#cinéPAN
November 11, 2023

Անճոռնի ճուտիկները, կամ հռչակավոր ռեժիսորների թերագնահատված ֆիլմերը

Մեծ ռեժիսորներին գիտենք իրենց մեծ գործերով։ «Օսկարները» ու «Ոսկե գլոբուսները», քննադատների ու հանդիսատեսի սերը բաժին են հասնում նրանց ջանքերի լավագույն արգասիքներին, իսկ ստվերում մնում են ոչ այնքան ստացվածները։ Սակայն երբեմն այդ «անճոռնի ճուտիկները» ավելի ուշադիր զննության դեպքում սքանչելի կարապներ են, հալածված ու թերագնահատված։

PAN-ը առանձնացրել է 10 հայտնի ռեժիսորների թերագնահատված ֆիլմերը։

«ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» (Artificial intelligence), 2001, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ

Ռացիոնալիստ Սթենլի Կուբրիկը նախորդ դարի 70-ականների սկզբին հարցնում էր. «Ի՞նչ կլինի, եթե ապագայում հնարավոր լինի սերը տեղավորել լուցկու տուփի չափ մեխանիկական տուփի մեջ»։ Մեծ ռեժիսորը նպատակ ուներ էկրանավորել Բրայան Օլդիսի «Սուպերխաղալիքներ կան ամբողջ ամառվա համար» (Super-Toys Last All Summer Long) պատմվածքը, սակայն նախագիծը հայտնվեց արտադրական դժոխքում` հատուկ էֆեկտների ոչ բավարար զարգացած լինելու ու սցենարիստների նկատմամբ Կուբրիկի քմահաճ վերաբերմունքի պատճառով։ Կուբրիկը ցանկանում էր ստեղծել «Պինոքիոյի արկածների» կիբեր-տարբերակը, ներգրավել էր իր ընկերոջը` Սթիվեն Սփիլբերգին։ 1999-ին Կուբրիկը վախճանվեց, իսկ Սփիլբերգը, ընկերոջ հիշատակին, որոշեց իր ուսերին վերցնել նախագիծը։

Ֆիլմի` էմոցիոնալ առումով ամենաբարդ դրվագներից մեկը, երբ Դեյվիդը պարզում է, որ ինքն ունիկալ չէ, այլ ընդամենը հոսքագծով արտադրված ապրանք

Սփիլբերգի «Արհեստական ինտելեկտը» միաժամանակ գրեթե ամբողջությամբ հավատարիմ է Կուբրիկի տեսլականին, մյուս կողմից` Սփիլբերգն ինքը վերամշակեց սցենարը` Կուբրիկի` մեծահասակների համար նախատեսված ֆիլմը ավելի մոտ դարձնելով ընտանեկան կինոյին։ Սա ծայրահեղ սփիլբերգյան ֆիլմ է. «Վեցերորդ զգայարանի» (The Sixth Sense, 1999) տրիումֆից ու «Օսկարի» անվանակարգից հետո տաղանդավոր Հեյլի Ջոել Օսմենթը ստացավ ռոբոտ Դեյվիդի դերը, ում երազանքը իսկական տղա դառնալն էր։


«Իմ մայրիկն ինձ չի՜ ատում... որովհետև ես յուրահատուկ եմ, ես բացառի՜կ եմ։ Որովհետև նախկինում երբեք իմ նմանը չի եղել։ Մայրիկը սիրում է Մարտինին, որովհետև Մարտինն իսկական է, ու երբ ես դառնամ իսկական... մայրիկը կարդալու է ինձ համար քնելուց առաջ, երգելու է ինձ համար... ու լսելու է, թե ես ինչ եմ ասում, ու գրկելու է ինձ... Ու ամեն օր, օրական հարյուր անգամ ասելու է, որ սիրում է ինձ»։

Դեյվիդը Ջոին բացատրում է, թե ով է իր համար մայրիկը ու որ երբ նա դառնա իսկական տղա, մայրիկն իրեն կսիրի


Ի տարբերություն Կուբրիկի չոր, ճշգրիտ ու անէմոցիոնալ ուսումնասիրության, որը, հավանաբար, վերաբերելու էր ֆունկցիոնալիզմի հարցերին, Սփիլբերգը պատմում է ծայրահեղ էմոցիոնալ պատմություն` կենտրոնում պահպանելով Կուբրիկի հարցը. «Ի՞նչ կլինի, եթե ապագայում հնարավոր լինի սերը տեղավորել լուցկու տուփի չափ մեխանիկական տուփի մեջ»։ Արդյոք արհեստական գիտակցությունը պետք է ունենա նույն իրավունքներն ու ընկնի նույն էթիկական կատեգորիաների տակ, ինչ մարդիկ. հարց, որը հատկապես արդիական է ֆիլմի պրեմիերայից 22 տարի անց։

Սփիլբերգի ֆիլմը նաև ծնողական պատասխանատվության մասին է. կարող եք հիշել Էքզյուպերիի ծեծված ցիտատը

Քննադատները բավականին բարձր գնահատեցին ֆիլմը, սակայն ֆինանսական առումով այն հաջողություն չունեցավ` չնայած Սփիլբերգի ահռելի հեղինակությանը։ Իհարկե, «Արհեստական ինտելեկտը» բարդ է դասել ռեժիսորի լավագույն ֆիլմերի անգամ հնգյակում, սակայն սա հիանալի ֆիլմ է սիրո ու սեփական «Ես»-ի որոնումների մասին, ու այն անարդարացիորեն թերագնահատված է։

«ՋԵՔԻ ԲՐԱՈՒՆ» (Jackie Brown), 1997, ռեժիսոր Քվենտին Տարանտինո

Տարանտինոն պաշտում է 1970-ականների էքսպլուատացիոն ամերիկյան կինոն, ու պաշտում է դրանց գլխավոր աստղերից Փեմ Գրիերին։ Ու երբ հնարավորություն առաջացավ էկրանավորելու Էլմոր Լեոնարդի «Ռոմի պունշ» (Rum Punch) գիրքը, ռեժիսորը չվարանեց խելացի ու ուժեղ կնոջ գլխավոր դերում հրավիրել իր կուռքին։ Մյուս դերերում ռեժիսորի թալիսման Սեմյուել Լ. Ջեքսոնն է, ինչպես նաև Ռոբերտ Դե Նիրոն, Բրիջիտ Ֆոնդան, Ռոբերտ Ֆորսթերը ու Մայքլ Կիտոնը. իսկական աստղաբույլ 90-ականներից։


«Ես լուրջ եմ, ինչպես սրտամկանի ինֆարկտը»

Օրդելը բացատրում է, թե որքան լուրջ է տրամադրված


Սակայն Տարանտինոյի ֆիլմերի մասին խոսելիս միջին կինոդիտողը չի հիշում «Ջեքի Բրաունը», այն դեպքում, երբ ռեժիսորի արվեստի երկրպագուները ֆիլմը դնում են նրա լավագույն ֆիլմերի ցուցակում։ Պատճառը, հավանաբար, մի կողմից սխալ մարքեթինգային արշավն էր, մյուս կողմից այն, որ ռեժիսորն այստեղ հրաժարվել էր իրեն հատուկ ոչ գծային պատումից (չնայած, որոշակի ոչ գծայնություն կա) ու ակնհայտորեն հիանում էր միայն Փեմ Գրիերով։

Անկրկնելի Փեմ Գրիերը

Քրեական տարրերի ու ուժայինների հակամարտության կենտրոնում հայտնված «անօգնական ու անպաշտպան» կնոջ պատմությունը մի կողմից հիանալի ֆիլմ է աֆերայի մասին, մյուս կողմից` սրամիտ դիալոգներով հագեցած տիպիկ տարանտինոյական կրիմինալ վայելք` խարիզմատիկ կերպարներով, զավեշտալի իրավիճակներով, որի կենտրոնում Տարանտինոյի անձնական աստվածուհին է։

