#մշակութաPAN
February 26

Սալոմեի «ոչ ավանդական» պատկերումը, Չեխովի խնդրանքն ու Այվազովսկու օրհնությունը. Վարդգես Սուրենյանց՝ հայ կերպարվեստի անփոխարինելին

«Ամբողջ Եվրոպան ման եկա, բայց երբեք Արարատյան դաշտի գեղջուկների գունամտածողությամբ մարդկանց չտեսա»։

Հայ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի ստեղծագործական ժառանգությունը՝ իր ինքնատիպ ձեռագրով, թեմատիկ ու գաղափարական խորությամբ նրան վաղույց արդեն դարձրել է անփոխարինելի՝ հայ կերպարվեստի պատմության մեջ։ Նրա անցած ճանապարհի գլխավոր դրվագներն ամբողջացնում են Սուրենյանց անհատի և նկարչի կերպարը։

Վարդգեսը լույս աշխարհ է եկել 1860 թվականի փետրվարի 27-ին՝ Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Հակոբ ավագ քահանայի որդին փոքր հասակից արտակարգ ձիրք էր ցուցաբերում դեպի նկարչությունը։ 1867 թվականին ընտանիքը տեղափոխվեց Սիմֆերոպոլ, որտեղ էլ սկսվեց պատանի Վարդգեսի ստեղծագործական ուղին։

Մի անգամ, երբ ընտանիքի հետ Բախչիսարայում էր, պատանի Վարդգեսը կլանված դիտում էր «Արցունքի շատրվանի» պատվանդանը և քարի վրայով հոսող վճիտ ջուրը։ Տուն վերադառնալով՝ նա այնպիսի ճշգրտությամբ է վերարտադրում տեսածը մատիտով, որ զարմացնում է անգամ ընտանիքի բարեկամին՝ Հովհաննես Այվազովսկուն։ Աշխարհահռչակ ծովանկարիչը, տպավորված երեխայի տաղանդով, յուղաներկերի մի տուփ է նվիրում նրան ու ասում.

«Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է»։

1870 թվականին Վարդգես Սուրենյանցն ընդունվում է Լազարյան ճեմարան, որտեղ նրա հայոց լեզվի ուսուցիչն է դառնում բանաստեղծ Սմբատ Շահազիզը, իսկ պարսկերենի՝ հրապարակախոս ու արևելագետ Ստեփանոս Նազարյանը։ Գրականագետ և պատմաբան Երվանդ Շահազիզը Սուրենյանցին բնութագրել է որպես «ծանրաբարո», «անսահման համբերող», «բարի, պարկեշտ և խոնարհ» աշակերտ։

Ճեմարանական տարիներից հետաքրքիր միջադեպերը քիչ չեն։ Օրինակ՝ կա մի պատմություն, ըստ որի՝ Խաչատուր աղա Լազարյանի այցելություններից մեկի ժամանակ Սուրենյանցը նկարել է նրան՝ «տգեղ, հայկական մեծ քթով»։ Այնքան ճշգրիտ էր նմանությունը, որ ֆրանսերենի ուսուցիչը դա ընկալել է որպես ծաղր և աղմուկ է բարձրացրել, ինչի հետևանքով պատանի նկարիչը պատժվել է։

1875 թվականին Լազարյան ճեմարանի մանկավարժական խորհուրդը որոշել է Սուրենյանցին թոշակ տրամադրել և ուղարկել Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժին։ Այստեղ նա խորացել է  մաթեմատիկական առարկաների, ֆրանսերենի, աշխարհագրության մեջ, միաժամանակ գեղանկարչության դասեր ստանալով ռուս նշանավոր նկարիչներ Իլարիոն Պրյանիշնիկովից և Եվգրաֆ Սորոկինից։

Այս չափազանց կարևոր փուլին հաջորդում է ոչ պակաս կարևոր՝ «եվրոպական փուլը»։ 1879 թվականին Սուրենյանցը մեկնում է Վիեննա, այնուհետև՝ Մյունխեն։ Թեև սկզբում նա ընդունվել էր Մյունխենի պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցի ճարտարապետական ֆակուլտետ, բայց արվեստագետի կոչումն ավելի ուժեղ գտնվեց։ 1880 թվականին նա թողեց ճարտարապետությունը, ընդունվեց Գեղարվեստի ակադեմիա և սովորեց գերմանացի նկարիչ Օտտոն Զեյթցի արվեստանոցում։

