Մաշնես ու ես. Ամենատարօրինակ կինեմատոգրաֆիկ տրանսպորտային միջոցները
Տրանսպորտը կինոյում կերպարներին հավասար գործող անձ է` լինի այն Հռոմի փողոցներով հետապնդումից խուսափող սպորտային ավտոմեքենա, թե հուսահատ հերոսին տուն տանող տխուր տրամվայ։ Տրանսպորտը սահմանում է տոնայնությունն ու դինամիկան, հաղթահարում միջաստեղային հեռավորություններն ու մոտեցնում (կամ հեռացնում) կինոյի իրականությունը հանդիսատեսին։ Սակայն երբեմն կինոյում հանդիպում են տրանսպորտային միջոցներ, որոնք տարօրինակ են անգամ վառ երևակայություն ունեցող անձանց համար։
PAN-ը պատմում է դրանցից մի քանիսի մասին։
Ռեժիսոր Լեն Ուայզմանի «Հիշել ամենը» (Total Recall, 2012) ֆանտաստիկ ֆիլմը, որը միաժամանակ Փոլ Վերհուվենի համանուն ֆիլմի ռեմեյքն է ու Ֆիլիպ Դիքի We Can Remember It for You Wholesale պատմվածքի նոր էկրանավորումը, փորձելով դուրս գալ մեծ նախնիների ստվերից, որոշեց զարմացնել իր ունիկալ տրանսպորտային միջոցով։ Ու խոսքը թռչող ավտոմեքենաների մասին չէ, ինչը կարելի է տեսնել բազմաթիվ գիտաֆանտաստիկ ֆիլմերում, այլ The Fall անունը կրող գրավիտացիոն գնացքի, որը ուղիղ գծով` Երկիր մոլորակի մեջ փորված թունելով, միմյանց է կապում Բրիտանական կղզիներում ու հյուսիսարևմտյան Եվրոպայում տեղակայված Բրիտանիայի Միավորված Դաշնությունը ու ամբողջ Ավստրալիան զբաղեցնող գաղութը։
Ֆիլմում գրավիտացիոն գնացքը տոտալիտար համակարգի ու գաղութատիրության խորհրդանիշ է։ Այս ահռելի սարքը ամեն օր գաղութից աշխատակիցներ է տեղափոխում ԲՄԴ գործարաններ, որտեղ կառուցվում են գաղութում ապստամբական շարժումները ճնշելու համար նախատեսված մարտական ռոբոտներ։
Հաշվի առնելով, որ համաշխարհային քիմիական պատերազմից հետո մոլորակի մակերևույթի մնացած հատվածը դարձել է անմարդաբնակ, գրավիտացիոն գնացքի ոչնչացումը կարող է դառնալ գաղութի անկախացման միակ գործոնը։
Գրավիտացիոն գնացք կոչվող ինժեներական հրաշքը, իհարկե, նորություն չէ ֆանտաստիկայում։ Ավելին, այն տեսականորեն քննարկվում է ֆիզիկայում դեռ 17-րդ դարից, երբ բրիտանացի գիտնական Ռոբերտ Քուքը Իսահակ Նյուտոնին ուղղված նամակում նկարագրել էր մոլորակի մեջ արագացող տրանսպորտային միջոց։ Նման սարքը ճանապարհի կեսը` մինչև մոլորակի կենտրոն, արագանալու է գրավիտացիոն ուժի ազդեցությամբ։ Մնացած հատվածը սարքը կհաղթահարեր առաջին հատվածում ձեռք բերած արագացման հաշվին` հասնելով զրոյական արագության մոլորակի հակառակ կողմում դուրս գալու պահին։ Երկիր մոլորակի վրա նման սարքը մի կողմից մյուսը կհասներ 38 րոպեում։ Ի դեպ, եթե Երևանի կենտրոնում նման տրանսպորտային միջոց լիներ, ապա այն նստելով կհայտնվեիք Խաղաղ օվկիանոսի գրեթե կենտրոնում։ Մոտակա կղզիները հիանալի վայր են փոքրիկ շաուրմայանոց բացելու համար։
