Երբեմն նրանք վերադառնում են. Զոմբի ժանրի 10 լավագույն ֆիլմերը
Օրերս հրապարակվեց Դենի Բոյլի «28 տարի անց» (28 Years Later) ֆիլմի թրեյլերը, որը զրոյականների սկզբի` ռեժիսորի ցնցող զոմբի ապոկալիպտիկի երրորդ մասն է լինելու։ Վերջին տարիներին ժանրն ավելի շատ ներկայացված է փոքր էկրաններին` շնորհիվ «Քայլող մեռյալները» (The Walking Dead) ու «Մեզանից վերջինները» (The Last of Us) սերիալների, բայց մեծ էկրաններին էլ միշտ ունեցել է արժանի ներկայացվածություն։ Հոդվածում մենք չենք անդրադառնա այնպիսի ակնհայտ գլուխգործոցների, ինչպիսիք են Ջորջ Ա. Ռոմերոյի վաղ զոմբի հորրորները, կամ իտալական դպրոցի լավագույն ներկայացուցիչները, որովհետև դրանց մասին շատ է խոսվել։
Այսպիսով, PAN-ը ներկայացնում է 10 լավագույն զոմբի ֆիլմերը։
«28 օր անց» (28 Days Later, 2002)
Դենի Բոյլի «28 օր անց» ֆիլմը նոր մակարդակի բարձրացրեց զոմբի ապոկալիպսիսի ժանրը՝ բրուտալ, արագընթաց նարատիվի ու հզոր էներգետիկայի շնորհիվ։ Ֆիլմը նկարահանված է թվային տեսախցիկով, ինչը ստեղծում է հում և անմիջական վավերագրական մթնոլորտ։ Լքված Լոնդոնի սառեցնող կադրերը փոխանցում են մեկուսացման և հուսալքության խորը զգացում՝ ընդգծելով փլուզվող աշխարհի ողբերգությունը։ Վարակված մարդիկ, որոնք առաջնորդվում են զայրույթով և ոչ թե սովով, սարսափեցնում են իրենց կատաղի էներգիայով՝ ցույց տալով մարդու առաջնային բնազդների մռայլ կողմը։ Բոյլը օգտագործում է ոչ թե դասական զոմբիների` կենդանի մեռելների` դանդաղաշարժ ու անուղեղ, այլ սրընթաց ու կատաղի մարդանման հրեշների։
Ֆիլմը քննարկում է քաղաքակրթության փխրունությունն ու բարոյականության նուրբ սահմանը ճգնաժամային իրավիճակներում։ Կառավարության անգործության ու մարդկային ագահության թեմաները կարմիր թելի նման անցնում են ամբողջ պատմությունով, երբ հերոսները պայքարում են գոյատևման և մարդկայնության պահպանման անհրաժեշտության միջև։ Ջոն Մերֆիի փառահեղ երաժշտությունը, հատկապես «In the House – In a Heartbeat» ստեղծագործությունը, վարպետորեն ավելացնում է լարվածությունը։ Կերպարների հարաբերություններն իրենց հերթին ընդգծում են ֆիլմի զգացմունքային խորություն՝ սարսափը դարձնելով անձնական։ Անորոշ վերջաբանն էլ հանդիսատեսին ստիպում է մտածել՝ արդյո՞ք գոյատևումը բավական է՝ մարդկայնությունը պահպանելու համար։
Սիրեք կինոն՝ Evoca-ի հետ
«Կենդանի մեռյալների վերադարձը» (The Return of the Living Dead, 1985)
Լեգենդար «Օտարի» (Alien, 1979) սցենարի հեղինակ Դեն Օ'Բենոնի փորձը ռեժիսորական աթոռին ոչ պակաս տպավորիչ էր։ «Կենդանի մեռյալների վերադարձը» զոմբիպանկ է, եթե կարելի է այսպես արտահայտվել. սև հումորի ու սուր երգիծանքի շնորհիվ ֆիլմը դարձել է կուլտային։ Ուկտրաբռնություն` համադրված հիստերիկ քրքիջ առաջացնող հումորի հետ; ծայրահեղ դաժանություն` համեմված քաղաքական երգիծանքով; անարխիստական ոգին արտահայտված է պանկ ռոքի երաժշտական ուղեկցությամբ, որն անթերի արտացոլում է 1980-ականների ըմբոստ տրամադրությունները։
