Կարդալիքներ PAN-ից
April 27

Գրեթե մոգություն. 12 հեղափոխական տեխնոլոգիա, որոնք փոխել են կինեմատոգրաֆը

Կինոն ոչ միայն արվեստի, այլև տեխնոլոգիաների մասին է։ Տեխնիկական առաջընթացում ցանկացած քայլ անխուսափելիորեն արտացոլվում է նրա վրա, թե ինչպես են պատմվում պատմությունները, ինչ կարելի է ցուցադրել էկրանին ու ինչպես այդ ամենը կընկալի կինոդիտողը։

PAN-ը պատմում է 12 առանցքային տեխնոլոգիական հեղափոխությունների մասին, որոնք արմատապես փոխել են ու փոխելու են կինոյի դեմքը։

1. Ձայն կինոյում. երբ էկրանը սկսեց խոսել

Մինչև 1927 թվականը կինոն համր էր։ Ցուցադրությունն ուղեկցվում էր դահլիճում կենդանի երաժշտությամբ, իսկ երկխոսությունները, բացատրություններն ու մեկնաբանությունները հայտնվում էին էկրանին տեքստի տեսքով։ Ու չնայած այդ լեզուն արտահայտիչ էր ու պոետիկ, այն խիստ սահմանափակ էր։ Ամեն ինչ փոխվեց 1927 թվականին, երբ էկրաններ բարձրացավ ռեժիսոր Ալան Քրոսլանդի «Ջազային երգիչը»  (The Jazz Singer) ֆիլմը։ Հանդիսատեսն առաջին անգամ լսեց դերասանի ձայնը` սինքրոնացված նրա շրթունքների շարժման հետ։

Պատկերացրեք` նստած եք դահլիճում ու ականատես եք լինում իսկական հրաշքի` դերասանները խոսում են իրենց ձայներով

Դա ոչ թե ուղղակի տեխնոլոգիական ձեռքբերում էր, այլ նոր կինոլեզվի ծնունդ։ Առաջացան էմոցիաների խորը փոխանցման, երաժշտական դրվագների, ավելի կենդանի ու բազմաչափ նարրատիվի հնարավորություններ։

«Բաբելոնի» հռչակավոր դրվագը. Համր կինոյում մասնագիտացած դերասանների ու ռեժիսորների համար ծայրահեղ ծանր էր նոր իրականության մեջ լինելը

Ռեժիսորներն ու դերասանները սկսեցին յուրացնել հանդիսատեսի հետ փոխազդեցության նոր միջոցներ, սակայն ոչ բոլորին էր դա հաջողվում. թեման հիանալի բացված է Դեմիեն Շազելի «Բաբելոն» (Babylon, 2022) ֆիլմում։ Ձայնը, շշնջոցը, ինտոնացիաները` այս ամենը դարձավ դրամատուրգիայի կարևոր մաս։

2. Գունավոր կինո. մոգությունը` գույներում

Կինոյում առաջին գունավոր կադրերը հայտնվել են դեռ 20-րդ դարի սկզբին, սակայն երկար ժամանակ գույնը մնում էր էկզոտիկ երևույթ` թանկարժեք, անկայուն ու տեխնիկապես բարդ։ Ամեն ինչ փոխվեց Վիկտոր Ֆլեմինգի «Քամուց քշվածները» (Gone with the Wind, 1939) ու «Օզի կախարդը» (The Wizard Of Oz, 1939) ֆիլմերի դուրս գալով։ Այս ֆիլմերը ցույց տվեցին, որ գույնը կարող է ոչ միայն կենդանացնել պատկերը, այլև դառնալ ինքնուրույն արտահայտչամիջոց։

Կարելի է պատկերացնել այն մարդկանց հիացմունքն, ովքեր առաջին անգամ տեսան այս դեղնականաչավուն հրաշքը

Գույնը վերածվեց դրամատուրգիական գործիքի։ Այն շեշտում է դրվագի տրամադրությունը, կերպարների խորհրդանշականությունը, ստեղծում անհրաժեշտ մթնոլորտ։ Վառ կանաչ խոտ, հերոսուհու ալ շուրթերը, սառը կապույտ տոներ` այս ամենը դարձավ վիզուալ պատման անքակտելի մաս։ Գունավոր կինոն նոր հորիզոններ բացեց վիզուալ արվեստի համար։

