Վենետիկի բիենալե. Պատմությունը՝ թագավորական հոբելյանից մինչև ժամանակակից արվեստի գլխավոր իրադարձություն
Յուրաքանչյուր երկու տարին մեկ ռոմանտիկ Վենետիկը փոխում է իր սովորական ռիթմը։ Նեղլիկ փողոցների, զբոսաշրջային անդադար հոսքի ու արվեստագետներին ոգեշնչող փոքրիկ կամուրջների քաղաքը վերածվում է ժամանակակից արվեստի, մեծ գաղափարների ու մշակութային բազմաշերտ ներկայության տարածքի։ Արվեստասերների ու արվեստագետների համար սպասված իրադարձությունն, անշուշտ, Վենետիկի բիենալեն է՝ աշխարհի ամենահեղինակավոր, երկարակյաց և ամենամեծ ազդեցությունն ունեցող ժամանակակից արվեստի ցուցահանդեսներից մեկը։
Այն հաճախ անվանում են «արվեստի աշխարհի Օլիմպիական խաղեր»։ Ու այս համեմատությունը պատահական չէ։ Ինչպես Օլիմպիական խաղերում, այստեղ ևս երկրները ներկայանում են իրենց պատմություններով, իրենց ընտրած ներկայացուցիչներով, մշակութային երկխոսության մեջ իրենց ուրույն ասելիքով։ Բայց ի տարբերություն սպորտի՝ այստեղ հաղթանակը միշտ չէ, որ չափվում է միավորներով կամ էլ ոսկե մեդալով։ Ավելի հիշարժան, տպավորիչ ու «հաղթանակած» են այն տաղավարները, որոնք մնում են հիշողության մեջ, ստիպում կանգ առնել, մտածել, վերադառնալ։
Այս տարի Վենետիկի բիենալեն վերադարձել է 61-րդ անգամ։ Այն անցկացվում է մայիսի 9-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը՝ In Minor Keys խորագրի ներքո։ Մինորային տոնայնություններն ավելի նուրբ, զուսպ, ոչ բարձրագոչ մշակութային ձայների մասին են։ Այս տարվա գլխավոր ցուցադրության գաղափարը մշակել էր Կամերունում ծնված հայտնի կուրատոր Կոյո Կուոհը՝ աֆրիկյան ժամանակակից արվեստի կարևորագույն ցուցադրությունների հեղինակներից մեկը։ Ցավոք, նա մահացավ 2025-ի մայիսին, երբ ցուցահանդեսի խորագիրը դեռևս պաշտոնապես չէր հայտարարվել։ Կազմակերպիչները, ամեն դեպքում, որոշեցին չչեղարկել այս մտահաղացումը։
Վենետիկի բիենալեն շատ ավելին է, քան ցուցահանդեսը։ Այն մի ամբողջ էկոհամակարգ է, որ բաղկացած է մի քանի շերտից։ Առաջինը կենտրոնական ցուցադրությունն է, որը կազմակերպում է տվյալ տարվա գեղարվեստական ղեկավարը։ Երկրորդն ազգային տաղավարներն են՝ տասնյակ երկրներ մեկ կամ մի քանի արվեստագետի աշխատանքներ են ներկայացնում, այդպիսով նաև երկարացնելով իրենց երկիրը։ Երրորդ շերտը պաշտոնապես հաստատված, բայց անկախ միջոցառումներն են՝ Collateral Events կոչվող ցուցադրությունները։
Ու այս ամենի կողքին կա նաև «ոչ պաշտոնական» Վենետիկը՝ ցուցադրություններ թանգարաններում, հիմնադրամներում, պատկերասրահներում, արվեստագետների նախաձեռնությամբ կազմակերպվող նախագծեր, քննարկումներ, ցուցադրություններ, պերֆորմանսներ, կինոդիտումներ, ընթրիքներ, երեկույթներ։ Բիենալեի օրերին արվեստն օդում է։
Այժմ մի փոքր պատմական ակնարկ անենք։ 1868 թվականի ապրիլի 21-ին Իտալիայի թագավոր Ումբերտո I-ը ամուսնանում է Մարգարիտա Սավոյացու հետ։ Գրեթե 25 տարի անց՝ 1893 թվականի ապրիլի 19-ին, Վենետիկի քաղաքային խորհուրդը որոշում է նրանց արծաթե հոբելյանի առիթով հիմնել ազգային արվեստի ցուցահանդես և որբանոց։ Գաղափարի վրա ազդել էին 18-րդ դարից Եվրոպայում տարածված մեծածավալ արվեստի ցուցահանդեսները և առևտրային-մշակութային էքսպոզիցիաները։ Սակայն անմիջական ոգեշնչումը Վենետիկում 1887-ին անցկացված ազգային արվեստի ցուցահանդեսն էր։