Եթե գրավիտացիոն գնացքը գաղութատիրության խորհրդանիշ է, ապա ի՞նչ կարելի է ասել գիշատիչ քաղաքների մասին։ Այն, որ մեծ քաղաքները պետական ամբողջ ուշադրությունն իրենց վրա են քաշում` խժռելով փոքրերի (նաև մարդկային ու մշակութային) ռեսուրսներն ու անսահման աճելով, ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Նայեք Երևանին, որը իսկական գիշատիչ քաղաք է, ու նայեք մյուս մարզային քաղաքներին, որոնցից հոսքը դեպի մայրաքաղաք իր ծավալներով համեմատելի չէ հակառակ հոսքի հետ։
Իսկ ի՞նչ, եթե քաղաքային գիշատչությունը պատկերել ոչ թե որպես ալեգորիա, այլ ուղիղ իմաստով։ Ֆիլիպ Ռիվի գրքում գլոբալ աղետից հետո քաղաքները, որպես ռեսուրսների կրողներ, գոյության պայքար են մղում բառի բուն իմաստով` բնական ընտրության լավագույն ավանդույթներով` վերածվելով ահռելի տրանսպորտային միջոցների։ Պատկերացրեք Լոնդոնը, որը դանդաղ շարժվում է իր տիտանական թրթուռներով` որսալով ու կլանելով փոքր քաղաքները։
Պիտեր Ջեքսոնի աշակերտ Քրիստիան Ռիվերսի «Մահկանացու շարժիչներ» (Mortal Engines, 2018) ֆիլմը Ռիվի գրքի ոչ այնքան հաջող էկրանավորում է` թույլ դերասանական խաղով ու սումբուր սյուժետային լուծումներով։ Սակայն մասշտաբները ու հատուկ էֆեկտները խիստ տպավորիչ են. հսկա Լոնդոնն աճում է հորիզոնին, ու քաղաքակայանատեղիում (կայանատեղի, որտեղ հավաքվում են փոքր քաղաքները` առևտրի համար) հավաքված փոքր քաղաքները ճողոպրում են։ Սակայն ահռելի գիշատիչը, հետապնդելով զոհերին, ֆիքսում է նրանից ամենաթույլին, բացում իր աներևակայելի երախն ու կլանում վերջինիս։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Երևանը ամբողջ Հայաստանով մեկ հետապնդում է մյուս քաղաքներին. Գյումրին ու Վանաձորը փորձում են դիմադրել, դուրս գալով գիշատչի դեմ, բայց ապարդյուն։ Գավառը փախուստի ընթացքում ընկնում է Սևանա լիճն ու սուզվում, Սիսիանը թաքնվել է լեռներում` հեռվից հետևելով հսկայի շարժին։
Իհարկե, շարժական քաղաքների գաղափարը կինոյում նույնպես նորություն չէ։ Էդգար Ռայս Բերոուզի «Մարսի արքայադուստրը» գրքի էկրանավորումը Disney-ի համար սկզբունքային հարց էր` Ջեյմս Կեմերոնի «Ավատարի» (Avatar, 2008) ֆինանսական տրիումֆից հետո։ Disney-ն ուզում էր ունենալ սեփական «Ավատարը», ցնցել հանդիսատեսին նորագույն վիզուալ էֆեկտներով ու եռաչափ պատկերով, սկսել մեծ սագա, որին կնախանձեին անգամ «Աստղային պատերազմները» (Star Wars)։ Pixar-ի լավագույն ռեժիսոր Էնդրյու Սթենտոնին նստեցնելով ռեժիսորական աթոռին ու ծախսելով շուրջ $300 մլն, Disney-ը ստացավ իր գոյության ընթացքում մեծագույն ֆինանսական տապալումներից մեկը։ «Ջոն Քարթերը» (John Carter, 2012) հետ չբերեց անգամ արտադրական ծախսերը, իսկ Disney-ը իրականացրեց սեփական երազանքները` «Աստղային պատերազմները» ու «Ավատարն» իրենով անելով. չե՞ս կարող մրցակցել, գնի՜ր։
