#cinéPAN
March 11

Գեղեցիկ սեռի համար. Հռչակավոր կին հերոսների ռեժիսոր ալտեր էգոները  

Ուժեղ կնոջ կերպարը կինոյում հուժկու գործիք է գենդերային անարդարության դեմ բարձրաձայնելու համար։ Իսկ ուժեղ կանայք կինեմատոգրաֆում, այսինքն` ոչ թե որպես երևակայական կերպարներ, այլ կինոարտադրության իրական գործող անձինք այդ անարդարության դանդաղ, բայց հաստատուն հաղթահարման վառ օրինակ են։ Հոլիվուդյան մեծագույն պրոդյուսերներից շատերը կանայք են, սակայն ռեժիսորական աթոռների բաշխումն առայժմ այնքան էլ համաչափ չէ։

Կանանց միջազգային օրվա առթիվ PAN-ը կպատմի մի քանի հռչակավոր հորինված կին հերոսների մասին` համեմատելով նրանց իրական հերոսուհիների հետ։

ԷԼԵՆ ՌԻՓԼԻ/ ՔԵԹՐԻՆ ԲԻԳԵԼՈՈՒ

Էլեն Ռիփլիի (Սիգուրնի Ուիվեր) էվոլյուցիան շատ շոշափելի է։ Ռիդլի Սքոթի «Օտարում» (Alien, 1979) նա սովորական ինժեներ է, բանվոր` բեռներ փոխադրող տիեզերանավում, ով հենց սկզբից բնավորություն է ցույց տալիս` թույլ չտալով մեծամասամբ տղամարդկանցից բաղկացած անձնակազմին պարտադրել իրենց պատկերացումները։

Էլեն Ռիփլիին համապատասխանող կին ռեժիսորը Քեթրին Բիգելոուն է։ Դեռ մինչև Ջեյմս Կեմերոնի հետ ամուսնությունը 1989 թվականին, Բիգելոուն խիզախորեն մուտք գործեց հիմնականում տղամարդկանցից բաղկացած` հորրոր ու մասկուլինային մարտաֆիլմերի կինոժանրեր` Ռիփլիի նման թույլ չտալով, որ այլոց պատկերացումները (այս դեպքում` այն մասին, թե ինչ ֆիլմեր պետք է նկարի կին ռեժիսորը) խոչընդոտեն իր նպատակներին։

Կադր «Գրեթե մթնել է» ֆիլմից

«Գրեթե մթնել է» (Near Dark, 1987) բրուտալ սարսափ ֆիլմում, որը պատմում է վամպիրների խմբին միացած երիտասարդի մասին, Բիգելոուն իրեն դրսևորեց որպես ամուր ռեժիսոր, ով լիովին իշխում է նկարահանման հրապարակում ու պատրաստ է պաշտպանել իր տեսլականն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ֆիլմը։

Սառնասրտություն, Էլեն, միայն Սառնասրտություն

Վերադառնանք Ռիփլիին։ Տիեզերանավ այլմոլորակային արարածի թափանցումն ու անձնակազմի անդամների զոհվելը ստիպեցին նրան լարել վերջին ուժերը` իր կյանքի համար պայքարելու։ Ռիփլին դրսևորվեց լրիվ նոր կողմից. սառնասիրտ, խելացի ու խիզախ, պատրաստ կայացնելու դժվարին որոշումներ ու պատասխանատվություն ստանձնելու դրանց համար։

Կադր «Ալիքի կատարին» ֆիլմից

Բիգելոույի կարիերայի առաջին բեկումնային կետը` զուտ տղամարդկային քասթից բաղկացած ու տղամարդկանց ընկերության մասին պատմող «Ալիքի կատարին» (Point Break, 1991) մարտաֆիլմը ռեժիսորի համար ոչ պակաս մարտահրավեր էր, քան քսենոմորֆի հայտնվելը տիեզերանավում Ռիփլիի համար։ Բիգելոուն ընդունեց այն ու իրեն փայլուն դրսևորեց` Կիանու Ռիվսին բարձրացնելով հոլիվուդյան Օլիմպոսի գագաթն ու նվիրելով մաքրեմաքուր 80-ականների մարտաֆիլմ, որը, սակայն, զուրկ չէր խորը դրամատիզմից ու բարոյական դիլեմաներից, ինչի շնորհիվ ֆիլմը դարձավ կուլտային։