Առաջին բիենալեն բացվեց 1895 թվականի ապրիլի 30-ին՝ թագավոր Ումբերտո I-ի և թագուհի Մարգարիտայի ներկայությամբ։ Ցուցադրված էր 516 աշխատանք, որոնցից 188-ը իտալացի արվեստագետների գործեր էին, մնացածը՝ օտարերկրյա մասնակիցների։ Իտալիայից բացի ներկայացված էին ևս 14 երկրների արվեստագետներ, իսկ որոշ գործեր նախապես ներկայացվել և հաստատվել էին ժյուրիի կողմից։ Առաջին ցուցահանդեսը մոտ 225 հազար այցելու ունեցավ։
Բայց բիենալեի «երկու տարին մեկ» տրամաբանությունը միշտ չի, որ պահպանվել է։ Ինչպես ասացինք՝ առաջին բիենալեն 1895-ին էր՝ կենտ տարում, բայց 1910-ից ցուցադրությունը տեղափոխվել է զույգ տարիների վրա։ Իրականում գաղափարական որևէ հատուկ պատճառ չկար։ Պատճառը խիստ տեխնիկական էր։ 1911-ին Հռոմում Իտալիայի միավորման 50-ամյակի առթիվ մեծ ցուցահանդես էր նախատեսվում և Վենետիկը չէր ուզում, որ իր գլխավոր իրադարձությունը համընկներ այդ ցուցահանդեսի հետ։ Հետագայում ժամանակացույցը մի քանի անգամ խախտվեց պատերազմների և պատմական ճգնաժամերի պատճառով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1916 և 1918 թվականների ցուցահանդեսները չեղարկվեցին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ևս ընդհատեց բիենալեի ընթացքը․ 1944 և 1946 թվականների արվեստի ցուցահանդեսները չկայացան։ 1974-ին տեղի ունեցան առնչվող մշակութային միջոցառումներ, բայց պաշտոնական ցուցադրություն չեղավ։ Համարակալումը վերսկսվեց 1976-ին՝ 37-րդ թողարկմամբ։ Ավելի ուշ, 1990-ի բիենալեից հետո 3 տարվա դադար եղավ, որպեսզի հարյուրամյակի ցուցադրությունը հնարավոր լիներ նշել 1995-ին։ Դե, իսկ 2021-ի ցուցահանդեսը COVID-19 համավարակի պատճառով տեղափոխվեց 2022 թվական։
Վստահաբար կարելի է պնդել, որ Վենետիկի բիենալեի պատմությունն ինչ-որ առումով նաև ազգային տաղավարների պատմություն է։ Սկզբում այն ավելի շատ ընդհանուր միջազգային ցուցահանդես էր, բայց 20-րդ դարի առաջին տասնամյակներից երկրները սկսեցին սեփական տաղավարներով ներկայանալ։ Առաջինը Բելգիան էր՝ 1907-ին։ 1909-ին միացան Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հունգարիան։ Միացյալ Նահանգները իր տաղավարով հանդես եկավ 1930-ին՝ դառնալով 9-րդ ազգային տաղավար ունեցող երկիրը։ Այսօր 30 մշտական ազգային տաղավար կա, այդ թվում Կենտրոնական տաղավարը, որը կառուցվել է 1894-ին և հետագայում մի քանի անգամ վերակառուցվել ու ընդարձակվել է։
Ազգային տաղավարների համակարգը բիենալեին առանձնահատուկ կառուցվածք է հաղորդում։ Յուրաքանչյուր երկիր ինքն է պատասխանատու իր տաղավարի ծախսերի, պահպանման, ծրագրի և ներկայացուցչության համար։ Որոշ տաղավարներ ստեղծվում են մշակույթի նախարարությունների կամ պետական մարմինների միջոցներով, որոշ դեպքերում մեծ դեր են խաղում մասնավոր ֆոնդերը, հովանավորները, հիմնադրամները։
