#մշակութաPAN
August 15, 2023

6 վհուկ Գոյայից, և խելոք մի կին՝ գրքերով. Ի՞նչ են պատմում կտավների վհուկները

Գեղեցիկի ու սարսափելի գեղեցիկի մասին արդեն պատմել ենք, միստիկին անդրադարձել, բայց ահա վհուկների թեման, որն այդքան լի է դիցաբանական պատմություններով ու միֆերով, դեռ բաց էր մնացել։

Արդյոք նրանք այնքան վախենալու են, այդպես չարք, ինչպես պատկերացնում ենք․ ինչպիսի՞ն են վհուկները կտավներում, ովքեր, ինչպես ու երբ են նրանց պատկերել, ինչով արդարացրել դա։

Արևմտյան արվեստում կախարդների, վհուկների մասին պատմությունները հաճախ դրամատիկ շրջադարձերով ուղեկցվող հեքիաթներ են․ 1400-ականներին նրանք սկսեցին հայտնվել նկարազարդումներում ու փորագրություններում որպես սատանայական էակներ՝ սեռական «անսովոր» ցանկություններով։ Դրան հաջորդած 400 տարվա ընթացքում 80,000 եվրոպացի, մեծամասամբ կանայք, սպանվեցին՝ «վհուկության մեջ կասկածվելով»։

Բայց ի՞նչ տեսք են ունեցել նրանք, ինչպե՞ս են պատկերվել ու ի՞նչ խորհրդանշել իրականում։ Արևմտյան արվեստի առաջին հայտնի գործը, որտեղ պատկերվում են վհուկներ՝ ցախավելի վրա, ֆրանսիացի գրող Մարտին լը Ֆրանկի բանաստեղծությունների նկարազարդ ձեռագրում են։

Մարտին լը Ֆրանկ, Le Champion des dames, նկարազարդում
«Կախարդության դիվային բնույթի մասին ամենահզոր պատկերներից մի քանիսը, որոնք 15-րդ դարում են ստեղծվել, պատկերում էին վհուկներին որպես խմբի մաս, ձևավորվում էին հերետիկոսության և ուրացության ժամանակակից պատկերացումներով»,- գրում է Չարլզ Զայկան (Charles Zika) իր The Appearance of Witchcraft գրքում։

Նույնիսկ մեկ վհուկն է շատ, ուր մնաց նրանց խումբը․ խմբային այս պատկերները, ակնհայտորեն ավելի էին սաստկացնում տպավորությունն ու մեծացնում վախը, եթե անգամ հենց իրենք՝ վհուկները, այնքան էլ սարսափելի չէին։

Ալբրեխտ Դյուրերի այս երկու փորագրանկարներն, օրինակ, կախարդական թեմայի լավագույն արտահայտություններից են, բայց միևնույն ժամանակ, սրանց գոյությունն աշխարհաքաղաքական իրավիճակով է բացատրվում։

Այծի վրա բազմած ու փոքրիկներով շրջապատված մի վհուկը, մերկ չորս կին․  գերմանական ծագմամբ, կախարդության մասին Դյուրերի (ու ոչ միայն) գործերից «զարհուրելին ու ոգեշնչողն» են համարում։ Սա զարմանալի չէ, հաշվի առնելով փաստը, որ կախարդության համար մահապատժի դատաարտվողների 50 տոկոսն Հռոմեական Սրբազան Կայսրությունից էր (աշխարհաքաղաքական միավոր, որի մեջ էր նաև Գերմանիան)։

Ալբրեխտ Դյուրեր, «Այծին հեծած կախարդը», 1500-1501 թթ.
Ալբրեխտ Դյուրեր, «4 կախարդ», 1497 թ.

Հետաքրքիր հեգնանքով վհուկներին կամ պատկերում էին երիտասարդ, գայթակղիչ ու թարմ տեսքով, կամ ծեր, խորշոմ ու թառամած։ Ըստ պատկերացումների՝ առաջին խումբը, օրինակ, կարող էր դաշինքի մեջ լինել սատանայի հետ ու գայթակղել տղամարդկանց։

17-րդ դարում բելգիացի նկարիչ Ֆրանս Ֆրանկեն Կրտսերը մի խումբ կանանց որպես վհուկ էր պատկերում՝ զգուշացնելով՝ զգուշանալ գրքերով, մատյաններով շրջապատված ու գրագետ կանանցից։

Ֆրանս Ֆրանկեն Կրտսեր, Witches' Sabbath, 1606 թ.

