#մշակութաPAN
October 17, 2023

Դեղինը. Արևածաղիկներ՝ Վան Գոգից, կարագ ու կով՝ ուրիշներից  

Ինչպես Վան Գոգը սկսեց արևածաղիկներ նկարել, այդ կոշտ ծաղիկների մեջ կյանք դնել ու Գոգենի սենյակում կտավները տեղավորել, ինչու Ֆրանց Մարկի աշխարհում դեղին կովը կանացիության հետ կապվեց ու կարագն այդքան անսովոր երևաց։

Թերևս ամենաաշնանային գույնի՝ դեղինի մասին է PAN-ն այս անգամ պատմում. ասում են՝ ամենահներից է, կարող է երջանկությունից մինչև երախտագիտություն ու կենսասիրություն խորհրդանշել։

Դեղինի հետ սովորաբար, բայց ոչ միշտ, ասոցացվում են երջանկությունը, լուսավորությունը, պոզիտվը, պարզությունը։ Արևից մինչև աստվածներ, փառք ու իշխանություն, գյուղական կյանք ու մեկուսացում․ դեղինն արվեստում ավելի լայն է «նայվում»։

Դեղինն ամենահին գույներից մեկն է, դեղինով ու դեղինի առաջին պատերները մեզ քարանձավներից են հասել՝ 17,000 տարվա հնությամբ ու մարդկության պատմության փորագրությամբ (ավելի տպավորիչ հնության մասին էլ խոսք կա, ասում են՝ Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում այն 40,000 տարվա պատմություն ունի, Աֆրիկայում՝ ավելի հին ապացույցներ կան)։

Օխրայից դեղինի երանգը լայնորեն օգտագործվել է նախապատմական շրջանում ու եղել առաջին գույներից մեկը, որն արվեստում է կիրառվել։

17,000 տարվա պատմություն ունեցող քարանձավային ձիու պատկեր

Դեղինը նաև տարածված է եղել Հին Հռոմում ու Եգիպտոսում, օգտագործվել է՝ պատկերելու մարդկային մարմնագույնը։ Հին Եգիպտոսում դեղինը դեպի աստվածներն էր տանում․ նրանք հավատում էին, թե աստվածները ոսկե մարմին ու ոսկորներ ունեն և դեղինն օգտագործում էին նրանց մարմինը պատկերելու համար։ Դեղինը նաև կարևոր գույն է բուդդիզմում։

Բայց ամեն դեղին չէ, և միշտ չէ, որ դեղինը դրական կամ աստվածային երանգով է հասկացվում։

Վերածննդի ու Միջնադարի արտիստները, մեծամասամբ, կիրառում էին «Հնդկական դեղինը»․ այս գույնը ստացվում էր, երբ կովերը մանգոյի տերևներ էին շատ ուտում՝ դրանից բխող կենսաբանական հետևանքներով։

Գույնն էլ օգտագործվում էր՝ նկարելու համար լուսանցքում հայտնվածներին, այնտեղ մնացածներին, օրինակ ու հատկապես՝ Հուդային։

Դեղինի մեջ նաև բացասական իմաստներ ու երանգներ են դրվում․ «դեղին մամուլը» վկա։

Դեղինի տարբեր ու նույնիսկ կոնսպիրոլոգիական մեկնաբանություններ կարելի է կարդալ Վան Գոգի արվեստի մասին. դրան դեռ կհասնենք, բայց Վան Գոգի ժամանակակից Գոգենը, օրինակ, պարզ է ասել՝ ինչու դեղին։

Պոլ Գոգեն, «Դեղին Քրիստոսը», 1889 թ.

Իր այս կտավի դեղինը մեկնաբանելիս նկարիչն ընդգծել է՝ գյուղացիների բարեպաշտությունն ու մեկուսացումն է արտահայտել։

«Կյանքի ամենաքաղցր բաները դեղին են», գրում են՝ պատմելով մեզ դեղնավուն կտավների մասին։ Բայց արդյոք սա ճիշտ է ու իրականում ինչ, ինչքան ու ինչու է թաքնված դեղինի տակ։

