Կարդալիքներ PAN-ից
October 8

Ոսկուց թանկ կապույտը, Ռաֆայելի խնայողությունն ու Վերմեերի պարտքերը.  «Ծովից այն կողմ» գտնված ուլտրամարինի պատմությունը

Ընդհանրապես չի բացառվում, որ եղել է մի իրավիճակ, երբ Միքելանջելոն կանգնել է իր «Թաղումը» կտավի առջև, վրձինը ձեռքին, բայց չի կարողացել շարունակել։ Պատճառը ոչ թե ներշնչանքի բացակայությունն էր, այլ ուլտրամարինի՝ թանկարժեք կապույտ գունանյութի բացակայությունը։ Կա վարկած, որ այս գլուխգործոցն անավարտ մնաց հենց այն պատճառով, որ վարպետը չկարողացավ ձեռք բերել այդ թանկագին պիգմենտը։ Իհարկե, սա միայն վարկած է, բայց շատ բան է ասում այդ ժամանակների ու ուլտրամարինի բացառիկության մասին։

Իսկ, օրինակ, Ռաֆայելն ավելի խելացի էր գործում՝ ուլտրամարինը պահում էր միայն վերջին շերտերի համար, նախընտրելով բազային շերտերում օգտագործել սովորական ազուրիտ։ Իսկ Վերմեերն ավելի քիչ էր տնտեսում ու հանուն այդ կախարդական կապույտի իր ընտանիքը խորտակեց պարտքերի մեջ։

Բայց ի՞նչ էր իրականում ուլտրամարինը, և ինչո՞ւ է այն դարեր շարունակ եղել արվեստագետների երազանքն ու մեծագույն խնդիրը  միաժամանակ։ Ուլտրամարին անվան մեջ արդեն կարծես թաքնված է գույնի որակը։ Սա այն կապույտն է, որին «ձգտում են» կապույտի բոլոր մյուս երանգները։ Անունը նշանակում է «ծովից այն կողմ»՝ ultra (այն կողմ) և mare (ծով)։ Մինչև 19-րդ դարը ուլտրամարին կապույտ պիգմենտը ստացվում էր լազուրիտից՝ փայլուն կապույտ հանքանյութից։ Եվրոպա այն հասնում էր երկար ճանապարհով՝ անցնելով ծովեր ու լեռներ։

Լազուրիտը կամ լապիս-լազուրին դասակարգվում է որպես կիսաթանկարժեք քար, բայց իրականում բաղկացած է մի քանի հանքանյութերից։ Այս անունը հանքանյութը ստացել է 18-րդ դարում։ Անվան արմատում կա «Azul» բառը, որն այսօր էլ օգտագործվում է իսպաներենում և պորտուգալերենում՝ նշանակելով «կապույտ»։

Այս հանքանյութի պատմությունն արդեն ավելի քան 7000 տարեկան է։ Այն օգտագործվել է դեկորատիվ-կիրառական արվեստում դեռևս Հին Եգիպտոսում, ինչպես նաև արևելյան պալատների զարդարման համար։ Ավելի ուշ ռուսական կայսրերն էլ դրանով զարդարեցին Ձմեռային պալատի և Պետերգոֆի պալատի դահլիճները։

Լազուրիտից արժանի որակի կապույտ գույնի պիգմենտ ստանալը բավականին բարդ էր։ Նախ՝ այն շատ դժվարությամբ էր ենթարկվում աղացմանը, երկրորդ՝ պարունակում էր բազմաթիվ խառնուրդներ, որոնք կարող էին ստացված պիգմենտին անցանկալի մոխրագույն երանգ հաղորդել։

Սկզբնական փուլում ուլտրամարինի պիգմենտը ստանում էին էքստրակցիայի մեթոդով։ Լապիս-լազուրը մանրակրկիտ աղում էին, խառնում կտավատի յուղի և սկիպիդարի հետ, այնուհետև տաքացնելով ստանում էին համասեռ զանգված։ Այս զանգվածը խառնում էին ալկալային լուծույթի մեջ։ Աշխատատար գործընթացի ընթացքում թանկարժեք կապույտ պիգմենտը լվացվում էր ալկալիով և նստում հատակին։

