Կնատյաց մաչոները մեղադրվում են բռնաբարությունների և 50+ այլ հանցանքի մեջ. Թեյթ եղբայրների տխրահռչակ «փառքը» ու ձերբակալությունը
Էնդրյու Թեյթը պետք է Մայամիում մենամարտերի մրցաշարի մասնակցեր, բայց մարզահամալիրի մոտ նրան երկրպագուների բազմության փոխարեն սպասում էին ԱՄՆ դաշնային մարշալները։ Սկանդալային բլոգեր, նախկին պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ Թեյթը և նրա եղբայր Տրիստան Թեյթը ձերբակալվել են Մեծ Բրիտանիայի ներկայացրած արտահանձնման պահանջով։ ԱՄՆ ուժային մարմինները հաստատել են, որ եղբայրները կալանավորված են, պաշտոնական Լոնդոնն էլ հայտարարել է, որ պատրաստվում է հասնել Միացյալ Թագավորություն նրանց արտահանձնմանը։
Էնդրյու և Տրիստան Թեյթերը միաժամանակ մի քանի երկրում ընթացող մի քանի տասնյակ գործերի կենտրոնում են։ Մեծ Բրիտանիայում նրանց դեմ առաջադրված մեղադրանքները վերաբերում են բռնաբարություններին, մարդկանց սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգին և այլ ծանր հանցագործություններին։ Ռումինիայում եղբայրները մեղադրվում կամ կասկածվում են կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու, մարդկանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգի, սեռական շահագործման և փողերի լվացման մեջ։ Միացյալ Նահանգներում ևս նրանց գործունեության վերաբերյալ քննություն էր սկսվել։
Եղբայրները բոլոր մեղադրանքները հերքում են։ Նրանց փաստաբանը պնդում է, որ բրիտանական նոր մեղադրանքները «քաղաքական հարձակում» են, իսկ Էնդրյու Թեյթը տարիներ շարունակ իր դեմ ընթացող գործընթացները ներկայացնում է որպես «վհուկների որս» և իրեն լռեցնելու փորձ։ Վերջին շրջանում այս կամ այն հանցագործությունների մեջ մեղադրվող հանրային դեմքերը ավելի ու ավելի հաճախ են իրենց բառապաշարում ներառում «վհուկների որս» արտահայտությունը, գուցե մտածելով, թե այդ կերպ իրենց անձից կկարողանան անջատել մեղադրանքների ծանրությունը։ Բայց եկեք ընդունենք, որ այդ մեթոդներն արդեն առնվազն համոզիչ չեն։
Էնդրյու Թեյթի՝ կանանց նկատմամբ նվաստացուցիչ և բռնությունն արդարացնող հայտարարությունները լսել են բոլորը ու կարծես քչերն են զարմանում առաջադրված մեղադրանքների տարափից։ Ու գլխավորը՝ նա այդ հայտարարությունները տարիների ընթացքում կարողացել է վերածել միլիոնավոր հետևորդների, վճարովի դասընթացների, ցոփ ու շվայտ կյանքի։ Ու կարծես տրամաբանական է, որ «տոքսիկ առնականության արքա» տիտղոսին արժանացած ինֆլուենսերի հանրային կերպարը տարիների ընթացքում ավելի ու ավելի հաճախ է հատվում քրեական վարույթների հետ։
7 ԵՆԹԱԴՐՅԱԼ ՏՈՒԺՈՂ ԵՎ ՏԱՍՆՅԱԿ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Մեծ Բրիտանիայի իրավապահների տվյալներով՝ Էնդրյու և Տրիստան Թեյթերի գործով ենթադրյալ տուժողների թիվը հասել է յոթի։ Բրիտանական դատախազությունը հայտնել է, որ արդեն գոյություն ունեցող մեղադրանքներին ավելացվել է ևս 38-ը, իսկ եղբայրների դեմ առաջադրված մեղադրանքների ընդհանուր թիվը հասել է 59-ի։ Ենթադրյալ հանցագործությունները, ըստ մեղադրող կողմի, կատարվել են 2010 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում։ Էնդրյու Թեյթին լրացուցիչ մեղադրում են բռնաբարության յոթ դրվագի, սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի, մարմնավաճառությունից շահույթ ստանալու և մի շարք այլ հանցագործությունների համար։ Անչափահասների շահագործման դրվագներով նրան վերագրվում է շուրջ 19 առանձին մեղադրանք։
