#cinéPAN
June 10

Ոչ միայն մարքեթինգային գործիք. Ֆիլմերի թրեյլերները որպես արվեստի ինքնուրույն գործ  

Կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն ֆիլմերի թրեյլերներ չեն նայում` սփոյլերներից զերծ մնալու ու անակնկալի գործոնը պահպանելու համար։ Մի կողմից` դա արդարացված է, որովհետև շատ թրեյլերներ զուտ ֆիլմի լավագույն դրվագների խտացում են։ Սակայն մյուս կողմից կան բազմաթիվ թրեյլերներ, որոնք ինքնուրույն արվեստի գործեր են, ու դրանց չծանոթանալով` այդ մարդիկ զրկում են իրենց հետաքրքիր փորձառությունից։

PAN-ը ներկայացնում է թրեյլերային արվեստի որոշ փայլուն ներկայացուցիչների։

Մարդկանց մակաբուծող այլմոլորակային հրեշի մասին վերջին ֆիլմից (տարատեսակ քրոսովերները հաշվի չենք առնում) 15 տարի անց երկրպագուները վերջապես շոշափեցին ֆրանշիզի հոր` Ռիդլի Սքոթի նոր անդրադարձը թեմային` թիզերի տեսքով։ Մոտ մեկ րոպեանոց հոլովակը` նյարդային երաժշտությամբ, լարված ու, ամենակարևորը, 1979-ի ֆիլմի անվանման հայտնվելու ձևը կրկնօրինակող (անվանումը հայտնվում է աստիճանաբար` տառերի էլեմենտների տեսքով, նույն կերպ, ինչպես քսենոմորֆն է աստիճանաբար իրեն ցույց տալու), ինչը վկայում էր արմատներին վերադառնալու մասին։ Թե ինչպիսին ստացվեց «Պրոմեթևսը» (Prometheus, 2012), այլ հարց է, սակայն այս կարճ թիզերն այնպիսի աղմուկ առաջացրեց, որ երկրպագուները յուրաքանչյուր կադրի շուրջ հարյուրավոր էջերով բանավիճում էին ֆորումներում։ Լավ թրեյլերը ցույց է տալիս բավարար` հետաքրքրություն առաջացնելու համար, բայց ոչ բավարար` ամբողջ ֆիլմի լավագույն կադրերը ներառելու համար։

«Պրոմեթևսի» թիզերը

Ցավոք, «Պրոմեթևսի» լիարժեք թրեյլերներն անգամ կիսով չափ այդքան տպավորիչ չէին։ Բայց ավանդույթը` ոչինչ չասող, սակայն լարված, նյարդերի վրա խաղացող թիզերների, պահպանվեց։ Հինգ տարի անց Սքոթը շարունակեց իր գնոստիկ էքսպերիմենտը` «Օտար. Պատգամ» (Alien: Covenant, 2017) ֆիլմի տեսքով, որը ոչ միայն վերադարձրեց սկզբնական անվանումը, այլև առաջին թիզերով միանշանակ ցույց տվեց, որ «միսը» շատ է լինելու. թիզերը նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում։

«Օտար. Պատգամ» ֆիլմի «կարմիր» թիզերը

Ֆիլմի թրեյլերը նույնպես իրեն արդարացրեց։ Աշխատելով հնարավորինս քիչ ներկայացնել սյուժեն` թրեյլերը ստեղծողները, այդուհանդերձ, ամենավերջում մեծ անակնկալ էին պատրաստել երկրպագուների համար։

«Օտար. Պատգամ» ֆիլմի թրեյլերը

Այս տարվա օգոստոսին հրեշը վերադառնալու է` Ֆեդե Ալվարեզի «Օտար. Հռոմուլոս» (Alien: Romulus, 2024) ֆիլմում։ Չնայած Ռիդլի Սքոթը այլևս ղեկին չէ, նա կատարում է պրոդյուսերի պարտականությունները, իսկ անվանումից ելնելով` նաև որոշակի գաղափարական խարիսխի դերը։ Ու առաջին թիզերը անգամ երաժշտական ուղեկցության մակարդակով կրկնում է «Պրոմեթևսի» հռչակավոր թիզերը. էլի ոչինչ հասկանալի չի, բայց շատ հետաքրքիր է։

