Կարդալիքներ PAN-ից
July 6

Նրանք չեն մեռնում. Ինչպես վամպիրը վերապրեց համր կինոն, գունավոր էկրանը, պոստմոդեռնիզմն ու սթրիմինգը

Կինոն բազմաթիվ կերպարներ ժառանգել է առասպելներից, ժողովրդական բանահյուսությունից ու մարդկային խորը վախերից։ Ամենակենսունակներից մեկը վամպիրն է։ Ավելի քան մեկ դար նա անընդհատ փոխում է իր կերպարը կինոյում՝ դառնալով երբեմն համաճարակի մարմնավորում, երբեմն՝ հրապուրիչ ազնվական, ռոք աստղ, մելամաղձոտ մտավորական կամ նախնադարյան հրեշ։ Սակայն յուրաքանչյուր նոր մեկնաբանության տակ նույն գաղափարն է. վամպիրը գոյատևում է ուրիշի կյանքի հաշվին և միաժամանակ վախեցնում ու գրավում մարդուն։

PAN-ը ներկայացնում է վամպիրական կինոյի պատմությունը՝ ընտրելով յուրաքանչյուր տասնամյակից մեկ ֆիլմ։ Սրանք այն գործերն են, որոնք ոչ միայն բնորոշում են իրենց ժամանակաշրջանը, այլև փոխել են ժանրի զարգացման ուղղությունը։

1920-ականներ

Գերմանական էքսպրեսիոնիզմ

Նոսֆերատու / Nosferatu (1922)

Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն այս ֆիլմը նկարել էր առանց Բրեմ Սթոքերի վեպի հեղինակային իրավունքները ձեռք բերելու։ Փոխել էր անուններն ու որոշ մանրամասներ, սակայն պատմության էությունը մնացել էր նույնը։ Սթոքերի ժառանգները դատարանի միջոցով պահանջեցին ոչնչացնել ֆիլմի բոլոր պատճենները, սակայն մի քանիսը մինչև այդ արդեն հասցրել էին տարածվել տարբեր երկրներում։ Այդ փաստը գրեթե խորհրդանշական է. դժվար է վերացնել այն, ինչն արդեն դարձել է առասպել։

Մաքս Շրեքի մարմնավորած կոմս Օրլոկը ոչ մի ընդհանուր բան չունի դասական գայթակղիչ վամպիրի հետ։ Նա ավելի շատ հիվանդություն է հիշեցնում։ Երկար մատներ, անբնական շարժումներ, քարացած հայացք։ Նա չի մտնում տարածք, այլ աննկատ ներթափանցում է։

Ֆիլմի ամենահիշվող դրվագներից մեկում Օրլոկի ստվերը սողում է պատերով ու աստիճաններով՝  հասնելով զոհին ավելի շուտ, քան իր մարմինը։ Այդ տեսարանով Մուրնաուն ստեղծեց ոչ միայն վամպիրի նոր պատկերը, այլև անտեսանելի վտանգի կերպարը, որը տարածվում է` նախքան մարդիկ կհասկանան դրա գոյությունը։

1922-ին Եվրոպան դեռ չէր ապաքինվել իսպանական գրիպի հետևանքներից։ Այդ իսկ պատճառով «Նոսֆերատուն» ուղղակի սարսափ ֆիլմ չէր. այն արտացոլում էր հասարակության խորքային վախերը՝ հիվանդության, մահվան և անտեսանելի սպառնալիքի նկատմամբ։

1930-ականներ

Ոսկե Հոլիվուդ

Դրակուլա / Dracula (1931)

Մինչև այս ֆիլմի նկարահանումները Բելա Լուգոշին արդեն մի քանի տարի մարմնավորում էր Դրակուլային Բրոդվեյի բեմում, այնպես որ կինոխցիկի առջև հայտնվելու պահին նա արդեն իսկ իր մեջ կրում էր կերպարի յուրաքանչյուր շարժումն ու ինտոնացիան։

Լուգոշիի Դրակուլան ուղղակի հրեշ չի։ Նա գիտակցում է իր էությունը և չի փորձում թաքցնել այն։ Հակառակը՝ դա գիտակցելը նրան տալիս է սառնարյուն արժանապատվություն։ «Ես... գինի չեմ խմում» հայտնի արտահայտության մեջ երկար դադարը դարձել է կերպարի անբաժանելի մասը. լարվածությունը ստեղծվում է ոչ թե խոսքերով, այլ լռությամբ։

