Կարդալիքներ PAN-ից
May 25

Հեռու, հեռավոր գալակտիկայում. Ինչպես ծնվեցին «Աստղային պատերազմները»

Երբ հեռավոր 1977թ-ին էկրաններ բարձրացավ «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 4. Նոր հույսը» (Star Wars: Episode IV: A New Hope), ոչ ոք, ֆիլմի ստեղծող Ջորջ Լուկասից բացի, չէր կարող կանխատեսել, որ այն ոչ միայն հիթ կդառնա, այլև կվերածվեին իսկական մշակութային ֆենոմենի, որը կանխորոշելու է մի ամբողջ դարաշրջան։ «Աստղային պատերազմները» ուղղակի կինո չի, այն առասպելաբանություն է, որը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Բայց ինչպե՞ս է հայտնվել բոլոր ժամանակների գլխավոր Սագան։ Ինչպե՞ս է Լուկասին հաջողվել ստեղծել աշխարհ, որը մինչև հիմա ոգևորում ու ոգեշնչում է մարդկանց։

PAN-ը հրավիրում է ուղևորության «Աստղային պատերազմների» ստեղծման կուլիսներ, այնտեղ, որտեղ երազանքները բախվեցին իրականության հետ, իսկ համառության ու տաղանդի շնորհիվ ծնվեց լեգենդը։

Երիտասարդ վիզիոների երազանքները

«Աստղային պատերազմների» պատմությունը սկսվում է Ջորջ Լուկասից` երիտասարդ ռեժիսորից, ով 1970-ականների սկզբին հայտնի էր իր դեբյուտային «THX 1138» (1971) ֆանտաստիկ հակաուտոպիայով ու «Ամերիկյան գրաֆիտի» (American Graffiti, 1973) նոստալգիկ դրամայով։ Լուկասը այդ տարիներին տարված էր գրանդիոզ ինչ-որ բան ստեղծելու գաղափարով. տիեզերական օպերա, որը կհամադրեր դիցաբանական արխետիպերը, արկածներն ու առաջադեմ տեխնոլոգիաները։ Նա ոգեշնչվում էր ամենատարբեր աղբյուրներից. Ակիրա Կուրոսավայի ճապոնական սամուրայական ֆիլմերից (մասնավորապես, 1958թ-ի «Թաքնված ամրոցից») մինչև Ֆլեշ Գորդոնի մասին կոմիքսներ, հերոսական ուղու մասին Ջոզեֆ Քեմփբելի գրքեր ու, իհարկե, դասական գիտական ֆանտաստիկա։

Երազողները՝ Սթիվեն Սփիլբերգը (ձախից) ու Ջորջ Լուկասը:

Լուկասը երազում էր ֆիլմի մասին, որը ոչ միայն զվարճանք կլիներ, այլ կպատմեր պատմություն, որն ի զորու է դիպչել մարդկային հոգու ամենախորը լարերին։ Նա ուզում էր պատմել բարու և չարի, հույսի ու քավության, հսկայական համակարգին դեմ փոքր մարդու պայքարի մասին։ Սակայն 1970-ականների սկզբին Հոլիվուդը նման բանի պատրաստ չէր։ Ստուդիաները նախընտրում էին ռեալիստիկ դրամաներ ու ֆիլմ-աղետներ, իսկ գիտական ֆանտաստիկան համարվում էր նիշային ժանր երեխաների համար։

Սցենարի ծնունդը. Քաոսից` հեռու-հեռավոր գալակտիկա

Լուկասը սկսեց աշխատել «Աստղային պատերազմների» սցենարի վրա 1973թ-ին, ու դա իսկական ստեղծագործական մարաթոն էր։ Սցենարի առաջին սևագիրն այնքան հսկայական էր ու խճճված, որ անգամ Լուկասի մոտ ընկերները` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան ու Սթիվեն Սփիլբերգը խորհուրդ տվեցին պարզեցնել պատմությունը։ Ի սկզբանե Լուկասը պատկերացնում էր էպիկական սագա Սքայուոքերների դինաստիայի մասին, որն ընդգրկում էր մի քանի սերունդ։ Սակայն հետո նա հասկացավ, որ անհրաժեշտ է կենտրոնանալ մեկ պատմության վրա։

Հրաշալի վավերագրական ֆիլմ, որը մանրամասն պատմում է մեծագույն Սագայի ստեղծման պատմությունը

