Առաջին ծննդյան տորթն ու վերջին ընթրիքը. Մահապատժի դատապարտվածների վերջին ընտրությունը
2000 թվականին Օրեգոն նահանգի համալսարանի արվեստի պրոֆեսոր Ջուլի Գրինն աննախադեպ նախագիծ սկսեց։ Նա որոշեց հասարակ ճենապակյա ափսեների վրա նկարել մահապատժի դատապարտվածների վերջին ճաշի ընտրությունները։ Կապույտ ներկով, ավանդական չինական ճենապակու նախշերի ոճով յուրաքանչյուր ափսե մեկ պատմություն էր, մի ամբողջ կյանքի ամփոփում էր ու մի վերջին ընտրություն։
Գրինը մահացել է 2021-ին։ Նրա կյանքի վերջին քսանմեկ տարիները նվիրված էին այս նախագծին, որը շատ խորհրդանշական անուն ուներ՝ «Վերջին ընթրիք» (The Last Supper)։ Եթե ենթադրենք, որ հեղինակը որոշել է հղում տալ Դա Վինչիի կտավին, ապա այն կարելի է թարգմանել նաև «Խորհրդավոր ընթրիք»։ Ջուլի Գրինը խոստացել էր շարունակել նկարել այնքան, մինչև որ մահապատիժը կվերացվեր Ամերիկայում կամ էլ մինչև ինքը կհասներ 1000 ափսեի։
Ջուլին աշխատում էր Տեխասի և Օկլահոմայի համալսարաններում՝ նահանգներ, որտեղ մահապատիժների թիվը գերազանցում էր ԱՄՆ միջինը։ Մի օր, լրիվ պատահական պայմաններում, նա նկատեց մահապատժի դատապարտված մարդու վերջին ճաշի մանրամասն նկարագրությունը, որը տպված էր լրագրում։ Վեց մեքսիկական տակո, վեց ջնարակած դոնաթ և Cherry Coke։ Սա էր Օկլահոմայում 1999 թվականի հուլիսին մահապատժի ենթարկված մարդու վերջին ցանկությունը։
Գրինը զանգահարեց թերթի խմբագրությանը, հետո նաև բանտ, որպեսզի հարցներ, թե ինչու են տպագրում այս ինֆորմացիան։ Երկուսն էլ նույն բառերով պատասխանեցին. «Հանրությունն ուզում է իմանալ»։
Հետագայում այս նախագծի մասին խոսելիս Գրինն ասում էր.
«Մեծացել եմ ընտանիքում, որտեղ հիանալի էին պատրաստում, և ուտելիքը համեղ էր։ Ինձ համար սննդամթերքը միշտ եղել է տոն։ Այն հստակ խորհուրդ ու ասելիք է ունեցել։ Մասամբ դրա համար էլ հետաքրքրվեցի այս թեմայով»։
Այսպիսով, Գրինը սկսեց հավաքել մահապատժի դատապարտվածների վերջին ճաշերի մենյուները թերթերից, պաշտոնական զեկույցներից ու ինտերնետից։ Նա գտնում էր երկրորդական օգտագործման ճենապակյա ափսեներ և նկարում դրանց վրա։ Տարեկան շուրջ 50 ափսե էր պատրաստ լինում։
Ափսեների մեծ մասի վրա պատկերված էին բավականին կանխատեսելի ամերիկյան ուտելիքներ՝ համբուրգերներ տապակած կարտոֆիլով, լցոնած նրբաբլիթներ, դոնաթներ և այլն։ Բայց որոշ ընտրություններ հասկանալի էին միայն մահապատժի դատապարտված մարդուն։
Մի ափսեի վրա Գրինը նկարել էր չորս ձիթապտուղ և մի շիշ գազավորված ըմպելիք՝ վայրի հատապտուղների համով։ Մեկ ուրիշի վրա՝ մարինացված վարունգների տուփ։
Մի մարդ էլ վերջին ընթրիքի համար խնդրել էր միայն ջուր։ Պարզ, սառը ջուր։ Ոչինչ ավելի։ Գրինը նկարել էր դատարկ ափսե և ջրի բաժակ՝ սեղանի կենտրոնում։ Մեկ ուրիշն էլ խնդրել էր թույլ տալ մորը մտնել բանտի խոհանոց, որպեսզի նա պատրաստեր իր սիրած պելմենները։ Դատապարտյալն ուզում էր վերջին անգամ համտեսել մանկության համը։
Մեկ այլ դատապարտյալ էլ ասել էր պահակներին, որ ծննդյան օրը երբեք տորթ չի ունեցել։ Ահա այդպես, պիցցայի հետ, որը նա պատվիրել էր մահից առաջ, նրան բերեցին նաև տորթ։ Կյանքում առաջին և վերջին անգամ։
1917 թվականին Մոնտանայում մահապատժի դատապարտված մարդը մահապատժից մի քանի ժամ առաջ ասել էր.