Ռեժիսոր Թոդ Բրաունինգը ֆիլմը կառուցել է գրեթե թատերական սկզբունքով։ Անշարժ տեսախցիկ, ծանր դեկորացիաներ, չափազանց քիչ շարժում։ Այսօր այն կարող է դանդաղ թվալ, սակայն հենց այդ դանդաղ ընթացքն է ստեղծում անհանգստության զգացումը։ Թվում է, թե ամեն ինչ սովորական է, բայց կադրի ներսում ինչ-որ բան ակնհայտորեն սխալ է։

Լուգոշիի ստեղծած կերպարը երկար տարիներ դարձավ Դրակուլայի դասական կերպարի չափանիշը։ Սև թիկնոցը, արտասովոր առոգանությունը, հիպնոսացնող հայացքն ու զուսպ շարժուձևը հետագայում կրկնօրինակեցին տասնյակ դերասաններ։ Նրա վամպիրը վտանգավոր է հենց այն պատճառով, որ առաջին հայացքից վստահություն է ներշնչում։

1940-ականներ

B-movie-ի դարաշրջան

Դրակուլայի որդին / Son of Dracula (1943)

Քառասունականները վամպիրական կինոյի ամենավառ շրջանը չէին։ Universal ստուդիան մեկը մյուսի հետևից թողարկում էր շարունակություններ ու տարատեսակ հրեշների մասնակցությամբ ֆիլմեր, որոնք հիմնականում ստեղծվում էին կոմերցիոն նպատակներով։

Այդ «գազանանոցի» ֆոնին Ռոբերտ Սիոդմակի «Դրակուլայի որդին» առանձնանում է առաջին հերթին իր մթնոլորտով։ Լուիզիանայի ճահիճները, խոնավ օդը, մութ ջրերի վրա սահող դագաղները ստեղծում են միջավայր, որը երկար ժամանակ մնում է հիշողության մեջ։

Լոն Չեյնի Կրտսերը գուցե ամենահամոզիչ Դրակուլան չէ, սակայն Սիոդմակը կարողանում է այդ թերությունը փոխհատուցել վիզուալ լուծումներով։ Լույսի և ստվերի խաղը ֆիլմում այնքան կարևոր դեր ունի, որ կերպարների շարժումներն անգամ դառնում են երկրորդական։

Ամենակարևոր փոփոխությունն այն էր, որ վամպիրը վերջապես դուրս եկավ Տրանսիլվանիայի ամրոցներից և հայտնվեց Ամերիկայի հարավում։ Անծանոթ այդ միջավայրում նա ավելի օտար ու անհանգստացնող է, դրա շնորհիվ՝ նաև ավելի վտանգավոր։

1950-ականներ

Hammer Horror

Դրակուլայի սարսափը / Horror of Dracula (1958)

Բրիտանական Hammer ստուդիան վամպիրական կինոն բառացի ներկեց նոր գույներով։ Գունավոր կինոյի շնորհիվ արյունն առաջին անգամ դարձավ վառ կարմիր, իսկ գոթական աշխարհը ձեռք բերեց նախկինում անհնար վիզուալ ուժ։

Թերենս Ֆիշերի ֆիլմում Քրիստոֆեր Լին ներկայացնում է բոլորովին այլ Դրակուլա։ Նա ոչ թե նրբագեղ ազնվական է, այլ ֆիզիկապես հզոր և զսպված կատաղությամբ լեցուն գիշատիչ։ Նրա կարմրած աչքերն ու հանկարծակի երևացող ժանիքները շատ ավելի ազդեցիկ են, քանի որ օգտագործվում են չափավոր։

Փիթեր Քաշինգի Վան Հելսինգը նույնքան հիշարժան է` սառնասիրտ գիտնական, որը գործում է ճշգրիտ հաշվարկով։ Դրա շնորհիվ Դրակուլայի ու Վան Հելսինգի դիմակայությունը վերածվում է ոչ թե բարու և չարի վերացական պայքարի, այլ երկու ուժեղ անհատների գաղափարական բախման։

Hammer-ի ֆիլմը վերջնականապես վերադարձրեց վամպիրին նրա մարմնական բնույթը։ Այն, ինչ Բրեմ Սթոքերի վեպում հիմնականում զգացվում էր ենթատեքստում, այստեղ արտահայտվեց բացահայտ՝ վամպիրի խայթոցը դարձնելով ոչ միայն մահվան, այլ նաև ցանկության խորհրդանիշ։

