Կարդալիքներ PAN-ից
Today

Քիլմերի AI վերակենդանացումն ու Փոլ Ուոքերի հուզիչ հրաժեշտը. Ինչպես են տեխնոլոգիաներն ապահովում դերասանների «թվային անմահությունը»

Մահը բոլորի գործերը կիսատ է թողնում, բայց երբ ֆիլմի նկարահանումների հենց ընթացքում մահանում է գլխավոր դերակատարը՝ սգալուց հետո ֆիլմի պրոդյուսերները սկսում են անելանելի վիճակից դուրս գալու լուծումներ փնտրել։ Կարծես թե արհեստական բանականությունն այս հարցում ևս մարդկանց մենակ չի թողնում ու օգնում է հնարամիտ լուծումներ գտնել։ Տեսնենք, թե մարդկանց ու տեխնոլոգիաների հերթական գործակցության արդյունքում այս անգամ ինչ է ստացվել։

Ի վերջո ի՞նչ անել, երբ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը մահանում է հենց նկարահանումների ընթացքում կամ էլ դրանից առաջ։ Փոխարինե՞լ նրան, ջնջե՞լ կերպարը, ֆիլմը կիսա՞տ թողնել, թե՞ գտնել լուծում, որը միաժամանակ կհարգի մարդու հիշատակը, կպահի պատմության ամբողջականությունը և չի դառնա սովորական տեխնոլոգիական հնարք։ Վել Քիլմերի դեպքն այս հարցին այլ դիտանկյունից նայելու հնարավորություն է տալիս, որովհետև այս դեպքում խոսքն արդեն նկարահանված ֆիլմում մի քանի կադր ավելացնելու մասին չէր։ Առողջական խնդիրների պատճառով դերասանն անգամ մեկ տեսարանում չի նկարահանվել և մահացել է 2025 թվականին՝ 65 տարեկան հասակում։

Դերասանի մոտ դեռ 2014-ին քաղցկեղ էր ախտորոշվել։ Սկզբնական շրջանում Քիլմերին հաջողվել էր հաղթահարել հիվանդությունը, բայց հետևանքները ծանր էին ու արդյունքում՝ մահաբեր։Մինչև կանդրադառնանք դերասանի մահից հետո նրա անվան շուրջ ծավալվող պատմությանը, պետք է հստակ ընդգծել, որ Քիլմերի անունը վաղուց արդեն ամրագրված էր ամերիկյան կինոյի պատմության մեջ։

Նա էկրանին առաջին անգամ հայտնվել է 1984 թվականին՝ Ցուկեր-Աբրահամս-Ցուկեր եռյակի «Միանգամայն գաղտնի» կատակերգությունում։ 1986-ին խաղացել է «Լավագույն հրաձիգը» մարտաֆիլմում, որի գլխավոր դերում Թոմ Քրուզն էր, և որը համաշխարհային վարձույթում հավաքեց 345 միլիոն դոլար։ 1990-ականներին Քիլմերի կարիերան ծաղկում էր ապրում։ 1991-ին Օլիվեր Սթոունի «Դորզ» կենսագրական ֆիլմում նա մարմնավորեց Ջիմ Մորիսոնին՝ The Doors խմբի մեներգչին, իսկ 1995-ին Ջոել Շյումախերի «Ընդմիշտ Բեթմեն» բլոկբաստերում դարձավ Բրյուս Ուեյնը՝ նույն ինքը Բեթմենը։ Միայն այս կերպարներն արդեն բավական էին, որ դերասանը մշտապես մնար մի ամբողջ սերնդի կինոհիշողության մեջ։

