#cinéPAN
April 15

Հայկական Հոլիվուդ. Սթիվեն Զաիլյանի սրընթաց թռիչքներն ու փոքրիկ անկումները  

Netflix-ն օրերս ցուցադրեց իր ամենատպավորիչ մինի սերիալներից մեկը` «Ռիփլին» (Ripley), որը հիմնված է Պատրիսիա Հայսմիթի գրքերի վրա։ Գրական սկզբնաղբյուրի գլխավոր հերոսը` Թոմ Ռիփլին, հաշվենկատ ու խելացի խաբեբա է, ով իր նպատակներին հասնելու համար պատրաստ է դիմել անգամ ծայրահեղ քայլերի։ Netflix-ի սերիալում Ռիփլին, ում հիանալի մարմնավորել է Էնդրյու Սքոթը, անհաղորդ չարիքի մարմնացում է. սերիալի մոնոքրոմ գունավորումը, շքեղ կադրերը կոնտրաստի մեջ են մտնում գլխավոր հերոսի աղճատված ներաշխարհի հետ, ու այստեղ, թերևս, սերիալի հեղինակները գտել են հայսմիթյան չարիքն ուսումնասիրելու ևս մեկ չափում։

«Ռիփլին» գրեթե ամբողջությամբ մեկ մարդու ստեղծագործություն է։ Սցենարային ադապտացիան, ռեժիսուրան ու շոուռաների պարտականություններն իր վրա է վերցրել ժամանակակից մեծագույն դրամատուրգներից մեկը` Սթիվեն Զաիլյանը։

PAN-ն ուսումնասիրել է սցենարիստի անցած կինոուղին, բայց ոչ ռազմահայրենասիրական, այլ զուտ ստեղծագործական կոնտեքստում։


Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ


Սթիվեն Էռնեստ Բերնարդ Զաիլյանը` ծնված 1953-ին Ֆրեզնոյում` Ջիմ Զաիլյանի ընտանիքում

Մեծ դրամատուրգի առաջին փորձը 1985-ին էր, երբ Զաիլյանն ադապտացրեց Ռոբերտ Լինդսիի The Falcon and the Snowman: A True Story of Friendship and Espionage գիրքը։ Ջոն Շլեզինգերի «Բազեն ու Ձնեմարդը» (The Falcon and the Snowman) լրտեսական դրաման հիմնված է իրական պատմության վրա, երբ երկու երիտասարդ փորձել են պետական գաղտնիքներ փոխանցել Սովետական իշխանություններին։

Զաիլյանը գրել է լրտեսների մասին պատմություն, սակայն սա թրիլլեր չէ բառի սովորական իմաստով, այլ առակ միամտության, ագահության, անփորձության ու անիմաստ իդեալիզմի մասին, որը ի վերջո հանգեցնում է պետական դավաճանության։ Առաջին իսկ ֆիլմից նկատելի էր սցենարիստի սերը դետալների ու իրադարձությունները հնարավորինս ռեալիստիկ պատկերելու նկատմամբ, ինչը էլ ավելի շոշափելի, կարելի է ասել` վավերագրական ճշգրտություն հաղորդեց իրական փաստերի վրա հիմնված ֆիլմին։

1990-ին էկրաններ բարձրացած «Արթնացումներ» (Awakenings) դրամայի սցենարը նույնպես հիմնված էր սկզբնաղբյուրի` նյարդաբան Օլիվեր Սակսի համանուն մեմուարների վրա, ու նույնպես հիմքում իրական պատմություն էր` 1917-1928-ին բռնկված լետարգիկ էնցեֆալիտի համաճարակի պատճառով հիվանդների մոտ ակինետիկ մուտիզմի դեպքերի մասին։

Դե Նիրոյի ու Ուիլյամսի խաղը ֆիլմում խիստ տպավորիչ էր

Ռոբին Ուիլյամսի ու Ռոբերտ Դե Նիրոյի սքանչելի դերասանական դուետի, Փեննի Մարշալի ամուր ռեժիսուրայի ու Զաիլյանի մանրակրկիտ դրամատուրգիայի շնորհիվ «Արթնացումները» պատմություն է կրկին կյանքի վերադառնալու, ապա` այդ կյանքն աստիճանաբար կորցնելու, հիվանդների խիզախության ու բժիշկների նվիրվածության մասին։ Միաժամանակ, սա ծայրահեղ կենսահաստատ ֆիլմ է` նուրբ հումորով ու խորը տրագիզմով, ուժգին էմպատիայով, որը Զաիլյանի մոտ առավել ցայտուն կերևա իր հաջորդ ու գլխավոր սցենարային սխրանքում։

