Կարդալիքներ PAN-ից
Today

40-ամյա «Տատիկը», որ կանգնեցրեց Իսպանիայի հավաքականը. Ինչպես Կաբո Վերդեի դարպասապահը 3 օրում 13+ մլն հետևորդ հավաքեց Ինստագրամում

«40-ից հետո կյանք կա», ու սա հերթական նյարդերին ազդող մոտիվացիոն հոլովակի վերնագիր չէ։ Միայն ոչ այս անգամ։ Քանի որ այս օրերին բոլորը խոսում են ֆուտբոլից կամ քննարկում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (եթե անգամ ասում եք, որ չեք դիտում այն, միևնույն է՝ քննարկողների շարքին եք դասվում), որոշեցինք մի քիչ ֆուտբոլ, մի քիչ մոտիվացիա, մի քիչ էլ բարի, մարդկային պատմություն միքսել իրար, և ստանալ «Տատիկ» մականունով հայտնի 40-ամյա դարպասապահի մասին այս պատմությունը։

Եթե Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների մասին պետք է իմանալ մեկ բան, ապա դա այն է, որ այստեղ անակնկալները միշտ հայտնվում են այնտեղ, որտեղ դրանց ամենաքիչն ես սպասում։ Միլիոնավոր եվրոներ արժեցող աստղային կազմը, անթերի վիճակագրությունը, ֆավորիտի «պիտակը», վստահ մեկնարկի համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտներն անգամ չեն կարող երաշխավորել հաղթանակ։ Ավելին, գուցե ստացվի այնպես, որ խաղի վերջում ամբողջ աշխարհը խոսի ոչ թե ֆավորիտ համարվող աստղային կազմի մասին, այլ 40-ամյա դարպասապահի, որը խաղում է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում, մականունը «տատիկ» է, իսկ կարիերայի ամենամեծ երեկոյից հետո չի կարողանում զսպել արցունքները։

Այս օրերին Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին մեծ սենսացիան հենց այդ պատմությունն էր։ H խմբի առաջին տուրում Իսպանիան՝ աշխարհի ամենաուժեղ հավաքականներից մեկը, Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով ու ՖԻՖԱ-ի վարկանիշի 3-րդ տեղով, դուրս էր եկել խաղադաշտ Կաբո Վերդեի դեմ, որը ՖԻՖԱ-ի վարկանիշում ընդամենը 64-րդն է և ԱԱ-ին մասնակցում է առաջին անգամ։ Շատերը կարծում էին, որ այստեղ ամեն ինչ պարզ է, գոլառատ խաղ է լինելու՝ հօգուտ Իսպանիայի։ Բայց 90 րոպե անց ոչ ոք արդեն չէր հիշում Իսպանիայի մասին։ Շատերն անգամ անկեղծանում են, որ Իսպանիային էին երկրպագում, բայց խաղի կեսից ամբողջ ուշադրությունը Կաբո Վերդեի դարպասապահն էր գրավել։

Ինչպես և կանխատեսվում էր, իսպանացիներն ամբողջ խաղի ընթացքում գրեթե դուրս չէին գալիս մրցակցի տուգանային հրապարակից։ Նրանք 27 հարված են հասցրել դարպասին, որից 7-ը՝ դիպուկ։ Սովորաբար նման թվերից հետո խաղի հաշիվը 0:0 չի լինում, ու արդյունքում ֆավորիտ թիմն ինչ-որ հարմարավետ հաշվով հաղթանակ է տոնում։ Բայց այս անգամ Կաբո Վերդեի դարպասապահը որոշել էր հիշեցնել, որ վիճակագրությունը լավ բան է, բայց միշտ չէ, որ աշխատում է։

Եվ այսպես՝ բացահայտենք խաղի հերոսին։ Ժոզիմար Դիասն է՝ աշխարհի համար արդեն ավելի հայտնի որպես Վոզինյա։ 40-ամյա ֆուտբոլիստը Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահն է արդեն 13 տարի։ Ակումբային կարիերան ևս համեստ է՝ պորտուգալական «Շավեշի» խաղացող է, որը հանդես է գալիս Պորտուգալիայի երկրորդ լիգայում։ Չի խաղացել ոչ «Ռեալ Մադրիդում», ոչ «Բարսելոնայում», ոչ «Մանչեսթեր Սիթիում», ոչ էլ որևէ այլ ակումբում, որի անունը ֆուտբոլից հեռու մարդը գոնե մեկ անգամ լսել է։ Բայց այդ երեկո Վոզինյան իսպանական հարձակմանը դիմակայեց այնպես, ասես ամբողջ կյանքում սպասել էր հենց այդ պահին։

Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Իսպանացի աստղերը չկարողացան գրավել Կաբո Վերդեի դարպասը, իսկ եզրափակիչ սուլիչից հետո տեսախցիկները ֆիքսեցին մրցաշարի առաջին օրերի գլխավոր դեմքերից մեկը։ Վոզինյան խաղադաշտում կանգնած էր հոգնած, հուզված, շոկի մեջ, իսկ արդեն հաջորդ վայրկյանին թիմակիցները նետվում էին նրա գիրկը։ Այդ խաղում նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Ի՞նչ ճանապարհ է անցել Վոզինյան։ Նրա իրական անունը Ժոզիմար Դիաս է։ Նրան այսպես են անվանակոչել բրազիլացի ֆուտբոլիստ Ժոզիմարի պատվին, որը 1986 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ գեղեցիկ գոլ էր խփել Հյուսիսային Իռլանդիայի դարպասը, և այդ գոլը ճանաչվել էր մրցաշարի ամենագեղեցիկներից մեկը։ Կարելի է անգամ պնդել, որ անունը հենց սկզբից էլ ճակատագրական է եղել ֆուտբոլիստի համար։ Բայց աշխարհը նրան ճանաչեց ոչ թե Ժոզիմար անունով, այլ մանկության մականունով՝ Վոզինյա։ Պորտուգալախոս երկրներում ֆուտբոլիստների մականունները սովորական բան են, և Կաբո Վերդեն բացառություն չէ։ Վոզինյայի դեպքում այդ մականունը թարգմանվում է որպես «տատիկ»։

Վոզինյան ծնողների հետ չի ապրել։ Հայրը բանակում էր ծառայում, մայրը միշտ ստիպված էր աշխատել, և տղան մեծացել է տատիկի ու պապիկի հետ։ Թաղի տղաներն իրենից շատ ավելի մեծ էին, բայց նա անընդհատ խաղում էր նրանց հետ փողոցում։ Չէր սիրում պարտվել, իսկ երբեմն դրա դիմաց նաև «պատժվում էր»։ Նրան ծաղրում էին՝ ասելով, որ հիմա կգնա տատիկի ու պապիկի մոտ լացելու և բողոքելու։ Այդպես մանկության բակում նրան Վոզինյա մականունը բաժին հասավ։ Ինքը, իհարկե, երկար ժամանակ չէր սիրում այդ մականունը, բայց կյանքը լավ հումորի զգացում ունի ու հիմա ամբողջ աշխարհը գիտի թե՛ մականունը, թե՛ դրա հետ կապված պատմությունը։

2012 թվականին, երբ Ժոզիմար Դիասը 26 տարեկան էր, առաջին անգամ մեկնեց Կաբո Վերդեից դուրս խաղալու։ Առաջին կանգառը Անգոլայի «Պրոգրեշու» ակումբն էր։ Պարզվեց, որ այնտեղ արդեն Ժոզիմար անունով մեկ այլ դարպասապահ կար։ Ո քանի որ չէր ուզում դառնալ «Ժոզիմար 2», իսկ Կաբո Վերդեում բոլորն իրեն ճանաչում էին Վոզինյա անունով, որոշեց հենց դա էլ պահել։

Ինչպես արդեն հասկացաք, նրա կարիերան մեծ ակումբների մասին չէ։ Վոզինյան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է դարձել միայն 25 տարեկանում։ 2012-ից 2015 թվականներին նա խաղացել է անգոլական «Պրոգրեշուում», հետո Մոլդովայի «Զիմբրուովում», պորտուգալական «Ժիլ Վիսենտեում», Կիպրոսում, Սլովակիայում։ 2024 թվականից էլ հանդես է գալիս «Շավեշում»՝ Պորտուգալիայի երկրորդ լիգայի ակումբում։ Հավաքականում Վոզինյան նոր մարդ չէ։ Նա Կաբո Վերդեի ազգային թիմում նորամուտը նշել է 2012-ին և մասնակցել բոլոր մեծ մրցաշարերին, որոնց իր երկիրը կարողացել է որակավորվել՝ Աֆրիկայի ազգերի չորս գավաթին և այժմ նաև աշխարհի առաջնությանը։

Մի քանի տարի առաջ նա մտածում էր կարիերան ավարտելու մասին։ Վերջին ընտրական մրցաշարում Աֆրիկայի ազգերի գավաթի համար նա նույնիսկ չէր ընդգրկվել հավաքականի կազմում։ Տարիքը, անորոշությունը, հոգնածությունը՝ ամեն ինչ, կարծես, մղում էին դեպի կարիերայի ավարտ։ Բայց թիմակիցները համոզում էին մնալ, որովհետև առջևում աշխարհի առաջնության երազանքն էր։

Իսպանիայի դեմ խաղում դարպասապահը ոչ միայն անառիկ պահեց դարպասը, այլև դարձավ մրցաշարի ռեկորդակիրներից մեկը։ Նա աշխարհի առաջնությունում դեբյուտ կատարած ամենատարեց խաղացողներից է և ամենատարեց ֆուտբոլիստը, որը ներկայացնում է Աշխարհի առաջնության դեբյուտանտ հավաքական։