Ավարտին ֆիլմը խախտում է ավանդական սարսափի կանոնները՝ արտահայտելով Սառը պատերազմի ժամանակաշրջանի մռայլ և նիհիլիստական տրամադրությունները։ Հատուկ էֆեկտները, թեև հնացած են, բայց ունեն B կատեգորիայի ֆիլմերին բնորոշ հմայք։ Սակայն ամենակարևորը` հումորի և քաոսի հետևում թաքնված քննադատությունն է՝ ուղղված կորպորատիվ ագահությանը և զինվորականների անգործունակությանը։ Արդյունքում, Օ'Բենոնը վարպետորեն հավասարակշռում է սարսափն ու կատակերգությունը՝ ստեղծելով միաժամանակ զվարճալի ու սադրիչ ֆիլմ։
«Շոնը մեռյալների դեմ» (Shaun of the Dead, 2004)
Բրիտանացի պոստմոդեռնիստ Էդգար Ռայթի «Շոնը մեռյալների դեմ» ֆիլմը կատակերգության, սարսափի և էմոցիոնալ դրամայի վարպետորեն միահյուսված համադրություն է։ Խելացի վիզուալ լուծումները, սրամիտ երկխոսությունները և մանրամասն մշակված կերպարները պարգևատրում են ուշադիր կինոդիտողին, իսկ առօրյա կյանքի զավեշտալի դրվագները ծաղրում են ժամանակակից մարդու «զոմբիացած» վարքագիծը։ Կենտրոնում Սայմոն Փեգի և Նիք Ֆրոսթի քիմիան է՝ միաժամանակ ապահովելով ինչպես կատակերգական, այնպես էլ էմոցիոնալ կարևոր պահեր։
Մեծագույն հարգանք տածելով դասական զոմբի ֆիլմերի նկատմամբ՝ «Շոնը մեռյալների դեմ» ֆիլմը կառուցում է իր յուրահատուկ ինքնությունը՝ անդրադառնալով պատասխանատվության, ընկերության և հասունացման թեմաներին։ Զոմբիները հանդես են գալիս որպես ժամանակակից հասարակության լճացման և մեկուսացման մետաֆոր։ Ռայթի արագ մոնտաժը, երաժշտության սինխրոնիզացիան և սուր պատմությունը ստեղծում են յուրահատուկ կինեմատոգրաֆիկ ռիթմ։ Դառնահամ վերջաբանը` միաժամանակ հումորով և խորը էմոցիոնալ ենթատեքստով, ընդգծում է ճգնաժամից հետո անտարբերության նորմալացումը։
«Մեռյալների լուսաբացը» (Dawn of the Dead, 2004)
Ժամանակին Զակ Սնայդերը շատ տաղանդավոր վիզիոներ էր, ինչին դժվար է հավատալ ռեժիսորի վերջին երկու ֆիլմը դիտելիս, բայց դա փաստ է։ Հյութեղ ու տպավորիչ «Մեռյալների լուսաբացը»` լեգենդար Ջորջ Ա. Ռոմերոյի անմահ ֆիլմի ռեմեյքը, զրոյականների սկզբին նոր կյանք հաղորդեց զոմբի ժանրին՝ իր ոճային պատկերներով, դինամիկ սցենարով և մռայլ տոնով։ Բացման տեսարանը, որը պատկերում է հասարակության փլուզումը, վարպետորեն ստեղծում է սարսափի և անկանխատեսելիության մթնոլորտ։ Մռայլ նախերգանքն էլ ավելի է թանձրանում Ջոնի Քեշի The Man Comes Around երգի օգտագործման շնորհիվ։
Արագ շարժվող զոմբիները ավելացնում են լարվածություն և սարսափ, դարձնելով գոյատևումը ավելի վտանգավոր։ Առևտրի կենտրոնում ծավալվող գործողությունները սպառողականության քննադատություն են` վերաիմաստավորելով Ռոմերոյի օրիգինալ գաղափարները։ Սնայդերի դինամիկ նկարահանումները, բարձր կոնտրաստի լույսը և ռեալիստիկ բոդի հորրորը ուժեղացնում են սարսափի տարրերը։ Պատմության էվոլյուցիան ընդգծում է փլուզվող հասարակության հուսահատությունը, իսկ անհույս վերջաբանն ավելի է շեշտում գոյատևման անիմաստությունը զոմբիներով լցված աշխարհում։ Զոմբի ապոկալիպտիկը դեռ երբեք այդքան դրայվոտ ու փոթորկային չէր եղել։