Մյունխենյան շրջանում Սուրենյանցն ուսումնասիրում էր եվրոպական արվեստի հսկաների գործերը։ Ոգեշնչվում էր, օրինակ, Ռեմբրանդի «Ծերունի հոլանդացու դիմանկարով», Ռուբենսի «Ահեղ դատաստանով», ինչպես նաև Ադրիան Բրաուվերի, Ֆրից ֆոն Ուդեի և այլ վարպետների ստեղծագործություններով։ Դե իսկ իր նյութական նվազագույն կեցությունն ապահովելու համար Սուրենյանցը զուգահեռաբար հայոց լեզվի և ռուսերենի մասնավոր դասեր էր տալիս։

1881 թվականին Օտտոն Զեյթցի խորհրդով Սուրենյանցը մեկնում է Իտալիա, որտեղ այցելում է Միլան, Ֆլորենցիա, Հռոմ և Վենետիկ։ Հատկապես նշանակալից էր նրա այցը Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ նրան գերել էին Մխիթարյանների հարուստ գրադարանը և հայկական միջնադարյան ձեռագրերը։ Այս ճամփորդությունից նա վերադարձավ բազմաթիվ ջրաներկ էտյուդներով, որոնցից են «Հռոմի մի անկյուն», «Վենետիկ․ Կոլեոնիի հուշարձանը», և այլ կտավներ։

1885 թվականին, Մյունխենի Գեղարվեստի ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո, Սուրենյանցը վերադառնում է Մոսկվա։ Նույն թվականին նա առաջին անգամ տեսնում է պատմական Հայաստանը, Արարատը, Արաքսը և համարյա ավերակ դարձած Հին Ջուղան։ Այս ճանապարհորդությունից նա վերադառնում է բազմաթիվ էտյուդներով, որոնք հետագայում ոգեշնչում են նրա արևելյան թեմաներով կտավները։

1889 թվականին Սուրենյանցին հրավիրում են Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես նկարչության ուսուցիչ։ Այստեղ նա ուսումնասիրում է վանքի հարուստ գրադարանում պահպանվող ձեռագրերը և ոգեշնչվում մանրանկարներով։

Վարդգես Սուրենյանցի ստեղծագործական ժառանգությունն աննախադեպ է իր բազմազանությամբ։ Նա եղել է ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր ձևավորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ և քանդակագործ։ Նրա վրձնին են պատկանում բազմաթիվ նշանակալի կտավներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատմությունը։

1907 թվականին ստեղծված «Սալոմե» կտավը Սուրենյանցի ամենահայտնի գործերից է։ Ի տարբերություն Սալոմեի ավանդական պատկերումների, Սուրենյանցը հրաժարվել է Հովհաննես Մկրտչի գլուխը ցուցադրելուց՝ կենտրոնանալով հերոսուհու հոգեվիճակի վրա։ Կտավը պատկերում է վիրավորված, բայց ուժեղ կնոջ, ով էապես տարբերվում է աստվածաշնչյան պատմության աղջնակից։

Կտավի ճակատագիրը հետաքրքիր է։ Այն ցուցադրվել է Պետերբուրգում, Մյունխենում և Հռոմում, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով մնացել է Իտալիայում։ Միայն Մարտիրոս Սարյանի ջանքերի շնորհիվ 1929 թվականին «Սալոմեն» վերջապես հասավ Հայաստան։

Սուրենյանցի քաղաքական հայացքների վառ արտահայտություն է «Խրիմյան Հայրիկ» դիմանկարը։ Կտավում Վարդգես Սուրենյանցը պատկերել է Հայոց կաթողիկոսին բազմած իր թիկնաթոռին, այն պահն է, երբ կաթողիկոսը ստացել է 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը՝ հայ եկեղեցու գույքը բռնագրավելու մասին, ինչը նշանակում էր հայ թեմական դպրոցների փակում։ Նամակը փակ ծրարում ընկած է Վեհափառի առջև՝ գորգածածկ հատակին։ Կաթողիկոսի դեմքի արտահայտությունը, բռունցք արած ձեռքերը, բազկաթոռին հենված դիրքն արտահայտում են նրա խորն արհամարհանքը հրովարտակի հանդեպ։ Սուրենյանցը միտումնավոր է կաթողիկոսին պատկերել միայնակ՝ դահլիճում, մանուշակագույն տնային վերնազգեստով, որպեսզի առավել ընդգծի կերպարի հոգեվիճակն ու դիրքորոշումը։

