#cinéPAN
November 4

Սարսափի ու հմայքի միջև. Վամպիրների մասին տասը լավագույն ֆիլմը 

Ռոբերտ Էգերսի «Նոսֆերատուի» (Nosferatu) պրեմիերային մնացել են հաշված օրեր, վերջերս էլ նշվեց Հելլոուինը։ Հետևաբար, ավելորդ չի լինի հիշել կինեմատոգրաֆի մի ահռելի շերտի` վամպիրական կինոյի մասին։ Ընտրել ենք տաս, մեր կարծիքով, լավագույնները` ելնելով նրանից, որ դրանք կլինեն ոչ միայն լավ ֆիլմեր (իսկ այդպիսիք այս հարստագույն ժանրում անկասկած շատ են), այլև առավել լավ կարտահայտեն վամպիրիկ կերպարի, արքետիպի ու վամպիրական գոթիկ նարատիվի էությունն ու հմայքը։

Մենք ենթաժանրերով չենք սահմանափակվելու, այստեղ լինելու են թե սարսափ ֆիլմեր, թե սարսափից ավելի խորը գնացող, մտածել ստիպող ֆիլմեր, ու թե մարտաֆիլմեր ու կատակերգություններ (վամպիրիկ արքետիպի կարևոր գծերից մեկը խաղային, թատերականացված ինքնապատկերումն է, ինչի անբաժան մաս է չափից դուրս լրջությամբ այդ ամենին չվերաբերվելը՝ լինի դա Մել Բրուքսի «Դրակուլա. Մեռած, բայց հով լռված» (Dracula: Dead and Loving It, 1995), Վերներ Հերցոգի «Նոսֆերատու. Գիշերվա ուրվականը» (Nosferatu: Phantom der Nacht, 1979) ֆիլմում փոքր տափակ կատակները անզուգական Կլաուս Կինսկիի կատարմամբ, ու թե Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Բրեմ Սթոքերի Դրակուլայում» (Bram Stoker's Dracula, 1992) Էնթոնի Հոպքինսի ու Գարի Օլդմանի՝ միշտ քար լրջության ու դինամիկ ծիծաղի սահմանին լինելը):

Միաժամանակ խուսափելու ենք այն ֆիլմերից, որոնք չնայած և պատկերում են վամպիրիկ արքետիպը, բայց հերոսը, լինելով վամպիրին շատ մոտ դիցաբանական էակ, այնուամենայնից վամպիր չէ։ Այսպես, Էգգերսի «Վհուկը» (The Witch, 2016), Ցույ Հարքի «Կանաչ օձը» (Green Snake, 1993) ու թե հին (որտեղ Իմհոտեպը կատու ունի), թե նոր (որտեղ Իմհոտեպը կատվից սարսափում է) «Մումիաները» (The Mummy) այստեղ չեն լինելու։ Նաև խուսափելու ենք այն ֆիլմերից, որտեղ հերոսը, իդեալ պատկերելով վամպիրիկ արքետիպը, այնուամենայնիվ, ըստ նարատիվի, մահկանացու մարդ է։ Այդպես, Ջոնաթան Դենիի «Գառնուկների Լռությունը» (The Silence of the Lambs, 1991) ու Դեյվիդ Ֆինչերի «Մարտական ակումբը» (Fight Club, 1999) ցուցակում նույնպես չկան։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Մինչև սկսելը հարկն է համառոտ նշել՝ իսկ ինչ ենք հասկանում վամպիրիկ արքետիպ ասելով։ Վամպիրական արքետիպը երեք դիմակ ունի.

18+ | Հրեշավոր

Առաջինը հրեշավոր դիմակն է։ Վամպիրը խորհրդանշում է այն ամենը, ինչից մենք վախենում ենք դեռ քարե դարից՝ այն, ինչը մեզ կխժռի, եթե խարույկի ապահով լույսից դուրս գանք դեպի խավար։ Դա գիշատիչն է, որից կարող ենք միայն փախչել ու թաքնվել՝ հույս ունենալով, որ չի գտնի մեզ, չի հիշի մեր մասին, այլ կընտրի մեկ այլ զոհ։ Սա մահվան դեմքն է՝ մահվան հանդեպ վախի ու նույնիսկ մահվան մասին մտածելուց խուսափելու խորհրդանիշը։ Ցերեկը, արևի լույսի տակ, այդ վախը նիրհում է, աննկատ է օրվա գործերի կույտի տակ։ Բայց մայրամուտից հետո․․․