1750-ականներին, երբ արդեն եվրոպական երկրներում վհուկների որսը մեծամասամբ դադարեցվել էր, իսկ մարդիկ՝ դադարել հավատալ վհուկներին, պատկերները ևս չէին կրում նախկին «վախի վանող մթնոլորտը»։ 1700-ականների վերջին ու 1800-ականների սկզբին իսպանացի նկարիչ Ֆրացիսկո Գոյան հենց համանման պատկերներով էր պայքարում կամ գոնե վերհանում հասարակական արատները։

ԳՈՅԱ. «ՎՀՈՒԿՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ»

Կախարդության թեմայով իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի Witches' Sabbath գործը մեկն է թեմային նվիրված նկարչի 6 աշխատանքից․ սա պատվեր է Օսունայի դքսերից (կամ հետագայում այս ընտանիքն է ձեռք բերել), ու պատկերում է սատանային՝ ներկայացված որպես այծ, որ ընծա է ստանում երկու տղա։

Գոյայի այս գործն ամբողջությամբ երգիծական երանգով արված քննադատություն է ընկալվում՝ ընդդեմ հասարակության կրթված շերտի սնահավատության։ Որպես այդ սնահավատության ապացույց-օրինակ է բերվում հենց երեխաների ներկայությունը կտավում․ համաձայն այն ժամանակ տարածված մտայնության՝ սատանան երեխաներով է «սնվում»։

Ֆրանցիսկո Գոյա, 1797-1798 թթ.

43x30 սմ չափի այս կտավը լի է սարսափելի և ծաղրական դետալներով․ կենտրոնում բազմած այծին շրջապատող երիտասարդ և ծեր վհուկներ, ողջ ու մեռած երեխաներ և գլխին ծառուծաղկունք մի այծ։

Դետալ կտավից

Գոյան բարձր էր գնահատում լուսավորության շրջանի ձեռքբերումներն ու դեմ էր ժողովրդական վախերը քաղաքական շահագործումների թեմա սարքելուն։ Նա խիստ քննադատում էր ծայրահեղացված սնահավատությունն ու օգտագործում իր գլխավոր հմտությունը՝ ծաղրով վերհանելու արատավոր թվացող երևույթները։ 1789-ին իր ընկերոջը գրած նամակում Գոյան ասում է․ «Խոստովանում եմ, որ սկզբում ապշած էի, իսկ հիմա՞... Հիմա, ես նույնիսկ չեմ վախենում վհուկներից, գոբլիններից, ուրվականներից, չարագործներից: Ոչ մի տեսակ մարմիններից, այլ՝ մարդկանցից»:

«Վհուկների խրախճանքը» կամ El Aquelarre վերնագրվող մեկ այլ կտավ նույն թեմայով, բայց արդեն Գոյայի սև նկարների խմբում է։

Գոյա, «Վհուկների խրախճանքը», 1820 թ.

Quinta del Sordo տունը զարդարած այս գործը 1818-23 թվականների ընթացքում Գոյայի անձնական հոգեվիճակն ու խոհերը, հանրային տրամադրությունները, հավատալիքները արտահայտող աշխատանքներից է։

Գոյա, «Վհուկների թռիչք», 1798 թ.

Կախարդների թեմայով գովերգված գործերից է նաև այս մեկը՝ «Վհուկների թռիչքը», սա հերթականն է շարքից՝ ընդդեմ տգիտության, իսպանական ինկվիզիցիայի, կրոնական մոլեռանդության։ Կտավում հատկապես ուշագրավ է աջ անկյունի ավանակը՝ սիմվոլիկ կենդանի՝ նշանավորելու համար բացարձակ անտեղյակությունը։

Գոյայի մեկ այլ կտավ՝ նույն թեմայով

Բայց արդյոք միշտ են վհուկների մասին ու վհուկներով կտավները այսպես գորշ եղել։

ԱՎԵԼԻ «ՊԱՅԾԱՌ ՎՀՈՒԿՆԵՐ»

Անշուշտ, վհուկների շարքում արժե վերհիշել 19-րդ դարի անգլիացի նկարչուհի Էվելին դե Մորգանի ոսկե դեղին հագած վհուկին։

Էվելին դե Մորգան, «Սիրո խմիչք»