Խոսքը, բնականաբար, Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» (Schindler's List, 1993) դրամայի մասին է, որը շատերը համարում են ոչ միայն Հոլոքոստի մասին լավագույն ֆիլմը, այլև` ընդհանրապես նկարված լավագույն ֆիլմերից մեկը։ Ու երրորդ անգամ Զաիլյանի գրիչը հիմնված է գրական սկզբնաղբյուրի ու իրական փաստերի վրա. Օսկար Շինդլերը` գերմանացի, ով փրկել է 1200 հրեաների անխուսափելի մահվանից, իրական պատմական կերպար է, իսկ Զաիլյանի սցենարը հիմնված է Թոմաս Քենելիի Schindler's Ark գրքի վրա։

18+ Ֆիլմի անողոք ռեալիզմը վերքը բացելու միջոցով այն բուժելու միակ ճանապարհն է

Այստեղ Զաիլյանը կարողացել է համատեղել առաջին հայացքից անհամատեղելին. Հոլոքոստի զարհուրելի մանրամասները, երբ դահիճների համար մարդկային կյանքը ոչինչ չարժեր, նուրբ մարդասիրության ու խորը էմպատիայի հետ, որ ապրում է գլխավոր հերոսը այդ դժոխքում։ Ֆիլմը չի խորշում վիզուալ ու պատման առումով լիովին ազատ լինելուց ու իրերն իրենց անուններով կոչելուց, ամբողջ սարսափը հնարավորինս ռեալիստիկ ցուցադրելուց, բայց, մյուս կողմից, չի վախենում նաև սենտիմենտալ, զգայուն լինելուց։

18+ Այս դրվագը շատերը համարում են էմոցիոնալ առումով ամենածանրը, ու, միաժամանակ, ուժեղագույն կատարսիս ապահովողը

Սա միաժամանակ ծայրաստիճան դաժան ու ծայրաստիճան մարդկային պատմություն է, խորը անձնական։ Սթիվեն Զաիլյանը լավագույն ադապտացված սցենար անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի` դառնալով հոլիվուդյան ամենապահանջված երիտասարդ սցենարիստներից մեկը։

Նույն 1993-ին դրամատուրգը փորձեց ուժերը ռեժիսուրայում։ «Որոնելով Բոբի Ֆիշերին» (Searching for Bobby Fischer) դրաման նույնպես ադապտացիա էր ու հիմնված իրական փաստերի վրա, ինչը Զաիլյան-դրամատուրգի առանցքային ստեղծագործական գիծն էր դարձել։ Այն պատմում է պատանի շախմատիստ ու վունդերքինդ Ջոշուա Վայցկինի, պատանեկության տարիներին նրա անցած բարդ շախմատային ուղու մասին, որն անդադար ուղեկցվում էր իրեն շրջապատող մարդկանց հետ բարդ հարաբերություններով։ Զաիլյանի զգայուն դրամատուրգիան, ինչպես նաև հմուտ ռեժիսուրան կառուցում են ոչ միայն համոզիչ ու ինտելեկտուալ շախմատային դրամա խաղի սիրահարների համար, այլև շատ հասկանալի մարդկային պատմություն, որի կենտրոնում վունդերքինդի պայքարն է սեփական տեղը գտնելու համար, որը բազմաթիվ նոր չափումներ է բացահայտում մարդկային էության մասին։

1993-ը խիստ բեղմնավոր էր Զաիլյանի համար, չնայած այդ տարվա երրորդ ֆիլմը` «Ջեք արջը» (Jack the Bear) դրաման միանշանակ չընդունվեց քննադատների ու հանդիսատեսի կողմից։ Կնոջը կորցնելուց հետո երկու երեխաներին դաստիարակող տղամարդու պատմությունը որոշ հատվածներում իրական կյանքի շատ ճշգրիտ վերարտադրություն է, սակայն սյուժեում կան քայլեր, որոնք խաթարում են ամբողջ պատումն ու արհեստական են թվում։ Այդուհանդերձ, ինչպես նշում են որոշ քննադատներ, չնայած պատմությունը պատմվում է երեխայի տեսանկյունից, ֆիլմի սրտում խորը անվստահություն ու մտազբաղություն կա, որոնք բացարձակ մանկական չեն։

