August 12

Կիբորգ ուբիյցան, քթին ամրացված շպիլկան ու մեր Արտավազդը. 80-90-ականների ֆիլմերի թարգմանիչ-հնչյունավորողները  

90-ականների սկզբին մեծացած սերնդի համար VHS վիդեոմագնիտոֆոններն իսկական բացահայտում էին։ Այն, որ ֆիլմը կարելի էր նայել մի քանի անգամ ու ըստ ցանկության` ցանկացած ժամանակ, հրաշք էր թվում։ Ու այս ամենն ուղեկցվում էր տարբեր հնչյունավորողների ձայներով, որոնք ձևավորում էին մեր աշխարհայացքն ու ճաշակը։

PAN-ը հիշել է այն ժամանակների ամենահռչակավոր ձայների մասին։

Լեոնիդ Վոլոդարսկի (1950-2023)

Թերևս, ամենահայտնի հնչյունավորողը, ում անմիջապես ճանաչում էին իր սպեցիֆիկ` «քթի տակ խոսելով», կարծես հնչյունավորողը քթին սեղմակ (շպիլկա) էր ամրացրել։ Հեռավոր այդ օրերին մարդկանց շրջանում կարծիք էր պտտվում, որ Վոլոդարսկին իրոք սեղմակով փակում է քիթը, «որպեսզի Կա-Գե-Բեն չիմանա, թե ով է»։ Իրականում, դա բավականին տարածված միֆ էր. իրական պատճառն այն էր, որ դեռահաս տարիքում Վոլոդարսկին երկու անգամ կոտրել էր քիթը, մեկը` ծեծկռտուքի, մյուսը` ավտովթարի պատճառով։

Լեոնիդ Վոլոդարսկին

Վոլոդարսկին հիանալի տիրապետում էր անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն ու իտալերեն լեզուներին։ Ընդ որում, անգլերեն լեզուն ապագա թարգմանիչն ու հնչյունավորողը սկսել էր սովորել դեռ չորս տարեկան հասակում։ Բացի օտարալեզու ֆիլմերի թարգմանությունն ու հնչյունավորումը, Վոլոդարսկին թարգմանում էր նաև անգլիական ու ամերիկյան գեղարվեստական գրականություն։ Նա առաջիններից էր, ով սկսեց ռուսերեն թարգմանել Սթիվեն Քինգի վեպերը։

Կարդացեք նաև` «Լավ մոռացված հինը, կամ VHS դարաշրջանի ֆիլմերի թվային վերածնունդը»

Բայց մեզ առաջին հերթին հետաքրքրում է կինոն։ Վոլոդարսկին սկսել է ֆիլմեր թարգմանել 1968-ին` կինոփառատոնների համար։ 70-ականների վերջին, երբ Խորհրդային Միությունում սկսեցին հայտնվել VHS տեսամագնիտոֆոնները, Վոլոդարսկու ծառայություններից սկսեցին օգտվել նաև վիդեոպիրատները, ինչի համար թարգմանչին հաճախ էին հրավիրում ոստիկանություն ու նույն Կա-Գե-Բե։ Բայց դա չխանգարեց Վոլոդարսկուն շուրջ 30 տարվա անդադար աշխատանքի ընթացքում թարգմանել ու հնչյունավորել ավելի քան 5000 ֆիլմ։

Լեգենդար մուտքը

Ամենալեգենդարը, բնականաբար, Ջեյմս Կեմերոնի «Տերմինատորի» (The Terminator, 1984) հնչյունավորումն էր.

И восстали машины из пепла ядерного огня, и пошла война на уничтожение человечества. И шла она десятилетия, но последнее сражение состоится не в будущем, оно состоится здесь, в наше время, сегодня ночью.

Հասկանալով, որ «տերմինատոր» բառը ոչինչ չի ասի այն ժամանակվա (80-ականների երկրորդ կեսի) սովետական կինոդիտողին` Վոլոդարսկին դիմեց խորամանկության` ավելի հնչեղ անվանում հորինելով ֆիլմի համար. Киборг-убийца։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Վոլոդարսկին ֆիլմերը թարգմանում էր սինքրոն ու առաջին անգամից, ու երբեք չէր նայում դրանք սեփական հնչյունավորմամբ։ Իսկ մենք նայում էինք, ու նայում ոչ մեկ, ոչ երկու անգամ, այլ տասնյակ անգամներ։

Անդրեյ Գավրիլով (ծնվ. 1952)

Ինչպես Վոլոդարսկու, այնպես էլ Գավրիլովի ձայնը ու ինտոնացիան անհնար է չճանաչել առաջին իսկ հնչյուններից։ Վերջինի դեպքում` կոշտ, սուր, հստակ, ֆիլմերն էլ դիտվում էին այլ կերպ. ավելի լուրջ, ավելի հստակ ու հասկանալի։