Ոգեշնչվելով դիցաբանական ու գրական ստեղծագործություններից՝ Մորգանը հենց այդպիսի կերպարների էլ պատկերում էր․ այս նկարի կինը հաճախ նկարագրվել է որպես հեքիաթներում հանդիպող նենգ կախարդ, իսկ նրա կողքին նստած սև կատուն սատանայական կախարդուհուն ամբողջացնում է ժանրի «բոլոր կանոններով»։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ այստեղ։ Կտավը դասվում է Մորգանի այլաբանական նկարների շարքին՝ հոգու առաջընթացի ու լուսավորության կոնտեքստում։

Կինը ներկայանում է որպես գիտակ, գիտուն՝ շրջապատված գրքերով։ Ահա տիկնոջ ոտքերի առաջ Պարացելսուսի գիրքն է՝ Վերածննդի շրջանի բժիշկ, ալքիմիկոս։
Դե Մորգանն այս նկարում օգտագործում է հենց Պարացելսուսի կողմից առաջ քաշված գունային սիմվոլիկան՝ բացելու ու բացատրելու համար հոգևոր լուսավորության փուլերը։ Գալով սև կատվից ու ավարտվելով սպիտակ կտորով, այն արտահայտում է մեղք ու մահից մինչև մաքրման փուլերը՝ չմոռանալով նաև կտավում պատկերել սիմվոլիկա՝ ներառելով ուժ և իմաստություն խորհրդանշող կարմիր առյուծներին և դոմինանտ դեղինը՝ փրկության սիմվոլիկայով։

Այսօր Մորգանի այս կտավին առաջարկում են ավելի լայն նայել, սա պարզապես մի կախարդ չէ, այլ կին, որ պատկերված է մեկ այլ կնոջ կողմից ու ներկայացնում է գիտությամբ տարված կնոջ, որը կարող է տապալել կանանց հանդեպ եղած կարծրատիպերն ու հասնել իր փնտրած լուսավորությանը։

Ու այստեղ ամփոփում ենք ոչ թե անցնելով մեկ այլ կտավի, այլ՝ քաղաքականության․ ամերիկացիներն առաջարկում են խորհել վհուկների մասին մի փոքր այլ տեսանկյունից։
2016-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ թեկնածուներից մեկի՝ Հիլարի Քլինթոնի «վհուկացված» պատկերներով ողողվեց համացանցը․ նա կանաչ էր, կախարդի գլխարկով ու ավել «թամբած»։ Այս սոցցանցային նկարներն ուղեկցվում էին «նախընտրական հեքիաթներով»՝ հնարավորինս դեմոնիզացնելով Քլինթոնին։ The Guardian-ում առաջարկում են առաջացող հարցերի պատասխանը փնտրել դեռ 19-րդ դարում արված մի հեղափոխական պնդման մեջ։ Հղում անելով սուֆրաժետ Մաթիլդա Ջոսլին Գեյջին (Matilda Joslyn Gage), հոդվածում նշվում է՝ կախարդների դեմ հալածանքը ոչ մի կապ չուներ չարի դեմ պայքարելու ձգտման հետ, դա կանանց ինտելեկտը ճնշելու փորձ էր, ու երբեմն «կախարդ» բառի տակ հենց «կին» է պետք կարդալ։

Լեզվական ու լեզվամտածողության տեսանկյունից էլ նկատառում կար․ նույնիսկ եթե տղամարդկանց կախարդության մեջ մեղադրել են (ինչն ավելի քիչ է եղել), ապա դա արել են՝ բնորոշելով նրանց մոգ կամ հրաշագործ, իսկ կանանց՝ վհուկ։

Գիտելիք, կենսափորձ, համայնքին անծանոթ հմտություններ ունեցող կանանց հասցեին հնչող մեղադրանքները, ըստ հոդվածի, խորն արմատներ ունեն․ հունական դիցարանից մինչև Շեքսպիրի գործեր կարելի է գտնել համանման օրինակներ։ Հետաքրքիր կերպով կախարդ տիկնանց թեման միգրացիայի թեմային է խաչվում․ նոր տեղում հայտնված ներգաղթյալի և նրա հմտությունների հանդեպ վախը, օրինակ՝ Մեդեան դիցաբանության մեջ, գնչուները՝ մեր օրերում։ Ու, իհարկե, վհուկների մասին էլ ի՞նչ պատմություն առանց հիշելու, որ խարույկի վրա այրել են Ժաննա դ՛Արկին։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN