Կարդալիքներ PAN-ից
August 18

Գոռ Վարդանյանը, Թաթուլն ու մյուսները` ընդդեմ քսենոմորֆի. Զբոսանք ալտերնատիվ աշխարհներով

Disney-ի սթրիմինգային ծառայություններով մեկնարկել է Նոա Հոուլիի «Օտար. Երկիր» (Alien: Earth) սերիալը, որում արդեն 46 տարի մարդկանց վախեցնող լեգենդար հրեշը հայտնվում է Երկրում։ Նախորդ տարվա «Օտար. Հռոմուլոս» (Alien: Romulus) ֆիլմի հաջողությունից ու ստուդիայի պլաններից արդեն պարզ է, որ ֆրանշիզը ողջ է, ֆրանշիզը ապրում է։ Ինչպես ասում են, քսենոմորֆը շատ չի լինում։ Հանս Ռուդի Գիգերի ստեղծած արարածը միշտ էլ ցանկալի հյուր է բոլոր տեսակի էկրաններին, այնպես որ միայն հաջողություն ենք մաղթում այդ պլաններին։

Իսկ ի՞նչ, եթե մենք էլ մեր հերթին անցկացնենք հերթական պոստմոդեռնիստական էքսպերիմենտը` կրկին ընտրելով մեր սիրելի թեման` զուգահեռ տիեզերքները։ Պատկերացրեք, անվերջ քանակի զուգահեռ տիեզերքներում գոյություն ունեն անվերջ քանակի ֆիլմեր ու սերիալներ քսենոմորֆի մասին։ Որոշներում նույնիսկ խաղում են մեր տիեզերքում հայտնի հայերի տարբերակները, որովհետև անվերջ քանակի զուգահեռ տիեզերքներում ապրում են մեզանից յուրաքանչյուրի անվերջ քանակի տարբերակները. որոշները մեզ շատ նման են, մյուսները զգալիորեն տարբերվում են ու ապրում են բոլորովին այլ կյանքով։

PAN-ը ճամփորդել է 15 այդպիսի տիեզերքով։

Առաջին զուգահեռ տիեզերքում, ուր մենք այցելեցինք, Խորհրդային Միությունը չէր փլուզվել։ Հակառակը, 80-ականների վերջին Միխայիլ Գորբաչյովի իրականացրած բարեփոխումները ամրացրել էին երկրի տնտեսությունը ու այն վերածել պետական համակարգի, որը բավականին նման է մեր տիեզերքի Չինաստանին. պայմանականորեն ազատական տնտեսություն ու կուսակցության երկաթյա բռունցքը։ Հենց այս պայմաններում 2013թ-ին համաշխարհային էկրաններ բարձրացած, ռեժիսոր Իգոր Շտուլմանի «Օտարի հողը» (Чужая земля) հայրենասիրական գիտաֆանտաստիկ ֆիլմում Սիբիրում ընկած երկնաքարից դուրս են գալիս զարհուրելի այլմոլորակային արարածներ ու սկսում ամայացնել շրջակա գյուղերը։

Կադր «Օտարի հողը» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Իրավիճակը փրկելու համար կենտրոնը դեպքի վայր է ուղարկում Բաշկիրական պատերազմի (2005-2009) վետերան, գնդապետ Արայիկ Մնացականյանին, ում մարմնավորում է Գոռ Վարդանյանն այդ տիեզերքից։ Այլմոլորակային հրեշների դիզայնը մշակել է հռչակավոր ղազախ սյուռեալիստ Ազամատ Թաժիեվը (Ազթաժը)։ Զարմանալի է, թե ինչպես են տարբեր տիեզերքներում ապրող տարբեր մարդկանց ուղեղներ ձևավորել նույն պատկերը. այս կոնվերգենցիան պայմանավորված է նրանով, որ մարդկանց երևակայությունը սնուցող մուտքային տվյալները երբեմն իդենտիկ են լինում։

