#մշակութաPAN
March 20

Ասլամազյանների հույն պապը, Կալենցի արիստոկրատ արվեստն ու Լավինայի խստադեմ հայացքը. Ի՞նչ է պատկերել հայ կնոջ վրձինը

Ասլամազյան քույրերից մինչև Կալենց ու Նալբանդյան. Կերպարվեստում հայ կանանց անունները քիչ չեն, բայց, անշուշտ, այս անուններն արժանի են շատ ավելի բարձր ու շատ ավելի հաճախ հնչել։ Պատմում ենք մեզ ստեղծագործական մեծ ժառանգություն թողած նկարիչներից մի քանիսի մասին՝ հույսով, որ նրանց ապրած կյանքն ու թողած հետքը ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդ հայուհիների համար։

ՄԱՐԻԱՄ ԵՎ ԵՐԱՆՈՒՀԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆՆԵՐ

Ասլամազյան քույրերը ծնվեցին Ալեքսանդրապոլի մոտակայքում գտնվող Բաշ-Շիրակ գյուղում, ուսանեցին Ալեքսանդրապոլում, Երևանում, Մոսկվայում, ճանապարհորդեցին ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից մինչև Ասիա։ Նրանց կտավներում իրենց ապրած կյանքի, այցելած վայրերի, տեսածի ու լսածի բոլոր երանգներն էին, բայց հայրենի բնության գույները միշտ գերակշռող էին։

Ի դեպ, քույրերի արյան մեջ հայկականից բացի նաև հունականի տարրեր կային։ Նրանց հորական պապը՝ Սիմոն Ասլամազը հույն էր։ Սիրահարվել էր մի հայուհու, ամուսնանալու նպատակով դարձել էր Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ ու անգամ ազգանվանը «յան» էր ավելացրել՝ հայկական միջավայրին ամբողջությամբ ձուլվելու համար։

Քույրերի տաղանդը փոքր տարիքից են նկատել։ Ու զարմանալի չէ, որ առաջինը նրանց նկարչության ուսուցիչն էր։ Հենց նրա խորհրդով էլ աղջիկները ընդունվել են Ալեքսանդրապոլի նկարչական ստուդիա։ Իսկ հետո՝ ամեն բան մի տեսակ «կանխորոշված» սցենարով։ Կրթություն Երևանում, ապա Մոսկվայում։ Բայց այս մեկ նախադասության մեջ մի ամբողջ կյանք են ապրում քույրերը։ «Կուլակի աղջիկները» ֆինանսական լավ պայմաններից հետո միանգամից համարվում են հասարակության «ամենացածր խավը» ու իրենց հոր երբեմնի կարողության պատճառով ոչ միայն ֆինանսական, այլև սոցիալական, ինչպես նաև հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրներ են ունենում։

Մարիամ Ասլամազյանը

Բայց սա միայն ժամանակի հարց էր։ Անցնում են տարիներ ու քույրերը դառնում են ոչ միայն Սովետական Հայաստանի, այլև ամբողջ Սովետական Միության ամենաազդեցիկ ու սիրելի արտիստներից։ Նրանք կարողանում են ապացուցել, որ «արվեստը սեռով պայմանավորված չէ» ու պատրիարխատ բարքերն արվեստում տեղ չունեն։ Արդյունքում ստանում են միջազգային փառք, պարգևներ, տիտղոսներ ու իհարկե՝ հանրային մեծ գնահատանք։

Երանուհի Ասլամազյանը

Ստեղծագործական բուռն շրջանում քույրերը Հայաստանում անցկացնում էին իրենց ամառային արձակուրդներն ու հենց այստեղ էլ գտնում էին իրենց ոգեշնչումը։

«Մենք ամեն ամառ գնում էինք Հայաստան։ Այն ժամանակ մեզ միայն արվեստն էր հետաքրքրում և մենք ցանկանում էինք պատկերել վերածնված Հայաստանը, ազատ և գեղեցիկ երկիրը։ Մենք հիացմունքով նկարում էինք մեր գույնզգույն լեռները, խշխշան գետերը, բարակ ծառերը և շքեղ արևավառ մրգերը։ Դա մեզ օգնեց գտնելու մեր ձեռագիրն արվեստում»:

Բայց Ասլամազյանների թողած ժառանգության մեջ մի վառ գույն կպակասեր, եթե չլինեին նրանց ճամփորդություններն ու այլ երկրների մշակույթին ու կենցաղին ծանոթանալու յուրահատուկ փորձը։ Մարիամ Ասլամազյանն ասում էր՝

«Գույնն ինձ համար սիմֆոնիայի պես է, ուր ամեն հնչյունն իր սեփական տոնայնությունն ունի, ամեն գույն իմաստ ունի, իսկ գունային յուրաքանչյուր կետ՝ իր չափն ու տեղը: Չեմ կարող սկսել աշխատանքը մինչև չորոշեմ կտավի կոլորիտը»:
Մարիամ Ասլամազյանը

Ի դեպ, Հնդկաստան կատարած երկրորդ ուղևորության ընթացքում Մարիամ Ասլամազյանը հանդիպել էր Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին։ Մարիամի հուշերից պարզ է դառնում, որ Գանդին նրանից հետաքրքրվել է հայկական ազգային արծաթե գոտիով ու պատմել, որ պատրաստվում է այցելել Սովետական Միություն, ինչպես նաև Հայաստան։

«Սա ի՞նչ է,- նա հարցրեց։ Ես բացատրեցի, որ սա ավանդական հայկական զարդ է, որը կանայք փոխանցում են սերունդե սերունդ։ Ես առաջարկեցի այն նվիրել իրեն, բայց նա հրաժարվեց՝ նշելով, որ դիմանկարը արդեն իսկ մեծ նվեր է և ես պետք է ինձ պահեմ իմ գոտին, որպես հիշատակ իմ նախնիներից։ Հետո նա ինձ նաև պատմեց, որ պլանավորում է այցելել Սովետական Միություն, ցանկանում է լինել Մոսկվայում և մեր հայրենիքում՝ Հայաստանում, որի մասին ինքը շատ լավ բաներ է լսել»:
Մարիամ Ասլամազյանը և Ինդիրա Գանդին

Այս հանդիպումից տարիներ անց Հնդկաստանի վարչապետն իսկապես այցելել է Հայաստան ու հենց Մարիամի խորհրդով պետական այրերը Գանդիին և նրա հարսներին հայկական ազգային զարդեր են նվիրել։

Թեև քույրերի անունները հաճախ են միասին արտաբերում, նրանց անցած ճանապարհն էլ հաճախ նույն հարթության վրա դնում, բայց Մարիամն ու Երանուհին իրարից բավականին տարբեր էին մտածում ու ստեղծագործում։ Երանուհին ռեալիզմի ոճում էր ստեղծագործում ու մեղմ գույներ էր նախընտրում։ Մարիամն ավելի կտրուկ ու հստակ էր թե՛ գույների ընտրության, թե՛ լուծումների ու կոնտրաստների առումով։

Երանուհի Ասլամազյան, «Սինգալուհու դիմանկարը», 1961 թ.
Մարիամ Ասլամազյան, «Պղպեղներ. բոց» 1978 թ.

Երանուհին մահացավ 88 տարեկանում, Մարիամը՝ 99: Նրանց թողած ժառանգությունն այսօր հայ գեղանկարչության լավագույն նմուշներից է, իսկ նրանց ապրած կյանքը՝ վառ օրինակ երիտասարդ աղջիկների համար։

ԼԱՎԻՆԻԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ

Շատերը կասեն, որ նկարչի ընտանիքում ծնվելը հաճախ արդեն կանխորոշում է երեխաների մասնագիտական ընտրությունն ու առաքելությունը։ Բայց երբ քեզ անվանակոչում են ի պատիվ իտալացի նկարիչ Տիցիանի դստեր՝ այլևս ոչ մի կասկած չի մնում։ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրն էր։ Հայրը նրան իսկապես Տիցիանի դստեր անունով էր կոչել։

Աշխարհում որևէ երկու մարդ իրար նման չէ, բոլորն էլ յուրօրինակ են, իսկ երբ խոսքը գնում է արվեստագետների մասին՝ այս յուրօրինակությունն առնվազն տասնապատկվում է։ Բայց Լավինիային հաճախ էին անվանում հայազգի Ֆրիդա Կալո։ Ի դեպ, Ասլամազյան քույրերին՝ ևս։

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, «Զուլեյկայի դիմանկարը», 1971 թ.