Նրա եղբոր՝ Տրիստան Թեյթին առաջադրված մեղադրանքների շարքում են բռնաբարության երկու դեպք և մարդկանց սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգը կազմակերպելու կամ դրան նպաստելու երեք դեպք։ Նյութերում հիշատակվում են նաև ծեծի, պոռնոգրաֆիկ նյութերի տարածման և այլ ենթադրյալ հանցագործությունների մասին մեղադրանքներ։ Բրիտանական դատախազության ծանր հանցագործությունների բաժինը հայտարարել է, որ նոր մեղադրանքների ներկայացման որոշումն ընդունվել է Բեդֆորդշիրի ոստիկանությունից ապացույցների լրացուցիչ փաթեթ ստանալուց հետո։ Դրա արդյունքում գործով ենթադրյալ տուժողների թիվը երեքից հասել է յոթի։
Դեռևս 2024 թվականին Բեդֆորդշիրի ոստիկանությունը կարողացել էր հասնել երկու եղբայրների ձերբակալման եվրոպական հրամանագրեր ստանալուն։ Նպատակը նրանց Ռումինիայից Մեծ Բրիտանիա արտահանձնելն էր, բայց այդ պահին եղբայրները Ռումինիայում ևս քրեական գործընթացների մեջ էին։ Հետագայում Թեյթերը դատարանի միջոցով փորձեցին ստանալ բրիտանացի այն մարդկանց անունները, որոնք այդ գործով տուժողներ էին համարվում, բայց պարտվեցին դատը։ Դատախազությունը որոշեց, որ ենթադրյալ տուժողների ինքնությունը պետք է գաղտնի մնա մինչև դատավարության պաշտոնական մեկնարկը։
Մի քանի ենթադրյալ տուժողների շահերը ներկայացնող փաստաբան Մեթ Ջուրին նոր մեղադրանքների առաջադրումը կարևոր քայլ է անվանել։ Նրա խոսքով՝ եղբայրները մեղադրվում են ամենածանր հանցագործություններից մի քանիսը կատարելու մեջ, ու եկել է դատարանի առջև կանգնելու ժամանակը։ Թեյթերի փաստաբան Ջոզեֆ Մաքբրայդը, հակառակը, հայտարարել է, թե «ամբողջ աշխարհը գիտի», որ իր պաշտպանյալներն անմեղ են։ Նրա պնդմամբ՝ բրիտանական կողմի նոր գործողությունները կապված են ԱՄՆ-ում եղբայրների ներկայացրած զրպարտության հայցերի հետ և նպատակ ունեն վնասել նրանց։
Արտահանձնման հարցը պետք է քննվի ամերիկյան դաշնային դատարանում։ Թեյթերն ունեն և՛ ԱՄՆ, և՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, սակայն դա նրանց չի ազատում բրիտանական դատարանի առջև կանգնելու պարտավորությունից։ ԱՄՆ-ում նրանց ձերբակալությունը դեռևս չի նշանակում, որ արտահանձնումը պարտադիր տեղի կունենա, բայց դրանով սկսվում է համապատասխան դատական գործընթացը։ Այսպիսով, Մայամիում տեղի ունեցած ձերբակալությունը ամենևին էլ եղբայրների շուրջ ստեղծված պատմության ավարտը չէ։ Ավելի շուտ՝ այն մի քանի երկրներում տարիներ շարունակ կուտակված գործերը մեկ ընդհանուր հանգույցում ամփոփող նոր փուլ է։
ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՌՈՒՄԻՆԻԱ ԵՎ ԿՐԿԻՆ ԱՄՆ
Մինչև Մայամիում ձերբակալվելը Թեյթերն արդեն հասցրել էին մի քանի անգամ փոխել երկիրը՝ ամեն նոր երկրում իրենց հետևից տանելով մեղադրանքների երկար շղթան։ 2025 թվականին եղբայրները Ռումինիայից մեկնել էին ԱՄՆ, երբ ռումինական իշխանություններն անսպասելիորեն վերացրել էին նրանց նկատմամբ սահմանված երկրից դուրս գալու արգելքը։ Նրանք մասնավոր ինքնաթիռով ուղևորվել էին Ֆլորիդա, բայց այնտեղ ևս երկար ժամանակ չանցած նոր իրավական խնդիրներ էին ունեցել։ Ֆլորիդայի գլխավոր դատախազը հայտարարել էր եղբայրների գործունեության շուրջ քրեական հետաքննություն սկսելու մասին։ Գործընթացին աջակցում էր Սեռական շահագործման դեմ պայքարի ԱՄՆ ազգային կենտրոնը, որը ներկայացնում էր Էնդրյու Թեյթի ենթադրյալ տուժողներից մեկի շահերը։
