#մշակութաPAN
March 27

«Հացի չափ և հացէն աւելի պէտք ունի հայ կինը ուսման». Հայ կանանց գրիչն ու թողած արժեքը

19-20-րդ դարերում գրական ասպարեզում հայտնված հայ կանայք ստեղծագործական աշխատանքին զուգահեռ հասարակական լուրջ աշխատանք էին տանում։ Հայ կին գրողների թողած ժառանգությունը առաջին հերթին վեպերի ու բանաստեղծությունների, բայց նաև վեր հանված խնդիրների ու կանանց իրավունքների պաշտպանության մասին է։

ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲ

Տյուսաբն ասում էր՝ «այսօր չի հարցվիր, թե ինչ կուզե աղջիկ անձը» և բարձրաձայնում էր կանանց իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։ Նա իր գրիչով ու խոսքով պայքարում էր կանանց ազատության ու իրավահավասարության համար, գրում ժամանակի ամենաքննարկվող ու քննադատվող տեքստերը։ Հայերենով ստեղծագործած առաջին կին վիպասանն իր տաղանդն ուղղում էր մյուս կանանց կյանքն ավելի հեշտ ու արժանապատիվ դարձնելու առաքելությանը։

Ի տարբերություն իր ժամանակակից շատ կանանց, Սրբուհի Տյուսաբը հնարավորություն ուներ սովորել ավելին, քան նախատեսված էր դասագրքերով։ Նա քաղաքական գործիչ, 1876-1877 թվականներին արդարադատության նախարար Հովհաննես Վահանյանի քույրն էր։ Եղբայրը նրան սովորեցրել էր ֆրանսերեն, հունարեն, իտալերեն, դասական գրականություն, գիտություն և պատմություն։ Նաև ծանոթացրել էր եվրոպացի ժամանակակից գրողների՝ Հյուգոյի, Բայրոնի, Ժորժ Սանդի աշխատանքներին ու միայն տարիներ անց կարելի էր նկատել, թե որքան մեծ էր այս «ծանոթության» ազդեցությունն ու ոգեշնչանքը Տյուսաբի ստեղծագործություններում։

Բայց հատկապես ճակատագրական էր բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ ծանոթությունը։ Հենց նրա հետ ձևավորված հարաբերությունները Տյուսաբին ոգեշնչեցին ուսումնասիրել հայոց լեզուն, իսկ որոշ ժամանակ անց Տյուսաբն աշխատում էր իր առաջին հայերեն ստեղծագործության վրա։

Տյուսաբի երեք վեպերը կնոջ անուններ ունեն՝ «Մայդա» (1883 թ․), «Սիրանուշ» (1884 թ․) և «Արաքսյա» (1887 թ․)։ Բարձրացված թեմաները ոչ դժվարամարս էին շատերի համար, հետևաբար քննարկումների ու սկանդալների պակաս չէր լինում։ Անգամ Գրիգոր Զոհրապն էր հանդես եկել «Մայդա» վեպի մասին սուր քննադատական տեքստով։ Ասում էր, թե Ամերիկայում ու Եվրոպայում կանանց պահանջների աղմուկն ու աղաղակը կարծես արդեն ձայն է տալիս նաև մեզ մոտ և «սա կարող է վտանգավոր լինել։»

Սրբուհի Տյուսաբն օրինակ էր իրեն հաջորդող բազմաթիվ կանանց համար, այդ թվում՝ մեծ ժառանգություն թողած Զապել Եսայանի համար։

«Տիկին Տյուսաբ լսելով, որ գրական ասպարեզին թեկնածու մըն եմ, ինձ նախազգուշացուց, ըսելով, որ այդ ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ուներ, քան դափնիներ։ Հաղթահարելու համար այդ բոլորը, պետք էր միջակութենեն վեր ըլլալ: Էրիկ մարդ գրագետը ազատ է միջակ ըլլալ, բայց ոչ կին գրագետը»:

Տյուսաբի այս խոսքերը հաջորդող տասնամյակներին դեռ երկար էին կրկնելու։ Տղամարդ գրողը միջակ լինելու իրավունք ունի։ Կին գրողը՝ երբեք։

Իսկ իր մասին խոսելիս Տյուսաբը համեստ էր ու բավարարվում էր «պարզապես մի հայուհի» ձևակերպմամբ։

«Պարզապես հայուհի մ’եմ, որ հօգուտ ազգին կաշխատիմ դույզն-ինչ, ինչպես կաշխատին մյուս հայուհիները…»

