Կարդալիքներ PAN-ից
October 31

«Հաջորդ Սքարլեթ Յոհանսոնը» ու Black Mirror-ի էպիզոդ հիշեցնող իրականությունը. Խարիզմատիկ AI-դերասանուհին խառնել է Հոլիվուդը

Հոլիվուդում նոր աստղ է ծնվել։ Գեղեցիկ, խարիզմատիկ, ֆոտոգենիկ մի աղջիկ։ Նրա անունը Թիլլի Նորվուդ է, և նրան արդեն հասցրել են անվանել «հաջորդ Սքարլեթ Յոհանսոն»։ Միայն մի փոքրիկ դետալ կա․ Թիլլին իրականում գոյություն չունի։ Նա ստեղծվել է արհեստական բանականությամբ ու առաջ է բերել բոլորովին նոր մի տերմին՝ թվային դերասանուհի։

ԾԱՆՈԹԱՑԵՔ՝ ԹԻԼԼԻ ՆՈՐՎՈՒԴ

Թիլլին առաջին անգամ հանրությանն ու կինոաշխարհին ներկայացավ Ցյուրիխի միջազգային կինոփառատոնի շրջանակում, որտեղ հոլանդացի դերասանուհի և տեխնոարտիստ Էլին Վան դեր Վելդենը հայտարարեց, որ իր ստուդիան՝ Xicoia-ը, պատրաստվում է աջակցել ու «առաջ տանել» Հոլիվուդի առաջին AI-աստղին։

«Մենք ուզում ենք, որ Թիլլին դառնա հաջորդ Սքարլեթ Յոհանսոնը կամ Նատալի Փորթմանը։ Մեր նպատակն է ապացուցել, որ ստեղծագործ միտքը սահմաններ չունի»։

Իրականում ամեն ինչ շատ պարզ է, բայց և խրթին։ Թիլլին թվային դերասանուհի է, որը ստեղծվել է հարյուրավոր իրական կանանց դեմքերի համադրությամբ և հարյուր հազարավոր տեսանյութերի տվյալների հիման վրա։ Նա կարող է խոսել, ժպտալ, արձագանքել նորություններին, գրեթե՝ «ապրել» սոցիալական մեդիայում։ Նրա ֆիլմագրությունը դեռ այնքան էլ տպավորիչ չէ՝ ընդամենը մեկ YouTube սկետչ՝ AI Commissioner, որը գրել է հենց նույն Վան դեր Վելդենը։ Իհարկե, «գրելը» մի փոքր չափազանցված է այս դեպքում, հաշվի առնելով, որ թվային դերասանուհու համար սցենարը գրվել է ChatGPT-ի օգնությամբ։

Ամեն դեպքում՝ տեսանյութը կարճ ժամանակում հավաքեց հարյուր հազարավոր դիտումներ  և հարյուրավոր մեկնաբանություններ՝ հիմնականում բացասական։ Օգտատերերից մեկը գրել էր՝

«Խնդրում եմ, ասեք, որ սա պարզապես Black Mirror-ի նոր էպիզոդն է»։

ԹՎԱՅԻՆ ԿՈԴՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՆՈՒՄ

Իր արդեն սկանդալային դարձած ելույթի ընթացքում Թիլլիի «կնքամայր» Վան դեր Վելդենը հայտարարեց, որ դերասանական գործակալություններն արդեն հետաքրքրված են Թիլլիով։ Այս նորությունն արդեն չափից շատ էր ու Հոլիվուդը պարզապես պայթեց։

Մի կողմից՝ նոր տեխնոլոգիաների դարաշրջանում սա անխուսափելի էր թվում։ Մյուս կողմից՝ ոչ ոք չէր պատկերացնում, որ այս շրջադարձն այսքան արագ կգար ու կթակեր հազարավոր դերասանների դուռը։ Մի քանի արձագանք՝ հենց այդ դերասաններից։ Մելսիա Բարերան գրում է.