«Բերանումս տհաճ համ կա։ Խնձոր եմ ուզում։ Միայն խնձոր»։
Գրինը սպիտակ ափսեի վրա նկարել էր մեկ խնձոր՝ կապույտ ուրվագծերով։
1947 թվականին Միսիսիպիում երկու սևամորթ պատանիներ՝ 15 և 16 տարեկան, մահապատժի ենթարկվեցին։ Ինչպես նշված էր զեկույցներում, մահապատժից առաջ նրանց տվել էին տապակած հավ և ձմերուկ։ Գրինը չգիտեր՝ իրե՞նք էին ընտրել այս ուտելիքը, թե՞ ոչ, բայց զեկույցի հիման վրա նա նկարել էր երկու ափսե՝ յուրաքանչյուր տղայի համար մեկը։
«Վերջին ուտելիքի ընտրություններն այնքան անձնական բնույթ են կրում, որ այժմ մահապատիժ երևույթին շատ ավելի այլ դիտանկյունից եմ նայում»։
Տարիներ տևած այս նախագծի ընթացքում Գրինը հասկացավ, որ ուտելիքը, որը դատապարտյալն ընտրում է մահից առաջ, թույլ է տալիս հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հոգում այդ պահին։ Ինչպե՞ս են վարվում մարդիկ, որոնք գուցե տարիներ շարունակ եղել են ճաղերի հետևում և փաստացի ընդհանրապես չեն ունեցել ընտրություն, երբ նրանց հանկարծ առաջարկում են կատարել իրենց վերջին ընտրությունը։
Որոշները հիշում են մանկությունը և ընտրում ինչ-որ նոստալգիկ, հաճելի մի բան։ Մյուսներն ընտրում են այն, ինչը երբեք չեն փորձել, կամ էլ ինչ-որ հիշողություն արթնացնող ուտելիքներ։
Գրինը նկարել էր նաև երկու հատուկ ափսե՝ նվիրված անարդարացիորեն դատապարտված ու հետո արդարացված անմեղ մարդկանց։ Խուան Ռոբերտո Մելենդես-Կոլոնը 17 տարի անցկացրել էր բանտում մի սպանության համար, որը չէր գործել։ Երբ վերջապես ազատ արձակվեց, նրա առաջին ճաշը եղավ Burger King-ի սիրելի սեթը։ Կերավ ու հետո անմիջապես փսխեց։ Ֆլորիդայի նահանգը նրանընդամենը 100 դոլար էր տվել՝ առանց ներողություն խնդրելու 17 գողացված տարիների համար։ Գրինի ափսեն ծաղկավոր էր և գունավոր՝ տիպիկ դեկորատիվ տարրերով։ Ճենապակու վրա պատկերված fast food-ի հակադրությունը խոսուն էր։
Գրինի նախագիծը ոչ միանշանակ ընդունվեց և հաճախ դառնում էր թեժ բանավեճերի առարկա։ Ամերիկյան արվեստի քննադատների շրջանում նրա աշխատանքը բազմաթիվ վեճերի պատճառ էր դառնում։
Հիմնական մեղադրանքն այն էր, որ Գրինը կոմերցիալիզացնում է մահվան գաղափարը։ Քննադատները պնդում էին, որ նա վերածում է մարդկային ողբերգությունը ստեղծագործական ոգեշնչման աղբյուրի։
«Ինչպե՞ս կարելի է մահվան դատապարտվածների վերջին պահերը վերածել արվեստի»։
Նրան մեղադրում էին, որ փորձում է գումար աշխատել մահապատժի թեմայից, թեև Գրինը պնդում էր, որ նախագիծը բացարձակապես առևտրային չէ։