Հմայիչ

Երկրորդը՝ հմայիչ դիմակն է։ Վամպիրը խորհրդանշում է այն արգելվածը, ինչը մենք ցանկանում ենք, բայց չունենք։ Դա կարող է լինել օրգիաստիկ ու ինքնամոռաց սեքսը, հարստությունը, գեղեցիկ հագուստը, արիստոկրատիկ վարվելակերպը ու վայելչակազմ կեցվածքը, դարերի գիտելիքն ու հմայքը, սեփական էմոցիոնալ զրահը վայր դնելն ու աշխարհի հետ փոխազդելն այնպես, ինչպիսին իրականում կաս՝ մերկ ու ազատ։ Այն ամենն է, ինչը ցանկանում ես, որ քեզ համբուրի, խմի ուժն ու արյունդ, հետդ սիրով զբաղվի։ Շատերի համար սա ավելի սարսափելի է, քան հրեշը. հրեշը հասկանալի է, իսկ բոլոր հրեշներից ամենաահարկուն՝ իղձը ու սերը՝ ոչ։ Վախերը կարող ես փորձել ընդունել։ Ցանկությունները՝ ոչ մի դեպքում։

Օտար այն ամենին, ինչ մենք գիտենք

Երրորդն օտարականի դիմակն է։ Վամպիրը այն ամենն է, ինչ մարդը չէ. անմահ է, գայլի կերպարանք ընդունող, մառախուղի տեսքով ամենուր թափանցող, մտքերն ու ցանկությունները կարդացող և իր մտքերն ու ցանկություններն անխոս հաղորդող, իսկ ամենակարևորը՝ այլ կերպ մտածող, այլ կերպ ապրող, աշխարհն այլ կերպ ընկալող ու համապատասխանաբար այլ արձագանք աշխարհից ստացող օտար մի էակ։ Այն, այնուամենայնիվ, մեր արտացոլանքն է հայելու մեջ, եթե երկար նայենք ու կարողանանք տեսնել արտաքին կաղապարից այն կողմ։ Հետևաբար, այն ավելի սարսափելի է, քան հրեշն ու սիրեկանը միասին։

Ցուցակի բոլոր ֆիլմերը ընտրված են այսքանին համապատասխանելու, վամպիրիկ արքետիպի այս կամ այն դիմակը կամ դիմակների համադրությունը էկրանին լիարժեք փոխանցել կարողանալու համար։ PAN-ը պատմում է տաս լավագույն վամպիրական ֆիլմերի մասին։

10. «Նոսֆերատու. Սարսափի սիմֆոնիան», (Nosferatu – Eine Symphonie des Grauens, 1922)

Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի «Նոսֆերատու. Սարսափի սիմֆոնիան» վամպիրի մասին առաջին ֆիլմը չէ։ Եղել են ևս երկուսը։ Առաջինը` Բրեմ Սթոքերի «Դրակուլայի» ռուսական էկրանավորում էր, երկրորդը հունգարական: Երկուսի ժապավեններն էլ մեզ չեն հասել։ Նույն ճակատագիրը սպառնում էր «Նոսֆերատուին»։ Մուրնաուն էկրանավորել էր «Դրակուլան»՝ էականորեն փոխելով սյուժեն ու կերպարներին։ Բայց դա իրեն չէր փրկել Սթոքերի այրու զայրույթից ու հեղինակային իրավունքները խախտելու դատական հայցից։ Դատարանը որոշում կայացրեց, որ ֆիլմի բոլոր պատճենները պետք է ոչնչացվեն։ Մուրնաուն գաղտնի մի քանիսը փրկեց։ Ֆիլմը երկար ժամանակ համարվում էր կորած, մինչև շատ ավելի ուշ ժապավեններից մեկը գտան ու վերականգնեցին, ինչից հետո ֆիլմը դարձավ կուլտային։

