Կարդալիքներ PAN-ից
Yesterday

Ուշացած գրական սկիզբը, «Պեպոյի» հաջողությունն ու վերջին պատգամը. Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն էր

Սունդուկյանը ծնվել է 1825 թվականին` Թիֆլիսի առևտրական թաղամասերից մեկում։ Հայրը՝ Մկրտումը, առևտրական էր, որը ժամանակին փախել էր Էջմիածնի վանքից, որտեղ իրենց ընտանիքը ճորտի կարգավիճակում էր։ Թիֆլիսում հաստատվելով՝ զբաղվել էր առևտրով և կարողացել ընտանիք կազմել։

Վեց տարեկան Գաբրիելի համար ճակատագրական դարձավ հոր վաղաժամ մահը։ Մայրը՝ Թինաթինան, մնաց երեք մանկահասակ երեխաների հետ։ Բայց այս կինը ոչ միայն կարողացավ մեծացնել իր զավակներին, այլև 300 հոլանդական ոսկի հավաքելով փրկագին վճարեց վանքին և ընտանիքին ազատեց ճորտության անեծքից։ Սա ոչ միայն նյութական զոհողության, այլև համառության ու ամուր կամքի արդյունք էր։

Թինաթինան հասկանում էր կրթության կարևորությունը և ամեն ինչ արեց, որպեսզի իր որդիները լավագույն ուսումը ստանան։ Նրա ջանքերը զուր չանցան։ Գաբրիելը հնարավորություն ստացավ սովորելու հայագետ Հ․ Շահան-Ջրպետյանի դպրոցում, որտեղ 1832-1837 թվականներին տիրապետեց գրաբարին, աշխարհաբարին, ֆրանսերենին, լատիներենին և իտալերենին։

Երիտասարդ Սունդուկյանի կյանքում հատուկ դեր խաղաց Խաչատուր Աբովյանի հետ  հանդիպումը։ Այդ տարիներին մեծ գրողն ու լուսավորիչը Թիֆլիսում մասնավոր դպրոց էր բացել, որը հեղափոխական էր իր մեթոդներով։ Այստեղ կիրառվում էին ուսուցման առաջադեմ մեթոդներ՝ դասեր զբոսանքների ժամանակ, լեզուների ուսուցում կենդանի շփման միջոցով և ավելին։ Երիտասարդ Գաբրիելի վրա Աբովյանի ազդեցությունը անգնահատելի էր և հետագայում արտացոլվեց նաև նրա ստեղծագործական մոտեցումներում։

1838-1840 թվականներին Սունդուկյանը շարունակեց կրթությունը Արզանյանների պանսիոնում, այնուհետև՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որն ավարտեց 1846-ին։ Նույն տարում ընդունվեց Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Մայրաքաղաքի մշակութային կյանքը, հատկապես թատրոնները, դարձան այն դպրոցը, որտեղ ձևավորվեց ապագա դրամատուրգի գեղագիտական ճաշակը։

1852-ին Սունդուկյանը բարեհաջող պաշտպանեց «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիան։ Գիտական աստիճան ստանալուց հետո վերադարձավ Թիֆլիս։

Կովկասի փոխարքայության գրասենյակում թարգմանչի պաշտոն ստանձնած երիտասարդ գիտնականին կյանքը տարբեր մարտահրավերներ էր նետում։ Մի վեճի պատճառով Սունդուկյանն աքսորվում է Դերբենդ, որտեղ անցկացնում է հինգ տարի՝ 1853-1858 թվականները։ Այս տարիները դառնում են նրա ինքնաճանաչման և ներքին հասունացման շրջանը։ 1858-ի սեպտեմբերի վերջին Սունդուկյանը վերջապես կարողանում է վերադառնալ Թիֆլիս։

Այստեղ սկսվում է նրա երկարամյա ծառայությունը Կովկասի երկաթուղային վարչությունում։ Բազմամյա աշխատանքի համար նրան շնորհվում է քաղաքացիական գեներալի աստիճան։ Այս փաստն ինքնին վկայում էր նրա ունակությունների և նվիրվածության մասին։

Սունդուկյանը հայ գրականության և դրամատուրգիայի մեջ  բացառիկ երևույթ էր։ Նա սկսել է ստեղծագործել երբ արդեն քառասուն տարեկանին մոտ էր։ Իր առաջին գործերը ստորագրում էր «Համալ» կեղծանունով։ Այս ընտրությունը պատահական չէր․ Համալը բեռնակիր է, և Սունդուկյանը հերթական անգամ ցանկանում էր ընդգծել աշխատավոր ժողովրդի հետ իր կապը։ Ամենազարմանալի հանգամանքն այն է, որ Սունդուկյանը չէր սիրում գրել։ Սենյակում քայլում էր ու թելադրում իր ստեղծագործությունները։