Բայց Քիլմերի կյանքի վերջին տարիները ևս բավականին հետաքրքիր էին ու դինամիկ։ Չնայած առողջական խնդիրներին, նա շարունակում էր ստեղծագործել։ Ու դա էլ բավական չէ՝ քայլում էր ժամանակին համընթաց և հետաքրքրվում էր նոր տեխնոլոգիաների զարգացմամբ։ Նա գործակցել է Sonantic ընկերության հետ և արհեստական բանականության օգնությամբ ստեղծել իր ձայնը։ Կոկորդի քաղցկեղ ունեցող դերասանի համար սա խիստ կարևոր քայլ էր, որովհետև հիվանդության հետևանքով խոսքը խաթարվել էր։ Այս նախապատմությունը շատ կարևոր է, որպեսզի անակնկալի չգանք, երբ տեսնենք, որ Քիլմերի անունը մահից հետո կրկին կապվում է արհեստական բանականության հետ։

Մահից 5 տարի առաջ Վել Քիլմերը ընտրվել էր As Deep as the Grave ֆիլմում կաթոլիկ քահանայի կերպարը մարմնավորելու համար։ Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Կոերտե Վուրհիսի համար Քիլմերը պարզապես հերթական հայտնի անունը չէր դերասանական կազմում։ Նրա խոսքով կերպարը կառուցված էր հենց Քիլմերի շուրջ և այդ դերում որևէ այլ դերասանի չէր պատկերացնում։ Կերպարն արտացոլում էր Քիլմերի բնիկ ամերիկյան ժառանգության, Ամերիկայի հարավ-արևմուտքի հետ ունեցած կապերի և այդ տարածքների հանդեպ սիրո շերտերը։

Video  - https://www.youtube.com/watch?v=Oem19BTzlDw

As Deep as the Grave-ը անկախ արտադրության ֆիլմ է, որը ստիպված է եղել երկար ու բարդ ճանապարհով անցնել։ Նկարահանումները ձգվել են շուրջ 6 տարի։ COVID 19 համավարակի պատճառով նկարահանումները դադարել են, հետո վերականգնվել ընդմիջումներով։ Նկարահանումները ձգձգվում են, Քիլմերի առողջական վիճակն էլ հետզհետե վատթարանում է։ Կարճ ժամանակ անց դերասանը մահանում է։ Սովորաբար նման իրավիճակում ամենահեշտ ու պարզ լուծումը կլիներ դերասանին մեկ այլ դերասանով փոխարինելը։ Հատկապես, որ Քիլմերի մասնակցությամբ ոչ մի տեսարան դեռ չէր նկարահանվել։ Կինոարտադրության տրամաբանությամբ սա ակնհայտ որոշում էր, բայց As Deep as the Grave-ի դեպքում ռեժիսորը սոսկ տեխնիկական խնդիր չէր լուծում։ Նա զգայական ու գաղափարական հարցի առաջ էր կանգնած։

Քիլմերի ընտանիքն էլ հաստատում էր՝ այս պատմությունը դերասանի համար կարևոր էր, և նա ուզում էր, որ իր անունը կապվի դրա հետ։ Ի վերջո, ռեժիսորը բարդ որոշում է կայացնում՝ ֆիլմում այդ կերպարը կմարմնավորի հանգուցյալ Քիլմերը։ Ուղղակի մի փոքր նրբություն կա՝ ֆիլմի համար ստեղծելու էին նրա ԱԲ տարբերակը։ Կոերտե Վուրհիսը պատմում է, որ հենց դերասանի ընտանիքի աջակցությունն է իրեն վստահություն տվել, որպեսզի գնա այս ոչ միանշանակ քայլին։ Անշուշտ, շատերն այսօր էլ այս որոշումը վիճահարույց են համարում, բայց ռեժիսորի համոզմամբ՝ սա այն էր, ինչ Վելն էր ուզում։

Դերասանի ԱԲ կերպարը ստեղծելու համար օգտագործվել են Քիլմերի երիտասարդ տարիների լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից շատերը տրամադրել է ընտանիքը։ Օգտագործել են նաև նրա կյանքի վերջին տարիների կադրերը։ Ֆիլմում ևս կերպարը ներկայանում է իր կյանքի տարբեր փուլերում, հետևաբար դերասանի տարբեր տարիների լուսանկարները պետք էր համադրել կերպարի կենսագրության հետ։ Ձայնի համար ևս օգտագործվել են Քիլմերի ձայնագրությունները, ներառյալ նրանք, որոնք դերասանն իր համաձայնությամբ տրամադրել էր ԱԲ փորձարկումների համար։