1960-ականներ

Գոթական կատակերգություն

Վամպիրների պարահանդեսը / The Fearless Vampire Killers (1967)

Ռոման Պոլանսկու ֆիլմը միաժամանակ թե նուրբ կատակերգություն է, թե լիարժեք գոթական սարսափ։ Այդ երկու շերտերը չեն խանգարում միմյանց․հակառակը, դրանք ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ, որտեղ ծիծաղն ու անհանգստությունը կողք կողքի են։

Պատմությունը մեզ տեղափոխում է ձյունածածկ Տրանսիլվանիա, որտեղ տարօրինակ պրոֆեսոր Աբրոնսիուսն ու նրա միամիտ օգնական Ալֆրեդը փորձում են բացահայտել վամպիրների գոյությունը։ Ճանապարհը նրանց տանում է դեպի խորհրդավոր ամրոց, որտեղ շուտով սկսվում է մեռելների խորհրդավոր պարահանդեսը։ Հայելիները, որոնց մեջ ոչ ոք չի արտացոլվում, մութ միջանցքներն ու սառնաշունչ սրահները ստեղծում են անմոռանալի գոթական միջավայր։

Շերոն Թեյթը մարմնավորում է պանդոկապանի գեղեցիկ դստերը՝ Սառային, որը պատահաբար հայտնվում է այնպիսի վտանգի մեջ, որից փրկվելն այնքան էլ հեշտ չէ։

Ֆիլմի ամենաուժեղ կողմը նրա տրամադրությունն է։ Թեև շատ տեսարաններ հումորային են, ամբողջ պատմության ընթացքում պահպանվում է իրական վտանգի զգացողությունը։ Ամրոցը պարզապես գեղեցիկ դեկորացիա չի, այլ կենդանի ու սպառնալից տարածք, իսկ ձյունը ոչ միայն լրացնում է տեսարանը, այլ ավելի է խորացնում մեկուսացման և անխուսափելիության զգացումը։

Հատկապես տպավորիչ է ֆիլմի եզրափակիչ մասը։ Այն ամբողջովին փոխում է ֆիլմի ընկալումն ու հիշեցնում, որ նույնիսկ ամենաթեթև թվացող պատմությունը կարող է ավարտվել շատ ավելի մռայլ, քան սպասում էր հանդիսատեսը։

1970-ականներ

Հեռուստատեսային սարսափ

Սեյլեմի ճակատագիրը / Salem's Lot (1979)

Թոուբ Հուպերի ֆիլմը ստեղծվել էր հեռուստատեսության համար՝ համեստ բյուջեով և երկու մասից բաղկացած ֆորմատով։ Չնայած դրան՝ այն դարձավ վամպիրների մասին ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը, իսկ նրա ստեղծած մթնոլորտը մինչ օրս չի կորցրել իր ուժը։

Ֆիլմի գլխավոր վամպիրը՝ Բարլոուն, էկրանին հաճախ չի երևում ու գրեթե ոչինչ չի ասում։ Սակայն հենց այդ լռությունն է նրան դարձնում հատկապես սարսափելի։ Գունատ կապտավուն մաշկը, դեղին աչքերը և անբնական երկար մատները բացահայտ հղում են Ֆրիդրիխ Մուրնաուի «Նոսֆերատուին», բայց այստեղ կերպարը ներկայացված է առանց հեգնանքի կամ ռոմանտիկ շերտերի։ Հուպերը վամպիրին կրկին վերածում է նրա, ինչ նա սկզբնապես եղել է՝ մարդուն նմանվող, բայց իրականում լիովին օտար և վտանգավոր արարածի։

Ֆիլմի ամենահիշվող տեսարաններից մեկում մահացած տղան գիշերով հայտնվում է ընկերոջ պատուհանի մոտ ու դանդաղ թակում ապակին։ Այդ դրվագը վաղուց դարձել է սարսափ ֆիլմերի դասականներից և հաճախ հիշատակվում է որպես ժանրի ամենաազդեցիկ պահերից մեկը։