ՍԻՊԻԼ / ԶԱՊԵԼ ԱՍԱՏՈՒՐ

Սրբուհի Տյուսաբի և Զապել Ասատուրի ջանքերով կազմվեց «Կանանց իրավունքների հռչակագիրը», որտեղ ներառված էին դրույթներ՝ մասնագիտական ընտրության իրավունքից մինչև օժիտի սովորույթի վերացում։

Զապել Ասատուրը՝ Սիպիլը, գրական և հասարակական ակտիվ գործունեություն էր վարում միանգամից մի քանի ուղղություններով։ Նա մայր էր, կին, ուսուցիչ, գրող, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր։ Սիպիլին անգամ անվանում են հայ կանանց կրթության նախամայր։ Իր հետազոտական աշխատանքում Արփի Ադաբեկյանը նկատում է՝

«Նա ոչ միայն կին էր և մայր, այլև մայր, ով կրթում էր սերունդներ, գրում և կիսում իր գաղափարները, տարածում իր գիտելիքը։ Նա այն կանանցից էր, ով հասկանում էր՝ հայկական համայնքի ապագայի հարցը, կանանց կրթության և նրանց անձնական կյանքի ու գոյության հարցը իր պես անձերի և նրանց միավորման մեջ է»:

Իսկ Սիպիլի արտասանած «Ազգանվեր հայուհիք» ճառը հեղափոխական մի բան էր իր ժամանակների համար։ Մեկ ելույթում նա կարողանում է անդրադառնալ կանանց իրավունքների լայն շրջանակին ու դրանց ամենօրյա խախտումներին։ Նույն ելույթում նա կարողանում է ոգեշնչել կանանց ու սթափեցնել բազմաթիվ տղամարդկանց։ Ու թեև ժամանակներն այնպիսին էին, որ այս ելույթը ծափերով ընդունողները շատ չէին՝ Սիպիլը, ինչպես իր գաղափարակից ընկեր Սրբուհի Տյուսաբը, չի դադարում ասել ու գրել այն՝ ինչ ճիշտ է համարում։

«Անոնց, որ մեզի ամիսը քառասուն փարայ չտալու համար կ’առարկէն, թէ Հայաստանցի կնոջ հաց պէտք է տալ փոխանակ ուսման, ես ահա պաշտօնապէս միանգամ՝ ընդ միշտ կը պատասխանեմ՝ այս բեմէն․ հացի չափ և հացէն աւելի պէտք ունի հայ կինը ուսման․ ան է հայրենիքին սիրտը, ան է հայրենիքին վէմը․.. Դուք հայ կինը չոր հացի, ողորմութեա՞ն միայն արժանի կը տեսնէք․ չէ՛․ հայ կինը ողորմութեան կարօտ չպիտի ըլլայ․ անիկա իր հացը ինք պիտի շահի իր աշխատութեամբը։ Ինչ որ է ամերիկուհին, անգլուհին, ֆրանսուհին, քաջասիրտ և մանաւանդ չարքաշ է հայուհին, և պէտք է անոնց չափ զարգացած ըլլայ»:

ՄԱՐԻ ՊԵՅԼԵՐՅԱՆ

Արևմտյան Հայաստանի կին մտավորականներից Մարի Պեյլերյանի վաստակը շատ ավելին է, քան դրա մասին խոսվում է։ 1904 թվականից Պեյլերյանը սկսեց թողարկել «Արտեմիս» կանանց ամսագիրը, որը դարձավ հայ կանանց նվիրված առաջին պարբերականը։ Այս պարբերականն անգամ ստացել է Խրիմյան Հայրիկի աջակցությունը։

Հրապարակումից առաջ Պեյլերյանի ամուսինը այցելել է Էջմիածին ու հանդիպել Մկրտիչ Խրիմյանի հետ։ Նա ոչ միայն աջակցություն է հայտնել, այլև իր օգնությունն է առաջարկել ու անգամ հանձնել իր որոշ աշխատանքներ և առաջարկել հրապարակումից ստացած հասույթը նվիրաբերել թերթին։

Պեյլերյանն աշխատել է նաև իր «Դէպի վեր» խորագրով ստեղծագործությունների հավաքածուի վրա։ Գրող, հրապարախոս Պեյլերյանի տողերում ևս կնոջ կերպարն էր, տղամարդու ու հասարակության վերաբերմունքը, «կարելիներն» ու հատկապես «չի կարելիները»։

«Անցեալի հայ կնոջ համար ընտանեկան կեանքը դժոխք մըն էր. նա` ստուեր մը պետք էր ըլլալ, ուրիշ ոչինչ։ Ամօթ էր կտրիճ տղամարդուն համար իր կնոջ հետ սրտաբաց, ընկերաբար, սիրով խօսիլը․ կնաբարոյ կը կոչուէր ան այդ պարագային իր շրջանակէն, եւ կը մեղադրուէր ու կը նախատուէր իրեններէն։ Եթէ ըսելիք մը ունէր, պարտաւոր էր խօսիլ խստադեմ՝ գրեթէ առանց կնոջը երեսը նայելու»:

ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ

Շուշանիկ Կուրղինյանը հասարակության հենց այն շերտից էր, որտեղ առկա էին իրեն նախորդող կին գրողների ներկայացրած բարքերն ու իրողությունները։ Նրա ընտանիքը բանվոր դասակարգի ներկայացուցիչ էր, հետևաբար Շուշանիկը գրող դառնալ չէր կարող, որովհետև դա «տղամարդու գործ» էր։

«Հասարակությունն ինձ չի ներում և հալածանքը սկսվում է… ասում են՝ դու կարող ես դառնալ ամեն ինչ, բայց ոչ գրող»:

Բայց Շուշանիկի հաստատակամ բնավորությունն ու նպատակը խառնեցին ավանդապաշտների խաղաքարտերը։ Կուրղինյանը դարձավ ֆեմինիստական պոեզիայի վառ անուններից մեկը։ Դարձավ անուն, ով «ձայն տվեց ձայնազուրկներին։» Նա գրող-ակտիվիստ էր, ինչպես այդ ժամանակներում բոլոր կին գրողները։ Առանց մեկը մյուսի անհնար էր գոյատևել, որովհետև նրանք գրում էին ու զուգահեռաբար պայքարում գրելու իրավունքի համար։

Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունների մեծ մասն այսօր էլ այս կամ այն համատեքստում խիստ արդիական ու ընկալելի են։ 1907 թվականին գրված «Ապրել եմ ուզում» բանաստեղծությունը սրա վառ օրինակներից է։

Կռվել եմ ուզում, նախ՝ ձե՛զ ախոյան Ձեր դիմաց կանգնած հի՜ն-հի՜ն վրեժով. Որ անմտորեն, առանց գթության Ինձ ճորտ դարձրիք սիրով եւ ուժով․․․ Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած ― Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ ― Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ.․․

Մեկ այլ օրինակ՝ «Մենք էլ միանանք» բանաստեղծությունից՝

Ա՛րի, քուրիկ ջա՜ն, մենք էլ միանանք, Էն մենծ, սուրբ կռուին էղնինք մասնակից. Հերիք շղթայուած ու գերի մնանք Դուման մտքերով, շշմած զրկանքից։ Թող էն բախտաւոր մեր տղամարդիկ Շատ չհպըրտնան, որ առաջ անցան, Էնոնք առանց մեզ, հաւատա՛, քուրիկ, Թէզ տեղ չե՛ն հասնի-կ՛ընկնեն ցիրուցան․․․ Էրթա՜նք, քուրի՜կ ջան, անվախ, միասին Մեր արդար դատին զոհած ամէն բան. Էն ազատ կեանքի սրբազան լուսին Ամէնքն են հաւասար՝ կռուողը արժան․․․

ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ

Անշուտ, այս ցանկում չէինք կարող չներառել Զապել Եսայանին, որն ասաց ու իր թողած ժառանգությամբ էլ հաստատեց, որ գրականությունը ոչ թե պերճանք է, այլ՝ զենք։

Զապել Եսայանին կարելի է ներկայացնել թե՛ որպես գրողի, թե՛ որպես հասարակական գործչի, թե՛ որպես ցեղասպանությունից փրկված անտուն ու անտեր որբերին տանիք ու ապագա տվողի։ Այս ցանկը շատ երկար է ու բոլոր դեպքերում էլ Զապել Եսայանի կերպարը նույնն է՝ վճռական ու ամուր, բայց նաև փխրուն և հուզական։ Ու հաճախ հենց այս միաձուլումն էր, որ գրող Զապելի ստեղծագործություններն այդքան իրական ու այդքան «մարդկանց շուրթերից» էր դարձնում։

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:

Այս ցանկը, անշուշտ, անավարտ է։ Ու ավարտելն իրականում չափազանց բարդ կլիներ, որովհետև որքան էլ մեր դասագրքերում չկան այս անուններից շատերը, պատմության էջերում նրանք իսկապես շատ են։ Հայ կին գրողները գեղարվեստական արժեքից բացի մեկ այլ, չափազանց կարևոր առաքելություն են իրականացրել. նրանք պայքարել են ապագա սերունդների՝ առանց որևէ արգելքի գրելու, երգելու, աշխատելու ու, առհասարակ, ապրելու իրավունքի համար։


✍️ Նանե Մանուկյան / PAN