#cinéPAN
October 22, 2023

Խավարի սրտում. Ինչպես է կինոն պատկերում պատերազմի հոգեբանական կողմը

Արդեն վաղուց պատերազմի մասին ֆիլմերը դարձել են ծայրահեղ էքստրեմալ պայմաններում մարդկային հոգեբանության ուսումնասիրման պլատֆորմ` թույլ տալով ինչպես հեղինակներին, այնպես էլ կինոդիտողին մտնել զինծառայողների գիտակցության մեջ, կիսել նրանց էմոցիոնալ խնդիրները, որոնց հետ նրանք բախվում են ռազմի դաշտում։ PAN-ը պատմում է, թե ինչպես են պատերազմական ֆիլմերը պատկերում այդ արհավիրքի հոգեբանական հետևանքները` հետտրավմատիկ սթրեսային խանգարման, բարոյական դիլեմաների, էքստրեմալ պայմաններում մարդու գիտակցության տարբեր վիճակների նկարագրության միջոցով։

Պատերազմի հոգեբանությունը ծայրահեղ բարդ է, ու պատերազմական ֆիլմերը հզոր գործիք են շատ լայն սպեկտրում այն պատկերելու համար` սկսած բարոյական դիլեմաներից, որոնց հետ բախվում են զինծառայողները, մինչև հոգեբանական տրավմաներ, որոնք նրանք ունենում են։ Կինոն այստեղ վերածվում է ոսպնյակի, որի միջոցով հանդիսատեսը կարող է տեսնել պատերազմի ամբողջ ողբերգության խոշորացված պատկերը, ապրումակցել ռազմական գործողությունների մասնակիցների ծանրագույն հոգեբանական վիճակին, դիտարկել պատերազմի երկարատև հոգեբանական ազդեցությունն ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ ամբողջ հասարակության վրա։

ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Ռազմական գործողությունների ուսումնասիրության կարևոր ու համոզիչ ասպեկտներից մեկը կապված է հետտրավմատիկ սթրեսային խանգարման ու զինծառայողների վրա դրա ազդեցության պատկերման հետ։ Անդադար կրկնվող գերուժեղ բացասական ազդեցությունն անձի պսիխիկայի վրա թողնում է ծանր ու խորը հոգեբանական սպիեր` դեպրեսիայի, տագնապայնության բարձր աստիճանի և այլ խանգարումների տեսքով, որոնք առավել ցայտուն են պատերազմի արհավիրքով անցած մարդկանց համար։ Հենց Վիետնամի պատերազմի ծանր հոգեբանական հետևանքները դարձան այն ուժը, որոնք նախորդ դարի 70-ականների վերջին ձևավորեցին այսպես կոչված «Նոր Հոլիվուդի» սերնդի ռեժիսորներին։ Մայք Չիմինոյի «Եղնիկի որսորդը» (The Deer Hunter, 1978) պատերազմական սպիերի մանրակրկիտ ուսումնասիրություն է, սպիեր, որոնք երբեք մինչև վերջ չեն անցնում ու անդադար հիշեցնում են իրենց մասին։

«Եղնիկի որսորդի» ամենատպավորիչ դրվագը կապված է գերության մեջ ռուսական ռուլետկա խաղալու հետ։ Հենց այս դրվագն իր էմոցիոնալ ծանրությամբ կանխորոշելու է կերպարների հետագա հոգեբանական ապրումները նաև քաղաքացիական կյանքում:

Չիմինոն կենտրոնանում է ընկերների խմբի վրա պատերազմի խորն էմոցիոնալ ազդեցության շուրջ, հոգեբանական տրավմաների, որոնց երկարաժամկետ ազդեցությունը կործանիչ է դառնում նաև խաղաղ կյանքում։ Ռեժիսորը կարողանում է ստանալ հետտրավմատիկ սթրեսային խանգարման բավականին ինտիմ ու տագնապով լի պատկեր` հանդիսատեսին անցկացնելով յուրաքանչյուր կերպարի անձնական դժոխքով ու եզրակացնելով, որ խավարի սրտում լինելու ժամանակ ստացած շատ վերքեր երբեք չեն բուժվում։ Նիկը (Քրիստոֆեր Ուոքեն) ոչ մի շանս չունի սովորական կյանք վերադառնալու, չափազանց հիմնավոր ու խորն են նրա հոգեբանական վերքերը։

