Կարդալիքներ PAN-ից
December 1

Ձմեռը մոտ է. 10 ֆիլմ, որտեղ ցուրտը լիարժեք հերոս է

Կինոյում ձմեռը հաճախ ծառայում է որպես դեկորացիա. ձյունոտ բնապատկեր, բուխարի, թեթևակի մելանխոլիկ վիճակ։ Սակայն լինում են ֆիլմեր, որոնցում ցուրտը վերածվում է ինքնուրույն ուժի` սահմանելով իրադարձությունների ռիթմը, կոտրելով բնավորությունները ու թշնամական դարձնելով պատման տարածությունը։ Դրանք նայելիս մրսում ես, այդ ֆիլմերում ցուրտը կառավարում է մարդկանց ու վերածում բնությունը գործող անձի։

Ձմռան առաջին օրը PAN-ը ներկայացնում է տասը լավագույն օրինակները, թե ինչպես է կինոն օգտագործում ցուրտը հանդիսատեսի մեջ դող առաջացնելու համար։

1. «Մոխրագույնը» (The Grey, 2011)

Ջո Կարնահանի ֆիլմում ձյունը, ցուրտն ու քամին նույնպիսի թշնամիներ են, ինչպես գայլերի ոհմակը։ Ձմեռային տունդրան ֆիլմում ոչ թե վայր է, այլ վիճակ։ Հերոսները սառչում են, կորցնում ժամանակի, ուժի ու իմաստի զգացումը։ Ցուրտը բառի բուն իմաստով կտրում է նրանց մնացած աշխարհից, զրկում բոլոր հենման կետերից ու ստիպում գործել բնազդաբար։ Առանց այս սառցե անելանելիության սյուժեն ուղղակի գոյություն չէր ունենա։

Գոյատևումը «Մոխրագույնում» ազնիվ տեսք ունի. ոչ մի ռոմանտիկա, միայն բութ ցավ, գոլորշի արտաշնչված օդում ու քամու ոռնոցը` խառնված գայլերի ոռնոցի հետ։ Բնությունը անտարբեր է, ու այս ֆիլմում ձմեռը զգացվում է որպես անգութ օրենք, ոչ թե ֆոն դրամայի համար։

2.  «Ինչ-որ բանը» (The Thing, 1982)

Ջոն Կարպենտերի լեգենդար ֆիլմում անտարկտիկական կայանն իդեալական վայր է մարդկային վստահության ու ոգու նկատմամբ գիտափորձ անցկացնելու համար։ Ցուրտն այստեղ մեկուսացման գործոն է. ոչ ոք չի կարող հեռանալ, ոչ ոք չի գա օգնության։ Ձյունն ու խավարը պատուհանից այն կողմ էլ ավելի տագնապալի են դարձնում փակ տարածությունը։

Անգամ հրեշը Կարպենտերի մոտ կարծես սառը միջավայրի մաս լինի։ Մարդկանց պատճենող այլմոլորակային մղձավանջը հնարավոր չի առանձնացնել անտարկտիկական դատարկությունից, այն կարծես ձմռան, նրա մահաբեր անտարբերության շարունակություն լինի։ Ցուրտը դանդաղեցնում, պարփակում, սառեցնում է էմոցիաները` վերածելով ֆիլմը կլիմայական սարսափի իդեալական օրինակի։

3. «Փրկվածը» (The Revenant, 2015)

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի համար ձմեռը ուղղակի փորձություն չի, այլ մաքրագործման գործիք։ Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսը կարողանում է ողջ մնալ պայմաններում, որտեղ ջերմաստիճանը ու լանդշաֆտը վերածվում են հավասար վտանգավոր թշնամիների։ Յուրաքանչյուր շարժման, յուրաքանչյուր շնչի դիմաց հերոսը վճարում է անասելի ցավով։

Ցուրտն այստեղ գեղեցիկ պատկերի մասին չէ։ Այն բառացի ձևավորում է սյուժեն. ստիպում է հերոսին սողալ, ջերմություն փնտրել, պահպանել գոյությունը կյանքի ու մահվան եզրին։ Ֆիլմում գոյատևումը մետաֆորիկ չի, այլ ֆիզիկական վիճակ, որում մարդն ու ձմեռը ուղիղ դիմադրության մեջ են։

4. «Քամոտ գետը» (Wind River, 2017)

Վայոմինգի ձյունածածկ հարթավայրերում հանցագործությունը զուտ վիճակագրություն է, սակայն ցուրտն այստեղ սպանում է ավելի արագ, քան մարդասպանը։ Ռեժիսոր Թեյլոր Շերիդանը ձմեռն օգտագործում է որպես անարդարության ու միայնության կոնտեքստ։

Ձյան մեջ յուրաքանչյուր դրվագ կարծես ձայնազուրկ լինի, ցուրտը խլացնում է անգամ էմոցիաները։ Այստեղ ձմեռը բացարձակ ռոմանտիկ չի, այն սոցիալական է. այն ցույց է տալիս մեկուսացումը, որի պայմաններում ապրում են հերոսները։ Հենց ցրտի շնորհիվ է, որ «Քամոտ գետը» ոչ թե ուղղակի դետեկտիվ է, այլ մարդկանց կողմից մոռացված աշխարհում գոյատևման մասին մեկնաբանություն։

5. «Ֆարգո» (Fargo, 1996)

Քոեն եղբայրները ձմեռը վերածում են աբսուրդի հայելու։ Ձյունը թաքցնում է հանցագործություններն ու ամեն ինչ դարձնում միանման` դեմքերը, մեքենաները, ճանապարհները։ Սպիտակ անապատը ջնջում է չարի ու բարու, ողբերգության ու կատակերգության միջև տարբերությունը։

«Ֆարգոն» նույնը չէր լինի առանց ցրտի։ Այն գունազրկում ու պարզեցնում է շուրջը ամեն բան, կոմիկական դարձնելով յուրաքանչյուր շարժում։ Այդ հյուսիսային անտարբեր ձմեռը շեշտում է, որքան հիմար ու անօգնական են մարդիկ, երբ ստիպված են լինում գործել պայմաններում, որոնց իրենք հարմարեցված չեն։

6. «Ատելի ութնյակը» (The Hateful Eight, 2015)

Ձմեռը Քվենտին Տարանտինոյի մոտ ոչ թե բնապատկեր է, այլ կողպեք։ Բուքը բոլոր կերպարներին փակում է մի հարկի տակ ու վերածում ֆիլմը շքեղ կամերային պիեսի։ Առանց ձնամրրիկի լարվածությունն ու կոնֆլիկտը այդքան թեժ չէին լինի։

Ցուրտը սահմանում է խաղի կանոնները. դուրս գալ չի կարելի, տաքանալը բարդ է, կենդանի մնալը բոլորին կասկածելու պարագայում` էլ ավելի բարդ։ Շինության ներսում օդը թեժացած է, բայց մահը դարանակալել է ոչ միայն ներսում, այլև դրսում։ Այս երկակիության շնորհիվ  «Ատելի ութնյակը» ընդհանրապես լավագույն ձմեռային կինոբեմադրություններից մեկն է։

7. «Փայլատակումը» (The Shining, 1980)

Ցուրտը «Փայլատակման» մեջ ոչ միայն պատուհանից այն կողմ է։ Այն թափանցում է ամբողջ  «Օվերլուք» հյուրանոցով մեկ, որի յուրաքանչյուր համար կարծես կյանքից զուրկ լինի։ Ձյունը կտրում է հերոսներին արտաքին աշխարհից, ու հենց այդ պահից ձմեռը վերածվում է մեկուսացման ու խելագարության գլխավոր ֆակտորի։

Վերջին դրվագը լաբիրինթոսում մարդու ու ցրտի միջև պայքարի կուլմինացիան է։ Ցուրտը հաղթում է ոչ թե որովհետև ավելի ուժեղ է, այլ որովհետև լրիվ անտարբեր է։ Սթենլի Կուբրիկը ձմեռն օգտագործում է որպես քայքայման ու քարացած ժամանակի իդեալական մետաֆոր։

8. «Ձյան միջով» (Snowpiercer, 2013)

Կորեացի Պոնգ Ջուն Հոյի ֆիլմում ձմեռը հավերժական է։ Ոչ թե տարվա եղանակ, այլ անփոփոխ ու կայուն քաղաքական ռեժիմ։ Ցուրտը ոչնչացնում է կենդանի ամեն բան, իսկ մարդկության մնացորդները ապրում են հսկա գնացքում։

Պոստապոկալիպտիկ ձմեռը սյուժեն դարձնում է պարզ ու դաժան. հավասարակշռության ցանկացած խախտում հավասարազոր է մահվան։ Այստեղ ցուրտը ոչ թե թշնամի է, այլ համակարգ, որում յուրաքանչյուր մարդ զբաղեցնում է խիստ կերպով սահմանված իր տեղը։ Սա հազվագյուտ ֆիլմ է, որում կլիման վերածվում է սոցիալական ստրուկտուրայի ճարտարապետի։

9. «Ձյան հասարակություն» (La Sociedad de la Nieve, 2023)

Իսպանացի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնայի ֆիլմը ցույց է տալիս, ինչպես է ցուրտը վերածվում մարդկային գոյատևման գլխավոր ֆակտորի։ Անդերում 1972թ-ին տեղի ունեցած ավիավթարի պատմությունը իրավիճակը չի ռոմանտիզացնում. ցուրտը, բարձրությունն ու քամին յուրաքանչյուր գործողություն վերածում են պայքարի։ Այստեղ գլխավոր անտագոնիստը հենց կլիման է` մշտական ու անփոփոխ։

Ձյունը ֆիլմում այն միջավայրն է, որը թույլ չի տա թուլանալ անգամ մի վայրկյան։ Այն թաքցնում է դուրս պրծնելու ուղին, խանգարում է կողմնորոշվելուն, խլում է ջերմությունն ու սպանում մարմինը։ «Ձյան հասարակությունը» մաքսիմալ ռեալիստիկ է ցույց տալիս ձմեռվա առաջ մեն մենակ կանգնած մարդկանց պատմությունը։ Ձմեռն այն օբյեկտիվ ուժն է, որը կորոշի յուրաքանչյուր ողջ մնացածի ճակատագիրը։

10. «Միքքի 17», (Mickey 17, 2025)

Պոնգ Ջուն Հոյի նոր ֆիլմը միավորում է տիեզերական ֆանտաստիկան սառած աշխարհի փիլիսոփայության հետ։ Ձմեռը ոչ միայն մոլորակի կլիման է, այլև հասարակության վիճակը. մարդկությունը ստագնացիայի մեջ է։

Շուրջբոլորն ամեն ինչ կառուցված է ջերմության էկոնոմիկայի վրա` ռեսուրսները, հիշողությունը, հարաբերությունները, կյանքերը։ Ցուրտն այստեղ խորհրդանշում է համակարգը, որում վերամշակման ենթակա է ամեն ինչ, այդ թվում` մարդկային կյանքերը։


🎬 Արման Գասպարյան / PAN