Երբ իջնում է վարագույրը. Պատիժն ու անհայտությունը՝ սերիալային ֆինալներում
Մի քանի սեզոնից բաղկացած մեծ սերիալ նայելը նման է երկարատև ճամփորդության, որը կինոդիտողը կատարում է սերիալի հերոսների հետ։ Այս ընթացքում կերպարները դառնում են հարազատ, կինոդիտողն այլևս անտարբեր չի նրանց ճակատագրի նկատմամբ, իսկ մոտեցող ավարտը էլ ավելի է սրում այդ զգացմունքները։ Սերիալի հեղինակները հրաշալի հասկանում են, որ նրանից, ինչպես կավարտվի իրենց ստեղծագործությունը, կախված է լինելու այն, ինչպես մարդիկ սերիալը կհիշեն։ Վատ, ծամծմված ֆինալն անգամ լավ սերիալում կարող է փչացնել տպավորությունները, հիասթափեցնել սիրելի կերպարներից։ Լավ ֆինալն ունի հակառակ էֆեկտ, սերիալը հավերժ կմնա երկրպագուների հետ։
Բայց լինում են սերիալային ավարտներ, որոնք ոչ այն են, ոչ այն։ PAN-ը կպատմի վատ, լավ ու ոչ միանշանակ ֆինալների մասին։
[Զգուշացնում ենք, որ նյութի առանձնահատկությունից ելնելով` այն պարունակում է կրիտիկական, առանցքային սփոյլերներ, այնպես որ, եթե տվյալ սերիալը դեռ չեք նայել, բայց պատրաստվում եք, ուղղակի բաց թողեք այդ հատվածը։ Այդ նպատակով նյութը բաժանված կլինի ենթավերնագրերի]։
DEXTER & DEXTER: NEW BLOOD
Showtime-ի համար Ջեֆրի Լինդսեյի Darkly Dreaming Dexter գրքի էկրանավորումը ռիսկային էր, անգամ հաշվի առնելով ամերիկյան հեռուստադիտողի հետաքրքրությունը սերիական մարդասպանների նկատմամբ։ Ռիսկային էր, որովհետև այս անգամ սերիական մարդասպանը գլխավոր հերոսն էր, իսկ հեռուստադիտողը, կամա թե ակամա, իրեն ասոցացնում է գլխավոր հերոսի հետ։
Դեքստեր Մորգանը` տաղանդավոր քրեագետ, անմեղ մարդկանց չի վնասում (համենայն դեպս, սերիալի սկզբում), այլ սպանում է միայն արդարադատությունից խուսափած հանցագործների։ Ութ սեզոն շարունակ հնարամիտ ոստիկանական պրոցեդուրալի, սպանությունների, իր իրական «մասնագիտությունը» կեղծ մասնագիտության տակ թաքցնելու Դեքստերի ջանքերի շնորհիվ հեռուստադիտողը խիստ կապվում է թե սերիալի գլխավոր (հակա) հերոսի, թե մյուս կերպարների հետ։
Այս օփենինգը սերիալի դիտումից հետո դեռ երկար է մնում հիշողության մեջ, նաև` շնորհիվ Ռոլֆե Քենթի հիանալի երաժշտության)։
Բնականաբար, ութ սեզոնի սպասումները պետք է արդարացվեն ֆինալում։ Չնայած կապվածությանը, հեռուստադիտողը բնազդաբար զգում է, որ Դեքստեր Մորգանը վերջում պարտադիր պիտի պատժվի իր հանցագործությունների համար` անկախ նրանից, թե որն է դրանց մոտիվացիան ու որքանով է կերպարը արդեն հարազատ դարձել։ Անհրաժեշտ կատարսիսը ենթադրում է պարզ ու հստակ խրատ` սպանությունը միշտ վատ է, ու կապ չունի, ով է զոհը։