Գործընթացը նման էր ալքիմիայի՝ քարը աղում էին ու վերածում մանր փոշու, դրան ավելացնում հալած մոմ, յուղեր և սոճու խեժ, այնուհետև շաղում նոսր լուծույթի մեջ։ Արդյունքը՝ 100 գրամ քարից ստացվում էր ընդամենը 3 գրամ ներկ։

Վերածննդի դարաշրջանի Եվրոպայում լազուրիտը չափազանց թանկ էր իր հազվագյուտության և քարը ներկի վերածելու աշխատատար գործընթացի պատճառով։ Լազուրիտից ստացված պիգմենտը համարվում էր ավելի թանկարժեք, քան ոսկին։ Քարը փոխանակում էին ոսկու հետ՝ մեկը մեկին հարաբերակցությամբ։

15-16-րդ դարերում պատվիրատուները լրացուցիչ վճարում էին նկարում օգտագործված ուլտրամարինի անհրաժեշտ քանակի համար։ Նկարիչը հաճախ պիգմենտի համար առանձին գումար էր հաշվում, որպեսզի գնորդը կարողանար ընտրել, թե որքան ուլտրամարին է ցանկանում ներառել կտավում։

Արդյունքում այն օգտագործվում էր խնայողաբար՝ սովորաբար Կույս Մարիամի և այլ սուրբերի հանդերձանքի համար։ Գույնը դարձավ համեստության և մաքրության խորհրդանիշ, ինչպես նաև հստակ մատնանշում էր այն պատվիրած հովանավորի հարստությունը։

Հետաքրքիր է, որ հին աշխարհում կապույտը այնքան էլ սիրված գույն չէր։ Ավելի ուշ՝ վաղ քրիստոնեական դարաշրջանում, կապույտը սկսեցին օգտագործել խճանկարներում և որմնանկարներում։ Միայն 12-րդ դարում կապույտը սկսեցին օգտագործել կարմիրի, սպիտակի և սևի հետ հավասար։ 13-րդ դարում կապույտը հասավ գեղարվեստական կիրառման գագաթնակետին։ Նկարիչները սկսեցին հիացմունքով բացահայտել նոր համադրություններ և երանգներ։ Նկարիչների պատկերած ծովերն ու երկինքը դադարեցին «կանաչել» և ձեռք բերեցին որակապես լրիվ այլ խորություն։

Իսկապես, երկինքը որմնանկարներում, սրբապատկերներում, փորագրություններում, մանրանկարչության մեջ դադարեց սպիտակ կամ կանաչավուն լինել և վերջապես դարձավ կապույտ։ Սոցիալ-մշակութային մտածողություն մտավ գիտակցումը, որ այս գեղեցիկ երկնքում են գտնվում բարձրագույն ուժերը։

Վերադառնալով ուլտրամարինին։ Որոշ նկարիչներ փորձեցին բացառիկ այս գունանյութը փոխարինել պարզ լազուրիտով։ Դրանից ստացված ներկն անվանում էին «գերմանական կապույտ»։ Բայց «գործից հասկացողներին»՝ գունանյութերի գիտակներին, դուր չէր գալիս դրա սառը երանգը։ Նրանք ցանկանում էին տեսնել միայն «կենդանի»  ու իրական ուլտրամարին։

Ուլտրամարինի հանդեպ սերը շարունակում էր տարածվել։ Կապույտը շատ էր Յան Վերմեերի կտավներում։ Ցերեկային լույսը նրա աշխատանքներում կենդանի լույսի տպավորություն էր թողնում, որովհետև նկարիչը մի տեսակ «կախվածության մեջ» էր ընկել կապույտի մանրակրկիտ կիրառումից։ Բայց այս սերը նրա վրա թանկ նստեց՝ ընտանիքը խեղդվեց պարտքերի մեջ։