Նյութը կարդալուց հետո կարող եք ծանոթանալ դասականին

Մուրնաուի Կոմս Օրլոքը առավել լավ է պատկերում վամպիրին՝ որպես օտարականի։ Մի կողմից, առնետային արտաքինը, մյուս կողմից` հրեական հագուկապը, երրորդ կողմից` Սատուրնի Եղբայրության անդամ ու ֆիլմի համահեղինակ Ալբին Գրաուի ակներև մոգական սիմվոլիկայով լի դիզայնը նոսֆերատուին, չմեռածին խորթ ու սարսափելի են դարձնում այդ ժամանակվա գերմանացիների զգալի մասի քիմքի համար։ Գերմանական այդ տրամադրությունները հետագայում կբերեն շատ ավելի վայրի սարսափների ու ոճիրների, քան ամենադաժան վամպիրը կարող է երբևէ անել։ Իսկ «Նոսֆերատուն» իր արժանի տեղը կզբաղեցնի թե վեյմարյան Գերմանիայի, թե համաշխարհային կինեմատոգրաֆիկ մշակույթում։

«Նոսֆերատուի» հետ մեկտեղ արժե նաև դիտել անմիջականորեն դասականից ոգեշնչված երկու ֆիլմ։ Առաջինը Վերներ Հերցոգի «Նոսֆերատու.Գիշերվա ուրվականն» է, որտեղ վամպիրը մի կողմից ժանտախտի, արհավիրքի, ու այդ արհավիրքի՝ սոցիալ նորմերը խախտելու միտումներ ունենալու խորհրդանիշն է, մյուս կողմից` անհագ ցանկության ու դեպի սեր ձգտող, բայց երբեք սեփական իղձին չհասնող մերժված սիրեկանի պատկերում՝ տաղանդավոր Կլաուս Կինսկիի կողմից։ Երկրորդը` Էդմունդ Էլիաս Մերիջի «Վամպիրի ստվերը» (Shadow of the Vampire, 2000) ֆիլմն է, որը պատմում է Մուրնաուի «Նոսֆերատուի» նկարահանումների մասին։ Մի տարբերությամբ՝ Կոմս Օրլոքի դերասան Մաքս Շռեքը իրական վամպիր է…

9. «Այն, ինչ ենք անում ստվերում», (What We Do in the Shadows, 2014)

Տայկա Վայտիտիի հիստերիկ ուժգնության կատակերգություն, որը նաև արտակարգ է հասկանում ու ներկայացնում վամպիրիկ կինեմատոգրաֆի ողջ հմայքն ու ավանդույթը՝ այդ ավանդույթի մեջ խինդ ու ծիծաղ գտնելով։ Մահվանը ու հրեշներին երբեմն այդպես էլ պետք է վերաբերվել: Ֆիլմը նաև տալիս է արժեքավոր գիտելիքներ առ այն, թե ինչու են վամպիրները նախընտրում կույսի արյուն խմել, ինչպիսին է շարքային վամպիրական կովենի առօրյա կյանքը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնում սիրահարված վամպիրը ու ինչպես է պետք ծառայել վամպիրի, որ քեզ էլ վամպիր դարձնեն։

Արդեն մուտքը կարող է հիստերիկ քրքիջ առաջացնել

Ֆիլմից հետո արժե անհապաղ անցնել նույն անունը կրող հեռուստասերիալին, որը շատ ավելի ուրախություն ու ծիծաղ կպարգևի։

8. «Վամպիրներ», (Vampires, 1998)

«Երբ գտնեմ էդ անբարոյականի զավակին, քամակը ցից եմ մտցնելու».  Ֆիլմի գլխավոր հերոսի այդ արտահայտությունը իդեալական փոխանցում է լեգենդար Ջոն Քարփենթերի մարտաֆիլմի ողջ ոգին ու հմայքը։ Կյանք տեսած, կյանքով ծեծված վամպիրների որսորդների ջոկատ, անողոք վամպիրներ, Ամերիկյան գավառական քաղաք…

Ամերիկյան կինեմատոգրաֆը վամպիրի առավել հրեշային կողմը պատկերող շատ նման ֆիլմեր ունի։ Այստեղ է թե Ռոբերտ Ռոդրիգեսի «Մայրամուտից արևածագը» (From Dusk till Dawn, 1996), թե Դեյվիդ Սլեյդի «Գիշերվա երեսուն օրը» (30 Days of Night, 2007), ու թե Ջոել Շումախերի «Կորած տղաները» (The Lost Boys, 1987), թե անթիվ անհամար այլ ֆիլմեր, լավ ու ոչ այդքան։

Սովորական չորեքշաբթի վամպիր որսացողների համար

Նրանց բոլորի արքան Քարփենթերի  «Վամպիրներն» են։ Առանձին արժե գովալ ֆիլմի երաժշտությունը։ Քարփենթերի խումբն է՝ «Տեխասյան դոդոշ լիզողները», ու երաժշտությունը ֆիլմում նույնքան լավն է, որքան հենց ինքը ֆիլմը։

7. «Սովը», (The Hunger, 1983)

Արժե՞ արդյոք հավերժ ապրել, եթե վճարը, որը տալու ես, դաժանությունն է ու կախվածությունը։ Այս հարցին շատ ֆիլմեր են փորձում պատասխանել, այդ թվում այս ցուցակում շատ ավելի բարձր տեղ գտած այլ ֆիլմեր։ Ոչ մեկն այդքան լավ ու լիարժեք դա չի անում, որքան Թոնի Սքոթի «Սովը» էրոտիկ սարսափը։ Դեվիդ Բոուին ու Քաթրին Դենյովը խաղում են վամպիրիկ զույգի, Սյուզան Սարանդոնը նրանց սիրեկան բժշկի (եթե ֆիլմն այլ արժանիքներ չունենար, այս երեք անունները բավարար կլինեին այն անհապաղ նայելու համար)։ Ֆիլմը նաև վամպիրիկ միֆը կապում է Հին Եգիպտոսի հետ, ինչը ինքնին ուշագրավ է` հաշվի առնելով, որ վամպիրիկ կինոյին առընթեր ուղղություններից մեկը` եգիպտական մումիաների մասին ֆիլմերը, գրեթե նույն արքետիպն են միշտ պատկերում՝ քիչ այլ ոսպնյակի տակ։

Կուլտային դրվագը

Ֆիլմի գաղափարների յուրահատուկ վերաիմաստավորում է Ջիմ Ջարմուշի «Միայն սիրեկաններին կենդանի թողնել» (Only Lovers Left Alive, 2013) ֆիլմը։ Առավել ուժեղ ազդեցության համար պետք է դիտել երկուսն էլ` երկու օրում։

6. «Աղջիկը գիշերը միայնակ քայլում է տուն», (A Girl Walks Home Alone at Night, 2014)

Վամպիրիկ վեսթերն մի մշակույթից ու սոցիումից, որտեղ կնոջ համար առանց գլխաշոր դուրս գալը շատ ավելի վատ հետևանքների կարող է բերել, քան եթե նա վամպիր լիներ ու ցերեկը դուրս գար արեգակի տակ։ Այս ԱՄՆ-ում նկարահանված, բայց մինչև ուղնուծուծը իրանական ֆիլմը կտրում է երակներդ իր էսթետիզմի սուր շեղբով, սառացնում է արյունդ էկզիստենցիալ սարսափի ներարկումով, ու վարակում մտքերդ՝ իրանական ստվերային աշխարհում առկա էթիկայի ու օտարացման խնդիրները խավարից հանելով լույս աշխարհ։ Հատուկենտ ֆիլմերից, որտեղ անողոք արյունախում վամպիրը նաև կարող է լինել ընբոստանալու, արդարության ու կարեկցանքի խորհրդանիշ։ Իրանական ծագմամբ ռեժիսոր Անա Լիլի Ամիրպուրի դեբյուտը կարող է դառնալ ձեր սիրելի ֆիլմերից, ու ոչ միայն վամպիրական ժանրում։

5. «Դրակուլա», (Dracula, 1931)