ՎԱՆ ԳՈԳ․ ԱՐԵՎԻ ԳՈՒՅՆՈՎ ԾԱՂԻԿՆԵՐԸ

2000 նամակ ու 900 կտավ թողած Վինսենթ Վան Գոգն ուզում էր ճանաչելի լինել հենց արևածաղիկներով․ այնպես, ինչպես իր ժամանակի շատ նկարիչներ, Վան Գոգը ևս ծաղիկներին ու ծաղիկներով նատյուրմորտներին անդրադառնում էր, բայց անելով դա մի փոքր այլ կերպ ու մի քիչ ուրիշ ծաղիկների հետ՝ արևածաղիկների։ Եվ մինչ մյուսները կարծում էին, թե արևածաղիկներն այդ կոպիտ են, Վան Գոգը շարունակում էր պատկերել, իսկ որոշ տեղերում էլ՝ գլխավոր դեր տալ արևածաղիկներին՝ իմանալով, որ իրենը հատուկ են։

Վան Գոգի նոթատետրից մի էջ, 1890 թ.
Ասում են՝ նրա մահից հետո ընկերներն արևածաղիկներ են տարել նկարչի թաղմանը։
Վինսենթ վան Գոգ, «Արևածաղիկ», 1887 թ.

Վան Գոգի արևածաղիկների ամենահայտնի պատկերներին անցնելուց առաջ, առաջարկում ենք 1887 թվականի Փարիզը պատկերացնել ու մի Grand Bouillon-Restaurant du Chalet անունով վայր, որտեղ ոչ մեծ կարողության տեր փարիզեցիներն էին գնում ճաշելու։ Այնտեղ Անրի դը Տուլուզ-Լոտրեկի, Էմիլ Բեռնարի, ավանգարդի այլ ներկայացուցիչների գործերի հետ մեկտեղ կախված էին նաև Վան Գոգի արևածաղիկներ պատկերող կտավներից։ Իհարկե, այս ժամանակավոր ցուցադրությունը կարճ տևեց ու մեծ աղմուկ չբարձրացրեց, բայց աղմկոտ հեռացավ Վան Գոգը։ Բեռնարը մի առիթով պատմել է, թե նա վիճել է ռեստորանի տիրոջ հետ, իր կտավները հեռացրել տարածքից։

Բայց մինչ այդ, այնտեղ կախված արևածաղիկները, դրանց բոցավառ, բայցև թավշյա տեսքը գրավել է ցուցադրությունն աչքի անցկացրած նկարիչ Պոլ Գոգենին։ Ասում են՝ Գոգենը Վան Գոգից երկու նկար է խնդրել, նկարիչն այդ գործերը փոխանցել է Գոգենին։

Նիենկե Բակկերը (Nienke Bakker), ով Վան Գոգի թանգարանում նկարչի՝ արևածաղիկներին նվիրված ցուցադրության համադրողն է, փաստում է՝ Գոգենի այս հետաքրքրությունն է խորացրել Վան Գոգի ուշադրությունը դեպի արևածաղիկները։

Գոգենի այս կարծիքն ու դրական վերաբերմունքը Վան Գոգի համար սիրելի գործը շարունակելու հաճելի մոտիվացիա է եղել. ասում են՝ նույնիսկ Գոգենին Ֆրանսիայի հարավում՝ Արլի «Դեղին տանը» հյուրընկալելու համար Վան Գոգը նրա համար նախատեսված սենյակը ձևավորել էր իր արևածաղիկների պատկերներով։

Պոլ Գոգեն, «Վինսենթ վան Գոգը նկարում է արևածաղիկներ», 1888 թ.
«Արևածաղիկը շատ ամուր, ուժեղ բույս է։ Այն էլեգանտ չէ։ Նա դա կոչում էր «գեղջկական արևածաղիկ»։ Այն իսկական գյուղի կոշտությունն ու անփայլ տեսքն ուներ, և սա այն էր, ինչ Վան Գոգը խորապես զգում էր»,- բացատրում է համադրողը։

Տոկիոյից մինչև Ամստերդամ՝ Վան Գոգի ամենահայտնի՝ ծաղկամանի մեջ դրված արևածաղիկների 5 տարբերակ կա աշխարհում։ Դրանցից 3-ը կրկնօրինակ են եղել․ Վան Գոգը կրկնել է իր իսկ գործը։

Բացի այս 5 հայտնի արևածաղիկների փնջից, համանման երկու կտավ էլ է եղել․ մեկն այժմ անձնական հավաքածուում է, մյուսը կորչել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Ընդհանուր առմամբ, Վան Գոգն արևածաղկի թեմատիկայով 11 կտավ է նկարել։

Վան Գոգ, «Արևածաղիկներ», Մյունխեն, 1888 թ.
Վան Գոգ, «Արևածաղիկներ», Լոնդոնի ազգային պատկերասրահ, 1888 թ.
Վան Գոգ, «Արևածաղիկներ», Վան Գոգի թանգարան, Ամստերդամ, 1889 թ.

