Կարդալիքներ PAN-ից
September 26

Թմրանյութեր, սեքս ու ռոքնռոլ. Վուդսթոք 1969-ի հեղափոխած մշակույթը

Երիտասարդ, ցեխի մեջ թաթախված, անձրևի տակ պարող, սոված ու ծարավ, բայց... երջանիկ կես միլիոն մարդ։ Կես միլիոն։ Հնարավո՞ր սցենար է: 1969-ի Վուդսթոքն ապացուցեց, որ այո՛, հնարավոր է: Նյու Յորքի Բեթել քաղաքի մոտ գտնվող մի ֆերմայում կազմակերպիչ չորս տղաներն ու փառատոնի մասնակից կես միլիոն երիտասարդներն առանց գիտակցելու դարձան պատմական, հեղափոխական, իրապես սենսացիոն մի երևույթի վկան ու մասնակիցը։ Ու, թեև ամեն ինչ հուշում էր, որ փառատոնն աղետի է վերածվելու, իրականում այն դարձավ մինչև օրս էլ նմանը չունեցող մշակութային ֆենոմեն։

ՄԵԾ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Չորս երիտասարդներ՝ Ջոն Ռոբերտսը, Ջոել Ռոզենմանը, Արտի Կորնֆելդը և Մայքլ Լենգը, որոնցից ամենամեծը 27 տարեկան էր, որոշեցին կազմակերպել երաժշտական փառատոն: Լենգն արդեն «նմանատիպ» միջոցառում կազմակերպելու փորձ ուներ, Կորնֆելդը Capitol Records լեյբլի փոխնախագահն էր, իսկ Ռոբերտսն ու Ռոզենմանը Մանհեթենում ձայնագրման սեփական ստուդիան էին կառուցում: Տղաները միասին ստեղծում են Woodstock Ventures ընկերությունը և սկսում իրագործել իրենց երազանքը:

Նախնական պլանով փառատոնը պետք է անցկացվեր Վուդսթոք քաղաքում, բայց հարմար վայր չգտնվեց: Հետո փորձեցին Ուոլքիլի արդյունաբերական գոտում ինչ-որ տարածք գտնել, անգամ պայմանավորվածություն ձեռք բերեցին։ Երբ թվում էր, որ վայրն ընտրված է ու ժամանակն է զբաղվել մյուս տեխնիկական հարցերով՝ պարզվեց, որ տեղի բնակչությունն այնքան էլ ոգևորված չէ տասնյակ հազարավոր մարդկանց ընդունել, առավել ևս՝ երբ խոսքը նման ձևաչափի մասին էր։

Չորս տղաները ինքնուրույն էին զբաղվում կազմակերպչական բոլոր հարցերով։ Եթե այսօր որևէ փառատոն կազմակերպելու համար հարյուրավոր մարդիկ են ներգրավված, ապա տասնամյակներ առաջ երիտասարդ էնտուզիաստներն ինքնուրույն պիտի լուծեին բոլոր հարցերը։

Արդյունքում ստացվեց այնպես, որ տեղական իշխանությունները, վախենալով «հիպիների հավաքույթից», արգելեցին միջոցառումների անցկացումը: Տղաները խուճապի մեջ էին, փառատոնին ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ էր մնացել։ Ու հանկարծ հայտնվում է Մաքս Յասգուր անունով մի «պահապան հրեշտակ», որը համաձայնում է փառատոնի համար վարձակալության տալ իր ֆերման, որը գտնվում էր Բեթելի մոտ՝ Վուդսթոքից 69 կիլոմետր հեռու:

Այստեղ ևս հարևանները խիստ դեմ էին և նույնիսկ բոյկոտեցին Յասգուրի կաթնամթերքը, որն, ամենայն հավանականությամբ, նրա ապրուստի հիմնական միջոցներից էր։ Բայց ֆերմերը ոչ միայն չնահանջեց, այլև դարձավ փառատոնի պատմության առանցքային գործող անձերից մեկը։ Անգամ ելույթ ունեցավ Ջո Կոկերի կատարումից առաջ ու անվճար ջուր բաժանեց մասնակիցներին, բայց սրա մասին ավելի ուշ կխոսենք։

Այս փոխադարձ սերը միայն մեկ տարվա կյանք ունեցավ։ Հաջորդ տարի նա արդեն հրաժարվեց կրկնել փորձը, 1971-ին վաճառեց ֆերման, իսկ 1973-ին մահացավ սրտի կաթվածից: Rolling Stone ամսագիրը նրա հիշատակին մի ամբողջ էջ կազմող հոդված նվիրեց:

ՏՈՄՍԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՈՔ ՉՍՏՈՒԳԵՑ

Նախօրոք գնված եռօրյա տոմսերն արժեին 18 դոլար, իսկ մուտքի մոտ պլանավորում էին վաճառել 24 դոլարով: Կազմակերպիչները հաշվարկում էին, որ ընդհանուր առմամբ 50,000 այցելու կմասնակցի փառատոնին: Բայց երբ արդեն օգոստոսի 13-ին մասնակիցների թիվը հասավ 100,000-ի, պարզ դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