Սակայն սերիալի հեղինակները այլ ճանապարհով շարժվեցին։ Դեքստերը, իհարկե, պատժվեց, բայց ոչ այնպես, ինչպես կուզեր կինոդիտողը։ Էլեկտրական աթոռին այրվելու կամ բանտում կյանքի մնացած մասն անցկացնելու փոխարեն Դեքստեր Մորգանը կորցրեց իրեն հարազատ բոլոր մարդկանց, ու այդ կորուստի մեղավորը հենց ինքն էր։ Այն, որ ֆինալին Մորգանը ֆիզիկապես ողջ էր, ոչինչ չի նշանակում. երբեմն, մահն ավելի նախընտրելի է, քան սեփական մեղքի բեռն ուսերին ապրել շարունակելը (մյուս կողմից, արդյոք Դեքստերի էմոցիոնալ գունապնակը բավարար է դրա համար, մեծ հարց է)։
«Դեքստեր» սերիալի եզրափակումը ոչ միանշանակ էր։ Երկրպագուների մեծ մասը դժգոհ մնաց նրանից, որ Մորգանի հանցագործությունների համար պատասխան տվեցին իր հարազատները, իսկ նա անպատիժ մնաց։ Մյուս կողմից, ավելի խորը ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ հոգեբանորեն անհավասարակշիռ Մորգանի համար իր «կոդեքսի» առաջին կետը չբռնվելու մասին, միգուցե, շատ կարևոր է, բայց նա պետք է շարունակի ապրել դրա բոլոր մնացած կետերը խախտած լինելու զգացումով, իսկ դա իր նման մարդու համար մահվանից էլ վատ է։
Ինչն ակնհայտ երևում է «Դեքստեր. Նոր արյուն» մինի սերիալում, որը շարունակում է օրիգինալ սերիալի իրադարձությունները 10 տարի անց։ Այս ոչ պարտադիր մինի սերիալը, կարծես, հեղինակների ապաշխարանքն է երկրպագուների առջև։ Եթե դուք դժգոհ էիք նրանից, որ օրիգինալ սերիալում Դեքստեր Մորգանը ուղղակիորեն չպատժվեց, ապա ստացեք ու ստորագրեք. մինի սերիալում Մորգանը կպատժվի հարյուրապատիկ։ Տարօրինակ է, բայց այս անգամ ևս երկրպագուները բաժանվեցին երկու բանակի։ Ծիծաղելին այն է, որ մարդիկ, ովքեր բողոքում էին օրիգինալ սերիալում Դեքստերի` պատժից խուսափելուց, այս անգամ դժգոհ էին այդ պատժի` չափից դուրս խիստ լինելուց։ Իրոք որ, անհնար է հասկանալ որոշ սերիալների երկրպագուների։
SONS OF ANARCHY
Բայքերների բանդայի մասին «Անարխիայի որդիները» շատ ավելի միանշանակ է գնահատականների հարցում։ Չնայած արտաքին ատրիբուտներին` շոուռաներ Կուրտ Սատերը իր սերիալներում կառուցում է քրեական աշխարհն իր բոլոր մանրամասներով` վերջում երևույթի նկատմամբ դատավճիռ կայացնելու նպատակով. ամեն ինչի համար անհրաժեշտ է վճարել։
Գլխավոր հերոս Ջեքսոն Թելլերը (Չառլի Հաննեմ) յոթ սեզոնների ընթացքում կանցնի դավաճանությունների ու ինքնախաբեության արյունոտ ճանապարհով, կզրկվի բոլորից ու ամեն ինչից, իսկ Սատտերը նույնքան բարեհոգի չի լինի գլխավոր հերոսի նկատմամբ, որքան «Դեքստերի» հեղինակները։
2014-ի դեկտեմբերի 9-ին ցուցադրված Papas Goods էպիզոդում Սատտերը դրեց վերջակետը. Ջեքսոնը նախընտրեց զոհվել իր հոր նման` դրանով քավելով մեղքերն ու մաքրելով իր բարի անունը, քան կյանքի մնացած մասն անցկացնել փախուստի մեջ կամ բանտում։ Սրանում է Ջեքսոնի ու Դեքստերի տարբերությունը. վերջինս նույնպես բազմիցս պատրաստ էր սեփական կյանքը իր մեղքերը քավելու զոհասեղանին դնելուն, սակայն անում էր դա ոչ միանշանակ ու ոչ նպատակաուղղված` ընդհուպ մինչև մինի սերիալի վերջին էպիզոդի կատարսիսային վերջին րոպեները։