Տրավմատիկ փորձառությունը կարող է հետապնդել նաև պրոֆեսիոնալ զինվորականներին, ինչը հիանալի ներկայացված է Քլինթ Իսթվուդի «Ամերիկացի դիպուկահարը» (American Sniper, 2014) կենսագրական ֆիլմում` հիմնված Իրաքում բազմիցս ռազմական օպերացիաների մասնակցած SEAL-ի դիպուկահար Քրիս Քայլի մեմուարների վրա։ Այստեղ պատերազմական տրավման ոչ թե զոհին սրընթաց կլանող հրեշ է, այլ դանդաղ սողացող հոգեբանական աղետ, որն աստիճանաբար փոխում է մարդու էմոցիոնալ վիճակը։ Իսթվուդի ֆիլմում դիպուկահարի մարտական փորձը, հակառակորդի կոմբանտանտներին խաղաղ բնակչությունից տարբերելու հետ խնդիրներն ավելի վառ են դարձնում պատերազմի հոգեբանական կորուստների պատկերումը։ Սողացող ու ահագնացող հետտրավմատիկ սթրեսային խանգարումը բարդացնում է քաղաքացիական կյանքում վետերանների վերաինտեգրումը, ու, ինչպես ռազմի դաշտում է մեկը բոլորի համար ու բոլորը` մեկի, այնպես էլ քաղաքացիական կյանքում մեկի կոտրվելն աղետալի է բոլոր մյուսների համար։

Կադր «Ամերիկացի դիպուկահարը» ֆիլմից. Բրեդլի Կուպերը մարմնավորում է Քրիս Քայլին

Պատերազմն ու դրա հետևանքները կարող են կործանարար լինել մարդու համար, իսկ երբեմն` բավարար ուժ տալ` անիմաստ արյունահեղության դեմ պայքարելու։ Հել Էշբիի «Վերադարձ տուն» (Coming Home, 1978) դրաման տրավմաներից բուժվելու ուղիների մասին է։ Սիրային եռանկյունի միջոցով ռեժիսորն ուսումնասիրում է Վիետնամից հետո ստորին վերջույթների պարալիչով վետերան Լյուկ Մարտինի (Ջոն Վոյթ) ներքին պայքարն ու էմոցիոնալ տրավմաները, ինչպես նաև էմոցիոնալ ապաքինման բարդ պրոցեսը։ Սեփական վերքերն ամոքելու ու հանրային աջակցություն չստանալու դեպքում ավելի է խորանում կապն էմոցիոնալ տրավմայի ու խաղաղ կյանքում ինտեգրվելու բարդության միջև, ինչի արդյունքում Լյուկը բազմիցս ականատես կլինի, թե ինչպես են մյուս վետերանները վերջ տալիս իրենց կյանքին։ Ու այստեղ էլ ծնվում է երկընտանքը. պայքարել պատերազմի մսաղացում մարդկանց ոչնչացնող պետական մեքենայի դեմ, կամ հանձնվել։


«Նշանակություն չունի, թե ուր ենք գնում։ Երբ մարտը սկսվի, միակ մարդը, ում դու կկարողանաս վստահել, դու ինքդ ես ու կողքիդ ջահելը»։

«Զինակից եղբայրներ» (Band of Brothers, 2001) հիանալի պատերազմական սերիալում մարտական եղբայրությունը պատման կենտրոնական մասն է


Կան պատերազմական ֆիլմեր, որոնք, չնայած, ուղղակիորեն նվիրված չեն հետտրավմատիկ սթրեսային խանգարման ուսումնասիրությանը, սակայն նրբորեն շոշափում են այդ ցավոտ թեման` փորձելով հնարավորինս նվազեցնել միջամտության հետևանքով առաջացող ալեկոծումները` սառնասիրտ գնահատականի համար։ Քեթրին Բիգելոույի «Փոթորկի տիրակալը» (The Hurt Locker, 2008) գրեթե գիտական հետազոտություն է Իրաքում ամերիկացի սակրավորների առօրյայի մասին։ Ֆիլմը նրբորեն ակնարկում է հոգեբանական սթրեսի ու մարտի նկատմամբ առաջացող կախվածության, մարտական գործողությունների պայմաններում մշտապես գտնվելու արդյունքում տեղի ունեցող հոգեբանական վերադասավորումների ու քաղաքացիական կյանքին ադապտացվելու բարդությունների մասին` չմոռանալով, որ բոլոր մարդիկ տարբեր են, ինչը նշանակում է, որ տարբեր է պատերազմի հոգեբանական ազդեցությունը։