Որոշ քննադատներ էլ համարում էին, որ նա անտեղի կարեկցանք է ցուցաբերում սարսափելի հանցագործություններ կատարած մարդկանց նկատմամբ։
«Նա փորձում է մարդկայնացնել մարդասպաններին ու հանցագործներին»։
Գրինին մեղադրում էին, որ մոռանում է զոհերի և նրանց ընտանիքների մասին։
Մի առիթով էլ Գրինը մոտ 100 ափսե էր ցուցադրել Կալիֆորնիայի հաստատություններից մեկում, այնտեղ, որտեղ մարդիկ գալիս էին բարձրակարգ խոհանոց վայելելու։ Արձագանքները բևեռացված էին։ Շատերը նորմալ ընդունեցին և հետաքրքրությամբ ուսումնասիրում էին ափսեները։ Բայց որոշներն էլ հայտարարեցին, որ ցուցահանդեսը փչացրել է իրենց ախորժակը։ Մի այցելու զայրացած գրել էր.
«Ինչպե՞ս կարող եք ցուցադրել հանցագործների ուտելիքն այնտեղ, որտեղ մարդիկ փորձում են վայելել իրենց ընթրիքը»։
Այցելուներից մեկը Գրինին անվանել էր «հոտած հիպի» և պահանջել, որ նա «վերադառնա Օրեգոն»։ Մեկ ուրիշը գրել էր, որ արվեստագետը «փորձում է մեզ զգացմունքային շանտաժի ենթարկել»։
Ցուցահանդեսների ժամանակ և դասախոսություններում Գրինի վրա հաճախ հարձակվում էին ագրեսիվ հարցերով.
«Իսկ զոհերի վերջին ճաշի մասին մտածե՞լ եք»։
«Ինչու՞ չեք նկարում նրանց, ում սպանել են այս մարդիկ»։
Գրինը երբեք չէր փորձում թաքցնել քննադատությունը կամ պատասխանել ագրեսիայով։ Փոխարենը՝ համբերատար բացատրում էր իր դիրքորոշումը։ Նա դեմ էր մահապատժին։ Նրա նպատակը ոչ թե արդարացնելն էր հանցագործներին, այլ ցույց տալ, որ նրանք նույնպես մարդիկ են։
Դևիդ Հաֆը, Կորվալիսի արվեստի կենտրոնի գործադիր տնօրենը, Գրինի աշխատանքում տեսնում էր մարդկային դիմանկարը՝ իր բոլոր թերություններով և ֆոբիաներով։
«Ես չեմ կարծում, որ սա կարող է արդարացում ծառայել նրանց արարքների համար։ Լրիվ հնարավոր է, որ նրանք սարսափելի հանցագործություններ են կատարել։ Բայց անկախ նրանից, թե ինչպես եք դուք վերաբերվում դրան, պետք է ընդունեք, որ նրանք բոլորը մարդիկ են։ Նրանց բոլորին ինչ-որ բան դուր էր գալիս, ինչ-որ բան՝ ոչ։ Նրանք սիրում էին պիցցա և կոկա-կոլա, կամ ծովախեցգետիններ»։
Գրինը պատմություններ էր հավաքել տարբեր նահանգներից։ Տեխասում, օրինակ, չէին թույլատրում սթեյք պատվիրել։ Բոլոր նահանգներից, որտեղ թույլատրված է մահապատիժը, միայն Մերիլենդում բանտարկյալին մատուցում են ստանդարտ բանտային ճաշ։ Ոչ մի ալկոհոլ։ Ծխախոտն արգելված է, թեև այս կանոնը հսկիչները երբեմն անտեսում են։ Իսկ Կալիֆորնիայում մահից առաջ թույլատրվում է պատվիրել ուտելիք ռեստորաններից՝ առավելագույնը 50 դոլարի սահմաններում։
