավելի բարդ ու մռայլ նարատիվներ։ 1923թ-ին հիմնադրված ստուդիան անցել է երկար ու հետաքրքիր ուղի` սկսած Հոլիվուդի դասականներից մինչև բազմահարկ կինոտիեզերքներ։ Նրանց ֆրանշիզները` DC, «Հարրի Փոթեր», «Մատրիցա» (The Matrix), «Դյունա» (Dune), «Խելառ Մաքս» (Mad Max) և այլն, հաճախ բարձրացնում են հարցեր իշխանության, ազատության ու պատասխանատվության մասին։ Warner-ի կերպարները ոչ այնքան փրկում են աշխարհը, որքան ռեֆլեքսիայի են ենթարկվում ու տառապում։ Դա նրանց ավելի մոտ է դարձնում հանդիսատեսին, հատկապես` պոստմոդեռնիզմի դարաշրջանում, երբ սովորական հերոսությունը թվում է չափազանց միամիտ։
Երեք ստուդիաներից ամենահինը` 1912թ-ին հիմնված Universal Pictures-ը շեշտը դնում է մասշտաբների ու տպավորիչ վիզուալի վրա։ «Ֆորսաժ» (Fast & Furious), «Յուրայի դարաշրջանի այգի», «Մինիոններ». սա ատրակցիոնային կինեմատոգրաֆ է։ Սակայն արտաքին թեթևության տակ թաքնված են բարձր տեխնոլոգիական մարքեթինգային մարտավարություններն ու հանդիսատեսի ճշգրիտ իմացությունը։ Universal-ը ոչ այնքան պատմություններ է պատմում, որքան ստեղծում է իրադարձություններ, որոնց մասնակից ես ուզում լինել։
Ֆրանշիզները որպես նոր կրոն
21-րդ դարում կինոֆրանշիզը զուտ ֆիլմերի շարք չի։ Այն էկոհամակարգ է։ Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքում կա ավելի քան 30 փոխկապակցված ֆիլմ, տասնյակ սերիալներ, համակարգչային խաղեր, կոմիքսներ, ու յուրաքանչյուր էլեմենտ լրացնում է մյուսին։ Սա սիներգիա է, որում հանդիսատեսը դառնում է հորինված տիեզերքի մի մասը։ Նա գիտի հերոսների կենսագրությունը, քննարկում է երկրպագուների տեսությունները, կրում համապատասխան խորհրդանիշներ։ Ըստ էության, սա կրոնական փորձառության նոր ձև է. առասպելաբանություն, ծեսեր, համայնք։
Այդպիսի վերաբերմունքը ձևավորում է երկարաժամկետ լոյալություն։ Մարդիկ պատրաստ են տասնամյակներով դիտել ֆիլմերը, իրենց հետաքրքրությունը կտակել մյուս սերունդներին։ Դա ստուդիաները վերածում է մշակութային կապիտալի պահապանների։ Նշանակում է, նաև քաղաքական ու տնտեսական խաղացողների։
Կինոն որպես փափուկ ուժ
Քաղաքագետները վաղուց են դիտարկում Հոլիվուդը որպես ԱՄՆ «փափուկ ուժի» գործիք։ Միացյալ Նահանգների ազդեցությունը մոլորակի մտքերի, երազանքների ու մշակութային կոդերի վրա տեղի է ունենում ոչ այնքան տանկերի, որքան կինոյի միջոցով։ Ամերիկյան ֆիլմերը ձևավորում են սպասումները կյանքից, պատկերացումները հերոսների ու չարագործների մասին, նորմալիզացնում են հասարակության կոնկրետ ձևը` ինդիվիդուալիզմ, ազատություն, բարոյական ընտրություն։
Սակայն վերջին տարիներին հայտնվել են մրցակիցներ։ Չինաստանի խոշորագույն China Film Group կինոստուդիան ֆինանսավորում է ֆիլմեր, որոնք պատմում են Չինաստանի պատմական սխրանքների, մշակութային արմատների ու ժամանակակից գերակայության մասին։ Դրա հետ մեկտեղ, Չինաստանն ակտիվորեն սահմանափակում է արևմտյան կինոն իր ներքին շուկայում` ստեղծելով այլընտրանքային կինոհամայնապատկեր։
