Կռվախնձոր արևածաղիկները, փրկիչ ծխամորճն ու ծաղկող գարուն՝ հիվանդանոցի պատուհանից. Մեզ անծանոթ Վան Գոգը
Արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր դեմքերից, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից, ընդամենը տասը տարում արվեստի մոտ 2100 գործի հեղինակ, ու այս շարքը երկար կարելի է շարունակել։ Վինսենթ վան Գոգն իսկապես բացառիկ տաղանդ էր, որը, ինչպես սովորաբար լինում է, գնահատվեց մահից հետո։
Բայց այս պատմությունը Վան Գոգի թողած բացառիկ ժառանգության, ականջը կտրելու կամ էլ ամենահայտնի կտավների մասին չէ։ Փոխարենն այստեղ հավաքված է «մեզ անծանոթ» Վան Գոգի մասին մի քանի պատմություն, որոնք պատմում են, թե ինչ տեսակի մարդ էր արտիստը, ինչ մտահոգություններ, թուլություններ ու վախեր ուներ։ Հետևաբար նաև անուղղակիորեն պատմում են նրա ստեղծագործական ժառանգության մասին։
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆ ՈՒ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՈԳԵՇՆՉՈՒՄԸ
Վան Գոգն իր կյանքում բարդ փոխհարաբերություններ ուներ շատերի հետ և անգամ ինքն իր հետ, բայց գրեթե միշտ ներդաշնակ էր բնությանը։ Իր պատկերած բնանկարներում գունային ու պատկերային ներդաշնակություն փոխլրացնում են իրար ու մի եթերային ստեղծագործություն դառնում։ Թվում է, թե այդ կտավները պատկերողի հոգում էլ նույն ներդաշնակ ու խաղաղ գույներն են։ Բայց իրականում ամեն բան ճիշտ հակառակն էր։
1889 թվականին արված իր 4 ամենահայտնի բնապատկերները Վան Գոգը ստեղծել է ականջը կտրելուց կարճ ժամանակ անց ու հոգեբանական չափազանց ծանր վիճակում։ Ապրիլյան լավատեսական կտավներն ու գարնան ծաղկումը նկարիչը պատկերում էր, երբ հոգում մեռնող ծաղիկներ էին։
Նա սիրում էր բնությունը, հետևաբար զարմանալի չէ, որ հենց այնտեղ էր իրեն խորապես ոգեշնչված զգում։ Երբ 1888 թվականին՝ Սուրբ Ծնունդից առաջ Վան Գոգը հոգեբանական ծայրահեղ իրավիճակում կտրեց սեփական ականջը, երևի ոչ ոք հույս չուներ, որ նա կկարողանա հաղթահարել այդ մարտահրավերը։ Բայց արդեն հաջորդող շաբաթներին Վան Գոգն առիթներ էր փնտրում հիվանդանոցից դուրս գալու և նկարելու համար։ Արվեստը նրան կամք էր տալիս՝ փորձելու վերականգնվել, իսկ բնությունը՝ ոգեշնչում, որպեսզի զբաղվի իր արվեստով։
1889 թվականի մարտի 24-ին Վինսենթը եղբորը՝ Թեոյին ուղարկած հերթական նամակում գրում էր.
«Կարճ ժամանակ անց ես կարող եմ կրկին նկարել այգիներում։ Ախ, իհարկե, եթե ինձ հետ կրկին ինչ-որ բան չպատահի»։
Նա Թեոյին խնդրել էր իրեն ներկի 11 տուփ ուղարկել, ինչը կրկին վկայում է ստեղծագործելու նրա վճռականության մասին։
Այս կտավում օրինակ գերակշռում է կանաչը, ազդեցիկ է յասամանագույնը, բայց նշմարվում է նաև մոխրագույնը։ Ենթադրաբար, Վան Գոգն այնքան էր ուզում դուրս գալ հիվանդանոցից ու նկարել, որ անձրևոտ օրվա ընթացքում շտապ դուրս է եկել հիվանդանոցից ու սկսել նկարել, քանի դեռ անձրևային կարճատև ընդմիջում կար։
Վան Գոգի վրա իրապես մեծ էր նաև ճապոնական ոգեշնչումը, այդ թվում՝ Ճապոնիայում ծառերի ծաղկման շրջանը։ Այս կտավում օրինակ պատկերը շատ ավելի «մեղմ» է՝ հիմնականում պաստելային երանգներով։ Այն հիմնականում կազմված է կարճ, զուգահեռ վրձնահարվածներից։ Ընկերներից մեկին այս կտավը ներկայացնելիս Վան Գոգը հենց ինքն է համեմատականներ անցկացրել ճապոնական դաշտերի ու լեռների հետ։
«ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՍՈՒՐՃԸ
Պարզվում է, օրը «փրկելու» համար միայն հայերը չէ, որ պետք է առնվազն մի քանի բաժակ սուրճ խմեն օրվա ընթացքում։ Վան Գոգը հավատացած էր, որ սուրճ խմելն իսկապես նպաստում է իր աշխատանքին։ Ու անգամ նատյուրմորտներ ունի, որտեղ պատկերված է Դեղին տան առօրյան՝ սուրճի կաթսա, կաթի սափոր, սուրճի բաժակներ։
Արդեն ավելի մանրամասն հետազոտությունից հետո իմանում ենք, որ սուրճի նշանավոր այդ կաթսան նկարիչը գնել էր նատյուրմորտն անելուց ընդամենը օրեր առաջ՝ Առլում գտնվող իր Դեղին տան խոհանոցը կահավորելու ընթացքում։ Այս կտավը ստեղծվել է երկու օրում, երբ դրսում անձրև էր գալիս ու Վինսենթը պետք է տանը մնար։
Տարիներ շարունակ ընդհանուր կացարանում կամ համեստ պայմաններով վարձակալած սենյակներում ապրելուց հետո Դեղին տունը Վան Գոգի համար իրական երազանքի իրականացում էր։ Հետևաբար նաև, ոգևորված էր ամենափոքր գնումներով։ Թեոյին գրում էր.