Անդրեյ Գավրիլովը

Քչերը գիտեն, բայց Գավրիլովն առաջին հերթին լրագրող է, ընդ որում` երաժշտական լրագրող։ 1980-ականներին պրոֆեսիոնալ մակարդակով հոդվածներ էր գրում արևմտյան ռոք երաժշտության մասին թերթերի ու ամսագրերի համար, ինչպես նաև անոտացիաներ «Мелодия» սովետական ձայնագրման ընկերության ձայնասկավառակների համար։ 1988-1989թվականներին ընկերությունը թողարկեց «Պոպուլյար երաժշտության արխիվ» (Архив популярной музыки) ձայնասկավառակների լեգենդար հավաքածուն` 1950-1970-ականների հռչակավոր անգլիական ու ամերիկյան փոփ ու ռոք երաժիշտների հայտնի գործերով։ Հենց այս հավաքածուն մասսայական սովետական երաժշտասերի առջև բացեց արևմտյան երաժշտությունը։ Գավրիլովը ոչ միայն հավաքածուի ստեղծման գաղափարի հեղինակն էր։ Հենց նա էր ընտրել երգերն ու յուրաքանչյուր երգի համար գրել անոտացիա։

18+ | Մեմ դարձած դրվագը

Գավրիլովը ֆիլմերը թարգմանում է (մինչ օրս) անգլերեն ու ֆրանսերեն լեզուներից։ Ընդհանուր առմամբ, թարգմանել է ավելի քան 2000 ֆիլմ, սակայն ինտերնետում առավել տարածվեց «Արյուն և բետոն. Սիրո պատմություն» (Blood & Concrete: A Love Story, 1991) ֆիլմի թարգմանությամբ ու հնչյունավորմամբ։ Ֆիլմի սկզբում կերպարներից մեկը մյուսի հասցեին հայհոյանքների 30 վայրկյանանոց շարք է սկսում, որը Գավրիլովի թարգմանությամբ վերածվել է մեմի։

Արտավազդ Եղոյան (ծնվ. 1950)

90-ականների առաջին կեսի Հայաստանում մեծացածները շատ լավ են հիշում այս անունը։ 1991թ-ին հիմնադրվեց առաջին հայկական անկախ հեռուստաալիքը` «Երրորդ ալիքը», որը յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան` մինչև կեսգիշեր, հեռուստադիտողին մատուցում էր լրիվ այլ որակի կոնտենտ։ Ու «տարադրամի փոխարժեք» բլոկից հետո պարտադիր ցուցադրվում էր գեղարվեստական ֆիլմ` Եղոյանի թարգմանությամբ ու հնչյունավորմամբ։

Արտավազդ Եղոյանը

Եղոյանի փափուկ, բարի ձայնը բարիացնում էր անգամ ամենամռայլ ու կոպիտ ֆիլմը։ Ֆիլմում հնչող հայհոյանքները Եղոյանը վերածում էր ավելի պարկեշտ հայալեզու կշտամբանքների։ Առավել հիշարժան է թարգմանչի հիանալի աշխատանքը Անրի Վերնոյի «Մայրիկ» (Mayrig, 1991) ֆիլմում, որը մինչ օրս մնում է Հայոց ցեղասպանության մասին ամենատպավորիչ կինոկտավը։ Հենց Եղոյանի հնչյունավորմամբ ֆիլմը տարածվեց հայալեզու միջավայրում ու անհնար է պատկերացնել ֆիլմի դիտումն առանց նրա։

«Մայրիկը» երբեք ավելորդ չէ վերանայել

Ի դեպ, Արտավազդ Եղոյանը 1976-ին առաջին հայ դիջեյն էր։ Թարգմանել ու հնչյունավորել է շուրջ 350 ֆիլմ։

Վասիլի Գորչակով (ծնվ. 1951)

Ամենաճանաչելի հնչյունավորողներից էր Վասիլի Գորչակովը։ Պերեստռոյկայի ու դրան հաջորդած տարիների ընթացքում չկար VHS-ով ֆիլմ նայած մարդ, ով լսած չլիներ Գորչակովի կտրուկ, մի քիչ չարաճճի, խաղուն ձայնը։ Չնայած Գորչակովն առանձնակի չէր կենտրոնանում էմոցիոնալ ինտոնացիաները փոխանցելու հարցում, իր ձայնը դիտման ընթացքում այնքան սերտ էր կապվում էկրանին տեղի ունեցողի հետ, որ թվում էր դրա լրիվ բնական շարունակություն։

Վասիլի Գորչակովը

Գորչակովն իսկական ռեկորդակիր է VHS ֆիլմերի թարգմանության ու հնչյունավորման գործում։ Նա առաջիններից մեկն էր. 1973-ին թարգմանել սկսել էր Լեոնիդ Վոլոդարսկու խնդրանքով։ Ընդհանուր առմամբ թարգմանել է ավելի քան 6000 ֆիլմ. օրական կարող էր թարգմանել ու հնչյունավորել 2-3, երբեմն` 4 ֆիլմ, յուրաքանչյուրի համար ստանալով 25 ռուբլի (երբ ԽՍՀՄ միջին աշխատավարձը 150 ռուբլի էր)։