Հաջորդիվ Զաիլյանը դիմում է իր համար անսովոր մարտաֆիլմերի ժանրին` գրելով Ջեք Ռայանի մասին Թոմ Քլենսիի գրքերից մեկի կինոադապտացիայի սցենարը լեգենդար Ջոն Միլիուսի ու Դոնալդ Սթյուարտի հետ համատեղ։ «Ուղիղ ու ակնհայտ վտանգ» (Clear and Present Danger, 1994) ֆիլմում, որը բեմադրել է Ֆիլիպ Նոյսը, Ռայանին մարմնավորում է Հարիսոն Ֆորդը։ Չնայած բավականին խճճված պատմությանը, սցենարիստներին հաջողվել է կատարելագործել Ռայանի մասին նախորդ ֆիլմերի մոտեցումները` թույլ չտալով, որպեսզի հանդիսատեսը կորցնի պատման թելը կամ խախտվի բալանսը տպավորիչ մարտաֆիլմի ու քաղաքական ասելիքի միջև։

Մյուս կողմից, սակայն, ինքը` Ռայանը, ներկայացված չէ որպես բավարար ծավալուն կերպար, որում հնարավոր կլինի տեսնել ոչ թե հերթական ամերիկացի սուպերհերոսի, այլ սովորական մարդու` անսովոր պայմաններում։ Ամեն դեպքում, փորձը «Ուղիղ ու ակնհայտ վտանգում» թույլ տվեց Զաիլյանին աշխատել նաև Բրայան Դե Պալմայի «Առաքելությունն անիրագործելի է» (Mission: Impossible, 1996) ֆիլմի սյուժեի վրա (որը համանուն սերիալի կինոռեմեյքն էր), չնայած սցենարով զբաղվեցին այլ դրամատուրգներ։ Ինչպես հիշում եք,  ֆիլմը սկիզբ դրեց հաջողակ ու խոշոր ֆրանշիզի, որը շատ դեպքերում ձեռնոց է նետում «բոնդիանային»։

1998-ին Զաիլյանը վերադարձավ ռեժիսորական աթոռին։ «Քաղաքացիական հայց» (A Civil Action) իրավական դրաման կրկին գրքի էկրանավորում է ու կրկին հիմնված իրական փաստերի վրա. շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը կորպորացիաների հասցրած վնասի ու դրա փոխհատուցման համար պայքարի մասին ֆիլմում բազմաթիվ են իրավաբանական տերմիններն ու ընթացակարգերը, ու Զաիլյանն, իրեն հատուկ ճշգրտությամբ ու մանրամասնությամբ ներառում է դրանք պատմության հյուսվածքում` այն ավելի առօրէական, սովորական, հետևաբար` ավելի սարսափելի դարձնելու համար, երբ ակնհայտ է դառնում, որ մեծ փողերի աշխարհում ոչ ոք մատը մատին չի տա ձեզ պաշտպանելու համար։ Հավաքելով մի ամբողջ աստղաբույլ դերասանական կազմում (Ջոն Տրավոլտա, Ռոբերտ Դյուվալ, Ջեյմս Գանդոլֆինի, Դեն Հեդայա, Ջոն Լիտգոու, Ուիլյամ Մեյսի, Քեթլին Քուինլան, Թոնի Շելուբ), Զաիլյանը հիշեցնում է, որ իրական կյանքը գործում է բոլորովին այլ կանոններով, քան հորինվածքը, ու արդյունքն էլ ամենից հաճախ ոչ մի կապ չի ունենում արդարության զգացումի հետ։