«Գնել եմ այն, ինչն ինձ անհրաժեշտ է տանը սուրճ ու ապուր պատրաստելու համար, նաև երկու աթոռ և սեղան»։
Իսկ այս կտավն ավարտելուց մեկ ամիս անց քրոջը գրում է, որ մեծ քանակությամբ սուրճ է խմում և վայելում դրա «երջանկացնող էֆեկտը»։ Իսկ երբ սուրճին կոնյակ ու ծխամորճ էր միանում, ապա կարելի էր մի քանի րոպեով հանգիստ մոռանալ բոլոր խնդիրների մասին։ Իսկ մի առիթով էլ նկարիչ ընկերներից մեկին խորհուրդ էր տվել շատ սուրճ խմել ու ասել էր, որ «լավ նկարելու համար մարդ պետք է խաղաղությամբ խմի իր սուրճն ու ծխի ծխամորճը»։
ԾԽԱՄՈՐՃԻ ԹԵՐԱՊԻԱ
Ծխամորճն առանձին անդրադարձի էլ է արժանի։ Մեզ հասած նամակներից ենք իմանում, որշ Վան Գոգը նեղ շրջապատում պատմում էր, թե որքան շատ է ծխելն իրեն օգնում։ Ծխում էր, պարկում անկողնում ու մտքում ստեղծագործում իր հաջորդ կտավը։ Անգամ ասում էր.
«Ամենաազդեցիկ կտավներն այն կտավներն են, որոնց մասին մարդը մտածում ու պատկերացնում է անկողնում ծխամորճ ծխելիս»։
«Լավ գործ անելու համար մարդը պետք է լավ սնվի, հարմար տեղավորվի, ծխամորճ ծխի ու սուրճ խմի»։
Վան Գոգին մանրամասնորեն ուսումնասիրած արվեստաբաններից մեկը պնդում է, որ Վինսենթի համար ծխելն, այսպես ասած, կենսական նշանակություն ուներ։ Դա կարծես մի տեսակ մխիթարության աղբյուր լիներ իր առջև դրված բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելիս։ Իհարկե, մենք ակնհայտորեն չենք առաջարկում մեր ընթերցողներին հետևել Վան Գոգի օրինակին։
Եղբորն ուղարկած ամենավաղ նամակներից մեկում 19-ամյա Վինսենթը գրում էր.
«Թեո, նորից պետք է խորհուրդ տամ, որ սկսես ծխամորճ ծխել։ Դա միանգամից օգնում է, երբ վատ տրամադրություն ես ունենում։ Ծխամորճն իմ հին, վստահելի ընկերն է, կարծում եմ՝ մենք այլևս երբեք չենք բաժանվի»։
Վան Գոգի վարձակալած սենյակների տերերը հաճախ էին բողոքում ծխախոտի հոտից։ Նկարիչն էլ նրանց անուշաբույր մանուշակներ էր նվիրում՝ ի նշան ներողության։ Իսկ ֆինանսական ծանր վիճակում անգամ սուղ միջոցները բաժանվում էին այնպես, որ ծխամորճին անպայման գումար հատկացվի։ Առողջական խնդիրների պատճառով ծխախոտից հրաժարվելն անգամ քննարկման ենթակա չէր։ 1889-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Վան Գոգը քրոջը գրում է.
«Ամեն օր ընդունում եմ այն դեղամիջոցը, որն անզուգական Չարլզ Դիքենսը նշանակել է ինքնասպանության դեմ։ Այն բաղկացած է մի բաժակ գինուց, մի կտոր հաց ու պանրից և ծխամորճից»։
Ի՞ՆՉ ՀՄԱՅՔ ՈՒՆԵՆ ԿԱՐՏՈՖԻԼՆԵՐԸ
Համաձայնեք, որ ամեն նկարիչ չէ, որ կընտրեր կարտոֆիլի պատկերումը՝ որպես նատյուրմորտի թեմա։ Մրգերի նատյուրմորտներն անթիվ ու անհամար են՝ վառ գույներով, տարբեր ձևաչափերով, բայց կարտոֆիլն իր «ձանձրալի» տեսքով ու մակերեսի թերություններով, սովորաբար ստեղծագործական առումով մեծ հետաքրքրություն չի առաջացնում։
Վան Գոգն իր եղբոր խոհանոցից մի անգամ մի ամբողջ կաթսա կարտոֆիլ է վերցնում ու ստեղծում իր ամենայուրօրինակ նատյուրմորտներից մեկը։ Վան Գոգի համար կարտոֆիլը գրավիչ էր, որովհետը նա այն նույնացնում էր պարզ գյուղական կյանքի հետ։ 1885 թվականի ապրիլին Վինսենթը եղբորը գրում է.