Կադր «Փոթորկի տիրակալը» ֆիլմից. Սակրավորի կյանքը մարտի դաշտում անցնում է կյանքի ու մահվան միջև ամենաբարակ շեղբով

Պատերազմական ֆիլմերում հետտրավմատիկ սթրեսային խանգարման պատկերումը հզոր միջոց է պատերազմի ընթացքում ու դրանից հետո շատ զինծառայողների հոգեբանական ծանր վիճակի մասին հանրության իրազեկվածության բարձրացման համար։ Նման ֆիլմերի միջոցով հանդիսատեսն ինտուիտիվ և էմոցիոնալ կապի մեջ է մտնում վետերանների, նրանց վերապրածի հետ, ինչը կերպարներին խորություն ու մարդկայնություն է հաղորդում։

Կադր «Հին օրերի երգը» ֆիլմից

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ու հասարակության մեջ ինտեգրվելու բարդության մասին խորհրդային նշանակալի ֆիլմերից է Վիկտոր Իվչենկոյի «Իժը» (Гадюка, 1965): Գլխավոր հերոսուհի Օլգան չափազանց վաղ տարիքում է սկսում մասնակցել Քաղաքացիական պատերազմին` անցնելով բազմաթիվ փորձությունների միջով։ Սակայն պատերազմից հետո Օլգայի համար ծայրահեղ բարդ է լինում վերադառնալ քաղաքացիական կյանքի։ Ընդհանրապես, խորհրդային կինեմատոգրաֆում ձգտում էին խուսափել հոգեբանության վրա պատերազմի ազդեցությունից, կամ կերպարները շատ արագ հաղթահարում էին հոգեբանական խնդիրները` «հերոսականությունը» չնվազեցնելու համար։ Թեմայի մասին սկսեցին խոսել միայն Պերեստրոյկայի ժամանակ` նկարագրելով Աֆղանստանի պատերազմի վետերանների ծանր հոգեբանական վիճակը, ովքեր շատ դեպքերում այդպես էլ չէին ապաքինվում հոգեբանական տրավմաներից։

«Հին օրերի երգը» ֆիլմի գլխավոր դրվագը

Սակայն անգամ խորհրդային տարիներին ռեժիսորները փորձում էին ուսումնասիրել թեման։ Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» (1982) դրամայի իրադարձությունները ծավալվում են Լենինականում` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ու արհավիրքի արձագանքը քաղաքի կյանքում սարսափելի ուժեղ է։ Այստեղ և «սև թուղթ» բերող Նիկոլն է (Մհեր Մկրտչյան), ում հոգեբանական ապրումներն առավել սուր են պատկերված իր պարտականությունների կատարման կոնտեքստում, և զինվորական հաշմանդամ Մուշեղը (Շահում Ղազարյան), ում վարքագիծն ունի հետտրավմատիկ սթրեսային խանգարման դասական դրսևորումներ։ «Հին օրերի երգը» մարդու և պատերազմի փոխհարաբերությունների, պատերազմական չբուժվող վերքերի ու հույսի համադրման հրաշալի իլյուստրացիա է։

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԻԼԵՄԱՆԵՐ

Ոչ պակաս ազդեցիկ է պատերազմական ֆիլմերում բարոյական դիլեմաների պատկերումը։ Պատերազմը մարդու համար անսովոր ու ծայրահեղ սթրեսային միջավայր է, երբ նա անդադար բախվում է այլոց մահվան ու սեփական մահվան հեռանկարի հետ։ Պատերազմական իրավիճակը շատ արագ փոխում է մարդուն, այդ փոփոխությունները հաճախ անկանխատեսելի են, ու դրանց արդյունքում մարդու գործողությունները` բացարձակ խորթ մինչև պատերազմն իր վարքագծի համար։ Նմանատիպ ֆիլմերը հաճախ խորապես քննարկում են էթիկական խնդիրները, այն, թե ինչպես է պատերազմը ստուգում մարդու բարոյական իդեալների ամրությունը, չարի ու բարու մասին պատկերացումները` հաճախ ջնջելով դրանց միջև սահմանը։

