Մասկի կարմիր տեսլան ընդդեմ Թրամփի սպիտակ տան. Ի՞նչ սև կատու է անցել «ոխերիմ բարեկամների» միջև
Երբ բախվում է երկու հսկա, որտեղ մեկն աշխարհի ամենահզոր մարդկանցից է, իսկ մյուսը՝ ամենահարուստներից, ապա լավ բան սպասել պետք չէ։ Իհարկե, մյուս կողմից, այնպես չէր, որ այս երկու հսկայի բարեկամությունից էր կարելի լավ բան ակնկալել: Ինչևէ, փաստը մնում է փաստ՝ Դոնալդ Թրամփի ու Իլոն Մասկի միջև սև կատու է անցել։ ԱՄՆ նախագահ Թրամփը և տեխնոլոգիական մագնատ Մասկը հրապարակային կերպով «պատերազմ» են հայտարարել։ Այս պատմությունը լրագրողներն արդեն հասցրել են անվանել «ինտերնետային վեճերի Սուպերգավաթ»։ Վեճը տասնապատիկ ավելի հետաքրքիր է դառնում, երբ մտաբերում ենք Թրամփի ու Մասկի bromance-ը։ Ամեն դեպքում, այս պայքարի արդյունքում ականատես եղանք ոչ միայն երկու էգոյի բախմանը, այլև հերթական անգամ հստակ օրինակներով տեսանք ամերիկյան քաղաքականության և բիզնեսի խորը փոխկապվածությունը։
ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Թրամփի և Մասկի հարաբերությունների պատմությունը նման է ամերիկյան դրամայի՝ լի անսպասելի շրջադարձերով։ 2021-ին Մասկը, որը մինչ այդ քվեարկել էր դեմոկրատների օգտին, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնի, X հարթակում (այն ժամանակ՝ Twitter) գրեց, որ ժամանակն է, որ Թրամփը մոռանա քաղաքականության մասին ու այդ տարիքում այլևս չմտածի որևէ բան, առավել ևս՝ մի ամբողջ պետություն ղեկավարելու մասին։ Թրամփի արձագանքը չուշացավ։
Ալյասկայում կայացած հանրահավաքի ժամանակ նա Մասկին անվանեց «հերթական բամբասկոտ», պնդելով, որ Մասկն իրեն ասել էր, թե քվեարկել է իր օգտին։ Ավելի ուշ սառույցը փոքր-ինչ հալվեց։ Մասկը վերականգնեց Թրամփի Twitter հաշիվը, որն արգելափակվել էր Կապիտոլիումի վրա հարձակումից հետո։
2023-ի ամռանը, երբ Թրամփի դեմ երեք քրեական գործ էր հարուցվել, Մասկը դատապարտեց այդ հետապնդումները։
«Անցյալ ընտրություններում ես չքվեարկեցի նրա օգտին, բայց նախկին նախագահի դեմ այսպիսի ագրեսիվ իրավական գործողությունները ճիշտ չեն»։
Այս գրառումը նշանավորեց Մասկի դիրքորոշման փոփոխությունը, և շուտով նա սկսեց ավելի համակրանքով արտահայտվել Թրամփի մասին։
ԴԱՇԻՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
2024-ի մարտին Թրամփի արշավը ֆինանսական ճգնաժամի մեջ էր։ Նախընտրական շտաբը ծախսել էր ավելի քան 50 միլիոն դոլար նրա իրավական պաշտպանության վրա։ Հենց այդ ժամանակ Թրամփը մի քանի այլ հարուստ հանրապետական դոնորների հետ միասին հանդիպեց Մասկին։ Ավելի ուշ Մասկը պնդեց, որ հանդիպումը պլանավորված չէր և որ Թրամփը երբեք բացահայտ չի խնդրել ֆինանսավորում։
«Ես չեմ վճարում նրա իրավական հաշիվները, և նա ինձնից փող չի խնդրել»։
Արդեն 2024-ի գարնանը տարածվեցին Թրամփի և Մասկի հնարավոր համագործակցության մասին լուրեր։ Ըստ որոշ տեղեկությունների «Առուն չթռած հոպ ասող» Թրամփը նոր վարչակազմում Մասկին պաշտոն էր խոստացել։
Իսկական շրջադարձը տեղի ունեցավ 2024-ի հուլիսին։ Փենսիլվանիայում Թրամփի վրա մահափորձից ընդամենը մեկ ժամ անց Մասկը X-ում գրեց.
«Ես լիովին աջակցում եմ նախագահ Թրամփին և հույս ունեմ, որ նա արագ կապաքինվի»։
Հոկտեմբերին, երբ Թրամփը վերադարձավ մահափորձի վայր, նա բեմը կիսեց Մասկի հետ։ Սև «Make America Great Again» գլխարկով միլիարդատերը ցատկում էր բեմի վրա, իրեն բնութագրում որպես «dark MAGA» և կանխատեսում, որ «սրանք կլինեն վերջին ընտրությունները», եթե Թրամփը չհաղթի։ Այդ ժամանակ Մասկն արդեն գրեթե 75 միլիոն դոլար էր տվել իր ստեղծած սուպեր PAC-ին՝ Թրամփին աջակցելու համար։
Մասկը Թրամփի հետ բեմ բարձրացավ նաև Նյու Յորքում, ինչպես նաև 1 միլիոն դոլարի խաղարկություններ կազմակերպեց ճոճվող նահանգների ընտրողների համար։ Այս ֆինանսավորումն իսկապես օգտակար եղավ ճակատագրական այս նահանգներում հաջողության հասնելու համար։
Նոյեմբերին, երբ Թրամփը հաղթեց բոլոր յոթ ճոճվող նահանգներում և առաջին անգամ շահեց ժողովրդական քվեարկությունը, Մասկն առաջիններից էր, որ նշեց «հզոր Ամերիկայի» վերադարձն ու հաղթանակը։ Դե իսկ Թրամփն իր հաղթանակի ճառում շնորհակալություն հայտնեց Մասկին, իսկ մեկ շաբաթ անց նշանակեց նրան նորաստեղծ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Այս կերպ նախագահն իրականացրեց իր նախընտրական խոստումը՝ թույլ տալ Մասկին վերահսկել կառավարության ծախսերի կրճատումները։
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ
Սրան արդեն հաջորդեց Թրամփի ու Մասկի չտեսնված, չլսված bromance-ը։ Միասին ժամանակ անցկացնելուց մինչև որոշումներ կայացնել։ Մասկի փոքր որդին հայտնվում էր Օվալաձև սենյակում, իսկ Մասկը կարծես որոշումներ էր կայացնում՝ Թրամփի փոխարեն։
«Մարդիկ քվեարկել են խոշոր բարեփոխումների օգտին, և նրանք կստանան դա»։
Բոլորը, այդ թվում Թրամփը պնդում էին, որ միլիարդատերը «շատ բան է զոհաբերում» իր կառավարական աշխատանքի պատճառով։ Նրանց համատեղ որոշումների արդյունքում տասնյակ հազարավոր աշխատողներ էին կրճատվում, հարցականի տակ էր դրվում տարիներով արված նախագծերի ճակատագիրը, բայց Թրամփն ու Մասկը կարծես նույն ալիքի վրա էին։ Մինչև մի գեղեցիկ առիթով, ընդամենը 72 ժամում ընկերությունից ու բարեկամությունից ոչինչ չմնաց։
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Ընդամենը մի քանի ամիս առաջ Մասկը գրել էր X-ում.
«Ես սիրում եմ Դոնալդ Թրամփին այնքան, որքան հետերոսեքսուալ տղամարդը կարող է սիրել մեկ այլ տղամարդու»։
Բայց սերը չհաղթահարեց հակասությունները։ Հունիսի 4-ին Մասկը X-ում անսպասելի հարձակում գործեց նախագահի հիմնական ներքաղաքական նախաձեռնության, ավելի կոնկրետ՝ մի օրինագծի վրա։ Միլիարդատերը չխնայեց բառերը՝ օրինագիծն անվանելով «զզվելի», «այլանդակ», «նողկալի»։ Կոնֆլիկտի պատճառը դաշնային ծախսերի լայնածավալ կրճատումների մասին օրինագծի քննարկումներն էին։
Թրամփի այս նախաձեռնությունը նախատեսում էր օրինակ պաշտպանության ծախսերի ավելացում և ներգաղթի դեմ պայքարի ֆինանսավորում։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր կրճատել բժշկական ապահովագրության, ուսանողական վարկերի և պարենային օգնության ծրագրերը։ Ամենացավոտը Մասկի համար այն էր, որ օրինագիծը վերացնում էր էլեկտրամոբիլների հարկային արտոնությունները՝ հարված հասցնելով Tesla-ի շահույթին։
Հունիսի 5-ին իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։ Օվալաձև գրասենյակում Թրամփը հայտարարեց.
«Մենք Իլոնի հետ հիանալի հարաբերություններ ունեինք։ Չգիտեմ՝ այժմ դրանք ինչպիսին կլինեն»։
Նա մեղադրեց Մասկին անձնական շահերից ելնելու մեջ՝ պնդելով, որ միլիարդատերը դժգոհ է էլեկտրամոբիլների սուբսիդիաների չեղարկումից։ Նաև ասաց, որ չափազանց հիասթափված է Մասկից։
Մասկի պատասխանը եղավ կայծակնային.
«Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»։
Համաձայնեք, որ սա հնարավորինս ուղիղ ու ցավոտ պատասխան էր։ Այնուհետև նա սպառնաց դադարեցնել SpaceX-ի Dragon տիեզերանավի շահագործումը, որը ամերիկացի աստղագնացներին հասցնում է Միջազգային տիեզերական կայան։ Մասկն այսքանով էլ չբավարարվեց։ Երեկոյան որոշեց «իսկական ռումբ նետել»։ Նա մեղադրեց Թրամփին Ջեֆրի Էպշտեյնի գործում ներգրավված լինելու մեջ՝ առանց որևէ ապացույցի։ Էպշտեյնը ֆինանսիստ էր, որը մեղադրվում էր անչափահասների շահագործման մեջ և 2019-ին ինքնասպան եղավ բանտում։ Մասկը պնդեց, որ Թրամփի անունը հիշատակվում է չհրապարակված փաստաթղթերում։
«Իլոնը պարզապես խելքը թռցրել է»։
Թրամփն էլ մի երկու բառով սահմանափակվողը չէ։ Նա սպառնաց չեղարկել Մասկի ընկերությունների բոլոր պետական պայմանագրերը.
«Միլիարդներ խնայելու ամենահեշտ ճանապարհը կլինի դադարեցնել Իլոնի սուբսիդիաներն ու պայմանագրերը»։
Այս պայթյունավտանգ «կրակոցներից» հետո տղամարդիկ մի պահ լռեցին։ Երևի նրանց հեռատես խորհրդատուները հիշեցրին փոխադարձ «տիեզերական» կախվածության մասին, որը խոցելի է դարձնում թե՛ կառավարությանը, թե՛ Մասկի ընկերություններին։ Բավարարվեցին նրանով, որ Թրամփը որոշեց վաճառել իր կարմիր Tesla-ն, որը գնել էր 2025-ի սկզբին՝ Մասկին աջակցելու համար։
Ընդամենը օրեր անց էլ Մասկը անուղղակիորեն ներողություն խնդրեց, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ փոշմանեց իր որոշ ասած֊արածների համար։
«Ես ցավում եմ նախագահի մասին իմ որոշ գրառումների համար։ Չափազանց հեռու գնացի»։
Բայց սա չի նշանակում, որ կրքերը հանդարտվել են։ Իլոնը սիրում է, երբ վերջին խոսքն իրենն է լինում։ Ստացվել է այնպես, որ Թրամփն էլ է այդպիսին։ BBC-ի լրագրողներից մեկի բնութագրմամբ սա նման է հոլիվուդյան բլոքբասթերի, որի դիտումը միաժամանակ հիացնում, ցնցում և վախեցնում է։ Վախեցնում, որովհետև մեկը ղեկավարում է տասնյակ միլիարդների արժողությամբ կորպորացիաներ, իսկ մյուսը՝ գլոբալ գերտերություն։ Եվ ոչ ոք չգիտի, թե որն է լինելու այս անկանխատեսելի մարդկանց հաջորդ քայլը։
Թերևս Չերչիլի հնչեցրած ճշմարտությունը լավագույնս բնութագրում է այս պատմությունը ևս.
«Չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր»։