BREAKING BAD
Իսկական պատիժը սպասում էր Վինս Գիլիգանի ստեղծած հերոսին` լեգենդար Breaking Bad սերիալում (մենք անգամ չենք փորձի թարգմանել անվանումը)։ Անձի անկման այս հիանալի պատմությունը, որի ընթացքում քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթը (Բրայան Քրենսթոն) վերածվում է (կարելի է ասել` վերածնվում է) դաժան ու ագահ նարկոբարոն Հայզենբերգի, անխուսափելիորեն շարժվում է դեպի կանխատեսելի, օրինաչափ, բայց դրանից ոչ պակաս հիասքանչ ֆինալը։
Felina էպիզոդում պատժի առաջին չափաբաժինը ստացած Ուոլթերը, ամեն ինչ կորցնելու եզրին գտնվելով, փորձում է գոնե վերադարձնել նախկինում եղածի փշրանքները։ Բոլոր վեց սեզոնների ընթացքում թույլ տված սխալներն ու մեղքերը հաշվի առնելով` Գիլիգանն արդարացի է վարվում իր ստեղծած հակահերոսի հետ. Ուոլթերը կփրկի նրանց, ում պետք է փրկել, հրաժեշտ կտա նրանց, ում անհրաժեշտ է հրաժեշտ տալ ու կավարտի իր արյունոտ ճանապարհը` մահվանից առաջ կրկին անգամ սիրո խոստովանություն անելով իր կյանքը միաժամանակ կործանած, բայց նաև երկրորդ կյանք տված զբաղմունքին։ Felina-ն համարվում է բոլոր ժամանակների լավագույն սերիալային ավարտներից մեկը նաև շնորհիվ իր անբեկանելի վճռականության ու անխուսափելիության։
BETTER CALL SAUL
Իսկ այ Breaking Bad-ի ոչ պակաս հիասքանչ սփինօֆֆի` «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի գլխավոր հերոս, փաստաբան Սոլ Գուդմանի (Բոբ Օդենքըրք) պատիժը Գիլիգանը ավելի մեղմ է սահմանում։ Այս սերիալի ստրուկտուրան այնքան բարդ է, իսկ ժամանակային թռիչքները Breaking Bad-ի վրայով այնքան վարպետորեն կառուցված, որ կանխատեսել, թե ինչպիսին կլինի փաստաբանի հանցավոր ճանապարհի ավարտը, գրեթե անհնար է։ Գուդմանի կայացումը, Գուդմանի խնդիրները, Գուդմանի մեղքով տուժած ու անգամ զոհված մարդիկ, նրա կապը Ուայթի հետ, «հետուայթյան» ժամանակաշրջանում նրա վարքագիծը, ամեն ինչ խոսում է հերթական անխուսափելի պատժի մասին, որը Գիլիգանը պատրաստել է կերպարի համար։
Բայց այս անգամ սերիալի հեղինակը շատ ավելի գթասիրտ գտնվեց։ Ի վերջո, չնայած Սոլի մեղքերն ահռելի են, դրանք համեմատելի չեն Ուայթի մեղքերի հետ։ Որպես հետևանք, չնայած անվանմանը, Saul Gone էպիզոդում Սոլի պատիժը կլինի երկար տարիների բանտարկումը (նաև սեփական մեղքերի խցում) ու, ինչը հատկանշական է, յուրահատուկ ճանաչումը, ի վերջո Սոլը բարի գործեր նույնպես արել է։ Ի տարբերություն Ուայթի, որի համար ամեն ինչ ավարտված է, Սոլը ունի երկրորդ շանս։
THE SOPRANOS