Կապիտան Բենջամին Ուիլարդը (Մարտին Շին) բացում է դժոխքի դարպասները. Կադր «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմից

Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» (Apocalypse Now, 1979) մոնումենտալ կինոկտավը` ոգեշնչված Ջոզեֆ Կոնրադի «Խավարի սիրտը» երկով, հանդիսատեսին ուղեկցում է դեպի պատերազմական խավարի ամենախորն անդունդը, որտեղ մարդն այլևս դադարում է մարդ լինել, իսկ բարոյական սկզբունքներն ընդամենը անցյալի ուրվականներ են. միայն ռազմի ու ավերածության աստվածն է վերածվում միակ ու կենտրոնական բարոյականության։ Կոպպոլան բարձրացնում է պատերազմ վարելու ու մարդկային հոգեբանության վրա նման ընտրության ազդեցության մասին խորն էթիկական հարցեր։ Մարլոն Բրանդոյի մարմնավորած գնդապետ Կուրցը` տեղական ռազմի ու ավերածության աստվածը, խորհրդանշում է պատերազմի թատերաբեմում բարոյականության ու մարդկայինի ոչնչացումը, քաոսն ու սարսափը, որ սփռում է պատերազմը։


«Սիրում եմ նապալմի հոտն առավոտները»

Փոխգնդապետ Քիլգոր


Բարոյական դիլեմաներից կենտրոնականը պատերազմում հակառակորդի դեհումանիզացիան է, երբ թշնամական զորքն ու անգամ խաղաղ բնակիչները չեն ընկալվում որպես մարդ, հետևաբար՝ նրանց հետ կարելի է վարվել համապատասխան ձևով: Սթենլի Կուբրիկի «Ամբողջապես մետաղական թաղանթ» (Full Metal Jacket, 1987) ֆիլմում ուսումնասիրվում է ռազմական պատրաստության ու հետագայում՝ մարտական գործողությունների դեհումանիզացնող ազդեցությունը: Ֆիլմի առաջին կեսը նվիրված է ծովային հետևակայինների պատրաստության դաժան փորձին՝ շեշտելով սովորական մարդկանց վերածվելը զինվորների, ովքեր պետք է կոտրեն իրենց մեջ մարդկայնությունը՝ ռազմի դաշտում գոյատևելու համար: Երկրորդ մասում զինվորներն արդեն Վիետնամում են՝ բախվելով անմեղության կորստի ու բարոյական բարդ դիլեմաների հետ իրական մարտական գործողություններում: Կուբրիկը սովորական մարդկանց ամբողջական մետաղական թաղանթներով պատող պրոցեսը նկարագրելիս չի մոռանում, որ անգամ այդ ընթացքին դիմանում է ոչ ցանկացած պսիխիկա, էլ չասած բուն մարտական գործողությունների մասին: «Ամբողջապես մետաղական թաղանթը» հակապատերազմական ֆիլմ է՝ Կուբրիկին հատուկ անէմոցիոնալ, անողոք, հստակ ինտելեկտուալ կառուցվածքով, չոր ու ֆորմալ, ինչպես դատավճիռը, ճշգրիտ, ինչպես մաթեմատիկան:

18+ | Շարքային Լեոնարդ Լոուրենսի ողբերգությունը «Ամբողջապես մետաղական թաղանթ»-ում այն գինն է, որ զինվորները վճարում են իրենց մեջ մարդկայնությունը կոտրելու ճանապարհին

Կուբրիկին կինոն, ընդհանրապես, միշտ նման է դատական պրոցեսի ու դրա արդյունքներով կայացված, մեծամասամբ, խիստ դատավճռի: 1957-ին էկրաններ բարձրացած «Փառքի արահետներ» (Paths of Glory) ֆիլմում այլաբանական դատարանը վերածվում է իսկականի՝ Առաջին աշխարհամարտի տարիներին սպաների ու զինվորների առջև ծառացող բարոյական դիլեմաների կոնտեքստում: Պատերազմներում բարդ, ծանր որոշումներ են կայացվում, օրինակ՝ մարդկանց ուղարկում են ինքնասպան մարտական խնդիրների կատարման. հաջողության դեպքում այդ հաջողությունը բոլորինն է, սակայն անհաջողության համար պատասխանատու է որոշում կայացնողը: Կուբրիկը սկուրպուլյոզ ու սառնասիրտ կերպով ուսումնասիրում է նման որոշումների ազդեցությունը զինվորների բարոյական ոգու ու ներգրավված սպաների հոգեբանական վիճակի վրա:

Սերժանտ Բարնսը (աջից) կինոքննադատների մոտ տարբեր մեկնությունների հիմք է դարձել, սակայն առանցքայինը պատերազմական քաոսի մարմնավորումն է

Առավել ցայտուն, կոպիտ ու սենտիմենտներից ազատ պատերազմական կինոներում բարոյական դիլեմաները ներկայացվում են որպես կյանքի փաստ, հատկապես, եթե ռեժիսորն ինքն է մասնակից եղել նման իրադարձությունների ու ինքն է բախվել նման հոգեբանական խնդիրների հետ: Օլիվեր Սթոոունի «Դասակը» (Platoon, 1986) ֆիլմում կամավոր նորակոչիկ Քրիս Թեյլորը (Չառլի Շին) բախվում է պատերազմի մասին իր ռոմանտիզացված ու հերոսական պատկերացումների կտոր-կտոր լինելու հետ այն բանից հետո, երբ հայտնվում է իրական ռազմի դաշտում: Պատերազմը, ըստ Սթոունի, կեղտոտ գործ է, սակայն այստեղ ևս կա հակասություն պատերազմի դաժանության ու առանձին զինվորի բարոյական զգացումների միջև: Առաջինը մարմնավորում է սերժանտ Բարնսը (Թոմ Բերենջեր), ով իրա գործած անմարդկային գործողություններն արդարացնում է սեփական կյանքը պահպանելու անհրաժեշտությամբ, իսկ երկրորդը՝ սերժանտ Էլայասը (Ուիլեմ Դեֆո), ում համար բարոյական ընտրությունը կուռ է ու անսասան: Պատման ընթացքում հասկանալի է դառնում, թե որ կողմն է որպես կանոն հաղթում իրական կյանքում:

Բարոյական դիլեմաներ քննարկող պատերազմական ֆիլմերը, որպես կանոն, ունեն բավականին բարդ դրամատուրգիական ստրուկտուրա ու մեկնության լայնություն: Պատերազմական իրավիճակում որոշումների կայացումը հեռահար ազդեցություն է թողնում կայացնողի հոգեբանական և էմոցիոնալ վիճակի վրա, սակայն դրանք որոշումներ են, որոնցից, հաճախ, կախված են լինում մարդկային կյանքեր, հետևաբար` ընտրվում է չարյաց փոքրագույնը: Այս ֆիլմերը ստիպում են հանդիսատեսին մտածել այն բարդ ընտրության մասին, որի հետ բախվում են մարդիկ մարտի դաշտում, ու այն էմոցիոնալ կորուստների, որ այդ ընտրությունը մարդկանց պատճառում է:

Էլեմ Կլիմովի «Գնա և նայիր» (Иди и смотри, 1985) բոլոր ժամանակների ամենաազդեցիկ պատերազմական ֆիլմերից է, որն ուսումնասիրում է պատերազմի հասցրած վերքերը ոչ միայն առանձին զինվորի, այլ հասարակության մակարդակով

Սուր բարոյական դիլեմայի հետ է բախվում Գրիգորի Չուխրայի «Քառասունմեկերորդը» (Сорок первый, 1956) պատերազմական դրամայի գլխավոր հերոսուհին` Մարիան։ Հայտնվելով թշնամու հետ անմարդաբնակ կղզում ու մտերմանալով նրա հետ` գլխավոր հերոսուհին հայտնվում է բարդ բարոյական ընտրության առաջ` անձնական զգացմունքների ու պարտքի զգացման միջև։ Ընդհանուր զրկանքների արդյունքում նախկին թշնամիների մտերմությունն ու որպես հետևանք առաջացող ներքին պայքարն ուսումնասիրվում են շատ ֆիլմերում, սակայն դա բավականին բարդ դրամատուրգիական խնդիր է, ու Չուխրայի ֆիլմն այս առումով դասական է։