Լավինիայի դեպքում երկու ընդհանրություն կարելի էր գտնել։ Մեկը արտաքին ինչ-որ նմանություններն էին, արտահայտիչ դիմագծերը, մյուսը՝ դիմանկարների հանդեպ սերը։ Նկարչուհու վաստակը դիմանկարի ժանրում իսկապես մեծ է։ Նրա դիմանկարները չորս խմբի կարելի է բաժանել։ Արվեստագետ-ընկերների դիմանկարները, հարազատ-բարեկամների դիմանկարները, աշխատավոր մարդկանց դիմանկարներն ու ինքնադիմանկարները։

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, ինքնադիմանկար, 1979 թ.

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարները ռեալիստական են։ Դրանք պատկերում են մարդու դիմագծերը՝ ամենայն ճշգրտությամբ ու բոլոր դետալներով, նաև ընդգծում են բնորդի հոգեվիճակը, տրամադրությունն ու բնավորությունը։

Նկարչուհին ասում էր՝

«Եթե նման չէ, նշանակում է, չեմ սիրել բնորդին»:
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, «Մարտիրոս  Սարյանի դիմանկարը», 1972 թ.

Լավինիա  Բաժբեուկ-Մելիքյանի կտավներում մշտապես գույների, կոնտրաստների, լույսի ու ստվերի միջոցով ստեղծված շարժ կար։ Շահեն Խաչատրյանը ընդգծում էր՝

«Լավինիայի հերոսները կամ ուրախ են, կամ տխուր, բայց բնավ երբեք քարացած, անարյուն»:

Նկարչուհու ինքնադիմանկարները քննարկման մի այլ թեմա են։ Նա այն արտիստներից է, որ ստեղծագործական կյանքի ամբողջ ընթացքում անդրադարձել է ինքնադիմանկարներին ու այդ կերպ կարծես ամփոփել նաև ստեղծագործական այս կամ այն շրջանը։ Առաջին ինքնադիմանկարը ստեղծել է 1943 թվականին՝ 21 տարեկանում: Վերջին ինքնադիմանկարներում պատկերված է նկարչուհու ծերությունը։ Բայց այս կտավներում մի բան գրեթե միշտ անփոփոխ էր՝ Լավինիայի խստադեմ հայացքը։

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, «Ինքնադիմանկար խճանկարի ֆոնին», 1982 թ.

Նկարչուհին մեծ ժառանգություն է թողել, բայց, ցավոք, նրա կյանքի վերջին տարիները հաճախ այլ առիթով են հիշատակվում։ 2003 թվականին անհայտ անձինք մտել էին Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Տերյան փողոցում գտնվող բնակարանն ու գողացել նրա հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 21 կտավներ։ Մեծ վարպետը տուն-թանգարան չուներ և նրա ստեղծագործությունների մի մասը դստեր տանն էին պահվում։ Այն ժամանակ Լավինիան պատմում էր՝

«Բանալին չէր մտնում, երկրորդ բանալիով եմ փորձում, եւ դուռը բացվում է։ Ներս եմ մտնում եւ հանկարծ տեսնում եմ՝ սենյակի դուռը բաց է, որի մեծ պատի վրա երկու շարքով փակցված էին հայրիկիս համաշխարհային 21 գլուխգործոցները, որոնք բոլորը գողացվել են»:

Այս դեմքից երկու տարի անց նկարչուհին մահացավ։ Ասում են, որ ծանր ապրումները և անկարողության զգացումը դարձան նրա մահվան պատճառը։ Իսկ կտավները մինչև օրս էլ չեն հայտնաբերվել։ Այս տարիների ընթացքում դեպքի հետ նոր, արյունոտ պատմություններ են կապվել ու կծիկն ավելի է խճճվել։

ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑ

Երբ 1946 թվականին Արմինե Կալենցն ամուսնու՝ նկարիչ Հարություն Կալենցի հետ ներգաղթեց Խորհրդային Հայաստան, նպատակն ու ցանկությունը մեկն էր՝ ապրել հայրենիքում և սեփական աշխատանքով ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում։ Բայց այս տեղափոխությունն ու դրա հետ առաջացած փոփոխությունները հարթ անվանելը մեղմ ասած սխալ բնորոշում կլիներ։

Տարիներ հետո Արմինե Կալենցն իրենց այս որոշումն ու դրան հաջորդած իրականությունը մեկնաբանում էր մի պարզ ճշմարտություն հիշեցնելով։ Հարցին, թե ինչպե՞ս դիմակայեցիք, պատասխանում է՝

«Կդժվարանամ պատասխանել, որովհետև պատճառ է լինում, որ վերհիշեմ բաներ, որոնք կուզենայի այլևս չվերհիշել: Բայց երբ որ քո մեջ կայուն կարոտը կա Հայրենիք կոչված երևույթի, շատ բան սկսում ես անտեսել, մոռանալ: Հայկական մի երգ կա` «Իմ հայրենի տուն խրճիթ մըն է գետակի ափին»: Հաշտվել էի այն ամենի հետ, ինչ կարևորվում էր»:
Հարություն Կալենցի և Արմինե Պարոնյանի հարսանեկան արարողությունը «Սուրբ Նշան» եկեղեցում, 1943 թ. ֊

Նկարչուհին իր կյանքի մեծագույն ուսուցիչ էր համարում ամուսնություն՝ նշանավոր նկարիչ Հարություն Կալենցին։ Մշտապես ձգտում էր սովորել նրանից ու հիացմունքով էր խոսում վարպետի արվեստի մասին։

«Նրա արվեստն իսկական արիստոկրատ արվեստ մըն է: Այդ մարդն իմ կողքին իր նկարչությամբ, իր արվեստով բարձր արժեք մըն էր: Իմ մեջ միշտ ցանկություն է եղել հասնել այդ բարձունքին»:

Արմինե Կալենցը ծնվել է Դամասկոսում, կերպարվեստում առաջին քայլերն արել է Բեյրութում, իսկ առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է Հալեպի «Բարոն» հյուրանոցում՝ 1939 թվականին։ Ցուցահանդեսների է մասնակցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ Բեյրութից մինչև Նյու Յորք, Փարիզ ու Մոնրեալ։

«Աիդա», 1967 թ.
«Արևածաղիկներ», 1960 թ.

Սեփական աշխարհընկալման փոփոխությունների մասին խոսելիս տիկին Կալենցն ասում էր, որ ժամանակին բնազդով էր առաջնորդվում, հետո սովորեց եզրակացություններ անել։ Ու սա իր անդրադարձը գտավ նաև նրա ստեղծագործություններում։

«Անդրադառնանք «Պար» նկարին: Առաջ գիծն ինձ համար տեսակետ էր, թռիչք էր դեպի վեր և այլն: Հիմա այլ կերպ եմ ընկալում: Եթե այն ժամանակ գեղեցկության մասին էր խոսքը կամ միայն հոգևորի մասին էր, հիմա արդեն գաղափար է դառնում, դառնում է միտք, հասուն կառուցվածք ունի, հազար ու մի բաղադրիչներ ունի, որոնք ժամանակի ընթացքին պարզվում են իմ մեջ: Ես հիմա շատ ավելի լավ գիտեմ, քան առաջ»:

Հայրենիքի և Կալենցների հարաբերությունները հեշտ չէին, բայց սերը միշտ հաղթում էր։ Կյանքի ընթացքում օտար երկրներում ապրելու շատ հնարավորություններ են եղել, բայց վերջնակետը միշտ Հայաստանն է եղել։ 1996 թվականից Արմինե Կալենցը կրկին ստեղծագործել է հայրենիքում։ Մահացել է 2007 թվականին՝ Երևանում։

ԱՐՓԵՆԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Արփենիկ Նալբանդյանը գեներում ևս արվեստի հանդեպ վերաբերմունքն ամուր հիմքեր ուներ։ Նալբանդյանների ջավախյան ճյուղը Վահան Տերյանի և երգահան Բուլատ Ակուջավայի մոր` Աշխեն Նալբանդյանի ազգականներն էին:

Արփենիկ Նալբանդյանը ծնվել է Թիֆլիսում, սովորել  Թիֆլիսի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Սա իրականում ճակատագրական որոշում էր, որովհետև գեղանկարչական նույն կուրս էին ընդունվել ևս չորս հայեր, այդ թվում՝ Էդուարդ Իսաբեկյանը։ Արփենիկն ու Էդուարդն ուսումնական տարիների ավարտին ամուսնացել են ու վերադարձել Հայաստան։ 20-րդ դարի կեսերին նկարիչ-ամուսինները ակտիվ մասնակցում էին հայաստանյան մշակութային կյանքին, ներկայացնում իրենց աշխատանքները միութենական և համապետական ցուցահանդեսների և գեղանկարչական նոր շունչ ու ասելիք բերում ոլորտ։

«Հոլանի կինը», 1938 թ.
«Հետաքրքիր գիրքը», 1952 թ.

Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական ճանապարհը պայմանականորեն մի քանի շրջանների կարելի է բաժանել։ Առաջին շրջանի կտավներին առավել բնորոշ է շագանակագույն կոլորիտը, մուգ գուներանգները՝ զուսպ, հստակ կառուցվածքով ու խստությամբ։ Երկրորդ շրջանը, որն ընդգրկում է 1947-1960 թվականները, նկարչուհու ստեղծագործական ամենաակտիվ շրջանն է։ Ընդլայնվում է թեմաների ընտրությունը, դրանց հանդեպ ստեղծագործական վերաբերմունքն ու մատուցումը։ Երրորդ շրջանն ընդգրկում է նկարչուհու կյանքի վերջին տարիները՝ 1960-1964 թվականները: Առավել հասուն և ոչ պակաս բեղմնավոր այս շրջանի ամենատպավորիչ կտավների մի մասը Նալբանդյանը նկարել է մահից ամիսներ առաջ։ Այդ կտավների շարքում՝ «Պատանիները», «Խնձորեսկի երեխաները», «Գորիսեցի Օվսաննա մայրիկը», դիմանկարներ և էտյուդներ։

«Խնձորեսկի երեխաները», 1962 թ.
«Գորիսեցի կին», 1962թ․

Արփենիկ Նալբանդյանն ապրել է 48 տարի և կենդանության օրոք միայն մեկ անհատական ցուցահանդես է ունեցել, բայց նրա թողած ժառանգությունը այսօր ու վաղը փաստելու են, որ Նալբանդյանն իր ժամանակների լավագույն նկարիչներից էր։ Նրա ստեղծագործական ժառանգությունը կազմում է 300 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնք այսօր ցուցադրվում են մի շարք պատկերասրահներում և պահվում մասնավոր հավաքածուներում։

Հայ և համաշխարհային մշակութային քարտեզում իրենց տեղն ամրագրած հայուհիների անունները շատ են ու այս ցանկը դեռ շատ երկար կարելի է շարունակել։ Նրանցից յուրաքանչյուրը մի վառ գույն է, որը պետք է մշտապես ուսումնասիրել և փոխանցել նոր սերունդներին որպես ապացույց այն բանի, որ կերպարվեստից մինչև թատրոն, գրականությունից մինչև պարարվեստ, հայ կնոջ մշակութային հետագիծը բացառիկ է։


✍️ Նանե Մանուկյան / PAN