Մայրը պաշտպանում է իր զավակին

Ջեյմս Կեմերոնի «Օտարներում» (Aliens, 1986) Ռիփլին կրկին բախվելու է իր մղձավանջի հետ` ավելի մեծ մասշտաբներով։ Ծանր կորուստների ու հոգեբանական խնդիրների միջով անցած կինը պայքարի նոր հարթակում կհայտնաբերի կյանքը շարունակելու պատճառ` այլմոլորակայինների զոհ դարձած մարդկային գաղութի միակ ողջ մնացած ներկայացուցչին` 10-ամյա Ռեբեկկային պաշտպանելու տեսքով։ Բիգելոույի մոտ նույնպես մարտահրավերները գնալով ավելի ու ավելի գոյութենական էին դառնում. 1995թ-ին էկրաններ բարձրացած «Տարօրինակ օրեր» (Strange Days) գիտաֆանտաստիկ նուարը, որում ռեժիսորն ուսումնասիրում էր ռասիզմի, իշխանության չարաշահման, բռնության թեմաները, տապալվեց վարձույթում` գրեթե խորտակելով ռեժիսորի կարիերան։

Կադր «Տարօրինակ օրեր» ֆիլմից

Մինչև 2008-ը Բիգելոույի կարիերան նման էր ողբերգության, նույն կերպ, ինչպես ողբերգական էր Էլեն Ռիփլիի կյանքը օտարի մասին մյուս ֆիլմերում։ Ի՞նչ արեց Ռիփլին. կայացրեց իր կյանքի գլխավոր որոշումը` գնալով գիտակցված ինքնազոհության Դեյվիդ Ֆինչերի նկարած թրիքվելում։ Բիգելոուն նույնպես դիմեց յուրահատուկ ինքնազոհության. բարձր բյուջեով ստուդիական տեստաստերոնային մարտաֆիլմերից շարժվեց դեպի հեղինակային կինո` այս ամպլուայում իրեն դրսևորելով, որպես փայլուն ստեղծագործող։

Բիգելոուն ու իր Օսկարները

«Փոթորկի տիրակալը» (The Hurt Locker, 2008), որը իրավամբ համարվում է պատերազմի մասին լավագույն ֆիլմերից մեկը, ու որում աներևակայելի ճշգրտությամբ ներկայացված է Իրաքում ամերիկյան սակրավորների առօրյան, արժանացավ քննադատների ու կինոդիտողների ամենաբարձր գնահատանքին։ Բիգելոուն դարձավ լավագույն ռեժիսուրայի համար Օսկարի արժանացած առաջին կին ռեժիսորը, ֆիլմը հաղթեց նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Հետագայում թե Ռիփլիի, թե Բիգելոույի կյանքն ավելի հարթ էր։ Ռիփլին (ավելի ճիշտ` իր կլոնը) կրկին պայքարում է քսենոմորֆների դեմ, բայց այդ պայքարը զուրկ է կրակից։ Բիգելոուն շարունակում է նկարել հիանալի հեղինակային ֆիլմեր, բայց առայժմ բեկումնային մարտահրավեր ոչ մեկի, ոչ էլ մյուսի առջև չկա։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