«ՕՏԱՐԸ 3» (Alien³), 1992, ռեժիսոր Դեյվիդ Ֆինչեր

Մինչև շքեղ հոգեբանական թրիլլերներ նկարելը` Դեյվիդ Ֆինչերը պատիվ է ունեցել իր դեբյուտային աշխատանքով շարունակել Ռիդլի Սքոթի ու Ջեյմս Կեմերոնի գործը` նկարելով լեգենդար կինոֆրանշիզի երրորդ մասը։ Սակայն պրոդյուսերների ագահության ու ստեղծագործական անհամաձայնության, սցենարիստներին ու ֆիլմի ամբողջ կոնցեպտը նկարահանման կեսից անընդհատ փոխելու հետևանքով ֆիլմի ստեղծումը հայտնվեց իսկական արտադրական դժոխքում` մղձավանջի վերածվելով նաև ռեժիսորի համար։ Պատկերացրեք, որ մի քանի ամիս, օրական 18 ժամ, առանց հանգստյան օրերի տանջվեք, հետո պրոդյուսերները գան ու ասեն, որ որոշվել է հրաժարվել տվյալ կոնցեպտից ու պետք է զրոյից նկարահանումները սկսել` լրիվ նոր սցենարով։ Ինքնին պինդ հոգեբանական թրիլլերի սյուժեի ծառայող նկարահանման պրոցեսը նյարդային խանգարման բերեց Ֆինչերին, ով արդյունքում հրաժարվեց ընդհանրապես մասնակցել ֆիլմի մոնտաժին ու պահանջեց իր անունը հանել տիտրերից։ Պահանջը չկատարվեց, ու դա լավ է, որովհետև երրորդ «Օտարը» ռեժիսորի ամենաթերագնահատված ֆիլմն է։

Ֆիլմի առաջին մեկ երրորդի լարվածությունն ու սասփենսը ձեռնոց են նետում լավագույն թրիլլերներին

Այս ֆիլմում սահմանվում է Ֆինչերի ոճը. մռայլ, սառը ու դաժան միջավայր` նույնքան սառը մարդկանցով։ Եթե Ռիդլի Սքոթի ֆիլմը խտոնիկ տիեզերական հորրոր էր, Կեմերոնինը` փոթորկային մարտաֆիլմ, ապա Ֆինչերի մոտ ստացվել է մռայլ ու խորը դրամա։ Սցենարիստների թեթև ձեռքով նախորդ ֆիլմի բոլոր հերոսները դաժանաբար սպանված են, իսկ Էլեն Ռիփլին` քսենոմորֆի հետ միասին, հայտնվել է բանտ-մոլորակում, որտեղ պահվում են ամենավտանգավոր հանցագործները։ Ֆինչերը վարպետորեն ավելացնում է լարվածությունը, հանդարտ պատմում կերպարների մասին, ում մի քանի րոպեից պատառ-պատառ են անելու, սրընթաց տանում է դեպի եռագրության ողբերգական ֆինալը։

Ֆիլմի պրեմիերայից գրեթե երեք տասնամյակ անց այս դրվագը վերածվեց ինտերնետ մեմի

«Օտարը 3»-ն ունի երկու մոնտաժային տարբերակ. կինոթատրոնայինն ու 2003-ին դուրս եկած «ռեժիսորականը», չնայած Ֆինչերը հրաժարվել էր մասնակցել դրա ստեղծմանը (իրականում, սա ոչ թե ռեժիսորական, այլ ընդլայնված տարբերակն է)։ Երկրորդը պատումն ավելի ամբողջական ու լիարժեք է դարձնում։

«ՇԵՖ» (Chef), 2014, ռեժիսոր Ջոն Ֆավրո

Ֆավրոն այն մարդն է, ում Դիսնեյը հանգիստ վստահում է հարյուր միլիոնավոր դոլարներ։ Ֆավրոն 2008-ին սկիզբ դրեց Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքին` իր «Երկաթե մարդով» (Iron Man), նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծեց «Ջունգլիների գիրքը» (The Jungle Book, 2016) ու «Առյուծ արքան» (The Lion King, 2019) անիմացիոն ֆիլմերի լայվ էքշն տարբերակները, հույս ներշնչեց, որ «Աստղային պատերազմների» տիեզերքը դեռ կարելի է փրկել` իր «Մանդալորացին» (The Mandalorian) սերիալով։ Ֆավրոն անդադար նորարարական մոտեցումների ու խելամիտ պրոդյուսերական որոշումների, ստեղծագործական վառ ու խիզախ լուծումների գեներատոր է, ով աշխատում է ահռելի կինոհսկայի հետ, հազարավոր մարդկանցից բաղկացած նկարահանման խմբերով, մեծ փողերի աշխարհում։

Միշլենի աստղով ռեստորաններում շեֆ խոհարար լինելը, իհարկե, լավ է. քանի դեռ հաճախորդները վայելում են էպուասը` ARARAT կոնյակով, խոհանոցում կարող ես ստեղծագործել։ Սակայն ֆուրգոնում պատրաստված արդար շաուրման էլ պակաս համեղ չի