Ամենաաբսուրդն այն էր, որ շինարարական խումբն այդպես էլ չհասցրեց ավարտել դրամարկղերի և ցանկապատերի կառուցումը: Այսինքն՝ փառատոնի բացման օրը կարգ, կանոն և հստակություն բերող երկու կարևորագույն գործոնները բացակայում էին։ Առհասարակ, կազմակերպիչները նախապատրասական աշխատանքները ծայրը ծայրին էին հասցրել վերջին վայրկյանին։

Բայց հենց սկզբից էլ հստակ դարձավ, որ կիսակառույց ցանկապատն ու դրամարկղերի բացակայությունը որոշիչ, չափազանց կարևոր բացթողում էին։ Իհարկե, հետահայաց կարելի է ենթադրել, որ հենց այս բացթողումների շնորհիվ էր, որ Վուդսթոքը մնաց պատմության մեջ։ Բայց սա գեղեցիկ պատահականություն էր, ոչ թե հաշվարկված ռիսկ։

Փառատոնից երկու օր առաջ մարդիկ սկսեցին հազարներով ժամանել ֆերմա: Նրանք առանց տոմսերի ներխուժել էին, պահել այսպես ասած VIP տեղերը ու շրջակա բնակավայրերին և քաղաքներին լուրեր էին հասցրել, թե փառատոնի մուտքն առանց տոմսի է։ Ի՞նչ անել: Կազմակերպիչներն ընդունեցին թերևս պատմության մեջ ամենաանսովոր բիզնես որոշումը՝ փառատոնն ինքնըստինքյան դարձավ անվճար: Գուցե սա պարտադրված որոշում էր ու այլ ելք չկար, բայց առջևում ավելի անհավանական զարգացումներ էին սպասվում։

ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍՆ ՈՒ ՀՐԱՇՔԸ

Կարճ ժամանակում ավտոմեքենաների երթևեկությունն ամբողջովին կաթվածահար եղավ: Մարդիկ թողնում էին մեքենաները ճանապարհին, խուսափում կիլոմետրեր ձգվող խցանումից և մի քանի կիլոմետր քայլում մինչև ֆերմա: Ու ստացվում է իսկապես սարսափելի մի իրավիճակ՝ կես միլիոն մարդ մի վայրում, որտեղ  զուգարանը, ջուրը և սնունդը նախատեսված էր 50,000-ի համար:

Բայց այստեղ տեղի ունեցավ առաջին հրաշքը՝ 500,000 մարդու համար ընդամենը 15 ոստիկան էր նախատեսված, բայց լուրջ անկարգություններ չեղան, ոչ մի զանգվածային բախում տեղի չունեցավ։ Մարդիկ կիսվում էին վերջին պատառ հացով, օգնում էին միմյանց։ Տարածքի բնակիչները նրանց հավելյալ սնունդ էին տրամադրում, մի խոսքով՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Երկրորդ պարադոքսը՝ փառատոնը դիրքավորվում էր որպես հակապատերազմական, բայց հենց ռազմական ուղղաթիռներն էին, որ փրկեցին իրավիճակը՝ բերելով սնունդ և ջուր:

ԵՂԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՆԸ

Եղանակը, թվում էր, որոշել էր ստուգել բոլորի համբերությունը: Անձրևը, որը թափվում էր փառատոնի ընթացքում, ամբողջ տարածքը վերածեց «ցեխոտ օվկիանի»: Էլեկտրական լարերը անցնում էին ցեխի տակով, և գետինը տառացիորեն թրթռում էր: Բեմը պաշտպանված չէր անձրևից, իսկ լուսավորության աշտարակները այնքան վատ էին ամրացված, որ մնում էր աղոթել, որպեսզի դրանք տեղում մնային։

Բայց հենց այս պայմաններում ծնվեց անմրցելի, լեգենդար փառատոնը: Մարդիկ պարում էին ցեխի մեջ, լողանում մոտակա գետում, սնունդ պատրաստում բաց դաշտում և անտառում: Ազատությունն այնքան բացարձակ էր, որ ոչ ոք ուշադրություն չէր  դարձնում՝ դիմացինը հագնվա՞ծ է, թե՞ ոչ։ Թվում էր՝ երիտասարդներին այդ պահին ուրիշ ոչինչ պետք չէր՝ երաժշտություն, անվերջ թմրանյութեր ու սեքսի ազատականացում։

ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Փառատոնին պետք է մասնակցեր 32 կատարող: Առաջինը պայմանագիր ստորագրեց Creedence Clearwater Revival խումբը, որի շնորհիվ փառատոնն «անուն» ստացավ և կարողացավ գրավել այլ հայտնի արտիստների:

Oգոստոսի 15-ին փառատոնը բացեց Ռիչի Հեյվենսը: Նա չպետք է առաջինը ելույթ ունենար, բայց քանի որ շատերը, այդ թվում երաժիշտները ուշանում էին խցանումների պատճառով, ստիպված եղավ երեք ժամ անդադար նվագել: Հանդիսատեսը նրան բաց չէր թողնում, երգացանկն ավարտվել էր, բայց Հեյվենսը հենց տեղում նոր երգեր էր ստեղծում։ Այսպես իմպրովիզացիայով ստեղծեց Freedom-ը, որն այսօր Վուդսթոք 1969-ի գլխավոր խորհրդանիշներից է համարվում։ Շաբաթ օրը բեմ բարձրացան Jefferson Airplane, Sly and the Family Stone խմբերը, Կառլոս Սանտանան և ուրիշներ:

Փառատոնը պետք է ավարտվեր կիրակի երեկոյան, բայց տեխնիկական խնդիրների ու անձրևի պատճառով ձգձգվեց մինչև երկուշաբթի առավոտ: Վերջին կատարողը Ջիմի Հենդրիքսն էր։ Նա շուրջ երկու ժամ նվագեց ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդու համար, մնացածն արդեն հեռացել էին։ Բայց սա ևս փառատոնի պատմական դրվագներից էր:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԵՏՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Զուտ առևտրային տեսանկյունից Վուդսթոքը լիակատար ձախողում էր: Կազմակերպիչները 1.3 միլիոն դոլար պարտք կուտակեցին ու, ավելորդ է նշել, որ զրո դոլար եկամուտ ունեցան: Բայց այն, ինչ կատարվել էր այդ օրերին, իսկապես պատմական էր, ու սա ինչ-որ բան հաստատ նշանակում էր։

Մի քանի ամիս անց Warner Brothers-ը փառատոնի մասին վավերագրական ֆիլմ թողարկեց։ Այն շատ մեծ հաջողություն գրանցեց։ Հերթով հաջողում էին նաև փառատոնի ընթացքում ելույթ ունեցած խմբերն ու արտիստները։ Կազմակերպիչների պարտքը քիչ-քիչ մարվում էր։

Կարելի է ասել, որ Վուդսթոքն ավարտեց հիպիների դարաշրջանը և սկիզբ դրեց սեքսուալ հեղափոխությանը ԱՄՆ-ում: Փատատոնից ինը ամիս անց տասնյակ հազարավոր երեխաներ ծնվեցին։ Ցավոք, եղան նաև զոհեր՝ հենց փառատոնի ընթացքում։ Մեկը մահացավ գերդոզավորումից, մեկը՝ տրակտորի տակ ընկավ, մեկն էլ՝ բարձրությունից ընկավ: Բայց հաշվի առնելով կես միլիոն մարդու ներկայությունը և պայմանները, սա գրեթե հրաշք էր: Տուժողների թիվը կարող էր անգամներով ավելին լինել։

Ի վերջո, Վուդսթոքը պարզապես փառատոն չէր։ Այն դարձավ մի ամբողջ սերնդի ազատության ձայնը։ Հենց այստեղ ծնվեց «make love, not war» արտահայտությունը։ Ու իսկապես, հարյուր հազարավոր իրար անծանոթ երիտասարդները ստեղծել էին սեփական աշխարհը՝ առանց սահմանների, առանց նախապաշարումների: Նրանք եկել էին լսելու սիրելի արտիստներին, բայց նաև փնտրելու իրենց ձայնը, որը տարիներ շարունակ խեղդվել էր հասարակական նորմերի և պատերազմի մեխանիզմի ճնշման տակ: Փառատոնի տարածքում իշխում էր բացարձակ ազատություն՝ մարմնի, մտքի, խոսքի: BBC-ն այդ օրերը նկարագրելիս գրում էր՝

«Հազարավոր երիտասարդներ տուն են վերադառնում երեք օր ու գիշեր սեքսից, թմրանյուից և ռոքնռոլից հետո»:

Բայց Վուդսթոքը ավելին էր, քան պարզապես սեքսը, թմրանյութերն եւ ռոքնռոլը: Այն դարձավ այդ սերնդի խորհրդանիշերից մեկը։ Սերունդ, որ համարձակվեց մարտահրավեր նետել համակարգին, հարցականի տակ դնել ավանդույթները և երազել ավելի լավ աշխարհի մասին: Այդ երիտասարդները չէին ուզում ապրել իրենց ծնողների կյանքով՝ նախանշված ուղիներով, խեղդող կանոններով: Նրանք ուզում էին ազատություն՝ մտածելու, զգալու, սիրելու, ստեղծագործելու: Եվ Վուդսթոքը դարձավ այդ ազատության մարմնավորումը:

1999-ին փորձեցին կրկնել Վուդսթոքը, բայց արդյունքը եղավ լրիվ հակառակը՝ բռնություններ, բռնաբարություններ, թալան: Սրա մասին խոստանում ենք պատմել առանձին անդրադարձով։


✍️ Նանե Մանուկյան / PAN