«Օտար. Հռոմուլոս» ֆիլմի թիզերը

Այս հոլովակը վերցնում է լավագույնը նախորդ երկու ֆիլմերի թիզերներից. կրկին ֆոնին աղեկտուր ճիչեր, կրկին մռայլ ու կեղտոտ միջանցքներ, արագ տեսաշարք։ Նախորդ շաբաթ դուրս եկած թրեյլերը, մյուս կողմից, այս պահին լավագույն բանն է, ինչ դուրս է եկել թեմայով։

«Օտար. Հռոմուլոս» ֆիլմի թրեյլերը

Այստեղ կան բազմաթիվ հղումներ ֆիանշիզի նախորդ ֆիլմերին, կա լարվածություն, կա անհրաժեշտ պահերին ձայնային ուղեկցության փոփոխություն, կան հետաքրքիր էքսպերիմենտներ մոնտաժի հետ։ Թրեյլերը կառուցված է այնպես, որ ազդում է ամենախորքային, լիմբիկ համակարգից բխող էմոցիոնալ կենտրոնների վրա։

Իհարկե, ոչ «Պրոմեթևսի», ոչ մյուս երկու ֆիլմերի թրեյլերները ստեղծողները հեծանիվ չեն հորինել։ Նրանք ուղղակի ոգեշնչվել են առաջին ֆիլմի թրեյլերից, որը այսքան տարիներ անց մնում է երբևիցե ստեղծված լավագույն թրեյլերներից մեկը։

«Օտարի» (Alien, 1979) լեգենդար թրեյլերը համարվում է լավագույն թրեյլերներից մեկը

Այո, այո։ Թե երաժշտական ու ձայնային ուղեկցությունը, թե արագ մոնտաժը, երբ աշխատում են ոչինչ ցույց չտալով շեշտակի հարցածներ հասցնել հանդիսատեսի ենթագիտակցությանը, թե խորթ, օտար ու ճնշող մթնոլորտը տասնամյակներ անց կլինեն այն բաղադրամասերը, որոնցով կկառուցվեն մյուս ֆիլմերի թրեյլերները։ Իրավամբ, փառահեղ ժառանգականություն։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


«Ինչ օր է։ Ինչ հիանալի օր է»։ Նիկոլաս Հոլթի մարմնավորած կերպարի` Նաքսի այս բացականչությունը «Խելառ Մաքս. Ցասման ճանապարհ» (Mad Max: Fury Road, 2015) ֆիլմից մեմ էր դարձել դեռ մինչև ֆիլմի դուրս գալը` շնորհիվ աներևակայելի ուժգնության թրեյլերի։ Հոլովակի հեղինակները կարողացել էին երկու րոպեում այնքան փոթորիկ ու ադրենալին լցնել, որ յութուբը պայթում էր հիացական բացականչություններից։

«Խելառ Մաքս. Ցասման ճանապարհ» ֆիլմի թրեյլերը

Պրիքվելի` «Ֆուրիոսա. Խելառ Մաքսի սագա» (Furiosa: A Mad Max Saga, 2024) դեպքում ունենք երկու փառահեղ, սակայն միմյանցից տարբերվող հոլովակ։ Առաջինը` հոլիվուդյան փեփլումների ոճում, քչախոս ու բարձր էներգետիկ խայծ էր։

«Ֆուրիոսայի» առաջին թրեյլերը

Երկրորդը` ավելի ժամանակակից, ավելի խելահեղ ու փոթորկալից, ավելի էներգետիկ, Դեյվիդ Բոուիի հանճարեղ The Man Who Sold The World երգի Junkie XL-յան ինտերպրետացիայի ներքո, միանշանակ համոզում է, որ գործ ունենք մեծ կինոիրադարձության հետ։

«Ֆուրիոսա. Խելառ Մաքսի սագա» ֆիլմի երկրորդ թրեյլերը

Դենի Վիլնյովի «Դյունայի» (Dune) երկու մասերի բոլոր թրեյլերներն էլ աչքի են ընկնում էպիկական մասշտաբներով, սակայն երկրորդ ֆիլմի երկրորդ թրեյլերներն առանձնահատուկ է։