Պատկերացրեք, որ Հայրենական մեծ պատերազմի արհավիրքով մինչև Բեռլին հասած զինվոր եք։ Ու ամենակատաղի մարտերից և ձեր մարտական ընկերներից ձեզ կտրում են` տարօրինակ հանձնարարություն տալով. անհրաժեշտ է Երևանի կենդանաբանական այգի հասցնել ինչ-որ փիղ։ Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը» (1977) ֆիլմում գլխավոր հերոս Արմենակ Գասպարյանը (Մհեր Մկրտչյան) հայտնվում է բարդ բարոյական դիլեմայի առաջ` խաղաղությունը դանդաղ վերադարձնել հայրենիք` վերջնական հաղթանակը թողնելով մյուսներին, կամ ինչ-որ բան անել մարտական ընկերներին միանալու համար։ Այստեղ նաև ռազմաճակատում մնացած ընկերներին թողնելու հետ կապված մեղքի զգացումն է որպես գլխավոր հերոսի ուղեկցություն։

ՎԵՐԱՊՐԱԾԻ ՄՈՏ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ

Պատերազմը դաժան երևույթ է: Այն կոտրում է մարդուն հոգեբանորեն, խլում կյանքեր, ստիպում բարդ որոշումներ կայացնել, տառապանք է պատճառում անգամ ավարտվելուց հետո: Ռազմական գործողությունների մասնակցած մարտիկները բախվում են նաև այսպես կոչված վերապրածի մեղքի զգացման հետ. ինչո՞ւ ես ողջ մնացի, իսկ իմ ծառայակիցները՝ ոչ, ինչո՞վ եմ ես արժանացել կենդանի մնալուն: Կինոյում սա սուր և էմոցիոնալ առումով խիստ լիցքավորված թեմա է, նման ֆիլմերում ուսումնասիրվում են զինվորների էմոցիոնալ ու հոգեբանական կորուստները, զինվորների, ովքեր ողջ են մնացել, իսկ ընկերները՝ ոչ:

Կադր «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմից

Վերոնշյալն ուղղակիորեն կապված է պարտքի և եղբայրության զգացումի հետ, ի վերջո՝ պատերազմը ոչ միայն արհավիրք է, որը կոտրում է մարդկանց, այլև իսկական ընկերության թրծման դարբնոց: Ու այդ զգացումը երբեմն կարող է այնքան ուժեղ լինել, որ ստիպի մարդուն, առաջին հայացքից, իռացիոնալ որոշումներ կայացնել: Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» (Saving Private Ryan, 1998) ֆիլմը պատմում է մեկ վաշտում ծառայող զինվորների խմբի մասին, ովքեր պետք է գտնեն ու տուն վերադարձնեն շարքային Ջեյմս Ֆրենսիս Ռայանին. վերջինիս երեք եղբայրը զոհվել են պատերազմում: Ֆիլմի ամբողջ ընթացքում կերպարները պայքարում են պատերազմի դաժան իրականության մեջ ընկերներին կորցնելու էմոցիոնալ բեռի հետ. Օմահա լողափում զորքերի դուրս գալու դրվագը ֆիլմի ամենասկզբում պատերազմական հրեշի ամենակուլ երախի խիստ արտահայտիչ ցուցադրություն է, սակայն կենդանի մնացածները՝ կապիտան Ջոն Միլլերի (Թոմ Հենքս) գլխավորությամբ կրում են պատասխանատվության ու մեղքի զգացումը նրա համար, որ ողջ են մնացել, իսկ մյուսները զոհվել են: Առավել ցայտուն է հոգեբանական այս նյուանսն արտահայտվում Ռայանին հայտնաբերելուց հետո. վերջինս ուղղակի հրաժարվում է լքել իր մարտական ընկերներին խիստ բարդ իրավիճակում:

«Բարակ կարմիր գիծը» տեղ-տեղ խիստ մեդիտատիվ պատում է, սակայն երբեմն վերածվում է դժոխքի շրջանների արտապատկերման

«Ռայանի» հետ նույն տարում դուրս եկած ու «Օսկարի» համար մրցավազքին մասնակցող «Բարակ կարմիր գիծը» (The Thin Red Line, 1998) էպիկական պատերազմական դրամայի իրադարձությունները ծավալվում են Գուադալկանալի համար մարտերի ընթացքում: Թերենս Մալիկի ֆիլմերն ընդհանուր առմամբ խիստ մեդիտատիվ են, սակայն այս դեպքում դա նպաստում է պատման խորությանը. պատերազմի դաժանության պայմաններում զինվորների ներքին պայքարն ու էմոցիոնալ խռովությունը բացահայտում են նրանց խորը մտորումները գոյատևման ու մարտական ընկերներին կորցնելու մասին:


«Իմ կառավարությունը երբեք բանակցություններ չի վարելու իմ համար»

«Սև բազեի անկումը» շեշտում է Սոմալիի տապալված օպերացիայում ԱՄՆ կառավարության նկատողությունը


Պիտեր Բերգի «Ողջ մնացածը» (Lone Survivor) մարտական գործողությունների ընթացքում միակ փրկվածի կոմպլեքսը հասցնում է աբսոլյուտի։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, երբ SEAL հատուկ նշանակության ջոկատից Աֆղանստանում ողջ է մնում միայն մեկը` առաջին դասի ավագ Մարկուս Լատրելը (Մարկ Ուոլբերգ)։ Իհարկե, փոթորկային բլոկբաստերների վարպետ Պիտեր Բերգից ոչ ոք չէր սպասում լուրջ դրամատիկ կինո, սակայն «Ողջ մնացածը» զգալի կինեմատոգրաֆիկ առաջընթաց է ռեժիսորի կարիերայում։ Մեղքի զգացումը, որ ունի Լատրելը, որպես միակ կենդանի մնացած, հարցը` ինչու նա ողջ մնաց, երբ իր մարտական ընկերները զոհվել են, շեշտում է զինվորների միջև խորը կապն ու մարտի դաշտում ընկերներին կորցնելու էմոցիոնալ կորուստը։

Կադր «Սև բազեի անկումը» ֆիլմից

Կենդանի մնացածները բախվում են ոչ միայն մեղքի զգացման, այլև տվյալ ռազմական օպերացիայի իմաստն ու ավելի լայն կոնտեքստը հասկանալու խնդրի, մանավանդ, երբ օպերացիան բավարար լավ չէր պլանավորած։ Ռիդլի Սքոթի «Սև բազեի անկումը» (Black Hawk Down, 2001) Սոմալիում ԱՄՆ զինված ուժերի տապալված ու բազմաթիվ կորուստներով ռազմական օպերացիայի իրական պատմությունը էկրաններ է տեղափոխում ոչ այնքան մեղավորներ փնտրելու, որքան կոնֆլիկտի քաոսն ու դաժանությունը ցույց տալու համար` շեշտելով մարտական ընկերների կորստի պատճառով առանձին ողջ մնացածների մոտ մեղքի զգացումն ու վերևներից եկող հրամանների վրա որևիցե կերպ ազդելու անկարողությունը։

Պատերազմական ֆիլմերը, որոնք ուսումնասիրում են կենդանի մնացածների մոտ մեղքի զգացումը, շեշտում են մարտի դաշտում ընկերներին կորցնելու խորը էմոցիոնալ ու հոգեբանական հետևանքները։ Այդ ֆիլմերը պատկերում են զինվորների միջև առաջացող պինդ կապն ու ցավը, որն ուղեկցում է կենդանի մնալու հետ կապված պատասխանատվության ու անարդարության զգացումը։

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՌԵԻՆՏԵԳՐԱՑԻԱ

Այսքանի հետ մեկտեղ, մարդը խիստ ադապտացվող է ու կարող է հարմարվել ցանկացած իրավիճակի։ Ի վերջո, ոչ բոլորի մոտ է առաջանում հետտրավմատիկ սթրեսային խանգարում կամ մեղքի զգացում ողջ մնալու համար, իսկ եթե առաջանում է, ապա շատերը դրանք հաղթահարում են։ Պատերազմի մասնակիցների համար, հատկապես երկարատև ու դաժան կոնֆլիկտներից հետո, սովորական կյանքի վերադառնալը բարդ ու հաճախ ցավալի պրոցես է, ու կինոն ուսումնասիրում է նաև դա։ Այս ֆիլմերը հաճախ ցույց են տալիս խնդիրների առաջ մարդկանց ամրությունը ու լույս են սփռում այն բարդությունների վրա, որոնք վետերաններն ունենում են հասարակության մեջ վերաինտեգրման փորձի ընթացքում։ Այս ֆիլմերը շեշտում են այն մարդկանց ուժն ու վճռականությունը, ովքեր պայքարում են ֆիզիկական և էմոցիոնալ տրավմաների դեմ, փորձում են վերականգնել հարաբերությունները հարազատների հետ ու ադապտացվել հասարակությանը, որը կարող է ամբողջությամբ չընկալել իրենց ապրումները։