Վերջին տարիներին չինական կինոյի մրցակցային ներուժը գնալով ուժեղանում է։ Դրա մասին է վկայում, օրինակ, «Նեչժան հաղթում է վիշապների արքային» (哪吒之魔童闹海, 2025) անիմացիոն ֆիլմը։ Այն վարձույթում հավաքել է ավելի քան $2 միլիարդ` դառնալով պատմության մեջ ամենաեկամտաբեր անիմացիոն ֆիլմն ու ամենաեկամտաբեր ոչ հոլիվուդյան ֆիլմը։ Ու որքան էլ Դոնալդ Թրամփը փորձի կինոյի մաքսատուրքերի բարձրացմամբ դրա դեմն առնել, չինական կինոէքսպանսիան` հանդուգն, անզուսպ ու առանց չափի զգացումի, արդեն սկսվել է։
Արևելքի արևածագը. Ճապոնիա, Կորեա, Հնդկաստան
Ճապոնական Toho ստուդիան, որը ստեղծել է «Գոձիլան» ու համագործակցել լեգենդար անիմատոր Հիյաո Միյաձակիի Studio Ghibli-ի հետ, լավ օրինակ է, թե ինչպես ազգայինը կարող է դառնալ համաշխարհային։ Ճապոնական անիմացիան նվաճել է աշխարհը ոչ թե մասշտաբների հաշվին, այլ շնորհիվ խորության ու փիլիսոփայության։ «Ուրվականներից քշվածներից» (千と千尋の神隠し, 2001) մինչև «Մահվան տետրը» (デスノート), անիմեն դարձել է գլոբալ մշակութային երևույթ, որը հաջողությամբ մրցակցում է հոլիվուդյան բլոկբաստերների հետ։
Իսկ կորեական կինոն` «Մակաբույծը» (기생충, 2019) ֆիլմի ու «Կաղամարի խաղ» (오징어게임) սերիալի հաջողության հետ ցույց տվեց, որ օրիգինալությունն ու լոկալ սյուժեները կարող են վիրուսային դառնալ ամբողջ աշխարհով մեկ։ Հարավային Կորեան վաղուց արդեն ստեղծում է իր կինոտիեզերքը, որում ագրեսիվ կերպով համադրված են ժանրերը, սոցիալական քննադատությունն ու էսթետիկ հնարամտությունը. «Օլդբոյ» (올드보이, 2003), «Հիշողություններ սպանության մասին» (살인의 추억, 2003), «Ես տեսել եմ սատանային» (악마를 보았다, 2010), «Անվտանգության միացյալ գոտի» (공동경비구역JSA, 2000). սրանք կորեական հարուստ կինեմատոգրաֆի միայն չնչին մասն են։ Ու հիմա այդ կինեմատոգրաֆի նկատմամբ համաշխարհային բուռն հետաքրքրության շրջանն է։
Ֆիլմերի ծավալով աշխարհում խոշորագույն արդյունաբերությունն, իհարկե, հնդկական Բոլիվուդն է։ Ստուդիաները, ինչպիսիք են Yash Raj Films-ն ու Eros International-ը, տարեկան արտադրում են հարյուրավոր ֆիլմեր` ընդգրկելով միլիարդավոր կինոդիտողների Հնդկաստանից մինչև արաբական աշխարհ ու Աֆրիկա։ Չնայած բոլիվուդյան ազդեցությունը պակաս նկատելի է Արևմուտքում, նրա մշակութային էքսպանսիան այլ տարածաշրջաններում անհնար է թերագնահատել։ Ի՞նչ ասել է, Բոլիվուդը ահռելի մշակութային ազդեցություն է թողել նաև խորհրդային ու հետխորհրդային կինոդիտողի վրա։
Netflix-ը, Amazon-ն ու ալգորիթմերի ճակատամարտը