«Դյունա. Մաս երկրորդ» (Dune: Part Two, 2024) ֆիլմի երկրորդ թրեյլերը

Չնայած սա սյուժետային թրեյլեր է, որը, ըստ էության, ֆիլմի կարճ, սինոփսիսային տարբերակն է, այդուհանդերձ այն կարողանում է սուղ ժամանակում էմոցիոնալ կերպով ներկայացնել գլխավոր հերոս Փոլ Ատրեյդեսի մետամորֆոզը` կենտրոնանալով վերջինիս սիրեցյալի` Չանիի վրա։ Թրեյլերում Չանին ուժեղ կերպար է, ում աչքերով բացահայտում ենք այն, ինչ պատմելու է ֆիլմը։

Էպիկական մասշտաբների մասին խոսելիս` չենք կարող չհիշատակել Պիտեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» (The Lord of the Rings: The Return of the King, 2003) ֆիլմի առաջին թրեյլերը։ Իհարկե, նախորդ երկու ֆիլմերի պրոմո հոլովակները նույնպես մեծ աղմուկ էին առաջացրել, դրանք նույնպես մասշտաբային էին ու էպիկական, սակայն երրորդ ֆիլմի թրեյլերով Ջեքսոնը, կարծես, ասեր. «Այն ամենն, ինչ տեսել եք մինչև հիմա, ոչինչ է` ի համեմատություն նրա, ինչ ձեզ սպասում է»։

«Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» ֆիլմի առաջին թրեյլերը

Ձյունաճերմակ Մինաս-Տիրիտի աշտարակների վրա գահավիժող, հսկա մողեսներ հեծած նազգուլներ, Արագորնը, որ վեր է բարձրացնում Նարսիլը, կուրացուցիչ լույսով նազգուլների վրա սլացող Գենդալֆը, աներևակայելի մեծության բանակներ, որոնք բախվելու են վերջին ճակատամարտում... Պատկերացրեք երկրպագուների հոգեվիճակը` այս երեք ու կես րոպեանոց հրաշքը նայելիս։

Թրեյլերը կարող է էպիկական ու մասշտաբային չլինել, այն կարող է կամերային ու փոքր լինել, սակայն միանգամից գրավել մարդկանց ուշադրությունը` ճիշտ շեշտադրումների շնորհիվ։ Ռոբերտ Էգերսի «Վհուկը» (The Witch, 2015) ֆոլկլորային հորրորի թրեյլերը թափանցում է մաշկի տակ, խուտուտ է տալիս ուղեղի հնագույն, «սողունային» հատվածները, զգուշացնում է մթության մեջ թաքնված գիշատիչների, քարտեզի սպիտակ մասերում բնակվող վիշապների, անտառի խորքերում թափառող, գոյի մյուս կողմերում բնակվող, անմեղ մանկան արյունով սնվող մղձավանջի մասին։

«Վհուկի» թրեյլերը

Թրեյլերը ոչ միայն անհարմարության ու ճնշելու, այլև ջերմ ու փափուկ լինելու շնորհիվ կարող է ազդել էմոցիոնալ վիճակի վրա. կարևորը, որ այն տրիվիալ կերպով սյուժեի վերապատմում չլինի։ Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» (Roma, 2019) սքանչելի դրամայի թրեյլերը նույնքան սքանչելի է։ Կինոխցիկը դանդաղ հորիզոնական անցումներ է կատարում սովորական ընտանիքի առօրյայում` ընդհատվելով աշխույժ մոնտաժով, միաժամանակ առաջացնելով հարմարավետության ու ինչ-որ տեղ հեռվում դարանակալած վտանգի զգացում։

«Ռոմայի» թրեյլերը

Նույնն էլ ֆիլմն է։ Սկսվելով որպես սովորական կյանքի դրվագ, անցնելով մղձավանջի միջով, այն մաքրագործվում է ու մաքրագործում կինոդիտողին ուժգին կատարսիսի միջոցով։ Թրեյլերում խաղաղ առօրյան ու վտանգը կոնտրաստի մեջ են, սակայն վերջում, ինչպես ֆիլմը, այն ընտրում է իր կողմը։