ՀԵՐՄԻՈՆԱ ԳՐԵՅՆՋԵՐ/ ԺՅՈՒՍՏԻՆ ՏՐԻԵ

Հերմիոնա (Հերմայոնի) Գրեյնջերը (Էմմա Ուոթսոն) «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի երեք գլխավոր հերոսներից մեկն է, երեքից ամենախելացին, սառնասիրտն ու հաշվենկատը։ Ի տարբերություն բռնկվող Հարրիի ու խուճապի մատնվող Ռոնի, Հերմիոնան ռացիոնալ է ու կարողանում է պլանավորել։ Ճիշտ և ճիշտ ֆրանսուհի Ժյուստին Տրիեյի նման, ով բարդ մարդկային հարաբերություններն ու ոչ տրիվիալ իրավիճակները հիանալի ուսումնասիրում է իր սխեմատիկ, ճշգրիտ, սառը, բայց դրանից որ պակաս հանճարեղ ֆիլմերում։

«Վիկտորիա» (Victoria, 2016) կատակերգական դրամայում Տրիեն դեռ իրեն «համեստ է պահում», ինչպես Հերմիոնան` եռյակի առաջին արկածների ժամանակ։ Մարդկային հարաբերությունները Տրեյի համար ավազարկղ է, խաղահրապարակ, որտեղ նա կարող է տեղադրել ճակատագրերն ու տարբեր մանիպուլյացիաների միջոցով տեսնել, թե ինչ կլինի. իսկական գիտնականի նման, ինչպես Հերմիոնան։

Դու ուղղակի չես հասկանում

Բայց ավելի ուշ ֆիլմերում Հերմիոնայի ռացիոնալիզմին նոր գույներ են միանում, կերպարը սկսում է դրսևորել իրեն որպես մարդ, ով ունի զգացմունքներ ու խոցելի տեղեր։ Դրա շնորհիվ Հերմիոնան միայն հարստանում է. Ժյուստին Տրիեն, չնայած նկարահանման հրապարակում «աստված» է, ով գիտափորձեր է անցկացնում ենթակաների ճակատագրերի հետ, բայց, աստիճանաբար, ինքը նույնպես դառնում է սեփական գիտափորձերի մասը։

Կադր «Անկման անատոմիա» ֆիլմից

Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին արժանացած «Անկման անատոմիա» (Anatomie d'une chute, 2023) դրաման, առաջին հայացքից` դատական պրոցեդուրալ ճշմարտությունը պարզելու մասին, երկրորդ հայացքից` մարդկային խճճված հարաբերություններից բաղկացած գլուխկոտրուկ, իսկ երրորդ հայացքից` բարդ ինտելեկտուալ գլուխգործոց, անհնար կլիներ ստեղծել առանց Տրիե-մարդու կյանքի ու անձի անմիջական ներգրավվածության։

Ֆիլմի գլխավոր հերոս Սանդրան (Սանդրա Հյուլլերի փայլուն կատարմամբ) անընթեռնելի ու անընկալելի մարդկային արարած է, ում երրորդ սիրտն այնքան խորն է թաքնված բոլորից, որ հարց է առաջանում` արդյո՞ք այն ընդհանրապես գոյություն ունի։ Ի տարբերություն իր ստեղծած հերոսի, Ժյուստին Տրիեն բացում է ինքն իրեն, հանդես գալով որպես խորը մտածող ու խորապես ապրումակցող մարդ։ Ճիշտ և ճիշտ Հերմիոնայի նման` ուշ Փոթերներում։

ՔԼԱՐԻՍ ՍԹԱՐԼԻՆԳ/ ԺՅՈՒԼԻԱ ԴՅՈՒԿՈՒՐՆՈ

Բոլոր ժամանակների ամենաթրիլլերի` «Գառների լռության» (The Silence of the Lambs, 1991) գլխավոր հերոս Քլարիս Սթարլինգը (Ջոդի Ֆոսթեր) բարդ մանկություն ունեցած, զուտ «տղամարդկային» աշխատանք իր ուսերին վերցրած ու տղամարդկանց քննադատական հայացքների տակ իր կարիերան կառուցող ՀԴԲ ստաժորը խիզախորեն իրեն նետում է մարդկային ամենախորը ու մութ անդունդը` հանդգնելով իր ներաշխարհը բացել խիստ վտանգավոր գիշատչի` դոկտոր Հաննիբալ Լեկտերի առաջ ու դրա շնորհիվ հաղթելով ինքն իրեն ու սերիական մարդասպան Բուֆֆալո Բիլլին։ Քլարիսը նայում է անդունդին, անդունդը, ի պատասխան, նայում է Քլարիսին, բայց կինը չի ընկրկում։

