Յանի խի՞ տենց լուրջ. Կինոչարագործների ազդեցությունը մասսայական մշակույթի վրա
Եթե որևէ ֆիլմում լավ մշակված, խարիզմատիկ ու հմայիչ չարագործ կա, ով նաև բավարար վտանգավոր է գլխավոր հերոսին ձեռնոց նետելու համար, մեծ հավանականությամբ այդ ֆիլմը կսիրվի, իսկ չարագործը կդառնա ֆիլմի այցեքարտը։ Անտոն Չեգուր անունը կինոսերները միանգամից ասոցացնում են Քոեն եղբայրների հանճարեղ «Սա ծերերի տեղը չէ» (No Country For Old Men) ֆիլմի հետ այն դեպքում, երբ Լլևելին Մոսս անունն իրենց քիչ բան կասի։
Կինոչարագործներն անջնջելի հետք են թողել մասսայական մշակույթում` տարածելով իրենց ազդեցությունը կինոէկրանից շատ ավելի հեռու։ Խարիզմատիկ ու հիշվող անտագոնիստների ժառանգությունը կարողացել է ազդել հասարակության տարբեր ասպեկտների ձևավորման վրա։ PAN-ը պատմում է, թե ինչպես են կինոչարագործները եղել ու մնում համաշխարհային մշակույթի ձևավորման շարժիչ ուժերից մեկը։
Ցանկացած չարագործի կերպարն ամբողջացնում է իր կողմից տարածվող ռեպլիկների շլեյֆը։ Նշանակալի չարագործը պարտավոր է փայլել հռետորական արվեստում ու անել պարզ, հիշվող արտահայտություններ, որոնք արագ կտարածվեն հասարակության մեջ ու կվերածվեն թևավոր խոսքերի։
Օրինակ, «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» (Star Wars: Episode V - The Empire Strikes Back, 1980) ֆիլմում գլխավոր չարագործ Դարթ Վեյդերը հայտնում է ամբողջ Սագայի գլխավոր թվիստը` «Ոչ։ Քո հայրը ես եմ» (No. I am your Father) արտահայտությամբ, որը ամուր նստած է մշակութային տարբեր շերտերում ու պարբերաբար խաղարկվում է, երբ, օրինակ, մեկին անհրաժեշտ է անսպասելի գաղտնիք հայտնել։
Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետում» (The Dark Knight, 2008) Ջոքերի «Յանի խի՞ տենց լուրջ» (Why so serious?) արտահայտությունը դարձել է առօրյա զրույցի մաս` հաճախ օգտագործվելով տարբեր իրավիճակներին հումոր ու դիամատիզմ փոխանցելու համար։ Իսկ զրուցակցին ավելի տպավորելու ու ասածին չարագույժ կոնտեքստ հաղորդելու համար օգտագործում են «Գառների լռությունը» (The Silence of the Lambs, 1991) ֆիլմի գլխավոր անտագոնիստ Հաննիբալ Լեկտերի «Ես կերա նրա լյարդը բակլայով ու լավ կիանտիով» (I ate his liver with some fava beans and a nice chianti) արտահայտությունը։
Աշխարհում, թերևս, չկա մարդ, ով չի հիշում «Տերմինատորը» (The Terminator, 1984) ֆիլմից Առնոլդ Շվարցենեգերի «Ես կվերադառնամ» (I'll be back) արտահայտությունը, որը մահաբեր մեքենան հնչեցնում է ոստիկանական բաժանմունքում սպանդ կազմակերպելուց առաջ։ Այն ասոցացվում է ոչ միայն դերասանի ու իր կերպարի հետ, ոչ միայն կիրառվում է բազում այլ մեդիաներում, այլև դարձել է առօրյա շփման մաս։ Կարևորը, հնչեցնել մի փոքր ավստրիական ակցենտով, ու ձեր վերադարձին անկասկած կսպասեն։
«Դա անխուսափելի է։ Դա քո ճակատագիրն է։ Դու, ինչպես քո հայրը, այժմ… իմն ես»։
Կայսր Պալպատինը վախճանից առաջ երիտասարդ Լյուկին բացատրում է սուբորդինացիայի կանոնները
Կինոչարագործները մշակույթի վրա ազդում են նաև կերպարային արքետիպերի ձևավորման միջոցով։ Նման արքետիպերից են, օրինակ, խելագար գիտնականը, աշխարհից վրեժ լուծող հակահերոսը, էլեգանտ ու խելացի չարագործը, անհաղթահարելի թվացող չարիքը և այլն։ Այս արքետիպերը հաճախ են վերարտադրվում կամ անգամ կրկին հայտնաբերվում զանազան մեդիաներում` բացի կինոյից. սկսած գրքերից ու հեռուստաշոուներից մինչև համակարգչային խաղեր ու կոմիքսներ։
Բոլորս գիտենք Բրեմ Սթոքերի հռչակավոր վամպիրի` Դրակուլայի մասին։ Առաջին անգամ այս գրական հերոսը կինոէկրաններ տեղափոխվեց 1922-ին` Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաույի «Նոսֆերատու։ Սարսափի Սիմֆոնիա» (Nosferatu, eine Symphonie des Grauens) ֆիլմում, ու այդ ժամանակից կինոյում Դրակուլայի կերպարն ինքնուրույն արքետիպերի ձևավորման հիմք է դարձել` շնորհիվ Մաքս Շռեկի, Բելա Լուգոշիի, Քրիստոֆեր Լիի, Քլաուս Կինսկիի, Ֆրենկ Լանգելայի, Գերրի Օլդմանի ու մյուսների։ Միջինացված կինեմատոգրաֆիկ արքետիպը հաշվենկատ, էլեգանտ ու նրբաճաշակ վամպիր է։ Այն վերարտադրվել է բազմաթիվ այլ մեդիաներում, հեռուստաշոուներում ու ֆիլմերում. օրինակ, Լեստատն Աննա Ռայսի «Վամպիրական քրոնիկոններում» ու դրանց էկրանավորումներում, կամ դեռահաս աղջիկների շատ սիրելի Էդվարդ Կալենը «Մթնշաղ» (Twilight) կինոսագայում։
Իսկ Ֆրեդդի Քրյուգերը` «Մղձավանջ ծփիների փողոցում» (A Nightmare on Elm Street) ֆիլմաշարից երազներ թափանցող ու երազների միջոցով մարդկանց վնասող, իսկ ավելի լայն կոնտեքստում` գլխավոր հերոսներին անդադար հետապնդող գերբնական չարագործի արքետիպ է, որի շնորհիվ ծնվեցին «Քենդիմեն» (Candyman) ու «Այն հետապնդում է» (It Follows) սարսափ ֆիլմերի չարագործները։
Անհրաժեշտ է հիշել, որ վերոնշյալ չարագործների սկզբնական արքետիպերը, բնականաբար, սկիզբ չեն առել հենց կինոյից։ Դրանք շատ ավելի խորն արմատներ ունեն, անցել են տարատեսակ մշակութային շերտերով` մինչև կինոյում հայտնվելը։ Սակայն կինոյում այդ արքետիպերը երկրորդ կյանք են ստացել` տարածվելով արդեն իրենց կինեմատոգրաֆիկ դրսևորման հիմքով։ «Օզ երկրի կախարդը» (The Wizard of Oz, 1939) ֆիլմի Չար կախարդն այս կամ այն կերպ վերարտադրվել է բազմաթիվ ֆենթեզի ֆիլմերում, օրինակ` Դիսնեյի «Քնած գեղեցկուհին» (Sleeping Beauty, 1959) անիմացիոն ֆիլմի Մալեֆիսենթի կերպարում։ Բայց ինքը` Չար Կախարդը, բնականաբար, շատ ավելի խորը ֆոլկլորային արմատներ ունի, որոնք սկիզբ չեն առնում կինոյից։
- Հեյզենբերգ։
- Դու, գրողը տանի, իրավացի ես։
Լավ չարագործը պետք է լինի շատ ավելի խարիզմատիկ ու գրավիչ, քան պրոտագոնիստը։ Ֆիլմեր ստեղծողները դա հասկանում են։ Անտագոնիստները հաճախ ունեն ոճի ու նորաձևության հստակ զգացում, որը կարող է ազդել հագուստի, աքսեսուարների և անգամ սանրվածքների հանրային տենդենցների վրա։ Օրինակ, որոշ կինոչարագործների հետ կապված գոթական ու պանկ էսթետիկան ոգեշնչել է շատ մոդելագործների ու ենթամշակույթների։
«Դուք ինձ չե՞ք հավատում։ Ոչինչ, կհավատաք, դոկտոր Ջոնս։ Դուք կդառնաք իսկական հավատացյալ»։
Մութ կուլտի առաջնորդ Մոլա Ռամը պատրաստվում է կրոնափոխ անել դոկտոր Հենրի «Ինդիանա» Ջոնսին
«Մատրիցայում» (The Matrix, 1999), երկար կաշվե վերարկուով և արևապաշտպան ակնոցներով պրոտագոնիստների հակառակ, չարագործները` ագենտները, հագած են խիստ գործարար կոստյումներ` կրկին արևապաշտպան ակնոցների համադրությամբ, ինչը հավասարապես ազդել է հանրության նախասիրությունների վրա, որքան գլխավոր հերոսների կրած հագուստը. երկու ոճն էլ ընդունվեց նորաձևության ու ենթամշակույթների կողմից, հատկապես` կիբերպանկ ժանրում, որտեղ գործարար կոստյումով ու տարատեսակ տեխնոլոգիական հավելումներով կերպարները հանդես են գալիս որպես սառը մտքով հաշվենկատ չարագործներ։
Կուլտային դարձավ նաև «Լարովի նարինջ» (A Clockwork Orange, 1971) հակաուտոպիայի գլխավոր հակահերոս Ալեքս ԴեԼարժի փանկ ռոքային ոճը. նրա սպիտակ կոմբինեզոնն ու սև գլխարկը զգալի ազդեցություն թողեցին նորաձևության վրա։ Ֆիլմում Ալեքսի ոճը խորհրդանշում է ըմբոստությունն ու հակաավտորիտարիզմը` արտացոլելով գլխավոր հակահերոսի անարխիստական ու նիհիլիստիկ աշխարհայացքը։ Կատարյալ սպիտակ հագուստի համադրումը բռնության դրսևորումների հետ ստեղծում է կտրուկ վիզուալ կոնտրաստ` ազդելով 70-ականների սկզբին ձևավորված փանկ ռոք ենթամշակույթի վրա։ Փանկ շարժումը նույնպես ներառում էր ըմբոստության ու կոնտրկուլտուրայի էլեմենտներ, և Ալեքսի ոճը հիանալի համապատասխանում էր նոնկոմֆորմիզմի փանկ գաղափարներին ու հակաիսթեբլիշմենթին։
Հայտնի չարագործների շուրջ ձևավորված ֆենդոմն անգամ ինքն իրենով ահռելի ուժ է։ Երկրպագուները ստեղծում են իրենց սիրելի անտագոնիստների մասին ֆանֆիկեր, արվեստի գործեր, ապրանքներ, գործում են ֆան ակումբներ թե ինտերնետում, թե ցանցից դուրս։ Այդ կերպարներին նվիրվում են կոնվենցիաներ ու քոսփլեյ միջոցառումներ, հանդիպումներ կերպարներին մարմնավորած դերասանների հետ և այլն։ Բայց նրանց ազդեցությունը շատ ավելի լայն է ու դուրս ֆենդոմի սահմաններից։ Որովհետև չարագործները ձեռնոց են նետում հասարակական նորմերին` խթանելով քննարկումներ էթիկայի ու բարոյականության մասին, ստիպում են հանդիսատեսին զննել չարի ու բարու միջև պայքարում առկա մոխրագույնի երանգները, ինչը հանգեցնում է փիլիսոփայական դեբատների ու էթիկական դիլեմաների։
Նման բարդագույն ստեղծագործություններից է «Վատից վատը*» (Breaking Bad, 2008-2013) սերիալը, որի գլխավոր կերպարը` քիմիայի ուսուցիչ Ուոլթեր Ուայթն ընթացքում վերածվում է դեմոնիկ հակահերոսի` ի դեմս դաժան նարկոբարոնի, ով իր նպատակներին հասնելու համար պատրաստ է ոչնչացնել ցանկացածին։ Կերպարը կոչ է անում հանդիսատեսին մտորել այն բարոյական երկիմաստության և էթիկական որոշումների մասին, որոնց հետ ինքը բախվելու է ամբողջ սերիալի ընթացքում։
* Անգլերեն արտահայտության հայերեն համարժեքը չգտնելու պատճառով օգտագործում ենք համեմատաբար պոպուլյար, բայց սխալ տեղայնացումը։ Ամենամոտը կլինի «Գծերից ընկած»-ը։
Կազմակերպված հանցավորության հետ կապված բարոյական բարդությունների դեմ հանդիսատեսին ստիպում է պայքարել «Կնքահայրը» (The Godfather) դիլոգիայի գլխավոր հերոս Մայքլ Կոռլեոնեն, ով ընթացքում վերածվում է հակահերոսի։ Լավ մարդու մետամորֆոզը վատ մարդու` պայմանավորված միջավայրի ազդեցությամբ, առաջացրել է քննարկումներ իշխանության, լոյալության և ընտանեկան արժեքների մասին։
«Մի՜ փորձիր ինձ մեջքով շուռ գալ, Հարրի Փոթեր։ Ուզում եմ, որ դու ինձ նայելիս լինես, երբ ես քեզ սպանեմ։ Ուզում եմ տեսնել՝ ինչպես է լույսը մարում քո աչքերում»։
Լորդ Վոլդեմորտը դեռ չգիտի գլխին գալիքը
Կինոչարագործները հաճախ արտացոլում են իրենց ժամանակի վախերն ու խնդիրները։ Օրինակ, Սառը պատերազմի ժամանակաշրջանի չարագործները մարմնավորում էին միջուկային պատերազմի նկատմամբ վախը, այն դեպքում, երբ ժամանակակից չարագործները կարող են մարմնավորել անհանգստությունը տեխնոլոգիաների զարգացման ու էկոլոգիական խնդիրների նկատմամբ։ Այս պրիզմայով հասարակությունը կարող է ուսումնասիրել սեփական տագնապները։
«Հեռու» (Get Out, 2017) հոգեբանական թրիլլերում Արմիթաժ ընտանիքը ներկայացվում է որպես չարագործներ, որոնք մարմնավորում են ռասիզմը, իսկ բուն ֆիլմը խոսում է ամերիկյան հասարակության համար սուր թեմաների մասին։ Սարսափը ֆիլմում օգտագործվում է որպես ռասայական հարաբերությունների ու ժամանակակից հասարակության մշակութային շերտավորման հասցեին սոցիալական մեկնաբանության միջոց։
«Ամերիկյան հոգեգար» (American Psycho, 2000) սատիրիկ թրիլլերն ուսումնասիրում է 1980-ականների սպառողական հասարակության ավելորդություններն ու մակերեսայնությունը` գլխավոր հակահերոսի` Պատրիկ Բեյթմանի միջոցով, ով մարմնավորում է այն ժամանակների համակվածությունը նյութականով ու կարգավիճակով։
Չարագործներն ալեգորիկ ֆիգուր են ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական ու մշակութային մեկնաբանություններում։ Որոշ դեպքերում նրանք կարող են հանդես գալ որպես մետաֆորա իրական ֆիգուրների կամ իրադարձությունների համար` հայտարարելով իշխանության, կոռուպցիայի ու դիմադրության մասին։ Ալան Մուրի համանուն կոմիքսի էկրանավորում «V նշանակում է Վենդետա» (V for Vendetta, 2006) ֆիլմում հակահերոս V-ն` դիմակով լինչավորողը, ձեռնոց է նետում տոտալիտար կառավարությանը։ Թե կոմիքսը, թե ֆիլմը ծառայում են որպես քաղաքական ալեգորիա, որը զուգահեռներ է անցկացնում պետական կառավարման ու անձնական ազատությունների միջև` հատկապես քաղաքական ցնցումների ժամանակներում։
