#մշակութաPAN
May 1

Կլոդ Դեբյուսին, «Տեր, ողորմեա»-ն ու Կոմիտասի վերջին գիշերը. «Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը»

«Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա…Սիրտս փլած է...»

Այս խոսքերի ու մեր օրերի միջև բոլոր համընկնումները պատահական են։ Սա հատված է Կոմիտաս Վարդապետի վերջին գրությունից։ Ցավի, հուսահատության ու անկարողության ճիչ է, որ հնչեց հայոց ցեղասպանությունից հետո այդպես էլ չբժշկվեց։

Կոմիտասը վերհանեց հայկական երաժշտության ամբողջ խորությունը, վերականգնեց մաքուր, առանց օտարածին էլեմենտների հնչեղությունը, եզակի ներդրում ունեցավ հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության վերծանման, վերականգնման ու պահպանման գործում։

Բայց Վարդապետի անունը հաճախ կապվում է իր ողբերգական ճակատագրի ու ցեղասպանության հետ։ Իրականում` ի՞նչ ազդեցություն ունեցավ ցեղասպանությունը Վարդապետի կյանքի ու ճակատագրի վրա և ի՞նչ ուղերձ նա մեզ ժառանգեց։

«Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ աներևույթ և անզուսպ ալիքներ հախուրն կհուզեն ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած։ Մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա։ Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն... Ու՞ր է մեր խոհական Խորենացին, թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը…»

Կոմիտասին որքան ցավեցնում էին ավերված հայրենիքն ու կորսված ճակատագրերը, նույնքան բարկացնում էին անտարբերությունը, օտարամոլությունն ու «ցեխոտ սրտերը»։ Նա տեսել էր այն, ինչ միլիոնավոր հայեր էին տեսել, բայց չէին վերապրել ցեղասպանությունը։

Պոլսահայ բազմաթիվ մտավորականների հետ Կոմիտասին էլ ձերբակալեցին և աքսորեցին Չանղըրը ապրիլի 23-ի գիշերը։ Մտավորականների գազանաբարո բնաջնջումը ուղերձ էր հայերին ու աշխարհին. Չկա ժողովրդի ուղեղը՝ չկա ժողովուրդը։ Մղձավանջ դարձած օրերից հետո Կոմիտասն ու ևս մի քանի մտավորական եվրոպական և ամերիկյան դեսպանների ջանքերով ջանքերով փրկվեցին։ Բայց խոսքը միայն ֆիզիկական «փրկության» մասին էր, որովհետև իր տեսածի ու ապրածի հետ Կոմիտասն այդպես էլ չկարողացավ լիարժեք ապրել։

Աքսորի ճանապարհին Կոմիտասի և մյուս մտավորականների մասին պատմող բազմաթիվ պատմություններ կան։ Անշուշտ, ոչ բոլոր պատմություններն են արժանահավատ, բայց առաջարկում ենք դիտարկել դրանցից մի քանիսը։

Առաջին հարվածը Կոմիտասը ստացավ այն ժամանակ, երբ իր երգով փորձում էր մյուսներին հասկացնել գալիք արհավիրքի մասին։ Նրա երգն ընդհատվեց ոստիկանի հարվածով։ Հարվածն անսպասելի էր ու ուժգին։ Կոմիտասը գունատվեց և չկարողացավ շարժվել։

Մեկ այլ դրվագում դիակների և սեփական մահվան մտքի հետ համակերպված ողջերի միջով անցնելիս Վարդապետն ականատես է լինում մեզ հասած սարսափելի պատմություններից մեկին։ Թուրք ոստիկանը անմարդկային դաժանությամբ պատռում է երկունքի ցավով տառապող կնոջ փորը և մեկ հարվածով սպանում նորածնին։

Մեկ այլ դեպք, որի մասին պատմում են որոշ աղբյուրներ՝ հենց աքսորավայրից է։ Մտավորականները ողբերգական այդ պայմաններում Կոմիտասին խնդրում են «Տեր, ողորմեա»-ն երգել։ Վարդապետը երգում է, իսկ մյուսները հառաչանքով ու հեծկլտոցով լսում են։ Սրան Կոմիտասի արձագանքը հիստերիկ ու անկառավարելի ծիծաղն է լինում։ Ընկերները նրան չէին կարողանում հանգստացնել, Վարդապետի հոգում ու մտքում ամեն բան խառնվել էր։

Պակաս ծանր չեն արդեն աքսորից ու սպանությունից փրկված Կոմիտասի պատմությունները։ Նրա աշակերտուհի Աղավնի Մեսրոպյանն է հիշում.

«Մենք Քեչյանների տանն էինք, երբ ականատես եղանք մի սրտաճմլիկ տեսարանի։ Կոմիտասը, չխնամված տեսքով, կանգնած էր մուտքի մոտ և շրջապատված էր աքսորվածների ընտանիքների անդամներով, որոնք ցանկանում էին իրենց հարազատներից տեղեկություններ իմանալ»։

Այս մարդկանց բազմաթիվ խնդրանքներին Կոմիտասը նախ այսպես է պատասխանել.

«Նրանք էլ կվերադառնան։ Մի՛ հապաղեք, նամակներ ու հեռագրեր գրեք նրանց, եղեք սրտակից կանայք ու մայրեր...»։

Ապա նետվել է Քեչյանի մահճակալի վրա ու, խեղդվելով արցունքների մեջ՝ ավելացրել.