Բոլոր մնացած վամպիրական ֆիլմերն արմատներով գնում են դեպի Թոդ Բրաունինգի «Դրակուլան», որը էկրաններ է բերում Բրեմ Սթոքերի անմահ վեպի հիման վրա բեմականացված համանուն պիեսը։ Պիեսի նյույորքյան բեմին Դրակուլայի դերը խաղում էր Բելա Լուգոշի անունով անհայտ ռումինացի մի դերասան։ Լուգոշին այնքան էր տարվել դերով, որ սեփական կյանքի նպատակ էր դարձրել պիեսի կինեմատոգրաֆիկ էկրանավորումը, ու նույնիսկ Բրեմ Սթոքերի այրի Ֆլորենս Սթոքերի հետ նամակագրվելով պայմանավորվածության էր եկել, որ ֆիլմի ժապավենները նույն ճակատագրին չեն արժանանա, ինչ Մուրնաուի «Նոսֆերատուն»։

Հավերժական թշնամիները

Հոլիվուդյան բոսսերը էկրանավորումը որոշեցին անել, բայց առանց Լուգոշիի։ Դերը տվեցին այդ ժամանակ գերհայտնի Լոն Չեյնի, ավագին։ Բայց Չեյնին շուտափույտ մահացավ թոքերի քաղցկեղից, ու դերը երկար պայքարից հետո (Հոլիվուդում մտածում էին, որ կոմունիստ է, ու կինոյում մեծ դեր ռումինացի տարօրինակ էմիգրանտի տալ չէին ուզում) տվեցին Լուգոշիին։ Այդ ժամանակվա համար ծիծաղելի՝ շաբաթը հինգ հազար դոլար հոնորարով։

Լուգոշին ֆիլմում բառացի դառնում է Դրակուլա։ Գործընկերները հիշում են, որ «Դրակուլայի» նկարահանման ժամանակ մտասույզ Լուգոշին, կարծես տրանսի մեջ, հետ-առաջ էր քայլում, ու, կարծելով որ իրան ոչ ոք չի տեսնում, մեկումեջ մանտրայի նման կրկնում՝ I am…Dracula!

Լուգոշիի Դրակուլան դարձավ բոլոր ժամանակների ամենաիկոնիկ ու ազդեցիկ դերերից մեկը։ Ինչպես նաև ֆիլմը։ Իսկ Լուգոշին, միանգամից գերհայտնի դառնալով, այդպես էլ հետագայում չկարողացավ դուրս գալ Դրակուլայի դերի ստվերի տակից՝ միշտ ու ամենուր նույն կերպարին խաղալով։ Նույնիսկ տխրահռչակ Էդ Վուդի մոտ` բոլոր ժամանակների ամենավատ կինոգործում։

4. «Դրակուլա. Մեռած, բայց հով լռված»

Եթե «Այն, ինչ ենք անում ստվերում» ֆիլմից հետո ձեզ կարող էր թվալ, որ ավելի լավ կատակերգություն վամպիրների մասին անելն անհնար է, անպայման նայեք Մել Բրուքսի «Դրակուլա. Մեռած, բայց հով լռվածը»։  Բառերն ավելորդ են, նայել է պետք։ Գերադասաբար անգլերեն՝ բառախաղերի, գեգերի ու հումորի զգալի մասը այդքան էլ լավ չի թարգմանվում։

ՖՈՒՇՏԱ!!!

Ֆիլմը չորրորդ տեղում է հիմնականում չարդաշի արտակարգ տեսարանի համար։ Ու բրիտանական կրծքերի մասին կատակի։ Ու Ֆուշտայի։ Ու հազար ու մի այլ ծիծաղով ու ուրախությամբ վարակող մեծուփոքր բաների։

Ավելի բարձր էլ կտայինք, բայց…

3. «Հարցազրույց վամպիրի հետ. Վամպիրական քրոնիկոնը», (Interview with the Vampire. The Vampire Chronicles, 1994)

Էնն Ռայսի գրքաշարի առաջին գրքի վրա հիմնված Նիլ Ջորդանի այս ֆիլմը փորձում է պատասխանել՝ իսկ ինչպիսի՞ն է վամպիրիկ գոյությունը վամպիրների տեսանկյունից։ Որո՞նք են հավերժ կյանքի էթիկ նկատառումները։ Ինչպիսի՞ն է հավերժությամբ ստեղծված մենությունը։ Ի՞նչ կանոններ պետք է ունենալ, երբ կանոններ չկան, ու ի՞նչ կարող է պատահել, երբ այդ կանոնները խախտում ես։ Արդյո՞ք հավերժ ապրող հրեշը պետք է ունենա մարդկային գծեր, թե՞ պետք է մոռանա մարդկայնության մասին ու անցնի գոյության այլ աստիճանի՝ լիարժեք մարդուց տարբերվելով։ Ո՞րն է հավերժ անփոփոխ կյանքի իմաստն ու անեծքը։