Ֆրանսուհի Ժյուլիա Դյուկուրնոն նույնպես անվախ նայում է մարդկային անդունդին ու չի ընկրկում ոչ չհասկացված լինելու, ոչ էլ իր «անպարկեշտ խիզախության» համար հնչող քննադատության համար։ Եթե տղամարդ ռեժիսորները, հանդիսատեսի համար շոկային թերապիա կազմակերպելով, կարող են ուսումնասիրել թե իրենք իրենց, ու թե հանդիսատեսի խավարը, ինչո՞ւ դա չի կարող կին ռեժիսորը։ Այն էլ ինչպես է կարող։

Կադր «Հում» ֆիլմից

Համոզիչ բոդի հորրոր նկարելու համար առնվազն պետք է լրիվ հաշտ լինել սեփական մարմնի հետ։ 2016-ին էկրաններ բարձրացած «Հում» (Raw) ֆիլմը ոչ ավել, ոչ պակաս, սեփական մարմնի, սեփական բնության, սեփական անդունդի հետ հաշտ լինելու ու ինքնաճանաչման գրեթե աստվածաշնչյան պատում է։ Դյուկուրնոն իրեն դրսևորում է, որպես ծայրահեղ տաղանդավոր, շիտակ, ամբիցիոզ, սահմաններ ու կաղապարներ չճանաչող ու կոտրող, էքսպերիմենտներ սիրող, բուռն էներգետիկայով մարդ. ինչպես Քլարիս Սթարլինգը։

Քլարիսը պատմում է իր մանկության ամենամեծ սարսափի մասին

Բայց Դյուկուրնոյի «Հաննիբալ Լեկտերը», ում առաջ ռեժիսորը բացեց իր սիրտը, 2021-ի Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին արժանացած «Տիտան» (Titane) դրաման է։ Եթե «Հումը» ծաղրում էր սննդային կատեգորիկությունն ու մարմնական սակրալությունը, ապա «Տիտանը» գովք է այն ամենի, ինչ աստիճանաբար կորցնում ենք համաշխարհային մշակութային միատարրացման միջավայրում. ամենի կենտրոնում մնացել, մնում ու մնալու է ընտանիքը՝ որպես մարդ ֆիզիոլոգիական ու հասարակական միավորի կայացման ու ինքնարտահայտման կարևորագույն միջավայր:

Կադր «Տիտան» ֆիլմից

Սա բավականին զգացմունքային, շիտակ կինո է, որի սյուժետային կառուցվածքը, սակայն, զուրկ չէ էքսպերիմենտալ միջոցների կիրառումից: Տեխնոֆետիշիզմի ներքո կրկին Դյուկարնոյի կենտրոնական լեյտմոտիվն է. մարդու մարմինը նույնպես տեխնոլոգիա է՝ ֆիզիկայի օրենքներով միմյանց հետ փոխկապակցված էլեմենտների բազմություն, որի ներքո սակրալ ոչինչ չկա, ու հետևաբար՝ այն միայն տվյալ մարդու սեփականությունն է: Միաժամանակ, այն այնքան բարդ է, որ հաճախ անհնար է կանխագուշակել՝ ինչ վարքագիծ կդրսևորի այն կրողը: Այս պարագայում «սև արկղի» սկզբունքը ոչ թե բուն մեխանիզմների, այլ ելքային տվյալների մեջ է: Դոկտոր Լեկտերը հաստատ կգնահատեր։

