Մատիսի բնորդուհին, Սարգսի մուսան ու կնոջ դիմանկարը. Վավա Խաչատուրյանի անիրական գեղեցկությունն ու անօրինակ արվեստը
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցնում է «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո։ Թեմայի շրջանակում կարելի է ու պետք է հիշել նաև այն արվեստագետներին, որոնց կյանքը հենց այդ միավորման՝ տարբեր քաղաքների, լեզուների, մշակույթների, կորցրած հայրենիքի ու վերագտած ինքնության միջև կամուրջ լինելու մասին էր։ Վավա և Սարգիս Խաչատուրյանների պատմությունն այս ամենի հրաշալի մարմնավորումն է։ Նրանք ապրեցին և ստեղծագործեցին Տրապիզոնից, Մալաթիայից ու Բաթումից մինչև Թիֆլիս, Վիեննա, Փարիզ, Կահիրե ու Նյու Յորք, բայց այդ ամբողջ աշխարհագրության մեջ իրենց հետ տարան հայկական հիշողությունը, ցավը, գեղեցկությունը և հայրենիքի հետ կապը։
Համաձանեք, որ երբեմն մեկ դիմանկարի, մեկ ձայնագրության, մեկ նամակի կամ մեկ կնոջ կյանքի միջոցով կարելի է ուսումնասիրել ու ընկալել մի ամբողջ դարաշրջան։ Ու Վավա Խաչատուրյանից լավ ոչ ոք չէր կարող այս ամենն ամփոփել իր մեջ։ Վավա Խաչատուրյանը՝ նույն ինքը Վարդանուշ Սարյանը կամ էլ Վավա Սարգիսը բացառիկ կին ու արվեստագետ էր։ Նրա մասին խոսելիս Հայաստանում հաճախ առաջինն ասում են՝ Սարգիս Խաչատուրյանի կինը, մուսան, ուղեկիցը։ Այս ձևակերպման մեջ ամեն բան ճիշտ է, բայց ամբողջական չէ։ Վավան իսկապես եղել է նշանավոր նկարիչ Սարգիս Խաչատուրյանի կյանքի անբաժան մասը, նրա ճանապարհների, ցուցահանդեսների, մտահղացումների, դժվարությունների ու հաղթանակների վկան։ Բայց նա նաև ինքնուրույն արվեստագետ էր՝ իր ներսում վաղուց հասունացած ստեղծագործական ինքնատիպ ձայնով։
Նրան ճանաչողները մշտապես ընդգծում են այս բացառիկ կնոջ արտասովոր գեղեցկությունը։ Այդ գեղեցկության շուրջ պատմությունները երբեմն գրեթե առասպելական են հնչում։ Ասում են՝ նրան գեթ մեկ անգամ հանդիպած ցանկացած տղամարդ առնվազն հիանում, հաճախ էլ սիրահարվում էր Վավային։
Վավան հայտնի էր որպես Անրի Մատիսի և Ռաուլ Դյուֆիի բնորդուհի, բայց նրա գեղեցկությամբ հիացածների թվում միայն նկարիչները չէին։ Ժամանակակիցները նրան հիշում էին որպես կնոջ, որի ներկայությունը կարող էր շփոթեցնել, գերել, հմայել։ Բայց որքան էլ այդ գեղեցկությունը նրա մասին պատմությունների նախերգանքն էր, Վավայի իրական ստեղծագործական աշխարհը սկսվում էր դրանից այն կողմ, որտեղ գեղեցկությունը ներքին ազատության, վստահության և ստեղծագործական ուժի մարմնացում էր։
Սարգիս Խաչատուրյանի հետ հանդիպումը վստահաբար դարձել է Վավայի կյանքի առանցքային շրջադարձերից մեկը։ Երբ ծանոթացան՝ Վավան երիտասարդ աղջնակ էր, իսկ Սարգիսն արդեն փորձառու և կայացած արվեստագետ։ Վավայի և Սարգսի ամուսնության մասին տարբեր աղբյուրներում հանդիպում են որոշակի տարբերություններ։ Մեկում նշվում է, որ նրանք ամուսնացել են 1920 թվականին, մյուսում Վավան հիշում է, որ ամուսնանալիս ընդամենը 17 տարեկան էր։ Ամեն դեպքում՝ տարիներ անց Վավան փաստում էր, որ այդ միությունից հետո սկսվեց իր իրական կյանքը։
Նրանք միասին շրջեցին աշխարհի տարբեր երկրներով՝ աշխատանքի, ցուցադրությունների, ուսումնասիրությունների և պարզապես տեսնելու, ճանաչելու, ներշնչանքի համար։ Ապրեցին Վիեննայում, Փարիզում, Թիֆլիսում, Նյու Յորքում, ճանապարհ ընկան դեպի Կահիրե, Բեյրութ, Ալեքսանդրիա, Ստամբուլ։ Որոշ շրջան գտնվեցին Հնդկաստանում, նաև Իրանում։
Ֆոտո ֊ https://i0.wp.com/zohrabcenter.org/wp-content/uploads/2023/10/VSK-3.jpg?resize=1280%2C1664&ssl=1
1923 թվականին Վավան և Սարգիսը հաստատվեցին Թիֆլիսում։ Վավան այդ տարիների քաղաքը հիշում էր որպես հայկական վերածննդի միջավայր, որտեղ միաժամանակ կենդանի էին նկարչությունը, երգը, թատրոնը, օպերան, մշակութային քննարկումները։ Վավայի շրջապատում էին հայ գրականության և արվեստի մեծ անուններ՝ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան և ուրիշներ։
Ի դեպ, Վավայի գեղեցկության մասին խոսելիս անհնար է շրջանցել Ավետիք Իսահակյանի նամակները։ Հայտնի է, որ Իսահակյանը առանձնահատուկ զգայուն էր կանացի գեղեցկության հանդեպ, և Վավան, բնականաբար, չէր կարող չհայտնվել նրա ուշադրության կենտրոնում։ 1924 թվականի հունվարի 16-ին Վենետիկից գրված նամակում Իսահակյանը գրում էր.
«Ցավում եմ, որ Վիեննայից հեռանում եք, որովհետեւ Վիեննա մոտիկ էր, եւ միշտ հույս ունեի գալ՝ Ձեզ տեսնելու: Եթե Փարիզ կամ Լոնդոն գնաք, ինչպե՞ս գամ: Գրում եք, որ ծովին կարոտցել եք: Կիրակի օրը հրաշալի արեւ կար, գնացի ծովափ (Լիդո), շրջում էի եւ Ձեզ հիշում: Չէ՞ որ Դուք թույլ տվիք, որ ծով գնալուս Ձեզ հիշեմ: Անշուշտ, Ձեզ միշտ հիշելու իրավունք ես ունիմ, սակայն ինչու՞ չեք որոշում Իտալիայում ապրել, օրինակ՝ Վենետիկ կամ Հռոմ: (…) Բայց չեք գա, գիտեմ, ուրեմն Ձեր նամակները, կուզեմ ասել՝ Ձեր անուշ նամակները, անպակաս արեք, նրանք մի տեսակ սիրելի այցեր են, վիզիտներ՝ այս օտար երկրում»։
Վավան երկար ժամանակ արվեստին ասես «կողքից» էր նայում՝ որպես մուսա, բնորդուհի, ուղեկից, դիտող։ Բայց նրա մեջ ապրող ստեղծագործողը չէր պատրաստվում հանձնվել։ Նա ակադեմիական կրթություն չէր ստացել, և գուցե հենց դրա շնորհիվ նրա արվեստում կար մի անմիջականություն, որ չէր ենթարկվում սահմանափակող կանոններին։ Նա սիրում էր ֆրանսիական իմպրեսիոնիզմը, իսկ ժամանակակից աբստրակտ նկարչության նկատմամբ վերապահում ուներ, որովհետև կարծում էր, որ այնտեղ հաճախ պակասում է հոգին։ Վավայի համար նկարչության մեջ կարևոր էին ոչ միայն հեղափոխական միտքն ու հոգևոր թռիչքը, այլ նաև այն, որ այդ ամենը ներդաշնակ լինի նկարչության լեզվի հետ և կարողանա փոխանցել արվեստագետի զգացմունքը դիտողին։