«Մեռյալների բանակը» (Army of the Dead, 2021)
Անկախ ամեն ինչից, Զակ Սնայդերը մնում է ժամանակակից լավագույն ու ամենայուրահատուկ վիզիոներներից մեկը, հետևաբար՝ նրա յուրաքանչյուր նոր ֆիլմ իրադարձություն է։ Կարևոր չէ, իրադարձությունն այդ դուր կգա կինոդիտողին, թե ոչ, բայց անտարբեր անցնել հաստատ չի ստացվի։ Ընտանեկան ողբերգությունից հետո Սնայդերը կարողացավ աղմուկով վերադառնալ մեծ կինո իր «Արդարության լիգայի» (Justice League, 2017) տոտալ վերաձևակերպմամբ (Snyder Cut, 2021), բայց իսկական վերադարձը՝ անմիջապես արմատներին ու անկասելի սնայդերյան երևակայությանը, տեղի ունեցավ արդեն Netflix-ի անսպառ ֆինանսական աջակցությամբ ու տրամադրված ստեղծագործական ազատությամբ։ Երբ թիկունքիդ անընդհատ չի շնչում ստուդիական բոսսը, ֆինանսական միջոցների հարցում էլ սահմանափակված չես, կարող ես փորձել կրկին իրականացնել երազանքներդ ու ծածուկ կրկնել «Արգելված հնարքը» (Sucker Punch, 2011):
«Մեռյալների բանակը» բառի բուն իմաստով վերադարձ է արմատներին, քանի որ Ռոմերոյի ֆիլմի ռեմեյքը (որը քննարկվեց նախորդ կետում) Սնայդերի դեբյուտն էր մեծ կինոյում։ Սակայն անցած 17 տարիների ստեղծագործական կյանքը, չնայած անհարթություններին, իրավունք էր տվել ռեժիսորին նկարել ոչ թե ուրիշ հեղինակի ստեղծածի ռեմեյքը, այլ ստեղծել սեփական աշխարհը՝ իր կանոններով, խնամել, աճեցնել սեփական մեդիաֆրանշիզը՝ ավելի ու ավելի բացելով այդ աշխարհը, որովհետև եթե «Արգելված հնարքի» դեպքում ստուդիայի համար էքսպերիմենտը չափազանց ռիսկային էր, Netflix-ի հետ աշխատանքում Սնայդերն ազատ էր կապանքներից։ Ցավոք, «Մեռյալների բանակը» սահմանափակվեց մեկ հատ միջակ սփինօֆֆով ու խլացվեց։
«Մեռյալների բանակը» թանկարժեք, մոտ երկուսուկես ժամանոց էպիկական մորթոցի է, որում կա գրեթե ամեն ինչ. ընտիր վիզուալ, քաղաքական երգիծանք, արյունալի մարտաֆիլմ, աստվածաշնչյան հղումներ (բա առանց դրա՞նց), բայց չափի մեջ, հղումներ Վերածննդի դարաշրջանի հայտնի կտավների, փիլիսոփայական տրակտատ և այլն, և այլն, և այլն։ Ու ի տարբերություն «Արգելված հնարքի», այդ ամենը նման չէ դեռահաս պարմանուհու խելացնոր ուղեղում եփվող վինեգրետի, այլ հստակ սյուժետային գծով ու տրամաբանությամբ (որքանով որ էկրանին կատարվողը կարող է տրամաբանված լինել)։ Առաջին տեղում, իհարկե, վիզուալն է, բա էլ ի՞նչ սպասենք Սնայդերից։ Զարմանալիորեն, նա չի չարաշահում դանդաղ, երկարատև խոշոր պլաններով ու սլոու-մոյով՝ օգտագործելով տեսախցիկը տեղին ու ճիշտ դինամիկայով (Սնայդերը այս ֆիլմի ոչ միայն ռեժիսորն է, պրոդյուսերն ու սցենարի հեղինակը, այլև օպերատորը)։