Սուրենյանցի մեկ այլ՝ ուղենիշային կտավ է «Շամիրամն Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը։ Այս կտավում Սուրենյանցը ոչ միայն փորձել է նկարչական վարպետությամբ վերակենդանացնել հին ավանդազրույցը, այլև խորությամբ բացահայտել հերոսուհու հոգեբանական աշխարհը։ Ասորեստանի հպարտ տիրուհին, մերժված սիրո վրեժխնդրությունից հետո, նստած է Արայի դիակի մոտ ոչ թե հաղթանակածի գոռոզությամբ, այլ պարտվածի, մերժված կնոջ դառը խոհերով։ Այս կտավի համար նկարիչն օգտվել է բնորդների ծառայությունից: Շամիրամի կերպարը «մարմնավորել» է գրող Մարիետա Շահինյանի մայրը՝ նորնախիջևանցի տիկին Փեփրոնե Խլիտչիևան, իսկ Արա Գեղեցիկի բնորդ է հանդիսացել կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի հայրը՝ բաքվեցի հայ պարոն Սերգեյ Այվազյանը:

Նկարչի «Զաբել թագուհու վերադարձը» կտավում Կիլիկիայի Զաբել թագուհու պատմությունը Սուրենյանցի վրձնի տակ վերածվել է խորիմաստ պատգամի։ Կտավում առանձնահատուկ ուշադրություն է դարձված Զաբելի կերպարին՝ նրա աչքերում թաքնված վիշտը, դեմքի արտահայտությունը և միաժամանակ իր դիրքին համապատասխան կեցվածքը բարդ հոգեբանական պատկերի մի քանի տարր են միայն։ Նկարը հայտնի էր նաև «Զաբել թագուհու թագադրությունը» անվան տակ, սակայն դրանում կատարվող գործողությունն այլ դեպքերի մասին է պատմում։ Նկարում առկա են թագավորական գահանշանների հիմնական էլեմենտները, ինչը նշանակում է, որ Զաբելն արդեն թագուհի է։ Սա հաստատում են նաև պատմիչները, որոնց վկայությամբ Զաբելին թագադրել են 1219 թվականին, այսինքն՝ երբ նա դեռևս մանուկ էր։

1900-ականներից Սուրենյանցի արվեստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեական թեման։ Ծնված լինելով հայ քահանայի ընտանիքում՝ նա խորապես հասկանում էր քրիստոնեության և Հայ եկեղեցու դերը ժողովրդի կյանքում։ Հատկապես նշանակալից են նրա «Հռիփսիմեի վանքը», «Թափորի ելքը Էջմիածնի տաճարից», «Լքյալը», «Երկրպագություն», «Անիի կանանց ելքը եկեղեցուց» աշխատանքները։ Առանձնահատուկ է «Աստվածամայրը գահի վրա» կտավը։

Դե իսկ 1895 թվականի կոտորածների տպավորության տակ ստեղծված «Ոտնահարված սրբություն» կտավը խորհրդանշական բազմաթիվ շերտեր ունի։ «Ոտնահարված սրբությունը» ի ցույց է դնում թուրքական իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի կյանքի և հոգևոր բարձր մշակույթի հանդեպ։ Եկեղեցու ներսում պատկերված են սպանված հայ հոգևորականը, պոկված ու կախ ընկած վարագույրը, գետնին ընկած սուրբ գրքերը։ Սակայն կանգուն են մնացել եկեղեցու պատերը, խաչքարը, սրբապատկերն ու վիմագրությունները՝ խորհրդանշելով հայոց հանճարի անկործանելիությունը։

Սուրենյանցի դերը հայ մշակույթում չի սահմանափակվել միայն կերպարվեստով։ Նա տիրապետում էր բազմաթիվ լեզուների՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն։ Կատարել է գրական թարգմանություններ Շեքսպիրի, Հայնեի, Գյոթեի և Ուայլդի ստեղծագործություններից։

Նա նաև նշանակալի ներդրում է ունեցել թատերական արվեստում՝ ձևավորելով Մոսկվայի գեղարվեստի թատրոնի («Կույրերը», «Անկոչը», «Այնտեղ՝ ներսում», «Ճայը»), Պետերբուրգի Կոմիսարժևսկայայի և Մարիինյան թատրոնի ներկայացումները։ Հատկանշական է, որ Չեխովն անձամբ է խնդրել Սուրենյանցին ձևավորել «Ճայի» երկրորդ բեմադրությունը՝ ծանոթ լինելով նրա՝ Մետերլինկի գործերի ձևավորումներին։

Ինչպես արդեն պարզ դարձավ, Սուրենյանցը մտերիմ հարաբերություններ է ունեցել ժամանակի նշանավոր մտավորականների հետ։ Հովհաննես Այվազովսկին հաճախ է խրախուսել նրան, և Այվազովսկու մահից հետո հենց Սուրենյանցն է պատրաստել նրա կիսանդրին։ Նա մտերիմ է եղել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի հետ՝ ձևավորելով կոմպոզիտորի մի շարք երաժշտական ստեղծագործությունների հրատարակություններ։

Հովհաննես Թումանյանի հետ նրա հարաբերություններն առանձնահատուկ էին։ Սուրենյանցը հաճախ էր հանդիպում բանաստեղծին, աջակցում էր Թիֆլիսի հայկական թատերական ընկերությանը՝ տրամադրելով իր կատարած Շեքսպիրի պիեսների թարգմանությունները։ Հայ մտավորականներից Սուրենյանցի ամենամտերիմ բարեկամը եղել է Ալեքսանդր Ծատուրյանը։ Նրանց նամակագրությունից պարզ է դառնում, որ իր կյանքի ամենադժվարին պահերին Սուրենյանցը կիսվել է միայն Ծատուրյանի հետ։

Պետք է նկատել, որ Սուրենյանցի հասարակական գործունեությունը նույնքան տպավորիչ էր, որքան նրա արվեստը։ 1894 թվականին նա եղել է ռուս նկարիչների առաջին համագումարի կազմակերպիչներից մեկը և քարտուղարության անդամը։ 1895 թվականին ընտրվել է Պատմական նկարչության ցուցահանդեսները կազմակերպող վարչության անդամ։ 1909 թվականին նա դարձել է համառուսաստանյան երկրորդ համագումարի հիմնական կազմակերպիչներից մեկը։

1915 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Սուրենյանցը Ա. Ի. Կուինջու անվան ընկերությանը նվիրել է մի շարք էտյուդներ, որոնց վաճառքից ստացված գումարը հատկացվել է վիրավոր զինվորներին։ Նա ակտիվորեն մասնակցում էր Պետերբուրգում և Մոսկվայում կազմակերպվող հայկական բարեգործական միջոցառումներին։

Արվեստագետի վերջին տարիներին անդրադառնալով, անկասկած պետք է գնալ դեպի 1917 թվական, երբ նավթարդյունաբերող Պողոս Տեր-Ղուկասովի հրավերով Սուրենյանցը ձեռնամուխ եղավ Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների ստեղծմանը։ Սակայն այս աշխատանքն ավարտին հասցնել նրան չվիճակվեց. 1921 թվականին սրտի կաթվածից արվեստագետը հեռացավ կյանքից։

Սուրենյանցի ազդեցությունը հայ արվեստի վրա դժվար է գերագնահատել։ Նա առաջիններից էր, ով հայկական գեղանկարչություն ներմուծեց եվրոպական արվեստի, մասնավորապես՝ մոդեռն ոճի տարրերը։ Սուրենյանցի արվեստը սերում էր հայկական միջնադարյան արվեստի ակունքներից, ձևավորվել էր ազգային կենսակերպի նրբերանգներից, բնության անմիջական տպավորություններից, ինչպես նաև պատմական իրադարձությունների և ժողովրդական բանահյուսության ազդեցությունից։

Նրա կտավներում զգացվում է խորը հարգանք դեպի հայկական մշակութային ժառանգությունը և միաժամանակ նորարարական մոտեցում՝ դրա մեկնաբանման հարցում։ Նրա արվեստում ներդաշնակորեն միահյուսված են ազգայինն ու համամարդկայինը, անցյալն ու ներկան, անհատականն ու հասարակականը։ Նրա գործերը ոչ միայն պատկերում են հայ ժողովրդի պատմությունը, այլև արտահայտում են հավերժական արժեքներ՝ սեր, հավատ, արդարություն և ազատություն։


✍️ Նանե Մանուկյան / PAN