Բնական է, որ այս իրավիճակում ռեժիսորը կցանկանար ստեղծել փոքրիկ, պարզ ու խիստ անձնական ինչ-որ բան` նկարված գրոշներով, առանց հատուկ էֆեկտների ու պրոդյուսերական վերահսկողության։ «Շեֆը» փոքրիկ, բայց շատ հմայիչ պատմություն է շեֆ խոհարարի մասին, ով լքում է հեղինակավոր ռեստորանը` ստեղծելով արագ պատրաստման սննդի իր մոբիլ կետը։ Սա շատ ծիծաղելի գաստրոնոմիկ ճանապարհային դրամա է որդու հետ հարաբերությունները վերականգնել փորձող հոր մասին, սակայն Ֆավրոյի ստեղծած հսկա մաստոդոնտների կողքին այս փոքրիկ ֆիլմն անարդարացիորեն աննկատ մնաց։

«ՇԵՂԲԻ ՎՐԱՅՈՎ ՎԱԶՈՂԸ 2049» (Blade Runner 2049), 2017, ռեժիսոր Դենի Վիլնյով

Կանադացի Վիլնյովն ունիկալ դեմք է կինոյում։ Սկսելով անկախ կինոյում խորը դրամաներից` ռեժիսորն արագ հայտնվեց հոլիվուդյան պրոդյուսերների ուշադրության կենտրոնում։ Ու չնայած ստուդիական մեծ բյուջեներին` Վիլնյովը շարունակում է հավատարիմ մնալ ինքն իրեն, ստեղծում է անկախ կինո, արվեստի գործեր։ Դա դուր է գալիս հանդիսատեսին, ահա թե ինչու են պրոդյուսերները Վիլնյովին վստահում իսկական կինոսրբություններ։ Մինչև «Դյունան» (Dune: Part One, 2021) դա Ռիդլի Սքոթի անմահ կիբերպանկ կլասիկայի սիքվելն էր, որը մշակվում էր մոտ երեք տասնամյակ։


«Մարդը բաղկացած է պարզ տվյալներից։ A, C, T ու G. սա ձեր այբուբենն է»։

Ջոյը, ով թվային ինտելեկտ է մեկերից ու զրոներից բաղկացած այբուբենով, Քեյին պատմում է մարդ արարած լինելու մասին։


«Շեղբի վրայով վազողը 2049»-ը իդեալական սիքվել է։ Այն առավելագույնս հավատարիմ է օրիգինալին բոլոր առումներով։ Միաժամանակ, այն զգալիորեն զարգացնում ու հարստացնում է օրիգինալի աշխարհը, բարձրացնում է նոր հարցադրումներ մարդկանց ու ռեպլիկանտների հարաբերությունների, ռեպլիկանտների էության մասին։ Առաջին ֆիլմից հետո աշխարհը կտրուկ փոխվել է թե ֆիլմում, թե իրական աշխարհում, բայց հարցադրումները մնացել են նույնը։

Քեյը` բոլոր հույսերի ու համոզմունքների փլուզվելուց հետո

Սա մեդիտատիվ, ծայրահեղ գեղեցիկ ու խելացի ֆիլմ է, որը, չնայած, չարդարացրեց ֆինանսական սպասումները, սակայն ունի երկրպագուների իր բանակը, որոնց զգալի մասը առաջին ֆիլմի ու Ֆիլիպ Դիկի վեպի սիրահարներն են։

«ԱՆՁՐԵՎ ԿԱՆՉՈՂԸ» (The Rainmaker), 1997, ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա

Մաեստրո Կոպպոլային շատերը ճանաչում են իր մոնումենտալ կինոշեդևրներով. «Կնքահայրը» (The Godfather) դիլոգիան, «Ապոկալիպսիսը հիմա» (Apocalypse Now, 1979) ու «Բրեմ Սթոքերի Դրակուլան» (Bram Stoker's Dracula, 1992) գիտեն բոլորը։ Բայց վարպետը իր կարիերայի ընթացքում ստեղծել է նաև ոչ այդքան խոշոր կինոկոլոսներ, որոնք, այդուհանդերձ, ուշադիր զննության դեպքում կրում են մեծ ռեժիսորի մատնահետքերն ու կինոլեզուն։