Երկրորդ տիեզերքը էլ ավելի զարմանալի է։ Այստեղ Խորհրդային Միություն ընդհանրապես գոյություն չի ունեցել, իսկ Հայաստանի առաջին Հանրապետությունը գոյություն ունի, համենայնդեպս, մինչև 1971 թվականը։ Հարուստ մշակութային կյանքով ժողովրդավարական պետության գլխավոր ու ամենասկանդալային արվեստագետներից մեկը Ժորժ Գիրագոսյանն է` պոստմոդեռնիստ, սկանդալիստ ու ուղղակի հանճարեղ մարդ։ Նա հայտնի է մարդկային գանգերի իր հսկայական հավաքածուով ու իր տարօրինակ, կոնցեպտուալ ֆիլմերով։

Կադր «Օտարածինը» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Դրանցից մեզ հետաքրքրում է 1971-ին սահմանափակ վարձույթ դուրս եկած «Օտարածինը», որի գլխավոր դերում այդ տիեզերքի Մհեր Մկրտչյանն է։ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի հավակնորդ չորս ժամանոց կտավը լքված գյուղի վերջին բնակչի` Մարտիրոսի անձի տրոհման մասին է, ում գիտակցության հորինած պատկերների թվում է նաև մեզ քաջ ծանոթ քսենոմորֆը։ Վերջինս, սակայն, այստեղ հանդես է գալիս ոչ թե տիեզերական մղձավանջի, այլ Մարտիրոսի մեղքի ներքին զգացումի ու զղջման մարմնավորման դերում։ Ու, ինչպես նախորդ դեպքում, ունենք կոնվերգենցիա. արարածի դիզայնը մշակել է Գիրագոսյանը` հավանաբար մորֆինի մեծ դոզաների ազդեցության տակ։

Անցնենք առաջ. երրորդ տիեզերքում Ռիդլի Սքոթի «Օտարը» (Alien) չի ունեցել այն հաջողությունը, որն այն ունեցավ մեր տիեզերքում։ Ֆիլմը տապալվել է վարձույթում, իսկ ԱՄՆ իշխող «Տիրոջ ծառաներ» ֆունդամենտալիստական կրոնական կուսակցությունը քարոզչական տարբեր հնարքների միջոցով համոզել է հասարակությանը, որ «այդ ցածրարժեք հակաքրիստոնեական աղբը դիտելը այնքան մեծ մեղք է, որ անգամ Տերն անկարող կլինի ներել»։ Իսկ այ Եվրոպայում ֆիլմը բարձր են գնահատել, այն դարձել է կուլտային, ու ֆրանսիական TLF կինոընկերությունը գրոշներով գնել է ֆիլմի իրավունքները։

Կադր «Օտար 2» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Երեք տարի անց` 1982-ին, էկրաններ է բարձրացել ռեժիսոր Ֆրեդերիկ Նուվելի «Օտար 2» (Alien 2) ֆիլմը, որը գրեթե բառացի կրկնում է առաջինը։ «Սիգմա» տիեզերանավը վայրէջք է կատարում LV-426 մոլորակի վրա, անձնակազմի անդամներից մեկը վարակվում է... մնացածը գիտեք։ Գլխավոր հերոսուհուն` Ժակլինին, մարմնավորում է Իվետա Մուկուչյանի տարբերակն այդ տիեզերքից, ով հայտնի աստղ է ֆրանսիական կինոյում։ Ի տարբերություն Ռիփլիի, Ժակլինը ի սկզբանե մարտական է տրամադրված ու փախուստի փոխարեն ուղղակի այրում է նավը գրաված վարակը։

Իսկ չորրորդ տիեզերքում ֆրանշիզը այնքան հաջողակ է, այնքան սիրված, որ վերածվել է համաշխարհային մասշտաբի մշակութային ֆենոմենի։ 20th Century Fox կինոընկերությունը թույլ է տալիս ցանկացած երկրի կինոընկերություններին ֆիլմեր նկարել ֆրանշիզի սահմաններում, բայց մի քանի պայմանով։ Առաջին` ֆիլմերը ցուցադրվում են բացառապես կինոընկերության սթրիմինգային ծառայությունով։ Երկրորդ` դրանց սյուժեն ու աշխարհը պետք է կոնսիստենտ ձևով ու օրգանապես կպնեն ֆրանշիզի աշխարհին` ընդլայնելով այն։ Երրորդ` կա խիստ որակական վերահսկողություն։