Հետո տեղի ունեցավ իսկական աղետ։ 1991-ին էկրաններ բարձրացած Ջոնաթան Դեմիի «Գառնուկների լռությունը» (The Silence of the Lambs) ֆիլմը դրամատուրգ Թեդ Թալիի հանճարի շնորհիվ Թոմաս Հարիսի համանուն գրքի փառահեղ կինեմատոգրաֆիկ ադապտացիա էր, բոլոր ժամանակների լավագույն թրիլլերներից մեկը։ Ֆիլմի հաջողությունից ու բազմաթիվ «Օսկարներից» հետո պրոդյուսեր Դինո Դե Լաուրենտիսը, ում վերահսկողությունից Հարիսի գրքերը ժամանակավոր դուրս էին եկել, ձեռք բերեց հաջորդ գրքի էկրանավորման իրավունքները։ Գրքի, որը թե տոնայնությամբ, թե շեշտադրումներով կտրուկ տարբերվում էր նախորդից ու որը կենտրոնացած էր տարիներ անց Հաննիբալ Լեկտերի ու Քլարիս Սթարլինգի հեռահար հարաբերությունների վրա։ Ջոնաթան Դեմին հրաժարվեց վերադառնալ ռեժիսորական աթոռին, ու այն վստահվեց Ռիդլի Սքոթին։ Թեդ Թալին նույնպես հրաժարվեց զբաղվել սցենարով, այն տվեցին Դեյվիդ Մեյմետին, ով գրեց այն, ինչ գրեց, ինչից հետո ստիպված էին հրավիրել Զաիլյանին` Մեյմետի գրածը «խելքի բերելու» համար։

«Հաննիբալը» փորձում է նուրբ լինել, բայց չի ստացվում

Զաիլյանը սկզբում ուզում էր հրաժարվել, բայց Դե Լաուրենտիսին չեն մերժում։ 2001-ին էկրաններ բարձրացավ «Հաննիբալը» (Hannibal). ֆիլմ, որը սառը ընդունվեց թե Դեմիի ֆիլմի երկրպագուների կողմից, թե կինոքննադատների։ «Գառնուկների լռության» էլեգանտ ինտելեկտուալությունից, վամպիրական անդրաշխարհայնությունից ու գերբնական հմայքից ոչինչ չէր մնացել։ Դրա փոխարեն կոշտ, ուղղամիտ, չհիմնավորված դաժան պատմություն էր Սքոթի փայլուն ռեժիսուրայով ու անսահման գեղեցիկ կադրերով, բայց լրիվ անշունչ։ Այստեղ չկար Լեկտերի ու Սթարլինգի միջև աննկարագրելի քիմիան, այն խորը ինտիմությունը, որը կարող է լինել միայն երբ գիշատիչն իր կերպարով ու նմանությամբ փոխում է զոհին։ Այստեղ Հաննիբալը կարծես չէր էլ ճանաչում Քլարիսին, այստեղ զուտ անուններ են, որոնք կոչված են ուղղակի հիշողություններ արթնացնել սիրելի ֆիլմի հերոսների մասին։ Կարճ ասած, Զաիլյան-սցենարիստի համար սա տապալում էր։

«Նյու Յորքի ավազակախմբերի» մուտքային դրվագը արդեն իսկ սահմանում է այն բարձր նշաձողը, որին ամբողջ ֆիլմը պետք է հետևի

Սակայն մեկ տարին անց` 2002-ին հեղինակը մասնակիորեն ռեաբիլիտացվեց` ի շնորհիվ Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York) քրեական էպիկական ֆիլմի։ Սկորսեզեն դեռ 70-ականների սկզբից երազում էր էկրանավորել Հերբերտ Էսբերիի գիրքը, սակայն մասշտաբային ու պատմականորեն ճշգրիտ պատման համար այն ժամանակվա տեխնոլոգիաները բավարար զարգացած չէին։ Միայն երեք տասնամյակ անց Սկորսեզեի երազանքն իրականություն դարձավ. հսկա ֆիլմի դրամատուրգիական մշակման վրա աշխատեցին Ջեյ Քոքսը, Քենեթ Լոներգանն ու Սթիվեն Զաիլյանը։

Արդյունքը խիստ տպավորիչ էր։ Չնայած պատմությունը սեփական ծանրության տակ երբեմն գրեթե կոտրվում էր, չնայած հագեցվածությանը դետալներով ու կերպարներով, ու չնայած մեծ քրոնոմետրաժին, «Նյու Յորքի ավազակախմբերն» ունի մեծ ամերիկյան կինո կոչվելու բոլոր իրավունքները. սա անմարդկային ու հանցավորության արյունալի սպանդանոցում ծնվող դեմոկրատիայի պատմություն է` ծպտված վրեժի մասին հեքիաթի տակ, խայտաբղետ ու կոլորիտային, փառահեղ դերասանական պարտիաներով ու աուտենտիկ դեկորացիաներով։