«Եթե գյուղական կտավից ծխի կամ կարտոֆիլի գոլորշու հոտ է գալիս, ապա դա միանգամայն նորմալ է, եթե ախոռից գոմաղբի հոտ է գալիս, դա ևս նորմալ է։ Ախր ախոռը հենց դրա համար է»։
Մեկ այլ կարտոֆիլային նատյուրմորտ էլ ստեղծվեց, երբ Վինսենթը ենթադրաբար ցանկանում էր նատյուրմորտ նկարել, բայց ձմռանը ծաղիկներ չկային ու տանը մրգեր էլ չկային։ Ուստի նա պարզապես գնում է խոհանոց, վերցնում կարտոֆիլներով լի կաթսան ու ստանում իր ուզած պատկերը։
Ավելի ուշ իր նամակներում Վինսենթը գրում էր, որ իր համար չափազանց կարևոր է արտահայտիչ կերպով ներկայացնել «նյութը»։ Նա ցանկանում էր, որ պատկերված կարտոֆիլները մի տեսակ իրական թվային, քաշ ունենային ու այնքան հստակ լինեին, որ տպավորություն ստեղծվեր, թե քիչ հետո ինչ-որ մեկն այն կնետի դիտողի ուղղությամբ։
Եվ թող ձեզ չթվա, թե դրամաներ միայն Սպիտակ տանը կարող են կատարվել։ Դեռ 1880-ականների Ֆրանսիայում մի փոքրի Դեղին տուն կար, որտեղ Վան Գոգը նկարում էր արևածաղիկներ, ապրում ընկերոջ՝ Պոլ Գոգենի հետ, իսկ հետո մի օր հենց նույն տանը կտրեց իր ականջը։
Պոլ Գոգենի հետ հարաբերությունները իսկապես չափազանց բարդ են եղել, անգամ մինչև օրս էլ մինչև վերջ չբացահայտված ու չընկալված։ Սկզբում Վան Գոգը Գոգենի արվեստով էր հիանում, հետո նրանք դարձան ընկեր-գործընկերներ, հետո առեղծվածային պայմաններում ու ամբողջությամբ չբացահայտված կռիվների պատճառով դարձան օտարներ։ Նկարիչները մեկ հարկի տակ ապրեցին ուղիղ 9 շաբաթ։ Հետո Վան Գոգը կտրեց ականջը, Գոգենն էլ լքեց Դեղին տունը։
Բայց այսքանով դրաման չի ավարտվում։ Մահից ընդամենը ամիսներ առաջ Պոլ Գոգենը որոշեց մի ցնցող հայտարարություն անել։ Ասաց, թե Վան Գոգի ամենահայտնի կտավներից մեկը՝ «Արևածաղիկները», ստեղծվել են հենց իր հորդորով ու խորհուրդներով։ Ավելին՝ ինքն է եղել կտավի ոգեշնչման աղբյուրը։
Բայց երկար ժամանակ պետք չէր, որպեսզի արվեստաբանները հստակ փաստերով ապացուցեին, որ Վան Գոգն իր ամենահայտնի կտավը նկարել է Գոգենի՝ Դեղին տուն ժամանելուց դեռ երկու ամիս առաջ։ Ավելին, երբ Գոգենը տեղափոխվել է Դեղին տուն, «Արևածաղիկներն» արդեն կախված էին նրա սենյակում՝ մահճակալի գլխավերևում։
Ի դեպ, տարիներ անց, օրինակ՝ 1901 թվականն, Գոգենը նկարել է իր «սեփական» արևածաղիկները։ Ու եթե կար ժամանակ, երբ մարդիկ մտածում էին, որ դա հարգանքի տուրք է իր ընկեր Վինսենթին, ապա կարճ ժամանակ անց ավելի մեծ տարածում գտավ այն վարկածը, որ նա փորձում էր յուրացնել իր գործընկերոջ արդեն հայտնի ու հաջողված մոտիվը, ինչպես նաև վիզուալ վստահություն ավելացնել այն պնդումներին, թե հենց ինքն է եղել Վան Գոգի կտավի ոգեշնչումը։
Վան Գոգը ոգեշնչում կարող էր գտնել ամենուր՝ բնությունից մինչև կեցաղային իրեր, ծխամորճից մինչև կարտոֆիլ, Ճապոնիայից մինչև գարնան զարթոնք։ Գլխավորն այն է, որ այդ ոգեշնչումների արդյունքում ստեղծվում էին կտավներ, որոնք փոխեցին կերպարվեստի մասին կարծրացած բազմաթիվ ընկալումներ ու անցան ժամանակի և տարածության բոլոր փորձությունները։