Սթիվեն Քինգի վեպը միայն վամպիրների մասին չէ։ Այն պատմում է փոքրիկ քաղաքի մասին, որը ներսից արդեն քայքայված էր՝ դեռ չարիքի հայտնվելուց առաջ։ Հուպերը կարողացավ պահպանել այդ գաղափարը՝ միաժամանակ ստեղծելով իսկապես լարված և վախեցնող ֆիլմ։

Նույն թվականին էկրան բարձրացավ նաև Վերներ Հերցոգի «Նոսֆերատուն» (Nosferatu: Phantom der Nacht), որտեղ գլխավոր դերը խաղում է Կլաուս Կինսկին։ Եթե Հուպերի ֆիլմը շեշտը դնում է սարսափի վրա, ապա Հերցոգի աշխատանքը շատ ավելի դանդաղ, մելամաղձոտ և փիլիսոփայական է։ Այստեղ վամպիրը պարզապես հրեշ չէ, այլ միայնակ ու դատապարտված էակ, որի հավերժական գոյությունը ավելի շատ ողբերգություն է, քան առավելություն։

1980-ականներ

Ռոք, երիտասարդություն և վամպիրներ

Կորուսյալ տղաները / The Lost Boys (1987)

Ջոել Շումախերը էականորեն փոխեց պատկերացումը, թե ինչպիսին կարող է լինել կինոյի վամպիրը։ Եթե նախկինում նրանք ապրում էին մռայլ դղյակներում ու պատկերվում որպես հին աշխարհի արիստոկրատներ, ապա այստեղ վամպիրները երիտասարդ են, ազատ, ինքնավստահ և ապրում են ժամանակակից Ամերիկայում։

Գործողություննեւը տեղի են ունենում Կալիֆոռնիայի Սանտա Կառլա քաղաքում։ Առաջին հայացքից այն սովորական ծովափնյա հանգստավայր է, սակայն մութն ընկնելուն պես փողոցներն անցնում են մոտոցիկլետներով շրջող վամպիրների ձեռքը։ Ֆիլմի աշխարհը լի է ռոք, հևի մետալ ու նյու վեյվ երաժշտությամբ, ինչը հիանալի փոխանցում է ութսունականների երիտասարդական մշակույթի ոգին։

Վամպիր դառնալն այստեղ ներկայացվում է ոչ թե որպես անեծք, այլ որպես գայթակղիչ ընտրություն։ Այն խոստանում է հավերժ երիտասարդություն, ուժ, ազատություն ու խումբ, որտեղ քեզ ընդունում են որպես հավասարի։ Հենց այդ գաղափարն էլ ֆիլմն այդքան ազդեցիկ է դարձնում. այն ոչ միայն վախեցնում է, այլ նաև ցույց է տալիս, թե ինչու կարող է այդ ճանապարհը գրավել դեռահասներին։

Կիֆեր Սազերլենդի մարմնավորած Դեյվիդը հեռու է դասական գոթական վամպիրի կերպարից։ Նա չի փորձում տպավորել ազնվական պահվածքով կամ խորհրդավոր խոսքերով։ Նա պարզապես խարիզմատիկ, վտանգավոր երիտասարդ է, որն առաջարկում է մի կյանք, որին դժվար է դիմադրել։ Այդ բնականությունն ու ինքնավստահությունն էլ նրան դարձնում են հիշվող հակառակորդ։

Սարսափ ֆիլմ լինելուց բացի, «Կորուսյալ տղաները» նաև իր ժամանակի դիմանկարն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես վամպիրը վերածվեց երիտասարդական ենթամշակույթի խորհրդանիշի։ Այդ փոփոխությունն այնքան ազդեցիկ էր, որ հետագա տասնամյակների բազմաթիվ ֆիլմեր, սերիալներ և գրքեր հենց սկսեցին կառուցել իրենց վամպիրական աշխարհը հենց նման կերպարներից։

1990-ականներ

Բարձր ոճի գոթիկա

Բրեմ Սթոքերի Դրակուլան / Bram Stoker's Dracula (1992)

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Բրեմ Սթոքերի Դրակուլան» իսկական գոթական օպերա է՝ ճոխ, զգացմունքային և վիզուալ շքեղ։ Այն երբեմն հասնում է նույնիսկ բարոկկոյին բնորոշ չափազանցության, բայց հենց այդ անկեղծությունն էլ ֆիլմին յուրահատուկ ուժ է տալիս։