Հետագայում Զաիլյանը հնարավորություն ստացավ աշխատելու լեգենդար Սիդնի Պոլակի հետ։ «Թարգմանչուհու» (The Interpreter, 2005) սցենարը առաջինն էր Զաիլյանի կարիերայում, որը հիմնված չէր սկզբնաղբյուրի վրա։ Զաիլյանի, Չառլզ Ռենդոլֆի ու Սքոթ Ֆրենկի համատեղ սցենարի հիման վրա նկարահանված ֆիլմը (առաջին ֆիլմը` նկարահանված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի շինություններում) սառը ընդունվեց կինոքննադատների կողմից, ովքեր հիացած էին թրիլլերի հղկվածությամբ ու խելացիությամբ սցենարային առանձին դետալների առումով, սակայն դժգոհում էին սյուժեի ոչ ճշմարտացի լինելուց։ Այդուհանդերձ, մեծ քաղաքականության մասին կինոյում խոսելը Զաիլյանին դուր եկավ (լավ կլիներ, դուր չգար), ու դրամատուրգը երրորդ անգամ նստեց ռեժիսորական աթոռին` այս անգամ էկրանավորելով Ռոբերտ Փեն Ուորենի` All the King's Men գիրքը, որը ժամանակին արժանացել էր Պուլիտցերյան մրցանակի։

«Թագավորի ամբողջ թիկնազորը» (All the King's Men, 2006) ֆիլմը, որը պատմում է պոպուլիստ քաղաքական գործչի վերելքի ու անկման մասին, իսկական աղետ էր թե վարձույթում, թե քննադատների մոտ։ Ֆիլմը, որը փորձում է խելացի թվալ, զուրկ է քաղաքական խորաթափանցությունից ու պատման միասնականությունից, ինչը հատկապես Զաիլյան-դրամատուրգի համար անբացատրելի բացթողում էր։ Քննադատները նշում էին, որ այս ֆիլմում ոչինչ չի աշխատում. առաջնակարգ դերասանների աստղաբույլը կա ուղղակի լինելու ու միմյանց չլրացնող ռեպլիկների համար, որոնց իմաստային առումով շատ դժվար է հետևել։ Այն ձանձրալի է, ծանրաբեռնված անիմաստ սյուժետային քայլերով ու ծայրաստիճան պրետենցիոզ է։ Նման բան երբեմն լինում է, երբ տաղանդավոր հեղինակը, կարծես, ժամանակավոր կորցնում է իր տաղանդն ու ինչ-որ հիմարություն հրամցնում հանդիսատեսին։

Ինչո՞ւ ժամանակավոր։ Որովհետև մեկ տարի անց էկրաններ բարձրացավ Ռիդլի Սքոթի «Ամերիկյան գանգստերը» (American Gangster). Հյուսիսային Կարոլինայի ամենահայտնի քրեական հեղինակություններից մեկի` Ֆրենկ Լուկասի սրընթաց վերելքի ու անկման պատմությունը, միգուցե, որոշ աղերսներ ունի նմանատիպ այլ ֆիլմերի, օրինակ, «Սպիով դեմքի» (Scarface, 1983) ու «Փառահեղ տղեքի» (Goodfellas, 1990) հետ, սակայն իրական պատմություն լինելու հանգամանքը անխուսափելիորեն ռեալիզմի նոր էլեմենտներ է ներառում պատմության մեջ, որի ընթացքը ու ավարտն ազատ են հորինվածքի ռոմանտիկ զեղումներից։

18+ Ֆրենկ Լուկասն այսպես էր լուծում հարցերը

«Ամերիկյան գանգստերը» խելացի ֆիլմ է խելացի մարդկանց` Լուկասի ու դետեկտիվ Ռիչարդ Ռոբերտսի պայքարի մասին, երկուսն էլ բարիերի հակառակ կողմերում, բայց երկուսն էլ միմյանց շատ նման սկզբունքայնության հարցերում։ Այս առումով Սքոթի ֆիլմն ավելի նման է Մայքլ Մաննի անմահ «Տապին» (Heat, 1995): Իսկ գլխավոր դերակատարներ Դենզել Վաշինգտոնի ու Ռասել Քրոույի միջև քիմիան, պատմությունը հարթ, հանդարտ ու առանց էքսցեսների պատմելը, ավելի շատ դեպի դասական գանգստերական ֆիլմեր ձգտելը շատ արագ «Ամերիկյան գանգստերը» դարձրին կուլտային։ Իսկ Զաիլյանը վերադարձավ խելացի, մտածված ու հավասարակշիռ դրամատուրգիայի։