Վավայի առաջին իրական ստեղծագործական պահը ուշ եկավ՝ 1945 թվականին։ Այդ ժամանակ նա արդեն անցել էր երկար ճանապարհ, ապրել էր բազմաթիվ քաղաքներում, տեսել էր արվեստի մեծ կենտրոններ, եղել էր հայտնի նկարիչների բնորդուհի, արվեստագետների շրջապատի ու նրանց զրույցների մշտական մասնակից էր։ Եվ ահա՝ այդ փորձառությամբ կինը մի օր նա նկարեց իր առաջին կտավը ու պատկերեց ծաղիկներ։ Մի կարևոր փաստ էլ արձանագրենք, որ հիշատակվում է Վավայի մասին պատմող գրեթե բոլոր նյութերում։ Սարգիսը անմիջապես հավատաց նրա տաղանդին ու խրախուսեց շարունակել։ Դարձավ նրա առաջին քննադատը, հենարանը, հուսադրող սյունը։ Վավան հետագայում հիշում էր Սարգսի այդ մշտական աջակցությունը և մշտապես երախտապարտ էր նրան։
1946 թվականին Վավա Սարգիսը Նյու Յորքի American British Art Center-ում բացեց իր առաջին անհատական ցուցահանդեսը։ Այն հինգ ամիսների ինտենսիվ աշխատանքի արդյունք էր և զարմացրեց թե՛ քննադատներին, թե՛ արվեստասերներին։ Հաջորդեցին ավելի քան 25 ցուցահանդեսներ Փարիզում, Կահիրեում, Բեյրութում, Ստամբուլում, Ալեքսանդրիայում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և այլուր։ Հայկական և օտարալեզու պարբերականները գրում էին նրա մասին՝ ընդգծելով նրա արվեստի զգայականությունը, գունային ուժը, ուրույն հմայքը։ 1958 թվականին The Armenian Mirror-Spectator-ը գրում էր, որ Վավան «ամենափարիզյան հայն» է և «ամենահայ փարիզուհին»։
Սարգիս Խաչատուրյանը մահացավ 1947 թվականին Փարիզում։ Զույգի համատեղ կյանքը ֆիզիկապես ընդհատվեց, բայց Վավայի համար Սարգիսը չդադարեց լինել ստեղծագործական աջակից ու հենարան։ Նա մնաց Նյու Յորքում, շարունակեց նկարել, ներկա լինել թե՛ իր, թե՛ Սարգսի ցուցահանդեսներին, պահպանել նրա ժառանգությունը, պատմել նրա մասին։ Նրանք երեխաներ չունեին։ Columbia University-ի հայկական բանավոր պատմության արխիվի համար տված հարցազրույցում Վավան ասել էր, որ իրենց երեխաները իրենց կտավներն են, և դա, իր կարծիքով, նույնիսկ ավելի լավ է, որովհետև կտավներն ապրում են հավերժության համար։
Հայաստանի հետ կապն էլ Վավան միայն հեռավորության վրա չէր, որ պահում էր։ 1975 թվականին նա երկու ամիս մնաց Երևանում՝ «Արմենիա» հյուրանոցում։ Ըստ հիշատակումների՝ նա լիուլի վայելում էր քաղաքի մշակութային կյանքը։ Նրա օրերը լցված էին համերգներով, ներկայացումներով, ցուցահանդեսներով։ Մեծ տպավորություն էր ստացել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներից կազմված կամերային նվագախմբի համերգից։ Վավան մահացավ 1984 թվականի փետրվարի 25-ին Նյու Յորքում՝ 89 տարեկանում։ Նրա և Սարգիս Խաչատուրյանի երեխաները՝ նրանց ստեղծագործությունները, շարունակում են ապրել Հայաստանի ազգային պատկերասրահում և աշխարհի մասնավոր հավաքածուներում։