3. Քրոմոքեյ. դարպաս դեպի ցանկացած աշխարհ

Քրոմոքեյի կամ կանաչ էկրանի (green screen) տեխնոլոգիան թույլ տվեց նկարահանել դերասաններին միատոն էկրանի ֆոնին, որը հետագայում փոխարինվում է ցանկացած պատկերով` քաղաքային փողոցներից մինչև ֆանտաստիկ համայնապատկերներ։ Դա ազատեց կինեմատոգրաֆը իրական աշխարհի սահմանափակումներից։

Հսկայական քրոմոքեյ` «Վրիժառուները. Վերջնախաղ» (Avengers: Endgame, 2019) նկարահանման հրապարակում

Այժմ նկարահանումները կախված չեն եղանակային պայմաններից, բնապայմաններ թանկարժեք ուղևորություններից ու բարդ դեկորացիաներից։ Կարելի է նկարահանման մեկ հերթափոխի ընթացքում «տեղաշարժվել» տաս տարբեր լոկացիաներով։ Քրոմոքեյը դարձավ ֆանտաստիկայում, ֆենթեզիում ու էքշնում վիզուալ էֆեկտների հիմքը, ու մինչև հիմա օգտագործվում է անգամ համեստ բեմադրություններում։

4. Պրակտիկ էֆեկտներ ու անիմատրոնիկա. մոգություն` ձեռքերով

Համակարգչային գրաֆիկայի դարաշրջանից շատ առաջ կինեմատոգրաֆիստները հրաշքներ էին ստեղծում բառացի ձեռքերով։ Պրակտիկ էֆեկտները դա այն ամենն է, ինչ ֆիզիկապես գոյություն ունի նկարահանման հրապարակում. պայթյուններ, անձրև, գրիմ, մանրակերտեր, մեխանիկական դեկորացիաներ։ Դրանց թվում առանձնահատուկ են անիմատրոնիկ արարածները` մեխանիզացված տիկնիկներ, որոնք կարող են շարժվել, մռնչալ, թարթել ու անգամ շնչել։ Այս տեխնոլոգիաները թույլ տվեցին ստեղծել ռեալիստիկ դրվագներ CGI-ի հայտնվելուց շատ առաջ, ու շատ առումներով մինչև հիմա չեն կորցրել ակտուալությունը։

Իսկական մոգություն

Հանրագիտարանային օրինակներ են Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմները» (Star Wars, 1977), Ռիդլի Սքոթի «Օտարը» (Alien, 1979) ու Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» (E.T. the Extra-Terrestrial, 1982), որտեղ այլմոլորակային արարածները կյանքի են կոչվել նաև անիմատրոնիկայի միջոցով։ Ջիմ Հենսոնը, Ֆրենկ Օզը, Սթեն Ուինսթոնը, Ռիք Բեյքերը, Ռոբ Բոտինը` պրակտիկ էֆեկտների վարպետներ, ում ստեղծած իլյուզիաների դպրոցները ոգեշնչում են մինչ օրս։

Հրաշալի պրակտիկ էֆեկտներ «Օտարում»

Այսօր շատ ռեժիսորներ, օրինակ` Քրիստոֆեր Նոլանն ու Գիլյերմո Դել Տորոն, շարունակում են կիրառել պրակտիկ էֆեկտներ` համարելով, որ իրական ազդեցությունը դերասանի վրա ու կենդանի օբյեկտը կադրում առաջացնում են ավելի համոզիչ էմոցիաներ։ Անիմատրոնիկան մինչև հիմա օգտագործվում է խոշոր արարածների, ռեալիստիկ դեմքերի ու դրվագների համար, որոնցում կարևոր է կոնտակտը։

Պրակտիկ ու թվային էֆեկտները վաղուց արդեն մրցակիցներ չեն, դրանք աշխատում են համատեղ։ Ու երբ ամեն ինչ վարպետորեն է արված, կինոդիտողն անգամ չի էլ մտածում, որտեղ է ավարտվում իրականությունն ու սկսվում մոգությունը։