Ռումինիայից նրանց հեռանալը նաև քաղաքական ենթադրությունների տեղիք տվեց։ Քննարկվում էր, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող էր ռումինական դատախազության վրա ճնշում գործադրել։ Եղբայրները բացահայտ աջակցել էին Թրամփին նրա նախընտրական արշավի ընթացքում։ Թրամփը, իհարկե, հայտարարեց, որ տեղյակ չի եղել Թեյթերի նկատմամբ սահմանված արգելքի վերացման մասին։ Եղբայրներն էլ հերքեցին, թե արտաքին միջամտության շնորհիվ են կարողացել հեռանալ Ռումինիայից։
Այնուամենայնիվ, ռումինական իշխանությունները նրանց զգուշացրել էին, որ պետք է վերադառնան և ներկայանան դատարան, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կարող է ավելի խիստ խափանման միջոց կիրառվել։ Մոտ մեկ ամիս անց Էնդրյուն և Տրիստանը իսկապես վերադարձան Բուխարեստ և ներկայացան ոստիկանություն՝ փորձելով ցույց տալ, որ պատրաստ են համագործակցել իրավապահների հետ։ Ոստիկանական բաժնից դուրս գալուց հետո Էնդրյուն այդպես էլ չպատասխանեց՝ պատրաստվո՞ւմ է մնալ Ռումինիայում, թե՞ ոչ։ Փոխարենը խոստացավ պաշտպանել իր հեղինակությունը թե՛ Ռումինիայում, թե՛ Մեծ Բրիտանիայում։ Դե, իսկ ԱՄՆ-ում սկսված քննության մասին հարցին նա պատասխանեց իրեն հատուկ ամբարտավան ոճով ու հայտարարեց, թե տարբեր երկրներում իրեն հետապնդում են, որովհետև ինքը «մոլորակի ամենակարևոր մարդկանցից մեկն է»։ Իր դեմ գործընթացներն էլ հերթական անգամ անվանեց «վհուկների որս»։
Ի դեպ, եղբայրների ճամփորդական քարտեզը վերջին տարիներին գրեթե նույնքան խճճված է, որքան նրանց իրավական գործերը։ Ռումինիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, կրկին Ռումինիա և նորից ԱՄՆ։ Այդ ընթացքում նրանք հասցրել էին նաև Ռուսաստան այցելել և մասնակցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ նրանց դիմավորել էին ավանդական աղուհացով, ժողովրդական պարերով և Матушка երգով։
ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՍԿԻԶԲԸ
Վերադառնանք այս խճճված կծիկի սկզբնական կետին։ Թեյթ եղբայրների շուրջ ամենամեծ քրեական հետապնդումը սկսվեց Ռումինիայում, ուր նրանք տեղափոխվել էին 2016 թվականին։ Էնդրյու Թեյթը չէր էլ թաքցնում, թե ինչու է ընտրել հենց այդ երկիրը։ Նա բացահայտ ասել էր, որ իրեն դուր է գալիս ապրել այնպիսի երկրներում, որտեղ կոռուպցիան հասանելի է բոլորին, իսկ փողը, ազդեցությունն ու իշխանությունը հնարավորություն են տալիս չհետևել «անիմաստ օրենքներին»։ Հետագայում պարզվեց, որ Ռումինիայի իրավական համակարգի վերաբերյալ նրա պատկերացումները մի փոքր չափազանցված էին։
Ըստ Ռումինիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալության վարկածի՝ Էնդրյու և Տրիստան Թեյթերը 2021 թվականին հանցավոր խումբ էին ստեղծել, որը զբաղվում էր Ռումինիայում, Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում մարդկանց թրաֆիքինգով։ Գործով անցնում էին նաև Ռումինիայի երկու քաղաքացի՝ ոստիկանության նախկին աշխատակից Լուանա Ռադուն և Ջորջիանա Նագելը։
Քննիչների պնդմամբ՝ եղբայրները կանանց մոլորեցրել էին՝ նրանց հետ ռոմանտիկ հարաբերություններ և ամուսնություն խոստանալով։ Այնուհետև կանանց տեղափոխել էին Ռումինիայի Իլֆովի շրջանի տներ, որտեղ, ըստ դատախազության, նրանց վախեցրել էին և ստիպել էին նկարահանվել պոռնոգրաֆիկ տեսանյութերում։ Այդ նյութերը հետագայում վաճառվել էին համացանցում։