Մշտական տաղավարների բաշխումը պատմականորեն ձևավորվել է ոչ միայն գեղարվեստական, այլև քաղաքական տրամաբանությամբ։ Այն մեծապես պայմանավորված է եղել 1930-ականների միջազգային իրավիճակով և հետագայում՝ Սառը պատերազմի տարիներով։ Այդ պատճառով բիենալեի քարտեզը որոշ առումով նաև մշակութային ուժերի, պատմական ներկայության և քաղաքական տեսանելիության քարտեզ է։
2026-ի բիենալեն այս առումով հատկապես մեծ մասշտաբ ունի։ 61-րդ թողարկմանը մասնակցում է 100 երկիր, ինչը 16 տոկոսով ավելին է 2024-ի 86 երկրների համեմատ։ Մասնակցող երկրների աշխարհագրությունը լայն է․ գրեթե կեսը Եվրոպայից է, մոտ 20-ը՝ Ասիայից, 13-ը՝ Աֆրիկայից, մոտ մեկ տասնյակը՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայից, հինգը՝ Մերձավոր Արևելքից, չորսը՝ Օվկիանիայից, երեքը՝ Հյուսիսային Ամերիկայից։ Առաջին անգամ մասնակցում են Գվինեան, Նաուրուն, Քաթարը, Սոմալին, Վիետնամը։ Էլ Սալվադորը առաջին անգամ ներկայացնում է ազգային տաղավար, թեև նախկինում մասնակցել է բիենալեին։
Քննարկենք նաև, թե ովքե՞ր են բիենալեին մասնակցող արվեստագետներն ու ի՞նչ սկզբունքով են ընտրվում։ Կենտրոնական ցուցադրության արվեստագետներին ընտրում է գեղարվեստական ղեկավարը։ 2026-ի գլխավոր ցուցադրությունը ներառում է 111 մասնակից՝ անհատ արվեստագետներ, դուետներ, կոլեկտիվներ և արվեստագետների ղեկավարած կազմակերպություններ։ Իսկ ազգային տաղավարների դեպքում յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ներկայացուցչին կամ ներկայացուցչական նախագիծը՝ ցանկալի է, որ այն որոշակի կապ ունենա բիենալեի ընդհանուր թեմայի հետ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում այդ ընտրությունը կատարվում է միջազգային ցուցադրությունների խորհրդատվական կոմիտեի միջոցով, որը ձևավորվում է Արվեստների ազգային հիմնադրամի և Պետքարտուղարության համաձայնությամբ։
2026-ին Հայաստանի տաղավարում ներկայացվում է Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը։ Զադիկեանը ժամանակակից վիզուալ արվեստագետ է, որի յուրօրինակ և նորարարական աշխատանքները բազմիցս ցուցադրվել են ամերիկյան և եվրոպական ցուցասրահներում։ Նախագծի համադրողների թվում են Թոնի Շաֆրազին և Թինա Շաքարյանը։ Շաֆրազին ժամանակակից արվեստի մասնագետ է, մի շարք հեղինակավոր պատկերասրահների խորհրդատու և արվեստի գործակալ, իսկ Շաքարյանը կազմակերպել և համադրել է տասնյակ ցուցադրություններ արտերկրյա բազմաթիվ պատկերասրահներում։
Վենետիկի բիենալեի հեղինակությունը մեծապես կապված է նաև մրցանակների հետ։ Այսօր հիմնական երեք մրցանակներն են լավագույն ազգային մասնակցության համար «Ոսկե առյուծը», կենտրոնական ցուցադրության լավագույն մասնակցի համար «Ոսկե առյուծը» և «Արծաթե առյուծը»՝ գլխավոր ցուցադրության ամենախոստումնալից երիտասարդ մասնակցի համար։ Ժյուրին կարող է նաև հատուկ խրախուսական մրցանակներ տալ հիմնական ցուցադրության արվեստագետներին և մեկ ազգային մասնակցի։
