Թրաֆիքինգի մեղադրանքը, բալետի դասերն ու լեգենդար շպագատը. Վան Դամի էքշն կինո-կյանքը
Եթե 90-ականների կամայական հայ տղամարդու հարցնեիք՝ ով է մարտարվեստների ամենահզոր վարպետը, հավանաբար, առանց երկար-բարակ մտածելու կպատասխաներ՝ Ժան-Կլոդ Վան Դամը։ Նրա լեգենդար շպագատն ու օդում պտտվող հարվածները համադրվում էին արտիստիզմի և պարային շարժումների հետ ու դարձնում Վան Դամին բառացիորեն կենդանի լեգենդ։ «Արյունալի սպորտ», «Քիքբռնցքամարտիկը», «Ունիվերսալ զինվորը» ֆիլմերով մեծացած սերունդը հիացմունքով էր դիտում, թե ինչպես է Բրյուսելից Հոլիվուդ հասած տղան «ջարդում» հակառակորդներին։
Այսօր էքշն ժանրի լեգենդը հայտնվել է բոլորովին այլ՝ շատ անհարմար պատմության մեջ։ Վան Դամին մեղադրում են Ռումինիայում մարդկանց, այդ թվում՝ անչափահասների թրաֆիքինգով զբաղվող հանցավոր ցանցի ծառայություններից օգտվելու մեջ։ Մեղադրանքն առնվազն շոկային է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրա կարիերայի և ազատության համար։
Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ
Ռումինական Pro TV հեռուստաալիքը հաղորդում է, որ Ժան-Կլոդ Վան Դամը մեղադրվում է խոցելի վիճակում գտնվող ռումինացի հինգ աղջկա սեռական բնույթի ծառայություններից օգտվելու մեջ։ Հաղորդումը հղում է կատարում տուժածներից մեկի փաստաբանին։
«Քրեական գործը, որը վարում է Ռումինիայի դատախազության կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության վարչությունը՝ կապված անչափահասների և մարդկանց վաճառքի հնարավոր ցանցի հետ, միջազգային կապեր է բացահայտել մեր մանկության կուռքի մասով: Ժան-Կլոդ Վան Դամը մեղադրվում է խոցելի վիճակում գտնվող ռումինացի հինգ աղջկա սեռական բնույթի ծառայություններից օգտվելու մեջ»։
Libertatea թերթի տեղեկություններով՝ բողոքը 64-ամյա հոլիվուդյան աստղի դեմ ներկայացրել է ռումինացի աղջիկը, ով պնդում է, որ դարձել է դերասանի զոհն ավելի քան 10 տարի առաջ:
Ենթադրյալ տուժողը, որն այժմ 26 տարեկան է, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Կաննում, երբ ինքն անչափահաս էր։ Ցուցմունքների համաձայն՝ իրեն և ևս չորս աղջկա «տվել են դերասանին», ավելին՝ բոլոր ներկաները գիտեին, որ խոսքը գնում է սեռական շահագործման մասին։
Վան Դամին կասկածում են երեք կետով՝ շահագործվող անձի ծառայություններից օգտվելու, հանցավոր համայնքի մաս կազմելու և մարդկանց թրաֆիքինգի համար։
Իրականում այս գործն ընթացք է ստացել դեռ 2022 թվականին։ Դատախազության պնդմամբ, հանցավոր խումբը հավաքագրել է երիտասարդ աղջիկների (այդ թվում՝ անչափահասների)՝ իբր մոդելային աշխատանքի համար, իսկ իրականում նրանց ենթարկել են սեռական շահագործման՝ «հոգեբանական հարկադրանքի կիրառմամբ»։
Ըստ մեղադրող կողմի պնդումների՝ հավանական է, որ աղջիկներին Վան Դամին «մատակարարել» է ռումինացի գործարար և Kasta Morrely մոդելային գործակալության սեփականատեր Մորել Բոլյան։ Նա 2022 թվականին ձերբակալվել է՝ մեղադրվելով 2000-2016 թթ. անչափահասների առևտրի գործով։ Բոլյան մեղադրյալ է նաև այս գործով։
