Բռնաբարություններ, մահեր ու ավերակներ. Ինչպես Woodstock-99-ի երազանքը վերածվեց մղձավանջի
1999-ի հուլիսի 22-ին Նյու Յորքի Ռոում քաղաքի մոտ գտնվող լքված ավիաբազայում մեկնարկեց մի փառատոն, որը տարբեր կանխատեսումներով պիտի դառնար 90-ականների ամենափայլուն երաժշտական իրադարձությունը։ Կազմակերպիչները հպարտորեն հայտարարում էին, որ նշում են լեգենդար Woodstock-69-ի 30-ամյակը և նոր կյանք են տալիս «խաղաղություն, սեր և երաժշտություն» նշանաբանին։ Բայց իրականությունն այլ էր։ Լրիվ այլ։
1969-ի Woodstock-ը, ինչպես արդեն պատմել ենք, իսկապես դարձավ ազատության ու համերաշխության խորհրդանիշ։ Մարդիկ ակնկալում էին, որ new edition-ը առնվազն կկրկնի նախորդի հաջողությունը։ Բայց, ցավոք, 99-ի տարբերակը պատմության մեջ մտավ որպես «90-ականների վախճանի օր»։ Չորս օրվա ընթացքում մոտ 400 հազար մարդ ականատես դարձան, թե ինչպես է երազանքը վերածվում մղձավանջի։
ԱՆԱՊԱՏԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ
Առաջին և գուցե ամենաճակատագրական սխալը վայրի ընտրությունն էր։ 1969-ին փառատոնը կայացել էր ֆերմայում՝ շրջապատված անտառներով, լճերով ու բնական ստվերներով։ Մարդիկ կարող էին լողալ, հանգստանալ ծառերի տակ, աղմուկից ու երաժշտությունից «փախնելու» համար էլ բեմից հեռու հնարավոր էր հանգիստ տեղ գտնել։
99-ին լրիվ այլ պատմություն էր՝ լքված ավիաբազա, ասֆալտե թռիչքուղիներ, բետոնե հարթակներ։ Գրեթե ոչ մի ծառ, ոչ մի բնական ստվեր։ Հուլիսյան արևը, որը հասնում էր 38-40 աստիճանի, անողոք էր ու տարածքը բառացիորեն վերածում էր եռացող կաթսայի։ Երկու հիմնական բեմերի միջև 2,5 կիլոմետր հեռավորություն էր՝ եռացող ասֆալտի վրայով։
Եթե 69-ի ընթացքում խնդիրներից մեկն անձրևն էր, որը ցեխի էր վերածել ամբողջ տարածքը (բայց առնվազն զովացրել էր մարդկանց), ապա 99-ին խնդիրը ճիշտ հակառակն էր՝ սարսափելի շոգ և ջրի բացակայություն։
Կազմակերպիչները, ովքեր մուտքի մոտ բառի ուղիղ իմաստով բռնագրավում էին մարդկանց բերած ջուրն ու սնունդը, փառատոնի տարածքում մեկ շիշ ջուրը վաճառում էին 4 դոլարով, այսօրվա արժեքով դա մոտ 8 դոլար է։ Երբ արդեն հստակ էր, որ անգամ վաճառքի հանված ջուր չի բավականացնում մարդկանց, դրա գինը տեղում շատ արագ եռապատկվում է ու հասնում 12 դոլարի։ Անվճար էին միայն ջրի շատրվանները ու դրանց մոտ հերթերը հիշեցնում էին Դիսնեյլենդի ամենապահանջված ատրակցիոնների հերթերը։
Բայց սա էլ ամենասարսափելին չէր։ Կարճ ժամանակ անց զայրացած ամբոխը սկսեց վնասել շատրվանները՝ փորձելով հասնել խողովակներին։ Բայց այդ խողովակները, ինչպես հետո պարզվեց, կապված էին զուգարանների համակարգի հետ։ Երբ համակարգը խափանվեց, զուգարաններից հոսող կեղտաջրերը խառնվեցին խմելու ջրի աղբյուրներին։ Մարդիկ բառացիորեն լողում էին կեղտաջրերի մեջ՝ անգամ չիմանալով դրա մասին։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԴՈՔՍԸ
1969-ին կարգուկանոնի պահպանմանն օգնում էին տեղի ոստիկանները և զինվորականները, բայց հիմնականում ամեն ինչ հիմնված էր ինքնակազմակերպման վրա։ Ու սա կարծես աշխատեց այն ժամանակ։ 99-ին ամեն բան այլ էր։ Կազմակերպիչները վարձել էին «խաղաղության պարեկների»՝ դեղին շապիկներով պատահական երիտասարդների, ովքեր ոչ մի պատկերացում չունեին, թե ինչպես վերահսկել 200 հազարից ավելի զայրացած, հարբած և թմրանյութի ազդեցության տակ գտնվող մարդկանց։ Իրական ոստիկաններ գրեթե չկային՝ կազմակերպիչները չէին ուզում «ճնշող մթնոլորտ» ստեղծել։
Արդյունքը՝ լիակատար անարխիա։ Շատ «պարեկներ» պարզապես հանեցին իրենց շապիկները և միացան ամբոխին։ Մյուսները փախան, երբ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Եթե 69-ի Woodstock-ում հավասարապես ներկայացված էին ֆոլք-ռոքը, ավանգարդ ջազը և այլ ուղղությունները, ապա 99-ում գերակշռում էր ագրեսիվ nu-metal-ը։ Limp Bizkit, Korn, Rage Against the Machine, Metallica։
Շաբաթ երեկոյան, երբ Limp Bizkit-ը կատարեց Break Stuff երգը, ամբոխը «կոտրելու» այս կոչը շատ ուղիղ ընկալեց։ Մարդիկ սկսեցին քանդել ձայնային աշտարակները, ջարդել ցանկապատերը, տապալել վաճառասեղանները։
Դե իսկ բեմից հուսահատ կոչեր էին հնչում.