Այնուամենայնիվ, Վան Գոգի արևածաղիկների շարքի հետ ամենից հաճախ ասոցացվող բառը «երախտագիտությունն» է, զգացողությունը՝ նիդերլանդական գյուղական միջավայրում անդորր վերագտնելը։

Ավելի ուշ Վան Գոգը La Berceuse վերնագրեց ու արևածաղկի երկու կտավ համադրեց «Մադամ Ռուլենի դիմանկարի» հետ՝ ստեղծելով եռյակ։

Լոնդոնի ազգային պատկերասրահում Վան Գոգի աշխատանքների ու Բրիտանիայում գտնվող «Արևածաղկների» մասին խոսելիս հիշեցնում են՝ ոչ ոք այս կտավին չի նայում, ասելով՝ «Վաու, տեսնես՝ ով է նկարել»․ բոլորը գիտեն՝ ով է նկարել, ու արևածաղիկներն այս երևում են հենց նկարողի միջոցով։

«Նա իր կյանքի 30 տարին ծախսեց՝ ձախողելով համարյա ամեն ինչ»,- ասում է Քոլին Ուիգինսը (Colin Wiggins)` բացատրելով նկարչի կյանքն ու ստեղծագործությունը։ Նա առաջարկում է ուշադրություն հրավիրել Վան Գոգի արևածաղիկների թափված ծաղկաթերթերին ու նկատում՝ «սրանք մեռնող ծաղիկներ են»։ Իհարկե, արդարացիորեն նաև հիշեցնելով՝ համանման դիտարկումները մենք անում ենք, որովհետև գիտենք Վան Գոգի կյանքը։

Բայց գույնի մասին։

«Դեղինը նրա սիրելի գույնն էր, որովհետև դա կյանքի, արևի գույնն էր։ Ու սա նաև խորհրդանշական արժեք ունի։ Մենք ընդունում ենք գույնը` ելնելով մեր մշակութային նախապաշարմունքներից․ կարմիր է՝ վտանգավոր է, կանաչ է՝ անցնում ենք, դեղինը նշանակում է երջանկություն, կապույտը՝ օ, տխուր եմ։ Սրանք բաներ են, որ մենք սովորել ենք, բայցև կան գունի պատկանելիության սկզբնական ընկալումներ։ Գույնն ունի հոգեբանական ռեզոնանս․․․ արտիստներն օգտագործում են գույնն էմոցիոնալ էֆեկտի համար»,-բացատրում  է Ուիգինսը՝ ուշադրություն հրավիրելով սթափեցնող դեղինի ու հոլանդական մշակույթում ծաղիկների պատմական ներկայացվածության վրա։
Բայց Վան Գոգը միակ արտիստը չէր, ով տարված է եղել արևածաղիկներով։ 1700-ականներին Ուիլյամ Բլեյքը, 1881-ին՝ Կլոդ Մոնեն, 1955-ին՝ Ալլեն Գինսբերգը ևս անդրադարձել են արևածաղկի «կերպարներին»:

Վերադառնալով դեղինին․ Վան Գոգը, իհարկե, միայն արևածաղիկներ չէ, որ դեղինով է նկարել։ Ահա մի քանի գործ՝ մուգ ու բաց դեղինի տարբեր և տարբերվող երանգներով։

Վան Գոգ, «Դեղին տունը», 1888 թ.
Վան Գոգ, «Նոճիով ցորենի արտ», 1889 թ.
«Վան Գոգ», «Հիրիկներ», 1890 թ.