Այդուհանդերձ, «Ջոն Քարթերը» վիզուալ առումով շլացուցիչ է։ Ու խոսքը հատկապես Բարսումի (Մարսի) թագավորություններից մեկի` Զոդանգայի մասին է։ Զոդանգացիները կամ կարմիր մարսեցիները ագրեսիվ ու ռազմատենչ հանրույթ են, որոնք հազարամյա պատերազմի մեջ են մեկ այլ թագավորության` Հելիումի հետ։ Ու ֆիլմում Զոդանգան ահռելի շարժական քաղաք է, որը դանդաղ, բայց անկասելիորեն սողում է Կարմիր մոլորակի մարմնի վրայով` կարծես հսկայական մի միջատ։ Քաղաքը նման է քայլող նավթավերամշակման գործարանի, այն գեր է, գարշահոտ, ծխապատ, ծխահարված, մոնոքրոմ, պողպատյա, ժանգոտ ու անկենդան։ Այն շարժվում է հարյուրավոր ծանր մետաղական հիմքերի վրա, քաղաքի որովայնում թաքնված են բազմաթիվ դիրիժաբլեր, որոնք զոդանգացիները օգտագործում են իրենց թշնամիների վրա հարձակվելու համար։ Քաղաքն իր գոյության ընթացքում անցել է այնքան մարտերի միջով, որ արդեն անհայտ է, քանի անգամ է այն փլուզվել ու վերակառուցվել, վնասվել ու կարկատվել։
Սա, իհարկե, շատ մռայլ պատկեր է, բայց ոչ ավելի մռայլ, քան հրեշավոր բեռնատարը, որի վրա տասնյակ հսկա դինամիկներ ու թմբուկներ են դրված, իսկ թափքի վրա կապված` իր մղձավանջային հրե կիթառն է նվագում դժոխային Կոմա-Դուֆ անունով մարտիկը։ Այո, այո, խոսքը Ջորջ Միլլերի «Խելառ Մաքս. Ցասման ճանապարհ» (Mad Max: Fury Road, 2015) ֆիլմի կուլտային կերպարի մասին է։ Ֆիլմում, իհարկե, շատ են տարօրինակ տրանսպորտային միջոցները, սակայն Կոմա-Դուֆի բեռնատարը` Doof Wagon-ը, ամենատարօրինակն է։
Անցյալի ճակատամարտերում զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար շարքում պարտադրիր էր թմբկահարի առկայությունը։ Կոմա-Դուֆն իր հրեշավոր մեքենայի հետ միասին Անմահ Ջոյի զորքի մարտական ոգին բարձր պահող գործոն է։ Կոմա-Դուֆը կույր է, դեմքին է քաշել իր մահացած մոր ճչացող դեմքի կաշին ու, ընդհանրապես, սիրում է զվարճանալ։ Իր տրանսպորտային միջոցը` բազմատոննանոց MAN KAT I A1 (8x8), իսկական ձայնային carmageddon, V8 հրեշավոր շարժիչով, դինամիկների ու սաբվուֆերների պատով, ու չորս տայկո թմբուկների հնչողությունը բարձրացնելու համար օդամղիչներով։ Ծայրահեղ տպավորիչ տեսարան է` հարդ ռոքի ու խելահեղության անմոռանալի խառնուրդ։
Էլ ավելի անմոռանալի է մուլտիպլիկացիոն անտրոպոմորֆ տաքսին` Ռոբերտ Զեմեկիսի «Ով է դավել Ռոջեր ճագարին» (Who Framed Roger Rabbit, 1988) հիբրիդային ֆիլմում, որում խաղարկային կերպարներն ապրում են անիմացիոն կերպարների հետ նույն աշխարհում։ Հիասքանչ դետեկտիվային պատմությունը` աննկարագրելի վիզուալ լուծումներով ու սուր հումորով, ավելի տպավորիչ է դառնում Բեննի անունով ավտոմեքենայի շնորհիվ։ Բեննին միջին տարիքի, կոպիտ, սարկաստիկ, սակայն շատ ուշադիր անձնավորություն է, ով չի սիրում դանդաղ վարող վարորդներին։ Մայթին վարելու պատճառով Բեննին ձերբակալվում է ու պահվում ոստիկանական մեքենայում, որտեղից նրան ազատում են գլխավոր հերոսները։ Իսկ որպեսզի ամեն ինչ ավելի խելահեղ դառնա, ինչ-որ դրվագում Բեննին ինքն է սկսում ավտոմեքենա վարել (պատկերացրեք, ավտոմեքենան ավտոմեքենա է վարում)։
Տարօրինակ տրանսպորտային միջոցների իսկական գանձարան է Դենի Վիլնյովի «Դյունան» (Dune), թե առաջինը, ու թե երկրորդը։ Աչքի է ընկնում Լայթեր դասի տիեզերանավը, որը առաջին ֆիլմում վայրէջք է կատարում Կալադանում` Լետո Ատրեյդեսին փոխանցելու համար կայսեր հրամանը։ Լայթերները կլորավուն տիեզերանավեր են, որոնք հիմնականում օգտագործվում են ավելի խոշոր տրանսպորտային միջոցներ` հայլայներներ մարդկանց ու բեռներ տեղափոխելու համար։ Սակայն լայթերների արքան, իհարկե, Փադիշահ կայսր Շադդամ Կորինո չորրորդի անձնական տիեզերանավն է, որը երևում է երկրորդ ֆիլմում։ Հսկան իրենից ներկայացնում է լայթերի, շարժական թագավորական պալատի ու զինվորական հրամանատարական կենտրոնի համադրում` մեկ կիլոմետր տրամագծով հայելային գունդ, որը կարող է տեղավորել սարդաուկարների հինգ լեգիոն։
«Մեր բոլոր ֆրեգատներն ու տրանսպորտային նավերը հանգիստ կտեղավորվեն նավամբարի փոքրիկ անկյունում, մենք լինելու ենք բեռի ընդամենը փոքր մասը», - ասում է Լետո Ատրեյդեսը գրքում` խոսելով կայսրության հպարտության ու մելանժի կարևորության գլխավոր գործոնի` հայլայներ տիպի տիեզերանավերի մասին։ Սրանք «Դյունայի» աշխարհում միակ տիեզերանավերն են, որոնք շարժվում են գերլուսային արագությամբ, ու որոնք վարելու ու նավիգացիայի համար նավիգատորներին անհրաժեշտ է Արրակիսի մելանժը։ Հետևաբար, սրանք տիեզերանավերի տիեզերանավեր են, որովհետև, բացի հայլայներներից, բոլոր մնացած տիեզերանավերը ահռելի տարածությունները կարող են հաղթահարել միայն հայլայներներով։
Ֆիլմում հսկան երևում է շատ կարճ ժամանակով, սակայն դա էլ բավարար է տպավորվելու համար։ 20 կիլոմետր երկարությամբ խողովակ, որի ներսի պատերում փորված անձավներում ամբողջական նավատորմեր են թաքնված։