Լեո Դիամոնդը Ջոն Վոյթի լավագույն դերերից մեկն է

«Անձրև կանչողը» իրավաբանական թրիլլերների վարպետ Ջոն Գրիշեմի գրքի էկրանավորումն է։ Կինոքննադատների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև ինքը` Գրիշեմը, համարում են ֆիլմը հեղինակի գրական ժառանգության լավագույն էկրանավորումը։ Երիտասարդ փաստաբան Ռուդի Բեյլորը (Մեթ Դեյմոն) մարտահրավեր է նետում ապահովագրական խոշոր ընկերությանը, որը հրաժարվում է ապահովագրական վճար վճարել լեյկեմիայով հիվանդ մի երիտասարդի։ Ինչպես Ջոնաթան Դեմիի «Ֆիլադելֆիան» (Philadelphia, 1993), սա միաժամանակ սրամիտ դատական ֆիլմ է` փայլուն դերասանական կազմով, ու հրաշալի դրամա մի կողմից կորպորատիվ ագահության, դատական համակարգի անկատարության ու մյուս կողմից` ապրումակցելու մասին։ Սակայն Կոպպոլայի մյուս ֆիլմերի ստվերում այս հրաշալի կտավը անարդարացիորեն մոռացվել է։

«ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ» (Insomnia), 2002, ռեժիսոր Քրիստոֆեր Նոլան

Ժամանակային գլուխկոտրուկների ու գիտական ֆանտաստիկայի վարպետ Քրիստոֆեր Նոլանի ֆիլմերում քննարկվող խնդիրները լուրջ փիլիսոփայական մասշտաբների են. դա թե մարդկային գիտակցության թաքնված խորքերն են, թե տիեզերական անհունի խորքերում թաքնված գաղտնիքները, ու թե ժամանակի գաղտնիքների հետևում բացվող լրիվ այլ աշխարհը։ «Սովորական» թրիլլերը ոստիկանի ու սերիական մարդասպանի միջև պայքարի մասին բոլորովին հատուկ չէ Նոլանին, հատկապես, եթե դա սկանդինավյան ֆիլմի ռեմեյք է։ Իսկ Ալ Պաչինոն ու Ռոբին Ուիլյամսը այն դերասանները չեն, ում սպասում ես տեսնել նոլանյան կինոյում։


«Չես հասկանո՞ւմ, Ֆինչ։ Դու իմ աշխատանքն ես։ Դու այն ես, ինչի համար ինձ վճարում են։ Դու ինձ համար նույնքան հանելուկ ես, որքան խցանված զուգարանակոնքը սանտեխնիկի համար»։

Դետեկտիվ Ուիլ Դորմերը մոլագար Ուոլթեր Ֆինչին բացատրում է, որ իրեն առանձնակի չեն հետաքրքրում սպանությունների փիլիսոփայական դրդապատճառները։


«Անքնությունը» հոգեբանական թրիլլեր է Նոլանի համար ոչ սովորական գծային պատումով ու սեփական սցենարային ղեկավարման բացակայությամբ, բայց այն ունի երկու ահռելի պլյուս` ի դեմս հենց աննկարագրելի Ալ Պաչինոյի ու Ռոբին Ուիլյամսի։ Երբ որսորդն ու զոհը, հանցագործն ու նրան որսացողը տեղերով փոխվում են, աստիճանաբար զգում ես, թե ինչպես ես գլխավոր հերոսի հետ միասին սուզվում ահռելի սև խոռոչի մեջ, որից դուրս գալ չկա։ Երկու դերասաններն էլ, երկու տիտանները, լավ ռեժիսուրայի ուղեկցությամբ կառուցում են լավագույն հոգեբանական թրիլլերներից մեկը զրոյականների սկզբին։

«ՔՆՔՈՒՇ ՈՍԿՈՐՆԵՐ» (The Lovely Bones), 2009

Պիտեր Ջեքսոնը սիրում է ինքն իրեն ձեռնոց նետել սկզբնաղբյուրների բարդության առումով։ «Երկնային արարածները» (Heavenly Creatures, 1994) հիմնված էին իրական սպանության պատմության վրա, «Մատանիների տիրակալը» (The Lord of the Rings) եռագրությունը համարձակ ու մոնումենտալ փորձ էր մեծ էկրաններին պատմել Թոլքինի աշխարհի մասին, իսկ «Քինգ Քոնգով» (King Kong, 2005) ռեժիսորը հանդգնել էր փորձել կրկնել 1933թ-ի անմահ դասական ֆիլմի հաջողությունը։