Ֆիլմի սկզբի տիտրերը լրիվ առանձին կինո են, լրիվ առանձին, լիարժեք պատմություն են պատմում։ Ֆիլմը ծայրից ծայր լցված է փոփ մշակույթին, դասական մշակույթին արված հղումներով ու բազում easter egg-երով։ Հղումների մասին կարելի է խոսել ժամերով։ Առաջին հերթին, իհարկե, սա կատաղի սիրո խոստովանություն է Ջեյմս Կեմերոնի «Օտարներին» (Aliens, 1986): Ոչ միայն առանձին կերպարների ու սյուժետային հնարքների, այլ ամբողջական դրվագների մակարդակով Սնայդերը ցիտում է «Օտարներին»։ Բացի այդ, հղումներ կտեսնեք «Մատանիների տիրակալին» (The Lord of the Rings), Սեմ Ռեյմիի «Խավարի բանակին» (Army of Darkness, 1993), «Փրկվածին» (The Revenant, 2015) և այլն։ Իհարկե, Սնայդերը Սնայդեր չէր լինի, եթե նաև ինքն իրեն հղումներ չաներ։
Բոլոր զոմբի ապոկալիպտիկներում իրադարձությունները ծավալվում են արդեն ոչնչացված քաղաքակրթության պայմաններում։ Այստեղ գործ ունենք լոկալ, մեկ քաղաքի սահմաններում ծավալվող սարսափի հետ։ Դա արդեն իսկ ունիկալ երևույթ է ժանրում։ Իհարկե, ֆիլմը շատ հեռու է իդեալական լինելուց ու լի է խնդիրներով՝ թե սցենարի, թե կերպարների մակարդակով։ Հերոսների կապն ու մոտիվացիան թույլ է, նրանք իրենց պահում են հիմարների նման, շատ են անիմաստ տառապանքները, որոնք ոչ մի էմոցիոնալ հետհարված չունեն ու միայն քրոնոմետրաժ են ձգում։ Ի վերջո, կերպարները, չնայած երկար քրոնոմետրաժին ու փորձերին, վատ են բացված։ Այդուհանդերձ, սա ժանրի լավագույն ներկայացուցիչներից մեկն է։
«Մեռած ուղեղ» (Braindead, 1992)
Մինչև «Մատանիների տիրակալը» նորզելանդացի հանճար Պիտեր Ջեքսոնը զվարճացնում էր ինքն իրեն ու հանդիսատեսին էժան, բայց խելահեղ կատակերգական հորրորներով։ «Մեռած ուղեղը» զոմբի ժանրի ամենախենթ ֆիլմերից մեկն է։ Սև հումորի և ուլտրաբռնության համադրումը ֆիլմը դարձել է կուլտային։ Պրակտիկ էֆեկտները, մասնավորապես արյան գետերն ու դաժան տեսարանները, տպավորիչ և հիշվող են։ Ֆիլմը խորանում է ընտանեկան պարտավորությունների մութ կողմերի մեջ, հատկապես գլխավոր հերոսի և նրա մոր հարաբերությունների միջոցով։
Սարսափի և աբսուրդ կատակերգության համադրությամբ՝ «Մեռած ուղեղը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում ժանրում։ Գեղարվեստական լուծումները հատկապես փայլուն են այնպիսի սյուռեալիստիկ տեսարաններում, ինչպիսին է խոտհնձիչի օգտագործումը որպես զենք կամ զոմբի փորոտիքի հարձակումը։ Վերջաբանը, իր հերթին, ընդգծում է հերոսի հաղթանակը ոչ միայն զոմբիների, այլև իր անձնական վախերի դեմ։
«Զոմբիլենդ» (Zombieland, 2009)
Ռուբեն Ֆլեյշերի «Զոմբիլենդը» զոմբի ապոկալիպսիսին նոր և հումորային հայացք է նետում։ Սրամիտ սցենարը ու զոմբիների աշխարհում գոյատևելու «կանոնների» նորարարական օգտագործումը ժանրին տալիս են թեթև և հետաքրքիր լուծում։ Ջեսի Այզենբերգի, Վուդի Հարելսոնի և Էմմա Սթոունի մարմնավորած կերպարները առանձնահատուկ հմայք և հետաքրքրություն են հաղորդում պատմությանը։
Վիզուալ առումով ֆիլմն աչքի է ընկնում իր դինամիկ լուծումներով։ Սուր երկխոսությունները և անսպասելի պահերը, ինչպիսին է Բիլ Մյուրեյի կարճ դերը, ընդգծում են ֆիլմի թեթև և զվարճալի բնույթը։ «Զոմբիլենդը» նաև ընդգծում է ընտանիքի և ընկերական կապերի կարևորությունն անգամ քաոսի պայմաններում։