Իսկ դա անհրաժեշտ էր, եթե ուզում ես աշխատել սցենարային հսկա Աարոն Սորկինի հետ։ Ինչպես հայտնի է, Սորկինը կարող է վերցնել ամենաձանձրալի ու անհետաքրքիր թվացող թեման ու վերածել սրամիտ, տպավորիչ պատմության, որը երբեք չես մոռանա։ Իհարկե, բեյսբոլի թեման ամերիկացու համար բոլորովին էլ անհետաքրքիր չէ, սակայն Սորկինն ու Զաիլյանը Moneyball-ում, պատմելով Oakland Athletics-ի մենեջեր Բիլլի Բինի (Բրեդ Փիթ) մասին, դուրս են եկել սովորական սպորտային ֆիլմի սահմաններից։ Ռեժիսոր Բենեթ Միլլերն, ունենալով երկու հզոր դրամատուրգների մտքի արգասիքն ու փայլուն դերասանական կազմ, նկարեց 2011-ի լավագույն ֆիլմերից մեկը։ Սրամիտ, կտրուկ, տեղ-տեղ զվարճալի, երբեմն` հուզիչ այս ֆիլմն աստիճանաբար բացահայտում է իր ինտելեկտուալ խորությունը կարճ, բայց դիպուկ երկխոսությունների միջոցով։ Անգամ եթե ձեզ չի հետաքրքրում բեյսբոլը կամ սպորտն ընդհանրապես, սա ունիվերսալ մարդկային պատմություն է, որը կիրառելի է ցանկացած իրավիճակում ու ցանկացած մասնագիտության մարդկանց համար։

Կարճ ասած, Զաիլյանը Moneyball-ով վերահաստատեց մեծ դրամատուրգի իր կոչումը` շարունակելով աշխատել ռեժիսորական թիմի լավագույնների հետ։ Հաջորդն անսահման ոճային Դեյվիդ Ֆինչերն էր ու իր «Վիշապի դաջվածքով աղջիկը» (The Girl with the Dragon Tattoo, 2011), որը հիմնված էր շվեդ գրող Սթիգ Լարսոնի աղմկահարույց գրքի վրա։ Ու Զաիլյանն, ի պատիվ իրեն, չփորձեց հեծանիվ հորինել` մաքսիմալ հավատարիմ մնալով սկզբնաղբյուրին, ճիշտ այնպես, ինչպես 2009-ին արել էին Նիկոլայ Արսելն ու Ռասմուս Հեյսթերբերգը` շվեդական էկրանավորման դեպքում։ Արդյունքը գրեթե անթերի հոգեբանական թրիլլեր էր անցյալի հրեշների մասին։

Ռիդլի Սքոթի հետ համագործակցության երրորդ փորձը, սակայն, դժվար է անթերի համարել։ Մի կողմից, որովհետև «Ելք. Աստվածներ և թագավորներ» (Exodus: Gods and Kings, 2014) ֆիլմը` հիմնված Մովսեսի աստվածաշնչյան պատմության վրա, անցել էր չորս սցենարիստի ձեռքով, որոնցից յուրաքանչյուրը արել էր իր փոփոխությունները, որոնք էլ, հավանաբար, զգալիորեն չեզոքացվել էին Սքոթի անձնական նախասիրություններից ելնելով։ Երկրորդ, չնայած «Գլադիատորի» (Gladiator, 2000) հաջողությանը, փեփլումները, առավել ևս` աստվածաշնչյան թեմայով փեփլումները Հոլիվուդում այլևս մոդայիկ չեն։ Այնպես որ, ոչ $200մլն բյուջեն, ոչ էլ առաջնակարգ աստղերը չփրկեցին «Ելք»-ն անօգնական միջակություն լինելուց, ու Զաիլյանի մեղքն այս ամենում, հավանաբար, վերջին տողով էր։

Հետո եկավ «Իռլանդացին» (The Irishman, 2019) էպիկական գանգստերական ֆիլմը, Մարտին Սկորսեզեի գլխավոր կինոն` հիմնված Չառլզ Բրանդտի I Heard You Paint Houses գրքի վրա, ու Զաիլյանին ամեն ինչ ներվեց։


«Երեք մարդ կարող է գաղտնիքը պահել միայն այն դեպքում, եթե նրանցից երկուսը մեռած են»։