Թրեյլերը պարտավոր է հետաքրքրել ուղիղ այնքան, որպեսզի հանդիսատեսի մոտ ցանկություն առաջանա ֆիլմը նայելու։ Խայծը պետք է նման լինի ամերիկյան բլուրների. սկզբում հանգիստ, անշտապ բարձրանում ես` գլխապտույտ արագությամբ ներքև սլանալու համար։ Այդպիսի է Դեյվիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl With The Dragon Tatoo, 2011) թրիլլերի հոլովակը։ Այն աստիճանաբար կառուցում է մթնոլորտը` խտացնելով խորհրդավորությունն ու սրելով ինտրիգը` երկրորդ կեսում բարձր էներգետիկ ընթացք ստանալով ու սլանալով դեպի ավարտ` արագ մոնտաժի միջոցով։

«Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի թրեյլերը

Ռիթմը թրեյլերում առանցքային նշանակություն ունի, ու տարբեր հեղինակներ վիզուալ շարքը ավելի ամրապնդելու համար օգտագործվում են ռիթմի հետ կապված տարբեր ձայնային հնարքներ։ Քոեն եղբայրների «Լուրջ մարդը» (A Serious Man, 2009) սև կատակերգության թրեյլերում ռիթմի ստեղծման մեխանիզմը նույնպես սև է. վիզուալ ու ձայնային շարքի վրա մարդու գլուխը պատին հարվածելու ձայն է... Դրա շնորհիվ թրեյլերը ոչ միայն տպավորվում է, այլև անմիջապես կապված է ֆիլմի սյուժեի ու կոնցեպտի հետ, ինչը էլ ավելի է խորացնում ասոցիացիան ֆիլմի դիտումից հետո։

«Լուրջ մարդու» թրեյլերը

Սուպերհերոսական ֆիլմերի թրեյլերները, որպես կանոն, տրիվիալ են։ Ներկայացվում է հերթական իրավիճակը, ապա` ակտիվ էքշն մոնտաժի միջոցով հասցվում կուլմինացիայի։ Սակայն լինում են բացառություններ։ Օրինակ, Marvel-ի ամենահսկայածավալ «Վրիժառուները. Վերջնախաղ» (Avengers: Endgame, 2019) էպիկական կինոկոմիքսի դեպքում ստուդիան խնդիր էր դրել մինչև վերջ գաղտնի պահել սյուժեի մանրամասները։ Հետևաբար, հոլովակները պետք է հնարավորինս զերծ լինեին բուն ֆիլմի մասին պատմելուց։ Այդ իսկ պատճառով, շատ լավ մտածված թրեյլերի հիմքում նախորդ ֆիլմի` «Հավերժական պատերազմի» (Avengers: Infinity War, 2018) ֆինալին տեղի ունեցած աղետի հետևանքներն էին. Թոնի Սթարկը` միայնակ (չհաշված Նեբյուլային) տիեզերանավում, մոլորված տիեզերական օվկիանոսում առանց փրկության հույսի, կիսով չափ դիտարկված աշխարհը, հույսները կորցրած սուպերհերոսները։ Դեպրեսիվ, մտայլ ու ճնշող միջավայրը, առանց հիմար կատակների ու էքշնի, անսովոր է այս ժանրի ֆիլմերի պրոմո նյութերի համար, ու նաև այս պատճառով սա լավագույն սուպերհերոսական թրեյլերներից մեկն է։

«Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմի թրեյլերը

Մյուս կինոկոմիքսը, որի թրեյլերը ոչ պակաս տպավորիչ է, պատկանում է լրիվ այլ լիգայի ու լրիվ ուրիշ քաշային կարգի։ Եթե չեք կարդացել Ալան Մուրի համանուն գրաֆիկական վեպը, ապա Զակ Սնայդերի խիստ ռիսկային «Պահապանները» (Watchmen, 2009) ֆիլմի թրեյլերը, միաժամանակ ինտրիգային ու խորհրդավոր լինելով, ոչինչ չի ասի ձեզ սյուժեի մասին։ Ուղղակի Smashing Pumpkins խմբի The Beginning is the End is the Beginning խորհրդանշական կոմպոզիցիայի ներքո ձեզ ցույց կտան հիասքանչ տեսաշարք, որում, թվում է, ինչ-որ սուպերհերոսներ են, սակայն զգում եք, որ մի բան այն չի, որ այն, ինչ տեսնում եք, այնքան էլ պարզ ու շարքային չի, որ պատկերների հետևում թաքնված սուպերհերոսական պատմությունը նման չի լինելու նախկինում ձեր տեսած և ոչ մի նմանատիպ ֆիլմի։

«Պահապանների» թրեյլերը

Ալան Մուրի հանճարեղ գրաֆիկական վեպը, որը կազմաքանդում, կրկին հավաքում է ու մանրակրկիտ վերլուծում սուպերհերոսական ժանրը, դրա հետ միասին հերձելով բազմաթիվ հասարակական, քաղաքական ու սոցիալական սուր թեմաներ, բոլորովին նման չի սովորական կոմիքսի։ Զակ Սնայդերի ֆիլմը, որը դժվար է անվանել օրինակելի էկրանավորում, նույնպես նման չի այլ կինոկոմիքսների։ Ու թրեյլերը նույնպես պահպանում է այս օրինաչափությունը։

Թրեյլերը ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է բաղկացած չլինել հենց ֆիլմի կադրերից, սակայն փոխանցել ֆիլմի ոգին։ Նույն Ֆինչերի «Սոցիալական ցանց» (The Social Network, 2010) խոսակցական դրամայի թրեյլերը սկսվում է Ֆեյսբուքի տարբեր օգտատերերի գրառումներից ու նկարներից` Radiohead խմբի Creep երգի տակ, ապա` անցում կատարում բուն ֆիլմի կադրերին, որպես այդ ահռելի համացանցային սոցիալական օրգանիզմը ստեղծած մարդկանց անձնական դրամաների պատկերում։

«Սոցիալական ցանց» ֆիլմի թրեյլերը

Իսկ եթե ֆիլմի սյուժեի, կամ անգամ կոնցեպտի մասին ոչ ոք ոչինչ չգիտի ու ամեն ինչ մինչև վերջ գաղտնի է պահվո՞ւմ։ Սա «Վրիժառուները. Վերջնախաղի» իրավիճակը չի, երբ հանդիսատեսն, ընդհանուր առմամբ, պատկերացում ունի, ինչ սպասել, այլ ընդհանրապես անհայտ մի բան։ Օրինակ, Ջեյ Ջեյ Աբրամսի պրոդյուսինգով նկարված, Մեթ Ռիվսի «Քլովերֆիլդի» (Cloverfield, 2008) մասին ոչ ոք ոչինչ չգիտեր ընդհուպ մինչև կինոդահլիճ մտնելը։ Ու թրեյլերն էլ համապատասխան էր։ Ըստ էության, հոլովակը ֆիլմի սկզբի սեղմ տարբերակն էր, սիրողական տեսախցիկով նկարված կադրերի հաջորդականություն` երեկույթ, պայթյուններ, Ազատության արձանի գլուխը Մանհեթենի կենտրոնում... Ու սա արդեն իսկ բավարար էր հանդիսատեսի մոտ ուժգին հետաքրքրություն առաջացնելու համար։

«Քլովերֆիլդի» թրեյլերը

Լավ թրեյլերները շատ են, ու մեկ նյութը բավարար չէ անգամ դրանց չնչին մասը ներկայացնելու համար։ Սակայն ընթերցողի համար արդեն պետք է հասկանալի դառնա, որ երբեմն թրեյլերը ոչ թե ուղղակի ֆիլմից առանձին դրվագների հավաքածու է, այլ ինքնուրույն արվեստի գործ, որը կատարում է ոչ միայն մարքեթինգային, այլև էսթետիկ ֆունկցիա։


🎬 Արման Գասպարյան / PAN