5. CGI. ստեղծելով անհնարինը

Համակարգչային գրաֆիկան կամ CGI-ը (computer-generated imagery) կինեմատոգրաֆին թույլ տվեց ստեղծել այն, ինչ գոյություն չունի։ Պարզ էֆեկտներով առաջին երկչոտ քայլերից մինչև իսկական հեղափոխություն Ջեյմս Կեմերոնի «Անդունդը» (The Abyss, 1989), «Տերմինատոր 2. Դատաստանի օր» (Terminator 2: Judgment Day, 1991) ու Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգի» (Jurassic Park, 1993) ֆիլմերում, երբ ջրից բաղկացած արարածները, հալչող մետաղական մահվան մեքենան ու դինոզավրերը խիստ ռեալիստիկ ու վախեցնելու աստիճան կենդանի տեսք ունեն։

Երբ համակարգչային գրաֆիկայի մասնագետներն առաջին անգամ այս դրվագը ցույց էին տվել Սփիլբերգին, վերջինս ցնցվել էր

CGI-ի ստեղծումից կինոն դադարեց սահմանափակված լինել ֆիզիկայի օրենքներով ու իրականությամբ։ Աշխարհները դարձան ավելի մեծ, արարածները` ավելի աներևակայելի, ճակատամարտերը` ավելի մասշտաբային։ CGI-ը թույլ տվեց էկրանին կյանքի կոչել ամենախիզախ ֆանտազիաները` էպիկական մարտերից մինչև տիեզերական թռիչքներ։ Ու տարեց տարի տեխնոլոգիաները դառնում են ավելի ու ավելի կատարյալ, իսկ իրականի ու թվայինի միջև սահմանը շարունակաբար նեղանում է։

6. Motion Capture. երբ թվայինը կենդանանում է

Motion Capture-ը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս դերասանի շարժումներն ու միմիկան տեղափոխել թվային կերպարի վրա։ Ամենահռչակավոր կերպարը դարձավ Գոլումը «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) եռագրությունից` Էնդի Սերկիսի հրաշալի կատարմամբ։ Հանդիսատեսը տեսավ ոչ թե անիմացիոն հրեշի, այլ կենդանի էմոցիաներով իսկական ողբերգական կերպարի։

Ստեղծելով Գոլումին

Այս տեխնոլոգիան ոչնչացրեց դերասանական խաղի ու թվային մոդելավորման միջև սահմանը։ Կերպարներն այլևս սահմանափակված չեմ մարդկային մարմնի հնարավորություններով։ Կարելի է մարմնավորել կապիկի, վիշապի, այլմոլորակայինի ու անել դա իրական դրամատուրգիական խորությամբ։ Motion Capture-ը հոգի տվեց թվայինին։

7. IMAX ու 3D. ներկայության էֆեկտ

Կինոն միշտ ձգտում է, որ հանդիսատեսը սուզվի պատմության մեջ։ IMAX-ն ու 3D-ն ուժեղացրին այդ ձգտումը մինչև առավելագույն մակարդակ։ Հսկայական էկրաններ, գերմաքուր պատկեր, ծավալային ձայն ու ծավալային տարածության էֆեկտ. այս ամենը ստեղծում են կադրում հանդիսատեսի գրեթե ֆիզիկական ներկայության էֆեկտ։

Իսկական սուզում

Ֆիլմը վերածվում է ճանապարհորդության։ «Ավատարում» (Avatar, 2009) հանդիսատեսը, կարծես, քայլում է Պանդորայի ջունգլիներով։ 3D-ն դադարեց լինել հնարք հանուն հնարքի` վերածվելով գեղարվեստական արտահայտչամիջոցի։ Իսկ IMAX-ը ցույց տվեց, որքան կարևոր են դետալիզացիան ու մասշտաբները էմոցիաների փոխանցման համար։

8. Թվային նկարահանում. մնաս բարո՜վ, ժապավեն

Թվային տեսախցիկներն աստիճանաբար դուրս են մղել անալոգային կինոժապավենը։ Դա փոխեց ամեն ինչ` արտադրության արժեքից մինչև պահպանման ու մոնտաժի միջոցներ։ Նկարահանումները դարձան ավելի էժան, հարմարավետ ու շարժունակ։ Այլևս պետք չէ սպասել ժապավենի երևակմանը, մոնտաժել կարելի է հենց նկարահանման հրապարակում։