«Խնդրում ենք, այնտեղ վիրավորներ կան։ Նրանք ձեր եղբայրներն ու քույրերն են։ Օգնեք բժշկական թիմին հանել նրանց այնտեղից»։
Իսկ երբ կանադական Tragically Hip խումբը սկսեց երգել Կանադայի հիմնը, ամերիկացի «հայրենասերները» սկսեցին քարեր ու շշեր նետել նրանց վրա՝ երգելով ԱՄՆ հիմնը։
Fatboy Slim-ի ելույթի ժամանակ էլ ինչ-որ մեկը որոշեց բեռնատար գողանալ և սկսեց մտնել ուղիղ ամբոխի մեջ։ Բարեբախտաբար, ոչ ոք չտուժեց, բայց դիջեյը ստիպված էր դադարեցնել ելույթը և փախչել բեմից, քանի որ զայրացած ամբոխը սկսել էր նրա ուղղությամբ շշեր նետել։
ՍԵՔՍՈՒԱԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Ամենասարսափելին այն էր, ինչ տեղի էր ունենում mosh pit-երում։ Կամավորներից մեկը պատմում էր, որ տեսել է, թե ինչպես է տղամարդկանց ամբոխը ներս քաշել փոքրամարմին, մոտ 45 կիլոգրամ քաշով մի աղջկա ու սկսել բռնաբարել։
«Նրանք պահում էին նրա ձեռքերը, երևում էր, որ նա դիմադրում է»։
Պաշտոնապես գրանցվեց բռնաբարության 8 դեպք, բայց իրական թիվը, ըստ ականատեսների, շատ ավելի մեծ էր։ Շատ զոհեր պարզապես չհամարձակվեցին դիմել ոստիկանություն։
Ամբողջովին անկառավարելի քաոս էր տիրում հսկայական ավիացիոն անգարում։ Հազարավոր մերկ և կիսամերկ մարդիկ, թմրանյութերի ազդեցության տակ, անգարի անկյուններում խմբակային սեքսով էին զբաղված։
ԿԻՐԱԿԻ ԳԻՇԵՐԸ
Վերջին երեկոյի ընթացքում, Red Hot Chili Peppers-ի ելույթի ժամանակ, կազմակերպիչները որոշեցին բաժանել 100 հազար մոմ՝ ի հիշատակ Կոլումբայնի ավագ դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանության զոհերի։ Սկզբում ամեն ինչ գեղեցիկ էր՝ հազարավոր մոմերի լույսը հուզիչ տեսարան էր ստեղծում։
Հետո խումբը որոշեց կատարել Ջիմի Հենդրիքսի Fire երգի քավերը։ Ու սա վերջին կաթիլն էր։ Ամբոխը բացի մոմերից սկսեց վառել այն ամենը, ինչ հնարավոր էր վառել։ Մարդիկ շրջում էին մեքենաները և հրկիզում դրանք, թալանում էին վաճառասեղանները, կոտրում բանկոմատները։ Կարճ ասած՝ իրական, անկառավարելի քաոս։ Երբ կրակը հասավ գազի բալոններ պարունակող ֆուրգոններին, հզոր պայթյուններ լսվեցին ու սա արդեն վերջին կաթիլն էր։ Քաոսը դադարեց միայն երբ տարածք մտան ոստիկանության հատուկ ջոկատները։ Բայց արդեն ուշ էր։ Ավիաբազան պատերազմական գոտի էր հիշեցնում։
Արդյունքւմ՝ 3 մահ, պաշտոնապես գրանցված 8 բռնաբանրություն, բժշկական օգնություն ստացած մոտ 10 հազար մարդ, 44 ձերբակալված ու մի ամբողջ՝ գետնին հավասարված փառատոնային տարածք։
Շատերը կարծում են, որ Woodstock-99-ի ողբերգությունը պատահական չէր։ Այն 90-ականների վերջի ամերիկյան մշակույթի արտացոլումն էր՝ ագրեսիվ ու տոքսիկ առնականություն, կորպորատիվ ագահություն, ինտերնետ-դարաշրջանի սկիզբ, երբ ամեն ինչ թվում էր հնարավոր և թույլատրելի։
Կազմակերպիչ Մայքլ Լենգը, ով 69-ի հերոսներից մեկն էր, ուզում էր նոր սերնդին ցույց տալ «խաղաղության և սիրո» արժեքները։ Բայց չէր հասկանում, որ 99-ի երիտասարդությունը լրիվ այլ իրականության մեջ էր ապրում։
Մայքլ Լենգը մահացավ 2022-ին՝ երևի այդպես էլ չկարողանալով հասկանալ, թե ո՞ր պահին սխալվեց։ Woodstock փառատոներ այլևս չեն կազմակերպվում։ Եվ հավանաբար երբեք էլ չեն կազմակերպվի։
Woodstock-99-ը դարձավ ոչ թե 60-ականների իդեալների վերածնունդը, այլ 90-ականների վերջի ամերիկյան հասարակության հայելին։ Արդյունքում հիասթափված ու զայրացած սերունդը պայթեց ու պայթեցրեց ամեն ինչ՝ բառացիորեն։