«Քնքուշ ոսկորներն» էկրանավորելը նույնպես մարտահրավեր էր։ Էլիս Սիբոլդի բարդ հոգեբանական թրիլլերը, որում պատմությունը պատմվում է մոլագար մարդասպանի զոհ դարձած 14-ամյա աղջկա տեսանկյունից, որպես գրական գործ ինքնին բավականին ինքնատիպ է ու ունի երկրպագուների ահռելի բանակ։ Էկրաններ տեղափոխելիս Ջեքսոնը փոփոխել է օրիգինալի որոշ առանձնահատկություններ` էմոցիոնալ շեշտադրումները դնելով այլ հատվածներում, ստանալով երբեմն ցինիկ, երբեմն` ծայրահեղ դաժան, երբեմն էլ` նուրբ պատմություն, որի հեռանալը գրքից վերջինի երկրպագուները սրերով են ընդունել։ Միանշանակ չէր նաև ֆիլմի կրիտիկան. այդուամենայնիվ, սա բավական հանդուգն ու տաղանդավոր թրիլլեր է կյանքի ու մահվան մասին, հիանալի ռեժիսուրայով, դերասանական կազմով ու վիզուալով, որն, անկասկած, արժանի չէր այն քննադատության ալիքին, որը եղավ պրեմիերայից հետո։

«ԲՈՍՈՐԱԳՈՒՅՆ ԳԱԳԱԹ» (Crimson Peak), 2016, ռեժիսոր Գիլյերմո դել Տորո

Հորրորների մեծագույն վարպետներից Գիլյերմո դել Տորոն բազմաթիվ Օսկարների արժանանալուց հետո անգամ շարունակում է հավատարիմ մնալ իր կոչմանը` «այն կողմից» պատմություններ բերելով ու պատմելով։ Այդպիսի պատմություններից է «Բոսորագույն գագաթը». ռեժիսորի բնորոշմամբ` գոթիկական մելոդրամա, որը ոգեշնչված է ժանրի ներկայացուցիչների` Շիռլի Ջեքսոնի, Էդգար Ալան Պոի, Դաֆնա դե Մորյեի գործերով, ինչպես նաև ուրվականների մասին դասական հորրոր ֆիլմերով։

Ֆիլմի էսթետիկ հարստությունը կարող եք գնահատել այս դրվագով

«Բոսորագույն գագաթն» ուղիղ այն է, ինչ ասում է ռեժիսորը` մռայլ, գեղեցիկ, թանձր գոթիկական մթնոլորտով մելոդրամա` ժանրի լավագույն ավանդույթներով, ամուր ռեժիսուրայով ու դերասանական կազմով։ Անկասկած, ռեժիսորի մյուս ֆիլմերի ֆոնին այն կորչում է, սակայն արժանի չի այն անարգանքին, որ ցուցաբերում են դել Տորոյի արվեստի որոշ սիրահարներ։

«ԱՌԱՎՈՏՅԱՆ ԳՆԱՑՔՆԵՐ» (Утренние поезда), 1963, ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյան

«Առավոտյան գնացքները» մեծ ռեժիսորի վաղ ֆիլմերից է, որը նա նկարահանել է Լեվ Միրսկիի հետ համատեղ (սա դուետի երրորդ համատեղ աշխատանքն էր)։

Կադր ֆիլմից

Դովլաթյանը դեռ 36 տարեկան էր, լավագույն ֆիլմերը` առջևում։ Բայց «Առավոտյան գնացքները», չնայած, առաջին հայացքից, «սովորական» արտադրական մելոդրամա է, արդեն իսկ վկայում էին ռեժիսորի անկրկնելի տաղանդի ու գեղարվեստական հայացքի մասին. մի քիչ կոշտ, անողոք, հարվածները ճիշտ ժամանակին ճիշտ տեղին հասցնող` կլինեն դրանք մարդկային հարաբերությունների, թե մարդկային ողբերգության մասին։ Հետևաբար, Դովլաթյանի ստեղծագործական ուղուն ծանոթությունը պետք է ներառի նաև այս ֆիլմը։


Գրեթե բոլոր հռչակավոր ռեժիսորների կարիերայում կան ֆիլմեր, որոնք կորչում են նրանց ավելի արժեքավոր գործերի ստվերում։ Համենատությունը միշտ ոչ այդ ֆիլմերի օգտին է, սակայն դրանք որպես առանձին ստեղծագործություններ դիտարկելիս հաճախ պարզվում է, որ գործ ունենք թերագնահատված գլուխգործոցների հետ։


🎬 Արման Գասպարյան / PAN