«Ա՜խ, ինչպե՞ս չստեմ, ինչպե՞ս չխաբեմ մեր այրիացած քույրերին։ Ոչ ոք չի տեսել մեր ազգային ողբերգության վերքերը... Այդ ապրումները մեզ կխելագարեցնեն»։

Հենց այսպես էլ Կոմիտասը մեկուսացավ արտաքին աշխարհից, պարփակվեց իր մտքերի մեջ և արդեն 1916-ին Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Հոգեկան անդորրը կորցրած Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհն ամբողջովին փոթորկված էր, և սա անհետևանք մնալ չէր կարող։

Կոմիտասի կյանքի վերջին շրջանի մասին տեղեկություններն իրարամերժ են։ Ամենատարածված վարկածով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը: Կյանքի վերջին տարիներն էլ անցնում են Փարիզի բուժական հաստատություններում։

Ֆրանսահայ հոգեբան Լուիզ Ֆով Հովհաննիսյանը և կանադահայ հոգեբույժ Ռիթա Սուլահյան Գույումճյանն էլ իրենց աշխատություններում այլ փաստեր են առաջ բերում։ Նրանք Փարիզի հոգեբուժարանի արխիվներում Կոմիտասի գործն ուսումնասիրելուց հետո գրում են փաստեր, որոնցից կարելի է ենթադրել, որ Կոմիտասի հոգեկան սթափությունն ամբողջությամբ չէր վերացել։ Այս մասին խոսելիս Արծվի Բախչինյանը մեջբերում է 1920 թվականին Պոլսում լույս տեսած «Ճակատամարտ» թերթից մի հատված.

«Վարդապետը վերջին օրերս ոչ միայն կերգէ ու կը նվագե, այլև սկսած է գրել հիշատակներ, ձայնագրել երգեր»:

Գուցե շատերը հենց այսպիսին են պատկերացնում Կոմիտասին ու նրա կերպարն առաջին հերթին հենց Ցեղասպանության հետ է ասոցացվում։ Բայց իրականում հուշագրությունները լրիվ այլ Կոմիտասի մասին են պատմում։ Վարդապետին ճանաչողները նրան բնութագրում էին որպես սրամիտ, կատակասեր ու դրական մի մարդ, որի հետ ժամանակը ուրախ էր անցնում թե՛ խնջույքի, թե՛ աշխատանքի ժամանակ։

Նրա մեծ վաստակի ու անսահման տաղանդի մասին գիտեին թե՛ հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Փարիզում Կոմիտասի համերգից հետո Կլոդ Դեբյուսին հայտարարեց, որ միայն մեկ երգի շնորհիվ նրան կարելի է մեծ կոմպոզիտոր անվանել, չնայած նրա անունը շատերը չգիտեն։

Վարդապետի ժառանգության կարևոր մաս են կազմում նրա նամակները, ու այդ նամակներից կարելի է ենթադրել, որ միշտ չէ, որ Կոմիտասին ու նրա կատարած աշխատանքը գնահատել են արժանի կերպով։ Օրինակ, 1906 թվականին Մարգարիտ Բաբայանին ուղղված իր նամակում Կոմիտասը գրում է.

«…Միևնոյն ժամանակ, աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում։ Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ»։

Բայց ժամանակն ամեն բան իր տեղը դրեց և Վարդապետին իրեն արժանին մատուցեց։ Հայ մեծերի համար Կոմիտասը մեծություն էր, հայ ժողովրդի համար՝ ևս։ Ավետիք Իսահակյանն ասում էր՝ որտեղ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը։

«Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը: Կոմիտասը համազգային մեծություն է: Նրա երգերով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց»։

Նրա ժառանգությունը արժևորող կոմպոզիտորների համար ևս Կոմիտասը անհամեմատելի արժեք էր։ Առնո Բաբաջանյանի խոսքերը՝

«Ես Կոմիտասին համարում եմ հայկական երաժշտության հավերժական խորհրդանիշ, իսկ նրա ստեղծագործությունը` մեծագույն օրինակ և աղբյուր, որից ներշնչանք կստանան հետագա հայ բոլոր կոմպոզիտորները: Ինձ հատկապես հոգեհարազատ է լակոնիկությունը, պարզությունը, պարկեշտությունը երաժշտության մեջ և երաժշտական միջոցների խնայումը»:

Իսկ Արամ Խաչատրյանն ասում էր, որ Կոմիտասը մեր ազգային երաժշտական դպրոցի հիմքն է։

«Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը: Ամեն մի հայ կոմպոզիտոր պետք է իմանա Կոմիտասի ստեղծագործությունները, պետք է խորհի դրանց մասին: Ես միշտ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ»։

The Guardian պարբերականը մի առիթով գրել էր, որ երաժշտությունը հայերի համար հիշողություն է, իսկ երբ հավաքվում են հարգելու անմեղ զոհերի հիշատակը, ապա մշտապես Կոմիտաս Վարդապետի երգերն են հնչում։ Իսկ իրականում Կոմիտասը մեր կյանքի բոլոր դրվագներում է, որովհետև նրա երաժշտության մեջ մենք ենք՝ ամենամաքուր ու անբիծ դետալներով։


✍️ Նանե Մանուկյան / PAN