Կայսրության նոր տեսակ են սթրիմինգային հարթակները։ Netflix Studios-ն այլևս ոչ թե ուղղակի գնում է ֆիլմերը, այն արտադրում է դրանք։ Ընդ որում, արագ, մասշտաբային ու գլոբալ։ Netflix-ը միլիարդավոր դոլարներ է ներդնում լոկալ կոնտենտի մեջ` գերմանական թրիլլերներից մինչև հնդկական դրամաներ։ Ալգորիթմերը վերլուծում են հանդիսատեսի վարքագիծը ու հուշում, ինչ նկարել։ Սա գլխիվայր շրջում է ավանդական մոդելը. նախկինում ֆիլմերը ստեղծում էին, ապա` որոնում հանդիսատեսին, իսկ հիմա սկզբում ուսումնասիրում են հանդիսատեսին, ապա միայն ստեղծում ֆիլմը։
Amazon Studios-ը շարժվում է նմանատիպ ճանապարհով, սակայն շեշտը դնում է մասշտաբների վրա` «Մատանիների տիրակալի» թանկարժեք, բայց անհաջող սերիալային ադապտացիայից մինչև բազմամիլիարդանոց գործարքներ խոշոր շոուռաներների հետ։ Amazon-ը ներդրում է կատարում ոչ միայն կինոյում, այլև մուլտիպլատֆորմային տիեզերքների ստեղծման մեջ, որում կինոն, սերիալը, գիրքը ու խաղը մեկ միասնական համակարգին մաս են։
Կայսրության կուլիսներում. Փող, իշխանություն ու վախ
Ժամանակակից բլոկբաստերի ստեղծումը գործողությունների ցանց է, որը համեմատելի է ռազմական օպերացիայի հետ։ Հարյուր միլիոնավոր դոլարների հասնող բյուջեներ, մարքեթինգային արշավներ բոլոր մայրցամաքներում, կոշտ վերահսկողություն ինֆորմացիոն արտահոսքերի նկատմամբ, սցենարների ու հանդիսատեսի ռեակցիայի վերլուծության համար նեյրոցանցերի կիրառում։ Շատ սցենարներ այսօր թեստավորվում են ֆոկուս խմբերի ու նեյրոցանցային կանխատեսումների օգնությամբ. ո՞ր հերոսն է առաջացնում էմպատիա, ո՞ր պահին հանդիսատեսը լաց կլինի, ո՞ր դրվագները վիրուսային կտարածվեն TikTok-ում։
Այստեղ սխալները թանկ են արժենում։ Ֆիլմերի սցենարները կարող են զրոյից գրվել, ֆիլմերը կարող են վերանկարահանվել, եթե նախնական դիտումներն անհաջող են։ Դերասանները պայմանագրեր են կնքում տասնամյակների համար։ Մի ֆիլմի հաջողությունը կարող է փոխել ամբողջ ընկերության ուղենիշը։ Այդ իսկ պատճառով, էկրանային մոգության հետևում հիմա սառը հաշվարկներ են ու մշտական տագնապ։ Դա հիանալի նկարագրված է Apple-ի սթրիմինգային ծառայությունով ցուցադրվող «Կինոստուդիան» (The Studio) սերիալում։
Գալիքը. Սիմուլյացիաներ ու մետատիեզերքներ
Կինոյի, խաղերի ու իրականության միջև սահմանները ջնջվում են։ Խոշորագույն ստուդիաները ներդրումներ են անում մետատիեզերքների, վիրտուալ դերասանների ու նեյրոցանցային սցենարիստների մեջ։ Արդեն այսօր հնարավոր է էկրանին «կենդանացնել» մահացած դերասանին։ Ապագայում հանդիսատեսն ինքը կկարողանա հերոս դառնալ` մասնակցել սյուժեին, կառավարել կերպարների ընտրությունը, ապրել ֆիլմի սիմուլացված վիրտուալ աշխարհում։
Դա կբերի տոտալ մշակութային էկոհամակարգերի ստեղծման, երբ ստուդիան կզբաղվի ոչ թե ուղղակի ֆիլմերի արտադրությամբ, այլ կսկսի ձևավորել իրականությունը։ Դուք կրելու եք հագուստ ձեր սիրելի սերիալից, աշխատելու եք սիրելի ֆիլմի մոտիվներով ստեղծված սիմուլյացիա-մետատիեզերքում, շփվելու եք սիրելի հերոսների նեյրոցանցային տարբերակների հետ։ Աշխարհը կվերածվի շատ տարօրինակ մի վայրի։