2 ԴԵՂԻՆ ԿՏԱՎ՝ ԿԱՐԱԳԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՈՎ ԵՎ ՄԻ ԲԱՆԱՆ

ԱՆՏՈՒԱՆ ՎՈԼԼՈՆ, «ԿԱՐԱԳԻ ԲՈՒՅՐԸ»

Արվեստում դեղինով արև ու արևածաղիկ տեսնելուց զատ նաև կարագ կա։ Ֆրանսիացի ռեալիստ նկարիչ Անտուան Վոլլոնի «Կարագի բույրը» նատյուրմորտ է՝ ստեղծված 1875-1885 թվականներին։ Այն այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում։ Վոլլոնն իր ամբողջ կյանքում հայտնի է եղել հենց նատյուրմորտներով, իսկ նկարչի կարիերան բնորոշվում է որպես «ռոք աստղի»՝ ֆրանսիացի ռեալիստների մեջ։

Նկարչի կենդանության օրոք դեռ ակտուալ էր ֆերմերների ձեռքով սարքված կարագ գնել։ Ավանդաբար, կարագի այդ կտորը սեղմվում-փաթաթվում էր կտորով․ Վոլլոնը «ազատել» է այդ մի կտոր կարագը սպիտակ կտորի միջից, ու երկու ձու դրել նատյուրմորտի մեջ։

ՖՐԱՆՑ ՄԱՐԿ․ «ԴԵՂԻՆ ԿՈՎԸ»

Էքսպրեսիոնիստական շարժման առանցքային դեմքերից մեկի՝ գերմանացի նկարիչ Ֆրանց Մարկի «Դեղին կովը» ստեղծվել է 1911-ին Der Blaue Reiter ՝ «Կապույտ հեծյալ» խումբը ստեղծելու շրջանում։

Մարկի կովը կենսունակության, վառ ու համարձակ վրձնով պատկերման հրաշալի օրինակ է՝ համադրված գունային հարուստ լուծումներով։

Իր խորությամբ ու շարժունակությամբ կտավը հիշեցնել է տալիս Մարկի մեծ հետաքրքրությունն առ արվեստի հոգևոր և հուզական երանգներ։

Ասում են՝ պատկերելով կենդանիներ, Մարկը փորձում էր նկարագրել ու վերաիմաստավորել բնության հետ կապը, փոխանցել կենդանու կենսունակությունն ու էներգիան, և հավասարակշռության զգացում ստեղծել արդյունաբերական ու մեքենայացված աշխարհում։

Ասում են նաև, որ «Դեղին կովը» պատկերելիս Մարկն օգտվել է Վան Գոգի գունային տեխնիկայից՝ ապահովելու համար հուզականությունն ու գույնի ազդեցությունը։ Չնայած դրան, ինքը՝ Մարկն էր նաև գունային տեսության ստեղծող։ Ըստ նրա՝ դեղինն ասոցացվում է կանացիության, նրբության հետ, զգայուն գույն է։ Հետաքրքիր է նաև, որ գույների մեջ Մարկը գենդերային կարծրատիպեր էլ է տեղավորել, կանացի դեղինի կողքին, կապույտը, օրինակ, առնականության խորհրդանիշն է։

Մարկի արվեստի մեկնաբանները դեղին կովի այս պատկերը կին-տղամարդ հարաբերությունների առանցքով են նայում։ Ասում են՝ սա կարող է պատկերել Մարկի կնոջը՝ Մարիա Ֆրանկին, ում հետ նկարիչն ամուսնացել է կտավի ստեղծման տարում՝ 1911-ին։ Ընդլայնելով այս ընթերցումը՝ մասնագետներն առաջարկում են ֆոնային կապույտում տեսնել նկարչի աբստրակտ ինքնապատկերը։

Եվ, իհարկե, դեղինի վերջում արժե հիշել՝ երբեմն բանանն ուղղակի բանան է, երբեմն էլ՝ ոչ այնքան բանան, որքան արվեստ՝ $120,000 արժողությամբ։ Ամեն դեպքում, իտալացի արտիստ Մաուրիցիո Կատելանն է այդպես տեսնում այս դեղինը։

Բացատրում են՝ Մաուրիցիոյի աշխատանքները ոչ այնքան օբյեկտի, որքան աշխարհում այդ նույն օբյեկտի շարժման մասին են, իսկ Vogue-ում հիշեցնում՝ սա ոչ թե բանանի գինն է, այլ կոնցեպտուալ արվեստի գաղափարի արժեքը։


✍️ Անահիտ Հակոբյան / PAN