«Սոպրանոները» համարվում է երբևիցե նկարված լավագույն սերիալներից մեկը, եթե ոչ լավագույնը։ Հյուսիսային Նյու Ջերսիի իտալական մաֆիայի ընտանիքի բոսս Թոնի Սոպրանոն (Ջեյմս Գանդոլֆինի) սերիալի ընթացքում հաղթահարում է իր երկու ընտանիքների` հանցավոր ընտանիքի ու տանը սպասող ընտանիքի հետ կապված խնդիրները` զուգահեռ փորձելով հաղթել նաև իր մեջ թաքնված դևերին (փոփոխական հաջողությամբ)։ Ու ինչպես իր «գործընկերները» այս նյութում ներկայացված մյուս սերիալներից, Թոնիի ճանապարհը արյունալի է ու լի դիերով։
Թվում էր, թե Դեյվիդ Չեյզը կերպարի համար կընտրի նույնքան միանշանակ վերջաբան, ինչպես վերոնշյալ մյուս սերիալներում է։ Բայց Չեյզը շատ ավելի խորամանկ է ու ավելի հնարամիտ. նա կառուցել է ամենահիշարժան ու, միաժամանակ, ամենա ոչ միանշանակ ֆինալը։ Made in America էպիզոդում Չեյզը գցում է բոլոր խայծերը, նախատեսված հանդիսատեսի համար. թվում է` Թոնին հաղթել է գանգստերական պատերազմում, բայց, լինելով «ներսի մարդ», նա հրաշալի հասկանում է, որ որոշ արարքների համար պատիժն անխուսափելի է լինելու։ Ահա, Սոպրանոների ընտանիքը նստած է սրճարանում, Թոնին յուրաքանչյուր այցելուի մեջ տեսնում է իր հետևից եկած պոտենցիալ մարդասպանի ու... կադրը կտրուկ ընդհատվում է սև էկրանով, որին հաջորդում են տիտրերը։
Այս ֆինալը մինչ օրս ակտիվորեն քննարկվում է։ Ի՞նչ էր նշանակում պատմության նման կտրուկ ընդհատումը։ Այն, որ Թոնին սպանվեց ու իր անհետացած գիտակցությունն այլևս հանդիսատեսի ուղեկիցը չէ՞։ Թե՞ Դեյվիդ Չեյզն ուղղակի իջեցրեց վարագույրն ու Թոնիի հետագա ճակատագիրը մեզ համար այլևս անհասանելի է։
SUCCESSION
Միլիարդատեր Լոգան Ռոյի (Բրայան Կոքս) ընտանիքում բոլորն ատում են բոլորին։ Առաջին հայացքից։ Իրականում, սերիալի ընթացքում հասկանալի է դառնում, որ Լոգանի ու իր զավակների հարաբերությունները, ինչպես նաև հենց զավակների միջև հարաբերությունները շատ ավելի բարդ են ու չեն տեղավորվում սևի ու սպիտակի բևեռներում։
«Ժառանգները» ժամանակակից լավագույն սերիալներից մեկն է, մարդկային հարաբերությունների ու հոգեբանության նրբագույն ուսումնասիրություն, որում բոլոր հնարավոր հատկանիշներն ու էմոցիաները պատկերում են դժբախտ հարուստների կամ հարուստ դժբախտների կյանքի կտավը։ Բայց, ինչպես ասում են, չնայած երջանկությունը փողի մեջ չէ, ավելի լավ է լաց լինել «Մայբախի» սրահում, քան մետրոյի վագոնում։
Պատիժն էլ այստեղ համապատասխան է։ Նժարին ոչ թե կյանք է կամ ազատություն, այլ ամբիցիաներ ու փառասիրություն։ Հեղինակ Ջեսսի Արմսթրոնգն էլ դիմում է իրավիճակի համար ամենացավոտ պատժին. ալեգորիկ «դանակի» հարվածը թիկունքին, հասցված արյունակցի կողմից, որը փշրում է բոլոր հավակնություններն ու նպատակները, շատ ավելի «մահացու» է, քան եթե դանակն իսկական լիներ ու վնասեր կենսական կարևոր օրգանի։ Լոգանի որդին` Քենդելը (Ջերեմի Սթրոնգ), ամբողջ սերիալի ընթացքում ձգտելով ղեկավարել հոր կայսրությունը, արժանանալ հոր հավանությանը, վերջին պահին զրկվում է ամեն ինչից իր իսկ հարազատների անմիջական մասնակցությամբ. ընտանիքի պատիժը, որը սպասում էր Քենդելին ամբողջ ընթացքում, հասավ նշանակետին։