Սունդուկյանի ստեղծագործական ուղին սկսվեց «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությամբ։ Սա ռեալիստական ստեղծագործություն էր, որտեղ ամուսնության և օժիտի թեմաների միջոցով արծարծվում էին լուսավորական գաղափարներ։

1866-ին լույս տեսան «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը» կատակերգությունները, 1869-ին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս»-ը։ Այս շրջանի գործերում քննադատվում էին փառամոլությունը, ձևամոլությունը, բարձրացվում էին բարոյական կարևոր հարցեր։ Հեղինակը հատուկ ուշադրություն էր դարձնում կնոջ ստրկական վիճակին, մարդասիրություն և կարեկցանք էր դրսևորում։ Ստեղծագործական երկրորդ շրջանում Սունդուկյանն անցավ ավելի լուրջ կատակերգությունների, որտեղ ծիծաղը ներհյուսված էր խնդիրներին ու բազմաշերտ էմոցիաներին։

1876 թվականին ստեղծվում է Սունդուկյանի կենսագրության գլխավոր գործերից մեկը՝ «Պեպո» կատակերգությունը։ Թեև հեղինակն այն կատակերգություն էր համարում, իրականում դրամայի էլեմենտները պիեսում հստակորեն ընդգծված են։ Պիեսը պատկերում է 1870-ական թվականների Թիֆլիսը՝ իր սոցիալական հակասություններով։ Գործողությունները ծավալվում են երկու հակադիր խավերի՝ բուրժուազիայի և ժողովրդական զանգվածների հակադրության շուրջ։ Պեպոյի կերպարը կարճ ժամանակում դառնում է ժողովրդի խոհերի և ինքնագիտակցության մարմնավորումը։ Նրա ողբերգությունն ամբողջ խավի ողբերգությունն էր։

1871 թվականի ապրիլի 30-ին «Պեպո»-ի առաջին բեմադրությունը Թիֆլիսի հայկական թատրոնում իրական հաղթանակ դարձավ։ Հետագայում, 1935-ին, այն էկրանավորվեց Համո Բեկնազարյանի կողմից և դարձավ առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Պեպոյի դերը խաղաց Հրաչյա Ներսիսյանը, Զիմզիմովինը՝ Ավետ Ավետիսյանը, երաժշտության հեղինակն Արամ Խաչատրյանն էր։

Դրամատուրգիական գործունեությանը զուգահեռ, Սունդուկյանը զբաղվում էր նաև հրապարակախոսական գործունեությամբ։ 1872-1876 թվականներին «Մշակում» տպագրվեցին նրա «Համալի մասլահաթնիրը» ֆելիետոնները, իսկ 1882-1886-ին «Արձագանքում»՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» մասլահաթում նա Կովկասի ժողովուրդներին համերաշխության և եղբայրության կոչ էր անում։

Մեծ դրամատուրգը վախճանվել է 1912 թվականի մարտի 16-ին, հուղարկավորվել է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։ Մահից առաջ նա անսպասելի մի պատգամ է թողնում, որտեղ խնդրում է համեստ հուղարկավորություն կազմակերպել և հատուկ ընդգծում, որ եթե որոշեն արձան կանգնեցնել, ապա իր փոխարեն թող Պեպոյի արձանը կանգնեցնեն: Պատվանդանի վրա պետք է գրվեին Պեպոյի խոսքերը՝ «Էս քո կոտրած ձեռով չե՞ս գրի»: Այսօր Սունդուկյանի անունը կրող թատրոնի բակում կանգնած է Պեպոյի արձանը:

Դերենիկ Դեմիրճյանը Սունդուկյանին անվանել է «հայ դրամատուրգիայի Աբովյան»։ Այս համեմատությունն իսկապես տեղին է: Ինչպես Աբովյանը հեղափոխեց հայ արձակը, այնպես էլ Սունդուկյանը նոր ուղիներ բացեց դրամատուրգիայի համար։

Ստեփան Շահումյանը նշել է․ «Հասարակության սիրված ու ճանաչված դրամատուրգը Սունդուկյանն է»։
Իսկ Շիրվանզադեն խոստովանել է․ «Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական ու ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»»։
Հովհաննես Թումանյանը գրել է․ «Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա. -- Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի, այլ ճշմարտության համար, արդարության համար»։

Սունդուկյանը ստեղծեց իր ժամանակների մասին պատմող գործեր, ցույց տվեց, որ իրական արվեստը պետք է արտացոլի ժամանակի ոգին, խոսի ժողովրդի լեզվով և պաշտպանի մարդկային արժանապատվությունը։ Նրա ստեղծագործությունները շարունակում են ապրել նոր սերունդների միջոցով և մնալ հայ դրամատուրգիայի ոսկե ֆոնդի առանցքային մասը։


✍️ Նանե Մանուկյան / PAN