Գերի Օլդմանի Դրակուլան անընդհատ փոխում է իր կերպարը․ սկզբում նա ծեր արիստոկրատ է՝ կարմիր պատմուճանով և արտասովոր սանրվածքով, ապա վերածվում է գայլի, մառախուղի, իսկ հետո՝ երիտասարդ ջենթլմենի, որը շրջում է Լոնդոնի փողոցներով։ Այդ կերպարանափոխությունները պարզապես արտաքին հնարքներ չեն․ դրանք արտացոլում են հերոսի ներքին վիճակն ու ժամանակի հետ նրա հարաբերությունները։

Կոպոլայի ամենակարևոր ձեռքբերումը, սակայն, այն է, որ նա Սթոքերի պատմության կենտրոնում կրկին դնում է սիրո թեման։ Այստեղ Դրակուլան միայն արյունարբու հրեշ չէ, այլ մարդ, որը կորցրել է իր սիրելիին և դարեր շարունակ փորձում է նորից գտնել նրան։ Այդ մոտեցումը կերպարին ողբերգական խորություն է հաղորդում ու դարձնում պատմությունը շատ ավելի ազդեցիկ, քան ցանկացած հատուկ էֆեկտ։

Երկու տարի անց էկրան բարձրացավ Նիլ Ջորդանի «Հարցազրույց վամպիրի հետ» (Interview with the Vampire: The Vampire Chronicles) ֆիլմը՝ Թոմ Քրուզի և Բրեդ Փիթի մասնակցությամբ։ Եթե Կոպոլայի ֆիլմը կրքոտ ու ճոխ գոթիկա էր, ապա Ջորդանի աշխատանքը՝ ավելի զուսպ և հոգեբանական դրամա։ Այս երկու ֆիլմերն էլ մեծ ազդեցություն ունեցան 1990-ականների վամպիրական կինոյի վրա՝ ներկայացնելով վամպիրին ոչ թե որպես հրեշ, այլ որպես հավերժության ծանր բեռը կրող ողբերգական հերոս։

2000-ականներ

Սկանդինավյան արտհաուս

Ներս թող ինձ / Låt den rätte komma in (2008)

Թոմաս Ալֆրեդսոնի «Ներս թող ինձ» ֆիլմի գործողությունները ծավալվում են 1981թ-ի ձմռանը՝ Ստոկհոլմի մռայլ արվարձաններից մեկում։ Ձյունը, լռությունն ու սառնամանիքը այստեղ պարզապես միջավայր չեն․ դրանք ֆիլմի տրամադրության անբաժան մասն են, և դրանց սառնությունը կարծես փոխանցվում է հանդիսատեսին։

Գլխավոր հերոսը՝ տասներկուամյա Օսկարը, ամաչկոտ ու միայնակ տղա է, որը դպրոցում մշտապես ենթարկվում է նվաստացումների։ Նրա կյանքը փոխվում է, երբ հարևանությամբ հայտնվում է Էլին՝ տարօրինակ մի աղջիկ, որը միշտ ոտաբոբիկ է, դուրս է գալիս միայն գիշերները և ակնհայտորեն տարբերվում է բոլորից։ Շուտով պարզ է դառնում, որ նա մարդ չէ, սակայն Ալֆրեդսոնին ավելի քիչ է հետաքրքրում վամպիրի բնույթը, քան այն կապը, որն աստիճանաբար ձևավորվում է երկու միայնակ երեխաների միջև։

Թեև ֆիլմում կան բռնության դաժան ու հիշվող տեսարաններ, դրա իրական ուժը բոլորովին այլ տեղում է։ «Ներս թող ինձ»-ն առաջին հերթին պատմություն է մտերմության, վստահության և միայնության մասին։ Իսկ ամենաանհանգստացնող հարցը մնում է առանց պատասխանի․ ի՞նչ ապագա է սպասում Օսկարին, եթե նա ընտրի Էլիի ճանապարհը։ Ալֆրեդսոնը ոչինչ չի բացատրում։ Վերջին տեսարանը՝ գնացքի պատուհանից երևացող լուռ ճանապարհորդությամբ, շատ ավելի խոսուն է, քան ցանկացած բացատրություն, և երկար ժամանակ մնում է հիշողության մեջ։

2010-ականներ

Հավերժական տխրություն

Ողջ են մնում միայն սիրահարները / Only Lovers Left Alive (2013)