Կադր «Վերածնունդ» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Հայաստանն այս տիեզերքում ֆրանշիզին տվել է միայն մեկ ֆիլմ. Հրաչ Քեշիշյանի «Վերածնունդը»։ Այն պատմում է «Վերածնունդ» բժշկական տիեզերանավի մասին, որի պացիենտներից մեկը վարակված է։ Հրամանատարի` բժիշկ Գնել Հակոբյանի դերում այդ տիեզերքից Խորեն Լևոնյանն է։ Ի տարբերություն քսենոմորֆի մասին մյուս ֆիլմերի, որոնցում գոնե մի մարդ վերջում ողջ է մնում, «Վերածնունդը» հանդիսատեսին չի խղճում. վերջում հաղթելու են քսենոմորֆները, իսկ եզրափակիչ թվիստում պարզվելու է, որ այդ արարածը ոչ թե ուղղակի սպանում է զոհին, այլև կլանում է նրա գիտակցությունը։

Հինգերորդ տիեզերքում, կզարմանաք, բայց նույնպես գոյություն ունի «Կարգին հաղորդում»։ Այն այնքան պոպուլյար է, որ գովազդի շնորհիվ ահռելի միջոցներ է ներգրավում։ Դա թույլ է տալիս պատրաստել թանկարժեք սքետչեր, որոնցից որոշներն անգամ միջազգային մրցանակներ են շահում։

Կադր «Օտարների մոլորակը» սքետչից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Այդպիսի սքետչերից մեկը, որը նկարելու հեղինակային իրավունքները ազնվորեն գնվել են 20th Century Fox-ից, կոչվում է «Օտարների մոլորակը»։ Դա այս տիեզերքում պոպուլյար մորուքավոր անեկդոտի` վարպետորեն ձևակերպված ինտերպրետացիան է։ Սյուժեի համաձայն, երկու անհաջողակ աստրոնավտներ, ում խաղում են այդ տիեզերքից Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, վայրէջք են կատարում քսենոմորֆների մայրենի մոլորակի վրա (այո, այդ տիեզերքում երրորդ ֆիլմը նկարել է ոչ թե Դեյվիդ Ֆինչերն, այլ կրկին Ջեյմս Կեմերոնը, իսկ Էլեն Ռիփլին հայտնվում է քսենոմորֆների մոլորակում. հենց այդ ֆիլմին էլ հղում են անում սքետչը ստեղծողները)։

Կադր Ջեյմս Կեմերոնի «Օտարները» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Տեղափոխվենք վեցերորդ տիեզերք։ Պարզվում է, այստեղ ամեն ինչ գրեթե այնպես է, ինչպես մեզ մոտ, սակայն Էլեն Ռիփլիին մարմնավորում է ոչ թե Սիգուրնի Ուիվերը (նա ընդհանրապես այս տիեզերքում գոյություն չունի), այլ... Նազենի Հովհաննիսյանի տարբերակը։ Վերջինս ծնվել ու մեծացել է Լոս Անջելեսում, փոքրուց դերեր է ստացել տարբեր ֆիլմերում, իսկ առաջին խոշոր դեբյուտը հենց Ռիդլի Սքոթի ֆիլմում էր։

Յոթերորդ տիեզերքում Հայաստանը հայտնաբերեցինք ոչ թե Կովկասում, ինչպես մեզ մոտ է, այլ Միջերկրական ծովի ափին։ Պարզվեց, իրականության այս տարբերակում Կիլիկիայի Հայոց թագավորությունը ոչ միայն չի կործանվել, այլև շարունակել է զարգանալ` 20-րդ դարի կեսերին վերածվելով Կիլիկիայի Հանրապետության։ Այն ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ է, ունի երրորդ ամենաբարձր ՀՆԱ-ն Միջերկրածովյան պետությունների թվում։