Կյանքի ու մահվան պարը

Այս և բազում այլ հարցերին պատասխանում է վամպիր Լուիի պատմությունը՝ անցնելով Նոր Օռլեանից (որը մթնոլորտով Պրահայից ու Վիեննայից հետո թերևս մոլորակի ամենավամպիրական քաղաքն է) Եվրոպայով ու ավարտվում ժամանակակից Սան Ֆրանցիսկոյում՝ խոցելով դարերի պատնեշը ու ուժգին կապ ստեղծելով կախարդական բեմի ու հանդիսատեսի առօրյայի միջև, որից հետո թերևս չկա մարդ, որ չուզենա վամպիր դառնալ ֆիլմի հերոսներից մեկի հետ մեկտեղ։

Ցանկացած ֆիլմ հանդիսատեսին փոխող ծես է։ «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմն առավել լիարժեք ցույց է տալիս, թե ինչու։

Ֆիլմից հետո արժի անցնել հեռուստասերիալին, որը նույնքան, իսկ տեղ-տեղ ավելի լավն է (բաց թողելով երկրորդ գրքի ծայրահեղ անորակ ու ձանձրալի էկրանավորումը)։

2. «Բլեյդ 2», (Blade II, 2002)

Ժամանակակից կինեմատոգրաֆում չկա մարդ, որ եվրոպական միֆոպոետիկան ավելի լավ զգա ու կարողանա պատկերել, քան Գիլյերմո դել Տորոն է (երևի միայն Ռոբերթ Էգերսը, ում «Նոսֆերատուին» գրեթե բան չմնաց)։ Նա այնքան լավ է դա անում, որ հաջողացնում է «Բլեյդի» երկրորդ մասը մարտաֆիլմից վերածել տխուր ու գեղեցիկ հեքիաթի՝ նույնիսկ օտարական վամպիրների ընտանիքում օտար դարձած արքայազնի մասին։

- Դու սկի կարմրո՞ւմ ես:

Այս ֆիլմի գլխավոր հերոսը հենց նա է։ Ոչ թե Բլեյդը։ Նայել արժի առաջին «Բլեյդից» (Blade, 1998) հետո, որն ինքնին արտակարգ մարտաֆիլմ սարսափ է։ Երրորդ մասը նայել պետք չէ, այն շատ վատն է։

1. «Բրեմ Սթոքերի Դրակուլա»

Գիտե՞ք` ինչու է «Բրեմ Սթոքերի Դրակուլան» հանճարեղ գործ։ Այն պատմում է, թե ինչպես է հին, դարավոր, անտեսված, մոռացված, մեռած համարվող, բայց շատ կենդանի, իրական, զորեղ ու վտանգավոր մոգությունը ճեղքում օվկիանոսի պատնեշը և հեռավոր անգիտակցականից, անցյալից, երազներից ներխուժում քաղաքակրթություն՝ սովորելով քաղաքակիրթ ձևանալ։ Այն պատմում է, թե ինչպես է մղձավանջը գտնում իր ճանապարհը դեպի իրական աշխարհ։ Եվ նաև՝ թե ինչպես ենք մենք իրականում ուզում, որ այն գա։

Երբեք մի խմիր Դրակուլայի հետ

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Բրեմ Սթոքերի Դրակուլան» ոչ միայն կարողանում է այսքանը անբիծ փոխանցել էկրանին, այլև հավելյալ արժեք է ավելացնում գեղեցկագույն վիզուալի, կախարդական երաժշտության ու գրքում բացակայող ու հանդիսատեսի սիրտը պատռող սիրային պատմության հաշվին։

Սա, անկասկած, լավագույն վամպիրական ֆիլմն է, որ երբևէ նկարահանվել է։ Ու հնարավոր է` այդպիսին էլ մնա առհավետ։ Սպասենք Էգերսի պատասխանին։

Լևոն Մկրտչյան

✍️ Լևոն Մկրտչյանը՝ PAN-ի համար