Ջիմ Ջարմուշը վամպիրների մասին նկարել է ֆիլմ, որտեղ կարևորը ոչ թե արյունն է կամ որսը, այլ ժամանակը։ Նրա հերոսները վաղուց հաղթահարել են անմահության հմայքն ու սովորել են ապրել դրա հետ։

Ադամը՝ Թոմ Հիդլսթոնի կատարմամբ, բնակվում է դատարկվող Դեթրոյթում, ստեղծում է երաժշտություն, որը երբեք չի հրապարակում, արյունը ձեռք է բերում հիվանդանոցից և աճող հիասթափությամբ հետևում մարդկանց։ Իսկ Եվան՝ Թիլդա Սուինթոնի կատարմամբ, ապրում է Տանժերում, կարդում գրքեր և իր հիշողության մեջ պահում դարերի ընթացքում հանդիպած մարդկանց՝ Մարլոյից մինչև Բայրոն։

Ջարմուշը գրեթե ամբողջությամբ հրաժարվում է ժանրի ավանդական հակամարտություններից։ Այստեղ չկան անվերջ հետապնդումներ, վամպիրների որսորդներ կամ մեծ ճակատամարտեր։ Փոխարենը ֆիլմը խոսում է սիրո, արվեստի, հիշողության և մշակույթի մասին՝ որպես միակ արժեքների, որոնք կարող են իմաստ հաղորդել անվերջ կյանքին։ Դանդաղ ռիթմը նույնպես պատահական չէ․ այն թույլ է տալիս զգալ, թե որքան երկար ու երբեմն հոգնեցուցիչ կարող է լինել հավերժությունը։ Հենց այդ հանգիստ ընթացքի մեջ էլ թաքնված է ֆիլմի ամենամեծ անհանգստությունը։

2020-ականներ

Վերադարձ արմատներին

Նոսֆերատու / Nosferatu (2024)

Ռոբերտ Էգերսը երկար տարիներ է պատրաստվել «Նոսֆերատուին», ու այդ մանրակրկիտ աշխատանքը զգացվում է ֆիլմի յուրաքանչյուր դրվագում։ Սա ուղղակի 1922-ի դասականի նոր տարբերակը չի ու ոչ էլ հերթական վերաիմաստավորումը։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Էգերսը փորձել է հասնել այն սկզբնական սարսափին, որից էլ ժամանակին ծնվել է վամպիրի մասին առասպելը։

Բիլ Սկարսգարդի մարմնավորած կոմս Օրլոկը գրեթե զուրկ է մարդկային հատկանիշներից։ Նրանում մնացել է միայն անհագ ցանկությունը, որն ամբողջությամբ կենտրոնացած է Էլեն Հաթերի վրա, ում խաղում է Լիլի-Ռոուզ Դեփը։ Նրանց համատեղ տեսարանները լարված են ու ճնշող, իսկ այն պահերը, երբ Օրլոկը բացակայում է կադրում, թվում են կարճատև դադար հաջորդ մղձավանջից առաջ։

Էգերսը համարձակ անդրադառնում է մարմնականության, սեքսուալության ու ճնշված ցանկությունների թեմաներին՝ բացահայտելով այն շերտերը, որոնք Բրեմ Սթոքերի վեպում միայն ակնարկված էին։ Արդյունքում ֆիլմը պատմում է ոչ միայն վամպիրի մասին, այլ նաև ցանկության, մեղքի զգացման ու այն վախերի մասին, որոնք հասարակությունը հաճախ փորձում է բացատրել «խելագարություն» բառով։

2025-ին էկրաններ բարձրացավ նաև Ռայան Քուգլերի «Մեղավորները» (Sinners) ֆիլմը, որն ընտրում է բոլորովին այլ ճանապարհ։ Այստեղ վամպիրները հայտնվում են 1930-ականների Ամերիկայի հարավի ջազային միջավայրում, իսկ նրանց պատմությունը սերտորեն միահյուսվում է ռասայական բռնության, մշակութային յուրացման ու պատմական հիշողության թեմաների հետ։ Թեև այս երկու ֆիլմերը կառուցված են տարբեր գեղարվեստական լեզուներով, երկուսն էլ հանգում են նույն մտքին․ վամպիրը միշտ մարմնավորում է այն, ինչը խլվել կամ յուրացվել է ուրիշից՝ նրա կամքին հակառակ։


🎬 Արման Գասպարյան / PAN