Ռումինացի քննիչները սկզբնական փուլում հայտնաբերել էին յոթ ենթադրյալ տուժողի։ Ավելի ուշ ռումինական գործի շրջանակն ընդլայնվեց։ Եղբայրներին սկսեցին կասկածել նաև անչափահասների թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ։ Էնդրյուին վերագրեցին նաև բռնաբարության և անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ։ Թեյթերը շարունակում էին պնդել, որ որևէ հանցագործություն չեն կատարել։ Էնդրյուն իր հետևորդներին ասում էր, որ ինքը քաղաքական վերնախավի և ֆեմինիստների դավադրության զոհ է դարձել։
Իրավական և ընթացակարգային խնդիրների պատճառով ռումինական գործը երկար և բարդ ճանապարհ անցավ։ Դատական մարմինները պահանջում էին գործի մի շարք թերություններ վերացնել, ինչի հետևանքով գործընթացը չէր հասնում վերջնական դատաքննության։ Ի վերջո, 2022 թվականի դեկտեմբերի վերջին Ռումինիայի դատարանը կալանավորեց Էնդրյու և Տրիստան Թեյթերին ու նրանց երկու ենթադրյալ հանցակիցներին։ Դե, իսկ սոցցանցերում ցուցադրվող շքեղ մեքենաները, ժամացույցները, առանձնատներն ու թվային ակտիվները ևս հայտնվեցին դատախազության ուշադրության կենտրոնում։ Ռումինական դատախազությունը պահանջեց բռնագրավել եղբայրների 15 հողատարածքներն ու շինությունները, երկու ոսկու ձուլակտոր, չորս ընկերությունների բաժնետոմսեր, տարբեր արժույթներով խոշոր գումարներ, 14 թանկարժեք ժամացույց և 15 ավտոմեքենա։
Կալանքի առաջին իսկ օրերից Էնդրյու Թեյթը սկսել էր դժգոհել պահման պայմաններից։ Եղբայրները, օրինակ, պահանջում էին իրենց վարսավիր տրամադրել, քանի որ կալանավայրում օրենքով չէին կարող մեկանգամյա օգտագործման ածելիներ պահել։ Բրիտանական տաբլոիդները գրում էին, որ Էնդրյուն նույնիսկ սկսել էր բանաստեղծություններ գրել բանտային պայմանների մասին, որտեղ իր միակ «ընկերները» դարձել էին ուտիճներն ու փայտոջիլները։ Մի քանի ամիս մեկուսարանում անցկացնելուց հետո 2023 թվականի մարտին դատարանը, այնուամենայնիվ, փոխեց խափանման միջոցը։ Եղբայրները տնային կալանքի տակ էին։ Էնդրյուն մեկուսարանում անցկացրած ամիսների ընթացքում այնքան էր «մաքրվել», որ հայտարարում էր բարեգործությունների մասին՝ մե՛կ շների համար ապաստարան էր բացում, մե՛կ ռումինական մանկատուն էր վերականգնում։ Ու առհասարակ՝ պատրաստվում էր «փրկել աշխարհը»։
«ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՐԴԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ»
Մինչև նրա անունը կկապվեր քրեական տասնյակ գործերի հետ, Էնդրյու Թեյթն արդեն հասցրել էր համացանցում «մեծ համբավ» ձեռք բերել։ Նա սոցցանցերում ու հարցազրույցների ժամանակ խոսում էր ժամանակակից աշխարհում տղամարդկանց և կանանց դերերի մասին։ Նա պնդում էր, որ տղամարդիկ տուժում են ֆեմինիզմի և բռնաբարության վերաբերյալ կեղծ մեղադրանքների պատճառով, իսկ կանայք «պատկանում են» տղամարդկանց և նրանց ղեկավարման կարիքն ունեն։ Անգամ պնդում էր, որ սեռական բռնության ենթարկված կանայք պետք է որոշակի պատասխանատվություն կրեն իրենց հետ կատարվածի համար։ Այո՛, այս տողերի աբսուրդի մակարդակից մեր մազերն էլ են բիզ-բիզ կանգնել, բայց շարունակենք արձանագրել փաստերը։