Անցնենք Պիկասոյին։ Ստեղծագործության «կապույտ շրջանը» (1901-1904) Պաբլո Պիկասոյի մոտ լի էր տխրության նոտաներով։ Գրեթե բոլոր աշխատանքներում ծերության, մահվան, մեղքի և տխրության պատկերներ ու թեմաներ են։ Պիկասոն այս շրջանում մեծ կորուստ էր ապրում, նրա գաղափարակից ընկեր Կառլոս Կասագեմասն ինքնասպանություն էր գործել։ Ահա այսպես կապույտը դարձավ նկարչի հոգեբանական ծանր վիճակի արտահայտությունը։ Այս վիճակից դուրս գալուց հետո Պիկասոն ասում էր.

«Ես խորասուզվեցի կապույտ գույնի մեջ, երբ հասկացա, որ Կասագեմասը մեռած է»։

Եվ  կրկին վերադառնալով ուլտրամարինի ակունքներին։ 1824 թվականին, Ֆրանսիայում արդյունաբերական հեղափոխության շրջանում մրցույթ հայտարարվեց՝ ուլտրամարինի ավելի մատչելի սինթետիկ տարբերակի ստեղծման համար։ Այն պիտի պահպաներ նկարիչների կողմից այդքան գնահատվող որակները՝ գույնի հագեցվածությունն ու ինտենսիվությունը, գումարած լուսակայունության բարձր մակարդակը։ Մրցանակը կազմում էր 6000 ֆրանկ։ Սա մի ամբողջ կարողություն էր այն ժամանակների համար։

1826 թվականին ֆրանսիացի քիմիկոս Ժան-Բատիստ Գիմեն մշակեց ուլտրամարինի սինթետիկ տարբերակը՝ վառարանում տաքացնելով կաոլինիտ, նատրիումի կարբոնատ և ծծումբ։ Արդյունքում ստեղծվեց պիգմենտ, որը քիմիապես նույնական էր լազուրիտին, բայց ավելի վառ գույն ուներ։

Երկու տարի անց ևս երկու քիմիկոս ներկայացրեցին պիգմենտի սինթետիկ տարբերակի պատրաստման նույնական մեթոդներ։ Բայց մրցույթում հաղթեց Գիմեն, քանի որ առաջինն էր մշակել այս եղանակը, բայց գաղտնի էր պահել։

Ցանկացած պարագայում, կապույտի այս երանգը բացառիկ էր՝ անգամ գիտակների աչքին։ Կանդինսկին, գույների գիտակը, ամբողջ հոգով հավատում էր դրա հոգևոր հատկություններին.

«Որքան խորն է դառնում կապտավունությունը, այնքան ավելի շատ է այն կանչում մարդուն դեպի անսահմանություն, արթնացնելով նրա մեջ ձգտում դեպի մաքրությունն ու վերջապես, դեպի գերբնականը»։

Չենք կարող չհիշատակել նաև մեծ ծովանկարիչ Այվազովսկուն, ում ծովային տեսարանները հագեցած են ուլտրամարինի բոլոր երանգներով։ Նրա կտավներում ուլտրամարինը ոչ թե պարզապես գույն է, այլ ծովի խորությունն ու անսահմանության զգացումը։

Ժամանակակից գիտությունը փաստում է, որ ուլտրամարինը սինթետիկ նատրիումի ալյումինոսիլիկատ է, որը պարունակում է նատրիումի պոլիսուլֆիդներ։ Կախված կազմությունից՝ այն կարող է լինել սպիտակ, կանաչ, կապույտ, մանուշակագույն և կարմիր։ Ուլտրամարինի գունային բնութագիրը կախված է նատրիումի պոլիսուլֆիդներից։ Ամեն դեպքում պետք է փաստել, որ «ծովից այն կողմ» գույնը, որ մի ժամանակ ոսկու արժեք ուներ, ամենևին էլ չի կորցրել իր մոգական ներգործությունը ու ասոցացվում է անսահմանության, մաքրության և վեհության հետ։


✍️ Նանե Մանուկյան / PAN