Այսպես ծնվեց երիտասարդ Լյուկ Սքայուոքերի մասին պատմությունը, ով ուղևորվում է վտանգավոր ճանապարհորդության` գալակտիկան չարի Կայսրության լծից ազատելու համար։ Լուկասը գիտակցաբար օգտագործում էր դիցաբանական արխետիպեր. Լյուկը դասական հերոս է, Օբի-Վան Կենոբին` իմաստուն ուսուցիչ (սենսեյ), Դարթ Վեյդերը` չարի մարմնացում, արքայադուստր Լեան` հույսի խորհրդանիշ, իսկ Հան Սոլոն` հերոսի ընկեր ու աջակից։ Իսկ պատմությունը ունիկալ էր դառնում Լուկասի հորինած աշխարհի շնորհիվ։ Նա ստեղծեց գալակտիկա, որում կյանքը ուղղակի վխտում է, ու միաժամանակ այն բավականին ռեալիստիկ տեսք ունի. ժանգոտած տիեզերանավեր, Տատուինի անապատները կիզիչ արևների տակ, այլմոլորակայիններով լի աղմկոտ պանդոկ և այլն։

Սփիլբերգը, Ջոն Միլիուսն ու Լուկասը

Հետաքրքիր է, որ Լուկասը միանգամից չի ընտրել «Աստղային պատերազմներ» անվանումը իր ֆիլմի համար։ Տարբերակներից թվում էին «Լյուկ Սթարքիլլերի արկածները» ու «Ուիլլերի մասին Սագան»։ Իսկ հռչակավոր ու անփոխարինելի «Վաղուց, շատ վաղուց, հեռու,  հեռավոր գալակտիկայում» (A long time ago in a galaxy far, far away....) նախադասությունը հայտնվել է գրեթե պատահաբար. Լուկասն ուզում էր, որ ֆիլմն ընկալվի որպես հեքիաթ, տարածությունից ու ժամանակից դուրս։

Պայքար արտադրության համար. Հավատն ընդդեմ համակարգի

Երբ Լուկասն իր նախագիծը ներկայացրեց ստուդիաներին, նա անմիջապես բախվեց թերահավատության ալիքի։ Universal-ն ու United Artists-ը հրաժարվեցին ֆինանսավորել ֆիլմը` այն համարելով չափազանց ռիսկային։ Միայն 20th Century Fox-ը, շնորհիվ պրոդյուսեր Ալան Լեդ, կրտսերի ու ոգեշնչված «Ամերիկյան գրաֆիտիի» հաջողությամբ, համաձայնեցված հատկացնել $8 մլն համեստ բյուջեն (որը հետագայում կաճի մինչև $11 մլն)։ Սակայն անգամ այս դեպքում Լուկասը ստիպված էր պայքարել յուրաքանչյուր ցենտի համար։

Նկարահանումները մեկնարկեցին 1976թ-ին` Թունիսում, որի անապատը իդեալական էր Տատուին մոլորակը պատկերելու համար։ Սակայն արտադրությունը հենց սկզբից վերածվեց իսկական մղձավանջի. տեխնիկան շարքից դուրս էր գալիս, եղանակը խառնում էր պլանները, իսկ դերասաններն ու նկարահանող խումբը հաճախ չէին հասկանում, ինչ են նկարում։ Մարկ Հեմիլը (Լյուկ), Քերրի Ֆիշերը (Լեա) ու Հարիսոն Ֆորդը (Հան Սոլո) երիտասարդ ու քիչ հայտնի դերասաններ էին, ու էկրանին նրանց միջև քիմիան առաջացավ գրեթե պատահաբար։

Ֆիլմի ստեղծման մեջ առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում վիզուալ էֆեկտները։ Լուկասը հիմնեց Industrial Light & Magic (ILM) ընկերությունը` իր գալակտիկան կյանքի կոչելու համար։ Երիտասարդ էնտուզիաստներից բաղկացած թիմը բառացիորեն ընթացքում էր հորինում նոր տեխնոլոգիաները։ Նրանք օգտագործում էին տեսախցիկի կառավարման նորարարական համակարգ` տիեզերանավերի մոդելները նկարելու համար, ինչը թույլ էր տալիս ստեղծել ճակատամարտերի դինամիկ դրվագներ։ Մահվան աստղի վրա հարձակվելու հռչակավոր դրվագը մինչև հիմա համարվում է անալոգային վիզուալ էֆեկտների գլուխգործոց։

Երաժշտություն, որը փոխեց ամեն ինչ

Անհնար է խոսել «Աստղային պատերազմների» մասին` առանց կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսին հիշատակելու։ Նրա գրած երաժշտությունը դարձավ Սագայի հոգին։ Լուկասն ուզում էր, որ երաժշտությունը էպիկական լինի, Վագների օպերաների ոգով, ու Ուիլյամսը գերազանցեց ինքն իրեն։ Յուրաքանչյուր նոտա իդեալական համալրում էր վիզուալ շարքը։ Ուիլյամսը ձայնագրեց սաունդթրեքը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ու, ըստ խոսակցությունների, անգամ երաժիշտներն էին ծափահարում գլխավոր թեմայի ձայնագրումից հետո։