Ի դեպ, Վիլնյովի ֆիլմում հայլայներների դիզայնը իր սահուն կորություններով հիշեցնում է ռեժիսորի մեկ այլ ֆիլմում պատկերված տիեզերանավերը։ «Ժամանում» (Arrival, 2016) ֆանտաստիկ կինոկտավում այլմոլորակայինները` հեպտապոդերը, Երկիր են ժամանում խիստ տարօրինակ տրանսպորտային միջոցներով` ուղղահայաց էլիպսաձև մոնոլիտային մուգ օբյեկտներով, որոնց բարձրությունը հասնում է մոտ կես կիլոմետրի։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
Տիեզերանավերի դիզայնի հեղինակ Պատրիս Վերմետը փորձել է ստեղծել մարդկության համար հնարավորինս խորթ, անսովոր մի բան` ոգեշնչվելով Սթենլի Կուբրիկի հանճարեղ «2001 թվականի տիեզերական ոդիսական» (2001: A Space Odyssey, 1968) ֆիլմի այլմոլորակային մոնոլիտից, որի միայն տեսքը, սիմետրիան, անբնականությունն ու օտարությունը կարող են մարդուն սրբազան դողի մեջ գցել։
Սակայն իրավամբ խորթ ու օտար է մեկ այլ լեգենդար բեռնատար։ Ռիդլի Սքոթի «Օտարը» (Alien, 1979) համապատասխանում է իր անվանմանն առավելագույնս. շվեյցարացի սյուռեալիստ Հանս Ռուդի Գիգերն ամեն ինչ արել է` ֆիլմի այլմոլորակային ատրիբուտները մարդկային գիտակցության համար մաքսիմալ խորթ դարձնելու համար։ Տպավորություն է, որ հեղինակն իր ստեղծագործությունների ոգեշնչումը ստանում է ոչ այս աշխարհից։ Երբ սահմանապահները, տեսնելով Գիգերի գործերը, հարցրել են` որտե՞ղ եք սա լուսանկարել, նկարիչը դեմքի լուրջ արտահայտությամբ պատասխանել է. դժոխքում։
Իհարկե, ֆիլմի թագն ու պսակը գլխավոր հրեշն է, Գիգերի ստեղծագործական հպարտությունը, որի մասին մենք բազմիցս գրել ենք։ Սակայն ոչ պակաս տպավորիչ է նաև LV-426 գաճաճ մոլորակի մակերևույթին հայտնաբերված հնագույն այլմոլորակային բեռնատար տիեզերանավը։ Օտար քաղաքակրթության այս բրածոն իր արտաքին տեսքով, իր օրգանականությամբ, մռայլ միայնությամբ, խեղված, ճկված ուրվագծով, անտրամաբանական, անմարդկային ձևերով այնքան հեռու է այն ամենից, ինչի հետ մարդ արարածն առնչվում է, որ կարող է վանել, այն անմիջապես տիեզերքի երեսից ջնջելու, մոռանալու ցանկություն առաջացնել։
Մղձավանջային այս տեսիլքը, կարծես, արարվել է ամեն մարդկային զգացում, ամեն հույս ոչնչացնելու համար, որպես անհուն Տիեզերքի անտարբերության խորհրդանիշ։ Նույնքան դժոխային է նաև նավի քարացած պիլոտը` իր բիոմեխանիկական բազմոցին սերտաճած։ Իսկ տիեզերանավի տեղափոխած բեռը իրապես ուղիղ դժոխքից է` ծայրահեղ ագրեսիվ մակաբույծի կոկոններ։ Հազարավոր կոկոններ, որոնք համբերատար սպասում են իրենց ժամին։ Ցավոք, 2012-ին նույն Սքոթը իր «Պրոմեթևսով» (Prometheus) զրոյացրեց խորթության ու խորհրդավորության զգացումը` որպես տարօրինակ տիեզերանավի ստեղծողներ ներկայացնելով մարդկանցից այնքան էլ չտարբերվող արարածների։ Տասնամյակներ առաջին ֆիլմի երկրպագուները ենթադրություններ էին անում նավի ծագման վայրի մասին, իսկ Սքոթը մեկ հարվածով դրանք վերացրեց։