Խաղից հետո ֆուտբոլիստը լաց էր լինում։ Հետո պատմեց, որ հիշել էր տատիկին ու պապիկին, որոնց հետ անցկացրել է իր ամբողջ մանկությունը, իսկ նրանք այլևս չկան և չեն կարող այդ պահը կիսել իր հետ։ Լաց էր լինում նաև մոր համար։ Ֆուտբոլիստի մայրը՝ Աննա Կանդիդա Էվորան, վիզայի և դրա հետ կապված ծախսերի պատճառով չի կարողացել մեկնել ԱՄՆ և ներկա լինել որդու պատմական խաղին։

Հունվարին ԱՄՆ կառավարությունը Կաբո Վերդեն ընդգրկել էր այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիներն ԱՄՆ մեկնելու համար, վիզայի վճարից բացի, պետք է ներկայացնեին վերադարձվող մինչև 15,000 դոլարի չափով երաշխիքային գումար։ Այդ պահանջի պատճառով Վոզինյայի մայրը չէր կարողացել լրացնել դիմումը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Թրամփի վարչակազմն Աշխարհի առաջնության տոմս ունեցող երկրպագուների համար հանել է այդ պահանջը, բայց այդ պահին արդեն ծախսերը կրկնապատկվել էին ու խանգարել Աննա Կանդիդա Էվորային մեկնել և տեղում տեսնել որդու պատմական ելույթը։

Բայց, հուրախություն ֆուտբոլիստի ու նրա երկրպագուների, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ Վոզինյայի մայրը կկարողանա վիզա ստանալ և ներկա լինել Կաբո Վերդեի հաջորդ խաղին։ Նրա խոսքով՝ վիզայի վճարները չեղարկվել են, և արդեն կազմակերպվում են ճանապարհորդության հարցերը, որպեսզի մայրն ու որդին հանդիպեն։ Ջեֆրիսը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, Պետքարտուղարության պաշտոնյաներին, Կաբո Վերդեի կառավարությանը և ՖԻՖԱ-ին՝ հարցը լուծելու համար։

Ի դեպ, մինչ մայրիկի վիզայի հարցերը կլուծվեին, Վոզինյան իսկական սենսացիա է դարձել նաև համացանցում։ Խաղից առաջ նրա Instagram-ին հետևում էր 56 հազար մարդ։ Հետխաղային հարցազրույցի պահին այդ թիվն արդեն հասել էր 1.8 միլիոնի, հաջորդ օրը՝ հատել 5 միլիոնը, հիմա մոտ 13.5 մլն է կազմում ու ամեն հաջորդ ժամին նախորդ տվյալն արդեն ժամանակավրեպ է, որովհետև թիվը ժամ առ ժամ է փոխվում։ Այնպես որ, ֆուտբոլիստի կարիերան մոտ ապագայում ավարտելուց հետո Վոզինյան կարող է մտածել բլոգերի կարիերայի մասին։

Կաբո Վերդեի համար այս ոչ-ոքին շատ ավելի մեծ հաղթանակ էր, քան այն մեկ միավորը, որ հավաքականը ստացավ։ H խմբում նրանց հետ խաղում են Ուրուգվայը, Սաուդյան Արաբիան և Իսպանիան։ Առաջին տուրից հետո խմբում առաջատար էր Ուրուգվայը, հետո հաջորդում էին Սաուդյան Արաբիան, Իսպանիան և Կաբո Վերդեն, բոլորն էլ մեկ միավորով։ Հաջորդ տուրում Կաբո Վերդեն պետք է մրցի Ուրուգվայի հետ հունիսի 22-ին, ապա հունիսի 27-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ է խաղալու։ Հետևաբար այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Անպայման հետևեք խաղերին ու գուցե ականատես դառնաք նոր ռեկորդի կամ էլ առնվազն՝ պատմության մեջ մտնող նոր անվան։

2026 թվականի Աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, ինքնին պատմական մրցաշար է՝ 48 հավաքական, 12 խումբ, 104 հանդիպում և 39 օր ֆուտբոլ՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Այսպիսի մեծ մրցաշարում դժվար է առանձնանալ։ Այստեղ խաղում են աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստները, հավաքականները գալիս են հսկայական սպասումներով, հեռուստաալիքներն օրերով քննարկում են ամեն մանրուք, իսկ սոցիալական ցանցերը մեկ վայրկյանում հերոսներ են ստեղծում ու հաջորդ վայրկյանին փոխարինում նրանց ուրիշներով։ Ու այդ հսկայական աղմուկի մեջ Վոզինյայի պատմությունը պարզ է, մարդկային ու անգամ հուզիչ։


✍️ Նանե Մանուկյան / PAN