Գրինի նախագծի մասշտաբը տեղափոխում է ուշադրությունը անհատներից դեպի մահապատիժը՝ որպես երևույթ։ Մարդկանց թվերն առանձնապես չեն հուզում։ Դա պարզապես վիճակագրություն է։ Բայց երբ թվերի հետևում տեսնում են իրական մարդկանց՝ պատկերը փոխվում է։ Մեկ դատապարտյալի պատմությունը ստիպում է մտածել։ Իսկ մի քանի հարյուր այդպիսի պատմություններ մեկ տեղում տեսնելը հաստատ ինչ-որ ազդեցություն թողնում է։
2021 թվականի սեպտեմբերին Գրինը նկարեց իր 1000-րդ ափսեն՝ օվալ սկուտեղ մեկ ծանոթ պատկերով. Coca-Cola-ի շիշ, որը պատվիրել էր տեխասցի մի մարդ՝ 1997 թվականին։
Մի քանի շաբաթ անց, հոկտեմբերի 12-ին, նա ավարտեց իր կյանքը Օրեգոնի Կորվալիս քաղաքում գտնվող իր տանը՝ բժշկի հսկողության ներքո։ Ջուլի Գրինը չհասցրեց տեսնել մահապատժի վերացումը ԱՄՆ-ում։ Բայց նրա 1000-ից ավելի ափսեները պատմեցին բազմաթիվ պատմություններ, Գրինի մահից հետո դրանք ցուցադրվեցին տարբեր պատկերասրահներում ու արվեստի կենտրոններում։ Ափսեները ստիպում են մտածել ընտրության մասին, մարդկային արժանապատվության մասին, կյանքի և մահվան մասին։
Ջուլի Գրինը հավատում էր մի շատ պարզ, անգամ կարծրատիպային մտքի՝ արվեստը կարող է փոխել աշխարհը։ Նա ասում էր, որ արվեստի այս արտահայտումը կարծես բռնում է մեզ մազերից ու քաշում ճշմարտությանն ավելի մոտ։ Նրա ափսեները շարունակում են անել հենց դա՝ ստիպում են նայել ճշմարտությանը, որից հաճախ փորձում ենք խուսափել։ Սա նաև գործիք է՝ բարդ սոցիալական և բարոյական հարցեր բարձրացնելու համար։ Գրինը չէր օգտագործում բարդ փիլիսոփայական տերմիններ կամ քաղաքական կոչեր։ Նրա բողոքի լեզուն սպիտակ ափսեներն էին ու կապույտ ներկը։ Արվեստի ուժը գուցե հենց դա է։ Այն անցնում է տրամաբանության պաշտպանական մեխանիզմներից և ուղղակիորեն դիմում է մեր զգացմունքներին։
Գրինը հասկանում էր, որ վիճակագրությունն աբստրակտ թիվ է։ Բայց մի քանի հարյուր ափսեները, որոնք ցուցադրված են մեկ սրահում, ստեղծում են ֆիզիկական, շոշափելի իրականություն։ Դու կարող ես քայլել ու ուսումնասիրել դրանք, կանգ առնել յուրաքանչյուրի մոտ, կարդալ պատմությունը։ Յուրաքանչյուր ափսե մարդկային դեմք ուներ։
Արվեստագետը չէր փորձում համոզել կամ քարոզել։ Նա պարզապես ցույց էր տալիս։ Ահա մի մարդ, ով երբեք ծննդյան տորթ չի ունեցել։ Ահա մեկը, ով ուզում էր, որ մայրը պատրաստի իր սիրած ուտելիքը։ Ահա անմեղ մեկը, ով 17 տարի անցկացրեց բանտախցում։ Գրինի այս մոտեցումը կրկին ցույց տվեց, որ արվեստը կարող է լինել շատ ավելի ազդեցիկ, քան բազմաթիվ բանավեճերն ու քաղաքական քարոզարշավները։