Գորչակովի ձայնը անհնար է շփոթել ուրիշի հետ

Իսկ մինչ VHS դարաշրջանը Գորչակովը զբաղվում էր կինոփառատոններում սինքրոն թարգմանությամբ, ինչպես նաև Մոսկվայի միջազգային կինոփառատոնում անձնական թարգմանիչ էր հոլիվուդյան աստղերի` Ռոբերտ Դե Նիրոյի, Ռոբերտ Ռեդֆորդի, Մերիլ Սթրիփի, Ջեք Նիկոլսոնի, Սթիվեն Սիգալի և այլոց համար։

Ալեքսեյ Միխալյով (1944-1994)

VHS դարաշրջանի լավագույն թարգմանիչներից մեկը, եթե ոչ լավագույնը, Ալեքսեյ Միխալյովն էր։ Կինոքննադատներն ընդգծում էին թարգմանչի պերֆեկցիոնիզմը, նրա մշտական ձգտումը կատարելության։ Միխալյովին անվանում էին «սինքրոն թարգմանության Մոցարտ», ով կարողանում էր ճշգրիտ որսալ ֆիլմի ինտոնացիան, ինչի շնորհիվ իր հնչյունավորված ֆիլմերը դառնում էին վառ ու հիշվող։

Ալեքսեյ Միխալյովը

Միխալյովն առաջիններից մեկը հնչյունավորեց Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo's Nest, 1975) ֆիլմը, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» (The Godfather, 1977) ու «Ապոկալիպսիսը հիմա» (Apocalypse Now, 1979) կտավները և այլն։

Յագոն ու Ջաֆարը` Միխալյովի հնչյունավորմամբ

Մինչև ֆիլմերի հնչյունավորումը, Միխալյովը, ով հիանալի տիրապետում էր անգլերեն ու պարսկերեն լեզուներին, աշխատել է Աֆղանստանում ու Իրանում ԽՍՀՄ դեսպանատանը, որպես թարգմանիչ, ապա` Մոսկվայում թարգմանիչ էր Լեոնիդ Բրեժնևի ու այդ երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում։ Միաժամանակ, զբաղվում էր անգլերեն ու պարսկերեն գեղարվեստական գրականության թարգմանությամբ։

Յուրի Սերբին (ծնվ. 1972)

Թարգմանիչ-հնչյունավորողների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Յուրի Սերբինի փափուկ ու հանդարտ ձայնը մեր կինոդիտողին առավել հայտնի է «Մահացու պայքար» (Mortal Kombat, 1995) ֆիլմից։ Սերբինը աշխատում էր ոչ թե պիրատական, այլ լիցենզավորված արտադրանքի ուղղությամբ` «Видеосервис» կոնցեռնի համար։

Յուրի Սերբինը

Դեռ դպրոցական տարիներից հիանալի տիրապետելով գերմաներեն լեզվին` հետագայում ինքնուրույն սովորել է նաև անգլերենը։ Մինչև «Видеосервис»-ի հետ աշխատանքը արդեն հասցրել էր թարգմանել ու հնչյունավորել շուրջ 30 ֆիլմ գերմաներեն լեզվից։

Սերբինի ձայնը

Քանի որ մինչև կինոն ակտիվորեն զբաղվում էր գիտական հոդվածների թարգմանությամբ, Սերբինը շատ է սիրում թարգմանել վավերագրական ֆիլմեր։ Օրինակ, թարգմանել ու հնչյունավորել է National Geographic-ի շուրջ 200 ֆիլմ։

Յուրի Ժիվով (1958-2019)

Ժիվովի ձայնը ինչ-որ առումով նման էր Գավրիլովի ձայնին. նույնքան սուր, մի քիչ մեխանիկական։

Յուրի Ժիվովը

Թարգմանել ու հնչյունավորել սկսել էր դեռ 1987-ից` տիրապետելով անգլերեն, գերմաներեն ու շվեդերեն լեզուներին։

Ժիվովի թարգմանությունը նույնպես մեմեր էր ծնում

Ընդհանուր առմամբ թարգմանել է շուրջ 1300 ֆիլմ, որոնցից 90-ականների երեխաներին առավել հայտնի է «Թոմն ու Ջերին» (Tom and Jerry) մուլտսերիալի թարգմանությունը։

Պյոտր Կարցև (ծնվ. 1968)

Կարցևի ձայնն էլ կարելի է շփոթել Սերբինի հետ, սակայն հասկացող մարդիկ տարբերում են։

Պյոտր Կարցևը

Կարցևի դեպքում այն ավելի բարձր է, ավելի ինտենսիվ։ 90-ականների սկզբին 2x2 ալիքի համար թարգմանում էր BBC-ի լուրերը։

Կարցևի ձայնը

Գործակցելով West Video ընկերության հետ` թարգմանում էր ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական ֆիլմեր։

Սերգեյ Վիզգունով (ծնվ. 1968)

Ամենահանդարտ ձայնով հնչյունավորողը։

Սերգեյ Վիզգունովը

Սկսել է աշխատել 1993-1994թթ-ին։ Հենց նա է հորինել The X-Files սերիալի համար ռուսերեն իդեալական անվանումը` «Секретные материалы» (Գաղտնի նյութեր)։

Վիզգունովի ձայնը

🎬 Արման Գասպարյան / PAN