REC (2007)
Իսպանացի ռեժիսորներ Ջաումե Բալագուերոյի և Պակո Պլազայի REC ֆիլմը նոր մակարդակի հասցրեց ֆաունդ-ֆութեջ (պսևդովավերագրական) ժանրը՝ իր ինտենսիվ մթնոլորտով և իրական ժամանակում ծավալվող գործողություններով։ Նկարահանված վավերագրական ֆիլմի ոճով՝ այն անմիջապես ներքաշում է հանդիսատեսին իրադարձությունների կենտրոն։ Փակ շենքի սահմանափակ տարածքում զարգացող գործողությունները հաղորդում են կլաուստրոֆոբիայի և անպաշտպանության զգացում։
REC-ը անընդմեջ լարվածություն է ստեղծում՝ անսպասելի շրջադարձերով և վարակվածների սարսափեցնող կերպարներով։ Գեղարվեստական լուծումները, ինչպիսին է գիշերային տեսախցիկի օգտագործումը որոշ կադրերում, ուժեղացնում են ֆիլմի մռայլ ու անհանգստացնող տոնը։ Բացի սարսափից, ֆիլմը ուսումնասիրում է վարակների տարածման, մեդիայի ազդեցության և մարդկային ամենախոր վախերի թեմաները։
«Գնացք դեպի Բուսան» (Train to Busan, 2016)
Հարավկորեացի ռեժիսոր Յոն Սանգ Հոյի «Գնացք դեպի Բուսանը» զոմբի ժանրի տպավորիչ ու էմոցիոնալ ներկայացում է։ Գործողությունները գրեթե ամբողջությամբ ծավալվում են շարժվող գնացքի սահմանափակ տարածքում, ինչը հիանալի կերպով ստեղծում է կլաուստրոֆոբիայի և աճող լարվածության մթնոլորտ։ Արագաշարժ և կատաղի զոմբիները ավելացնում են ահաբեկվածությունն ու սասփենսը։
Ֆիլմը հիանալի հավասարակշռում է սարսափը և էմոցիոնալությունը՝ անդրադառնալով ընտանիքի, զոհաբերության և մարդկայնության թեմաներին։ Հիմնական կերպարների, հատկապես հոր և դստեր, զարգացումն ավելացնում է պատմության էմոցիոնալ խորությունը։ Գեղարվեստական լուծումները, ներառյալ դինամիկ գործողությունները և ազդեցիկ երաժշտությունը, ուժեղացնում են կինեմատոգրաֆիկ ազդեցությունը։ Հուզիչ վերջաբանը հանդիսատեսին ստիպում է խորհել նույնիսկ մահվան եզրին մարդկային կապերի արժեքի մասին։
«Բացառիկ ունակություններով օժտված աղջիկը» (The Girl with All the Gifts, 2016)
Քոլմ ՄաքՔարթիի «Բացառիկ ունակություններով օժտված աղջիկը» ֆիլմը զոմբի ժանրում յուրահատուկ մոտեցում է՝ կենտրոնացած էվոլյուցիայի, բարոյականության և գոյատևման հարցերի վրա։ Պատմությունն ունի փիլիսոփայական ենթատեքստ, այն ուսումնասիրում է մարդկային գործողությունների էթիկան և նոր աշխարհակարգի հնարավորությունը։
Գլխավոր հերոսուհին՝ Մելանին, բարդ կերպար է, որը միաժամանակ թե հույս է, ու թե սպառնալիք մարդկության համար։ Գեղարվեստական տարրերը, ինչպիսիք են վարակվածների սնկային էվոլյուցիան, ստեղծում են նոր և անսովոր վիզուալ մթնոլորտ։ Ֆիլմի տոնայնությունը միաժամանակ լարված է ու ստիպում է մտածել, իսկ սյուժեն մարտահրավեր է նետում հերոսության և գոյատևման ավանդական գաղափարներին։ Վերջաբանն, իր հերթին, խորը փիլիսոփայական հարցադրում է մարդկության ապագայի և վերածննդի հնարավորության մասին։