Դենի Բոյլի «28 տարի անց» (28 Years Later, 2025) հորրորն առաջին խոշոր հոլիվուդյան նախագիծն է, ամբողջությամբ նկարահանված iPhone-ով

Բացի այդ, թվային տեխնոլոգիան թույլ տվեց էքսպերիմենտներ անել լույսի, գույների, ռակուրսների հետ։ Կինոփառատոնները սկսեցին ընդունել անգամ ֆիլմեր, որոնք նկարվել են սմարթֆոնով։ Կինոարտադրության դեմոկրատացումը ճանապարհ բացեց նոր ձայների, նոր ոճերի ու ձևերի համար։

9. Սթրիմինգ. կինո` առանց կինոդահլիճի

Հզոր ինտերնետային պլատֆորմների` Netflix-ի, Amazon Prime-ի, Disney+-ի ու մյուսների հայտնվելով կինոն դուրս եկավ կինոդահլիճի սահմաններից։ Արագագործ ինտերնետի շնորհիվ այժմ կինոն մտնում է հանդիսատեսի տուն` հեռուստացույցի, պլանշետների կամ սմարթֆոնների էկրաններ։ Դա փոխեց ոչ միայն կինոդիտման միջոցը, այլև կինոինդուստրիայի ստրուկտուրան։

Սթիմինգները արդեն կարող են իրենց թույլ տալ գերթանկարժեք, մեծ քրոնոմետրաժով էպիկական հեղինակային կտավներ։ Օրինակ, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon, 2023) պատմական դրամայի բյուջեն կազմել է $215 մլն, ֆիլմը տևում է 206 րոպե

Ֆիլմերն ու սերիալները սկսել են կողմնորոշվել դեպի նոր հանդիսատես, սպառման նոր ռիթմ։ Հայտնվել են ավելի շատ հեղինակային գործեր, խիզախ ֆորմատներ, նիշային ժանրեր։ Կինոն դարձել է գլոբալ, հասանելի ու անհատականացված։ Ու չնայած «մեծ էկրանի մահվան» մասին չափազանցված խոսակցությունները չեն լռում, սթիմինգն արդեն փոխել է խաղի կանոնները։

10. Վիրտուալ կինոարտադրություն. նոր ռեալիզմ

The Volume անունը կրող տեխնոլոգիան, որն առաջին անգամ մասսայաբար կիրառվել է «Մանդալորացին» (The Mandalorian) սերիալում, օգտագործում է հսկայական LED էկրաններ, որոնց վրա իրական ժամանակում երևում են ֆոտոռեալիստիկ լանդշաֆտներ։ Տեսախցիկը կարող է շարժվել, իսկ հետևի ֆոնը դրան սինքրոն փոխելու է հեռանկարը։

The Volume-ի մասին

Դա տալիս է ռեալիզմի ու ճկունության ունիկալ համադրություն. դերասանները տեսնում են, որտեղ են գտնվում, «ֆոնի» լույսը բնականորեն լուսավորում է նկարահանման հատվածը, իսկ ռեժիսորը կարողանում է կառավարել յուրաքանչյուր էլեմենտ։ Դա ոչ թե ուղղակի քրոմոքեյի փոխարինում է, այլ նկարահանման նոր փիլիսոփայություն։

11. Վիրտուալ բեմադրություն. երբ նկարահանման հրապարակը թվային է

Եթե նախկինում ռեժիսորներն աշխարհներ էին կառուցում փայտից, պլաստիկից ու ներկից, ապա այժմ նրանք օգտագործում են լույս ու պոլիգոններ։ Վիրտուալ բեմադրությունը դա երբ նկարահանման հրապարակը կառուցվում է խաղային շարժիչի մեջ (ամենից հաճախ` Unreal Engine), իսկ նկարահանումն իրականացվում է անմիջապես թվային միջավայրում։ Տեսախցիկը կարող է «զբոսնել» անտեսանելի տարածությունով, իսկ դերասանները` փոխազդել աշխարհի հետ, որը նկարահանման հրապարակում ֆիզիկապես գոյություն չունի։

SIMULCAM տեխնոլոգիայի ցուցադրությունը

«Ավատարն» այս առումով ահռելի առաջընթաց էր։ Տեսախցիկը հետևում էր ոճ միայն motion capture կոստյումներով դերասաններին, այլև թույլ էր տալիս ռեժիսորին իրական ժամանակում տեսնել Պանդորայի աշխարհը, կարծես նկարահանումն իրականացվում էր հեռավոր մոլորակի ջունգլիներում։ Սա առաջին դեպքն էր, երբ վիրտուալ տեսարանը ստացավ այդպիսի վիզուալ շոշափելիություն դեռ մինչև վերջնական ռենդերը։

«Առյուծ արքան» ֆիլմում տեխնոլոգիան էլ ավելի առաջ գնաց

Տաս տարի անց` «Առյուծ արքայում» (The Lion King, 2019) ռեժիսոր Ջոն Ֆավրոն ավելի առաջ գնաց. ֆիլմը նկարվել է «բնության գրկում», սակայն այդ բնությունն ամբողջությամբ ստեղծվել է վիրտուալ տարածությունում։ Օպերատորն ու ռեժիսորը հագել են VR սաղավարտներ, քայլել վիրտուալ սավաննայով, ընտրել ռակուրսներ, ֆոկուսային հեռավորությունը, տեսախցիկի շարժումները` ճիշտ այնպես, ինչպես իրական նկարահանման ժամանակ։

Սա արդեն ոչ թե ուղղակի հատուկ էֆեկտներ են։ Սա նոր մոտեցում է ռեժիսուրայում։ Վիրտուալ բեմադրությունը հնարավորություն է տալիս կառավարել տեսարանի յուրաքանչյուր սանտիմետրը, անվերջ կրկնել կադրերը, կոճակի մեկ սեղմումով փոխել շրջակայքը` միաժամանակ աշխատելով կենդանի դերասանների հետ, ովքեր կենդանի էմոցիաներ են հաղորդում թվային մարմիններին motion capture-ի միջոցով։

Ավելի մանրամասն

Հիմա Ջեյմս Կեմերոնն աշխատում է «Ավատարի» շարունակությունների վրա ու օգտագործում ավելի խելահեղ տեխնոլոգիաներ` նկարահանումներ ջրի տակ motion capture-ով, իրական ժամանակում ջրի սիմուլյացիա, արհեստական բանականության ինտեգրում։ Սա ոչ թե ուղղակի կինո է, այլ կինոյի, որպես միջավայր, ապագան։

12. Արհեստական բանականություն. ապագայի կինո

«Սև հայելի» (Black Mirror) սերիալի էպիզոդներից մեկում կինոն ամբողջությամբ նկարվում է վիրտուալ միջավայրում, իսկ իրական դերասանների փոխարեն արհեստական բանականության ծրագրեր են, որոնք չգիտեն, որ իրենք մարդ չեն ու ունեն գիտակցություն։

Դրվագ «Սև հայելու» Hotel Reverie էպիզոդից

Բայց առայժմ արհեստական բանականությունը կինոյում խաղում է միայն ասիստենտի դեր։ Այն օգնում է ռեստավրացնել հին ֆիլմերը, ստեղծում է կադրերի պատկերներ, գրում է սցենարների սևագրեր, սինթեզում է ձայներ ու անգամ մոնտաժում։ Սակայն այս տեխնոլոգիայի պոտենցիալը շատ ավելի խորն է։

ԱԲ-ով գեներացված ֆիլմերն արդեն մրցանակներ են ստանում

Ապագայում ԱԲ-ն կարող է դառնալ համահեղինակ, օպերատոր, ռեժիսոր։ Այն արդեն կարող է վերլուծել հանդիսատեսի նախասիրությունները ու առաջարկել գաղափարներ, հարմարվել տոնայնությանը, ստեղծել վիզուալ պատկերներ տեքստի հիման վրա։ Կարևորը, որ տեխնոլոգիաները ծառայեն ստեղծագործելուն, ոչ թե հակառակը։

Կինոն անդադար փոխվող արվեստ է։ Ու յուրաքանչյուր մեծ կինոյի հետևում ոչ միայն դերասաններ ու ռեժիսորներ են, այլև ինժեներներ, գյուտարարներ, վիզիոներներ։ Առանց տեխնոլոգիաների չէր լինի մոգությունը։ Ու, հնարավոր է,  ամենա տպավորիչը դեռ առջևում է։


🎬 Արման Գասպարյան / PAN