«Քրեական գործը, որը վարվում է «գուրու» Մորել Բոլյայի հովանավորությամբ անչափահասների առևտրի ցանցի հնարավոր ստեղծման կապակցությամբ, բացահայտում է նրա կապերը Վան Դամի հետ»:
Վան Դամը երկար ժամանակ լուռ էր, բայց վերջապես միջնորդավորված ձևով արձագանքել է մեղադրանքներին։ Նրա գործակալ Պատրիկ Գոավեկը PEOPLE ամսագրին ասել է, որ մեղադրանքներն անհեթեթ են և անհիմն։
«Մեզ հայտնի է դարձել Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ Կաննում ենթադրյալ միջադեպի մասին հաղորդող հոդվածների մասին: Նշված փաստերը ծիծաղելի են և հորինված... Վան Դամը չի ցանկանում մեկնաբանել այս լուրերը, դրանք նույնքան անհեթեթ են, որքան անհիմն»:
Մինչև վերջերս Վան Դամը գրեթե ամբողջությամբ խուսափել է հրապարակային սկանդալներից: Բացառություններ էին հարբած վիճակում մեքենա վարելը, դերասանի և նրա թիկնապահի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը և մի քանի այլ՝ այս մեղադրանքի կողքին չափազանց «փոքր սկանդալներ»։
Բայց այս ամենի մեջ աչք է ծակում մեկ այլ դրվագ, որն այս օրերին կրկին մեծ աղմուկ է բարձրացրել։ Պարզվում է՝ 2022 թվականին Բելգիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել Վան Դամի դեմ՝ սեռական բռնության վերաբերյալ բողոքի հիմքով: Ըստ հետաքննության՝ միջադեպը տեղի է ունեցել 2021-ին՝ Բրյուսելում, տուժածը 33-ամյա կին էր, որը դերասանին մեղադրել էր սեռական բռնության մեջ: Վան Դամն այս մեղադրանքը հերքել էր, իսկ կարճ ժամանակ անց գործը «մոռացվեց»։
Անշուշտ, եթե այս մեղադրանքները հաստատվեն, ապա շատերի համար մանկության հերոս դարձած կինոդերասանի կերպարը պարզապես ջարդուփշուր կլինի, իսկ բացահայտումը՝ իրապես սարսափելի։ Նման իրավիճակներում մնում է միայն հուսալ, որ ճշմարտությունը կհաղթի։
ՀԻՇԵԼՈՎ ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՆ ԴԱՄԻՆ
Իսկ հիմա փոքրիկ անդրադարձ Վան Դամի կյանքին ու կինոկարիերային։ 80-ական և 90-ական թվականներին Ժան-Կլոդ Վան Դամը մարտաֆիլմերի խորհրդանիշ էր, բայց մինչև այդ էլ նրա կյանքը պակաս հետաքրքիր չի եղել։ Վառ երևակայությամբ և ֆիզիկապես ուժեղ տղան սկսեց մարտարվեստով զբաղվել դեռ տասը տարեկանում, երբ հայրը նրան տարավ կարատեի դպրոց։
Տարիների մարզումներից հետո Վան Դամը դարձավ Բելգիայի կարատեի հավաքականի անդամ՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում։ Կարատեից բացի, նա հետաքրքրվում էր մարմնամարզությամբ և, զարմանալիորեն, հինգ տարի զբաղվում էր նաև բալետով։ Ու նրա մոտ ամեն բան այնքան լավ էր ստացվում, որ նշանավոր բալետմեյստեր Մորիս Բեժարը Վան Դամին անգամ տեղ էր առաջարկել իր թատերախմբում։ Բայց Ժան-Կլոդն արդեն երազում էր Հոլիվուդի մասին ու կարծում էր, որ բալետը թողնելու ժամանակն է։
18 տարեկանում նա ստացավ սև գոտի ու դարձավ Բելգիայի մարմնամարզության մրցույթներում «Միստր Բելգիա»։ Վան Դամը միշտ ընդգծում է, որ կարատեն փոխել է նրան և ֆիզիկապես, և հոգեպես։ Հենց կարատեով զբաղվելու ընթացքում է ձևավորվել կինոաստղ դառնալու նպատակը, իսկ մարտական հմտությունների և բալետի պարողի անսովոր համադրությունն արդյունքում նրան օգնել է առանձնանալ Հոլիվուդի այլ դերասանների ֆոնին։