Սկորսեզեն Զաիլյանի դրամատուրգիայի միջոցով վերադարձավ իր ստեղծագործական գործունեության ոսկե շերտին. 3 ու կես ժամանոց թանկարժեք՝ $150 միլիոնանոց էպիկը դարձավ Սկորսեզեի «գանգստերական եռագրության» («Փառահեղ տղեքն» ու «Կազինոն» (Casino, 1995) առաջին երկուսն են) թագն ու պսակը։ «Իռլանդացին», ինչպես և Սկորսեզեի մյուս «գանգստերական» ֆիլմերը, ի տարբերություն նույն «Կնքահոր» (The Godfather), երբեք ու ոչ մի դեպքում չի ռոմանտիզացրել կազմակերպված հանցավորությունը։ Մաֆիան Սկորսեզեի ֆիլմերում շատ հստակ չարիք է, այստեղ փողի համար ընկերը թիկունքից կրակում է ընկերոջը ու պատվիրում մյուսին՝ ամեն անկյունում որոնելով դավաճանների; այստեղ բոլորը պարտադիր ստանում են իրենց արժանի պատիժը, որոնցից ամենասարսափելի հավերժական միայնությունն է ու հոգու դատարկությունը։ «Իռլանդացին» Սկորսեզեի դիրքորոշման ամենահստակ ու առանց որևիցե կոմպրոմիսի արտահայտում է, անհերքելի դատավճիռը. նա ամբողջ սրտով ատում է անմարդկայնությունն ու սեփական խղճի առջև պատասխան տալ չկարողանալը, փոքրոգությունն ու դավաճանությունը։

Իտալացին մնում է իտալացի, անգամ եթե խաղում է իռլանդացու

Սկուրպուլյոզ կերպով, մանրակրկիտ կառուցելով պատմությունը՝ Սկորսեզեն ու Զաիլյանը գլխավոր հերոսի՝ Ֆրենկ Շիրանի (Ռոբերտ Դե Նիրո) միջոցով հանդարտ թաթախում են կինոդիտողին նախորդ դարի կեսերին աշխարհի հզորագույն տնտեսության կայացման ընթացքում թափված արյան ծովերի մեջ։ Պեդանտիկ, մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկված կադրերը բացում են խղճից ու հոգուց զուրկ, մարդկային դեմքով, բայց մարդկային դեմքը կորցրած մարդկանց աշխարհը, հրավիրում էքսկուրսիայի դեպի ծուռ հայելիների այդ աշխարհը, որպեսզի կինոդիտողը վերջում դուրս գա մաքրագործված։ Սկորսեզեի վիրտուոզ ռեժիսուրան միլիմետր առ միլիմետր հաշվարկում, չափում-ձևում է յուրաքանչյուր կադրի պարունակությունն ու ազդեցությունը, Զաիլյանի գրիչը ճշգրտում է յուրաքանչյուր ռեպլիկ, որ հանկարծ հետո կասկած անգամ չառաջանա, որ գործ ունենք մեծագույն ռեժիսորներից մեկի գլխավոր ֆիլմի հետ։

Վերջապես, Զաիլյանն իրեն դրսևորեց ոչ միայն որպես փայլուն սցենարիստ, ռեժիսոր, այլև հիանալի շոուռաներ սերիալային ֆորմատի համար։ 2016-ին HBO-ն ցուցադրեց «Մի անգամ գիշերը» (The Night Of) մինի սերիալը ամերիկյան արդարադատության ճիրաններում հայտնված միգրանտի մասին։ Զաիլյանի համար սցենարային ավելի երկար ֆորմատը նորություն էր, սակայն շնորհիվ դրամատուրգիական մեկ այլ հսկա Ռիչարդ Փրայսի հետ համագործակցության, այս սերիալը ոչ մի անգամ տեմպը չի կորցնում, ոչ մի պահի չի թուլացնում հանդիսատեսի կոկորդը սեղմած ձեռքը։ «Մի անգամ գիշերը» սերիալում Զաիլյանը շարունակում է հավատարիմ մնալ ռեալիզմի իր սկզբունքին, նա կրկին ոչինչ չի թաքցնում ու կրկին բարձրաձայն խոսում է թեմաների մասին, որոնք շատերին ստիպում են լռել։

Հենց այս սերիալում ձեռք բերված փորձը թույլ տվեց մեծ դրամատուրգին հետագայում լրիվ ինքնուրույն ներխուժել սերիալային ֆորմատ, ինչի արդյունքը դարձավ հիանալի «Ռիփլին»։


🎬 Արման Գասպարյան / PAN