Սկզբում բիենալեն նաև վաճառքի հարթակ էր։ Մինչև 1970 թվականը ցուցադրված աշխատանքները կարող էին վաճառվել, իսկ վաճառքի գրասենյակը հետևում էր գործարքներին։ Առաջին թողարկման ժամանակ գրանցվել էր 186 վաճառք, իսկ արդեն 1909-ին՝ 1209 վաճառք։ 1942-ից 1968 թվականներին վաճառքի գրասենյակը օգնում էր արվեստագետներին գնորդներ գտնելու և գործերը վաճառելու հարցում՝ դրա դիմաց գանձելով 10 տոկոս միջնորդավճար։ Սակայն 1960-ականների վերջին քաղաքական և մշակութային փոփոխությունները հանգեցրին վաճառքի արգելքին։
Սա, իհարկե, չի նշանակում, որ բիենալեում ցուցադրվող արվեստը դադարեց շուկայական արժեք ունենալ։ Պարզապես վաճառքը դուրս եկավ պաշտոնական համակարգից։ Գործերն այժմ էլ կարող են վաճառվել արվեստագետներին ներկայացնող պատկերասրահների միջոցով, և հաճախ պահանջված արվեստագետների աշխատանքները վաճառվում են դեռ ցուցահանդեսի բացումից առաջ։ Վենետիկի բիենալեն պաշտոնապես կապ չունի արվեստի «շուկայական հարաբերությունների» հետ, բայց արվեստի աշխարհում դրա առկայությունն ու ազդեցությունը շուկայական հետևանքներ միշտ էլ ունենում է։
Հայաստանի կապը Վենետիկի բիենալեի հետ սկսվել է շատ ավելի վաղ, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Հայաստանի անունն առաջին անգամ հայտնվել է դեռ 1901 թվականին՝ Վենետիկի 4-րդ ցուցահանդեսում։ Մինչև 1928 թվականը, երբ միջազգային ցուցահանդեսում սկսեց ձևավորվել ազգային տաղավարների համակարգը, նկարչի անունից հետո փակագծում նշվում էր նաև երկիրը։ Այդպես Ֆրանսիայից հայազգի Էդգար Շահինի անվան կողքին հայտնվեց Հայաստանի անունը։ Շահինի աշխատանքները ցուցադրվել են 1901, 1903, 1907, 1914 և 1926 թվականներին՝ համապատասխանաբար 4-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ և 15-րդ ցուցահանդեսներում։
1934-ին Հայաստանը ներկայացվեց որպես ԽՍՀՄ տաղավարի առանձին հատված։ Այդ տարի ցուցադրվեցին Մարտիրոս Սարյանի հինգ կտավներ։ ԽՍՀՄ 15 հանրապետություններից Հայաստանի հետ նույն տարում ներկայացված էր նաև Ուկրաինան։
Իսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության գաղափարը ձևավորվեց արդեն անկախության տարիներին։ 1993 թվականի գարնանը ՆՓԱԿ-ի հիմնադիր, Նյու Յորքի նկարչուհի և բանաստեղծուհի Սոնիա Բալասանյանը նախաձեռնեց Հայաստանի մասնակցությունը Վենետիկի բիենալեին։ Երկար բանակցություններից հետո Հայաստանը պաշտոնապես հրավիրվեց մասնակցելու 46-րդ բիենալեին՝ 1995 թվականին։ Այդ տարին նաև բիենալեի հարյուրամյակն էր, և Հայաստանի առաջին ազգային տաղավարը կազմակերպեց Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը՝ ՆՓԱԿ-ը։
Վենետիկի բիենալեն իր ամբողջ պատմության ընթացքում միաժամանակ եղել է բազմաշերտ ցուցադրությունների, մշակութային, սոցիալական ու անգամ քաղաքական իրավիճակների արտահայտման կուրատորական փորձադաշտ։ Բիենալեն ապացուցել է իր երկարակեցությունն ու անցել է պատերազմների, ֆաշիզմի, բողոքի ակցիաների, վաճառքի արգելքի, թեմատիկ հեղափոխությունների, ազգային տաղավարների ընդլայնման, համավարակի, կուրատորական մեծ շրջադարձերի միջով։ Ու նաև սա է պատճառը, որ Վենետիկի բիենալեն արդեն վաղուց սոսկ արվեստասերների ու արվեստագետների համար նախատեսված իրադարձություն չէ։