«Հուսով եմ՝ բոլոր դերասանները կդադարեցնեն համագործակցությունն այն գործակալների հետ, որոնք նման բանակցությունների մեջ են։ Սա զզվելի է»։

Մի շարք դերասաններ, հիմնականում սկսնակ ու երիտասարդ արտիստներ, պահանջեցին հրապարակել այն գործակալների անունները, ովքեր պատրաստ են «աշխատել կոդի հետ»։ Դերասանաուհի Մարա Ուիլսոնն էլ առաջարկեց խնդրի մեկ այլ դիտանկյուն քննարկել.

«Իսկ ինչպե՞ս եք ստեղծել այս մոդելը։ Քանի՞ կանանց դեմք եք օգտագործել առանց թույլտվության։ Չէ՞իք կարող ուղղակի նրանցից մեկի հետ աշխատել»։

«Իրական» դերասաններին պաշտպանել են անգամ լրագրողները, որոնք սովորաբար հաստատ պաշտպանի դերում չեն։ Թիլլիի ստեղծողների համեմատությունները և «նոր Սքարլեթ Յոհանսոն» ձևակերպումը զայրացրել է Variety-ի լրագրող Ջանել Ռայլին.

«Յոհանսոնը և Փորթմանը տաղանդավոր արվեստագետներ են, որոնք տարիներ են նվիրել իրենց արվեստին։ Թիլլին պարզապես դեմք է, որը կարող է տեքստ արտաբերել։ Սա ամենևին էլ նույնը չէ»։

Դե, իսկ սոցցանցերում սկսվեց իսկական խառնաշփոթ։ Մեկնաբանությունները տատանվում էին հումորից ու ծաղրից մինչև վախ ու սարսափ՝ «հոլիվուդյան ապոկալիպսիսը սկսվել է» ոճի ձևակերպումներով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԷԹԻԿԱ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոլիվուդյան այս վախերի տակ իրականում թաքնված է նաև մի պարզ թվաբանություն։ Morgan Stanley-ի տվյալներով՝ կինոարդյունաբերությունը կարող է խնայել մինչև 10–30% բյուջե, եթե որոշ աշխատանքներում անցնի արհեստական բանականության կիրառմանը։ Կարճ ասած, եթե ունես դերասան, որը երբեք չի ծերանալու, աշխատավարձի բարձրացում չի պահանջելու, երբեք որևէ սկանդալի կենտրոնում չի հայտնվելու իր հին ու մոռացված tweet-ների պատճառով, ապա ինչո՞ւ պիտի վճարես մարդկանց։ Նախկինում սա գուցե ֆանտաստիկայի ժանրից էր, բայց հիմա հստակ, տեսանելի ու հաշվելի բիզնես պլան է։

Բայց այստեղ էլ հերթական անհարմար հարցն է առաջանում։ Եթե կինոստուդիաները սկսեն սեփական AI դերասաններին ստեղծել, ապա ինչպե՞ս են բաշխվելու շահույթներն ու հեղինակային իրավունքները։ Կամ, եթե թվային դերասանի «խաղը» հիմնված է հազարավոր իրական դերասանների աշխատանքի վրա ու այն էլ առանց նրանց թույլտվության, ապա արդյո՞ք սա գողություն չէ։

Սա, անշուշտ, էթիկային վերաբերող հարց է, բայց նաև իրավական լուրջ շերտեր ունի։ ԱԲ համակարգերը օդից չեն ստեղծվում։ Այս դեպքում՝ յուրաքանչյուր ժպիտ, շարժում կամ բառ, որը Թիլլին «սովորել է», պատկանում է ինչ-որ իրական մարդու։

Այսինքն՝ եթե քո դեմքն ու շարժումներն օգնել են «ուսուցանել» մի համակարգ, որը հիմա քեզ է փոխարինում, ուրեմն դու բառացիորեն նպաստել ես քո սեփական ջախջախմանը։ Բացի այդ, բազմաթիվ նորեկ դերասաններ արդեն ահազանգում են, որ կինոստուդիաները որպես աշխատանքի պայման պահանջում են իրենց դեմքի և մարմնի թվային սկանները։ Մերժել՝ նշանակում է կորցնել դերը։

Վերադառնալով Թիլլիին։ Քննադատություններից հետո Վան դեր Վելդենը ստիպված եղավ հրապարակավ պաշտպանել իր նախագիծը։ Հայտարարեց, որ Թիլլին չի եկել մարդկանց փոխարինելու։ Հակառակը՝ արվեստի մի գործ էլ ինքն է։ Այդ դեպքում, իհարկե, անհասկանալի է այլ դերասանուհիների հետ Թիլլիին համեմատելու Վան դեռ Վելդենի նախորդ փորձերը։ Ահա, թե ինչպես է նա բացատրում Թիլլիի «գոյությունը»՝

«Արհեստական բանականությունը պարզապես նոր գործիք է՝ ինչպես ասենք անիմացիան կամ հատուկ էֆեկտները։ Ոչինչ չի կարող փոխարինել կենդանի դերասանական խաղը։ Ես ինքս դերասանուհի եմ և հստակ գիտեմ՝ Թիլլին չի կարող նույն կերպ ազդել մարդկանց հույզերի վրա»։

ՍԱՌԸ ՀԱՇՎԱՐԿ

Այս բուռն քննարկումների մեջ քննադատության մի այլ, հետաքրքիր շերտ էլ է ավելացել։ Կինոյի աշխարհի բազմաթիվ մարդիկ փաստում են, որ կինոարտադրության մեջ միշտ էլ եղել է գեղեցկության, տարիքային սահմանափակումների և արտաքինի միջոցով կանանց վերահսկելու չգրված «ավանդույթը»։ Այժմ սա կատարելագործվել է՝ «կատարյալ կանանց» ստեղծելու տեխնոլոգիայի միջոցով։ Դերասանուհիներից մեկն անգամ նշել է՝

«Չեմ զարմանում, որ առաջին խոշոր AI-դերասանուհին երիտասարդ կին է, որին կարելի է լիովին վերահսկել։ Սա պարզապես մարմնի վերահսկման հերթական ձևն է»։

Թիլլին և թվային նման կերպարները հարմար գործիք են դառնում մի ոլորտում, որտեղ իրական կանայք միշտ ստիպված են եղել պայքարել՝ տարրական հարգանքի և հստակ դրված սահմանների համար։ Հետևաբար, այստեղ խնդիրը ոչ միայն տեխնոլոգիան է, այլ այն, թե ով է այն օգտագործում։

Եվ կրկին խոսելով փակ դռների հետևում անցկացվող բանակցությունների մասին՝ անդրադառնանք Թիլլիին։ Էլին Վան դեր Վելդենը պատմում էր, որ դեռ 2025-ի փետրվարին ստուդիաները բացարձակապես մերժում էին իր գաղափարը։ Բայց արդեն մայիսին, ընդամենը երեք ամիս անց, իրավիճակը փոխվեց։ Իսկ Թիլլին էլ ոգևորված «ասում է»՝

«Ես գուցե AI եմ, բայց հենց հիմա շատ իրական հույզեր ունեմ, շատ ոգևորված եմ, թե ինչ կլինի հետո»։

Սա շատերին հիշեցնում է այն, ինչ եղավ նախ Netflix-ի, հետո՝ TikTok-ի դեպքում. Սկզբում շատ ինքնավստահ դեմքով մերժում էին, հետո արդեն կախվածության մեջ ընկնում։ Ու հիմա էլ պարզվում է, որ բազմաթիվ կինոարտադրողներ պատրաստ են համագործակցել թվային դերասանների հետ՝ չնայած բոլոր բարոյական, էթիկական ու մասնագիտական հարցերին։

Թիլլի Նորվուդը գուցե երբեք էլ չդառնա իսկական աստղ, բայց գոնե հասցրել է Հոլիվուդին «ստիպել» ուշքի գալ ու անհանգստանալ։ Դե, իսկ Թիլլին շարունակում է ժպտալ իր թվային ժպիտով։ Նրա մաշկը կատարյալ է, ձայնը՝ մշտապես մեղմ ու գրավիչ, աչքերն էլ յուրահատուկ փայլ ունեն։ Միայն հոգին է, որ դեռ ներբեռնման փուլում է։


✍️ Նանե Մանուկյան / PAN