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԼԵԱ/ ԳՐԵՏԱ ԳԵՐՎԻԳ

Արքայադուստր Լեան (Քերրի Ֆիշեր) «Աստղային պատերազմներից» (Star Wars) այն անտեսանելի առանցքն է, որի շուրջ պտտվում է ամբողջ Սագան։ Կարող է թվալ, թե կենտրոնում իր եղբայրն է, կամ իր սիրեցյալը, բայց Լեայի սխրանքները ու զրկանքները մնում են կադրից դուրս։ Լեան է, որ առաջին հաղորդագրությունն է ուղարկում Օբի Վանին, Լեան է խիզախությամբ դիմանում Դարթ Վեյդերի կտտանքներին, որոնց ընդամենը մի մասն է երևում «Անդոր» (Andor) սերիալում, Լեան է խիզախություն հաղորդում Լյուկին ու Հան Սոլոյին, իր թեթևությամբ ու անբեկանելիությամբ վարակում բոլորին։ Լեան ի սկզբանե դիմադրության առաջնորդն է։

Ռեժիսոր Նոա Բաումբախի կարիերայի փայլուն փուլում Գրետա Գերվիգը այն անտեսանելի առանցքն էր, որի շուրջ պտտվում էր Բաումբախի ստեղծագործական կյանքը։ Ու ինչպես Լեայի դեպքում, Գերվիգի ներդրումը հաճախ ընկալվում էր սահմանափակ, միայն որպես դերասանուհու` մոռանալով Գերվիգի դրամատուրգիական ու բեմադրական տաղանդը։

Կադր «Լեդի Բըրդ» (Lady Bird, 2017) ֆիլմից, որը Գերվիգի առաջին ռեժիսորական տրիումֆն էր

Առանձնահատուկ է թեթևությունը, որով Լեան անցնում է արհավիրքների միջով։ Ու թեթևությունը, որով Գերվիգն արդեն իր հեղինակային ֆիլմերում խոսում է մարդկային բարդագույն թեմաների` հասունացման, սեռերի հարաբերությունների, ինքնաճանաչման ու ինքնաընկալման մասին։ Նա, ինչպես Լեան, ամեն քայլափոխին կատակում է, գունավորում պատմությունն իր խարիզմայով, անտանելի ստեղծագործական բեռը դարձնում հասկանալի ու հարազատ։

ՖՅՈՒՐԻՈՍԱ/ ՋԵՅՆ ՔԵՄՓԻՈՆ

Ֆյուրիոսան (Շառլիզ Տերոն) Ջորջ Միլլերի հիանալի «Խելագար Մաքս. Զայրույթի ճանապարհ» (Mad Max: Fury Road, 2015) ֆիլմի սկզբում, որը զգալիորեն հենված է «ցույց տուր, ոչ թե պատմիր» կինեմատոգրաֆիկ լեզվի վրա, մեծ գաղտնիք է, բայց անգամ վերջում հիանալի այս կերպարի խորհրդավորությունը պահպանվում է։

Ինչպես նորզելանդացի դասական Ջեյն Քեմփիոնի կինոձեռագիրը` խթանել հանդիսատեսի էմոցիաները մինչև վերջ չասելու, մինչև վերջ ցույց չտալու միջոցով։ Քեմփիոնի ֆիլմերը գենդերային դերերի, գայթակղության ու կանացի սեքսուալության ուսումնասիրություն են։

Կադր Քեմփիոնի «Դաշնամուրը» (The Piano, 1993) ֆիլմից

Ֆյուրիոսան էլ, թաքնված ու խտացված կանացի սեքսուալության մարմնացում, պայքարում է գենդերային անարդարության ու կանանց ստրկացման դեմ, ինչպես Քեմփիոնն իր ֆիլմերում։ Ազդեցիկ կնոջ հայտարարությունը կամ կնոջ ազդեցիկ հայտարարությունը սեփական իրավունքների մասին ջերմամիջուկային ուժգնություն ունի թե Ֆյուրիոսայի, թե Քեմփիոնի կինոյի դեպքում։


🎬 Արման Գասպարյան / PAN