Հանճարի ուղին. Քվենտին Տարանտինոյի բոլոր ֆիլմերը` լավագույնից ամենալավագույն
Քվենտին Տարանտինոն հանճար է։ Դա նույնպիսի փաստ է, ինչպես այն, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Տարանտինոն այն հազվագյուտ ռեժիսորներից է, ում նկարած բոլոր ֆիլմերը կամ հանճարեղ են, կամ շատ մոտ են այդպիսին լինելուն։ Այնպես որ, ռեժիսորի ֆիլմերի հետ կապված ցանկացած թոփ կազմելն անիմաստ է ու խիստ պայմանական։ Ըստ էության, Վարպետը լավագույն ֆիլմ չունի, իր բոլոր ֆիլմերն են լավագույնը: Ինչ-որ տրամադրության կամ իրավիճակի ժամանակ լավագույնը կարող է լինել «Կատաղած շները», մեկ այլ դեպքում՝ «Քրեական ընթերցվածքը», երրորդում՝ «Ջանգոն ազատվածը» և այլն: Այնպես որ, այդ նյութը թոփի առումով խիստ պայմանական է. ավելի շատ, սա Տարանտինոյին փառաբանելու հերթական առիթ է։
PAN-ը ռիսկի է դիմում ու պայմանականորեն դասավորում է Տարանտինոյի ֆիլմերը` լավագույնից ամենալավագույն։
10. «Մահակայուն», Death Proof (2007)
- Hey Warren. Who is this guy?
- And who the hell is Stuntman Mike?
2007-ին Քվենտին Տարանտինոն ու Ռոբերտ Ռոդրիգեսը, երկուսն էլ էժան էքսպլուատացիոն կինոյի մեծ սիրահարներ, որոշեցին էքսպերիմենտ անցկացնել՝ նվազագույն ռեսուրսներով նկարելով ոչ միայն ոճով, այլև՝ էությամբ գրայնդհաուսային («գրայնդհաուս» են անվանում էժան էքսպլուատացիոն կինո ցուցադրող կինոթատրոնները) կինո։ Եթե նախկինում Տարանտինոն դիմում էր գրայնդհաուսին զուտ ոճական առումով, այս անգամ որոշվեց նկարել ժանրի բոլոր կանոններով։ Ռեժիսորներից յուրաքանչյուրը նկարում էր մեկական ֆիլմ՝ հանդես գալով ոչ միայն բեմադրողի, այլև սցենարի հեղինակի ու օպերատորի դերում, մինիմալ միջոցներով, բայց հռչակավոր, կուլտային դերասաններով։ Գաղափարն այն էր, որ եթե նկարված ֆիլմերը ցուցադրվեին 70-ականների փոշոտ ավտոկինոթատրոններում, ոչ ոք չէր էլ կասկածի, որ հեղինակները հայտնի ռեժիսորներ են։ Կարճ ասած, նպատակը սեփական տաղանդը մաքսիմալ օգտագործելու միջոցով՝ հնարավորինս (միտումնավոր) անտաղանդ թռեշ նկարելն էր։
Ռոդրիգեսի մոտ ստացվեց «Սարսափի մոլորակը» (Planet Terror). աբսուրդի արյունալի թատրոն, թռեշ, սոդոմիա և այլն, որը, չնայած տապալվեց (բնականաբար) վարձույթում, սակայն ձեռք բերեց կուլտային ստատուս։ Տարանտինոն, իր հերթին, Ռոդրիգեսի ֆիլմի ու Grindhouse նախագծի ձախողումից հետո իր ֆիլմը՝ «Մահակայունը» վերամոնտաժեց ու թողարկեց լիարժեք ֆիլմի տեսքով։ Լիարժեք էքսպլուատացիոն կինոյի տեսքով՝ ուղիղ 1971-ի տեսասրահներից։
Հենց այդպիսին է տպավորությունը ֆիլմը նայելիս։ Կարծես, ձեղնահարկից գտել ես հորդ երիտասարդ տարիների VHS տեսաերիզները, փոշին թափ ես տվել, սարդոստայններից մաքրել ես տեսամագնիտոֆոնը ու միացրել ես սովետական «Горизонт» տաք լամպային հեռուստացույցին։ Կադրերի կորելը, գույնի անհատանալը, տարբեր արտեֆակտներն ակնհայտորեն հուշում են, թե ինչ տպավորություն էր ուզում թողնել Տարանտինոն։ Ու տպավորությունը լիարժեք է։