Այս որոշումը, բնականաբար, բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների թեմա է դարձել։ Առհասարակ, արհեստական բանականության շուրջ կինոաշխարհում արդեն իսկ թեժ բանավեճ կա։ Ստեղծագործական համայնքի մի մասը վախենում է, որ այն կարող է աշխատանքից զրկել մարդկանց, իսկ դերասանների դեպքում ավելի խորը մտահոգություն կա՝ նրանց դեմքը, ձայնը, կերպարային ինքնությունը կարող են օգտագործվել առանց համաձայնության։

Ֆիլմի պրոդյուսերները գիտեին, որ իրենց որոշումը կարող էր քննադատության արժանանալ։ Բայց նրանք պնդում են, որ այս նախադեպով փորձում են ցույց տալ, որ արհեստական բանականությունը կարելի է կիրառել էթիկայի նորմերը պահպանելով։ Նաև ընդգծել են, որ ֆիլմում Քիլմերի կերպարի օգտագործման համար ֆինանսական փոխհատուցում են տվել նրա ժառանգներին։

Եվ իսկապես, թեման գուցե շատ ավելի մռայլ գույներով ներկայացվեր, եթե ի սկզբանե պարզ չլիներ, որ դերասանի ընտանիքն աջակցում է ֆիլմին։ Քիլմերի դուստրը նշել է, որ հայրը նոր տեխնոլոգիաներին մեծ լավատեսությամբ էր նայում և կարծում էր, որ դրանք ընդլայնում են ստեղծելու ու պատմություններ ներկայացնելու հնարավորությունները։ Դերասանի դստեր կարծքիով այս տեխնոլոգիական առաջընթացին միևնույն է պետք է առերեսվել, հետևաբար խուսափելն ու ընդդիմանալը այնքան էլ արդյունավետ մեթոդներ չեն։

Ամեն դեպքում՝ մեկ դերասանի օրինակով այստեղ կարծես իսկապես խնդիր չկա՝ տեխնոլոգիան օգտագործվել է ընտանիքի աջակցությամբ, դերասանի կամքը հաշվի առնելով, նրա ժառանգներին փոխհատուցելով և պատմության ամբողջականությունը պահպանելու նպատակով։ Բայց հարցն, անշուշտ, սև ու սպիտակ չէ։ Եթե սա դառնա նախադեպ, ապա մոտ ապագայում աստված գիտի, թե ո՞ր դերասանները ու ի՞նչ պայմաններում կարող են «կենդանանալ»։

Վել Քիլմերի պատմությունը թարմ է ու նաև առաջին անգամ է, որ կերպարն ամբողջությամբ ԱԲ-ով է ստեղծվել, բայց ֆիլմերը նախկինում էլ են նման ճակատագրական հարցերի առաջ կանգնել։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ դերասանը մահացել է նկարահանումների ընթացքում կամ մինչև ֆիլմի ավարտը և ֆիլմի ստեղծողները հայտնվել են ծանր դրության մեջ։

Furious 7-ի նկարահանումները դեռ չէին ավարտվել, երբ հանրությանը հայտնի դարձավ Փոլ Ուոքերի ողբերգական մահվան մասին։ 2013 թվականի նոյեմբերի 30-ին դերասանը մահացավ ավտովթարի հետևանքով, իսկ Furious 7-ը դեռ արտադրական փուլում էր։ Ուոքերի մասնակցությամբ տեսարանների մեծ մասն արդեն նկարահանվել էր, բայց որոշ տեսարաններ կիսատ էին։ Նկարահանումները ժամանակավորապես դադարեցվեցին։ Ֆիլմի պրոդյուսերները պետք է հասկանային՝ ինչպե՞ս շարունակել և արդյոք ընդհանրապես պե՞տք է շարունակել։