Կադր «Խավարի սրտում» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Բայց մեզ առավել հետաքրքիր են քսենոմորֆները, չէ՞։ Ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Սիմոնսի «Խավարի սրտում» (In the Heart of Darkness) գիտաֆանտաստիկ էպոսը` Ջոզեֆ Քոնրադի ստեղծագործության բավականին ազատ ինտերպրետացիան, պատմում է գիտնական Չառլզ Մարլոու Օգանեսյանի մասին, ով հեռավոր ապագայում ճամփորդում է Գալակտիկայի կենտրոնում` իր ճանապարհին հանդիպելով բազում օտար քաղաքակրթություններ։ Օգանեսյանը, ում մարմնավորում է այդ տիեզերքի Սոս Սարգսյանը, կյանքի մայրամուտին հայտնվում է աշխարհում, որում իշխում են քսենոմորֆները։

Ութերորդ տիեզերքում Հայաստանը իր տեղում է, բայց ԱՄՆ նահանգ է։ Առանձնապես չխորանալով պատմության ու աշխարհաքաղաքականության մեջ` միայն նշենք, որ Արմենիան (նահանգի պաշտոնական անվանումն է) Միացյալ Նահանգների խոշորագույն կինեմատոգրաֆիկ կենտրոնն է, տեղական Հոլիվուդը` դեռ 1918 թվականից։ Իսկ 2001թ-ին այստեղ նկարվել է «Ճախրողները» (The Soaring) գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմը Լուսնային կայանի մասին, որի վրա հարձակվում են հնագույն այլմոլորակային հրեշները։

Կադր «Ճախրողները» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Մեզ համար այստեղ էական է երկու հանգամանք։ Առաջինը, որ ճախրող արարածները ավելի շատ նման են կիսատ քսենոմորֆների, քան մեզ հայտնի լիարժեք հրեշների։ Երկրորդը, ամենատպավորիչ դերերից մեկում խաղացել է այս տիեզերքի Վարդուհի Վարդերեսյանը։ Նա մարմնավորել է կայանի խոհարար, տիկին Հրանուշին, ու այս կերպարը ֆիլմի ընթացքում դեռ կհասցնի զարմացնել ու հիացնել հանդիսատեսին։

Կադր «Ուռուցքը» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Իններորդ տիեզերքում... քսենոմորֆները մի փոքր ուշացել են։ «Մի փոքր» ասելով` նկատի ունենք ուղիղ 150 տարի։ Սկսվել է ամեն ինչ հանճարեղ կանադացի նկարիչ Ուեսլոն Թրայդից, ում նոր շարքը` նվիրված մարդկային հիվանդություններին, առանձնահատուկ ուշադրություն է գրավել։ Մարսի Գեղագիտական թանգարանում անցկացված ցուցահանդեսի զարդը քաղցկեղն այլաբանորեն պատկերող հրեշն է, որը բավականին նման է մեր քսենոմորֆին։ Հետո, երբ Թրայդի տեսլականը կտեղափոխեն էկրաններ «Ուռուցքը» (The Tumor) գիտաֆանտաստիկ հորրորի տեսքով, ակնհայտ կդառնա, որ ֆունկցիոնալ առումով այս արարածը բացարձակ նման չի մեր իմացածին։ Այստեղ հրեշները բազմանում են կիսվելով, ու յուրաքանչյուր նոր սերունդ նախորդից ավելի ահարկու է. դասական քսենոմորֆը երևում է միայն ֆիլմի կեսերին, երբ հետապնդում է գործարար Ջոն Իվերին։ Վերջինիս խաղացել է 2079-ին Վանկուվերում ծնված Աշոտ Ղազարյանը... այդ տիեզերքի Աշոտ Ղազարյանը։

Տասներորդ տիեզերքում կինոն առաջացել է ոչ թե 1895-ին, այլ 80 տարի ավելի շուտ` 1815-ին։ Տեխնոլոգիաների սրընթաց զարգացման շնորհիվ արդեն 20-րդ դարի սկզբին տեսողական էֆեկտները կինոյում չէին զիջում մեր տիեզերքում 2025-ի էֆեկտներին։ Բայց կինոն, ավանդաբար, սև ու սպիտակ էր. գունավոր կինոն այս աշխարհում համարվում է անդերգրաունդային ու ընդհանրապես վատ ճաշակի նշան։ Ասում են, պատճառը բխում է դեռ Ֆաթերլանդի կայսեր (անունը չտանք) անձնական քմահաճույքից, ով ուղղակի ատում էր գունավոր կինոն։

Կադր «Արևածագի մարտիկները» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Ամեն դեպքում, 1948-ին էկրաններ բարձրացավ «Արևածագի մարտիկները» (Krieger der Morgenröte) կինոէպոսը, որը, ինչպես միշտ, պատմում էր Չինաստանի դեմ Ֆաթերլանդի «փառահեղ» հաղթանակների մասին։ Այս տիեզերքում «կլյուկվան» առանձնահատուկ թունդ է, այնպես որ թշնամու կոմկուսի չար գիտնական Չժենին (առանց ազգանունի) խաղում է այդ տիեզերքից Հրաչյա Ներսիսյանը։ Ըստ սյուժեի, Չժենը ստեղծում է կառավարվող հրեշների բանակ` Ֆաթերլանդի վրա հարձակվելու համար։ Բայց ֆիլմում, բնականաբար, թշնամին պարտվում է, իսկ կայսրության մարտիկները հերթական անգամ փառքով են պսակում իրենց սխրագործությունները։

Կադր Նիլ Բլոմքեմփի «Օտարները 2» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

11-րդ տիեզերքում Ռիդլի Սքոթը այդպես էլ չստեղծեց իր «Պրոմեթևսը» (Prometheus), իսկ ֆրանշիզի հաջորդ մասը վստահվեց Նիլ Բլոմքեմփին։ Վերջինս կյանքի կոչեց իր վաղեմի երազանքը. անտեսեց Դեյվիդ Ֆինչերի ֆիլմը ու ստեղծեց ամուր մարտաֆիլմ Էլեն Ռիփլիի, Դուեյն Հիքսի ու Ռեբեկա Ջորդանի (Նյուտ) հետագա արկածների մասին հանքարդյունաբերական մոլորակում։ Նյուտին մարմնավորել է այս տիեզերքի Անի Խաչիկյանը, ով Հայաստանից Հարավաֆրիկյան Հանրապետություն է տեղափոխվել զրոյականների սկզբին։

«Օտարը 2» ֆիլմի պրոմո պաստառը։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

12-րդ տիեզերքում մեր սիրելի երգիչ Թաթուլ Ավոյանը ընտրել է դերասանի կարիերան։ 80-ականների վերջին տեղափոխվելով Միացյալ Նահանգներ, նա սկսել է թատրոնից ու Բրոդվեյի երաժշտական ներկայացումներից` խաղալով երկրորդական, սակայն շատ տպավորիչ դերեր։ 1989-ին երիտասարդ տաղանդին նկատում է պրոդյուսեր Ջոել Սիլվերը` հրավիրելով Ավոյանին իր նոր նախագծում` «Մահացու զենք 3»-ում (Lethal Weapon 3) գլխավոր չարագործի դերը խաղալու։ Կինոյի պատմության մեջ առաջին անգամ ոչ առաջին կարգի մարտաֆիլմում բացասական դերի համար դերասանն արժանանում է «Ոսկե գլոբուս» մրցանակի ու «Օսկար»-ի անվանակարգի։ Հոլիվուդը բացում է դռները Ավոյանի առջև։

Նույն Սիլվերի պրոդյուսերական հսկողության ներքո 1992-ին Ջոն Մակտիրնանը նկարում է Ռիդլի Սքոթի «Օտարի» շարունակությունը։ Ու Ավոյանը մարմնավորում է «Գլիսե» տիեզերանավի գլխավոր մեխանիկ Ֆելիքս Առստամյանին։ «Գլիսեն» պետք է գտնի «Նոստրոմոյի» մնացորդներն ու թանկարժեք բեռը` այն Երկիր հասցնելու համար։ Բայց, ինչպես միշտ, ամեն ինչ գնում է ոչ այնպես, ինչպես պլանավորվում էր։

13-րդ տիեզերքում տեղի է ունեցել տարօրինակ մի բան։ Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմը Խորհրդային Միության արտաքին քաղաքականության փափկեցման ֆոնին դուրս է գալիս միջազգային վարձույթ ու սարաֆանի շնորհիվ վերածվում իսկական վարձութային ռումբի` երկու ամսում հավաքելով մոտ կես մլրդ դոլար ու ձեռք բերելով կուլտային ստատուս հատկապես ԱՄՆ-ում։ Դրանից հետո ֆիլմի գլխավոր դերակատարները` այդ տիեզերքի Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետ Գևորգյանն ու Արմեն Այվազյանը դառնում են իսկական համաշխարհային աստղեր։

(Կադր Super Bowl-ի ընթացքում ցուցադրված հոլովակից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

1979-ին, Ռիդլի Սքոթի «Օտարը» ֆիլմի գովազդային պրոմո ակցիային մասնակցում է նաև այս քառյակը։ Երկու րոպեանոց հոլովակում, որը ցուցադրվում էր Super Bowl-ի ընթացքում, տղամարդիկ մարմնավորում են կոնտրաբանդիստների, ովքեր սև շուկայում վաճառում են քսենոմորֆի ձվեր։ Այ այսպիսի բաներ։

Կադր «Օտարը» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

14-րդ տիեզերքում էլ «Օտարը» նկարել է ոչ թե Ռիդլի Սքոթը, այլ Ջոել Շումախերը։ Վերջինս որոշել է վերամշակել սցենարն ու ավելացնել դրվագներ` կապված «Վեյլանդ» ընկերության ղեկավար Դիմիտրիուս Վեյլանդի հետ։ Վերջինս Երկրից հետևում է, թե ինչ է տեղի ունենում «Նոստրոմոյի» անձնակազմի հետ։ Վեյլանդին մարմնավորել է այդ տիեզերքի Ռաֆայել Քոթանջյանը։

Կադր «Օտարը 3» ֆիլմից։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Վերջին` 15-րդ տիեզերքում Դեյվիդ Ֆինչերը նկարել է իր ուզած տրիքվելը` ազատ լինելով ստուդիական անդադար հսկողությունից ու սցենարի փոփոխություններից։ Այս տիեզերքում երրորդ ֆիլմը Էլեն Ռիփլիի մասին չի։ Սա կամերային դրամա է «Քերըն» տիեզերանավում քսենոմորֆի հետ մեն-մենակ մնացած կնոջ գոյատևման պայքարի մասին։ Մեկ դերասանով կինոն բավականին բարդ փորձություն է թե սցենարիստի, թե ռեժիսորի ու թե հատկապես դերասանի համար։ Սակայն Էնդրյու Քեվին Ուոքերի հրաշալի դրամատուրգիայի, Ֆինչերի աներևակայելի ռեժիսուրայի ու այդ տիեզերքի Լուիզա Ղամբարյանի անսահման տաղանդի շնորհիվ երրորդ «Օտարը» համարվում է լավագույնը ամբողջ ֆրանշիզում։

Այս նյութի հեղինակը ուսումնասիրում է զուգահեռ տիեզերքները։ Պատկերը ստացվել է արհեստական բանականության գործիքներով

Մենք կարող էինք էլի ճամփորդել անվերջ մուլտիվերսում, բայց, հավանաբար, այսքանն էլ բավական է։


🎬 Արման Գասպարյան / PAN