Կադր «Մեր կյանքի լավագույն տարիները» ֆիլմից

Այս թեմայով հռչակավոր ֆիլմերից է Ուիլյամ Ուայլերի «Մեր կյանքի լավագույն տարիները» (The Best Years of Our Lives, 1946) դասական դրաման, որը պատմում է Երկրորդ աշխարհամարտի երեք վետերանի մասին, որոնք պատերազմից հետո վերադարձել են իրենց հայրենի քաղաքը։ Ֆիլմը քննարկում է քաղաքացիական կյանքում ինտեգրվելու հետ կապված խնդիրները, այդ թվում` աշխատանքի որոնման, ընտանեկան բարդ հարաբերությունների, հետպատերազմական տրավմաների հետ կապված։ Այն ցույց է տալիս փոփոխվող աշխարհին ադապտացվել փորձող վետերանների տոկունությունը։

Պատերազմը փոխում է մարդկանց աշխարհայացքն ու սկզբունքները. դրանից առաջ ու հետո քաղաքացիական կյանքում լրիվ տարբեր մարդիկ են։ Օլիվեր Սթոունի «Հուլիսի չորսին ծնվածը» (Born on the Fourth of July, 1989) հակապատերազմական դրաման պատմում է Վիետնամի պատերազմի վետերան Ռոն Կովիչի (Թոմ Քրուզ) իրական պատմությունը, ով մինչև պատերազմը սեփական պետության հպարտ քաղաքացի էր, լիովին ընդունում էր ամերիկյան իդեալներն ու առաջնորդվում դրանցով։ Սակայն պատերազմական դժոխքն անցնելուց ու տուն վերադառնալուց հետո պետության անտարբերության հետ բախվելով` Կովիչը փոխում է իր համոզմունքներն ու դառնում հակապատերազմական ակտիվիստ։ Սթոունը, լինելով վետերան, շատ լավ է հասկանում իր հերոսին. նա պատմում է սեփական ֆիզիկական ու հոգեբանական վերքերի դեմ Կովիչի անդադար պայքարի, ֆանատիկ ծովային հետևակայինից մինչև հակապատերազմական ակտիվիստ նրա անցած ճանապարհի, խնդիրների առաջ մարդկային ոգու տոկունության մասին։

Կադր «Հուլիսի չորսին ծնվածը» ֆիլմից

Մարտական գործողությունների մասնակիցները հաճախ պատերազմն իրենց հետ տանում են տուն, իսկ երբեմն խաղաղ պայմաններում իրենց ծառայությունը շարունակում է կապված մնալ պատերազմի հետ։ Այս դեպքում վերաինտեգրումը շատ ավելի բարդ է։ Օրեն Մովերմանի «Սուրհանդակը» (The Messenger) պատմում է ամենածանր պարտականության մասին, որ կարող է բաժին հասնել պատերազմի մասնակցած զինծառայողին. սերժանտ Ուիլ Մոնտգոմերին (Բեն Ֆոսթեր) առաջինը պիտի հայտնի զոհվածների հարազատներին ցավալի լուրը։ Ֆիլմն ուսումնասիրում է այս պարտականության էմոցիոնալ հետևանքները զինվորների համար ու շեշտում ամրությունը, որ անհրաժեշտ է մարդուն` նմանատիպ բարդ և էմոցիոնալ առումով պահանջկոտ աշխատանքի կատարման համար։


Մեր նյութում փորձեցինք ֆիլմերը բաժանել կատեգորիաների, սակայն, խիստ ասած, այդ բաժանումը պայմանական է։ Հստակ սահման հետտրավմատիկ սթրեսային խանգարման, բարոյական դիլեմաների կամ վերաինտեգրման միջև պատերազմական ֆիլմերում չկա, միևնույն ֆիլմն այս կամ այն կերպ անդրադառնում է բոլոր թեմաներին։ Ու այդ ֆիլմերը շատ են, այնպես որ բոլորի մասին մեկ նյութում խոսելն անհնար կլիներ։ Կարևորը, որ պատերազմի մասնակիցների հոգեբանական ապրումները եղել ու մնում են կինոյի ուշադրության կենտրոնում։ Չխոսեցինք նաև Արցախյան պատերազմի թեմայով ֆիլմերի մասին, որովհետև նպատակ ունենք դրանց անդրադառնալ առանձին նյութով։


🎬 Արման Գասպարյան / PAN