Դերասանի մահը սովորական սյուժետային հնարքով փակել չէին կարող ու չէին էլ ուզում։ Արդյունքում որոշեցին Ուոքերին չփոխարինել այլ դերասանով։ Փոխարենը սցենարը վերամշակվեց այնպես, որ Ուոքերի կերպարը ֆիլմից հեռանա արժանապատիվ ու խորապես հուզիչ ձևով։ Կերպարին չսպանեցին կամ որևէ այլ պրիմիտիվ մեթոդի չդիմեցին։ Վերածեցին հրաժեշտի՝ և՛ ըստ սյուժեի, և՛ իրական կյանքում։ Իսկ կիսատ մնացած տեսարաններն ավարտելու համար ներգրավվեցին Փոլ Ուոքերի երկու եղբայրներին։ Նրանց ֆիզիկական ներկայությունը համադրվեց համակարգչային գրաֆիկայի առաջադեմ լուծումներով ու տեխնոլոգիաներով։

Հիթ Լեջերի դեպքն այլ տրամաբանություն ուներ։ Դերասանը մահացավ 2008 թվականի հունվարին։ Այդ ընթացքում նա նկարահանվում էր Թերենս Գիլիամի «Դոկտոր Փարնասոսի երևակայությունը» ֆիլմում։ Ֆիլմի մի քանի առանցքային հատվածներ դեռևս նկարահանված չէին, մասնավորապես այն տեսարանները, որոնք տեղի էին ունենում ֆիլմի ֆանտաստիկ «հայելային աշխարհում»։ Արտադրական ընթացքը չեղարկման վտանգի առաջ էր կանգնած, բայց ստեղծագործական թիմը գտավ լուծումը։

Եթե սա սովորական պատմություն լիներ, լուծումները հավանաբար շատ ավելի սահմանափակ կլինեին, բայց Գիլիամի ֆիլմի բնույթը թույլ էր տալիս երևակայության միջոցով լուծումներ գտնել։ Արդյունքում այդ լուծումը փրկեց ֆիլմը ու նաև դարձավ դրա ներքին տրամաբանության առանցքը։ Ռեժիսոր Թերի Գիլիամը որոշեց չփոխարինել Լեջերին, բայց «փոփոխել» ֆիլմում կերպարի ներկայության տրամաբանությունը։

Ըստ սյուժեի կերպարը հայելու միջոցով մտնում է կախարդական աշխարհ, որտեղ իրականությունը փոփոխական է ու հեղհեղուկ, հետևաբար հերոսի արտաքին տեսքը ևս կարող էր փոխվել ըստ իրավիճակի։ Ստացվում էր՝ նոր աշխարհ, նոր մթնոլորտ ու նույն կերպարի տարբեր դրսևորումներ։ Ահա ինչու ֆիլմում հայտնվեցին Ջոնի Դեփը, Քոլին Ֆարելն ու Ջուդ Լոուն։ Նրանք բոլորը մարմնավորում էին նույն՝ Լեջերի ստեղծած կերպարը՝ պարզապես տարբեր աշխարհներում։ Այս լուծումն իսկապես գեղեցիկ էր, որովհետև տեխնոլոգիաների փոխարեն լուծումը գտնվեց մարդկային երևակայության ու ստեղծագործական մոտեցման շնորհիվ։

Եթե խոսքը մաթեմատիկական խնդրի մասին չէ (չնայած այդ դեպքում ևս բացառություններ կան), ապա նույն հարցը բազմաթիվ պատասխաններ ու լուծումներ կարող է ունենալ։ Երբ խոսքը հատկապես ֆիլմերի ու ստեղծագործական գործընթացի մասին է, ապա ամեն բան շատ ավելի հետաքրքիր է դառնում։ Դե, իսկ տեխնոլոգիական հնարքներն օգնում են այդ ամենն առավել համոզիչ ու գրավիչ ներկայացնել։ Իհարկե՝ եթե օգտագործվում են տեղին ու չափի մեջ։


✍️ Նանե Մանուկյան / PAN