Պրեմիերան ու տրիումֆը

Երբ 1977-ի մայիսի 25-ին «Աստղային պատերազմներն» էկրաններ բարձրացան, ոչ ոք պատրաստ չէր նման հաջողության։ Ֆիլմը մեկնարկել էր ընդամենը 32 կինոթատրոնում, սակայն խոսակցությունները նրա մասին տարածեցին կայծակնային արագությամբ։ Հերթերը տևում էին օրեր ու անգամ շաբաթներ, մարդիկ Ֆիլմը նայում էին տասնյակ անգամներ։ Ֆիլմը ամբողջ աշխարհում վաստակեց $775 մլն` դառնալով բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմը։

Հերթերը

Կինոքննադատները սկզբում բավականին զուսպ էին, սակայն հանդիսատեսն հիացած էր։ «Աստղային պատերազմները» կինոթատրոն վերադարձրին հրաշքի ու արկածների զգացումը։ Ֆիլմն արժանացավ յոթ «Օսկար» մրցանակի, այդ թվում` վիզուալ էֆեկտների, ձայնի ու երաժշտության համար։

Ժառանգություն. Գալակտիկա, որն ապրելու է հավերժ

«Նոր հույսի» աներևակայելի հաջողությունը թույլ տվեց Լուկասին ոչ միայն շարունակել Սագան, այլև հանել այն ստուդիական վերահսկողությունից` ինքնուրույն ֆինանսավորելով հետագա ֆիլմերը։ «Աստղային պատերազմները» վերածվեց անկախ հեղինակային կինոյի։ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» (Star Wars: Episode V - The Empire Strikes Back, 1980) ու «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը» (Star Wars: Episode VI - Return of the Jedi, 1983) խորացրեցին պատմությունը, դարձնելով այն ավելի անձնական ու դրամատիկ։ Լուկասը ոչ միայն ստեղծեց ֆիլմերը, այլև հիմք դրեց մի ամբողջ արդյունաբերության համար. խաղալիքները, կոմիքսները, գրքերը, համակարգչային խաղերը Սագայի տիեզերքը ընդլայնեցին մինչև աներևակայելի մասշտաբներ։

1999-ին Լուկասը կրկին վերադարձավ «Աստղային պատերազմներ»` պրիքվել եռագրության միջոցով պատմելով Անակին Սքայուոքերի նախապատմությունը։ Ու չնայած երկրպագուները կիսվեցին երկու բանակի` նրանց, ովքեր հավանում են պրիքվելը, ու նրանց, ովքեր չեն հավանում, ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց, ու այսօր գրեթե բոլոր երկրպագուների համար պրիքվել եռագրությունը համարյա նույնքան սիրելի է, որքան օրիգինալ եռագրությունը։

Իսկ մնացած պատմությունը արդեն գիտեք։ 2012թ-ին Լուկասը վաճառեց Lucasfilm-ը Disney-ին։ Վերջինս որոշեց շարունակել ընդլայնել տիեզերքը` փոփոխական հաջողությամբ, երբ որոշ հրաշալի ֆիլմերի ու սերիալների կողքին ակնհայտ աղբ է ու անարգանք Սագայի նկատմամբ։

Ինչո՞ւ ենք մենք շարունակում սիրել «Աստղային պատերազմները»

«Աստղային պատերազմները» շատ ավելին են, քան ուղղակի ֆիլմեր։ Դա հսկայական մշակութային շերտ է, կենսակերպ, աշխարհայացք, գրեթե` կրոն։ Այն հիշեցնում է, որ անգամ ամենախելահեղ գաղափարները կարող են իրականություն դառնալ համառության շնորհիվ։ Լուկասը երազող էր, ով մարտահրավեր նետեց համակարգին ու հաղթեց։ Նրա գալակտիկան սովորեցնում է մեզ, որ հերոս կարող է դառնալ ցանկացածը, լինի դա ֆերմեր Տատուինից, թե ազատության համար պայքարող արքայադուստր։

«Աստղային պատերազմների» յուրաքանչյուր կադր ներծծված է նարրատիվային արվեստի նկատմամբ սիրով։ Այս Սագան հույսի, ընտանիքի, սեփական դևերի դեմ պայքարի մասին է։ Ու ամեն անգամ, լսելով Ջոն Ուիլյամսի երաժշտությունը, տեսնելով դեպի աստղեր հեռացող դեղին տառերը, քեզ երեխա ես զգում, ով պատրաստ է հեռու-հեռավոր գալակտիկայում իր բաժին արկածներին։

Ու թող Ուժը ձեզ հետ լինի։


🎬 Արման Գասպարյան / PAN