Առողջապահության ոլորտում և հասարակության մեջ ավտորիտարիզմի ալեգորիա է բուժքույր Ռետչեդը` «Թռիչք կկվի բնի վրայով» (One Flew Over the Cuckoo's Nest, 1975) ֆիլմում` արտահայտելով անհանգստությունը հոգեբուժական հաստատությունների ու այնտեղ կիրառվող պրակտիկայի, հիվանդների նկատմամբ վերաբերմունքի ու բուժման պայմանների առնչությամբ։
Չարագործները նաև մեծ փողեր են բերում կինոինդուստրիային։ Երբեմն հենց չարագործների պոպուլյարությունն է բերում վարձույթում հաջողության, ինչպես նաև փոխկապակցված ապրանքների վաճառքի։ Նույն Հիթ Լեդջերի մարմնավորած Ջոքերն էր առանցքային գործոնը, որի շնորհիվ «Մութ ասպետը» աննախադեպ հաջողություն գրանցեց վարձույթում, իսկ Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքում չարագործ Տանոսի ներդրումից հետո այս կերպարի հետ կապված խաղալիքներն ու այլ աքսեսուարները պոպուլյարություն էին վայելում երկրպագուների շրջանում։ Ֆինանսապես հաջող չարագործները պարտադիր չէ, որ անտրոպոմորֆ լինեն։ «Յուրայան դարաշրջանի այգու» (Jurassic Park, 1993) գլխավոր չարագործները վելոցիռապտորներն են` խելացի ու մահաբեր գիշատիչ դինոզավրեր, որոնք ներկայացված էին ֆիլմն ուղեկցող բազմաթիվ իրերում, այդ թվում` խաղալիքներ, հագուստ, համակարգչային խաղեր և այլն։
Կինոչարագործների ազդեցությունը բերել է նաև ակադեմիական հետազոտությունների կինոգիտության, հոգեբանության ու սոցիոլոգիայի ոլորտում, որոնցում ուսումնասիրվում է անտագոնիստների դերը պատմության մեջ և նրանց ազդեցությունը հասարակության վրա։ Նույն Ջոքերը «Մութ ասպետից» բազմաթիվ գիտական հետազոտությունների ու վերլուծությունների առարկա է դարձել։ Մասնագետներն ուսումնասիրում էին, թե ինչպես է Հիթ Լեդջերի խաղը մարմնավորում քաոսն ու անարխիան։ Ուսումնասիրման առարկա է դարձել նաև Նորման Բեյթսը` Ալֆրեդ Հիչքոքի լեգենդար «Փսիխո» (Psycho, 1960) ֆիլմից` սկսած հոգեբանական խնդիրներից մինչև կերպարի ազդեցությունը սարսափ ժանրի վրա։ Իսկ Դեյվիդ Ֆինչերի «Բանականություն որսացողը» (Mindhunter) սերիալն ինքնին գիտական ուսումնասիրություն է, որն իր անտագոնիստների միջոցով ուսումնասիրում է սերիական մարդասպանների հոգեբանությունը, հանրության վրա նրանց սոցիալական ազդեցությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյում համապատասխան ստորաբաժանման ստեղծման պատմությունը։
Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես են կինոչարագործները խորն ու երկարատև հետք թողնում մասսայական մշակույթի, նորաձևության, բարոյականության մասին քննարկումների և անգամ ակադեմիական հետազոտությունների վրա։ Այդ կերպարները ձևավորում ու արտացոլում են այն հասարակությունն ու ժամանակը, որում ստեղծվել են։