Ինքը՝ ռեժիսորը, հայտարարում է, որ «Մահակայունը» իր վատագույն ֆիլմն է։ Մենք համաձայն չենք։ Ռեժիսորն ընդհանրապես չունի վատագույն ֆիլմ, անգամ՝ եթե խոսքը զուտ մյուսների հետ համեմատելու մասին է։ Ամեն ֆիլմ ինչ-որ տրամադրության ու կատեգորիայի դեպքում կարող է մյուսներից լավը լինել, միաժամանակ՝ մյուսներից վատը լինելով այլ տրամադրության ու կատեգորիայի դեպքում։
«Մահակայունը» հիանալի ֆիլմ է, հնաոճ հորրոր պսիխոպատ կասկադյորի մասին՝ փառահեղ Կուրտ Ռասսելի ու մի շարք շքեղ կանանց մասնակցությամբ, հարդքորով, ավանդաբար սրամիտ երկխոսություններով, լավ երաժշտությամբ ու անսպասելի սյուժետային շրջադարձներով։ Պարբերաբար վերանայելով «Մահակայունը»` ամեն անգամ նոստալգիայի մեծ դոզա ես ստանում, կարծես ժամանակի մեքենայով ընկել ես ուղիղ 1987 թվական։ Ներկայում մոդայիկ է ռետրո ոճավորմամբ ֆիլմեր նկարելը, բայց Տարանտինոյի մոտ դա ստացվել է անգամ այն դեպքում, երբ իրադարձությունները ծավալվում են 2007-ին։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
9. «Անփառունակ սրիկաներ», Inglourious Basterds (2009)
Ֆաշիզմի դեմ ամենահամոզիչ ու միանշանակ հայտարարություններից մեկը, որը աբսուրդի, ժանրային դեկոմպոզիցիայի ու ծաղրի, ալտերնատիվ իրականություն կառուցելու, պայմանականությունները գլխիվայր շրջելու ու «հակառակ կողմից» մոտենալու միջոցով արել է Տարանտինոն: Տեղ-տեղ ծայրահեղ դաժան ու մռայլ, տեղ-տեղ հիստերիկ քրքիջ առաջացնող, անդադար սրամիտ, անընդհատ անակնկալներ մատուցող, կատարելության ձգտող կինոկտավ, որում չկա ոչ մի ավելորդ կադր, ոչ մի ավելորդ ժեստ ու ոչ մի ավելորդ բառ: Ամեն գույն ու ամեն դրվագ ֆիլմում ունի կոնկրետ նպատակ, ամեն դետալ ունի իր տեղն այս հսկա, բարդ խճանկարում:
«Անփառունակ սրիկաները» ռեժիսորի նախկին ֆիլմերի նման հղում չի անում իր սիրելի ժանրերին, կառուցվածքի մեջ էլ ոչ գծայնությունը մինիմալ է, սակայն այն հղում է անում ընդհանրապես՝ կինեմատոգրաֆին: Տարանտինոն իր ֆիլմում պայքարում է ֆաշիզմի դեմ հենց կինոյի՝ իր գլխավոր զենքի միջոցով, ու հենց կինոն է վերջում հաղթում այդ չարիքը: Ալտերնատիվ իրականության մեջ ռեժիսորը կոչ է անում ֆաշիզմի զոհերին դիմադրել, ատամներ ցույց տալ, անհրաժեշտության դեպքում՝ պատառոտել թշնամու կոկորդը: Ալտերնատիվ իրականության մեջ Տարանտինոն կառուցում է իր սեփական աշխարհը այնպիսին, ինչպիսին նա կցանկանար, որ այն լիներ. նույն հնարքը նա կրկնելու է տարիներ անց՝ իր մեկ այլ գլուխգործոցում:
Իմաստ չունի նկարագրել այն հանճարեղ իրավիճակային լուծումները, որոնց շնորհիվ ֆիլմը բաժանվել է ցիտատների ու առանձին մեմերի, Քրիստոֆ Վալցի փառահեղ դերասանական խաղը, մյուս դերասանական պարտիաները՝ մեկը մյուսից լավը: Այստեղ Տարանտինոն խաղացել է ոչ միայն ժանրերի, ոչ միայն կինոյի ստրուկտուրայի, այլև՝ համաշխարհային պատմության հետ, խաղացել է շատ հմուտ, հաճախ՝ հանճարեղ մարդուն հատուկ ցինիզմով՝ իր ասելիքն առավելագույնս վառ հասցնելու համար:
8. «Նողկալի ութնյակը», The Hateful Eight (2015)
- Now Daisy, I want us to work out a signal system of communication. When I elbow you real hard in the face, that means "shut up"!
Կարելի է պնդել, որ Տարանտինոյի յուրաքանչյուր ֆիլմ իր երազանքների ֆիլմն է. ահա թե ինչու է յուրաքանչյուրը՝ մինչև փայլ հղկված ադամանդ: Բայց «Նողկալի ութնյակը», որպես կոլոսս, վեր է խոյանում մյուսների նկատմամբ, երբ նայում ենք Տարանտինոյի ստեղծագործությանը ոչ թե պոստմոդեռնիզմի, կանոնները անտեսելու ու վերադասավորելու, ժանրերը դեստրուկտուրիզացիայի ենթարկելու, ոչ գծային պատմության, մշակութային ֆենոմենների վերլուծության կամ հայտարարությունների, այլ՝ մաքուր կինեմատոգրաֆի, պատմություն պատմելու ու դրամատուրգիայի տեսանկյունից:
«Նողկալի ութնյակը» հարյուր տոկոսով թատերական կինո է: Պատրաստի պիես, որը լրիվությամբ հնարավոր է բեմադրել ցանկացած թատրոնում, անգամ տանը՝ դերասանների առկայության դեպքում: Սա այնքան սահուն, հրաշալի գրված, հանճարեղ երկխոսություններով ու սցենարային լուծումներով, ծայրահեղ կամերային գործ է, որ նույն հաջողությամբ այն կարելի է նայել էկրանին, լսել ռադիոբեմադրության ընթացքում, կամ կարդալ, որպես պատրաստի վիպակ: Սա դրամատուրգիական առումով այնքան ընդգրկուն ու վարպետորեն կառուցված ստրուկտուրայով պատում է՝ իր հերոսներով, բնավորություններով, նրանց մոտիվներով, վարքագծով և այլն, որ լրիվ արժանի է դասվել ամերիկյան դասական գրականության լավագույն գործերի շարքում:
«Նողկալի ութնյակը» ոչ այնքան Տարանտինո-ռեժիսորի, որքան Տարանտինո-դրամատուրգի ու Տարանտինո-գրողի, ոչ այնքան տեսախցիկի, որքան գրչի ծնունդ է: «Նողկալի ութնյակը» տան գրադարանում պահվող այն յուրահատուկ գրքերից է, որը միշտ կարելի է բացել: Սա այն պատմությունն է, որը լրիվությամբ կարելի է բանավոր պատմել հավաքույթի ժամանակ: Փայլուն դերասանական կազմով, շքեղ օպերատորական աշխատանքով (ամբողջ ֆիլմը նկարվել է դեռ 50-60-ականներին օգտագործվող 65 մմ Panavision կինոխցիկով), Էննիո Մարիկոնեի սքանչելի երաժշտությամբ, բազում հղումներ անող (անգամ՝ Ջոն Կարպենտերի «Ինչ-որ բանը» (The Thing, 1982) ֆիլմին, որի ոգով ներծծված է ամբողջ պատումը), հիշվող ամբողջական դրվագներով, որոնք առանձին նույնպես կարելի է թատրոնում բեմականացնել, աննկարագրելի էներգետիկայով կինոկտավ է, որը դեռ էկրաններ բարձրանալու ժամանակ արդեն իսկ դասական էր:
Անպայման նայեք միայն 3 ժամանոց ռեժիսորական տարբերակը: Ընտիրագույն թատերական ներկայացման ներկա լինելու տպավորությունը միշտ կմնա ձեզ հետ:
7. «Ջանգոն ազատված», Django Unchained (2012)
- What's your name? - Django. - Can you spell it? - D-J-A-N-G-O. The D is silent. - I know.
Եթե «Անփառունակ սրիկաները» հակաֆաշիստական հայտարարություն էր, ապա Տարանտինոյի հաջորդ ֆիլմը մանիֆեստ էր ռասիզմի դեմ։ Ու էլի՝ միանշանակ, առանց կոմպրոմիսների, երևույթը ամենացինիկ ծաղրի ենթարկող, ու նորից՝ պայքարելու ակնհայտ կոչով։ Բայց Տարանտինոն Տարանտինո չէր լինի, եթե երկու անգամ մտներ միևնույն գետը, այդ իսկ պատճառով «Ջանգոն» զգալիորեն տարբերվում է նախորդ ֆիլմից, չնայած միանման շեշտադրումներին։
Սա մեծ ֆիլմ է։ Ոչ միայն գեղարվեստական արժեքի առումով, այլև տեխնիկապես՝ քրոնոմետրաժով, լոկացիաների քանակով, մասշտաբներով և այլն։ Մեծ, բարդ (ինչպես միշտ՝ Տարանտինոյի մոտ), բազմաշերտ, ու ավելի շատ կամերային հեղինակային կինոյին սովորած Տարանտինոյի համար՝ լրիվ նորույթ իր տեխնիկական մասշտաբներով, ինչը, սակայն չխանգարեց նրան ստեղծել փառահեղ ֆիլմ։ Հաշվի առնելով, որ Տարանտինոյի բոլոր ֆիլմերն, այս կամ այն կերպ, միմյանց հետ փոխկապակցված են, զարմանալի չէ, որ նախորդ՝ «Անփառունակ սրիկաներից» հետո նոր ֆիլմում հեղինակը կառուցել է գերմանացու՝ ծայրահեղ դրական կերպար՝ նորից Քրիստոֆ Վալցի փայլուն կատարմամբ։
Ինչպես Տարանտինոյի ցանկացած ֆիլմ, սա ևս մեծագույն ոգեշնչման արդյունք է, այս անգամ, սպագետտի վեսթերններով, հատկապես՝ Սերջո Կորբուչիի «Ջանգո» (Django, 1966) ֆիլմով, որի գլխավոր դերակատար Ֆրանկո Ներոն մի քանի րոպեով հյուրընկալել է նաև Տարանտինոյին։ Իհարկե, առանց ժանրի դեկոնստրուկցիայի չէր լինի, չնայած այս անգամ ևս ոչ գծայնությունը մինիմալ է. սակայն սպագետտի վեսթերնի ոճում հակառասիստական ֆիլմ նկարելը մաքսիմալ նորարար մոտեցում էր։ Իսկ եթե դա նաև, ռեժիսորին ոչ հատուկ, սիրո շատ նուրբ պատմություն է, ֆիլմի արժեքը կարելի է եռապատկել։ Նաև, եթե հաշվի առնենք, որ այստեղ այնպիսի Դի Կապրիո է, ինչպիսին չկա այլևս ոչ մի ֆիլմում, «Ջանգոյի» արժեքը միանգամից հարյուրապատկվում է։
Տարանտինոյի ֆիլմերի միջև փոխկապակցվածությունը երբեմն այնքան նուրբ է, որ դժվար է հասկանալ՝ ֆիլմի գաղափարը ծնվել է նախորդ ֆիլմի սցենարը գրելո՞ւ ժամանակ, թե՞ ավելի ուշ։ Եթե հիշում եք, «Անփառունակ սրիկաներում» տավերնայի հռչակավոր դրվագում մայոր Հելսթորմը մինչև Քինգ Քոնգին գուշակելը հարցնում է՝ արդյո՞ք սա պատմություն է Ամերիկայում սևամորթների մասին։
6. «Ջեքի Բրաուն», Jackie Brown (1997)
- How'd you find me? - Winston found you. - How the fuck did he find me? - That's what Winston does. He finds people who don't want to be found.
Տարանտինոն բազում «ուսուցիչներ» է ունեցել, որոնցից առանցքայինը քրեական վեպերի մեծ վարպետ Էլմոր Լեոնարդն է։ Հենց Լեոնարդն է Տարանտինոյին սովորեցրել ոչ միայն ոչ տրիվիալ պատմություններ պատմել, այլև յուրաքանչյուր ծավալուն կերպարի բերանում սուր լեզու դնել։ Ու զարմանալի չէ, որ ռեժիսորի արդեն երրորդ ֆիլմը, Կաննի տրիումֆից ու լուրջ ընդունվելուց հետո, հենց իր ուսուցչի Rum Punch գրքի էկրանավորումն էր։
«Ջեքի Բրաունն» այնքան պոպուլյար չի, որքան Տարանտինոյի առաջին երկու գործերն, ու ծայրահեղ թերագնահատված է, բայց ուշադիր նայելու դեպքում «Ջեքի Բրաունը» մաքուր ադամանդ է։ Պետք է իմանալ երկու բան Տարանտինոյի մասին. նա ոչ միայն Էլմոր Լեոնարդի գրքերի մեծ երկրպագու է, այլև 70-ականների էժան էքսպլուատացիոն կինոյի մեծ սիրահար, ով տոննաներով նայել է նման ամենատարբեր ֆիլմեր, իսկ «Ջեքի Բրաունի» գլխավոր դերակատար Փեմ Գրիերը հենց նման ֆիլմերի աստղ է ու իսկական կուռք Տարանտինոյի համար։
Հետևաբար, «Ջեքի Բրաունը» մաքրամաքուր սիրո ծնունդ է՝ միտումնավոր նկարված հենց էքսպլուատացիոն կինոյի ոճում, ժանրի բոլոր կանոններով, որում, սակայն, նկատելի են Տարանտինոյի դրամատուրգիական ու ռեժիսորական վարպետությունը, երաժշտական նուրբ ճաշակը, ինչպես նաև հիանալի դերասանական պարտիաները (հատկապես Սեմյուել Ջեքսոն-Ռոբերտ Դե Նիրո-Փեմ Գրիեր-Ռոբերտ Ֆորսթեր քառյակի դեպքում)։ Փառահեղ ֆիլմ է, որը կարելի է պարբերաբար վերանայել՝ ամեն անգամ նոր նյուանսներ բացահայտելով։ Ի դեպ, սա նաև Տարանտինոյի սիրելի ֆիլմն է իր նկարածներից։
5. «Սպանել Բիլլին. Գլուխ 1», Kill Bill: Vol. 1 (2003)
- Son number one? - Yeah? - This tall drink of cocksucker ain't dead.
Տարանտինոյի չորրորդ կինոն իր ժամանակ վարպետի magnum opus-ն էր հենց իր համար։ Կինովարձույթի սրահում աշխատելու տարիներին ապագա ռեժիսորը առանց կոնկրետ ընտրության, տոննաներով նայում էր ամենատարբեր ֆիլմեր։ Հատկապես նրան դուր էին գալիս սպագետտի վեսթերնները, դասական գանգստերական ֆիլմերը, 70-ականների էքսպլուատացիոն կինոն ու, իհարկե, սամուրայական ու հոնգքոնգյան մարտաֆիլմերը։ Բայց Տարանտինոն ուղղակի չէր նայում դրանք, այլ անցկացնում էր իր գիտակցության միջով, այցելում էր այդ ֆիլմերի աշխարհներ ու ոգեշնչում էր գտնում՝ իր սեփական պատմությունը հղկելու ու բյուրեղացնելու համար։
Իզուր չէ, որ «Սպանել Բիլլին. Գլուխ 1»-ը սկսվում է գրայնդհաուսային կինոյի մուտքով, այն պարզունակ (առաջին հայացքից) էժան գործերի, որոնք ցուցադրվում էին ավտոկինոթատրոններում ու վիդեոսալոններում։ Սակայն, ինչպես միշտ է Տարանտինոյի դեպքում, ժանրերի պոստմոդեռնիստական կազմաքանդումն ու սեփական պատկերացման պրիզմայով հավաքելը, բոլոր կանոնների պահպանմամբ, ծնել է ֆիլմ, որը թե ձևի, ու թե բովանդակության առումով կատարյալ է։ Վրեժի պատմության առաջին մասը՝ միտումնավոր չափազանցված, բայց հրաշալի բեմադրված մարտական տեսարաններով, սիրելի ժանրերին անդադար հղումներով, սրամիտ երկխոսություններով, աբսուրդի հասնող իրավիճակներով, ուլտրաբռնությամբ ու, ավանդաբար, երաժշտության հիանալի ընտրությամբ, մի հատ մեծ ու շողշողուն սիրո խոստովանություն է ֆիլմերին, որոնք նաև մենք էինք տոննաներով նայում մութ ու ցուրտ տարիներին, երբ տեսամագնիտոֆոններն ու վիդեոկասետները նոր էին հայտնվել, իսկ լույսերը տալիս էին մի քանի ժամով։
4. «Սպանել Բիլլին. Գլուխ 2», Kill Bill: Vol. 2 (2004)
- You hocked a Hattori Hanzo Sword? - Yep. - It was priceless. - Well, not in El Paso, it ain't. In El Paso I got me $250 for it.
Ուշադիր զննության դեպքում կան բազում ակնարկներ, որ Տարանտինոյի բոլոր կամ համարյա բոլոր ֆիլմերի իրադարձությունները ծավալվում են նույն աշխարհում։ Օրինակ, կարծիք կա, որ «Կատաղած շներից» Վիկ Վեգան «Քրեական ընթերցվածքից» Վինս Վեգայի եղբայրն է, իսկ Red Apple ծխախոտը կա գրեթե բոլոր ֆիլմերում։ Մեկ աշխարհում լինելը, սակայն, պարզ իմաստով չի։ Եթե հիշում եք, «Քրեական ընթերցվածքում» Միա Ուոլեսը պատմում է, որ խաղացել է Fox Force Five սերիալի պիլոտում՝ հինգ մարդասպաններից բաղկացած թիմի մասին, որում Միան մարմնավորում էր մորուքավոր անեկդոտներ պատմող դանակներով կռվի մասնագետի։
«Սպանել Բիլլին» դիլոգիայի «Մահաբեր իժ» մարդասպանների ջոկատը (Deadly Viper Assassination Squad) նույնպես բաղկացած է հինգ հոգուց՝ Black Mamba, Cottonmouth, Copperhead, Sidewinder ու California Mountain Snake՝ Բիլլի (Snake Charmer) գլխավորությամբ։ Տարանտինոն ինտերպրետացիայի մեծ տեղ է թողնում, այնպես որ, կարող եք մտածել, որ «Սպանել Բիլլին» դիլոգիան չհաջողված պիլոտից հետո նույն պատմության հիման վրա «Քրեական ընթերցվածքի» աշխարհում նկարված հաջողված ֆիլմ է, կամ պիլոտը, եթե այն հաջողված լիներ։
Մնացած առումներով, երկրորդ ֆիլմի մասին կարելի է գրել գրեթե նույնն, ինչ առաջինի։ Ուղղակի երկրորդն ավելի հագեցած է ու բազմազան, սամուրայական ֆիլմերի փոխարեն այստեղ քունգ ֆուի մասին ֆիլմերի փառահեղ հղումներ են, ինչպես նաև աննկարագրելի Դեյվիդ Քերըդայն, Մայքլ Մեդսեն ու Դերիլ Հաննա։
3. «Քրեական ընթերցվածք», Pulp Fiction (1994)
- Whose motorcycle is this? - It's a chopper, baby. - Whose chopper is this? - It's Zed's. - Who's Zed? - Zed's dead, baby. Zed's dead.
Եվս մեկ բացարձակ գլուխգործոց։ Շատերը կասեն, որ հենց սա է Տարանտինոյի լավագույն ֆիլմն, իր ստեղծագործական հասունության ու հանճարի գագաթնակետը։
«Քրեական ընթերցվածքը» ճակատագրի մասին ոչ գծային պատում է, որը նկարահանված է այնպես, որ հետագայում մտքում սյուժեն վերապրելով՝ տեսնում ես այն ճիշտ ժամանակային քրոնոլոգիայով։ Ճակատագրի ոչ թե կրոնական կամ միստիկ իմաստով, չնայած նուրբ միստիկա ֆիլմում կա, այլ պատճառահետևանքային կապերի, մարդկանց որոշումների ու գործողությունների՝ միմյանց հետ փոխկապակցված, խճճված լինելու մասին։
Մեզ համար այս ֆիլմն արդեն սովորական է, բայց պատկերացրեք, թե ինչ են զգացել մարդիկ, ովքեր այն առաջին անգամ են նայել։ Կարելի է անսահման սիրահարվել այս ֆիլմին։ Կարելի է անգիր ցիտել յուրաքանչյուր դրվագ, բայց, միևնույն է, վերանայելիս նույն անսահման հրճվանքն ապրել։ Ու ամեն անգամ մտածել, թե ինչ աղքատ կլիներ կինեմատոգրաֆն առանց Տարանտինոյի։
2. «Մեկ անգամ... Հոլիվուդում», Once Upon a Time in… Hollywood (2019)
- You're the one with the big mouth, and I would really enjoy closing it, especially in front of all my friends. But my hands are registered as lethal weapons. That means, we get into a fight, I accidentally kill you? I go to jail.
Տարանտինոն հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր վերջին՝ տասներորդ ֆիլմը պիտի լինի իր ստեղծագործական գործունեության հանրագումարը։ Բարդ է պատկերացնել կինո, որն ավելի մեծ հանրագումար կարող է լինել Տարանտինո-ռեժիսորի համար, քան «Մեկ անգամ... Հոլիվուդում» ֆիլմն է։ Ի վերջո, ի՞նչն է Տարանտինոյի համար ամենաէականը. հրաշալի գրված ու բեմադրված պատմությո՞ւնը։ Իհարկե, դա էական է, հակառակ դեպքում իր սցենարները ու դրվագները ցիտատների չէին բաժանի։ Դա Տարանտինոյի համար պարտադիր պայման է։ Բայց իր համար ամենաէական դետալը բուն պատմությունը չի, այլ գործիքը, հումքը, որի միջոցով նա կարող է պատմել։ Տարանտինոյի համար կենտրոնականը ոչ թե կինոյում տեղի ունեցողն է, այլ հենց ինքը՝ կինոն, այն հիմքը, որի շուրջ նա կառուցում է իր աշխարհները. սկսած սցենարը գրելուց ու ոգեշնչման աղբյուրներից մինչև պրոդյուսերների հետ բանակցություններ, քասթինգ, նկարահանման պրոցես, կարճ ասած՝ այն ամենն, ինչն արդյունքում բերում է ունիկալ պատմությունների ձևավորմանը։ Այսինքն՝ կինեմատոգրաֆն այնպես, ինչպես կա. իր ահռելի մշակույթային ազդեցությամբ ու շերտերով, իր հանդիսատեսով, իրական կյանք թափանցելու ու իրական կյանքը սպունգի նման ներծծելու կարողությամբ, իր կարևորությամբ, անփոխարինելիությամբ ու անձեր ձևավորելու ուժով։
Տարանտինոյի ցանկացած ֆիլմ որոշ առումով հենց կինոյի մասին է, հայելի է կինոյի համար ու ինքն իրենով (կինոն՝ կինոյով) հիանալու հնարավորություն։ Ու նա իր ամբողջ ստեղծագործական գործունեության անկյունաքարը դրել է «Մեկ անգամ... Հոլիվուդում» կտավի հիմքում. հնարավո՞ր է ավելի ընդգրկուն ամփոփում։ Մեր կարծիքով, ոչ։ Հետևաբար, սա նաև Տարանտինոյի ամենահասուն ֆիլմն է, ինքնավերլուծության ու աշխարհընկալման ստենոգրաֆիան։ Սա միանշանակ այն կինոն է, որով ռեժիսորը հանգիստ կարող էր եզրափակել իր փառահեղ ուղին՝ ասելով՝ «ես ամեն ինչ ասեցի»։
Լինելով ծայրահեղ կրքոտ սիրո խոստովանություն կինոյին (ընդհանրապես կինոյին՝ 8 մմ ուսանողական կարճամետրաժներից մինչև բլոկբաստերներ, թրեշ ու բարդ արտհաուս), լինելով մի ամբողջական ռեվերանս արվեստներից կարևորագույնին, լինելով նաև ռետրոսպեկտիվ ամբողջ տարանտինոյական խոհանոցին՝ «Մեկ անգամ... Հոլիվուդում» ֆիլմը նաև տուրք է այն ժամանակահատվածին, որ նկարագրում է։ Դա ոչ միայն Տարանտինոյի վաղ մանկությունն է (ամենաքաղցր փուլն ամեն մարդու համար), դա այն դարաշրջանն է, որն իր ատրիբուտներով ձևավորել է Տարանտինոյին, ու նա աննկարագրելի հաճույքով ու հրճվանքով պատմում է այդ կախարդական, լուսավոր ու գունագեղ, կյանքով ու անսպառ բացահայտումներով լի ժամանակի մասին, կարծես իրեն ու իր հանդիսատեսին բացառիկ հնարավորություն է տրվել կրկին հայտնվելու այնտեղ։ Ու ինքն անշտապ, վայելելով ամեն դետալ (սա դետալների կինո է), իր պատմածից ոգեշնչված ու տարված գիդի նման կինոդիտողի առջև բացահայտում է իր անձնական դրախտը. այն վայրը բանականության խորքերում, որը մենք սիրով ու խնամքով պահում ենք ու որը մեզ հետ է հատկապես բարդ ժամանակներում։
Եթե դու ունես հոլիվուդյան ոսկեդարի, հեղափոխական 60-70-ականների ու սպագետտի վեսթերնների բագաժ, այս ֆիլմը նայելուց դու հրճվանքից անընդհատ գոռալու ես ու փշաքաղվես։ Եթե դու իրոք սիրում ու հասկանում ես Տարանտինոյին, ապա այս ֆիլմը քո համար ծայրահեղ ինտիմ, գրեթե գաղտնի հաճույք է լինելու։ Իսկ եթե դու Տարանտինոն ես, ապա սա նկարելուց դու ապրել ես կյանքիդ ամենաերջանիկ պահերը, որովհետև նման կինո միայն երջանիկ մարդն է նկարում։
1. «Կատաղած շներ»*, Reservoir Dogs (1992)
- You kill anybody? - A few cops. - No real people? - Just cops.
Մի քանի տղամարդ սրճարանում քննարկում են Մադոննայի Like a Virgin հիթը։ Հետո, քննարկումը հասնում է մատուցողներին թեյավճար տալ-չտալու նպատակահարմարությանը։ Տարանտինոյի դեբյուտի առաջին յոթ րոպեները դրամատուրգիական մաստեր-կլասս են, դիալոգների մեծ վարպետի հանճարի առաջին առկայծումները, թե ինչպես է պետք կառուցել սովորական զրույց, որից անհնար է կտրվել։
«Կատաղած շները», մեր համոզմամբ ու տասնյակ վերադիտումների արդյունքներով, Տարանտինոյի լավագույն ֆիլմն է։ Պոստմոդեռնիստական կամերային քրեական թրիլլեր, նկարված մի քանի կոպեկով, ոչ գծային սյուժեով (ինչը հետո ավանդական կդառնա Վարպետի ֆիլմերի մեծ մասի դեպքում), աննկարագրելի երկխոսություններով, որոնք վաղուց արդեն բաժանվել են ցիտատների, ոչ տրիվիալ սցենարային կառուցվածքով (զուգարանի մասին պատմությունը՝ պատմության մեջ, երբ հեղինակն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ինչ են պատկերացնում ունկնդիրները՝ պատմություն լսելիս, ծայրից ծայր հանճարեղ է), ինչպես նաև հին ու բարի ուլտրաբռնություն, որը, նորից, դառնալու է Տարանտինոյի ֆիլմերի այցեքարտը։ Պլյուս, մի փունջ հղումներ անցյալի ֆիլմերի՝ սկսած կինոկոմիքսներից մինչև դասական գանգստերական ֆիլմեր։ Այս ամենը խիստ վարպետորեն համեմված է երաժշտական ուղեկցության սկուրպուլյոզ ընտրությամբ այնպես, որ հետո տվյալ երգերը լսելիս պատկերացնեք տվյալ դրվագը։
Իհարկե, ամենակարևորը դերասանական պարտիաներն են։ Հարվի Քեյթելի, Թիմ Ռոթի, Մայքլ Մեդսենի ու Սթիվ Բուշեմիի փառահեղ խաղը լրացուցիչ էներգետիկա է հաղորդում այս, արդեն կուլտային կինոկտավին։ Իրոք՝ իսկական կինո։ Բացարձակ գլուխգործոց։
* Ֆիլմի անվանումը գրեթե անհնար է ճշգրիտ թարգմանել։
Tarantino has mentioned that while working in a video rental store, he once recommended the French film Au Revoir les Enfants (1987) to a customer, who misunderstood and referred to it as "that reservoir dogs movie." This humorous misunderstanding might have inspired the title.
Եթե փորձենք հնարավորինս մոտ բառախաղերով, կլինի «Հաջո՜ղ, կատաղածներ»։