LOST
Սերիալային գրանդ ֆինալները ոչ միայն պատժի ու հատուցման, այլև քավության մասին են։ «Կորուսյալները» հռչակավոր սերիալի ֆինալը բազում սպեկուլյացիաների առիթ տվեց, անգամ հայտարարում էին, որ հեղինակները կեսից չեն հասկացել, ինչպես շարունակել ու արագ ինչ-որ անհասկանալի բան են հորինել։ Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ, այս կարծիքը սխալ է. հեղինակները լավ պատկերացրել են ու ամբողջության մեջ սերիալն այնպիսին է, ինչպիսին պիտի լիներ, ինչպիսին պլանավորվել էր։
Երկու ժամանոց ֆինալը (որը կոչվում է ուղղակի` The End) մինչև հիմա ակտիվ քննարկումների ու վեճերի պատճառ է։ Պոպուլյար մեկնություններից մեկը, համաձայն որի Oceanic Airlines-ի 815 չվերթի ուղևորները ոչ թե վթարի հետևանքով հայտնվել էին անմարդաբնակ կղզում, այլ ի սկզբանե զոհվել էին վթարի ժամանակ` ընկնելով քավարան, ոչ մի քննադատության չի դիմանում։
Ավելի խելամիտ մեկնության համաձայն, մինչև վեցերորդ սեզոնը ու վեցերորդ սեզոնի կղզու հատվածներում կերպարների հետ տեղի ունեցածը տեղի է ունենում իրականում։ Վեցերորդ սեզոնի «ալտերնատիվ» դրվագները, սակայն, տեղի են ունենում մի միջավայրում, որը ոչ մի կրոնական առնչություն չունի։ Կղզու առանձնահատկությունն էր մահացած մարդկանց գիտակցությունները պահպանելը, դա դեռ առաջին սեզոնից էր հայտնի։ Հավանաբար, պահման «ապարատային մասը» ուղղակիորեն կապված էր կղզու լույսի հետ, ինչի մասին ակնարկվում է։ Ու մահվանից հետո կղզին պահել է միասին, ընդհանուր տրավմայի ենթարկված, ընդհանուր դժվարություններ կրած, միմյանց հետ խիստ կապված մարդկանց գիտակցությունները, մոտավորապես «Ավատար» (Avatar, 2009) ֆիլմի Էյվայի նման։
Դա չի նշանակում, որ նրանք բոլորը միաժամանակ են մահացել, ինչի մասին կրկին ուղիղ ասվում է։ Իհարկե, կարելի է էլ ավելի բարդ ու գիտականության նշաններ ունեցող մեկնություններ հորինել քվանտային ինտերֆերենցիայի և այլնի մասին, բայց ինչո՞ւ։ Սերիալը դրա մասին չէր։ Սերիալը մարդկանց միջև ամուր կապի մասին էր, կապի, որը անհնար է որևիցե ձևով կտրել։
THE LEFTOVERS
Հրաշալի է, երբ Մեծ սերիալի ֆինալը հետագա բուռն քննարկումների առիթ է դառնում իր ոչ միանշանակ լինելու շնորհիվ։ Բոլոր ժամանակների լավագույն սերիալներից մեկի` «Մնացորդների» եզրափակումը հենց այսպիսին է։
Սերիալի սկզբում աշխարհի բնակչության 2%-ն անհետանում է։ Հետագա պատմությունը կենտրոնացած է մնացածների, կյանքի ու կորուստի հետ հաշտվելու նրանց փորձերի, հարազատների անհետացման պատճառների փնտրտուքների հետ։ Ու սերիալի վերջում, The Book of Nora էպիզոդում, սերիալի գլխավոր հերոսուհին` Նորան (Քերրի Կուն), պատմում է, թե ինչ է տեղի ունեցել անհետացած մարդկանց հետ։