Հարաբերությունների մասին խոսելիս Թեյթը հրապարակայնորեն պատմում էր կանանց նկատմամբ ուժ կիրառելու դրվագների մասին։ Օրինակ պատմում էր, թե ինչպես է մի անգամ բարում հարվածել կնոջը և կոտրել նրա ծնոտը, բայց պատասխանատվության չէր ենթարկվել։ Իսկ մեկ այլ կնոջ նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառով նա երկու օրով հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում։ Մեկ այլ առիթով էլ ասում էր, որ նախընտրում է հանդիպել ոչ թե 25, այլ 18 տարեկան աղջիկների հետ, որովհետև նրանց վրա ավելի հեշտ է «հետք թողնել»։ Նման հայտարարությունների պատճառով նրան անվանեցին «տոքսիկ առնականության արքա» և «համացանցի ամենասարսափելի մարդը»։ Բայց Թեյթը ոչ միայն չէր խուսափում այդ կերպարից, այլև կանանց նկատմամբ ատելությունը հաջողությամբ բիզնես մոդել դարձրեց։
Օրինակ՝ Էնդրյու Թեյթը գործարկել էր կանանց «գայթակղելու» մասին 450 դոլարանոց դասընթաց։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Եղբայրների առավել վիճահարույց բիզնեսներից մեկը վեբքեմ ստուդիան էր, որտեղ, Էնդրյուի խոսքով, աշխատել է 75 կին։ Էնդրյուն ու Տրիստանը հարցազրույցներից մեկում այդ բիզնեսն իրենք էին անվանել «կատարյալ խաբեություն»։ Նրանց նկարագրությամբ՝ կանայք տղամարդ օգտատերերին կեղծ պատմություններ էին պատմում՝ համոզելով ավելի շատ գումար ծախսել։ Տրիստանը պարծենում էր, որ օգտատերերից մեկը պատրաստվում էր մոդելին փոխանցել իր ամբողջ՝ 20 հազար ֆունտ արժողությամբ ժառանգությունը, իսկ մյուսները հսկայական պարտքերի մեջ էին ընկել։
Ինչ-որ պահից Թեյթի ազդեցությունն այլևս չէր սահմանափակվում մեծահասակ տղամարդկանց համայնքներով։ Նրա տեսանյութերը հատկապես տարածված էին դեռահաս տղաների շրջանում։ Ուսուցիչները պատմում էին, որ աշակերտները դասարաններում կրկնում են Թեյթի՝ կանանց նկատմամբ նվաստացուցիչ մտքերը։ Որոշ տղաներ հրաժարվում էին կին հեղինակների հոդվածներ կարդալ՝ պնդելով, թե կանայք պետք է միայն տնային տնտեսուհիներ լինեն։ Մյուսները չէին ցանկանում կատարել կին ուսուցչի հանձնարարությունները։ Որոշ դպրոցականներ էլ հարցաթերթիկներում Թեյթին նշում էին որպես իրենց role model։
2022 թվականի օգոստոսին Facebook-ը, Instagram-ը, YouTube-ը և TikTok-ը արգելափակեցին Էնդրյու Թեյթի հաշիվները՝ հարթակների կանոնները խախտելու, այդ թվում՝ ատելություն տարածող և կնատյաց բովանդակության պատճառով։ Նրա հաշիվը փակվել էր նաև Twitter-ում, բայց 2022 թվականի նոյեմբերին, երբ Իլոն Մասկը գնեց հարթակը, Թեյթի հաշիվը վերականգնվեց։ X-ում Թեյթի լսարանը հասավ մոտ տասը միլիոնի։
Էնդրյու Թեյթի ստեղծած կերպարի կենտրոնում միշտ էլ եղել է բացարձակ վերահսկողության գաղափարը։ Նա իր հետևորդներին վաճառում էր հարստության, ֆիզիկական ուժի, կանանց նկատմամբ իշխանության և համակարգից անկախ լինելու խոստումը։ Իր կյանքը ներկայացնում էր որպես ապացույց, որ բավականաչափ փողի, ազդեցության և ինքնավստահության դեպքում կարելի է ապրել սեփական կանոններով։ Ռումինիա տեղափոխվելիս նա գրեթե բառացիորեն ասում էր, որ ընտրում է մի երկիր, որտեղ իր գումարն ու կապերը թույլ կտան անտեսել օրենքները։
Հիմա նրա անվան շուրջ ծավալված քրեական գործերով մի քանի երկրների իրավապահ համակարգեր են աշխատում։ Թեյթերը շարունակում են հերքել մեղադրանքները և որևէ հանցագործության համար դեռևս դատավճիռ չեն ստացել։ Ու թեև նշված մեղադրանքներում նրանց մեղավորությունը կարող է հաստատել միայն դատարանը, տարիներ շարունակ այդ կնատյաց մաչոների հանրային վարքը, բռնության կոչերն ու բռնության բազմաթիվ դրվագները թույլ են տալիս առնվազն հիմնավոր ու ծանրակշիռ ենթադրություններ անել։