Արդյունքում մարտարվեստում նրա հաջողություններն իսկապես գրավեցին կինոարդյունաբերության ներկայացուցիչների ուշադրությունը։ Դերասանական կարիերայի համար սպորտը թողնելու որոշումը Վան Դամին հեշտ է տրվում։ Սա հենց այն ճանապարհն էր, որն ինքը պատկերացնում էր։
1980-ականների սկզբին Վան Դամն ընկերոջ՝ Միշել Կիսիի հետ տեղափոխվեց ԱՄՆ՝ վերցնելով իր հետ 3000 դոլար և գրեթե չիմանալով անգլերեն։ Նրանց նպատակը պարզ էր՝ նվաճել Հոլիվուդը։ Բայց, չնայած այս վճռականությանը, իրականությունն ավելի ծանր էր, քան ենթադրում էր։ Վան Դամի գումարը սպառվում է, ստիպված է լինում մեքենայում ապրել, սկսում է փոքր, էպիզոդիկ դերերից, բայց մեծ հաջողությունը դեռ հեռու էր թվում։
Ի վերջո, 1986 թվականին Վան Դամը ստացավ իր առաջին նշանակալի դերը։ Նա Իվան Կռուշենսկին էր՝ «Չնահանջե՜լ, չհանձնվե՜լ» ֆիլմում։ Արդեն մեկ տարի անց Վան Դամը մեկը մյուսի հետևից ստանում էր իր կարիերայի ամենակարևոր դերերը։ 1988-ին էկրան բարձրացավ «Արյունալի սպորտը»։ Ֆրենք Դյուքսի դերը նրան բերեց վաղուց սպասված ճանաչում և դարձրեց էքշն ֆիլմերի աստղ։ Վան Դամին վերջապես հաջողվեց նվաճել հանդիսատեսի սիրտն իր վարպետությամբ և խարիզմայով։
«Սև արծիվը» (1988) ամրապնդեց Վան Դամի՝ էքշն ֆիլմերի հերոսի դերը։ Մեկ տարի անց մեծ էկրան բարձրացան «Կիբորգը» և «Քիքբռնցքամարտիկը»։ Ընդամենը 3 միլիոն դոլար բյուջեով նկարահանված «Քիքբռնցքամարտիկը» ֆիլմը հավաքեց ավելի քան $50 մլն։
90-ականների սկիզբն ամրապնդեց նրա համբավը «Մահվան դատավճիռ» և «Կրկնակի հարված» ֆիլմերի միջոցով։ Իսկ ամենատպավորիչ հաջողություններից մեկը դարձավ Ռոլանդ Էմերիխի նկարահանած «Ունիվերսալ զինվորը» (1992)։ Այս ֆիլմը վերջնականապես Վան Դամին դարձրեց միջազգային ճանաչման աստղ։
Հաջորդող մեկ տասնամյակը Վան Դամի համար փառքը վայելելու և նոր ֆիլմեր նկարահանելու շրջան էր։ Բայց 2000-ականներից սկսած նա իր դիրքերը «բնականորեն» զիջեց երիտասարդներին։ Վան Դամի վերջին մեծ հաջողության հասած ֆիլմը 2008-ին նկարահանած «Ժ.Կ.Վ.Դ.»-ն է: Այս ֆիլմում Վան Դամը խաղաց ինքն իրեն, անկեղծորեն ցույց տվեց իր պայքարը կախվածության և անձնական անհաջողությունների դեմ։ Վեց րոպեանոց մենախոսությունը, որը նա ասում է՝ նայելով ուղիղ տեսախցիկին, բարձր գնահատականի արժանացավ, շատերը սա անվանեցին նրա լավագույն դերասանական աշխատանքը։
64-ամյա դերասանը, կարծես, որոշել էր անցնել վաստակած հանգստի, բայց անցյալի պատմությունները խառնում են բոլոր խաղաքարտերը։ Թեև դերասանի ներկայացուցիչը մեղադրանքներն անվանում է «անհեթեթ և անհիմն», հետաքննությունը դեռ շարունակվում է։ Այս պահին խիստ անկանխատեսելի է, թե ինչպես կզարգանա դատական գործընթացը, և արդյոք կան Վան Դամին դեպքին կապվող փաստական ապացույցներ։ Ամեն դեպքում՝ բելգիացի տղայի հոլիվուդյան հաջողության հեքիաթը կարող է բոլորովին այլ ավարտ ստանալ։ Ժամանակը ցույց կտա։