Ու այստեղ արդեն կինոդիտողն ինքը պիտի ընտրի. արդյո՞ք Նորայի պատմությունն այն մասին, որ իրենց անհետացած սիրելիները ոչ թե անհետացել են, այլ երջանիկ ապրում են ալտերնատիվ աշխարհում, ճշմարտություն է, թե՞ դա ցանկալին ճշմարտության տեղ անցկացնելու ու պատրանքներով ինքն իրեն համոզելու միջոց է, ինչպես սովորաբար վարվում են մարդիկ` հարազատին կորցնելու դեպքում։ Իսկ իրական պատճառը այդպես էլ անհայտ կմնա, հնարավոր է անգամ, որ ոչ մի պատճառ էլ չլինի։
BATTLESTAR GALACTICA
Կինոդիտողի ուղեղը բլենդերում աղացող սերիալային ֆինալի փայլուն օրինակ է «Գալակտիկա» աստղային հածանավը» գիտաֆանտաստիկ սերիալի ֆինալը։ Էպիկական այս պատմության մուտքում մարդկանց ստեղծած ռոբոտները` Սայլոնները, անսպասելի հարձակվում են մարդկային քաղաքակրթության վրա` գրեթե ոչնչացնելով այն։ Մի քանի տասնյակ հազար մարդ տիեզերանավերով կարողանում է փրկվել, ու փրկվածների պաշտպանությունն ապահովում է «Գալակտիկա» տիեզերական հածանավը։ Սերիալը տիեզերական Ոդիսական է, որի ընթացքում մարդիկ փորձում են նոր տուն գտնել` ընթացքում անդադար բախվելով Սայլոնների հետ ու բացահայտելով սեփական անցյալը։
Daybreak երկու մասից բաղկացած էպիզոդում նրանք վերջապես գտնում են պիտանի մոլորակ, որի վրա պրիմիտիվ մարդկային համայնք է ապրում։ Հետագայում պարզ է դառնում, որ դա Երկիր մոլորակն է` մեզանից տասնյակ հազարավոր տարիներ առաջ, ու որ ապագայում Երկրի բնակիչները նույնպես սկսելու են ռոբոտներ արտադրել` կրկնելով Սայլոնների հետ կապված իրենց նախնիների սխալը։
GAME OF THRONES
Լինում են ցավալի բացառություններ, երբ շատ լավ սերիալի ֆինալը անհաջող է ստացվում։ Երբ «Գահերի խաղը» գրքերի բացակայության պայմաններում սկսեց շարունակվել զուտ ոչ այնքան տաղանդավոր շոուռաներների գաղափարների հաշվին` աստիճանաբար նվազեցնելով որակը, արդեն իսկ հասկանալի էր, որ շոուն շարժվում է դեպի անդունդը։ Սա իրոք այն դեպքն է, երբ հեղինակները պատկերացում անգամ չունեին` ինչպես շարունակել, բայց շարունակել անհրաժեշտ էր։ Արդյունքում, ստացվեց այն, ինչ ստացվեց։
The Iron Throne էպիզոդը հեղինակների` պատմությունն ավարտելու անկարողության վառ արտահայտում է։ Խալտուրային, առանց էմոցիոնալ ազդեցության, անհամ ու անգույն ֆինալ, որում կիրառվում են հազար անգամ օգտագործված հնարքներն ու պարզագույն սյուժետային թվիստերը։ Դիտումից հետո առաջանում է միայն մի հարց. Ինչպե՞ս կարելի է այս աստիճան հարամել հիանալի սերիալը։
Անկախ նրանից, որքան լավն է սերիալը, հենց ֆինալն է հանդիսատեսի մոտ մնացող տպավորության մեծ մասի կատալիզատորը։ Հետևաբար, ֆինալից է կախված, ինչպես այն կհիշվի։